ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Երևանի Շենգավիթ համայնքի Քաղաքացիական գործ թիվ 3-881(Ա)
առաջին ատյանի դատարանի վճիռ 2007 թ.
Քաղաքացիական գործ թիվ 2-2791/2006 թ.
Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
2007 թվականի մայիսի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գայանե և Ռաֆայել Մովսեսյանների վճռաբեկ բողոքը Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 2-2791 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ դիմումի Ռոբերտ Մովսեսյանի` ժառանգությունն ընդունելու բաց թողած ժամկետը հարգելի համարելու, ժառանգության բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ռոբերտ Մովսեսյանը պահանջել է հարգելի համարել ժառանգությունն ընդունելու բաց թողած ժամկետը և ճանաչել Երևան քաղաքի Շիրակի 4-րդ նրբանցքի թիվ 11 շենքի թիվ 24 բնակարանի` Ելենա Մովսեսյանի բաժնի 1/4-րդ մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած:
Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 2006 թվականի սեպտեմբերի 22-ի վճռով դիմումը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Գայանե և Ռաֆայել Մովսեսյանները:
Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Ռոբերտ Մովսեսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված անձի` դատաքննությանը մասնակից դարձվելու իրավունքը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկով.
Դատարանը վճիռ է կայացրել Գայանե և Ռաֆայել Մովսեսյանների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, սակայն վերջիններիս չի ներգրավել դատաքննությանը:
Վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 22-ի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.
Դատարանը դատական նիստի վերաբերյալ բողոք բերած անձանց չի տեղեկացրել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Մովսեսյանը, ինչպես նաև մյուս ժառանգները, հանդիսանում են առաջին հերթի ժառանգներ և կարող է նրանց հետ հավասարապես ժառանգել իր մոր ունեցվածքը: Հետևաբար բողոք բերած անձանց իրավունքների վերաբերյալ որևէ վճիռ չի կայացվել:
Բացի այդ, Ռաֆայել Մովսեսյանի ներկայացուցիչ Ժոռա Բունիաթյանի լիազորություններում բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված լիազորությունները, մասնավորապես նրա վճռաբեկ բողոք բերելու իրավունքը:
Միաժամանակ կարևոր է այն փաստը, որ Ռաֆայել Մովսեսյանը 1993 թվականից մեկնել է Հայաստանի Հանրապետությունից և հետևաբար ժառանգությունը փաստացի տիրապետմամբ ժառանգ չէր կարող համարվել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ռոբերտ, Գայանե և Ռաֆայել Մովսեսյանները Ելենա և Ռազմիկ Մովսեսյանների երեխաներն են:
2) Ելենա Մովսեսյանը մահացել է 2006 թվականի փետրվարի 22-ին:
3) Դատարանի կողմից Գայանե և Ռաֆայել Մովսեսյաններին 2006 թվականի սեպտեմբերի 22-ի դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ, Դատարանը գործը քննել է նրանց բացակայությամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով Ռոբերտ Մովսեսյանը դիմում է ներկայացրել Դատարան` ժառանգությունն ընդունելու բաց թողած ժամկետը հարգելի համարելու, ժառանգության բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ճանաչելու պահանջներով: Դատարանը, դատական ակտում հաստատելով փաստն այն մասին, որ Ռոբերտ, Գայանե և Ռաֆայել Մովսեսյանները հանդիսանում են Ելենա և Ռազմիկ Մովսեսյանների երեխաները, առանց բողոք բերած անձանց դատավարությանը մասնակից դարձնելու, բավարարել է դիմումը` հարգելի համարելով Ռոբերտ Մովսեսյանի կողմից ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բաց թողնելը, նրան ճանաչել է Երևանի Շիրակի 4-րդ նրբանցքի թիվ 11 շենքի թիվ 24 բնակարանի` Ելենա Մովսեսյանի բաժնի 1/4-րդ մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տես` Գյումրու քաղաքապետարան ընդդեմ Ֆելիքս Թորոսյան, 17.11.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2343/ՎԴ (զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջով)):
Վերը նշվածի հիման վրա` Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված` հայցն առանց քննության թողնելու լիազորությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին հատուկ վարույթի կարգով քննվող գործերն այն գործերն են, որտեղ պետք է բացակայի նյութաիրավական վեճը: Հատուկ վարույթի հիմնական տարբերությունը հայցային վարույթից կայանում է հենց իրավունքի մասին վեճի բացակայության մեջ (իրավական հիմնավորումները տես` «Ֆիրմա ՄՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը, 02.03.2007 թ., քաղաքացիական գործ թիվ 3-445/Ա (հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով)):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է եղել վեճ ժառանգների սեփականության իրավունքի մասին, ինչի հետևանքով սույն գործի դատական քննության ժամանակ առկա է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված` հայցն առանց քննության թողնելու հիմքը:
Վերոնշյալ պատճառաբանությունները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի և 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, հիմք են վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու` Դատարանի վճիռը բեկանելու և դիմումն առանց քննության թողնելու համար:
Ռոբերտ Մովսեսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 22-ի վճիռը և դիմումը թողնել առանց քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