Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ԲՌՆԱԳՐԱՎՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

 

Նախաբան

 

Սույն Կոնվենցիայի անդամ պետությունները`

համարելով, որ թռիչքի մեջ գտնվող օդանավերի ապօրինի բռնագրավման կամ հսկողության տակ առնելու գործողությունները սպառնում են անձանց և գույքի անվտանգությանը, լրջորեն խանգարում են օդային հաղորդակցությունը և խախտում են աշխարհի ժողովուրդների հավատը քաղաքացիական ապահովության նկատմամբ,

համարելով, որ այդպիսի գործողությունների ի հայտ գալը լուրջ մտավախությունների տեղիք է տալիս,

համարելով, որ այդպիսի գործողությունների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցներ` հանցագործներին պատժելու համար,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Ցանկացած անձ, որը թռիչք իրականացնող օդանավի մեջ.

ա/ ապօրինաբար, ուժի գործադրման կամ դրա սպառնալիքի, կամ ահաբեկման այլ ձևերի միջոցով բռնագրավում կամ հսկողության տակ է առնում այդ օդանավը, կամ այդպիսի գործողության իրականացման փորձ է կատարում, կամ

բ/ հանդիսանում է այն անձի մեղսակիցը, որը փորձ է կատարում գործել ցանկացած այդպիսի մի հանցագործություն,

գործում է հանցագործություն, այսուհետ` «հանցագործություն»:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավորվում է խիստ պատժամիջոցներ կիրառել հանցագործությունների համար:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Սույն Կոնվենցիայի իմաստով, օդանավը համարվում է թռիչքի մեջ գտնվող բեռնումից հետո դրա բոլոր դռների փակման պահից մինչև այդ դռներից ցանկացած մեկի բացումը բեռնաթափման նպատակով. հարկադրված վայրէջքի դեպքում թռիչքը համարվում է շարունակվող մինչև համապատասխան իրավասու մարմինները պատասխանատվություն չստանձնեն օդանավի և դրա մեջ գտնվող անձանց և գույքի նկատմամբ:

2. Սույն Կոնվենցիան չի կիրառվում զինված ուժերի, մաքսային և ոստիկանական ծառայությունների կողմից շահագործվող օդանավերի նկատմամբ:

3. Սույն Կոնվենցիան կիրառվում է միայն այն դեպքերում, երբ հանցագործության կատարման օդանավի թռիչքի կամ վայրէջքի սահմանված վայրը գտնվում է այդ օդանավի գրանցման Պետության տարածքից դուրս` անկախ նրանից, թե այդ օդանավը միջազգային թռիչք է իրականացնում, թե թռիչքն իրականացվում է ներքին ավիաուղիներով:

4. Սույն Կոնվենցիան չի կիրառվում 5-րդ հոդվածում նշված դեպքերում, եթե հանցագործության կատարման օդանավի թռիչքի և վայրէջքի սահմանված վայրը գտնվում է նույն Պետության տարածքում, որը նշված է այդ հոդվածում:

5. Անկախ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետի դրույթներից, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ հոդվածների դրույթները կիրառվում է նաև, երբ փաստացի կամ ենթադրվող հանցագործը գտնվում է օդանավի գրանցման Պետության տարածքից դուրս` այլ Պետության տարածքում` անկախ օդանավի թռիչքի կամ վայրէջքի սահմանված վայրից:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել այդ Պետության իրավազորությունը հանցագործության կամ այդ հանցագործության հետ կապված` ուղևորների կամ անձնակազմի նկատմամբ իրականացված այլ բռնարարքների նկատմամբ սահմանելու համար հետևյալ դեպքերում.

