ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործ թիվ 3-627(ՏԴ)
տնտեսական դատարանի վճիռ 2007 թ.
Քաղաքացիական գործ թիվ Տ-2885/2006 թ.
Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
2007 թվականի մայիսի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ նաև` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` նաև դատարան) թիվ Տ-2885 քաղաքացիական գործով 08.12.2006 թվականին կայացված վճռի դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հանքարտադրող ոլորտային հարկային տեսչության հայցի ընդդեմ «Կոմպյուտեր» արտադրական կոոպերատիվի (այսուհետ նաև` Կոոպերատիվ)` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով ՀՀ տնտեսական դատարան` Ծառայությունը պահանջել է «Կոմպյուտեր» արտադրական կոոպերատիվից բռնագանձել 05.10.2006 թվականի դրությամբ 2 831 000 ՀՀ դրամ կազմող պարտավորությունների գումարը, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով տույժ` 6.500 ՀՀ դրամ, եկամտահարկի գծով ապառք` 15.600 ՀՀ դրամ, տույժ` 28.100 ՀՀ դրամ, պարզեցված հարկի գծով ապառք` 15.000 ՀՀ դրամ, տույժ` 78.100 ՀՀ դրամ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով ապառք` 128.000 ՀՀ դրամ, տույժ` 45.700 ՀՀ դրամ, տուգանք` 19.400 ՀՀ դրամ, բնապահպանական և բնօգտագործման վճարի գծով տույժ` 166.300 ՀՀ դրամ, տուգանք` 220.000 ՀՀ դրամ, տարեկան պետական տուրքի գծով տույժ` 1.143.600 ՀՀ դրամ և Հարկերի մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով առաջադրված տուգանք` 964.700 ՀՀ դրամ:
ՀՀ տնտեսական դատարանի 08.12.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 722.700 ՀՀ դրամի մասով, իսկ մնացած մասով մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը չի կիրառել Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ հոդվածների, 19-րդ հոդվածի 17.3-րդ կետի, 34-րդ հոդվածի պահանջները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
2003 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից «Կոմպյուտեր» արտադրական կոոպերատիվին տրվել է ՀԱ-Լ-14/19 հանքարդյունահանման լիցենզիա: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ հոդվածների, 19-րդ հոդվածի 17.3-րդ կետի համաձայն` լիցենզիա ստանալու համար Կոոպերատիվը պարտավոր էր վճարել 500 000 ՀՀ դրամ տարեկան հերթական պետական տուրք, որը և կատարել է: Սակայն` վճարումները կատարվել են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված ժամկետի խախտումով, ինչն էլ հիմք է հանդիսացել տույժեր հաշվարկելու համար:
2) Դատարանը չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի, «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենք) 10-րդ հոդվածի 6-րդ կետի և 76-րդ հոդվածի պահանջները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Ստուգող տեսուչները Կոոպերատիվի գործունեությունը համարել են ապօրինի ոչ թե լիցենզիա չունենալու պատճառով, այլ «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջները խախտելու համար, համաձայն որի` հանքային իրավունք կրողի և լիազոր մարմնի միջև կնքվում է լիցենզային պայմանագիր: Լիցենզային պայմանագիրը հանդիսանում է տվյալ հանքային իրավունքը հավաստող լիցենզիայի անբաժանելի մասը: Լիցենզիայի գործողության ժամկետի սկիզբ համարվում է լիցենզային պայմանագրի կնքման պահը:
