Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

Սևծովյան տնտեսական համագործակցության հիմնադիր անդամները` Ալբանիայի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը, Բուլղարիայի Հանրապետությունը, Վրաստանը, Հունաստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռումինիան, Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիայի Հանրապետությունն ու ՈՒկրաինան,

1992 թվականի հունիսի 25-ին Ստամբուլում ստորագրելով Սևծովյան տնտեսական համագործակցության Հիմնադիր Հռչակագիրը,

հաստատելով իրենց հավատարմությունը այն սկզբունքներին և նպատակներին, որոնք ամրագրված են 1992 թվականի հունիսի 25-ի Բոսֆորի Հռչակագրում, 1995 թվականի հունիսի 30-ի` ՍԾՏՀ անդամ պետությունների բարձրաստիճան հանդիպման Բուխարեստի Հռչակագրում և 1996 թվականի հոկտեմբերի 25-ի` ՍԾՏՀ անդամ պետությունների և Կառավարությունների ղեկավարների Մոսկովյան Հռչակագրում,

վերահաստատելով իրենց հավատարմությունը Միավորված ազգերի Կանոնադրության, Հելսինկյան Եզրափակիչ ակտի, Նոր Եվրոպայի Փարիզյան կանոնադրության սկզբունքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին,

որոշելով զարգացնել ՍԾՏՀ տարածաշրջանի պետությունների միջև շարունակվող սերտ համագործակցությունը,

գիտակցելով ժամանակակից միջազգային կյանքի զարգացման և ձևավորման մեջ տարածաշրջանային նախաձեռնությունների աճող դերն ու կարևորությունը,

հաստատելով իրենց դիրքորոշումը` միացյալ ջանքերի միջոցով հասնելու իրենց ժողովուրդների բարգավաճման բարձրացման,

հաշվի առնելով հիմնադիր անդամ պետությունների ներուժն ու փոխշահավետ տնտեսական համագործակցության լավ հնարավորությունները,

դիտարկելով իրենց տարածաշրջանային համագործակցությունը որպես Եվրոպական ինտեգրացման գործընթացի մի մաս, որը հիմնված է մարդու իրավունքների և հիմնական ազատությունների, տնտեսական բարգավաճման, սոցիալական ապահովության, հավասար անվտանգության և կայունության սկզբունքների վրա, որոնք բաց են տարածաշրջանային նախաձեռնությունների, ինչպես նաև միջազգային տնտեսական և ֆինանսական միջազգային կազմակերպությունների համար,

որոշելով զարգացնել տնտեսական համագործակցությունը` որպես համաշխարհային տնտեսությանը հիմնադիր անդամ պետությունների ինտեգրացման բարձր մակարդակի աջակցություն,

արտահայտելով իրենց պետությունների և ժողովուրդների հաստատակամությունը` շարունակելու տնտեսական գործունեության բնագավառների լայն շրջանակներում կառուցողական համագործակցությունը, որի նպատակն է ՍԾՏՀ տարածաշրջանը խաղաղության, կայունության և բարգավաճման տարածաշրջան դարձնելը,

գիտակցելով, որ Սևծովյան տնտեսական համագործակցության զարգացումը բերում է ՍԾՏՀ միջազգային իրավական կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության, և

որոշելով վերափոխել Սևծովյան տնտեսական համագործակցությունը տարածաշրջանային տնտեսական կազմակերպության,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Մաս 1

Ընդհանուր դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 1

Կազմակերպության հիմնադրումը

 

Հիմնադիր անդամ պետությունները հիմնում են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը` որպես տարածաշրջանային տնտեսական կազմակերպություն, այսուհետ` ՍԾՏՀ:

 

ՀՈԴՎԱԾ 2

Սահմանումներ

 

Սույն Հռչակագրի համար`

ա) «Կազմակերպություն» նշանակում է` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն, այսուհետ` ՍԾՏՀ,

բ) «Հիմնադիր անդամներ» նշանակում է` այն պետությունները, որոնք 1992 թվականի հունիսի 25-ին Ստամբուլում ստորագրել են «Սևծովյան տնտեսական համագործակցության Հիմնադիր Հռչակագիրը»,

