Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ԱՐՏԱԴՐՈՒՄԸ, ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ԱՐՏԱԴՐՈՒՄԸ, ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

Բ. Ստուգում

Ընդհանուր դրույթներ

 

12. 6-րդ հոդվածի 4-րդ կետում նախատեսված ստուգումը իրականացվում է տեղում տեսչական ստուգումների միջոցով այն հայտարարված արտադրական գոտիների, որոնցում գտնվում է մեկ կամ մի քանի ձեռնարկություն, որոնցում արտադրվել, վերամշակվել կամ սպառվել է յուրաքանչյուր տարվա ընթացքում նախորդ երեք օրացուցային տարիներից կամ ենթադրվում է արտադրել, վերամշակել կամ սպառել հաջորդ օրացուցային տարում.

ա) 10 կգ քիմիկատից ավելի, որը նշված է «*» նշանով 2-րդ ցուցակի Ա մասում,

բ) ցանկացած քիմիկատի 1 տոննայից ավելի, որը ներառված է 2-րդ ցուցակի Ա մասում, կամ

գ) 10 տոննա քիմիկատից ավելի, որը ներառված է 2-րդ ցուցակի Բ մասում:

13. Կազմակերպության ծրագիրը և բյուջեն, որոնք ընդունվում են Համաժողովի կողմից` 8-րդ հոդվածի 21.ա կետի համաձայն, պարունակում են առանձին խորագրով, սույն բաժնի համաձայն, ստուգման ծրագիրը և բյուջեն: Ռեսուրսների բաշխման ժամանակ, որոնք առանձնացվում են ստուգման համար, համաձայն 6-րդ հոդվածի, Տեխնիկական քարտուղարությունը առաջին երեք տարիների ընթացքում սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո առաջնային ուշադրություն է դարձնում արտադրական գոտիների առաջնային տեսչական ստուգումներին, որոնք հայտարարվում են համաձայն Ա մասի: Հետագայում այդպիսի բաշխումը ենթարկվում է վերանայման կուտակված փորձի հիման վրա:

14. Տեխնիկական քարտուղարությունը անց է կացնում նախնական տեսչական ստուգումներ և հետագա տեսչական ստուգումներ 15-22-րդ կետերի համաձայն:

 

Տեսչական ստուգումների նպատակները

 

15. Տեսչական ստուգումների ընդհանուր նպատակը կայանում է այն ստուգման մեջ, որ իրականացվող գործունեությունը համապատասխանում է սույն Կոնվենցիայով պարտավորություններին և համաձայնեցվում է տեղեկատվության հետ, որը ներկայացվում է հայտարարություններում: Տեսչական ստուգումների կոնկրետ նպատակները արտադրական գոտիներում, հայտարարվող Ա բաժնում, ներառում են.

ա) 1-ի ցուցակի ցանկացած քիմիկատի բացակայության և, հատկապես, դրա արտադրության ստուգումը` բացառությամբ արտադրության` սույն Հավելվածի 6-րդ մասի համաձայն,

բ) 2-րդ ցուցակի քիմիկատների արտադրության, վերամշակման կամ սպառման ծավալների հայտարարությունների համապատասխանությունը,

գ) 2-րդ ցուցակի քիմիկատների ուղղությունը չփոխելը սույն Կոնվենցիայով արգելված գործունեության:

 

Առաջնային տեսչական ստուգումներ

 

16. Յուրաքանչյուր արտադրական գոտի, որը ենթակա է տեսչական ստուգման` համաձայն 12 կետի, առաջնային ստուգումը ընդունում է հնարավորինս շուտ, բայց գերադասելի է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան երեք տարի հետո: Արտադրական գոտիները, որոնք հայտարարվում են այդ ժամանակահատվածից հետո, ընդունում են նախնական տեսչական ստուգումը ոչ ուշ, քան արտադրության, վերամշակման կամ սպառման առաջին հայտարարությունից մեկ տարի հետո: Արտադրական գոտիների ընտրությունը առաջնային տեսչական ստուգումների համար իրականացվում է Տեխնիկական քարտուղարության կողմից այնպես, որ բացառվի արտադրական գոտու տեսչական ստուգումների հստակ ժամկետների պարզումը:

