Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՊԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷԼԵԿՏՐԱԿԱՊԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՊԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

(2-րդ մաս)

 

ՀՈԴՎԱԾ 54

Վարչական կանոնակարգեր

 

215. 1. Վարչական կանոնակարգերը, ինչպես նշված է սույն Կանոնադրության 4-րդ հոդվածում, պարտավորեցնող միջազգային փաստաթղթեր են և համաձայնեցվում են սույն Կանոնադրության և Կոնվենցիայի դրույթների հետ:

216. Սույն Կանոնադրության և Կոնվենցիայի վավերացումը, ընդունումը կամ հավանությունը կամ սույն Կանոնադրության 52 և 53 հոդվածներին համապատասխան դրանց միացումը նշանակում են նաև Վարչական կանոնակարգերին հարելու համաձայնություն` ընդունված սույն Կանոնադրությանը և Կոնվենցիայի ստորագրման ամսաթվին նախորդող իրավասու համաշխարհային համաժողովներում: Այդպիսի համաձայնությունը վերաբերում է Վարչական կանոնակարգերի ստորագրման ժամանակ կատարված ցանկացած վերապահմանը, կամ դրանց վերանայմանն այնքանով, որ վերապահումը պահպանվում է վավերացման, ընդունման, հավանության կամ միացման փաստաթղթի ի պահ հանձնելու ժամանակ:

217. 3. Վերոնշյալ ամսաթվից հետո ընդունված Վարչական կանոնակարգի մասնակի կամ լրիվ վերանայումները, ներպետական օրենսդրությանը հնարավոր աստիճանի համապատասխան, ժամանակավոր կիրառվում են այդպիսի վերանայումներ ստորագրած Միության բոլոր Անդամների նկատմամբ: Այդպիսի ժամանակավոր կիրառումն ուժի մեջ է մտնում այդ ժամանակ նշված ամսաթվից կամ ամսաթվերից ի վեր և կապված է այն վերապահումների հետ, որոնք կատարված են այդօրինակ վերանայումների ստորագրման ժամանակ:

218. 4. Այդպիսի ժամանակավոր կիրառումը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև.

219. ա) Միության Անդամը Գլխավոր քարտուղարին չհայտնի յուրաքանչյուր այդպիսի վերանայում պահպանելու իր համաձայնության մասին և չնշի, անհրաժեշտության դեպքում, թե ինչ աստիճանի է նա պահպանում որևէ վերապահում` որը կատարված դրա ստորագրման ժամանակ այդ վերանայման վերաբերյալ, կամ

220. բ) չանցնի վաթսուն օր Գլխավոր քարտուղարի կողմից Միության Անդամից դիմում ստանալուց հետո, որում Միության Անդամը նրան տեղեկացնում է առ այն, որ նա իրեն պարտավորված չի համարում պահպանել ցանկացած այդպիսի վերանայում:

221. 5. Եթե վերոհիշյալ 219 կամ 220 կետերով Գլխավոր քարտուղարը դիմում չի ստացել Միության Անդամից, որը ստորագրել է ցանկացած այդպիսի վերանայում, ժամանակավոր կիրառման վերաբերյալ դրանում նշված ամսաթվից կամ ամսաթվերից երեսունվեցամսյա ժամանակահատվածը լրանալիս, ապա համարվում է, որ Միության այդ Անդամը համաձայն է պահպանել վերանայումը, ցանկացած վերապահման հաշվառման պայմանով, որը նա կարող էր կատարել այդ վերանայումով, դրա ստորագրման ժամանակ:

222. 6. Միության ցանկացած Անդամ, որը չի ստորագրել Վարչական կանոնակարգերի լրիվ կամ մասնակի ցանկացած այդպիսի վերանայում, ընդունված վերոհիշյալ 216 կետում պայմանավորված ամսաթվից հետո, պետք է գործադրի ջանքեր առ այն, որ Գլխավոր քարտուղարին անհապաղ հայտնի այն մասին, թե նա իրեն պարտավորված է համարում պահպանել այդ վերանայումը: Եթե այդպիսի դիմում Գլխավոր քարտուղարը չի ստացել Միության այդ Անդամից, վերոհիշյալ 221 կետում սահմանված ժամկետը լրանալուց հետո, ապա համարվում է, որ Միության այդ Անդամն իրեն պարտավորված է համարում պահպանել այդ վերանայումը:

223. 7. Գլխավոր քարտուղարը անհապաղ տեղեկացնում է Միության Անդամներին ըստ սույն հոդվածի ստացած ցանկացած դիմումի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 55

Սույն Կանոնադրությունում ուղղումներ մտցնելու վերաբերյալ դրույթներ

 