գ) «Դիտորդներ» նշանակում է` այն պետությունները կամ միջազգային կազմակերպությունները, որոնց շնորհվել է ՍԾՏՀ դիտորդի կարգավիճակ,

դ) «Միջազգային կազմակերպություններ» նշանակում է` միջկառավարական կամ ոչ կառավարական կազմակերպություններ,

ե) «ՍԾՏՀ տարածաշրջան» նշանակում է` անդամ պետությունների տարածքները,

զ) «Օժանդակ մարմիններ» նշանակում է` աշխատանքային խմբեր, փորձագետների խմբեր, քարտուղարություն, կոմիտեներ կամ ծառայություններ, որոնք ստեղծվել են արտաքին գործերի նախարարների խորհրդի կողմից,

է) «Գլխավոր քարտուղար» նշանակում է` ՍԾՏՀ Միջազգային մշտական քարտուղարության Գլխավոր քարտուղար,

ը) «Նախագահող» նշանակում է` անդամ պետության արտաքին գործերի նախարար, որը ստանձնում է ՍԾՏՀ նստաշրջաններում նախագահությունը, կամ որևէ այլ նախարար, որին այդ նպատակով անվանանշում է պետության Կառավարությունը,

թ) «Եռյակ» նշանակում է` համակարգ, որը ներառում է ՍԾՏՀ ներկա, նախորդ և հաջորդ նախագահողներին կամ նրանց ներկայացուցիչներին,

ժ) «Ընթացակարգ» նշանակում է` ՍԾՏՀ ընթացակարգ:

 

Մաս 2

Համագործակցության սկզբունքներն ու ոլորտները

 

ՀՈԴՎԱԾ 3

Սկզբունքներն ու նպատակները

 

ՍԾՏՀ բոլոր մակարդակներով իրականացվող գործունեությունը ծառայում է հետևյալ սկզբունքներին ու նպատակներին.

ա) գործել բարեկամության և բարյացակամության մթնոլորտում, զարգացնել փոխադարձ հարգանքն ու փոխհամաձայնությունը, երկխոսությունը և համագործակցությունն անդամ պետությունների միջև,

բ) շարունակել զարգացնել ու բազմացնել երկկողմ և բազմակողմ համագործակցությունը միջազգային իրավունքի սկզբունքների և կանոնների հիման վրա,

գ) բարելավել գործարարության բնագավառը և խրախուսել ձեռնարկությունների և ընկերությունների անձնական և կոլեկտիվ նախաձեռնությունները` նրանց տնտեսական համագործակցության գործընթացում ներառելու համար,

դ) զարգացնել տնտեսական համագործակցությունը, չխոչընդոտել անդամ պետությունների միջազգային պարտավորությունների կատարումը, ներառյալ միջազգային կազմակերպություններում և ինստիտուտներում նրանց անդամակցությունը, ինչպես նաև նրանց հարաբերությունները երրորդ երկրների հետ,

ե) հաշվի առնել անդամ պետությունների տնտեսական յուրահատուկ պայմաններն ու շահերը,

զ) խրախուսել շահագրգիռ պետությունների, միջազգային տնտեսական և ֆինանսական ինստիտուտների, ինչպես նաև ձեռնարկությունների և ընկերությունների անդամակցությունը ՍԾՏՀ տնտեսական համագործակցությանը:

 

ՀՈԴՎԱԾ 4

Համագործակցության ոլորտները

 