17. Նախնական տեսչական ստուգման ընթացքում մշակվում է համաձայնագրի նախագիծ օբյեկտի տվյալ արտադրական գոտու համար, եթե տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը և Տեխնիկական քարտուղարությունը ձեռք չեն բերում համաձայնություն այն բանի առնչությամբ, որ դրանում անհրաժեշտություն չկա:

18. Ինչ վերաբերում է հետագա տեսչական ստուգումների հաճախականությանը և ինտենսիվությանը, ապա տեսուչները նախնական տեսչական ստուգման ընթացքում գնահատում են սույն Կոնվենցիայի առարկայի և նպատակի համար համապատասխան քիմիկատների ռիսկը, որոնք համապատասխանում են արտադրական գոտու առանձնահատկությանը, և այնտեղ իրականացվող գործունեության բնույթը` մնացյալի շարքում հաշվի առնելով հետևյալ չափանիշները.

ա) ցանկային քիմիկատների և դրանցից արտադրվող վերջնական արտադրանքների թունավորությունը, եթե այդպիսիք կան,

բ) ցանկային քիմիկատների քանակությունը, որոնք սովորաբար պահվում են տեսչական ստուգման վայրում,

գ) սկզբնական քիմիկատների քանակությունը ցանկային քիմիկատների արտադրության համար, որոնք սովորաբար պահվում են տեսչական ստուգման վայրում,

դ) 2-րդ ցուցակի ձեռնարկությունների արտադրական ներուժը, և

ե) տեսչական ստուգման վայրում թունավոր քիմիկատների արտադրության, պահպանման և լիցքավորման սկզբի համար վերասարքավորման հնարավորությունը և ներուժը:

 

Տեսչական ստուգումներ

 

19. Նախնական տեսչական ստուգումը ընդունելուց հետո յուրաքանչյուր արտադրական գոտի, որը ենթակա է տեսչական ստուգման, համաձայն 12-րդ կետի, ենթակա է հետագա տեսչական ստուգումների:

20. Կոնկրետ արտադրական գոտիների ընտրության ժամանակ տեսչական ստուգման համար և տեսչական ստուգումների հաճախականությունը և ինտենսիվությունը որոշելու համար Տեխնիկական քարտուղարությունը պատշաճորեն հաշվի է առնում համապատասխան քիմիկատի ռիսկը սույն Կոնվենցիայի առարկայի և նպատակի համար, արտադրական գոտու առանձնահատկությունները և այդտեղ իրականացվող գործունեության բնույթը` հաշվի առնելով օբյեկտի վերաբերյալ համապատասխան համաձայնագիրը, ինչպես նաև առաջնային և հետագա տեսչական ստուգումների արդյունքները:

21. Տեխնիկական քարտուղարությունը ընտրում է կոնկրետ արտադրական գոտի տեսչական ստուգման համար այնպես, որ բացառվեն դրա տեսչական ստուգման կոնկրետ օրերը:

22. Ոչ մի արտադրական գոտի չի ընդունում օրացուցային տարում երկու տեսչական ստուգումներից ավելի` սույն բաժնի դրույթների համաձայն: Սակայն դա չի սահմանափակում տեսչական ստուգումները` 9-րդ հոդվածին համապատասխան:

 

Տեսչական ստուգման ընթացակարգերը

 

23. Բացի համաձայնեցված հիմնական սկզբունքներից, սույն Հավելվածի այլ համապատասխան դրույթներից և Գաղտնիության Հավելվածից` կիրառվում են ներքոհիշյալ 24-30-րդ կետերը:

24. Ոչ ուշ, քան տեսչական ստուգման ավարտից 90 օր հետո տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության և Կազմակերպության միջև կնքվում է համաձայնագիր օբյեկտի վերաբերյալ հայտարարված արտադրական գոտու համար, եթե տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը և Տեխնիկական քարտուղարությունը ձեռք չեն բերում համաձայնություն այն բանի շուրջ, որ դրանում անհրաժեշտություն չկա: Օբյեկտի վերաբերյալ համաձայնագիրը կազմվում է տիպային համաձայնագրի հիման վրա և կարգավորում է տեսչական ստուգումների իրականացումը հայտարարված արտադրական գոտում: Այդ համաձայնագրում նշվում են տեսչական ստուգումների հաճախականությունը և ինտենսիվությունը, ինչպես նաև տեսչական ստուգման մանրամասն ընթացակարգերը, որոնք համատեղելի են 25-29-րդ կետերի հետ:

25. Տեսչական ստուգման առարկա է 2-րդ ցուցակի հայտարարված ձեռնարկությունը հայտարարված արտադրական գոտու սահմաններում: Եթե տեսչական խումբը հայցում է արտադրական գոտու այլ մասերի նկատմամբ ազատ մուտք, ապա այդ մուտքը տրամադրվում է սույն Հավելվածի 2-րդ մասի 51-րդ կետի համաձայն` պարզաբանումների տրման մասին պարտավորության համաձայն և համաձայն օբյեկտի վերաբերյալ համաձայնագրի կամ, օբյեկտի վերաբերյալ համաձայնագրի բացակայության դեպքում, կարգավորվող ազատ մուտքի կանոնների համաձայն, որոնք շարադրված են սույն Հավելվածի 10-րդ մասի Գ բաժնում:

26. Ապահովելու համար համոզմունքը հայտարարված քիմիկատի ուղղությունը փոխելու բացակայության մեջ և արտադրության համապատասխանությունը հայտարարություններին, համապատասխանաբար ազատ մուտք է թույլատրվում դեպի հաշվառման փաստաթղթերը:

27. Չհայտարարված ցանկային քիմիկատների բացակայության ստուգման նպատակով իրականացվում է նմուշների ընտրություն և անալիզ:

28. Տարածքները, որոնք ենթակա են տեսչական ստուգման, կարող են ներառել.

ա) սկզբնական քիմիկատները (ռեագենտների) տեղ հասցնելու կամ պահպանելու տարածքներ,

բ) այն տարածքները, որոնցում կատարվում են ռեագենտների հետ աշխատանքներ մինչև դրանց բարձումը ռեակցիոն տարաների մեջ,

գ) հումքի տրամադրման ուղիները «ա» կամ «բ» ենթակետերում համապատասխանաբար նշված տարածքներից ռեակցիոն տարաների մեջ համապատասխան փականների, ծախսաչափերի հետ մեկտեղ և այլն,

դ) ռեակցիոն տարաների արտաքին մասը և օժանդակ սարքավորումը,

ե) այն ուղիները, որոնք տանում են ռեակցիոն տարաներից դեպի կարճաժամկետ և երկարաժամկետ պահպանման պահեստներ կամ 2-րդ ցուցակի հայտարարված քիմիկատների հետագա վերամշակման սարքավորումներ,

զ) հսկողական սարքավորում, որը կապված է առարկաներից յուրաքանչյուրի հետ` համաձայն «ա»-ից «ե» ենթակետերի,

է) սարքավորում և տարածքներ արտանետվածքի և հոսքերի վերամշակման համար,

ը) առանձնահատկություններին չհամապատասխանող քիմիկատների հեռացման համար սարքավորումներ և տարածքներ:

29. Տեսչական ստուգման ժամանակահատվածը չի գերազանցում 96 ժամը, սակայն տեսչական խումբը և տեսչական ստուգման ենթարկվող պետությունը կարող են պայմանավորվել դրա երկարաձգումների մասին:

 

Ծանուցում տեսչական ստուգման մասին

 

30. Մասնակից պետությունը ծանուցվում է Տեխնիկական քարտուղարության կողմից տեսչական ստուգման մասին ոչ պակաս, քան տեսչական խմբի` տեսչական ստուգման ենթակա արտադրական գոտի ժամանելուց 48 ժամ առաջ:

 

Գ. Փոխանցումներ սույն Կոնվենցիայի մասնակից չհանդիսացող

պետություններին

 

31. 2-րդ ցուցակի քիմիկատների փոխանցումը կամ ստացումը իրականացվում է միայն մասնակից պետությունների միջև: Այդ պարտավորությունը ուժի մեջ է մտնում սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց երեք տարի հետո:

32. Այդ միջանկյալ եռամյա ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պետություն պահանջում է վերջնական սպառողից հավաստում, ինչպես դա նշված է ստորև, 2-րդ ցուցակի քիմիկատների` սույն Կոնվենցիայի մասնակից չհանդիսացող պետություններին փոխանցման վերաբերյալ: Այդպիսի փոխանցումների կապակցությամբ յուրաքանչյուր մասնակից պետություն ընդունում է անհրաժեշտ միջոցներ` ապահովելու, որ փոխանցվող քիմիկատները օգտագործվեն միայն սույն Կոնվենցիայով չարգելվող նպատակներով: Այլոց շարքում մասնակից պետությունը պահանջում է ստացող պետությունից հավաստում, որում փոխանցվող քիմիկատների կապակցությամբ նշվում է հետևյալը.