224. 1 Միության ցանկացած Անդամ կարող է առաջարկել սույն Կանոնադրությունում ցանկացած ուղղում: Որպեսզի այդ առաջարկությունը նախօրոք ուղարկվի Միության բոլոր Անդամներին քննարկման համար, Գլխավոր քարտուղարը պետք է այն ստանա ոչ ուշ, քան Լիազոր համաժողովի բացման ամսաթվից ութ ամիս առաջ: Գլխավոր քարտուղարը անհապաղ և ոչ ուշ, քան այդ ամսաթվից վեց ամիս առաջ, պետք է նման առաջարկությունը ուղարկի Միության բոլոր Անդամներին:

225. 2. Համաձայն վերոհիշյալ 224 կետի առաջարկված փոփոխության մասին ցանկացած առաջարկություն կարող է սակայն Լիազոր համաժողովին ներկայացված լինել ցանկացած ժամանակ Միության ցանկացած Անդամի կամ դրա պատվիրակության կողմից:

226. 3. Լիազոր համաժողովի ցանկացած լիագումար նիստին սույն Կանոնադրությունում ուղղումներ մտցնելու ցանկացած առաջարկության կամ այդպիսի առաջարկությունում փոփոխություններ մտցնելու քննարկման համար քվորումը կազմում է Լիազոր համաժողովին հավատարմագրված պատվիրակությունների կեսից ավելին:

227.4. Որպեսզի ընդունված լինի ցանկացած փոփոխության առաջարկություն, ինչպես նաև առաջարկություն` ամբողջությամբ վերցրած, փոփոխված կամ անփոփոխ տեսքով, այն պետք է հավանություն ստանա լիագումար նիստում Լիազոր համաժողովին հավատարմագրված պատվիրակությունների առնվազն երկու երրորդի կողմից:

228. 5. Պետք է կիրառվեն Կոնվենցիայում նշված, համաժողովներին, համաժողովների ներքին կարգին և այլ ժողովներին վերաբերող ընդհանուր դրույթները, եթե այլ բան նշված չէ սույն հոդվածի նախորդ կետերում, որոնք գերակայում են.

229. 6. Սույն Կանոնադրության բոլոր փոփոխությունները, որոնք Լիազոր համաժողովի կողմից ընդունված են ամբողջ համակցությամբ և միասնական ուղղման փաստաթղթի տեսքով, ուժի մեջ են մտնում համաժողովի կողմից հաստատված ամսաթվից Միության այն Անդամների համար, որոնք մինչև այդ ամսաթիվը ի պահ են հանձնել վավերացման, ընդունման կամ հավանության փաստաթղթերը, կամ սույն Կանոնադրությանը և փոփոխության փաստաթղթին միանալու մասին փաստաթղթերը: Այդպիսի փոփոխության փաստաթղթի միայն մեկ մասի վավերացումը, ընդունումը կամ հավանությունը, ինչպես նաև` միացումը բացառվում է:

230. 7. Գլխավոր քարտուղարը Միության բոլոր Անդամներին ծանուցում է վավերացման, ընդունման, հավանության կամ միացման յուրաքանչյուր փաստաթղթի ի պահ հանձնման մասին:

231. 8. Ցանկացած այդպիսի փոփոխության փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո վավերացումը, ընդունումը, հավանությունը կամ միացումը սույն Կանոնադրության 52 և 53 հոդվածներին համապատասխան կիրառվում են փոփոխված Կանոնադրության նկատմամբ:

232. 9. Ցանկացած այդպիսի ուղղման փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո Գլխավոր քարտուղարը այն գրանցում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102 հոդվածի դրույթներին համապատասխան: Ցանկացած այդպիսի փոփոխություն փաստաթղթի նկատմամբ կիրառվում է նաև սույն Կանոնադրության 241 հոդվածը:

 

ՀՈԴՎԱԾ 56

Վեճերի լուծումը

 

233. 1. Սույն Կանոնադրության, Կոնվենցիայի կամ Վարչական կանոնակարգի մեկնաբանության կամ կիրառման հարցերով վեճերը Միության անդամները կարող են լուծել բանակցությունների միջոցով, դիվանագիտական ուղիներով կամ երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերով, սահմանված ընթացակարգին համապատասխան` կնքված դրանց միջև միջազգային վեճերի լուծման համար, կամ դրանց միջև փոխադարձ համաձայնեցված ցանկացած այլ միջոցով:

234. 2. Եթե վեճի լուծման այդ մեթոդներից ոչ մեկը չընդունվի, վեճին մասնակցող Միության ցանկացած Անդամ, Կոնվենցիայում սահմանված կարգին համապատասխան, կարող է վեճը հղել միջնորդ դատարան:

235. 3. Սույն Կանոնադրությանը, Կոնվենցիային և Վարչական կանոնակարգերին վերաբերող վեճերի պարտադիր լուծման կամ կամընտիր արձանագրությունը կիրառվում է տվյալ Արձանագրության Անդամների միջև:

 

ՀՈԴՎԱԾ 57

Սույն Կանոնադրության և Կոնվենցիայի չեղյալ հայտարարելը

 

236. 1. Սույն Կանոնադրությունը, Կոնվենցիան վավերացրած, ընդունած, հավանություն տված կամ դրանց միացած Միության յուրաքանչյուր Անդամ իրավունք ունի դրանք չեղյալ հայտարարել: Այդ դեպքում սույն Կանոնադրության և Կոնվենցիայի չեղյալ հայտարարելը իրականացվում է միաժամանակ, միասնական փաստաթղթի տեսքով Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման ճանապարհով: Այդպիսի ծանուցում ստանալուն պես Գլխավոր քարտուղարը ծանուցում է այդ մասին Միության մյուս Անդամներին:

237. 2. Այդ չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումը ստանալու օրվանից մեկամյա ժամկետը լրանալուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 58

ՈՒժի մեջ մտնելը և դրա հետ կապված հարցերը

 

238. 1 Սույն Կանոնադրությունը և Կոնվենցիան ուժի մեջ են մտնում 1994 թվականի հուլիսի 1-ին Միության Անդամների միջև, որոնք մինչև այդ ամսաթիվն ի պահ են հանձնել վավերացման, ընդունման հավանության կամ միացման փաստաթղթերը:

239. 2. Վերոհիշյալ 238 կետում նշված ուժի մեջ մտնելու ամսաթվին սույն Կանոնադրությունը և Կոնվենցիան վերացնում և փոխարինում են Պայմանավորվող Կողմերի միջև հարաբերություններում էլեկտրակապի Միջազգային կոնվենցիան (Նայրոբի, 1982 թվական):

240. 3. Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102 հոդվածի դրույթներին համապատասխան Միության Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունում գրանցում է սույն Կանոնադրությունը և Կոնվենցիան:

241. 4. Սույն Կանոնադրության և Կոնվենցիայի բնօրինակը` կազմված անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով, պահվում է Միության արխիվում: Գլխավոր քարտուղարը Միության յուրաքանչյուր Անդամին հայցված լեզվով ուղարկում է դրա հաստատված պատճենը:

242. 5. Սույն Կանոնադրության և Կոնվենցիայի տարբեր լեզուներով տեքստերի միջև տարաձայնությունների դեպքում գերակայում է ֆրանսերեն տեքստը:

Ի հաստատումն որի ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչները ստորագրեցին էլեկտրակապի Միջազգային Միության սույն Կանոնադրության բնօրինակը և էլեկտրակապի Միջազգային միության Կոնվենցիայի բնօրինակը:

Կատարված է Ժնև քաղաքում, 1992 թվականի դեկտեմբերի 22-ին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Էլեկտրակապի միջազգային միության սույն Կանոնադրությունում,

Կոնվենցիայում և Վարչական կանոնակարգերում օգտագործվող որոշ

հասկացությունների սահմանում

 

1001. Միության վերոնշյալ հիմնական փաստաթղթերի նպատակների համար հետևյալ հասկացություններն ունեն դրանց կից սահմանումներում պարունակվող իմաստը:

1002. Վարչակազմ` Ցանկացած կառավարական հիմնարկ կամ ծառայություն, որը պատասխանատու է էլեկտրակապի Միջազգային միության Կանոնադրությամբ, էլեկտրակապի Միջազգային միության Կոնվենցիայով և Վարչական կանոնակարգով պարտավորությունների կատարման համար:

1003. Վնասակար խանգարում` Ռադիոնավարկության ծառայության գործելուն կամ անվտանգության այլ ծառայություններին խանգարող խոչընդոտ, որը էապես վատթարացնում է որակը, բազմիցս ընդհատում, կամ դժվարացնում է ռադիոկապի ծառայության աշխատանքը:

1004. Հասարակական թղթակցություն` Էլեկտրակապի ցանկացած հաղորդում, որը բնակչության սպասարկման համար նախատեսված ձեռնարկությունները և կայանները պետք է ընդունեն` փոխանցման համար:

1005. Պատվիրակություն` բոլոր պատվիրակները, իսկ որոշ դեպքերում` ներկայացուցիչները, խորհրդականները, կցորդները կամ թարգմանիչները, որոնք ուղարկված են Միության միևնույն Անդամի կողմից:

Յուրաքանչյուր Միության Անդամ ազատ է իր պատվիրակության կազմն իր հայեցողությամբ ընտրելու մեջ: Մասնավորապես, այն կարող է որպես պատվիրակների, խորհրդականների կամ կցորդների դրանում ընդգրկել, կոնվենցիայի պատշաճ դրույթներին համապատասխան, դրա իրավունքն ունեցող ցանկացած միավորմանը կամ կազմակերպությանը պատկանող անձանց:

1006. Պատգամավոր` Միության Անդամի կառավարության կողմից Լիազոր համաժողով ուղարկված անձ, կամ Միության համաժողովում կամ ժողովում Միության Անդամի կառավարությունը կամ վարչությունը ներկայացնող անձ:

1007. Շահագործող կազմակերպություն` ցանկացած մասնավոր անձ, ընկերություն, ընկերակցություն կամ կառավարական կազմակերպություն, որը շահագործում է էլեկտրակապի միջազգային ծառայության ապահովման համար նախատեսված, կամ այդպիսի ծառայությանը վնասակար խանգարումներ պատճառելու ընդունակ էլեկտրակապի սարքավորում:

1008. Ճանաչված շահագործող կազմակերպություն` վերոնշյալ սահմանմանը համապատասխանող ցանկացած շահագործող կազմակերպություն, որը շահագործում է հասարակական թղթակցության կամ ռադիոհաղորդումների ծառայությունը և որի վրա սույն Կանոնադրության 6-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունները դրվում են Միության այն Անդամի կողմից, որի տարածքում տեղակայված է այդ կազմակերպության կառավարման մարմինը, կամ որին Միության Անդամը թույլատրել իր տարածքում էլեկտրակապի ծառայության տեղակայել և շահագործել:

1009. Ռադիոկապ` էլեկտրակապ, որը իրականացվում է ռադիոսարքերի միջոցով:

1010. Ռադիոհաղորդման ծառայություն` ռադիոկապի ծառայություն, որի հաղորդումները նախատեսված են բնակչության անմիջական ընդունման համար: Այդ ծառայությունը կարող է իրականացնել հնչյունների հաղորդում, հեռուստատեսային հաղորդում և հաղորդման այլ ձևեր:

1011. Էլեկտրակապի միջազգային ծառայություն` էլեկտրակապի ծառայություն` ցանկացած տիպի էլեկտրակապի ձեռնարկությունների կամ կայանների միջև, որոնք գտնվում են տարբեր երկրներում կամ պատկանում են տարբեր երկրների:

1012. Էլեկտրակապ` ցանկացած հաղորդում, ճառագայթում կամ նշանների, ազդանշանների, գրավոր տեքստի, պատկերների և հնչյունների ընդունման կամ ցանկացած ծագման հաղորդում` գծային, ռադիո, օպտիկական կամ այլ էլեկտրամագնիսական համակարգերով:

1013. Հեռագիր` գրավոր տեքստ` նախատեսված հեռագրատնով փոխանցման համար` հասցեատիրոջը հասցնելու նպատակով: Այս հասկացությունը ներառնում է նաև ռադիոհեռագրերը, եթե այլ բան հատկապես չի վերապահված:

1014. Էլեկտրակապի կառավարական հաղորդումներ` էլեկտրակապի հաղորդումներ, որոնք ծագում են`

* պետության ղեկավարից,

* կառավարության ղեկավարից կամ կառավարության անդամներից,

* ցամաքային, ծովային կամ օդային զինված ուժերի գլխավոր հրամանատարներից,

* դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցիչներից,

* Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարից, Միավորված ազգերի կազմակերպության հիմնական մարմինների ղեկավարներից,

* Միջազգային դատարանից,

կամ վերը հիշատակված էլեկտրակապի կառավարական հաղորդումների պատասխանները:

1015. Մասնավոր հեռագրեր` բացի կառավարական կամ ծառայական հեռագրերից, մնացած հեռագրերը:

1016. Հեռագրություն` Էլեկտրակապի տեսակ, որի դեպքում փոխանցվող տեղեկատվությունն ընդունման ժամանակ նախատեսված է գրանցման համար գրավոր փաստաթղթի տեսքով: Հաղորդված տեղեկատվությունն առանձին դեպքերում կարող է ներկայացվել այլ տեսքով կամ կարող է գրանցվել` հետագա օգտագործման համար:

Ծանոթություն` Տեղեկատվության կրող հանդիսացող գրավոր փաստաթուղթ, որի վրա մնայուն տեսքով արձանագրվում է տպագիր կամ ձեռագիր տեքստ կամ անհրաժեշտ պատկեր, որը կարող է կարվել և որին կարելի է անդրադառնալ հետագայում:

1017. Հեռախոսություն` էլեկտրակապի տեսակ` նախատեսված հիմնականում խոսքի տեսքով տեղեկատվության փոխանակման համար:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
''
22.12.1992
Միջազգային պայմանագիր