Անդամ պետությունները, նշելով համաձայնեցված սկզբունքների հիման վրա, ինչպես նաև նպատակ ունենալով առավել արդյունավետ օգտագործել իրենց մարդկային, բնական և այլ ռեսուրսները` ազգային տնտեսությունների և սոցիալական բարգավաճման կայուն աճն ապահովելու համար, համագործակցելու են հետևյալ ոլորտներում. առևտրատնտեսական զարգացում, բանկեր և ֆինանսներ, հաղորդակցություններ, էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն և գյուղարդյունաբերություն, առողջապահություն և դեղագործություն, բնապահպանություն, զբոսաշրջություն, գիտություն և տեխնոլոգիաներ, վիճակագրական տվյալների և տնտեսական տեղեկատվության փոխանակում, մաքսատների և սահմանային այլ իշխանությունների համագործակցություն, մարդկային փոխհարաբերություններ, կազմակերպված հանցագործության, թմրադեղերի, զենքի և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության, ահաբեկչության բոլոր ձևերի և ապօրինի միգրացիայի դեմ պայքարի կամ որևէ այլ ոլորտում, որոնք որոշվում են Խորհրդի կողմից:

 

Մաս 3

Մասնակցություն

 

ՀՈԴՎԱԾ 5

Անդամակցություն

 

ՍԾՏՀ անդամները սույն Կանոնադրության Կողմերն են:

 

ՀՈԴՎԱԾ 6

Նոր անդամների ընդունում

 

ՍԾՏՀ-ն բաց է յուրաքանչյուր պետության համար, որը ցանկություն է հայտնում անդամակցելու և արտահայտում է իր պատրաստակամությունը` հետևելու սույն Կանոնադրության մեջ արծարծված` ՍԾՏՀ բոլոր սկզբունքներին ու նպատակներին:

Նոր անդամակցության համար դիմումները ներկայացվում են արտաքին գործերի նախարարների խորհուրդ, այսուհետ` Խորհուրդ, դրա քննարկման և հաստատման համար` Ընթացակարգային կանոններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 7

Անդամակցության դադարեցում

 

Յուրաքանչյուր անդամ պետություն կարող է դադարեցնել ՍԾՏՀ-ին իր անդամակցությունը` իր այդ որոշման մասին նախապես ծանուցելով ՍԾՏՀ Գլխավոր քարտուղարին կամ Մշտական միջազգային քարտուղարությանը:

Դադարեցումն ուժի մեջ է մտնում ծանուցման մեջ որոշված ամսաթվից: Եթե կան ֆինանսական պարտավորություններ, ապա անդամակցության դադարեցումը ուժի մեջ է մտնում ֆինանսական տարվա վերջին, երբ ծանուցումը արվել է:

 

ՀՈԴՎԱԾ 8

Դիտորդի կարգավիճակ

 

ՍԾՏՀ-ում դիտորդի կարգավիճակ կարող է տրվել խնդրանքի համաձայն` յուրաքանչյուր պետության կամ միջազգային կազմակերպության, որը իր պատրաստակամությունն է հայտնում գործնական աջակցություն ցուցաբերել ՍԾՏՀ-ի աշխատանքներին:

Դիտորդի կարգավիճակը կարող է շնորհվել, կասեցվել կամ դադարեցվել Խորհրդի կողմից` Ընթացակարգային կանոններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 9

Հարաբերություններ երրորդ կողմերի հետ

 

ՍԾՏՀ-ն կխրախուսի հարաբերությունները երրորդ կողմերի հետ (պետություններ, միջազգային կազմակերպություններ և հաստատություններ), որոնք շահագրգռված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերով համագործակցության մեջ` հետևյալի միջոցով.

ա) երկխոսություն` պարբերական փոխանակումների և խորհրդակցությունների շրջանակում,

բ) ճյուղային երկխոսություն. հատուկ հարցերով հանդիպումներին մասնակցելու հնարավորության ընձեռում,

գ) հյուրերի հրավիրում` նախագահողի հրավերով և բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ, ՍԾՏՀ նիստերին մասնակցելու հնարավորության ընձեռում:

Երկխոսությունն ու ճյուղային երկխոսությունը կարող են շնորհվել` հետևելով Խորհրդի կողմից ընդունված համապատասխան բանաձևերին:

 

Մաս 4

Գագաթաժողով

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Անդամ պետությունների կամ դրանց Կառավարությունների ղեկավարները կարող են հանդիպել, երբ առաջանում է անհրաժեշտություն:

 