ա) դրանք կօգտագործվեն միայն սույն Կոնվենցիայով չարգելվող նպատակներով,

բ) դրանք չեն ենթարկվի հետագա փոխանցման,

գ) դրանց տեսակները և քանակությունը,

դ) դրանց վերջնական օգտագործումը, և

ե) վերջնական սպառողի(ների) անվանումը(ները) և հասցեն(ները):

 

Մաս 8

6-րդ հոդվածին համապատասխան` սույն Կոնվենցիայով չարգելվող

գործունեություն

 

Ռեժիմ 3-րդ ցանկի քիմիկատների և նման քիմիկատների հետ կապված

օբյեկտների համար

 

Ա. Հայտարարություններ

 

Միագումար ազգային տվյալների հայտարարություններ

 

1. 6-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան` մասնակից պետությունների տրամադրած նախնական և ամենամյա հայտարարությունները ներառում են միագումար ազգային տվյալներ նախորդ օրացուցային տարում 3-րդ ցանկի յուրաքանչյուր քիմիկատի` արտադրված, ներմուծված և արտահանված քանակների մասին, ինչպես նաև յուրաքանչյուր համապատասխան երկրի ներմուծման և արտահանման քանակական չափանիշները:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն տրամադրում է.

ա) 1-ին կետին համապատասխան` նախնական հայտարարություններ իր համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր հետո և սկսած հաջորդ օրացուցային տարուց,

բ) ամենամյա հայտարարություններ ոչ ուշ, քան նախորդ օրացուցային տարվա ավարտից 90 օր հետո:

 

3-րդ ցանկի քիմիկատներ արտադրող արտադրական գոտիների

հայտարարություններ

 

3. Նախնական և ամենամյա հայտարարությունները պահանջվում են բոլոր արտադրական գոտիների համար, որոնք ներառում են մեկ կամ ավել ձեռնարկություններ, որտեղ նախորդ օրացուցային տարում արտադրվել է կամ հաջորդ օրացուցային տարում ենթադրվում է արտադրել 3-րդ ցանկի 30 տոննայից ավել քիմիկատ:

4. Յուրաքանչյուր մասնակից պետություն ներկայացնում է.

ա) 3-րդ ցանկին համապատասխան` նախնական հայտարարություններ իր համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 30 օր հետո և սկսած հաջորդ օրացուցային տարուց,

բ) նախորդ գործունեության մասին ամենամյա հայտարարություններ ոչ ուշ, քան նախորդ օրացուցային տարվա ավարտից 90 օր հետո,

գ) ամենամյա հայտարարություններ ենթադրվող գործունեության մասին հաջորդ օրացուցային տարվա սկսվելուց ոչ ուշ, քան 60 օր առաջ: Ցանկացած նման գործունեություն, որը լրացուցիչ պլանավորվում է ամենամյա հայտարարության ներկայացումից հետո, հայտարարվում է ոչ ուշ, քան այդ գործունեությունը սկսելուց 5 օր առաջ:

5. 3-րդ կետին համապատասխան հայտարարությունները, որպես կանոն, չեն պահանջվում 3-րդ ցանկի քիմիկատների ցածր կոնցենտրացիա պարունակող խառնուրդների համար: Հիմնական սկզբունքներին համապատասխան` դրանք պահանջվում են միայն այն դեպքերում, երբ 3-րդ ցանկի քիմիկատի ստացման դյուրությունը այդ խառնուրդից և դրա ընդհանուր կշռային քանակությունը համարվում են իրենցից ռիսկ ներկայացնող սույն Կոնվենցիայի առարկայի և նպատակի համար: Այդ հիմնական սկզբունքները քննարկում և հաստատում է Համաժողովը` 8-րդ հոդվածի 21-րդ կետի i ենթակետին համապատասխան:

6. 3-րդ կետի համաձայն` արտադրական գոտիների հայտարարությունները ներառում են.

