ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործ թիվ 3-719 (ՎԴ)
քաղաքացիական գործերով 2007 թ.
վերաքննիչ դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 06-3340/2006 թ.
Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան
դատավորներ` Գ. Մատինյան
Լ. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
2007 թվականի մայիսի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գագիկ Խաչիկյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` դատարան) թիվ 06-2680 քաղաքացիական գործով 31.08.2006 թվականին կայացված վճռի դեմ` ըստ Գագիկ Խաչիկյանի հայցի ընդդեմ Հայկ Մայիլյանի` վնասը հատուցելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է Հայկ Մայիլյանից բռնագանձել 6 500 ԱՄՆ դոլարին համարժեք 2 990 000 ՀՀ դրամ:
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 29.03.2006 թվականի թիվ 2-693 վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Հայկ Մայիլյանից հօգուտ Գագիկ Խաչիկյանի բռնագանձել 4 700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես հուղարկավորության, դրա հետ կապված ծախսերի և գերեզմանի կառուցման համար վնասների փոխհատուցում:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի թիվ 06-2680 քաղաքացիական գործով 31.08.2006 թվականին կայացված վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Հայկ Մայիլյանից հօգուտ տուժողի ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանի բռնագանձել 2280 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես տուժող Գարիկ Խաչիկյանի հուղարկավորության և գերեզմանի կառուցման համար վնասների փոխհատուցում: Հայցը մնացած մասով մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Խաչիկյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը չի կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1058-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը, ՀՀ կառավարության կողմից տրամադրված օգնության գումարը և ապահովագրական գումարը ներառել է առաջացած վնասների փոխհատուցման գումարների մեջ:
2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի և 132-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը պատճառված վնասները համարել է փոխհատուցված` հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից ստացված գումարային օգնությունը և ապահովագրական գումարը, ինչով սխալ է գնահատել գործում եղած ապացույցները:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 29.03.2006 թվականի թիվ 2-693 վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 26.12.2002 թվականի թիվ 1-63 օրինական ուժի մեջ մտած դատավճռով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 75937 զորամասի 2-րդ վաշտի հրամանատար Հայկ Մայիլյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ իր ծառայողական պարտականությունների նկատմամբ դրսևորելով անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, շարքայիններ Գարիկ Խաչիկյանին և Գևորգ Մուրադյանին կարգադրել է քարաժայռ գագաթից իջնել ծայրահեղ վտանգավոր հատվածում` քերծի վրա և այնտեղից գերանները գցել ձորը, որի ընթացքում Գարիկ Խաչիկյանը սայթաքել է, գլորվել է ձորը և, գիտակցության չգալով, մահացել է:
Նույն դատավճռով տուժողի իրավահաջորդ Գագիկ Խաչիկյանին իրավունք է վերապահվել քաղաքացիական հայցով դիմել դատարան:
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 15.02.2006 թվականի թիվ Պն-36/547 գրության համաձայն` Գարիկ Խաչիկյանի ընտանիքին ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշմամբ տրվել է միանվագ պետական ապահովագրական գումար 150 000 ՀՀ դրամի չափով, 18.08.1997 թվականի թիվ 341 որոշման համաձայն` 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հուղարկավորության ծախսերի փոխհատուցման համար և 11.04.2000 թվականի թիվ 160 որոշման համաձայն 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման, տեղադրման համար:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1)բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Պատճառված վնասի հատուցման վերոնշյալ ընդհանուր կանոնը սահմանում է նախ այն սուբյեկտին, ով պետք է հատուցի պատճառված վնասը և ապա` հատուցվելիք վնասի ծավալը: Սույն ընդհանուր կանոնից անձի մահվան հետևանքով առաջացող վնասների ծավալի առումով Օրենսգիրքը սահմանում է հետևյալ բացառությունները`
1. փոխհատուցվում են հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերը այն կատարած անձին (Օրենսգրքի 1087-րդ հոդված):
2. կերակրողին կորցնելու հետևանքով մահացածի խնամքին գտնված անձանց փոխհատուցվում է մահացածի եկամտի այն մասը, որը նրանք կստանային նրա կենդանության օրոք (Օրենսգրքի 1081-1082-րդ հոդվածներ):
Օրենսգրքի 1087-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տուժողի մահվան հետ կապված վնասի համար պատասխանատու անձինք պարտավոր են հատուցել հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերն այն անձին, ով այդ ծախսերը կատարել է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այդ ծախսերը կատարած քաղաքացիների կողմից հուղարկավորության համար ստացած նպաստները չեն հաշվարկվում վնասների հատուցման հաշվում:
Վճռաբեկ բողոքում նշված հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի հետևյալ իրավական հարցին` ՀՀ կառավարության 18.08.1997 թվականի թիվ 341 որոշման համաձայն` 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հուղարկավորության ծախսերի փոխհատուցման համար և 11.04.2000 թվականի թիվ 160 որոշման համաձայն գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման, տեղադրման համար տրված 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը հանդիսանո՞ւմ են արդյոք Օրենսգրքի 1087-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով` «հուղարկավորության համար ստացած նպաստներ»:
ՀՀ կառավարության 18.08.1997 թվականի թիվ 341 որոշման 1-ին կետով սահմանված է, որ վարժական հավաքների և զինծառայության ընթացքում զոհված (մահացած), մահացած ճանաչված զինծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին` Հայաստանի Հանրապետության բազային կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի թիվ 341 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության 11.04.2000 թվականի թիվ 160 որոշման 2-րդ պարբերության «դ» կետի համաձայն` վերոհիշյալ որոշման 5-րդ կետը լրացվել է նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ` ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքներին վճարվում է նշված որոշման 2-րդ կետում նախատեսված չափով գումարը խորհրդանշական գերեզման կառուցելու համար:
ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշման 16-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության կողմից ներկայացված ցուցակների հիման վրա միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարներ է հատկացնում ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում` տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակի 50-ապատիկի չափով:
Տվյալ դեպքում, ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշման 16-րդ կետի «բ» ենթակետի, ՀՀ կառավարության 18.08.1997 թվականի թիվ 341 որոշման 1-ին կետի, «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի թիվ 341 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության 11.04.2000 թվականի թիվ 160 որոշման 2-րդ պարբերության «դ» կետի սահմանված հատկացումները չեն կարող հանդիսանալ վնասի փոխհատուցում, քանի որ տվյալ փոխհատուցումների տրամադրումը ՀՀ կառավարության նշված որոշումների համաձայն չի պայմանավորվում տվյալ վնասը պետական պաշտոնատար անձի կողմից հասցվելու հետ, այլ դրանք հատկացվում են պետության կողմից նշված ցանկացած դեպքերում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից Գարիկ Խաչիկյանի ընտանիքին 18.08.1997 թվականի թիվ 341 որոշման համաձայն` 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ հուղարկավորության ծախսերի փոխհատուցումը և 11.04.2000 թվականի թիվ 650 որոշման համաձայն 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման, տեղադրման համար տրամադրված գումարներն, ըստ էության, հանդիսանում են նպաստի տեսակ, որը պետությունը վճարում է զինծառայողներին` անկախ հասցված վնասում պաշտոնատար անձի մեղքի առկայության:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հանգում է եզրակացության, որ սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի է Օրենսգրքի 1058-րդ հոդվածով սահմանված` վնասը պատճառած անձի կողմից հատուցելու ընդհանուր նորմերը և Օրենսգրքի 1087-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այդ ծախսերը կատարած քաղաքացիների կողմից հուղարկավորության համար ստացած հատկացումները (նպաստները) չպետք է հաշվարկվեն վնասների հատուցման հաշվում:
2) վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն` Վճռաբեկ դատարանը վերանայում է դատարանների վճիռները և որոշումները` վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում: Այս հոդվածի իմաստով, ելնելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի պահանջից («Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները»), բողոքի հիմք հասկացության մեջ ներառված են նաև բողոքի հիմնավորումները: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում նման հիմնավորումների բացակայությունն ինքնին անհիմն է դարձնում բողոքի տվյալ հիմքը, և դատարանի կողմից դատավարական իրավունքի կիրառման օրինականության ստուգման հիմքը բացակայում է:
Այսպիսով, բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորությունը հետևյալ պատճառաբանությամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք:
Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը կայացրել է ըստ էության ճիշտ վճիռ:
Վերոգրյալ պատճառաբանությամբ առաջին ատյանի դատարանի սույն գործով կայացված վճռին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 31.08.2006 թվականի թիվ 06-2680 վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 29.03.2006 թվականի թիվ 2-693 վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