ա/ երբ հանցագործությունը կատարվել է տվյալ Պետության տարածքում,

բ/ երբ օդանավը, որի մեջ կատարվել է հանցագործությունը, վայրէջք է իրականացնում այդ Պետության տարածքում և ենթադրվող հանցագործը դեռ գտնվում է օդանավի մեջ,

գ/ երբ հանցագործությունը կատարվել է այնպիսի օդանավի մեջ, կամ ուղղված է եղել այնպիսի օդանավի դեմ, որը վարձակալության է տրվել որևէ վարձակալի, որի գործունեության հիմնական վայրը կամ, վերջինիս բացակայության դեպքում, մշտական բնակության վայրը գտնվում է տվյալ Պետության տարածքում:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել այդ Պետության իրավազորությունը հանցագործության նկատմամբ սահմանելու համար այն դեպքերում, երբ ենթադրվող հանցագործը գտնվում է այդ Պետության տարածքում, և վերջինս չի հանձնում այդ հանցագործին 8-րդ հոդվածով սահմանված կարգով սույն հոդվածի 1-ին կետում նշված Պետություններից որևէ մեկին:

3. Սույն Կոնվենցիան չի բացառում ցանկացած քրեական իրավազանցության իրականացումը ազգային օրենսդրության դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Այն Պայմանավորվող պետությունները, որոնք հիմնադրում են օդային տրանսպորտային համատեղ շահագործող կազմակերպություններ կամ համատեղ կամ միջազգային գրանցման ենթակա օդանավերի շահագործման միջազգային գործակալություններ, համապատասխան կերպով յուրաքանչյուր օդանավի համար իրենց թվից նշանակում են մի Պետություն, որը և իրականացնում է իրավազորությունը և սույն Կոնվենցիայի իմաստով հանդես է գալիս որպես գրանցման Պետություն, և այդ մասին ծանուցում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը, որն այդ ծանուցումը փոխանցում է սույն Կոնվենցիայի բոլոր անդամ պետություններին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Հավաստիանալով, որ այդ հանգամանքները պահանջում են, յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն, որի տարածքում է գտնվում փաստացի կամ ենթադրվող հանցագործը, վերջինիս կալանքի տակ է առնում կամ ձեռնարկում է իր ներկայությունն ապահովող այլ միջոցներ: Կալանքի տակ առնելը և այլ միջոցներն իրականացվում են տվյալ Պետության օրենսդրությանը համապատասխան, սակայն դրանց իրականացումը կարող է շարունակվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է քրեադատավարական միջոցառումների կամ հանձնման իրականացման համար:

2. Այդ Պետությունն անմիջապես ձեռնարկում է փաստերի նախաքննություն:

3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան կալանքի տակ գտնվող ցանկացած անձին ցուցաբերվում է անհրաժեշտ օժանդակություն այն Պետության համապատասխան ներկայացուցչի հետ կապ հաստատելու համար, որի քաղաքացին է նա հանդիսանում:

4. Երբ Պետությունը սույն հոդվածին համապատասխան անձին կալանքի տակ է առնում, այն անմիջապես 4-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում նշված Պետություններին, կալանքի տակ առնված անձի քաղաքացիության Պետությանը, ինչպես նաև, եթե նպատակահարմար է գտնում, այլ շահագրգիռ Պետություններին տեղեկացնում է այդ անձին կալանքի տակ առնելու փաստի և կալանքի տակ առնելու հիմքերի մասին: Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված նախաքննությունն իրականացնող Պետությունը անհապաղ հայտնում է իր կողմից ի հայտ բերված տվյալների մասին վերը նշված Պետություններին և նշում է իրավազորություն իրականացնելու իր մտադրության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Այն Պայմանավորվող պետությունը, որի տարածքում է գտնվում ենթադրվող հանցագործը, վերջինիս չհանձնելու դեպքում, պարտավոր է, առանց որևէ բացառությունների և անկախ այն հանգամանքից, որ հանցագործությունը կատարվել է իր տարածքում, գործը փոխանցել իր համապատասխան իրավասու մարմիններին` քրեական հետապնդման նպատակով: Այդ մարմինների կողմից որոշումն ընդունվում է նույն կարգի համաձայն, ինչ լուրջ բնույթ կրող ցանկացած սովորական հանցագործության դեպքում տվյալ Պետության օրենսդրության համաձայն ընդունված որոշումը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Հանցագործությունները համարվում են հանձնման մասին Պայմանավորվող պետությունների միջև գործող ցանկացած համաձայնագրում ներառման ենթակա` որպես հանձնում առաջացնող հանցագործություններ: Պայմանավորվող պետությունները պարտավորվում են ներառելու միմյանց միջև կնքվող հանձնման մասին ցանկացած համաձայնագրում բոլոր այն հանցագործությունները, որոնք առաջացնում են հանձնում:

2. Եթե Պայմանավորվող պետություններից որևէ մեկը, հանձնումը հիմնավորելով համապատասխան համաձայնագրի առկայությամբ, հանձնման դիմում է ստանում մեկ այլ Պայմանավորվող պետությունից, որի հետ նա հանձնման մասին համաձայնագիր չունի, այն կարող է սույն Կոնվենցիան ընդունել որպես հանձնման համար բավարար իրավական հիմք, նշված հանցագործությունների դեպքում: Արտահանձնումն իրականացվում է այն Պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով, որին ուղղված է հանձնման մասին դիմումը:

3. Այն Պայմանավորվող պետությունները, որոնք հանձնումը չեն հիմնավորում համապատասխան համաձայնագրի առկայությամբ, նշված հանցագործությունները միմյանց միջև ճանաչում են որպես հանցագործություններ, որոնք կարող են առաջացնել հանձնում, որն իրականացվում է այն Պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով, որին ուղղված է հանձնման մասին դիմումը:

4. Պայմանավորվող պետությունները հանձնման նպատակների համար, հանցագործությունը դիտարկում է այնպես, իբր այն կատարվել է ոչ միայն դրա կատարման վայրում, այլ նաև այլ Պետությունների տարածքում, որոնք պարտավոր են սահմանել իրենց իրավազորությունը` 4-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. 1-ին հոդվածի «ա» կետով սահմանված գործողություններից որևէ մեկի կատարման կամ կատարման վտանգի դեպքում Պայմանավորվող պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցներն օդանավի նկատմամբ դրա օրինական հրամանատարի հսկողության վերականգնման կամ պահպանման համար:

2. Նախորդ հոդվածում նշված դեպքերում Պայմանավորվող պետությունը, որի տարածքում է գտնվում օդանավը, դրա ուղևորները կամ անձնակազմը, օժանդակում է դրա, ուղևորների և անձնակազմի ընթացքը հնարավորինս շուտ վերսկսելուն և շարունակելուն և առանց հետաձգումների օրինական սեփականատերերին է վերադարձնում օդանավը և դրա մեջ գտնվող բեռը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Պայմանավորվող պետությունները միմյանց ցուցաբերում են հնարավորինս ամբողջական իրավական աջակցություն հանցագործությունների և 4-րդ հոդվածում նշված այլ գործողությունների նկատմամբ իրականացվող քրեադատավարական միջոցառումների իրականացման գործում: Բոլոր դեպքերում կիրառվում է այն Պետության օրենսդրությունը, որին ուղղվում է դիմումը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն ազդում ցանկացած այնպիսի երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի դրույթների վրա, որոնք կարգավորում կամ կարգավորելու են քրեական գործերով փոխադարձ իրավական աջակցության ցուցաբերումը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն, իր ազգային օրենսդրությանը համապատասխան, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Խորհրդին հնարավորինս սեղմ ժամկետներում հայտնում է իր մոտ առկա հետևյալ տվյալները.