Ստուգմամբ պարզվել է, որ Կոոպերատիվին լիցենզիան տրվել է 10.10.2003 թվականին, իսկ լիցենզային պայմանագիրը կնքվել է 29.07.2005 թվականին: «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի համաձայն` 10.10.2003 թվականից մինչև 01.07.2004 թվականն ընկած ժամանակահատվածը համարվել է անցումային, որի ընթացքում Կոոպերատիվը համարվել է ժամանակավոր լիցենզառու և իրավունք է ունեցել իրականացնել բոլոր այն գործողությունները, որոնք լիցենզիայի համաձայն իրականացրել է մինչև «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը: Քանի որ լիցենզային պայմանագիրը կնքվել է նշված օրենքով նախատեսված ժամկետի ավարտից ավելի ուշ, կոոպերատիվի գործունեությունը դիտվել է որպես առանց լիցենզիայի գործունեություն, և առաջադրվել է 964 700 ՀՀ դրամ տուգանք:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի մեկնաբանությունը և դրա հիման վրա արված դատարանի հետևությունը հիմնավոր չեն, քանի որ տուգանքն առաջադրվել է ոչ թե լիցենզավորող մարմնի կողմից կասեցման որոշում չլինելու պատճառով, այլ Կոոպերատիվի կողմից գործունեություն իրականացնելու ժամանակաշրջանում լիցենզային պայմանագիր չունենալու պատճառով:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է հայցը մերժելու մասով բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 08.12.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 10.10.2003 թվականին ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից 12 տարի գործողության ժամկետով Կոոպերատիվին տրվել է հանքարդյունահանման թիվ ՀԱ-Լ-14/19 լիցենզիան:
2) Կոոպերատիվի 10.10.2003 թվականի թիվ ՀԱ-Լ-14/19 լիցենզիան պարունակում է նշում, որ այն ուժի մեջ է մտնում համապատասխան լիցենզային պայմանագրի կնքման պահից:
3) ՀՀ բնապահպանության նախարարության և Կոոպերատիվի միջև 29.07.2005 թվականին կնքվել է լիցենզային պայմանագիր:
4) 06.09.2006 թվականի թիվ 1015864 ստուգման ակտի 14-րդ կետով Կոոպերատիվին տուգանքի տեսքով առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն` 964 700 ՀՀ դրամ գումարով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի նշված հիմքի շրջանակում անդրադառնում է հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք ուժի մեջ չմտած լիցենզիայի առկայությունն առաջացնում է պետական տուրք վճարելու պարտավորություն:
Նշված իրավական հարցը գնահատելիս Վճռաբեկ դատարանը միաժամանակ նպատակահարմար է գտնում սույն գործի փաստերի հիման վրա անդրադառնալ նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասով սահմանված «լիցենզիաներ տալու համար» օրենսդրական ձևակերպման մեկնաբանությանը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի
(հրապարակվել է` 21.05.2002 թ., ուժի մեջ է մտել 03.06.2002 թ.) 1-ին և 5-րդ հոդվածների և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 113-րդ հոդվածների համաձայն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից 10.10.2003 թվականին Կոոպերատիվին տրված հանքարդյունահանման թիվ ՀԱ-Լ-14/19 լիցենզիայի (այսուհետ` Լիցենզիա) ձևի, դրա ուժի մեջ մտնելու հետ կապված իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի «ա» կետի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Բարենպաստ վարչական ակտն այն ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լիցենզիան հանդիսանում է բարենպաստ վարչական ակտ, քանի որ դրանով Կոոպերատիվին տրվել է հանքարդյունահանման գործունեությամբ զբաղվելու իրավունք:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասերի համաձայն` եթե վարչական ակտը պարունակում է այնպիսի դրույթներ, որոնք ակտի որևէ մասով ուժի մեջ մտնելը կապում են որոշակի պայմանների կամ հանգամանքների առաջացման հետ, ապա վարչական ակտն այդ մասով ուժի մեջ է մտնում համապատասխան պայմանի կամ հանգամանքի առաջացման պահից (պայմանով ակտ):