Մաս 5

Հիմնական և օժանդակ մարմիններ

 

ՀՈԴՎԱԾ 11

Արտաքին գործերի նախարարների խորհուրդ

 

Խորհուրդը ՍԾՏՀ հիմնական, մշտական որոշումներ կայացնող մարմինն է:

Խորհուրդը ՍԾՏՀ նպատակների շրջանակներում`

ա) որոշում է ՍԾՏՀ գործունեության հետ կապված բոլոր հարցերը,

բ) քննարկում է օժանդակ մարմինների կողմից ներկայացվող բոլոր հարցերն ու ընդունում համապատասխան որոշումներ,

գ) ընդունում է անդամակցության կամ դիտորդի կարգավիճակի հետ կապված որոշումներ,

դ) ընդունում և փոփոխում է Ընթացակարգային կանոնները,

ե) ստեղծում է ՍԾՏՀ կազմում օժանդակ մարմիններ, որոշում է դրանց խնդիրների շրջանակները, շնորհում, կասեցնում, փոփոխում կամ դադարեցնում է դրանց մանդատները,

զ) անհրաժեշտության դեպքում քննարկում է այլ հարցեր:

 

ՀՈԴՎԱԾ 12

Օժանդակ մարմիններ

 

Խորհուրդը կարող է ստեղծել օժանդակ մարմիններ:

Օժանդակ մարմիններն իրագործում են Խորհրդի կողմից շնորհված մանդատները, նախապատրաստում համատեղ նախագծեր, ինչպես նաև աջակցում են համապատասխան բնագավառներում նմանօրինակ նախագծերի իրականացմանը:

Օժանդակ մարմինները ներկայացնում են Խորհրդին իրենց գործունեության առաջընթացի մասին զեկույցներ, ինչպես նաև համապատասխան առաջարկներ:

 

ՀՈԴՎԱԾ 13

Նախագահող

 

Նախագահողը համակարգում է ՍԾՏՀ շրջանակներում իրականացվող ամբողջ գործունեությանը ՍԾՏՀ նախաձեռնությունների պատշաճ ղեկավարումը, ինչպես նաև հետևում է ընդունվող արձանագրությունների և որոշումների իրականացմանը:

Նախագահությունը ռոտացիայի է ենթարկվում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ` անդամ պետությունների` անգլերեն այբբենական կարգով:

Եթե որևէ անդամ պետություն հրաժարվում է իր հերթական նախագահությունից, այն ստանձնում է հաջորդ անդամ պետությունը:

 

ՀՈԴՎԱԾ 14

«Եռյակ» համակարգը

 

Նախագահողի խնդրանքով` Եռյակը հավաքվում է` համապատասխան մակարդակով ՍԾՏՀ ներկայիս և ապագա գործունեության, այդ թվում` միջազգային այլ կազմակերպությունների և հաստատությունների հետ ՍԾՏՀ հարաբերությունների շուրջ տեսակետների փոխանակման համար:

 

ՀՈԴՎԱԾ 15

Ավագ պաշտոնյաների կոմիտե

 

Ավագ պաշտոնյաների կոմիտեն, որը ներկայացնում է անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներին և գործում է նրանց անունից, ունի հետևյալ լիազորությունները.

ա) վերահսկում է օժանդակ մարմինների գործունեությունը, հետևում է Խորհրդի որոշումների և առաջարկությունների իրականացմանը, մշակում է առաջարկություններ` Խորհրդին ներկայացնելու նպատակով,

բ) քննարկում է ՍԾՏՀ մարմինների համագործակցության և գործունեության համակարգման հետ կապված հարցերը, այդ մասին տեղեկացնում է Խորհրդին և, անհրաժեշտության դեպքում, մշակում է համապատասխան առաջարկություններ,

գ) ուսումնասիրում է ՍԾՏՀ գործունեության կազմակերպչական հարցերը, մասնակցում միջոցառումների օրացույցի նախնական մշակմանն ու ընդունում համապատասխան որոշումներ` բացառությամբ Խորհրդի և Նախագահողի լիազորությանը վերաբերող հարցերի,

