ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործ թիվ 3-817 (ՎԴ)
քաղաքացիական գործերով 2007 թ.
վերաքննիչ դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-382
Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան
դատավորներ` Ա. Թումանյան
Ս. Սահակյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
2007 թվականի մայիսի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վարդան Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` դատարան) 22.01.2007 թվականի թիվ 07-382 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ Վարդան Վարդանյանի հայցի ընդդեմ Գայանե Սահակյանի` ձեռքբերման վաղեմության ուժով հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքն Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում գտնվող պատասխանող Գայանե Սահակյանի անվամբ գրանցված 0,237 հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ:
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 07.09.2006 թվականի թիվ 2-770 վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի թիվ 07-382 վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Վարդանյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, 52-րդ հոդվածի 2-րդ մասի, 53-րդ հոդվածի և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը սխալ է գնահատել գործում գտնվող Գ. Սահակյանի անձնագրի պատճեն, որից հստակ երևում է, որ նա 25.12.1980 թվականից մինչ օրս գրանցված է Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում և Ակնաշեն գյուղում 1991 թվականին չէր կարող մասնակցել հողի սեփականաշնորհմանը և հողամաս ստանալ:
Դատաքննությամբ պարզվել է, որ վիճելի հողամասի սեփականատերը հանդիսացել է պատասխանող Գ. Սահակյանի ամուսին Վիթխար Վարդանյանը, որը մահացել է 1998 թվականին, իսկ Գ. Սահակյանին 08.08.2003 թվականին տրված վերոհիշյալ հողամասի վերաբերյալ սեփականության իրավունքի գրանցման վկայականում հողամասի տրման հիմքը նշված է ոչ թե ժառանգության իրավունքի վկայականը, այլ` Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 01.04.1991 թվականի որոշումը: Նշված որոշման համաձայն` հողամասը Գ. Սահակյանին է հատկացվել 1991 թվականին, այն դեպքում, որ նա այդ թվականին ամուսնացած չի եղել, գյուղում գրանցված չի եղել ու չի բնակվել:
Դատարանը սխալ է գնահատել նաև գործում եղած հողի հարկի վճարման անդորրագրերը:
Դատարանը, նշված անդորրագրերն ընդունել է Վիթխար Վարդանյանի կողմից իր հողամասից չհրաժարվելու վերաբերյալ ապացույց, մինչդեռ, դատարանը անտեսել է կողմի բացատրություններն այն մասին, որ Վիթխար Վարդանյանը գյուղում ունեցել է ևս մեկ տնամերձ հողամաս և վճարման անդորրագրերից չի երևում, որ հողի հարկը վճարվել է հատկապես վեճի առարկա հողամասի համար, քանի որ անդորրագրերում ոչ մի նշում չկա հողի չափի և դրա գտնվելու վայրի մասին:
Բացի այդ, դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ եթե տվյալ հողամասը 1991 թվականից պատկանել է Գ.Սահակյանին, ապա ինչու է հողի հարկը վճարվել Վիթխար Վարդանյանի կողմից:
Դատարանը սխալ է գնահատել նաև պատասխանողի բացատրություններն այն մասին, որ հայցվորը հողամասը տարիներ շարունակ մշակել է նրա խնդրանքով, այն դեպքում, երբ այդ բացատրությունը հերքվում է հենց պատասխանողի բացատրությամբ: Պատասխանողի բացատրության համաձայն` հայցվորը տվյալ հողամասը համարել է իրենը և դրա հետ վարվել է ինչպես իր սեփական գույքի հետ:
Բացի այդ, դատարանը սխալ է գնահատել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 25.10.2006 թվականի թիվ 2-846 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով անվավեր է ճանաչվել Գայանե Սահակյանին Ակնաշեն գյուղում հողամաս տրամադրելու վերաբերյալ կատարված պետական գրանցումը և թիվ 876586 սեփականության իրավունքի վկայականը:
Դատարանը հիմք չի ընդունել տվյալ վճռով հաստատված այն հանգամանքը, որ Գայանե Սահակյանը 2003 թվականին դիմելով կեղծիքների 1991 թվականի սեփականաշնորհման հիմքով ստացել է հողամասի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
Դատարանն իր վճռում չի նշել այն փաստարկները, որոնցով մերժել է հայցի հիմնավորվածությունը վկայող ապացույցները:
Այսպես, դատարանը չի գնահատել գործում գտնվող պատասխանողի անձնագրի պատճենում եղած նշումը նրա հաշվառման մասին և չի պարզել, որ գյուղում գրանցված չլինելու և երբևէ չբնակվելու պայմաններում պատասխանողը սեփականաշնորհման հիմքով հողի սեփականատեր դառնալ չէր կարող:
Բողոքարկվող վճռում ընդհանրապես նշում չկա այն իրավական ակտերի մասին, որոնք դատարանը կիրառել է:
2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ և 187-րդ հոդվածների պահանջները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը գործով պարզված հանգամանքների հիման վրա պետք է կիրառեր վերոհիշյալ հոդվածների պահանջները, սակայն չի կիրառել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի թիվ 07-382 վճիռը և օրինական ուժ տալ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 07.09.2006 թվականի թիվ 2-770 վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Արմավիրի մարզի Ակնաշենի գյուղապետարանի կողմից 17.08.2006 թվականին հաստատված Ակնաշեն գյուղի 7 բնակիչների հայտարարության համաձայն` Ակնաշեն գյուղի 0.237 հա թիվ 33/1 հողամասը 1993 թվականից մինչ օրս տիրապետել է Վարդան Վարդանյանը:
