ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործ թիվ 3-895 (ՎԴ)
քաղաքացիական գործերով 2007 թ.
վերաքննիչ դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 06-3163
Նախագահող դատավոր` Ա. Թումանյան
դատավորներ` Ա. Խառատյան
Տ. Սահակյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
2007 թվականի մայիսի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռոբերտ Սարգսյանի, Անահիտ Սարգսյանի և Ռոբերտ Աբգարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` նաև դատարան) 2006 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 06-3163 գործով վճռի դեմ` ըստ Ֆերդինանդ Մնացականյանի (այսուհետ նաև` հայցվոր) հայցի ընդդեմ Ռոբերտ Աբգարյանի և Անահիտ Սարգսյանի (այսուհետ նաև` պատասխանողներ)` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին, և Ռոբերտ Աբգարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ֆերդինանդ Մնացականյանի` բնակելի տարածությունից վտարելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է վավեր ճանաչել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:
Ռոբերտ Աբգարյանը հակընդդեմ հայցով պահանջել է վտարել Ֆերդինանդ Մնացականյանին բնակելի տարածությունից:
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 10.07.2006 թվականի թիվ 2-245 վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 26.09.2006 թվականի թիվ 06-3163 վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել:
Սույն գործով վճռաբեկ բողոքը են ներկայացրել Ռոբերտ Սարգսյանը, Անահիտ Սարգսյանը և Ռոբերտ Աբգարյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 118-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը Անահիտ Սարգսյանին և Ռոբերտ Սարգսյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, ինչը ապացուցվում է քաղաքացիական գործում վերջիններիս հայտնի բնակության վայրի հասցեով ծանուցագիրը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ ստացականով հանձնված լինելու մասին ապացույցի բացակայությամբ: Դատարանը պատշաճ չի ծանուցել նաև Ա. Սարգսյանի և Ռ. Սարգսյանի ներկայացուցիչ Մարգո Աբգարյանին: Դատական նիստի ծանուցագիրը Մարգո Աբգարյանի բնակության վայրի` ք. Երևան, Հալաբյան 36/21 հասցեով ուղարկվելու փոխարեն ուղարկվել է Ռ. Աբգարյանի բնակության վայրի` գյուղ Առինջ, Հ. Գասպարյան 9 հասցեով: Նման պայմաններում դատարանը, գտնելով, որ պատասխանողները պատշաճ ծանուցված լինելով չեն ներկայացել դատական նիստին գործը քննել է վերջիններիս բացակայությամբ:
2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը վճռի պատճառաբանական մասում նշել է, որ Անահիտ Սարգսյանն իր և որպես անչափահասի օրինական ներկայացուցիչ, իր անչափահաս որդու անունից 17.04.2003թ. լիազորագիր է տվել իր հորը` Ռոբերտ Աբգարյանին, մինչդեռ նման լիազորություններ հիշատակված լիազորագրով Ա. Սարգսյանի կողմից Ռ. Աբգարյանին չեն տրվել: Հիշատակված լիազորագրում նշված չէ այն անշարժ գույքի կոնկրետ հասցեն, որը նշված լիազորագրի ուժով Ռ. Աբգարյանն իրավունք ուներ օտարել:
Լիազորագրում նշվել է, որ Ռ. Աբգարյանը լիազորվում է նվիրելու/վաճառելու կամ օտարելու/ անձնական սեփականության իրավունքով Անահիտ Սարգսյանին պատկանող անշարժ գույքն ամբողջությամբ: Հետևապես հիշատակված լիազորագրով նախատեսված լիազորությունները Ա. Սարգսյանին և Ռ. Սարգսյանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին վերաբերել չեն կարող: Ռոբերտ Աբգարյանի և Ֆերդինանդ Մնացականյանի միջև համաձայնությունը վիճելի հասցեի վաճառքի արժեքի և Ֆ. Մնացականյանի ու նրա ընտանիքի այնտեղ բնակվելու վերաբերյալ ձեռք է բերվել 2003 թվականի մարտ ամսին, իսկ լիազորագիրը Ռ. Աբգարյանին տրվել է 2003 թվականի ապրիլի 17-ին, այսինքն` Ռ. Աբգարյանը հանդես է եկել իր անունից, այլ ոչ թե Ա. Սարգսյանի կամ առավել ևս տան մյուս համասեփականատեր Ռ. Սարգսյանի անունից:
Ռ.Աբգարյանի կողմից 15.12.2003 թվականին Ֆ. Մնացականյանին տրված ստացականում նշված է, որ Ռ. Աբգարյանը իրեն պատկանող առանձնատունը Ֆ. Մնացականյանին վաճառելու նպատակով վերջինիցս ստացել է 5800 ԱՄՆ դոլար գումար, այդ գումարը ծախսել է իրեն բնակարան գնելու համար, իրենց միջև առուվաճառքը հարգելի պատճառով չի կայացել: Ռ. Աբգարյանը ստանձնել է վերցրած 5800 ԱՄՆ դոլար գումարը Ֆ. Մնացականյանին վերադարձնելու պարտավորություն: Նշված գումարից 2000 ԱՄՆ դոլար գումարը Ռ. Աբգարյանը 27.07.2004 թվականին ստացականով հանձնել է Ֆ. Մնացականյանին:
Նշվածը ապացուցում է, որ Ռ. Աբգարյանը Ֆ. Մնացականյանի հետ վիճելի անշարժ գույքի արժեքը որոշելիս, այնուհետև Ֆ. Մնացականյանին նրա ընտանիքի անդամների հետ վիճելի հասցեում բնակվելը թույլատրելիս, հետագայում նաև 5800 ԱՄՆ դոլար գումարը վերցնելիս հանդես է եկել իր անունից և ի շահ իրեն, այլ ոչ թե վիճելի անշարժ գույքի սեփականատերերի անունից: Ավելին` ապացուցվում է, որ վիճելի հասցեի առուվաճառքի գործարք անգամ բանավոր ձևով Ռ. Աբգարյանի և Ֆ. Մնացականյանի միջև չի կայացել, մինչդեռ դատարանը նշված ապացույցները նույնպես պատշաճ գնահատման չարժանացնելու արդյունքում նշել է, որ Ռ. Աբգարյանը ներկայացրել է Ա. Սարգսյանի և Ռ. Սարգսյանի շահերը:
3) Դատարանը խախտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ և 218-րդ հոդվածները և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 296-րդ, 450-րդ և 562-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Չունենալով որևէ թույլատրելի ապացույց դատարանը վճռում նշել է, որ Ռ. Աբգարյանի և Ֆ. Մնացականյանի միջև 2003 թվականի գարնանը կնքվել է առուվաճառքի գործարք, որով Ռ. Աբգարյանը վաճառում, իսկ Ֆ. Մնացականյանը գնում է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող բնակելի տունը և 450 քմ ընդհանուր մակերեսով տնամերձ հողամասը: Կողմերը սահմանել են գործարքի գին, որից հետո հիշատակելով սույն գործով ապացուցողական նշանակություն չունեցող` Կոտայքի մարզի Առինջ գյուղի գյուղապետարանի կողմից վավերացված 27.03.2006 թվականի Աբովյանի ԳԳՄ-ի Առինջի տեղամասի հսկիչ Կ. Բադալյանի և Կոտայքի մարզի Առինջ գյուղի գյուղապետարանի կողմից վավերացված Աբովյանի «Էլցանց»-ի Առինջի մասնաճյուղի տեսուչ Գ. Մնացականյանի 18.03.2006 թվականի հայտարարությունները, ինչպես նաև Առինջ գյուղի բնակիչներից մի քանիսի հայտարարությունը, որոնք չեն բովանդակում անշարժ գույքի առուվաճառքի գործարք կնքված լինելու վերաբերյալ թեկուզև մեկ արտահայտություն:
Սույն քաղաքացիական գործով հայցվորը դատարանին չի ներկայացրել որևէ ապացույց, որը կվկայեր իր և իր ընտանիքի անդամների կողմից վիճելի գույքը օգտագործելու կամ գնելու վերաբերյալ այդ գույքի սեփականատերերի հայտնած համաձայնության մասին: Դատարանին չի ներկայացվել նաև օրենքի նշված նորմերին համապատասխան կազմված որևէ փաստաթուղթ:
4) Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Նշված նորմի իմաստով դատարանն իրավունք ունի նոտարական վավերացում պահանջող գործարքը վավեր ճանաչել գործարքը լրիվ կամ մասնակի կատարած կողմի պահանջով, եթե մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից:
Նշված նորմը սույն քաղաքացիական գործով կիրառելի չէ, քանի որ բացակայում է վիճարկվող առուվաճառքի գործարքը, Ռ. Աբգարյանը վիճելի անշարժ գույքի սեփականատեր չի հանդիսանում և չի կարող գործարքի նոտարական վավերացումից խուսափող կողմ լինել: Ֆ. Մնացականյանը չի հանդիսանում վիճելի գույքի առուվաճառքի գործարքը լրիվ կամ մասնակի կատարած կողմ:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 26.09.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Կոտայքի մարզի Առինջ գյուղի Հայկ Գասպարյան փողոցի թիվ 9 տան և 450 քմ ընդհանուր մակերեսով տնամերձ հողամասը սեփականության իրավունքով պատկանել է գործով պատասխանողներ Անահիտ Ռոբերտի Սարգսյաններին (Աբգարյաններին) և Ռոբերտ Սուրենի Սարգսյանին:
2) Պատասխանող Ռոբերտ Աբգարյանը հանդիսանում է Անահիտ Սարգսյանի հայրը և Ռոբերտ Սարգսյանի պապը:
3) 2003 թվականի ապրիլի 17-ին Անահիտ Սարգսյանը (Աբգարյանը) լիազորագիր է տվել իր հորը` պատասխանող Ռոբերտ Աբգարյանին:
4) Նշված լիազորագրով Ռ.Աբգարյանը լիազորված է եղել «... նվիրելու /վաճառելու կամ օտարելու/ անձնական սեփականության իրավունքով ինձ պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող բնակելի տունը և 450 քմ. ընդհանուր մակերեսով տնամերձ հողամասը ամբողջությամբ ...»:
5) 2003 թվականի մարտ ամսին հայցվոր Ֆերդինանդ Մնացականյանը վիճելի անշարժ գույքը 15 000 (տասնհինգ հազար) ԱՄՆ դոլարով գնելու ցանկություն է հայտնել:
6) Գումարը խոստացել է տալ մի քանի օր հետո, իսկ մինչ այդ, պատճառաբանելով, որ բնակվելու այլ տեղ չունի և ստանալով Ռ. Աբգարյանի բանավոր համաձայնությունը, տեղափոխվել է վիճելի հասցե` պայմանով, որ գումարը չտալու դեպքում կազատի տարածքը:
7) Ֆ. Մնացականյանը պայմանավորված 15 000 (տասնհինգ հազար) ԱՄՆ դոլարից 5 800 (հինգ հազար ութ հարյուր) ԱՄՆ դոլարը Ռ. Աբգարյանին է վճարել հասցե տեղափոխվելուց մոտ երկու ամիս անց` 2003 թվականի մայիս ամսին, իսկ մնացած 9 200 (ինը հազար երկու հարյուր) ԱՄՆ դոլարը խոստացել է վճարել 2003 թվականի սեպտեմբերին:
8) Ֆ. Մնացականյանը մնացած 9 200 (ինը հազար երկու հարյուր) ԱՄՆ դոլար գումարը չի վճարել:
9) 15.12.2003 թվականին Ռ. Աբգարյանը Ֆ. Մնացականյանին տվել է ստացական, որում փաստելով այն, որ «...առք ու վաճառքը հարգելի պատճառով չի կայացել...», պարտավորվել է վերցրած 5.800 ԱՄՆ դոլարը վերադարձնել Ֆ.Մնացականյանին իր երկու բնակարաններին որևէ մեկը վաճառելուց հետո: Նշված ստացականը ստորագրվել է ինչպես Ռ.Աբգարյանի, այնպես էլ հայցվորի և այլ անձանց կողմից:
10) 27.07.2004 թվականին ստորագրված ստացականի համաձայն Ռ. Աբգարյանը Ֆ. Մնացականյանին նախապես ստացված 5800 ԱՄՆ դոլարից հետ է վերադարձրել 2 000 (երկու հազար) ԱՄՆ դոլար, պարտք մնալով 3800 ԱՄՆ դոլար:
11) Դատարանը դատական ծանուցագիր չի ուղարկել պատասխանողներից Ա. Սարգսյանի և Ռ. Սարգսյանի ներկայացուցիչ Մ. Աբգարյանի հասցեով, իսկ Ա. Սարգսյանին և Ռ. Սարգսյանին ծանուցագիր ընդհանրապես չի ուղարկվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն քաղաքացիական գործի նյութերից երևում է, որ դատարանը դատական ծանուցագիրը չի ուղարկել պատասխանողներ Ա. Սարգսյանի և Ռ. Սարգսյանի ներկայացուցիչ Մ. Աբգարյանի հասցեով, իսկ Ա. Սարգսյանին և Ռ. Սարգսյանին ծանուցագիր ընդհանրապես չի ուղարկվել:
Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, պատասխանողներ Ա. Սարգսյանին և Ռ. Սարգսյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրանց բացակայությամբ ու վճիռ կայացրել:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է, որ գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանն է: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՛ս, օրինակ` Շենգավիթի թաղապետարան ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, 21.12.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է անդրադառնալ բողոքի երկրորդ, երրորդ և չորրորդ հիմքերին, քանի որ պատասխանողներից Ռ.Աբգարյանը իր իրավական հիմնավորումները ներկայացրել է ստորադաս դատարան և այժմ պահանջում է դրանք դարձնել Վճռաբեկ դատարանի քննարկման առարկա:
2) բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Դատարանը վճռի պատճառաբանական մասում նշել է, որ Անահիտ Սարգսյանն իր և որպես անչափահասի օրինական ներկայացուցիչ, իր անչափահաս որդու անունից 17.04.2003 թվականին լիազորագիր է տվել իր հորը` Ռոբերտ Աբգարյանին, մինչդեռ սույն քաղաքացիական գործում առկա լիազորագրում նշված չէ Ա. Սարգսյանի` անչափահասի անունից հանդես գալու հանգամանքը:
Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել նաև այն փաստը, որ լիազորագրում նշվել է, որ Ռ. Աբգարյանը լիազորվում է նվիրելու (վաճառելու կամ օտարելու) անձնական սեփականության իրավունքով Ա. Սարգսյանին պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող բնակելի տունը և 450 քմ ընդհանուր մակերեսով տնամերձ հողամասն ամբողջությամբ:
Հիշատակված լիազորագրով նախատեսված լիազորությունները Ա.Սարգսյանին և Ռ.Սարգսյանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ամբողջ գույքին չեն կարող վերաբերել, քանի որ անշարժ գույքը հանդիսացել է համատեղ սեփականության իրավունքով պատասխանողներին պատկանող:
Ռ. Աբգարյանի կողմից 15.12.2003 թվականին Ֆ. Մնացականյանին տրված ստացականում նշված է, որ Ռ. Աբգարյանը իրեն պատկանող առանձնատունը Ֆ. Մնացականյանին վաճառելու նպատակով վերջինիցս ստացել է 5800 ԱՄՆ դոլար գումար, իսկ ստացված գումարը ծախսել է իր համար բնակարան գնելու նպատակով, սակայն իրենց միջև առուվաճառքը հարգելի պատճառով չի կայացել:
Նշված ստացականի գնահատման արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է եզրակացության, որ պատասխանողները չեն ներկայացրել ապացույցներ ստացականում նշված գումարը առուվաճառքի գործարքին առնչվելու վերաբերյալ: Մինչդեռ, ստացականի բովանդակությունը վերաբերելի տեղեկություններ է պարունակում այն մասին, որ Ռ. Աբգարյանը ստանձնել է վերցրած 5800 ԱՄՆ դոլար գումարը Ֆ. Մնացականյանին վերադարձնելու պարտավորություն առուվաճառքի գործարքը կայացած չլինելու հետևանքով: Այսինքն` տվյալ դեպքում առկա է առուվաճառքին վերաբերող ապացույց, ինչը դատարանի կողմից օբյեկտիվ գնահատման չի արժանացել:
3) բողոքը երրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
Դատարանը վճռում նշել է, որ Ռ. Աբգարյանի և Ֆ. Մնացականյանի միջև 2003 թվականի գարնանը կնքվել է առուվաճառքի գործարք, որով Ռ. Աբգարյանը վաճառում, իսկ Ֆ. Մնացականյանը գնում է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող բնակելի տունը և 450 քմ ընդհանուր մակերեսով տնամերձ հողամասը: Կողմերը սահմանել են գործարքի գին:
Որպես իր այդ եզրահանգման հիմնավորում Դատարանը նշել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի գյուղապետարանի կողմից վավերացված 27.03.2006 թվականի Աբովյանի ԳԳՄ-ի Առինջի տեղամասի հսկիչ Կ. Բադալյանի և Կոտայքի մարզի Առինջ գյուղի գյուղապետարանի կողմից վավերացված Աբովյանի «Էլցանց»-ի Առինջի մասնաճյուղի տեսուչ Գ. Մնացականյանի 18.03.2006 թվականի հայտարարությունները, ինչպես նաև Առինջ գյուղի բնակիչներից մի քանիսի հայտարարությունները:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) 298-րդ հոդվածի 1-ին մասի գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:
Սույն նորմը ըստ, էության, հնարավորություն է տալիս վեճի առկայության դեպքում գործարքը համարել կնքված առանց դրա հասարակ գրավոր ձևը պահպանելու, եթե կողմը կարողանում է ներկայացնել այլ ապացույցներ գործարքի կնքված լինելու վերաբերյալ:
4) բողոքը չորրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել:
Օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Սույն քաղաքացիական գործում առկա 15.12.2003 թվականին կողմերի միջև կնքված ստացականով կողմերն ըստ էության հրաժարվել են պայմանագրից և լուծել են այն:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիության վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկը հիմնավոր է, քանի որ կողմերի ընդհանուր համաձայնության պարագայում լուծված պայմանագիրը այլևս ենթակա չէ կատարման, և դրա կատարումից խուսափող կողմ ևս չի կարող լինել:
Սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը բավարար է համարում ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 26.09.2006 թվականի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Ռոբերտ Սարգսյանի, Անահիտ Սարգսյանի և Ռոբերտ Աբգարյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 26.09.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