ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների Քաղաքացիական գործ թիվ 3-623 (Ա)
առաջին ատյանի դատարանի վճիռ 2007 թ.
Քաղաքացիական գործ թիվ 2-1196/2006 թ.
Նախագահող դատավոր` Հ. Մարգարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
2007 թվականի մայիսի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` դատարան) 22.12.2006 թվականի վճռի դեմ` ըստ Սոնիկ Լազգիյանի դիմումի` պետական գրանցման համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` դիմողը պահանջել է Երևանի քաղաքապետի 20.09.2004 թվականի թիվ 1820-Ա որոշումից բխող` Սոնիկ Լազգիյանի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման` օրենքով սահմանված ժամկետի բացթողումը համարել հարգելի և վերականգնել այն:
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 22.12.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետը, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, ՀՀ վարչապետի 25.11.2005 թվականի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ավարտից հետո ծագած խնդիրները կանոնակարգելու մասին» թիվ 936-Ա որոշումը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
ՀՀ վարչապետի վերոհիշյալ որոշմամբ «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետներում օրինականացված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամկետի ավարտ սահմանվել է 01.03.2006 թվականը, իսկ նշված օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրենքով սահմանված պայմաններին բավարարող շենքերի, շինությունների նկատմամբ օրենքի գործողության ժամկետում իրավունքները չգրանցելու դեպքում դրանց հետագա կարգավիճակը որոշվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերի կիրառմամբ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն իրականացրել:
Դատարանը հաշվի չի առել, որ նյութական իրավունքի նորմերով սահմանված ժամկետների բացթողումը կարող է վերականգնվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:
2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ, 48-րդ, 53-րդ հոդվածների պահանջները և թույլ է տվել նույն օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքի խախտում:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դիմողի ներկայացուցչի լիազորագիրը չի համապատասխանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի պահանջներին, այն է` լիազորագրով Սոնիկ Լազգիյանի ներկայացուցիչը ունեցել է անշարժ գույքը տնօրինելու, կառավարելու և դրանց հետ կապված այլ գործողություններ կատարելու լիազորություն, սակայն չի ունեցել վերջինիս անունից դատարանում հանդես գալու լիազորություն:
Բացի այդ, Երևանի Նոր-Արեշի 41 փողոցի թիվ 8 հասցեում գտնվող շինության և դրանով զբաղեցված հողամասի նկատմամբ իրավունքները սահմանված ժամկետում պետական գրանցման ներկայացնելու ժամկետների բացթողումը հարգելի համարելու համար դատարանի կողմից որևէ փաստ չի հաստատվել:
Բողոք բերած անձը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոքի հիմքը հիմնավորող որևէ փաստարկ չի ներկայացրել:
Ըստ բողոք բերած անձի, բողոքարկվող վճիռը ուղղակիորեն առնչվում է Երևանի քաղաքապետի իրավունքներին և պարտականություններին, քանի որ ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն հողի սեփականատիրոջ իրավունքը, որի վրա իրականացվել է ինքնակամ կառույցը` անկախ նրանից, թե ով է իրականացրել այն: Իսկ Երևան քաղաքում պետական հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցման, դրանց օրինականացման և տնօրինման լիազորությունները վերապահված են Երևանի քաղաքապետին: Մինչդեռ դատարանը գործին մասնակից չդարձնելով Երևանի քաղաքապետին, վերջինիս իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացրել: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի` նշված խախտումը դատավարական իրավունքի էական խախտում է, որի առկայության դեպքում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 29.12.2006 թվականի թիվ 2-1196 վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևանի քաղաքապետի 20.09.2004 թվականի թիվ 1820-Ա որոշմամբ ճանաչվել է Սոնիկ Լազգիյանի սեփականության իրավունքը Երևանի Նոր-Արեշ 41 փողոց, նրբանցք 8 տուն հասցեում գտնվող շինության նկատմամբ, իսկ դրանով զբաղեցված 25.0 քմ հողատարածքը հատկացվել է օտարման պայմանով:
2) Սոնիկ Լազգիյանը 27.11.2006 թվականին դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանում` վերը նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու պահանջով:
3) Կադաստրի 29.11.2006 թվականի թիվ Թ1Կ-04/1-11818 գրությամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրավունքների պետական գրանցման համար սահմանված իրավունքների պետական գրանցման ժամկետն ավարտվել է:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշումներում անդրադարձել է նյութական իրավունքի նորմերով սահմանված ժամկետների վերականգնման իրավական հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ նյութական իրավունքի նորմերով սահմանված ժամկետների բացթողումը կարող է վերականգնվել միայն օրենքով նախատեսված դեպքերում (իրավական հիմնավորումները տես, օրինակ` ըստ դիմումի Արամայիս Ներսիսյանի` հողամասի նկատմամբ վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի թիվ 3-1862(Ա) որոշումը):
