Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Երևանի  Շենգավիթ համայնքի              Քաղաքացիական գործ թիվ 3-961(Ա)

    առաջին ատյանի դատարանի վճիռ                                     2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 2-2930/2006 թ.

Նախագահող դատավոր` Ի. Բարսեղյան

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մայիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Դանիելյանի վճռաբեկ բողոքը Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև դատարան) 03.11.2006 թվականի վճռի դեմ` ըստ դիմումի Գայանե Հովեյանի` բաց թողնված ժամկետը հարգելի համարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գ. Հովեյանը պահանջել է վերականգնել Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 41 շենքի բակում գտնվող ավտոտնակի և դրանով զբաղեցրած 16.5 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և այդ ավտոտնակի ու նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար սահմանված բաց թողնված ժամկետները:

Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 03.11.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Գ. Հովեյանը վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացրել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջը: Դատարանը չի կիրառել ՀՀ վարչապետի` 25.11.2005 թվականի ««Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի գործողության ավարտից հետո ծագած խնդիրները կանոնակարգելու մասին» թիվ 936-Ա որոշումը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:

Դատարանը սխալ է մեկնաբանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, ըստ որի` գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` գործարքների կնքման օրվանից սկսած 30-օրյա ժամկետում: Նշված պահանջը չկատարելը հանգեցնում է դրա անվավերության, գործարքը համարվում է առոչինչ: ՀՀ վարչապետի 25.11.2005 թվականի որոշման համաձայն` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետում օրինականացված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամկետի ավարտ սահմանվել է 01.03.2006 թվականը:

Դատարանը չի կիրառել նաև ՀՀ վարչապետի վերոհիշյալ որոշումը, համաձայն որի` «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետներում օրինականացված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամկետի ավարտ սահմանվել է 01.03.2006 թվականը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 03.11.2006 թվականի վճիռը և կարճել քաղաքացիական գործի վարույթը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Գ. Հովեյանը Երևանի Արտաշիսյան փողոցի 41 շենքի բակում կառուցել է 16.5 քմ մակերեսով ինքնակամ շինություն:

2) Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 839-Ա որոշմամբ ճանաչվել է Գ. Հովեյանի սեփականության իրավունքը նշված հասցեի 16.5 քմ մակերեսով ինքնակամ շինության նկատմամբ, իսկ դրանով զբաղեցված հողամասը տրամադրվել է նրան վարձակալության իրավունքով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

 

բողոքն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշումներում անդրադարձել է նյութական իրավունքի նորմերով սահմանված ժամկետների վերականգնման իրավական հնարավորության հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ նյութական իրավունքի նորմերով սահմանված ժամկետները կարող են վերականգնվել միայն օրենքով նախատեսված դեպքերում, իսկ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը նման իրավական հնարավորություն չի նախատեսում (իրավական հիմնավորումները տե՛ս, օրինակ` Արամայիս Ներսիսյան (հողամասի նկատմամբ վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու պահանջով), 28.09.2006 թվական, քաղաքացիական գործ թիվ 3-1862(Ա)):

 

Մեկ այլ գործով Վճռաբեկ դատարանը քննարկել և իրավական գնահատական է տվել նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված կարգավորմանը: Մասնավորապես, նշելով, որ պայմանագիրը կնքված է համարվում պայմանագրից ծագող իրավունքները, տվյալ դեպքում անշարժ գույքի սեփականության իրավունքը, գրանցելու պահից: Այսինքն` նման իրավիճակներում պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքի պետական գրանցման պահերը համընկնում են: Հետևաբար, «գործարքի (պայմանագրի) կնքման օր (պահ)» արտահայտության տառացի նշանակության հարցում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը ստորադաս է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նկատմամբ և պետք է համապատասխանի վերջինիս, իսկ նշված օրենքի 23-րդ հոդվածում նշված` «գործարքների կնքման օրվանից սկսած 30-օրյա ժամկետում» արտահայտությունը կարող է մեկնաբանվել միայն դրանում պարունակվող բառերի տառացի նշանակությամբ` հիմք ընդունելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված դրույթը (իրավական հիմնավորումները տես` Արմեն Շահբազյան և Քրիստինա Տոնոյան ընդդեմ կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանում (պետական մարմնի գործողությունը վիճարկելու պահանջի մասին), 02.03.2007 թվական, 3-1862(Ա) քաղաքացիական գործ):

Գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու 30-օրյա ժամկետը, սույն գործի փաստերից ելնելով, Վճռաբեկ դատարանը համարում է իրավական հետևանքներ չառաջացնող, իսկ նման պայմաններում տվյալ ժամկետի բացթողումը հարգելի լինելու չապացուցվածության մասին վճռաբեկ բողոքի պատճառաբանությունը, ըստ էության, առարկայազուրկ:

Ինչ վերաբերում է «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետն ավարտված լինելու մասին բողոք բերած անձի փաստարկին, ապա այն անհիմն է: Նշված իրավական հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը բազմիցս արտահայտել է իր իրավական դիրքորոշումը և սույն գործով նպատակահարմար չի գտնում կրկին անդրադառնալ դրան (տե՛ս, օրինակ` Լևոն Ղազարյան ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Նոր Նորքի տարածքային ստորաբաժանում, երրորդ անձ Երևանի քաղաքապետարան, 21.12.2006 թվական, քաղաքացիական գործ թիվ 3-2440/ՎԴ (Երևանի քաղաքապետի 18.11.2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 2453-Ա որոշման 3-րդ կետի պահանջը կատարելու և ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջներով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 430-437):

 

Այսպիսով, բողոքում նշված հիմքի մասնակի հիմնավոր լինելը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 03.11.2006 թվականի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ, հաշվի առնելով վճռաբեկ բողոքի հիմքի պատճառաբանությունները և նման վեճերով ձևավորված դատական պրակտիկան, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն որոշմամբ կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական գործի վարույթը կարճելու իր լիազորությունը և ապահովել սույն գործի հիմքում ընկած պահանջների նկատմամբ դատարանների կողմից օրենքի միատեսակ կիրառությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի գրանցման 30-օրյա ժամկետի` իրավաբանական հետևանքներ չառաջացնելու պայմաններում տվյալ ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու պահանջը առարկայազուրկ է, իսկ տվյալ պահանջներով գործերը` դատարանում քննության ոչ ենթակա:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 03.11.2006 թվականի վճիռը և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`  Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.05.2007
N 3-961(Ա)
Որոշում