Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՂ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՂ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,

գիտակցելով, որ միջուկային գործունեությունն իրականացվում է մի շարք պետություններում,

նշելով, որ միջուկային գործունեություն իրականացնելիս անվտանգության բարձր աստիճան ապահովելու համար կիրառվել և կիրառվում են համակողմանի միջոցներ, ուղղված միջուկային վթարների կանխմանը և ցանկացած նման վթարների հետևանքները նվազագույնի հասցնելուն, եթե դա տեղի ունենա,

ցանկություն արտահայտելով հետագայում ևս ամրապնդել միջազգային համագործակցությունը միջուկային էներգիայի անվտանգ զարգացման և օգտագործման ոլորտում,

համոզված լինելով միջուկային վթարների մասին պետությունների կողմից համապատասխան տեղեկատվության հնարավորինս առավել օպերատիվ տրամադրման անհրաժեշտության մեջ` անդրսահմանային ռադիոակտիվ հետևանքները նվազագույնի հասցնելու նպատակով,

նշելով երկկողմ և բազմակողմ պայմանավորվածությունների օգտակարությունը այդ բնագավառում տեղեկության փոխանակման վերաբերյալ,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

Կիրառման ոլորտը

 

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է ցանկացած վթարի դեպքում, կապված ներքոնշյալ` 2-րդ կետում նշված սարքավորումների հետ, կամ մասնակից պետության, կամ նրա իրավասության, կամ հսկողության տակ գտնվող անձանց, կամ իրավաբանական սուբյեկտների գործունեության հետ, որի հետևանքով տեղի է ունենում կամ կարող է տեղի ունենալ ռադիոակտիվ նյութերի արտանետում և որը բերել է կամ կարող է բերել միջազգային անդրսահմանային արտանետման, որը ռադիոակտիվ անվտանգության տեսանկյունից կարող էր ունենալ նշանակություն այլ պետության համար:

2. 1-ին կետում նշված սարքավորումներ և գործունեություն համարվում են.

ա) ցանկացած միջուկային ռեակտոր, անկախ գտնվելու վայրից,

բ) միջուկային վառելիքի օգտագործման փուլի ցանկացած սարքավորում,

գ) ռադիոակտիվ թափոնների շրջանառության հետ կապված ցանկացած սարքավորում,

դ) միջուկային վառելիքի և ռադիոակտիվ թափոնների տեղափոխումը և պահպանումը,

ե) գյուղատնտեսական, արդյունաբերական, բժշկական նպատակներով և այդ բնագավառներում գիտական հետազոտություններ անցկացնելու համար ռադիոիզոտոպների պատրաստումը, օգտագործումը, պահպանումը, հեռացումը և տեղափոխումը,

զ) տիեզերական օբյեկտներում էներգիայի արտադրման համար ռադիոիզոտոպների օգտագործումը:

 

ՀՈԴՎԱԾ 2

Տեղեկացում և տեղեկատվություն

 

1-ին հոդվածում նշված վթարի, այսուհետ` Միջուկային վթար, դեպքում մասնակից պետությունը, որի մասին նշված է նույն հոդվածում`

ա) անմիջականորեն կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, այսուհետ` Գործակալություն, միջոցով անհապաղ տեղեկացնում է այն պետություններին, որոնք ենթարկվել են կամ կարող են ենթարկվել ֆիզիկական ներգործության, ինչպես նշված է 1-ին հոդվածում, ինչպես նաև Միջուկային վթարների գործակալությանը, դրա բնույթի, ժամանակի և նրա ճշգրիտ վայրի մասին, երբ դա նպատակահարմար է,

բ) անմիջականորեն կամ Գործակալության միջոցով անհետաձգելի կերպով տրամադրում է «ա» ենթակետում նշված պետություններին, ինչպես նաև Գործակալության ունեցած այնպիսի տեղեկություն, որը կապված է այդ պետություններում ռադիացիոն հետևանքները նվազագույնի հասցնելու հետ, ինչպես նշված է 5-րդ հոդվածում:

 

ՀՈԴՎԱԾ 3

Այլ միջուկային վթարներ

 