ա/ հանցագործության կատարման հանգամանքները,

բ/ 9-րդ հոդվածին համապատասխան իրականացված գործողությունները,

գ/ փաստացի կամ ենթադրվող հանցագործի նկատմամբ կիրառված միջոցները, մասնավորապես` հանձնման հետ կապված միջոցառումների իրականացման արդյունքները և ձեռնարկված այլ իրավական գործողությունները:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Եթե երկու կամ ավելի Պայմանավորվող պետությունների միջև սույն Կոնվենցիայի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հարցերի վերաբերյալ ծագած տարաձայնությունների կարգավորումը բանակցությունների միջոցով անհնար է, ապա, վեճի մեջ ընդգրկված ցանկացած Պետության դիմումի համաձայն, այն ենթակա է փոխանցման իրավարարության: Եթե իրավարարության մասին դիմումը ներկայացնելու պահից վեց ամսվա ընթացքում Կողմերը իրավարարության կազմակերպման հարցերի վերաբերյալ համաձայնություն ձեռք չեն բերում, ապա այդ Կողմերից ցանկացած մեկի դիմումի համաձայն վեճի մասին գործը կարող է փոխանցվել Միջազգային դատարան` վերջինիս կանոնադրությամբ սահմանված կարգով:

2. Յուրաքանչյուր Պետություն, սույն Կոնվենցիան ստորագրելիս, վավերացնելիս կամ դրան միանալիս, կարող է հայտարարություն անել այն մասին, որ նախորդ կետի դրույթներով իրեն պարտավորված չի համարում: Այլ Պայմանավորվող պետություններն այդպիսի վերապահում կատարած Պայմանավորվող պետության հետ իրենց հարաբերությունների մեջ նույնպես պարտավորված չեն նշված կետի դրույթներով:

3. Նախորդ կետին համապատասխան վերապահում կատարած Պայմանավորվող պետությունը կարող է ցանկացած պահին այն չեղյալ հայտարարել` այդ մասին ծանուցելով ավանդապահ պետություններին:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Սույն Կոնվենցիան բաց է լինելու 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում` 1970 թվականի դեկտեմբերի 1-ից 16-ը Հաագայում կայացած Օդային իրավունքի միջազգային համաժողովի /այսուհետ` Հաագայի համաժողով/ մասնակից պետությունների կողմից ստորագրման համար: 1970 թվականի դեկտեմբերի 31-ից Կոնվենցիան բաց է լինելու բոլոր պետությունների կողմից ստորագրման համար Մոսկվայում, Լոնդոնում և Վաշինգտոնում: Ցանկացած պետություն, որը չի ստորագրի սույն Կոնվենցիան մինչև սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված դրա ուժի մեջ մտնելու ժամկետը, կարող է դրան միանալ ցանկացած պահին:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման այն ստորագրած Պետությունների կողմից: Վավերագրերը և միանալու մասին ակտերը ի պահ են հանձնվում Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարություններին, որոնք սույնով սահմանվում են որպես ավանդապահ պետություններ:

3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն ստորագրած Հաագայի համաժողովի մասնակից տաս Պետությունների կողմից վավերագրերն ի պահ հանձնելու պահից երեսուներորդ օրը:

4. Այլ Պետությունների համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում կամ սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից, կամ էլ վավերագիրը կամ միանալու մասին ակտը ի պահ հանձնելու պահից երեսուներորդ օրը` կախված նրանից, թե որն ավելի վաղ տեղի կունենա:

5. Ավանդապահ պետություններն անմիջապես ծանուցում են բոլոր ստորագրած և միացած Պետություններին յուրաքանչյուր ստորագրման, վավերագրի կամ միանալու մասին ակտի ի պահ հանձնման, սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվերի մասին և բոլոր այլ բնույթի ծանուցումների մասին:

6. ՈՒժի մեջ մտնելուն պես սույն Կոնվենցիան ենթակա է գրանցման ավանդապահ պետությունների կողմից` Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածի և Միջազգային քաղաքացիական ավիացիայի Կոնվենցիայի /Չիկագո, 1944 թ./ 83-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան` ավանդապահ պետություններին այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով:

2. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ավանդապահ պետությունների կողմից նշված ծանուցումն ստանալու օրվանից վեց ամիս հետո:

Ի հավաստումն որի, ներքոստորագրյալ ներկայացուցիչները, իրենց Կառավարությունների կողմից օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Հաագայում 1970 թվականի դեկտեմբերի տասնվեցին, երեք բնօրինակից` յուրաքանչյուրը ռուսերեն, անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի հոկտեմբերի 10-ից:

 

 

pin
''
16.12.1970
Միջազգային պայմանագիր