Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Էրեբունի և  Նուբարաշեն համայնքների     Քաղաքացիական գործ թիվ 3-659 (Ա)

    առաջին ատյանի դատարանի վճիռ                                     2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 2-1196/2006 թ.

Նախագահող դատավոր` Հ. Մարգարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մայիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքն Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` դատարան) թիվ 2-1196 քաղաքացիական գործով 29.12.2006 թվականին կայացված վճռի դեմ` ըստ Սերգեյ և Սվետլանա Ավագիմյանների ներկայացուցչի դիմումի` պետական գրանցման համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` դիմողը պահանջել է Երևանի քաղաքապետի 09.09.2004 թվականի թիվ 1717-Ա որոշումից բխող` Սերգեյ և Սվետլանա Ավագիմյանների իրավունքը պետական գրանցման ենթարկելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները համարել հարգելի և վերականգնել այն:

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 29.12.2006 թվականի թիվ 2-1196 վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ վարչապետի 25.11.2005 թվականի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ավարտից հետո ծագած խնդիրները կանոնակարգելու մասին» թիվ 936-Ա որոշումը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` գործարքների կնքման օրվանից 30-օրյա ժամկետում` անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներում` ըստ անշարժ գույքի գտնվելու վայրի: Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջի չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքը համարվում է առոչինչ: Դատարանը հաշվի չի առել, որ նյութական իրավունքի նորմերով սահմանված ժամկետների բացթողումը կարող է վերականգնվել միայն օրենքով նախատեսված դեպքերում: Տվյալ դեպքում, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար սահմանված 30-օրյա ժամկետի վերականգնման հիմք օրենքով նախատեսված չէ:

Բացի այդ, Երևանի Նոր-Արեշի 41 փողոցի թիվ 11 հասցեում գտնվող շինության և դրանով զբաղեցված հողամասի նկատմամբ իրավունքները սահմանված ժամկետում պետական գրանցման ներկայացնելու ժամկետների բացթողումը հարգելի համարելու համար դատարանի կողմից որևէ փաստ չի հաստատվել:

Չի կիրառվել նաև ՀՀ վարչապետի վերոհիշյալ որոշումը, որի համաձայն` «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետներում օրինականացված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամկետի ավարտ սահմանվել է 01.03.2006 թվականը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 29.12.2006 թվականի թիվ 2-1196 վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի քաղաքապետի 09.09.2004 թվականի թիվ 1717-Ա որոշման (1-ին հավելվածի 130-րդ տողի 10-րդ սյունակ) համաձայն` ճանաչվել է Սերգեյ և Սվետլանա Ավագիմյանների սեփականության իրավունքն Երևանի Նոր-Արեշ 41 փողոցի 11 հասցեում գտնվող շինության նկատմամբ, իսկ զբաղեցված 43.4 քմ հողատարածքը հատկացվել է օտարման պայմանով:

2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման Թ1Կ-04/1-11923 գրությամբ մերժվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, այն պատճառաբանությամբ, որ տեղում առկա է օրինական հողի կոնֆիգուրացիային փոփոխություն (պակասել է 70.0 քմ), չեն կատարված սահմանված վճարումները: Բացի այդ, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրավունքների պետական գրանցման համար սահմանված իրավունքների պետական գրանցման ժամկետն ավարտվել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ` այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշումներում անդրադարձել է նյութական իրավունքի նորմերով սահմանված ժամկետների վերականգնման իրավական հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ որ նյութական իրավունքի նորմերով սահմանված ժամկետների բացթողումը կարող է վերականգնվել միայն օրենքով նախատեսված դեպքերում, իսկ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը նման իրավական հնարավորություն չի նախատեսում (իրավական հիմնավորումները տե՛ս, օրինակ` Արամայիս Ներսիսյան (հողամասի նկատմամբ վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու պահանջով), 28.09.2006 թվական, քաղաքացիական գործ թիվ 3-1862(Ա)):

 

Մեկ այլ գործով Վճռաբեկ դատարանը քննարկել և իրավական գնահատական է տվել նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված կարգավորմանը: Մասնավորապես, նշելով, որ Պայմանագիրը կնքված է համարվում պայմանագրից ծագող իրավունքները` տվյալ դեպքում անշարժ գույքի սեփականության իրավունքը, գրանցելու պահից: Այսինքն, նման իրավիճակներում պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքի պետական գրանցման պահերը համընկնում են: Հետևաբար, «գործարքի (պայմանագրի) կնքման օր (պահ)» արտահայտության տառացի նշանակության հարցում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքն ստորադաս է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նկատմամբ և պետք է համապատասխանի վերջինիս, իսկ նշված օրենքի 23-րդ հոդվածում նշված` «գործարքների կնքման օրվանից սկսած 30-օրյա ժամկետում» արտահայտությունը կարող է մեկնաբանվել միայն դրանում պարունակվող բառերի տառացի նշանակությամբ` հիմք ընդունելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված դրույթը (իրավական հիմնավորումները տես` Արմեն Շահբազյան և Քրիստինա Տոնոյան ընդդեմ կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանում (պետական մարմնի գործողությունը վիճարկելու պահանջի մասին), 02.03.2007 թվական, 3-1862(Ա) քաղաքացիական գործ):

Գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու 30-օրյա ժամկետը սույն գործի փաստերից ելնելով Վճռաբեկ դատարանը համարում է իրավական հետևանքներ չառաջացնող, իսկ նման պայմաններում տվյալ ժամկետի բացթողումը հարգելի լինելու չապացուցվածության մասին վճռաբեկ բողոքի պատճառաբանությունը, ըստ էության, առարկայազուրկ է:

Ինչ վերաբերում է «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետն ավարտված լինելու մասին բողոք բերած անձի փաստարկին, ապա այն անհիմն է: Նշված իրավական հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը բազմիցս արտահայտել է իր իրավական դիրքորոշումը և սույն գործով նպատակահարմար չի գտնում կրկին անդրադառնալ դրան (տե՛ս, օրինակ` Լևոն Ղազարյան ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Նոր Նորքի տարածքային ստորաբաժանում, երրորդ անձ Երևանի քաղաքապետարան, 21.12.2006 թվական, քաղաքացիական գործ թիվ 3-2440/ՎԴ (Երևանի քաղաքապետի 18.11.2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 2453-Ա որոշման 3-րդ կետի պահանջը կատարելու և ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջներով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 430-437):

 

Այսպիսով, բողոքում նշված հիմքի մասնակի հիմնավոր լինելը, բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 29.12.2006 թվականի թիվ 2-1196 վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ, հաշվի առնելով բողոքի առաջին հիմքի պատճառաբանությունները և նման վեճերով ձևավորված դատական պրակտիկան Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն որոշմամբ կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական գործի վարույթը կարճելու իր լիազորությունը և ապահովել սույն գործի հիմքում ընկած պահանջների նկատմամբ դատարանների կողմից օրենքի միատեսակ կիրառությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի գրանցման 30-օրյա ժամկետի` իրավաբանական հետևանքներ չառաջացնելու պայմաններում տվյալ ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու պահանջը առարկայազուրկ է, իսկ տվյալ պահանջներով գործերը դատարանում քննության ոչ ենթակա:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 29.12.2006 թվականի թիվ 2-1196 վճիռը և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`  Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.05.2007
N 3-659(Ա)
Որոշում