Միջուկային վթարների դեպքում, ռադիացիոն հետևանքները նվազագույնի հասցնելու նպատակով, մասնակից պետությունները կարող են իրականացնել այլ տեղեկացում, քան նշված է 1-ին հոդվածում:

 

ՀՈԴՎԱԾ 4

Գործակալության գործառույթները

 

Գործակալությունը`

ա) անհապաղ հայտնում է մասնակից պետություններին, անդամ պետություններին, ինչպես նաև այլ պետություններին, որոնք ենթարկվել են կամ կարող են ենթարկվել ֆիզիկական ներգործության, ինչպես նշված է 1-ին հոդվածում, և համապատասխան միջազգային միջկառավարական կազմակերպություններին, այսուհետ` միջազգային կազմակերպություններ, 2-րդ հոդվածի «ա» ենթակետին համապատասխան ստացված տեղեկացման մասին,

բ) հարցման հիման վրա, անհետաձգելի կերպով, ցանկացած մասնակից պետության, անդամ պետության կամ համապատասխան միջազգային կազմակերպության տրամադրում է տեղեկություն, որը ստացված է 2-րդ հոդվածի «բ» ենթակետի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 5

Ներկայացվող տեղեկությունը

 

1. 2-րդ հոդվածի «բ» ենթակետի համաձայն ներկայացվող տեղեկությունը ներառում է հետևյալ տվյալները, որոնք այդ պահին ունեցել է տեղեկացնող մասնակից պետությունը.

ա) միջուկային վթարի ժամանակը, ճիշտ տեղը, եթե դա նպատակահարմար է, և բնույթը,

բ) համապատասխան սարքավորումը կամ գործունեության տեսակը,

գ) միջուկային վթարի ենթադրվող կամ հաստատված պատճառը և նախատեսվող զարգացումը, կապված ռադիոակտիվ նյութերի անդրսահմանային արտանետման հետ,

դ) ռադիոակտիվ արտանետման ընդհանուր բնութագրումները, ներառյալ, որքանով դա գործնականում հնարավոր և նպատակահարմար է, ռադիոակտիվ արտանետման բնույթը, հնարավոր ֆիզիկական և քիմիական ձևը, ինչպես նաև քանակությունը, կազմը և արդյունավետությունը,

ե) տեղեկություններ գոյություն ունեցող և կանխատեսվող օդերևութաբանական և հիդրոլոգիական պայմանների մասին` ռադիոակտիվ նյութերի անդրսահմանային արտանետումը կանխատեսելու համար,

է) շրջակա միջավայրի մոնիտորինգի արդյունքները, կապված ռադիոակտիվ նյութերի անդրսահմանային արտանետման հետ,

ը) տարածքից դուրս ձեռնարկված կամ ծրագրվող պաշտպանական միջոցառումները,

թ) ռադիոակտիվ արտանետման ժամանակ կանխատեսվող վարքագիծը:

2. Այսպիսի տեղեկատվությունը անհրաժեշտ միջանկյալ ժամանակը մեկ լրացվում է վթարային իրավիճակի զարգացման մասին հետագա համապատասխան տեղեկությամբ, ներառյալ նրա կանխատեսվող կամ իրական դադարումը:

3. Համաձայն 2-րդ հոդվածի «բ» ենթակետի, ստացված տեղեկությունը կարող է օգտագործվել առանց սահմանափակման, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տեղեկությունը ներկայացվում է տեղեկացնող մասնակից պետության կողմից գաղտնի կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 6

Խորհրդակցություններ

 

2-րդ հոդվածի «բ» ենթակետի համաձայն, տեղեկություն ներկայացնող մասնակից պետությունը, որքանով դա գործնականում իրագործելի է, անհետաձգելի կերպով պատասխանում է հետագա տեղեկության կամ խորհրդակցությունների հետ կապված հարցմանը, որը ներկայացնում է ներգործության ենթարկված մասնակից պետությունը, հարցում կատարող պետությունում ռադիացիոն հետևանքները նվազագույնի հասցնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 7

