Սեղմել Esc փակելու համար:
«ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԻՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով               Քաղաքացիական գործ թիվ 3-988 (ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                         2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-728

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    դատավորներ`        Ա. Խառատյան

                       Լ. Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մայիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Դոլվարդ Գևորգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` դատարան) 19.02.2007 թվականի թիվ 07-728 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ Դոլվարդ Գևորգյանի դիմումի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) Էրեբունու տարածքային ստորաբաժանման` կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման գործողությունը վիճարկելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` դիմողը պահանջել է պարտավորեցնել կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանմանը` կատարելու Նոր-Արեշ 19 փողոցի, 32ա հասցեում գտնվող անշարժ գույքի պետական գրանցում 224.04 քմ հողի համար` վճարելով 304067.07 ՀՀ դրամ:

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 19.09.2006 թվականի թիվ 2-614 վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.02.2007 թվականի թիվ 07-728 վճռով դիմումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք ներկայացրել է Դոլվարդ Գևորգյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով

1) Դատարանը կիրառել է «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածները, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը, ինչպես նաև սխալ է մեկնաբանել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությունը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դոլվարդ Գևորգյանն իր իրավունքների պետական գրանցման համար կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանում դիմել է դեռևս 2004 թվականի մարտին և վերջինիս կողմից նրա օրինական շահերը շարունակական անհիմն կերպով մերժելու արդյունքում է, որ քաղաքապետի հիշատակված որոշումը կայացվել է բավականին ուշ:

Երևանի քաղաքապետի վերոհիշյալ որոշումը կայացվել է հիմք ընդունելով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Բացի այդ, կոմիտեն միայն իրավունքները գրանցող պետական մարմին է և չի կարող անձանց համար սահմանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով չնախատեսված փաստաթղթեր կամ հիմնավորումներ ներկայացնելու պարտականություններ, իրավունք չունի անդրադառնալու որևէ այլ վարչական մարմնի, մասնավորապես` Երևանի քաղաքապետի խնդիրներին:

 

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 132-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ և 5-րդ հոդվածների պահանջները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը չի գնահատել գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ:

Դատարանը անհրաժեշտ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Երևանի քաղաքապետի նույն` 24.01.2006 թվականի թիվ 73-Ա որոշման 6-րդ կետով նույն պայմաններով ճանաչվել է Գառնիկ Թովմասյանի սեփականության իրավունքը իր կողմից կառուցված ինքնակամ կառույցի նկատմամբ: Իսկ Կոմիտեի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման 16.02.2007 թվականի թիվ 682 գրության համաձայն վերոհիշյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ստացել են պետական գրանցում:

Դատարանը տվյալ հանգամանքի վերաբերյալ վճռում ոչ մի հետևություն չի արել, մասնավորապես չեն ներկայացվել տվյալ ապացույցը մերժելու փաստարկները:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.02.2007 թվականի թիվ 07-728 վճիռը և օրինական ուժ տալ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 19.09.2006 թվականի թիվ 2-614 վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.06.2004 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանումը պարտավորեցվել է ընթացք տալ Երևան քաղաքի Նոր-Արեշի 19 փողոցի թիվ 32 հասցեում գտնվող անշարժ գույքի օրինականացման վերաբերյալ հայցվոր Դոլվարդ Գևորգյանի դիմումը և նրա անշարժ գույքի հատակագիծն ուղարկել Երևանի քաղաքապետարան` «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված կարգով ընթացք տալու համար:

 

2) Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 10.08.2005 թվականի թիվ 2-381 վճռով անվավեր է ճանաչվել Երևանի Նոր-Արեշի 19 փողոցի 32ա հասցեի անշարժ գույքի վերաբերյալ կոմիտեի «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման կողմից 16.11.2004 թվականի և Երևանի քաղաքապետին թիվ 1Կ-04 6918 գրությամբ ուղարկված հատակագիծը:

3) Երևանի քաղաքապետի 24.01.2006 թվականի թիվ 73-Ա որոշման 4-րդ կետով, հաշվի առնելով Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 19.09.2006 թվականի թիվ 2-614 վճիռը, 07.10.2005 թվականի վճիռը պարզաբանելու մասին որոշումը, ճանաչվել է Դոլվարդ Գևորգյանի սեփականության իրավունքը Նոր Արեշ 19 փողոցի 32ա հասցեում գտնվող ինքնակամ կառուցված 116.6 քմ մակերեսով շինությունների, ինչպես նաև զբաղեցված 224.04 քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ` հողի օտարման պայմանով:

4) Թիվ 8803 և թիվ 8804 անդորրագրերի համաձայն` Դոլվարդ Գևորգյանը 23.08.2006 թվականին կատարել է հողի օտարման համար 1 013 600 ՀՀ դրամ, իսկ ինքնակամ շինությունների օրինականացման համար` 116 600 ՀՀ դրամ:

5) Կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման 15.02.2006 թվականի թիվ 1Կ-04/1-1047 գրությամբ իրավունքների գրանցումը մերժվել է` տվյալ հասցեում համասեփականատիրոջ կողմից 165.3 քմ ինքնակամ զբաղեցված հողի առկայության, կարգավիճակը չորոշված մակերեսների օրինականացման վերաբերյալ համասեփականատիրոջ համաձայնության բացակայության, հողի և շինությունների վճարումները ներկայացված չլինելու և Երևանի քաղաքապետի 24.01.2006 թվականի թիվ 73-Ա որոշումը «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի գործողության ավարտից հետո կայացված լինելու պատճառաբանությամբ:

6) Կոմիտեի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման կողմից 16.02.2007 թվականին տրված գրության համաձայն` Ծատուրյան 34 շենքի բակում Գառնիկ Թովմասյանին պատկանող ավտոտնակը ստացել է պետական գրանցում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է սույն հիմքով առաջադրված իրավական հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 5-րդ, 42-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասը, 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ինչպես նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, արձանագրել է, որ Կադաստրի կողմից խախտվել է անձի ՀՀ Սահմանադրության 8-րդ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածով երաշխավորված սեփականության` իր գույքից անարգել օգտվելու իրավունքը: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը նշել է, որ կոմիտեն միայն ծագած իրավունքները գրանցող պետական մարմին է և ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն` չի կարող անձանց համար սահմանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև այլ օրենքներով չնախատեսված պարտականություններ (իրավական հիմնավորումները տես` Լևոն Ղազարյան ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Նոր Նորքի տարածքային ստորաբաժանում, երրորդ անձ Երևանի քաղաքապետարան, 21.12.2007թ., քաղաքացիական գործ թիվ 3-2440/ՎԴ (Երևանի քաղաքապետի 18.11.2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 2453-Ա որոշման 3-րդ կետի պահանջը կատարելու և ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջներով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 430-437):

 

2) վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով ամրագրված կամայականության արգելքի սկզբունքներին և դատարանի կողմից վարչական մարմնի ցուցաբերած մոտեցման իրավաչափության ստուգման հարցերին (տես` Արթուր Խաչատրյան ընդդեմ Երևանի քաղաքապետի (պաշտոնատար անձի օրենքին հակասող ակտը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջով), 02.03.2007թ., քաղաքացիական գործ թիվ 3-295(ՎԴ)):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքի հիմքի փաստարկը, որ դատարանը չի գնահատել գործում առկա` կոմիտեի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման կողմից 16.02.2007 թվականին տրված գրությունը, որի համաձայն` Երևանի քաղաքապետի 24.01.2006 թվականի թիվ 73-Ա որոշմամբ Ծատուրյան 34 շենքի բակում Գառնիկ Թովմասյանին պատկանող ավտոտնակն ստացել է պետական գրանցում, չի պարզել դրանց փաստական հանգամանքների նույնականությունը և քննարկման առարկա չի դարձրել վարչական մարմնի կողմից ցուցաբերած մոտեցման իրավաչափության հարցը:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն ենթակա է բավարարման մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.02.2007 թվականի թիվ 07-728 վճիռը բեկանելու պահանջի մասով, քանի որ սույն գործով անհրաժեշտ է նոր քննություն:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.02.2007 թվականի թիվ 07-728 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`  Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.05.2007
N 3-988(ՎԴ)
Որոշում