Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 227-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

    ՀՀ Սյունիքի մարզի առաջին               Քաղաքացիական գործ թիվ 3-885(Ա)

    ատյանի դատարանի վճիռ                                            2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 2-1-720/2006 թ.

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

 

2007 թվականի մայիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Արդինփեքս» պետական արտադրական ձեռնարկության Կապանի առևտրաարտադրական դուստր ձեռնարկության (այսուհետ` Ձեռնարկություն) լուծարման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հունիսի 29-ի թիվ 2-1-720 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ դիմումի Նարինե Գրիգորյանի` գույքը տիրազուրկ ճանաչելու և իր սեփականությանը հանձնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Նարինե Գրիգորյանը պահանջել է տիրազուրկ ճանաչել և իր սեփականությանը հանձնել Կապան քաղաքի Լեռնագործներ փողոցի թիվ 3 հասցեում գտնվող 28 քմ մակերեսով շինությունը:

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 2006 թվականի հունիսի 29-ի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Նարինե Գրիգորյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված անձի` դատաքննությանը մասնակից դարձվելու իրավունքը:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանի կողմից վճիռ կայացնելու պահին Ձեռնարկությունը գտնվում էր լուծարային գործընթացում, այսինքն` դեռևս լուծարված չէր, հետևաբար, Դատարանը վճիռ է կայացրել Ձեռնարկության իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, սակայն վերջինիս չի ներգրավել դատաքննությանը:

 

2) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը չի գնահատել այն հանգամանքը, որ Ձեռնարկությունը վեճի առարկա տարածքը Նարինե Գրիգորյանին է տրամադրել կենցաղային նպատակով օգտագործման համար, հետևաբար, նա վեճի առարկա գույքը որպես սեփական գույք չի տիրապետել, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասի պահանջն է:

 

3) Դատարանը չի կիրառել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Ձեռնարկությունը վեճի առարկա տարածքի նկատմամբ իր իրավունքները կարող էր գրանցել երբ ցանկանար և այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից դեռևս համապատասխան գրանցում չի կատարվել, Դատարանի համար հիմք չէր կարող հանդիսանալ վեճի առարկա տարածքը տիրազուրկ ճանաչելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 2006 թվականի հունիսի 29-ի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասը` ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից: Վեճի առարկա տարածքի նկատմամբ որևէ անձի իրավունք գրանցված չէ, հետևաբար այն որևէ անձի չի պատկանել: Այսինքն` Դատարանը բողոք բերած անձին չի ներգրավվել դատաքննությանը, քանի որ նա վեճի առարկա տարածքի սեփականատերը չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`

Դատարանի կողմից Հանձնաժողովին 2006 թվականի հունիսի 29-ի դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ, Դատարանը գործը քննել է նրա բացակայությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով Նարինե Գրիգորյանը դիմում է ներկայացրել Դատարան` Կապան քաղաքի Լեռնագործներ փողոցի թիվ 3 հասցեում գտնվող 28 քմ մակերեսով շինությունը տիրազուրկ ճանաչելու և իր սեփականությանը հանձնելու պահանջներով: Դատարանը` բավարարելով դիմումը, նշելով, որ այն պատկանում է Ձեռնարկությանը, տիրազուրկ է ճանաչել վեճի առարկա գույքը և հանձնել է Նարինե Գրիգորյանի սեփականությանը:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տես` Գյումրու քաղաքապետարան ընդդեմ Ֆելիքս Թորոսյան, 17.11.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2343/ՎԴ (զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջով)):

Վերը նշվածի հիման վրա` Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

 

2) Բողոքի երկրորդ և երրորդ հիմքերին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար դրանք չեն կարող քննարկվել Վճռաբեկ դատարանի կողմից:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված` հայցն առանց քննության թողնելու լիազորությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին հատուկ վարույթի կարգով քննվող գործերն այն գործերն են, որտեղ պետք է բացակայի նյութաիրավական վեճը: Հատուկ վարույթի հիմնական տարբերությունը հայցային վարույթից կայանում է հենց իրավունքի մասին վեճի բացակայության մեջ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյոք գործի փաստերից ելնելով` առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյոք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա:

Դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վեճի առկայության կամ բացակայության հարցը պետք է պարզի` ելնելով տվյալ գործի փաստերից, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներից: Մինչդեռ Դատարանը վեճի առարկա գույքը տիրազուրկ ճանաչելով, որպես իրավական հիմնավորում նշել է այդ գույքի նկատմամբ Ձեռնարկության իրավունքները գրանցված չլինելը: Գույքի նկատմամբ իրավունքների ծագման և դրանց գրանցման ենթակա լինելու իրավական հարցերին Վճռաբեկ դատարանն արդեն իսկ անդրադարձել է իր նախկինում կայացված որոշումներում (իրավական հիմնավորումները տե՛ս, օրինակ` Լևոն Ղազարյան ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Նոր Նորքի տարածքային ստորաբաժանում, երրորդ անձ Երևանի քաղաքապետարան, 21.12.2006 թվական, քաղաքացիական գործ թիվ 3-2440/ՎԴ (Երևանի քաղաքապետի 18.11.2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 2453-Ա որոշման 3-րդ կետի պահանջը կատարելու և ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջներով)):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանն իր դատական ակտում անդրադարձել է բողոք բերած անձի կողմից վիճելի գույքի նկատմամբ իրավունքների առկայությանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է եղել վեճ իրավունքի մասին, ինչի հետևանքով սույն գործի դատական քննության ժամանակ առկա է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված` հայցն առանց քննության թողնելու հիմքը:

Վերոնշյալ պատճառաբանությունները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի և 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, հիմք են վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու` Դատարանի վճիռը բեկանելու և դիմումն առանց քննության թողնելու համար:

 

Նարինե Գրիգորյան կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հունիսի 29-ի վճիռը և դիմումը թողնել առանց քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`  Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.05.2007
N 3-885(Ա)
Որոշում