ա) արտադրական գոտու և այն շահագործող սեփականատիրոջ, ընկերության կամ ձեռնարկության անվանումը,

բ) դրա ճշգրիտ տեղակայումը, ներառյալ հասցեն, և

գ) արտադրական գոտու սահմաններում ձեռնարկությունների քանակը, որոնք հայտարարվում են սույն Հավելվածի 7-րդ մասի համաձայն:

7. Արտադրական գոտու հայտարարությունները, 3-րդ կետի համաձայն, ներառում են արտադրական գոտու սահմաններում տեղակայված և 3-րդ կետում նշված հատկորոշումներին համապատասխանող յուրաքանչյուր ձեռնարկության մասին հետևյալ տեղեկությունները.

ա) ձեռնարկության և այն շահագործող սեփականատիրոջ, ընկերության կամ ձեռնարկության անվանումը,

բ) արտադրական գոտու սահմաններում դրա ճշգրիտ տեղակայումը, ներառյալ շենքի կամ շինության կոնկրետ համարը, եթե դրանք առկա են,

գ) նրա հիմնական գործունեությունը:

8. Արտադրական գոտու հայտարարությունները, 3-րդ կետի համաձայն, նաև ներառում են 3-րդ ցանկի յուրաքանչյուր քիմիկատի վերաբերյալ հայտարարված շեմից ավել հետևյալ տեղեկությունները.

ա) քիմիական անվանումը, օբյեկտի կողմից օգտագործվող սովորական կամ առևտրային անվանումը, կառուցվածքային ձևաչափը և, «Քեմիքլ աբստրակտս սերվիսի»-ի համաձայն, գրանցման համարը, եթե այն շնորհվել է,

բ) նախորդ օրացուցային տարում քիմիկատի արտադրության մոտավոր ծավալը կամ, ենթադրվող գործունեության մասին հայտարարությունների դեպքում, հաջորդ օրացուցային տարում արտադրության ենթադրվող ծավալը, որն արտահայտվում է հետևյալ ծավալներով. 30-200 տոննա, 200-1000 տոննա, 1000-10000 տոննա, 10000-100000 տոննա և 100000 տոննայից բարձր, և

գ) նպատակները, որոնց համաձայն արտադրվել է կամ կարտադրվի քիմիկատը:

 

Քիմիական զենքի նպատակների համար 3-րդ ցանկի քիմիկատների նախկին

արտադրության մասին հայտարարություններ

 

9. Յուրաքանչյուր մասնակից պետություն իր համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր հետո հայտարարում է բոլոր այն արտադրական գոտիները, որոնք ներառում են քիմիական զենքի նպատակների համար 1946 թվականի հունվարի 1-ից ցանկացած ժամանակ 3-րդ ցանկի քիմիկատ արտադրող ձեռնարկություններ:

10. Արտադրական գոտու հայտարարությունները, 9-րդ կետի համաձայն, ներառում են.

ա) արտադրական գոտու և այն շահագործող սեփականատիրոջ, ընկերության կամ ձեռնարկության անվանումը,

բ) դրա ճշգրիտ տեղակայումը, ներառյալ հասցեն,

գ) արտադրական գոտու սահմաններում տեղակայված և 9-րդ կետում շարադրված հատկորոշումներին համապատասխանող յուրաքանչյուր ձեռնարկության մասին այն նույն տեղեկությունները, ինչ 7-րդ կետի «ա»-»գ» ենթակետերի համաձայն, և

դ) քիմիական զենքի նպատակների համար արտադրվող` 3-րդ ցանկի յուրաքանչյուր քիմիկատի համարը,

i) քիմիական անվանումը, քիմիական զենքի արտադրության նպատակների համար արտադրական գոտու կողմից օգտագործվող սովորական կամ առևտրային անվանումը, կառուցվածքային ձևաչափը և, «Քեմիքլ աբստրակտս սերվիսի»-ի համաձայն, գրանցման համարը, եթե այն շնորհվել է,

ii) քիմիկատի արտադրության տարեթիվը և արտադրված քանակությունը, և

iii) վայրը, որտեղ բերվել է քիմիկատը և այնտեղ արտադրված վերջնական արտադրանքը, եթե այն հայտնի է:

 

Մասնակից պետություններին տրամադրվող տեղեկությունները

 

11. Սույն բաժնի համաձայն հայտարարված արտադրական գոտիների ցանկը 6-րդ, 7.ա, 7.գ, 8.ա և 10-րդ կետերի համաձայն ներկայացվող տեղեկությունների հետ, համապատասխան խնդրանքով, Տեխնիկական քարտուղարությունը փոխանցում է մասնակից պետություններին:

 

Բ. Ստուգում

Ընդհանուր դրույթներ

 

12. 6-րդ հոդվածի 5-րդ կետում նախատեսված ստուգումը իրականացվում է այն արտադրական գոտիների վայրերում տեսչական ստուգումներ անցկացնելու միջոցով, որտեղ նախորդ օրացուցային տարվա ընթացքում արտադրվել է կամ ենթադրվում է հաջորդ օրացուցային տարում արտադրել 30 տոննա հայտարարված չափից ավելի, ընդհանուր առմամբ 3-րդ ցանկի ցանկացած քիմիկատի 200 տոննայից ավելի:

13. 8-րդ հոդվածի 21-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` Համաժողովի կողմից ընդունվող Կազմակերպության ծրագիրը և բյուջեն առանձին բաժնով պարունակում են ստուգման ծրագիրը և բյուջեն` հաշվի առնելով սույն Հավելվածի 7-րդ մասի 13-րդ կետը:

14. Սույն բաժնին համաձայն` Տեխնիկական քարտուղարությունը տեսչական ստուգում անցկացնելու համար իրականացնում է արտադրական գոտիների կամայական ընտրություն այնպիսի համապատասխան միջոցների միջոցով, ինչպիսիք են հատուկ մշակված համակարգչային ծրագրերը` հաշվի առնելով հետևյալ նշանակություն ունեցող գործոնները.

ա) տեսչական ստուգումների արդարացի աշխարհագրական բաշխումը, և

բ) Տեխնիկական քարտուղարության տրամադրության տակ եղած` հայտարարված արտադրական գոտիների վերաբերյալ տեղեկությունները վերաբերում են համապատասխան քիմիկատին, արտադրական գոտու առանձնահատկություններին և այնտեղ իրականացվող գործունեության բնույթին:

15. Ոչ մի արտադրական գոտի, սույն բաժնի դրույթներին համապատասխան, չի ընդունում տարեկան երկուսից ավելի տեսչական ստուգում: Սակայն դա չի սահմանափակում տեսչական ստուգումները` 9-րդ հոդվածին համաձայն:

16. Սույն բաժնին համապատասխան` տեսչական ստուգումների համար արտադրական գոտիների ընտրության դեպքում Տեխնիկական քարտուղարությունը, սույն մասի և սույն Հավելվածի 9-րդ մասի համաձայն, օրացուցային տարում մասնակից պետության կողմից ընդունվող տեսչական ստուգումների ընդհանուր թվի վերաբերյալ պահպանում է հետևյալ սահմանափակումը. տեսչական ստուգումների ընդհանուր թիվը չի գերազանցում երեք գումարած ինչպես սույն մասով, այնպես էլ սույն Հավելվածի 9-րդ մասին համաձայն մասնակից պետության կողմից հայտարարվող արտադրական գոտիների ընդհանուր թվի 5 տոկոսը կամ 20 տեսչական ստուգումներ` կախված նրանից, թե այդ թվերից որն է պակաս:

 

Տեսչական ստուգման նպատակները

 

17. Ա բաժնին համաձայն հայտարարվող արտադրական գոտիներում տեսչական ստուգումների ընդհանուր նպատակն է կատարվող գործունեության համատեղության` հայտարարություններում ներկայացվող տեղեկությունների հետ ստուգումը: Տեսչական ստուգումների կոնկրետ նպատակը կայանում է 1-ին ցանկի ցանկացած քիմիկատի բացակայության և հատկապես նրա արտադրության ստուգման մեջ` բացառությամբ սույն Հավելվածի 6-րդ մասի համապատասխան արտադրության:

 

Տեսչական ստուգման ընթացակարգերը

 

18. Բացի համաձայնեցված հիմնական սկզբունքներից, սույն Հավելվածի այլ համապատասխան դրույթներից և Գաղտնիության մասին Հավելվածից` կիրառվում են ներքոնշյալ 19-ից 25-րդ կետերը:

19. Օբյեկտի վերաբերյալ համաձայնագիրը չի կնքվում, եթե դրա մասին չի խնդրում տեսչության ենթարկվող մասնակից պետությունը:

20. Հայտարարված արտադրական գոտու սահմաններում տեսչական ստուգումների առարկա է(են) հանդիսանում 3-րդ ցանկի հայտարարված ձեռնարկությունը(ները): Եթե տեսչական խումբը, սույն Հավելվածի 2-րդ մասի 51-րդ կետին համապատասխան, անորոշությունները վերացնելու նպատակով արտադրական գոտու այլ մասեր մուտք գործելու թույլտվություն է խնդրում, ապա նման մուտք գործելու աստիճանը համաձայնեցվում է տեսչական խմբի և տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության միջև:

21. Տեսչական խումբը կարող է հաշվառման փաստաթղթերի հետ աշխատելու թույլտվություն ստանալ այն դեպքերում, երբ տեսչական խումբը և տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը համարեն, որ նման թույլտվությունը կնպաստի տեսչական ստուգման նպատակների ձեռքբերմանը:

22. Չհայտարարված ցանկային քիմիկատների բացակայության ստուգման համար տեղում կարող է կատարվել նմուշների ընտրություն և հետազոտում: Եթե անորոշությունները վերացնել չի հաջողվում, ապա նմուշները, տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության համաձայնությամբ, կարող են հետազոտման ենթարկվել օբյեկտի սահմաններից դուրս նշանակված լաբորատորիայում:

23. Տեսչական ստուգման ենթակա վայրերը կարող են ներառել.

ա) սկզբնական քիմիկատների (ռեակտիվների) տեղ հասցնելու կամ պահպանելու վայրերը,

բ) վայրերը, որտեղ աշխատանքներ են կատարվում ռեակտիվների հետ մինչև ռեակտիվային անոթ դրանք բեռնելը,

գ) համապատասխանաբար, «ա» և «բ» ենթակետերում նշված վայրերից ռեակտիվային անոթ հումքի մատակարարման հոսքեր ցանկացած այլ կլապանների, ծախսաչափերի հետ միասին,

դ) ռեակտիվային անոթների արտաքին մասը և օժանդակ սարքավորումները,

ե) ռեակտիվային անոթներից երկարաժամկետ կամ կարճաժամկետ պահպանման պահեստներ կամ սարքավորումներ տանող հոսքեր` 3-րդ ցանկի հայտարարված քիմիկատների հետագա վերամշակման համար,

զ) «ա»-ից «ե» ենթակետերին համաձայն` առարկաներից յուրաքանչյուրի հետ կապված հսկիչ սարքավորումը,

է) թափոնների և ջրհոսքերի վերամշակման համար սարքավորումը և վայրերը,

ը) առանձնահատկություններին չհամապատասխանող քիմիկատների վերացման համար սարքավորումը և վայրերը:

24. Տեսչական ստուգումների ժամանակահատվածը չի գերազանցում 24 ժամը. սակայն տեսչական խումբը և տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը կարող են պայմանավորվել այն երկարաձգելու մասին:

25. Տեխնիկական քարտուղարությունը տեսչական ստուգման մասին տեղեկացնում է մասնակից պետությանը` տեսչական ստուգման ենթակա արտադրական գոտի տեսչական խմբի ժամանելուց առնվազն 120 ժամ առաջ:

 

Գ. Սույն Կոնվենցիայի մասնակիցներ չհանդիսացող պետությունների

փոխանցումներ

 

26. Սույն Կոնվենցիայի մասնակիցներ չհանդիսացող պետություններին 3-րդ ցանկի քիմիկատների փոխանցման դեպքում յուրաքանչյուր մասնակից պետություն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ապահովելու համար, որ փոխանցվող նման քիմիկատները օգտագործվեն սույն Կոնվենցիայով չարգելված նպատակներով: Ի թիվս այլոց, մասնակից պետությունը ստացող մասնակից պետությունից պահանջում է վկայագիր, որտեղ փոխանցվող քիմիկատների հետ կապված նշվում է հետևյալը.

