Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 201...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 201-ՐԴ, 231-ՐԴ, 274-ՐԴ, ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               Քաղաքացիական գործ թիվ 3-601(ՎԴ)

    քաղաքացիական գործերով                                           2007 թ.

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-612/2007 թ.

Նախագահող դատավոր` Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

    դատավորներ`        Կ. ՀԱԿՈԲՅԱՆ

                       Ա. ԽԱՌԱՏՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

    նախագահությամբ                            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մայիսի 18-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ Գևորգյանի վճռաբեկ բողոքն ըստ հայցի Անահիտ Գևորգյանի ընդդեմ Վարուժան Ազիզբեկյանի, «Անիվ» հիմնադրամի, Վանաձորի թիվ 2 նոտարական գրասենյակի, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Լոռու մարզի ծառայության (այսուհետ` նաև ծառայություն), երրորդ անձ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Վանաձորի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` նաև ստորաբաժանում)` աճուրդի և կրկնաճուրդի որոշումները, գույքը պահանջատիրոջը հանձնելու մասին որոշումները, սեփականության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.02.2007 թվականին կայացված վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Անահիտ Գևորգյանը դիմելով առաջին ատյանի դատարան` պահանջել է անվավեր ճանաչել գույքն արգելանքից հանելու, այն պահանջատիրոջը հանձնելու, աճուրդի և կրկնաճուրդի մասին ծառայության որոշումները և դրանց հիման վրա «Անիվ» հիմնադրամի անվամբ 06.12.2004 թվականին տրված սեփականության իրավունքի վկայագիրը, և իրեն ճանաչել վիճելի գույքի համասեփականատեր:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 08.07.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է «Անիվ» հիմնադրամի անվամբ 06.12.2004 թվականին տրված Լոռու մարզի Շահումյան գյուղում գտնվող տան սեփականության իրավունքի վկայականում կատարել փոփոխություն: Բնակարանի 1/2 մասի սեփականատեր է ճանաչվել «Անիվ» հիմնադրամը, իսկ մյուս մասի սեփականատեր` Անահիտ Գևորգյանը:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.02.2007 թվականի վճռով հայցը` աճուրդի որոշումները և գույքը պահանջատիրոջը հանձնելու մասին որոշումները անվավեր և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասով մերժվել է, իսկ սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Գևորգյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 201-րդ, 231-րդ, 274-րդ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ և «Ամուսնության և ընտանիքի մասին» ՀՀ նախկին օրենսգրքի 21-րդ, 22-րդ, հոդվածների պահանջները:

Բողոքի սույն հիմքը բողոք բերած անձը հիմնավորել է հետևյալ փաստարկներով:

Լոռու մարզի Շահումյան գյուղում գտնվող` վեճի առարկա բնակելի տունը գնվել է Անահիտ Գևորգյանի և Վարուժան Ազիզբեկյանի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, հետևաբար այն հանդիսանում է նրանց համատեղ սեփականությունը, սակայն գրանցվել է Վարուժան Ազիզբեկյանի անվամբ:

Վարուժան Ազիզբեկյանը վեճի առարկա գույքը գրավադրել է առանց կնոջ` Անահիտ Գևորգյանի համաձայնության:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել վերաքննիչ դատարանի վճիռը և օրինական ուժ տալ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 08.07.2005 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Անահիտ Գևորգյանը և Վարուժան Ազիզբեկյանը ամուսնացել են 03.04.1980 թվականին:

2) Լոռու մարզի Շահումյան գյուղում գտնվող` վիճելի բնակելի տան նկատմամբ 23.02.2001 թվականին գրանցվել է Վարուժան Ազիզբեկյանի սեփականության իրավունքը:

3) «Վարդավ» ՍՊԸ-ն, որի տնօրենն է հանդիսանում Վարուժան Ազիզբեկյանը, «Անիվ» հիմնադրամից ստացել է 13.000 ԱՄՆ դոլար նպատակային փոխառություն, որի դիմաց գրավադրվել է Վարուժան Ազիզբեկյանին և Անահիտ Գևորգյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող` վիճելի բնակելի տունը:

4) Վերը նշված գրավի պայմանագրի կնքմանը Անահիտ Գևորգյանը համաձայնություն չի տվել:

5) ՀՀ տնտեսական դատարանի` 10.06.2003 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է «Անիվ» հիմնադրամի և «Միլենա և եղբայրներ» ՍՊԸ-ի և «Վարդավ» ՍՊԸ-ի միջև կնքված հաշտության համաձայնությունը:

6) Վճռի համաձայն` հաշտության համաձայնությամբ ձեռք բերված պարտավորությունը խախտելու դեպքում բռնագանձումը պետք է տարածվի գրավի առարկայի և այլ գույքի վրա:

7) Նշված վճռի հիման վրա հարուցված կատարողական վարույթի ընթացքում բնակարանը աճուրդի է ներկայացվել, սակայն չի վաճառվել: 24.11.2003 թվականին վիճելի տունը աճուրդի մեկնարկային գնով սեփականության իրավունքով հանձնվել է «Անիվ» հիմնադրամին:

8) Գույքը հանձնելու մասին պայմանագրից ծագող` «Անիվ» հիմնադրամի սեփականության իրավունքը պետական գրանցում է ստացել:

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով մասնակիորեն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով:

ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Նույն օրենսգրքի 273-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը:

Սույն գործի փաստերի համաձայն` Անահիտ Գևորգյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի ուժով հանդիսանում է Վարուժան Ազիզբեկյանի անվամբ գրանցված` վիճելի տան համասեփականատեր, հետևաբար վերջինս իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը, վերացնել սեփականության իրավունքի իրականացման խոչընդոտները, բացառել այդ գույքի նկատմամբ այլ անձանց պահանջները և լիարժեք իրականացնել սեփականատիրոջ իր իրավազորությունները:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով:

Տվյալ դեպքում Անահիտ Գևորգյանի և Վարուժան Ազիզբեկյանի միջև ամուսնական պայմանագիր չի կնքվել, որի բացակայության պարագայում նրանց ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 231-րդ հոդվածի համաձայն ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը կարող է գրավ դրվել միայն բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությամբ: Սույն գործի փաստերի համաձայն` ամուսինների համատեղ սեփականություն հանդիսացող բնակելի տունը ամուսնու կողմից գրավադրվել է առանց մյուս ամուսնու` Անահիտ Գևորգյանի համաձայնության: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 231-րդ հոդվածը չկիրառելու վերաբերյալ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը նույնպես հիմնավոր է համարում:

Սույն վեճի նկատմամբ կիրառելի նախկին Ամուսնության և ընտանիքի մասին ՀՀ օրենսգրքի 21-րդ և 22-րդ հոդվածները չկիրառելու մասին բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում, քանի որ նշված հոդվածները վերաբերում են ամուսինների համատեղ սեփականությունը դատարանի կողմից բաժանելու և հարաբերություններին և ամուսինների անձնական սեփականությունը որոշելու դեպքերին:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ դատարանը հիմնավոր կերպով սեփականության իրավունքի գրանցման վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասով սույն քաղաքացիական գործի վարույթը կարճել է, քանի որ վեճը ենթակա չէ դատարանում քննության: Վճռաբեկ դատարանը այս իրավական հարցի վերաբերյալ մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.01.2007 թվականին կայացված թիվ 3-81 (ՎԴ) որոշմամբ (տես քաղաքացիական գործն ըստ հայցի Իվետա Մարգարյանի ընդդեմ Գագիկ Մարգարյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` բնակարանի սեփականաշնորհման գործարքը և սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, ըստ հայցի Սեդա Սիրեկանյանի ընդդեմ Իվետա Մարգարյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին և ըստ հայցի Իվետա Մարգարյանի ընդդեմ Սեդա Սիրեկանյանի և Գագիկ Մարգարյանի` առուծախի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին):

 

Բողոքի վերը նշված հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու հիմք է:

 

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Սույն գործի փաստերից ելնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իր կողմից վերաքննիչ դատարանի վճիռը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի հիմքը հիմնավոր է համարում և դրա առկայությունը բավարար հիմք է դիտում ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.02.2007 թվականի վճիռը բեկանելու և փոփոխելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Անահիտ Գևորգյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.02.2007 թվականի վճիռը և այն փոփոխել: Ճանաչել Անահիտ Գևորգյանի սեփականության իրավունքը Լոռու մարզի Շահումյան գյուղում գտնվող բնակելի տան 1/2 մասի նկատմամբ:

2. Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`  Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.05.2007
N 3-601(ՎԴ)
Որոշում