դ) ներկայացնում է Խորհրդին ՍԾՏՀ տարեկան բյուջեն,

ե) նշանակում է փորձագետներ` բյուջեի աուդիտն անցկացնելու մասնագիտական ենթախմբի համար:

 

ՀՈԴՎԱԾ 16

Մշտական միջազգային քարտուղարություն

 

ՍԾՏՀ գործավարական ծառայություններն իրականացվում են այդ նպատակների համար ստեղծված` ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարության (այսուհետ` ՄՄՔ) կողմից:

ՍԾՏՀ ՄՄՔ-ն գտնվում է Ստամբուլում. Թուրքիայի Հանրապետություն:

ՄՄՔ-ն գործում է ՍԾՏՀ Նախագահողի ղեկավարությամբ: Այդ ղեկավարումն իրականացնում է Գլխավոր քարտուղարը:

ՄՄՔ աշխատակազմի անդամները կիրականացնի իրենց պարտականություններն իբրև միջազգային պաշտոնյաներ, ՍԾՏՀ նպատակների և սկզբունքների համաձայն, հիմնվելով աշխատանքի համար անհրաժեշտ ինտեգրացման և արդարության սկզբունքի վրա:

ՄՄՔ անձնակազմը իր պարտականությունների իրականացման ընթացքում չի կարող ղեկավարվել ՍԾՏՀ անդամ պետություն չհանդիսացող որևէ Կառավարության կամ այլ մարմնի ցուցումներով, ձեռնպահ պետք է մնա միջազգային պաշտոնյայի` իր կարգավիճակին վնասող բոլոր գործողություններից:

 

Մաս 6

Քվորում և որոշումների ընդունում

 

ՀՈԴՎԱԾ 17

Քվորում

 

Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե նիստին ներկա է անդամ պետությունների 2/3-ը:

 

ՀՈԴՎԱԾ 18

Որոշումների ընդունում

 

Որոշումների ընդունման մեխանիզմը սահմանված է Ընթացակարգային կանոններում: Խորհուրդը ձգտում է հասնել փոխհամաձայնության բոլոր հարցերում: Որոշ հարցերի վերաբերյալ, ինչպես սահմանված է Ընթացակարգային կանոններում, փոխհամաձայնությունը կարող է լինել մանդատային:

 

Մաս 7

ՍԾՏՀ մարմիններ

 

ՀՈԴՎԱԾ 19

Ընդհանուր պայմաններ

 

ՍԾՏՀ մարմինները, որոնք ունեն իրենց սեփական բյուջեները, իրենց գործառույթները կիրականացնեն իրենց հիմնական լծակների միջոցով և հավատարիմ մնալով ՍԾՏՀ սկզբունքներին, որոնք արծարծված են 1992 թվականի հունիսի 25-ի «Սևծովյան տնտեսական համագործակցության Հռչակագրում» և սույն Կանոնադրության մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 20

Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողով

 

ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովը (այսուհետև` ՍԾՏՀԽՎ), ներկայացնելով անդամ պետությունների Խորհրդարանները, խորհրդակցական հիմունքներով աջակցում է ՍԾՏՀ գործունեությանը:

ՍԾՏՀ-ն սերտորեն համագործակցում է ՍԾՏՀԽՎ-ի հետ ՍԾՏՀ նպատակների խրախուսման համար:

ՍԾՏՀ-ՍԾՏՀԽՎ հարաբերությունները հիմնվում են 1992 թվականի հունիսի 25-ի Ստամբուլի «ՍԾՏՀ Հռչակագրում», հաջորդ գագաթաժողովների որոշումներում, ինչպես նաև 1993 թվականի փետրվարի 26-ի Ստամբուլի «ՍԾՏՀԽՎ Հիմնադիր Հռչակագրում» ամրագրված սկզբունքների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 21

ՍԾՏՀ Գործարար խորհուրդ

 

