ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործ թիվ 3-744(Ա)
Կոտայքի մարզի առաջին 2007 թ.
ատյանի դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 2-4-14
Նախագահող դատավոր` Ա. Սիսակյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
2007 թվականի մայիսի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Չարենցավանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև դատարան) 2006 թվականի մարտի 15-ի թիվ 2-4-14 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ Հասմիկ Փիլիկյանի և մյուսների (այսուհետ նաև` հայցվորներ) հայցի ընդդեմ Չարենցավանի քաղաքապետարանի (այսուհետ նաև` պատասխանող)` բնակարան հատկացնելու և վնասների փոխհատուցման պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորները պահանջել են հատկացնել բնակարան կամ վճարել նախկին բնակարանի շուկայական արժեքը, ինչպես նաև փոխհատուցել պատճառված վնասները:
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով հայցադիմումը բավարարվել է մասնակիորեն` միայն համարժեք բնակարան հատկացնելու կամ նախկին բնակարանի շուկայական արժեքը վճարելու մասով:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Չարենցավանի քաղաքապետը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 18-րդ և 225-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Հայցվորները գույք չէին կարող կորցնել, որովհետև սույն վեճի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ նրանք որևէ իրավունք չունեն:
Վիճելի բնակարանի սեփականատերը եղել է Չարենցավանի քաղաքապետարանը, այնուհետև քաղաքացի Գ.Ծառուկյանը, իսկ այժմ` քաղաքացի Դ.Սաղաթելյանը: Սեփականատերերի փոփոխմամբ օգտագործման իրավունքները չեն դադարում, վերաբնակեցման պահանջից հայցվորները հրաժարվել են, իսկ իրենց պատճառված այլ գույքային վնասների վերաբերյալ որևէ ապացույցներ չեն ներկայացրել: Իսկ համարժեք բնակարան հատկացնելու կամ իրենց հատկացված նախկին բնակարանի շուկայական արժեքը վճարելու պահանջը վնասների հատուցման պահանջ չէ:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մարտի 15-ի վճիռը և հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Վիճելի բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Չարենցավանի քաղաքապետարանին:
2) 08.04.2002 թվականի առուվաճառքի պայմանագրով նշված բնակարանն օտարվել է Գ. Ծառուկյանին:
3) 20.07.2004 թվականի առուվաճառքի պայմանագրով Գ.Ծառուկյանը բնակարանը վաճառել է Դ. Սաղաթելյանին:
4) Հայցվորները նշված բնակարանի նկատմամբ ունեն բնակտարածության օգտագործման իրավունք:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտի հրապարակման հետևանքով քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասները հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Սույն քաղաքացիական գործով հաստատված է փաստն այն մասին, որ հայցվորները Չարենցավան քաղաքի 2-1-8-12 հասցեի բնակարանի նկատմամբ ունեն միայն բնակտարածության օգտագործման իրավունք:
Համաձայն Օրենսգրքի 225-րդ հոդվածի 5-րդ մասի` բնակելի շենքի կամ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելը հիմք չէ բնակելի տարածության օգտագործման իրավունքի դադարման համար:
Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատասխանողը օտարելով իր սեփականությունը հանդիսացող վիճելի բնակարանը, օգտվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված սեփականատիրոջ` իր գույքն իր հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու իրավունքից և այդ իրավունքի իրականացմամբ հայցվորների որևէ իրավունք չի խախտել` չի զրկել բնակօգտագործման իրավունքից: Հետևաբար, նման գործողությամբ հայցվորներին չէր կարող վնաս հասցվել, քանի որ նրանց բնակօգտագործման իրավունքը չի խախտվել:
Օրենսգրքի 225-րդ հոդվածի տրամաբանությունից հետևում է, որ բնակտարածության օգտագործման իրավունքը ենթակա է սեփականատիրոջ կողմից փոխհատուցման միայն իր ցանկությամբ այդ իրավունքը դադարեցնելու պահանջի դեպքում: Հետևաբար, բնակտարածության օգտագործման իրավունք ունեցող անձը չի կարող այդ իրավունքն ինքնուրույն դադարեցնելու դիմաց սեփականատիրոջից պահանջել փոխհատուցում:
Այսպիսով, պատասխանողի բողոքում նշված հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու հիմք են հանդիսանում, քանի որ դատական ակտը բողոքարկված է մասով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Չարենցավանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մարտի 15-ի վճիռը` համարժեք բնակարան հատկացնելու կամ նախկին բնակարանի շուկայական արժեքը վճարելու մասով և գործն այդ մասով ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:
2. Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