Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 274-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 274-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 68-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով               Քաղաքացիական գործ թիվ 3-725(ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                         2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 06-3496/2006 թ.

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

    Դատավորներ`        Տ. Սահակյան

                       Ա. Թումանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

 

2007 թվականի մայիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռազմիկ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 06-3496 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ հայցի Ռազմիկ Գրիգորյանի ընդդեմ Ռիմա Մխիթարյանի և Ալվարդ Եղիկյանի` ապօրինի զբաղեցրած բնակարանից վտարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ռազմիկ Գրիգորյանը պահանջել է Ռիմա Մխիթարյանին վտարել Գյումրու Շիրակացի փողոցի 2 շենքի թիվ 7, իսկ Ալվարդ Եղիկյանին` թիվ 8 բնակարաններից:

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի օգոստոսի 16-ի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2006 թվականի դեկտեմբերի 11-ի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է պատասխանողներին վտարել նրանց բնակարաններ հատկացվելուց հետո:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռազմիկ Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածով նախատեսված որևէ բացառություն չսահմանող նորմերը կիրառելիս նախատեսել է պայման այն մասին, որ պատասխանողները կարող են վտարվել վեճի առարկա բնակարաններից միայն ՀՀ Շիրակի մարզպետարանի կողմից նրանց բնկարաններ հատկացվելուց հետո: Այսինքն` Վերաքննիչ դատարանը հայցվոր կողմին առաջադրել է պարտավորություններ, որոնք նախատեսված չեն օրենքով:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ և 215-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանող կողմը սույն քաղաքացիական գործով ոչ ՀՀ Շիրակի մարզպետարանի և ոչ էլ իր դեմ հակընդդեմ հայց չի հարուցել և իրենց բնակարանով ապահովելու պահանջ չի ներկայացրել, հետևաբար Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով այդ հարցին, խախտել է վերոնշյալ դատավարական նորմերը և հայցադիմումի բացակայությամբ վեճ է քննել:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 11-ի վճիռը և օրինական ուժ տալ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի օգոստոսի 16-ի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Վճռաբեկ դատարանի 2005 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 3-2225 որոշմամբ անփոփոխ է թողնվել Վերաքննիչ դատարանի 2005 թվականի օգոստոսի 16-ի թիվ 05-2393 վճիռը, որով անվավեր է ճանաչվել Գյումրու Շիրակացու փողոցի 2-րդ շենքի թիվ 7 բնակարանը Ռիմա Մխիթարյանին, իսկ թիվ 8 բնակարանը` Ալվարդ Եղիկյանին հատկացնելու մասին Շիրակի մարզպետի 2003 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 294 որոշումը, և դրանց հիման վրա Ռիմա Մխիթարյանին և Ալվարդ Եղիկյանին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականները: Վերականգնվել են Ռազմիկ Գրիգորյանի և նրա ընտանիքի անդամների իրավունքները վերոնշյալ բնակարանների նկատմամբ:

2) Շիրակի մարզպետի 2006 թվականի ապրիլի 25-ի թիվ 146 որոշմամբ անվավեր է ճանաչվել Շիրակի մարզպետի 2004 թվականի մայիսի 24-ի թիվ 112 որոշումը` հայցվորի 6 անձից բաղկացած ընտանիքին Գյումրու Շիրակացու թիվ 60բ շենքի թիվ 14 բնակարանը հատկացնելու մասին և նրանց հատկացվել է Գյումրու Շիրակացու փողոցի թիվ 2 շենքի թիվ 7 և թիվ 8 բնակարանները:

3) 2006 թվականի հունիսի 09-ին տրված թիվ 2014091 և թիվ 2009190 սեփականության իրավունքի գրանցման վկայականներով Գյումրու Շիրակացու փողոցի թիվ 2 շենքի թիվ 7 և թիվ 8 բնակարանների նկատմամբ գրանցվել է Ռազմիկ, Կիմա, Ավետիք, Արթուր, Մարիամ և Անահիտ Գրիգորյանների սեփականության իրավունքը:

4) Վերաքննիչ դատարանի 2007 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ պարզաբանվել է վիճարկվող դատական ակտը` 2006 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 06-3496 վճիռը: Որոշմամբ նշվել է, որ Ալվարդ Եղիկյանի և Ռիմա Մխիթարյանի ընտանիքներին համարժեք բնակարաններ հատկացնելու պահանջը բավարարել նշանակում է նրանց համարժեք բնակարանների գնման վկայագրեր տրամադրել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը որևէ պայման չի նախատեսում սեփականատիրոջ համար` իր գույքը հետ պահանջելիս:

Սույն գործով հայցվորը դատարանին ներկայացրել է անվերապահ պահանջ` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից պահանջելու մասին, հետևաբար Վերաքննիչ դատարանը չէր կարող պատասխանողների վտարումն իրականացնել որոշակի պայմաններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տես` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504(ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջով)):

Մինչդեռ սույն քաղաքացիական գործով, Վերաքննիչ դատարանը վճռել է Ալվարդ Եղիկյանին և Ռիմա Մխիթարյանին վտարել վեճի առարկա հանդիսացող բնակարաններից` ՀՀ Շիրակի մարզպետարանի կողմից նրանց բնակարանի գնման վկայագիր հատկացվելուց հետո:

Այսինքն` սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանն Ալվարդ Եղիկյանի և Ռիմա Մխիթարյանի վտարումը պայմանավորել է ՀՀ Շիրակի մարզպետարանի կողմից նրանց բնակարանի գնման վկայագիր տալու հանգամանքով, առանց այդ եզրահանգումն հիմնավորող օրենքը կամ այլ իրավական ակտը նշելու: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի հիմնավորվել պատասխանողներին վտարելու և բնակարանի գնման վկայագիր տրամադրելու միջև իրավական կապի առկայությունը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված դեպքում` օրենսդրական այլ ակտերով: Անձինք կարող են ենթարկվել պատասխանատվության միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և չափերով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս օրինադրույթը սույն վեճի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ կարգավորում է հանրային իրավահարաբերությունների ոլորտը, իսկ գործով կողմերի վեճը քաղաքացիաիրավական բնույթի է:

 

2) բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` ներկայացուցչի լիազորությունները պետք է ամրագրվեն օրենքին համապատասխան տրված և ձևակերպված լիազորագրում:

Վճռաբեկ բողոք բերած անձը, վճռաբեկ բողոքի հիմքում դնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանն առանց պատասխանողի պահանջի ՀՀ Գյումրու մարզպետարանի նկատմամբ պարտավորություններ է սահմանել, հանդես է եկել ՀՀ Գյումրու մարզպետարանի շահերի պաշտպանությամբ:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հիմքով վճռաբեկ բողոք ներկայացնելով, բողոք է բերել այն անձը, որի իրավունքը չի խախտվել:

Սույն բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 11-ի վճռի մասը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման առաջին հիմքի պատճառաբանությունները, ինչպես նաև պահանջի բացակայության պայմաններում գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 11-ի վճռի` վտարումը կատարել պատասխանողներին բնակարաններ հատկացնելուց հետո մասը և այդ մասով դատական ակտը փոփոխել.

- վճռի եզրափակիչ մասից հանել «Վտարումը կատարել պատասխանողներին բնակարաններ հատկացնելուց հետո» նախադասությունը:

2. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 11-ի վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`  Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.05.2007
N 3-725 (ՎԴ)
Որոշում