ՍԾՏՀ Գործարար խորհուրդը միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը բաղկացած է ՍԾՏՀ անդամ պետությունների գործարար շրջանակների ներկայացուցիչներից: ՍԾՏՀ Գործարար խորհուրդը ներկայացնում է զեկույց Խորհրդի տեղեկատվության համար, իսկ անհրաժեշտության դեպքում` համապատասխան գործողություններ կատարելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 22

Առևտրի և զարգացման սևծովյան բանկ (ԱԶՍԾԲ)

 

Անդամ պետությունները հիմնադրեցին ԱԶՍԾԲ` համաձայն 1994 թվականի հունիսի 30-ին Թբիլիսիում ստորագրված «Առևտրի և զարգացման սևծովյան բանկի ստեղծման մասին» Համաձայնագրի:

Բանկի նպատակն է արդյունավետ ներդրումներ կատարել անդամ պետությունների ժողովուրդների տնտեսական բարգավաճման համար, ֆինանսավորել և խրախուսել տարածաշրջանային նախագծերը, ապահովել բանկային այլ ծառայություններն անդամ պետությունների պետական և մասնավոր հատվածներում, խթանել նրանց միջև առևտրական գործունեությունը` «Առևտրի և զարգացման սևծովյան բանկի ստեղծման մասին» Համաձայնագրի դրույթների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 23

Ակադեմիական համագործակցություն

 

ՍԾՏՀ-ն խրախուսում է համագործակցությունը անդամ պետությունների ակադեմիական շրջանակների ուսանողների և գիտնականների միջև` նրանց իրավասության շրջանակներում ՍԾՏՀ սկզբունքների և նպատակների խթանման համար:

 

ՀՈԴՎԱԾ 24

ՍԾՏՀ մասնագիտացված կենտրոններ

 

ՍԾՏՀ մասնագիտացված կենտրոններ ստեղծվել են Խորհրդի համաձայնությամբ` համապատասխան բնագավառներում շահագրգիռ անդամ պետություններին ծառայություններ մատուցելու նպատակով:

Համապատասխան կենտրոնները կաշխատեն` սերտորեն համագործակցելով ՍԾՏՀ համապատասխան օժանդակ մարմինների հետ` իրենց գործունեությանն առնչվող առանձին բնագավառներում:

Կենտրոնների գործունեության արդյունքները խորհրդատվական բնույթ են կրում:

 

Մաս 8

Ֆինանսական դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 25

Կազմակերպության բյուջեն

 

ՍԾՏՀ բյուջեն կազմված է անդամ պետությունների մուծումներից` համաձայն Խորհրդի համապատասխան բանաձևերի:

Բյուջեն հաստատվում և ենթարկվում է աուդիտի տարին մեկ անգամ: Ֆինանսական տարին սահմանվում է հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

Ֆինանսական պարտավորությունների չկատարումը ներկայացվում է Խորհրդի քննարկմանը:

 

ՀՈԴՎԱԾ 26

Կամավոր մուծումներ Կազմակերպությանը

 

Խորհրդի որոշումներով կարող են ստեղծվել հատուկ հիմնադրամներ: Այս առումով ողջունելի են ՍԾՏՀ անդամ պետությունների, պետությունների խմբերի, երրորդ դոնոր կողմերի կամ դիտորդների կողմից կատարվող բոլոր կամավոր մուծումները:

ՍԾՏՀ սկզբունքներին և նպատակներին համապատասխանող յուրաքանչյուր հատուկ հիմնադրամ կառավարվում է Խորհրդի կողմից` այդ հիմնադրամի համար ընդունված ընթացակարգով:

 

Մաս 9

Իրավական դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 27

Իրավասություն

 

ՍԾՏՀ-ն իրավաբանական անձ է: Այն իրավասու է.