Իրավասու մարմիններ և կապի կետեր

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն տեղյակ է պահում Գործակալությանը և, անմիջականորեն կամ Գործակալության միջոցով այլ մասնակից պետություններին իր իրավասու մարմինների և կապի կետերի մասին, որոնք պատասխանատու են 2-րդ հոդվածում նշված տեղեկությունների և տեղեկատվության ուղարկման և ստացման համար: Այդպիսի կապի կետերին և կենտրոնական կետին Գործակալությունում պետք է լինի մշտական հասանելիություն:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն անհետաձգելի կերպով տեղեկացնում է Գործակալությանը ցանկացած փոփոխությունների մասին, որոնք կարող են տեղի ունենալ 1-ին կետում նշված տեղեկատվության մեջ:

3. Գործակալությունը վարում է այդպիսի ազգային մարմինների և կապի կետերի, ինչպես նաև համապատասխան միջազգային կազմակերպությունների կապի կետերի նորացվող ցուցակը և այն ներկայացնում մասնակից պետություններին, անդամ պետություններին և համապատասխան միջազգային կազմակերպություններին:

 

ՀՈԴՎԱԾ 8

Օգնություն մասնակից պետություններին

 

Գործակալությունը, համաձայն իր կանոնադրության և այն մասնակից պետության հարցման, որը չի իրականացնում միջուկային գործունեություն և սահմանակից է ակտիվ ծրագիր իրականացնող, բայց մասնակից չհանդիսացող պետության հետ, իրականացնում է հետազոտություններ, կապված պատշաճ ռադիացիոն վերահսկողության համակարգի ստեղծման հնարավորության և նպատակահարմարության հետ, այն հաշվով, որպեսզի աջակցի սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելուն:

 

ՀՈԴՎԱԾ 9

Երկկողմ և բազմակողմ պայմանավորվածություններ

 

Մասնակից պետությունները, իրենց փոխադարձ շահերի իրականացման նպատակով, այն դեպքերում, երբ դա նպատակահարմար է, կարող են քննարկել սույն Կոնվենցիայի առարկային վերաբերող երկկողմ կամ բազմակողմ պայմանավորվածությունների կնքման հարցը:

 

ՀՈԴՎԱԾ 10

Կապը այլ միջազգային համաձայնագրերի հետ

 

Սույն Կոնվենցիան չի խախտում մասնակից պետությունների միջազգային համաձայնագրերով գոյություն ունեցող փոխադարձ իրավունքները և պարտականությունները, կապված այն հարցերով, որոնք ներառվում են սույն Կոնվենցիայում կամ հետագա միջազգային համաձայնագրերում` կնքված սույն Կոնվենցիայի առարկային և նպատակին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 11

Վեճերի կարգավորումը

 

1. Մասնակից պետությունների միջև կամ մասնակից պետության և Գործակալության միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերի ծագման դեպքում Կողմերն անցկացնում են փոխադարձ խորհրդակցություններ, այն բանակցությունների կամ նրանց համար ընդունելի ցանկացած խաղաղ միջոցներով կարգավորելու նպատակով:

2. Եթե մասնակից պետությունների միջև ծագած նմանատիպ բնույթի վեճը չի կարող կարգավորվել 1-ին կետին համապատասխան խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ խնդրանքի ստացման պահից հետո մեկ տարվա ընթացքում, ապա այդպիսի վեճին մասնակցող ցանկացած Կողմի խնդրանքով այն փոխանցվում է արբիտրաժ կամ ուղարկվում է Միջազգային դատարան, որոշում կայացնելու համար: Վեճը արբիտրաժ փոխանցելու դեպքում, եթե խնդրանքի ստացման պահից վեց ամսվա ընթացքում վիճող Կողմերը չեն կարողանում գալ համաձայնության, կապված արբիտրաժային քննության կազմակերպման հետ, Կողմերից մեկը կարող է խնդրել Միջազգային դատարանի նախագահին կամ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին` նշանակելու մեկ կամ ավելի արբիտրներ: Վեճին մասնակցող Կողմերի իրար հակասող խնդրանքների դեպքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին դիմելը ունի առավելություն:

3. Յուրաքանչյուր պետություն սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման, նրան հավանության արժանացնելու կամ միանալու ընթացքում կարող է հայտարարել, որ նա չի համարում իրեն պարտավորված 2-րդ կետում նախատեսված վեճի կարգավորման մեկ կամ մյուս ընթացակարգերի կատարմամբ: Մյուս մասնակից պետությունները 2-րդ կետում նախատեսված վեճը կարգավորող որևէ ընթացակարգով պարտավորված չեն այն մասով, որը վերաբերում է մասնակից պետությանը, որի համար այդպիսի հայտարարությունը ուժ ունի:

4. Մասնակից պետությունը, որը 3-րդ կետին համապատասխան կատարել է հայտարարություն, կարող է ցանկացած ժամանակ հանել այդ հայտարարությունը` ավանդապահին տեղյակ պահելու միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 12

ՈՒժի մեջ մտնելը

 

1. Սույն Կոնվենցիան բաց կլինի բոլոր պետությունների կողմից ստորագրման համար, ինչպես նաև Նամիբիայի` ներկայացված Միավորված ազգերի կազմակերպության Նամիբիայի գծով խորհրդի կողմից, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնական հաստատություններում` Վիեննայում, և Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հաստատություններում` Նյու Յորքում, համապատասխանաբար 1986 թվականի սեպտեմբերի 26-ից և 1986 թվականի հոկտեմբերի 6-ից, մինչև նրա ուժի մեջ մտնելը կամ տասներկու ամսվա ընթացքում, կախված այն բանից, թե որ ժամկետը կլինի ավելի երկարատև:

2. Պետությունը, ինչպես նաև Նամիբիան` ներկայացված Միավորված ազգերի կազմակերպության Նամիբիայի գծով խորհրդի կողմից, կարող է հայտնել իր համաձայնությունը իր համար սույն Կոնվենցիան պարտադիր լինելու մասին ստորագրման միջոցով կամ ստորագրումից հետո վավերացման, ընդունման կամ հավանության արժանացնելու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու միջոցով` այն վավերացնելու, ընդունելու կամ հավանության արժանացնելու պայմանով, կամ միացման մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու միջոցով: Վավերացման, ընդունման, հավանության արժանացնելու կամ միացման մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին:

3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երեք պետությունների կողմից իրենց համար սույն Կոնվենցիան պարտադիր լինելու մասին համաձայնություն հայտնելուց երեսուն օր հետո:

4. Յուրաքանչյուր պետության համար, որը համաձայնություն է հայտնել սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո իր համար պարտադիր լինելու մասին, սույն Կոնվենցիան այդ պետության համար ուժի մեջ է մտնում համաձայնություն հայտնելու օրվանից երեսուն օր հետո:

5. ա) Սույն Կոնվենցիան բաց է միացման, ինչպես դա նախատեսված է սույն հոդվածում, այն միջազգային կազմակերպությունների և տարածքային ինտեգրացիոն կազմակերպությունների համար, որոնք կազմված են ինքնիշխան պետություններից և օժտված են իրավասությամբ սույն Կոնվենցիայում ընդգրկված հարցերով բանակցությունների վարման, միջազգային պայմանագրերի կնքման և կիրառման ոլորտում:

բ) Իրենց իրավասության ներքո գտնվող հարցերով այդպիսի կազմակերպությունները իրենց անունից իրականացնում են իրավունքներ և կատարում պարտականություններ, որոնցով սույն Կոնվենցիան օժտել է մասնակից պետություններին:

գ) Միացման մասին իր փաստաթուղթը ի պահ հանձնելու դեպքում, այդպիսի կազմակերպությունը դիմում է ուղարկում ավանդապահին, որի մեջ նշվում է սույն Կոնվենցիայում ընդգրկված հարցերի նկատմամբ իր իրավասությունների սահմանները:

դ) Այդպիսի կազմակերպությունը չի տնօրինում որևէ այլ ձայն` ի լրացում իր անդամ պետությունների ձայների:

 

ՀՈԴՎԱԾ 13

Ժամանակավոր կիրառում

 