2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) 08.08.2003 թվականին տրված թիվ 876586 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում 0.237 հա տնամերձ հողամասի նկատմամբ Ակնաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 01.04.1991 թվականի թիվ 6 որոշման հիման վրա գրանցվել է Գ. Սահակյանի սեփականության իրավունքը:
3) Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 25.10.2006 թվականի թիվ 2-846 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել Գայանե Սահակյանի անվամբ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում գտնվող 0,237 հա մակերեսով տնամերձ հողամասի վերաբերյալ 08.08.2003 թվականի պետական գրանցումը և նույն թվականին տրված թիվ 876586 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
4) Նշված վճռի համաձայն` Գ.Սահակյանը 25.12.1980 թվականից գրանցված է եղել և մինչև 1994 թվականը բնակվել է Արմավիրի մարզի Հայաթաղ գյուղում: Նա մասնակցել է հողի սեփականաշնորհմանը Հայաթաղ գյուղում` 20.03.1991 թվականին ստացել է 1800 քմ սեփականաշնորհված վարելահող և 870 քմ տնամերձ հողամաս: Գործող կարգի համաձայն` 1991 թվականին Ակնաշեն գյուղում գրանցված չլինելու և չբնակվելու պայմաններում այդ գյուղում նույն թվականին պատասխանող Գայանե Սահակյանին հողամաս հատկացվել չէր կարող:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, իսկ 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
Դատարանը չի գնահատել այն փաստը, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 25.10.2006 թվականի թիվ 2-846 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով Գայանե Սահակյանի անվամբ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում գտնվող 0,237 հա մակերեսով տնամերձ հողամասի վերաբերյալ 08.08.2003 թվականի պետական գրանցումը և նույն թվականին տրված թիվ 876586 սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր է ճանաչվել:
Նշված վճռով հաստատված հանգամանքներն ինքնին բավարար են Գայանե Սահակյանի տվյալ հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերի անվավերության, վեճի առարկա գույքն որպես սեփական գույք չտիրապետելու մասին փաստերը հաստատված համարելու համար: Միաժամանակ, գործում առկա մյուս ապացույցները, պատասխանողի բացատրությունները հավաստում են հայցվորի կողմից տվյալ գույքը 1993 թվականից բացահայտ և անընդմեջ տիրապետման փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևությունները այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:
Նշվածի հիման վրա հիմնավոր է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջների խախտումը, քանի որ դատարանի վճռում նշված չեն այն ապացույցները, որոնցով հերքվում են հայցվորի փաստարկները, ինչպես նաև օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:
2) վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածը սահմանում է սեփականության իրավունքի ձեռք բերման հիմքերը: Ըստ վերոհիշյալ հոդվածի 5-րդ մասի` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
Վերոհիշյալ ընդհանուր նորմը մասնավորեցված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի շարք հոդվածներում, որոնցից 187-րդ հոդվածը սահմանում է սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքը ձեռքբերման վաղեմության ուժով: Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ ու անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Սույն որոշման 1-ին կետի պատճառաբանությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ մասի և 187-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները և վիճելի գույքի տիրազուրկ լինելու պայմաններում դրա նկատմամբ ավելի քան 10 տարի անընդմեջ, բացահայտ և բարեխիղճ տիրապետելու հիմքով դրա նկատմամբ պետք է ճանաչվեր հայցվորի սեփականության իրավունքը:
Այսպիսով, բողոքում նշված հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն` վճռաբեկ բողոքը բավարարելու և վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու հիմք են հանդիսանում:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորությունը հետևյալ պատճառաբանությամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք:
Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանը սույն գործով կայացրել է ըստ էության ճիշտ` օրինական և պատճառաբանված վճիռ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 22.01.2007 թվականի թիվ 07-382 վճիռը և օրինական ուժ տալ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 07.09.2006 թվականի թիվ 2-770 վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