ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով Քաղաքացիական գործ թիվ 3-801(ՎԴ)
վերաքննիչ դատարանի վճիռ 2007 թ.
Քաղաքացիական գործ թիվ 06-4241/2006 թ.
Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան
Դատավորներ` Գ. Մատինյան
Վ. Ավանեսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
2007 թվականի մայիսի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հերմինե Լազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 06-4241 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ Հերմինե Լազարյանի դիմումի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` պաշտոնատար անձի գործողությունները վիճարկելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հերմինե Լազարյանը պահանջել է պարտավորեցնել Կադաստրին կատարելու Երևանի քաղաքապետի 2006 թվականի օգոստոսի 26-ի թիվ 1839-Ա որոշման 71-րդ կետի պահանջը, ինչպես նաև գրանցել իր սեփականության իրավունքը Երևանի Կուզնեցով փողոցի թիվ 8 շենքի թիվ 43 բնակարանի ձեղնահարկի 53,7 քմ մակերեսով շինության նկատմամբ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 18-ի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի վճռով դիմումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հերմինե Լազարյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 218-րդ հոդվածների պահանջները, սխալ է մեկնաբանել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, 70-րդ հոդվածի առաջին մասը, 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գործը քննելիս ու վճիռ կայացնելիս բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել Երևանի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ 841-Ա, 2005 թվականի ապրիլի 26-ի թիվ 875-Ա և 2005 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1839-Ա որոշումները, վճռում բացակայում են գործով պարզված փաստերը, ապացույցները, որոնց վրա հիմնված են Վերաքննիչ դատարանի հետևությունները:
Անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ Երևանի քաղաքապետի 2005 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1839-Ա որոշումը կայացվել է «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետից հետո, հետևաբար Կադաստրի մերժումը բխում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջներից, քանի որ Երևանի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 26-ի թիվ 875-Ա և 2005 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1839-Ա որոշումները հավասար իրավաբանական ուժ ունեն և նույնիսկ նրանց միջև հակասության դեպքում գործում է ավելի ուշ ուժի մեջ մտած, այն է` 2005 թվականի սեպտեմբերի 28-ին ընդունված թիվ 1839-Ա որոշումը:
Վերաքննիչ դատարանը չի պահպանել ինքնակամ շինությունն օրինականացնելու և պետական գրանցում կատարելու օրենքով նախատեսված իրավունքը, որի արդյունքում խախտել է նշված սահմանադրական նորմի պահանջները:
Վճռաբեկ բողոքում բացակայում են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի առաջին մասը, 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերը չկիրառելու վերաբերյալ հիմնավորումները:
2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վեճի առարկա ինքնակամ շինությունն իրենից ներկայացնում է ձեղնահարկ, որը գտնվում է բողոք բերած անձի բնակարանի վերևում, այն պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը:
Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 18-ի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևանի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ 841-Ա որոշման 2-րդ կետով և 2005 թվականի ապրիլի 26-ի թիվ 875-Ա որոշմամբ (գործում բացակայում է) մերժվել է ձեղնահարկի նկատմամբ իրավունքը ճանաչելու մասին Հերմինե Լազարյանի դիմումը:
2) «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի կարգավիճակի վերաբերյալ Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Երևանի քաղաքապետի 2005 թվականի օգոստոսի 26-ի թիվ 1839-Ա որոշման 71-րդ կետով ուժը կորցրած է ճանաչվել Երևանի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ 841-Ա որոշման 3-րդ հավելվածի 257-րդ տողի 10-րդ սյունակը և ձեղնահարկի նկատմամբ ճանաչվել է Հերմինե Լազարյանի սեփականության իրավունքը:
3) 2006 թվականի փետրվարի 13-ին Հերմինե Լազարյանը դիմել է Կադաստր` Երևանի Կուզնեցով փողոցի թիվ 8 շենքի թիվ 43 բնակարանի ձեղնահարկի 53,7 քմ մակերեսով շինության սեփականության իրավունքը գրանցելու համար:
4) Կադաստրը 2006 թվականի փետրվարի 15-ին մերժել է Հերմինե Լազարյանի դիմումը` պատճառաբանելով, որ Երևանի քաղաքապետի 2005 թվականի օգոստոսի 26-ի թիվ 1839-Ա որոշման մեջ բացակայում է Երևանի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 26-ի թիվ 875-Ա որոշման փոփոխության վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև Երևանի քաղաքապետի որոշումը կայացվել է «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետից ուշ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն իրավական հարցին, թե արդյոք Կադաստրն իրավունք ունի մերժելու վարչական ակտերի հիման վրա ծագած անձանց իրավունքների պետական գրանցումը` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի հիմքով:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 5-րդ, 42-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասը, 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ինչպես նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, արձանագրել է, որ Կադաստրի կողմից խախտվել է անձի ՀՀ Սահմանադրության 8-րդ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածով երաշխավորված սեփականության` իր գույքից անարգել օգտվելու իրավունքը (իրավական հիմնավորումները տես` Լևոն Ղազարյան ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Նոր Նորքի տարածքային ստորաբաժանում, երրորդ անձ Երևանի քաղաքապետարան, 21.12.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2440/ՎԴ (Երևանի քաղաքապետի 18.11.2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 2453-Ա որոշման 3-րդ կետի պահանջը կատարելու և ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջներով)):
Վերը նշվածի հիման վրա` Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնները տվյալ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չեն, քանի որ Հերմինե Լազարյանի վերաբերյալ վարչական ակտերը կայացվել են «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հիման վրա:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել նյութական իրավունքի նորմերը, ինչը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու իր լիազորությունը, քանի որ սույն գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական է և պատճառաբանված, իսկ դրան օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 18-ի վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