Պետությունը սույն Կոնվենցիան ստորագրելիս կամ ավելի ուշ, մինչև իր համար ուժի մեջ մտնելը, կարող է հայտարարել, որ ինքը սույն Կոնվենցիան կկիրառի ժամանակավոր:

 

ՀՈԴՎԱԾ 14

Փոփոխություններ

 

1. Մասնակից պետությունը կարող է առաջարկել սույն Կոնվենցիայում կատարել փոփոխություններ: Առաջարկված փոփոխությունը ուղարկվում է ավանդապահին, որն անհապաղ այն ուղարկում է մյուս բոլոր մասնակից պետություններին:

2. Եթե մասնակից պետությունների մեծամասնությունը ավանդապահից պահանջում է խորհրդաժողովի գումարում` առաջարկված փոփոխությունները քննարկելու համար, ապա ավանդապահը հրավիրում է բոլոր մասնակից պետություններին այն խորհրդաժողովին, որը բացվում է հրավերների ուղարկումից ոչ շուտ, քան երեսուն օր հետո: Խորհրդաժողովում բոլոր մասնակից պետությունների ձայների երկու երրորդ մեծամասնությամբ ընդունված ցանկացած փոփոխություն ձևակերպվում է արձանագրության ձևով, որը բոլոր մասնակից պետությունների համար բաց է ստորագրման Վիեննայում և Նյու Յորքում:

3. Արձանագրությունն ուժի մեջ է մտնում երեք պետությունների կողմից իրենց համար այն պարտադիր լինելու մասին համաձայնություն հայտնելուց երեսուն օր հետո: Յուրաքանչյուր պետության համար, որը համաձայնություն է հայտնել արձանագրությունը ուժի մեջ մտնելուց հետո իր համար ընդունելի լինելու մասին, արձանագրությունը այդ պետության համար ուժի մեջ է մտնում համաձայնություն հայտնելու օրվանից երեսուն օր հետո:

 

ՀՈԴՎԱԾ 15

Չեղյալ հայտարարելը

 

1. Մասնակից պետությունը կարող է սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել ավանդապահին գրավոր ծանուցելու միջոցով:

2. Չեղյալ հայտարարելը ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից ծանուցման ստացման օրվանից մեկ տարի հետո:

 

ՀՈԴՎԱԾ 16

Ավանդապահ

 

1. Գործակալության Գլխավոր տնօրենը հանդիսանում է սույն Կոնվենցիայի ավանդապահը:

2. Գործակալության Գլխավոր տնօրենը անհապաղ տեղեկացնում է մասնակից պետություններին և մյուս բոլոր պետություններին.

ա) սույն Կոնվենցիայի կամ փոփոխություններ կատարելու մասին ցանկացած արձանագրության յուրաքանչյուր ստորագրման վերաբերյալ,

բ) սույն Կոնվենցիային կամ փոփոխություններ կատարելու մասին ցանկացած Արձանագրությանը վերաբերող վավերացման, ընդունման, հավանության արժանացնելու կամ միացման մասին փաստաթուղթը յուրաքանչյուր անգամ ի պահ հանձնելու մասին,

գ) 11-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր հայտարարության կամ այդպիսի հայտարարության հանման մասին,

դ) 13-րդ հոդվածի համաձայն, սույն Կոնվենցիան ժամանակավոր կիրառման վերաբերյալ ցանկացած հայտարարության մասին,

ե) սույն Կոնվենցիան և նրան վերաբերող ցանկացած փոփոխություն ուժի մեջ մտնելու մասին, և

զ) 15-րդ հոդվածի համաձայն, ցանկացած չեղյալ հայտարարության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 17

Հավասարազոր տեքստեր և վավերացված պատճեններ

 

Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր տնօրենին, որը ուղարկում է նրա վավերացված պատճենները բոլոր մյուս պետություններին:

Ի վկայություն որի` պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան, որը բաց է ստորագրման համար 12-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգով:

Ընդունված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր խորհրդաժողովի հատուկ նստաշրջանում, Վիեննայում, 1986 թվականի սեպտեմբերի 26-ին:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 24-ից:

 

 

pin
''
26.09.1986
Միջազգային պայմանագիր