ա) կնքել պայմանագրեր,

բ) ձեռք բերել և տնօրինել անշարժ և շարժական գույք,

գ) նախաձեռնել դատավարական գործընթացներ:

 

ՀՈԴՎԱԾ 28

Արտոնություններ և անձեռնմխելիություն

 

ՍԾՏՀ-ն, նրա պաշտոնյաներն ու անդամ պետությունների ներկայացուցիչները անդամ պետությունների տարածքներում օգտվում են «Միավորված ազգերի արտոնությունների և անձեռնմխելիության մասին» Կոնվենցիայում ամրագրված արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք անհրաժեշտ են իրենց պարտականություններն անկախ կատարելու համար` ՍԾՏՀ սկզբունքներին և նպատակներին համապատասխան:

ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարության պաշտոնյաներն ու անդամ պետությունների ներկայացուցիչները, որոնք հանդիսանում են ընդունող պետության քաղաքացիներ կամ մշտական ռեզիդենտներ, իրենց պաշտոնական գործունեության ընթացքում օգտվում են իրավազորության անձեռնմխելիությունից:

Անդամ պետությունները կկնքեն Լրացուցիչ արձանագրություն ՍԾՏՀ և ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարության աշխատակազմի արտոնությունների և անձեռնմխելիության վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 29

Տարաձայնությունների կարգավորում

 

Սույն Կանոնադրության մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու կամ ավելի անդամ պետությունների միջև ծագած տարաձայնությունների դեպքում Կողմերը խորհրդակցում են և, անհրաժեշտության դեպքում, հարցը փոխանցում Խորհրդին` քննարկման ու համապատասխան գործողությունների համար:

 

ՀՈԴՎԱԾ 30

Փոփոխություններ

 

Յուրաքանչյուր անդամ պետություն կարող է առաջարկել սույն Կանոնադրության վերաբերյալ որևէ փոփոխություն:

Փոփոխության յուրաքանչյուր տեքստ ուղարկվում է անդամ պետություններին ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարության միջոցով և ներկայացվում է Խորհրդին` քննարկման ու հաստատման համար:

Սույն Կանոնադրության փոփոխությունները հաստատվում են վերոհիշյալ 2-րդ պարբերության համաձայն, ենթակա են անդամ պետությունների կողմից վավերացման, ընդունման կամ հաստատման և ուժի մեջ են մտնում 33-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Մաս 10

Եզրափակիչ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 31

Ստորագրում, վավերացում, ընդունում, հաստատում և միացում

 

Սույն Կանոնադրությունը բաց է ՍԾՏՀ հիմնադիր անդամների ստորագրման համար:

Սույն Կանոնադրությունը ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման ՍԾՏՀ հիմնադիր անդամների կողմից:

Սույն Կանոնադրությունը բաց է այն չստորագրած յուրաքանչյուր պետության միանալու համար` սույն Կանոնադրության դրույթների համաձայն:

Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին:

 

ՀՈԴՎԱԾ 32

Վերապահումներ

 

Սույն Կանոնադրության վերաբերյալ որևէ վերապահում չի կարող արվել:

 

ՀՈԴՎԱԾ 33

ՈՒժի մեջ մտնելը

 

Սույն Կանոնադրությունը ուժի մեջ է մտնում 9 հիմնադիր անդամների կողմից վավերացման, ընդունման կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ հանձնվելու ամսաթվին հաջորդող ամսի 1-ին:

Յուրաքանչյուր պետության համար, որը սույն Կանոնադրությունը վավերացրել, ընդունել կամ միացել է դրան դրա ուժի մեջ մտնելուց հետո, այն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթուղթը ի պահ հանձնելու օրը` նախորդ պարբերության համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 34

Ավանդապահ

 

Սույն Կանոնադրության ավանդապահը ՄՄՔ-ն է:

Սույն Կանոնադրության բնօրինակը կատարված է մեկ օրինակով` անգլերեն: Այն տրվում է ի պահ ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարությանը` որպես ավանդապահի:

Հաստատելով վերոնշյալը` ներքոստորագրյալները, լինելով պատշաճորեն լիազորված դրա համար, ստորագրեցին սույն Կանոնադրությունը:

Կատարված է Յալթա քաղաքում 1998 թվականի հունիսի 5-ին:

 

* Կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի մայիսի 1-ից:

 

 

pin
''
05.06.1998
Միջազգային պայմանագիր