Տվյալ դեպքում հիշատակված լիցենզիան տրվել է (ընդունել է) պայմանով, որի ուժի մեջ մտնելու հանգամանքը կապել է որոշակի պայմանի առաջացման հետ, այն է` համապատասխան լիցենզային պայմանագրի կնքման պահը: Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարության հետ լիցենզային պայմանագիրը կնքվել է 29.07.2005 թվականին, հետևաբար Կոոպերատիվին տրված Լիցենզիան ուժի մեջ է մտել պայմանագրի կնքման պահին (29.07.2005 թվականին):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 17.3-րդ կետի համաձայն` լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` շինանյութերի արտադրության հումքի, այդ թվում` երեսապատման, շինարարական քարերի, լցանյութերի և բալաստային հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հոդվածով սահմանված «լիցենզիաներ տալու համար» ձևակերպումը պետք է մեկնաբանել նույն հոդվածի` պետական տուրքի վճարման պարտավորության իմաստով: Վերջինիս իմաստով Կոոպերատիվն ունի պետական տուրքի վճարման պարտավորություն` «օգտագործման (շահագործման) համար»: Հետևաբար, Լիցենզիա տալու համար պետական տուրքը կարող է գանձվել այն դեպքում, երբ այն տալով արդեն իսկ վերապահվում է իրավունք (ապահովվում է իրավաբանական հնարավորություն) «օգտագործման (շահագործման) համար»: Տվյալ դեպքում Կոոպերատիվին նման իրավաբանական հնարավորություն է տրվել ոչ թե լիցենզիա տալու, այլև` պայմանագրի կնքման պահից:
Այսպիսով, շարադրված նորմերի տրամաբանությունից ելնելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոոպերատիվին 10.10.2003 թվականին տրված Լիցենզիան ուժի մեջ է մտել լիցենզային պայմանագրի կնքման պահից` 29.07.2005 թվականից, հետևաբար տնտեսավարող սուբյեկտի մոտ տարեկան պետական տուրքերը վճարելու պարտավորությունն առաջացել է 29.07.2005 թվականից սկսած, որպիսի փաստից էլ հետևում է, որ մինչև 29.07.2005 թվականն ընկած ժամանակահատվածի համար պետական տուրքի գծով տույժեր չէին կարող հաշվարկվել:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է դատարանի եզրահանգումն այն մասին, որ Կոոպերատիվին տրված լիցենզիան ուժի մեջ է մտնում լիցենզային պայմանագիր կնքելու պահից, իսկ հարկային մարմնի կողմից պետական տուրքի գծով տույժը հաշվարկվել է մինչև լիցենզային պայմանագիր կնքելն ընկած ժամանակահատվածի համար և առանց լիցենզիան ուժի մեջ մտնելու:
Միաժամանակ վերը նշված մեկնաբանության լույսի ներքո անհիմն է նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, 7-րդ և 34-րդ հոդվածների չկիրառման մասին վճռաբեկ բողոքի հիմքը, քանի որ դրանցում առկա «լիցենզիա տալու համար», «լիցենզիայի տրման ամսաթիվ» ձևակերպումների մեկնաբանությունը յուրաքանչյուր դեպքում պահանջում է որպեսզի գնահատվի, թե երբ է իրավաբանական ուժի մեջ մտնում համապատասխան իրավունք տրամադրող ակտը:
2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել վճռաբեկ բողոքի սույն հիմքով առաջադրված իրավական հարցը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը հայտնել է իր իրավական դիրքորոշումը, այն մասին, որ ուժի մեջ չմտած լիցենզիայի պայմաններում լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելն իրավական առումով հավասարազոր է առանց լիցենզիայի նման գործունեությամբ զբաղվելուն:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության կողմից Կոոպերատիվի նկատմամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության կիրառումն իրավաչափ է, և հիմնավոր չէ դատարանի եզրահանգումն այն մասին, որ պատասխանողի նկատմամբ տուգանք կարող էր նշանակվել միմիայն լիցենզավորող մարմնի կողմից կասեցման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո:
Այսպիսով, սույն բողոքի երկրորդ հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, ՀՀ տնտեսական դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 08.12.2006 թվականի վճիռը` 06.09.2006 թվականի թիվ 1015864 ստուգման ակտի 14-րդ կետով առաջադրված տուգանքի մասով և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