Վերը նշված հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը սույն բողոքի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի` դատարանի կողմից սխալ մեկնաբանման վերաբերյալ հիմքը հիմնավոր է համարում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, ՀՀ վարչապետի 25.11.2005 թվականի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ավարտից հետո ծագած խնդիրները կանոնակարգելու մասին» թիվ 936-Ա որոշման կիրառելիության վերաբերյալ սույն վճռաբեկ բողոքի հիմքերը Վճռաբեկ դատարանը անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, մասնավորապես` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերից, որոնք օրենքով նախատեսված են որպես քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմք:
«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի և Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա (պետական մարմնի ակտով) ծագել են Սոնիկ Լազգիյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Նոր-Արեշ 41 փողոց, նրբանցք 8 տուն հասցեի բնակելի տան նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Հետևաբար Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա Սոնիկ Լազգիյանի գույքի նկատմամբ ծագած իրավունքները ենթակա են պետական գրանցման:
Երևանի քաղաքապետի` վիճելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչված լինելու պայմաններում Սոնիկ Լազգիյանը արդեն գույքի սեփականատեր է հանդիսանում և դրա նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է գրանցման` անկախ այն հանգամանքից, թե այն երբ է ներկայացվել գրանցման: Այս իրավական հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 21.12.2006 թվականի թիվ 3-2440(ՎԴ) որոշմամբ` կայացված ըստ Լևոն Ղազարյանի դիմումի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետի 18.11.2005 թվականի որոշման 3-րդ կետի պահանջը կատարելու, Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ միկրոշրջանի թիվ 14 շենքի մոտ գտնվող 51,9 քմ ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջների մասին քաղաքացիական գործով):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնները տվյալ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չեն, քանի որ Սոնիկ Լազգիյանի վերաբերյալ կայացված վարչական ակտերը կայացվել են «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հիման վրա:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշումներում անդրադարձել է նյութական իրավունքի նորմերով սահմանված ժամկետների վերականգնման իրավական հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ որ նյութական իրավունքի նորմերով սահմանված ժամկետների բացթողումը կարող է վերականգնվել միայն օրենքով նախատեսված դեպքերում, իսկ Հայաստանի Հանրապետության որևէ օրենքով նման իրավական հնարավորություն նախատեսված չէ (իրավական հիմնավորումները տե՛ս, օրինակ` Արամայիս Ներսիսյան (հողամասի նկատմամբ վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու պահանջով), 28.09.2006 թվական, քաղաքացիական գործ թիվ 3-1862(Ա)):
Վերը նշված հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճը առաջին ատյանի դատարանում քննության ենթակա չի եղել, հետևաբար սույն քաղաքացիական գործի վարույթը կարճելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ընթացքում:
Այսպիսով, սույն բողոքի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի սխալ մեկնաբանման վերաբերյալ հիմքը հիմնավոր համարելով Վճռաբեկ դատարանը դրա առկայությունը բավարար է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 22.12.2006 թվականի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ, հաշվի առնելով բողոքի առաջին հիմքի պատճառաբանությունները և նման վեճերով ձևավորված դատական պրակտիկան` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն որոշմամբ կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական գործի վարույթը կարճելու իր լիազորությունը հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ: Սույն գործով դիմողը նյութական ժամկետը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու պահանջ է ներկայացրել առաջին ատյանի դատարան: Այսինքն` ներկայացված պահանջը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքն ի հայտ է եկել դեռևս ստորադաս դատարանում գործի քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 22.12.2006 թվականի վճիռը և քաղաքացիական գործի վարույթը կարճել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