ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով Քաղաքացիական գործ թիվ 3-795(ՎԴ)
վերաքննիչ դատարանի վճիռ 2007 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-794/2007 թ.
Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Գ. Մատինյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
2007 թվականի մայիսի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սամվել և Կարեն Ստեփանյանների ներկայացուցիչ Սոս Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի փետրվարի 09-ի թիվ 07-794 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ հայցի Դոնարա Բակարյանի, Համլետ, Աննա, Նարինե, Վանո Աղայանների ընդդեմ Սամվել և Կարեն Ստեփանյանների` առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Դոնարա Բակարյանը, Համլետ, Աննա, Նարինե, Վանո Աղայանները պահանջել են անվավեր ճանաչել 2001 թվականի մարտի 02-ին Սամվել և Կարեն Ստեփանյանների միջև կնքված Երևան քաղաքի Արաբկիր 19 փողոցի 4-րդ շենքի թիվ 23 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հուլիսի 20-ի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2007 թվականի փետրվարի 09-ի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սամվել և Կարեն Ստեփանյանների ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ 275-րդ, 318-րդ, 321-րդ, 323-րդ հոդվածները, կիրառել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, որը չպետք է կիրառվեր:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը եկել է եզրահանգման այն մասին, որ վեճի առարկա բնակարանի առուվաճառքի պայմանագիրն անվավեր է` վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ պատասխանողները Վերաքննիչ դատարանին չեն ներկայացրել ապացույց այն մասին, որ Սամվել Ստեփանյանը վերալիազորման իրավունքով լիազորագիր է ունեցել գործարք կնքելու համար, կամ Համլետ, Աննա, Նարինե և Վանո Աղայանները վերալիազորման իրավունքով լիազորագիր են տվել Դոնարա Բակարյանին:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրը մյուսների համաձայնությամբ իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ: Այսինքն` սույն քաղաքացիական գործով համապատասխան համաձայնության առկայության պարագայում վերալիազորման անհրաժեշտությունը բացակայել է:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը կիրառել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, որը գործարքի կնքման պահին ընդունված չէր և չէր գործում:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի պահանջը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 2003 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 2-6306 վճռով հաստատված է համարվել այն հանգամանքը, որ 2001 թվականի մարտի 02-ի բնակարանի առուվաճառքի պայմանագրով Համլետ և Վանո Աղայաններն սեփականության իրավունքով իրենց պատկանող Երևանի Արաբկիր 19 փողոցի 4-րդ շենքի թիվ 23 բնակարանը վաճառել են Կարեն Ստեփանյանին, պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով, այն գրանցվել է անշարժ գույքի կադաստրում:
Վերաքննիչ դատարանը սույն գործով կրկին անդրադարձել և գնահատել է օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված վերոնշյալ հանգամանքները:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 2007 թվականի փետրվարի 09-ի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հուլիսի 20-ի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևանի Արաբկիր 19 փողոցի 4-րդ շենքի թիվ 23 բնակարանը համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Դոնարա Բակարյանին, Համլետ, Աննա, Նարինե, Վանո և Լուսինե Աղայաններին:
2) Նոտարական կարգով վավերացված 2000 թվականի սեպտեմբերի 09-ի թիվ 2-9777 հայտարարությամբ Համլետ, Աննա, Նարինե, Վանո և Լուսինե Աղայանները համաձայնություն են տվել Դոնարա Բակարյանին իր հայեցողությամբ վաճառելու Երևանի Արաբկիր 19 փողոցի 4-րդ շենքի թիվ 23 բնակարանը:
3) 2000 թվականի սեպտեմբերի 09-ի նոտարական վավերացում ստացած լիազորագրով Դոնարա Բակարյանը լիազորել է Սամվել Ստեփանյանին իր անունից կնքելու Երևանի Արաբկիր 19 փողոցի 4-րդ շենքի թիվ 23 բնակարանի առուվաճառքի պայմանագիր:
4) 2001 թվականի մարտի 02-ին Սամվել և Կարեն Ստեփանյանների միջև կնքվել է Երևանի Արաբկիր 19 փողոցի 4-րդ շենքի թիվ 23 բնակարանի առուվաճառքի պայմանագիր:
5) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 2003 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 2-6306 վճռով դադարեցվել է Համլետ և Վանո Աղայանների Երևանի Արաբկիր 19 փողոցի 4-րդ շենքի թիվ 23 բնակարանի նկատմամբ բնակտարածության օգտագործման իրավունքը: Վճռով հաստատված է համարվել այն հանգամանքը, որ 2001 թվականի մարտի 02-ի առուվաճառքի պայմանագրով Համլետ և Վանո Աղայանները սեփականության իրավունքով իրենց պատկանող Երևանի Արաբկիր 19 փողոցի 4-րդ շենքի թիվ 23 բնակարանը վաճառել են Կարեն Ստեփանյանին, պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով, այն գրանցվել է անշարժ գույքի կադաստրում, Կարեն Ստեփանյանի անվամբ 2001 թվականի մարտի 19-ին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 392087 վկայականը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի համաձայն` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար: Ներկայացվողը ներկայացուցչի կողմից գործարքներ կնքելու համար գրավոր լիազորություն կարող է անմիջականորեն տալ համապատասխան երրորդ անձին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի իմաստով` համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը համասեփականատերերից մեկի կողմից տնօրինելու մասին մյուս համասեփականատերերի կողմից տրված նոտարական կարգով վավերացված համաձայնությունը հավասար է լիազորագրին, որը անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:
Սույն քաղաքացիական գործով Դոնարա Բակարյանը վեճի առարկա գույքի համասեփականատերն է: Նշված գույքի համասեփականատերերը` Համլետ, Աննա, Նարինե, Վանո և Լուսինե Աղայանները նոտարական կարգով վավերացված հայտարարությամբ տվել են իրենց համաձայնությունը համասեփականատեր Դոնարա Բակարյանին նրա կողմից գույքը` Երևանի Արաբկիր 19 փողոցի 4-րդ շենքի թիվ 23 բնակարանը տնօրինելու գործարք կնքելու մասին, որն իր այդ իրավունքն իրականացրել է ներկայացուցչի միջոցով, այսինքն` Դոնարա Բակարյանը գույքը տնօրինելու գործարքը կնքել է մյուս համասեփականատերերի կամքի արտահայտությամբ, նրանց համաձայնությամբ և լիազորությամբ: Հետևաբար, Դոնարա Բակարյանի կողմից տրված լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է վերապահել կնքելու քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ ստեղծող, փոփոխող և դադարեցնող գործարք:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի առաջին մասի ուժով` սույն գործով վիճարկվող գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծել կողմերի համար, իսկ գույքի տնօրինման գործարքը ներկայացուցչի միջոցով իրականացնելը համասեփականատերերի կողմից գործարքն անվավեր ճանաչելու պահանջը բավարարելու հիմք չի կարող հանդիսանալ:
Հիմնավոր է նաև բողոք բերած անձի պատճառաբանությունն այն մասին, որ Վերաքննիչ դատարանի կողմից չպետք է կիրառվեր «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, քանի որ վեճի առարկա գույքի նկատմամբ առուվաճառքի պայմանագիրը կնքվել է 2001 թվականի մարտի 02-ին, իսկ նշված օրենքն ուժի մեջ է մտել 2002 թվականի մարտի 01-ին և այդ օրենքի գործողությանը հետադարձ ուժ չի տրվել:
2) բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Բողոք բերած անձանց կողմից վկայակոչված Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 2003 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 2-6306 վճռով հաստատված է համարվել այն հանգամանքը, որ 2001 թվականի մարտի 02-ի բնակարանի առուվաճառքի պայմանագրով Համլետ և Վանո Աղայանները սեփականության իրավունքով իրենց պատկանող Երևանի Արաբկիր 19 փողոցի 4-րդ շենքի թիվ 23 բնակարանը վաճառել են Կարեն Ստեփանյանին, պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով, այն գրանցվել է անշարժ գույքի կադաստրում:
Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանն անդրադարձ չի կատարել և գնահատման առարկա չի դարձրել կնքված առուվաճառքի պայմանագրի վավերականության հարցը, հետևաբար անհիմն են դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի խախտման մասին բողոք բերած անձի պատճառաբանությունները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի փետրվարի 09-ի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