Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 306-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 306-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով               Քաղաքացիական գործ թիվ 3-673(ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                         2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 06-3727/2006 թ.

Նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան

    Դատավորներ`        Ա. Թումանյան

                       Գ. Մատինյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

    նախագահությամբ                            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

 

2007 թվականի մայիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Բաղդասարյանի և Արմենուհի Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 06-3727 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ հայցի Արմեն Բաղդասարյանի և Արմենուհի Մկրտչյանի ընդդեմ Սեդա Շահինյանի, Աբել Համբարձումյանի և Լիանա Բաբայանի` գործարքներն անվավեր ճանաչելու, և ըստ Աբել Համբարձումյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Արմեն Բաղդասարյանի և Արմենուհի Մկրտչյանի` գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու, գումարի բռնագանձման և բռնագանձումը գույքի վրա տարածելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արմեն Բաղդասարյանը և Արմենուհի Մկրտչյանը պահանջել են անվավեր ճանաչել Արմեն Բաղդասարյանի և Աբել Համբարձումյանի միջև 2000 թվականի փետրվարի 21-ին և Սեդա Շահինյանի ու Աբել Համբարձումյանի միջև 2006 թվականի ապրիլի 28-ին կնքված Երևանի Ծխախոտագործների փողոցի թիվ 55 տան, ինչպես նաև Արմենուհի Մկրտչյանի և Լիանա Բաբայանի միջև 2006 թվականի ապրիլի 29-ին կնքված Երևանի Արցախի պողոտայի թիվ 18ա շենքի թիվ 45 բնակարանի առուվաճառքի պայմանագրերը:

Հակընդդեմ հայցով Աբել Համբարձումյանը պահանջել է կիրառել գործարքների անվավերության հետևանքներ` Արմեն Բաղդասարյանից բռնագանձել 10 000 (տաս հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքի գումարը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված 17 497 (տասնյոթ հազար չորս հարյուր իննսունյոթ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ տոկոսները, ինչպես նաև 2000 թվականի փետրվարի 21-ի պայմանագրով վճարված 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը, Երևանի Կենտրոն թաղապետարանին վճարված հողի վարձակալության 2000 թվականի փետրվարի 11-ի պայմանագրով վարձավճարի 108 414 (մեկ հարյուր ութ հազար չորս հարյուր տասնչորս) ՀՀ դրամ պարտքի և 177 409 (մեկ հարյուր յոթանասունյոթ հազար չորս հարյուր ինը) ՀՀ դրամ տույժի գումարները, 51 433 (հիսունմեկ հազար չորս հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ գույքահարկի գումարը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի օգոստոսի 21-ի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2006 թվականի դեկտեմբերի 15-ի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արմեն Բաղդասարյանը և Արմենուհի Մկրտչյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածը և 73-րդ հոդվածի առաջին մասը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն Արմեն Բաղդասարյանի և Աբել Համբարձումյանի միջև 2000 թվականի փետրվարի 21-ին կնքված առուվաճառքի պայմանագրի անվավերության հետևանք է կիրառել և վճռել Արմեն Բաղդասարյանից բռնագանձել պայմանագրով վճարված 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ` առանց որևէ հիմնավորման:

Իրականությանը չի համապատասխանում և միաժամանակ անտրամաբանական է Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը, քանի որ գործարքի շինծու լինելն ինքնին վկայում է, որ դրանում նշված գումարն իրականում չի վճարվել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը վճռել է Արմեն Բաղդասարյանից բռնագանձել առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում չվճարված և հակընդդեմ հայցով բավարարված հայցապահանջի չափով պետական տուրքի գումարը, առանց նշելու, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ո՞ր հոդվածով է ղեկավարվել: Այսինքն` Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, խախտել է նաև նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի առաջին մասը, որի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աբել Համբարձումյանը Երևանի Ծխախոտագործների փողոցի թիվ 55 տունը Սեդա Շահինյանին վաճառել է, հետևաբար Վերաքննիչ դատարանը պետք է մերժեր հակընդդեմ հայցը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով բանկային տոկոսների հաշվարկման մասով:

 

Վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան այլ կազմով` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 1998 թվականի հոկտեմբերի 14-ին Արմեն Բաղդասարյանի և Աբել Համբարձումյանի միջև կնքվել է 10 000 (տաս հազար) ԱՄՆ դոլարի փոխառության պայմանագիր: Գումարի վերադարձման ժամկետ է սահմանվել 1998 թվականի դեկտեմբերի 30-ը:

2) Գրավի պայմանագրի փոխարեն 2000 թվականի փետրվարի 21-ին Արմեն Բաղդասարյանի և Աբել Համբարձումյանի միջև կնքվել է Երևանի Ծխախոտագործների փողոցի թիվ 55 տան առուվաճառքի պայմանագիր` վաճառքի գինը նշելով 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:

 

3) 2000 թվականի փետրվարի 21-ին Աբել Համբարձումյանի և Սեդա Շահինյանի միջև կնքվել է Երևանի Ծխախոտագործների փողոցի թիվ 55 տան առուվաճառքի պայմանագիր:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը, առոչինչ է:

Սույն քաղաքացիական գործով վեճի առարկա պայմանագիրն անվավեր է ճանաչվել ամբողջությամբ` 2000 թվականի փետրվարի 21-ին Արմեն Բաղդասարյանի և Աբել Համբարձումյանի միջև կնքված տան առուվաճառքի պայմանագրին գրավի պայմանագրի իրավական գնահատական տալու հիմքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր դեպքերում գործարքի անվավերության, մասնավորապես առոչինչ լինելու հարցը, իրավական հարց է: Այն որևէ կերպ չի ազդում գործով փաստերի վրա և չի կարող հիմք հանդիսանալ որևէ փաստ հաստատված կամ չհաստատված գնահատելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը:

Այս կանոնը սույն վեճի նկատմամբ կիրառելու համար Վերաքննիչ դատարանը պետք է գործով պարզեր, արդյո՞ք առոչինչ պայմանագրով նախատեսված գումարն իրականում վճարված եղել է, թե ոչ: Վերաքննիչ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող սույն փաստը չի պարզել:

Հիմնավոր է նաև բողոք բերած անձանց պատճառաբանությունը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի առաջին մասի խախտման վերաբերյալ, հետևյալ պատճառաբանությամբ.

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Մինչդեռ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, բավարարելով թե հայցը և թե հակընդդեմ հայցը, վճռել է պետական տուրքի ամբողջ գումարը բռնագանձել Արմեն Բաղդասարյանից` միաժամանակ չպատճառաբանելով, թե ինչու է հանգել նման հետևության:

 

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի առաջին մասը, վճռել է Արմեն Բաղդասարյանից հօգուտ Աբել Համբարձումյանի բռնագանձել 1999 թվականի հունվարի 01-ից մինչև 2006 թվականի հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածի համար նույն հոդվածով սահմանված տոկոսներ:

«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի առաջին հոդվածի համաձայն` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ է դրվում 1999 թվականի հունվարի 1-ից:

Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` օրենսգիրքը կիրառվում է քաղաքացիական այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո: Մինչև 1999 թվականի հունվարի 01-ը ծագած պայմանագրային և այլ քաղաքացիական իրավահարաբերությունների նկատմամբ օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների և պարտականությունների մասով, որոնք ծագել են օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո:

Հետևաբար, սույն քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը կիրառելի չէ, քանի որ Արմեն Բաղդասարյանի և Աբել Համբարձումյանի միջև 10 000 (տաս հազար) ԱՄՆ դոլարի փոխառության պայմանագիրը կնքվել է 1998 թվականի հոկտեմբերի 14-ին, իսկ գումարի վերադարձման ժամկետ է սահմանվել 1998 թվականի դեկտեմբերի 30-ը: Այսինքն` կողմերի միջև պայմանագրային իրավահարաբերությունը, դրանից բխող իրավունքները և պարտականությունները ծագել են մինչև ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելը, հետևաբար, այդ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի են իրավահարաբերության ծագման ժամանակ գործող նորմերը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը մասնակիորեն բեկանելու համար:

 

Վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքի հիմքերը վերաբերում են Վերաքննիչ դատարանի վճռի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատարանների վճիռները և որոշումները վերանայում է` վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը` Արմեն Բաղդասարյանից հօգուտ Աբել Համբարձումյանի` որպես նրանց միջև 2000 թվականի փետրվարի 21-ին կնքված առուվաճառքի պայմանագրի անվավերության հետևանք 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսներ 17 497 (տասնյոթ հազար չորս հարյուր իննսունյոթ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և Արմեն Բաղդասարյանից ՀՀ պետական բյուջեի օգտին պետական տուրք բռնագանձելու մասերով և գործն այդ մասերով ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 15-ի վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`  Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.05.2007
N 3-673(ՎԴ)
Որոշում