ա) դրանք կօգտագործվեն միայն սույն Կոնվենցիայով չարգելվող նպատակներով,

բ) դրանք չեն ենթարկվի հետագա փոխանցման,

գ) դրանց տեսակները և քանակները,

դ) դրանց վերջնական օգտագործումը, և

ե) վերջնական սպառողի անվանումը(ները) և հասցեն(ները):

27. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց 5 տարի հետո Համաժողովը քննարկում է սույն Կոնվենցիայի մասնակից չհանդիսացող պետություններին 3-րդ ցանկի քիմիկատների փոխանցումների առնչությամբ այլ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:

 

Մաս 9

6-րդ հոդվածին համապատասխան` սույն Կոնվենցիայով չարգելվող

գործունեություն

 

Ռեժիմ այլ քիմիական արտադրական օբյեկտների համար

 

Ա. Հայտարարություններ

 

Այլ քիմիական արտադրական օբյեկտների ցանկ

 

1. 6-րդ հոդվածի 7-րդ կետին համաձայն` յուրաքանչյուր մասնակից պետության կողմից տրամադրվող նախնական հայտարարությունը ներառում է բոլոր արտադրական գոտիների ցանկը, որոնք.

ա) նախորդ օրացուցային տարվա ընթացքում սինթեզի միջոցով արտադրել են 200 տոննա ոչ ցուցակային կոնկրետ օրգանական քիմիկատներ, կամ

բ) ներառում է մեկ կամ ավել ձեռնարկություններ, որտեղ նախորդ օրացուցային տարվա ընթացքում սինթեզի միջոցով արտադրվել է 30 տոննայից ավելի ոչ ցուցակային կոնկրետ օրգանական քիմիկատներ, որոնք պարունակում են ֆոսֆոր, ծծումբ կամ ֆտոր (այսուհետ` «ՖԾՖ-ձեռնարկություններ» և «ՖԾՖ-քիմիկատներ»):

2. 1-ին կետի համաձայն ներկայացման ենթակա այլ քիմիական արտադրական օբյեկտների ցանկը չի ներառում այն արտադրական գոտիները, որոնք արտադրում են բացառապես պայթուցիկ նյութեր կամ ածխաջրածիններ:

3. Յուրաքանչյուր մասնակից պետություն, 1-ին կետին համաձայն, որպես իր նախնական հայտարարության մաս` ներկայացնում է այլ քիմիական արտադրական օբյեկտների իր ցանկը սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր հետո: Յուրաքանչյուր մասնակից պետություն ոչ ուշ, քան յուրաքանչյուր օրացուցային տարվա սկսվելուց 90 օր հետո ամեն տարի ներկայացնում է ցանկի նորացման համար անհրաժեշտ տեղեկություններ:

4. 1-ին կետի համաձայն ներկայացման ենթակա այլ քիմիական արտադրական օբյեկտների ցանկը, ըստ յուրաքանչյուր արտադրական գոտու, ներառում է հետևյալ տեղեկությունները.

ա) արտադրական գոտու անվանումը և այն շահագործող սեփականատիրոջ, ընկերության կամ ձեռնարկության անունը,

բ) արտադրական գոտու ճշգրիտ տեղակայումը, ներառյալ դրա հասցեն,

գ) նրա հիմնական գործունեությունը, և

դ) արտադրական գոտու սահմաններում գտնվող` 1-ին կետում նշված քիմիկատներ արտադրող ձեռնարկությունների մոտավոր քանակը:

5. 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն` ցանկի մեջ ներառված արտադրական գոտիների առնչությամբ նման ցանկը նաև ներառում է նախորդ օրացուցային տարում ոչ ցուցակային կոնկրետ օրգանական քիմիկատների արտադրության մոտավոր հանրագումար ծավալի մասին տեղեկություններ, որոնք արտահայտվում են հետևյալ չափանիշների ծավալներով. մինչև 1000 տոննա, 1000-10000 տոննա և 10000 տոննայից ավել:

6. 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն` ցանկի մեջ ներառված արտադրական գոտիների առնչությամբ ցանկում նաև ներառվում է արտադրական գոտու շրջանակներում ՖԾՖ-ձեռնարկությունների քանակը, և տեղեկություններ են հրապարակվում նախորդ օրացուցային տարում յուրաքանչյուր ՖԾՖ ձեռնարկության արտադրած ՖԾՖ քիմիկատների արտադրության մոտավոր հանրագումար ծավալի մասին, որն արտահայտվում է հետևյալ ծավալներով. մինչև 200 տոննա, 200-1000 տոննա, 1000-10000 տոննա և 10000 տոննայից ավել:

 

Օգնություն Տեխնիկական քարտուղարության կողմից

 

7. Եթե մասնակից պետությունը վարչական բնույթի պատճառներով անհրաժեշտ է համարում դիմել օգնության` 1-ին կետին համաձայն քիմիական արտադրության օբյեկտների իր ցանկի կազմելու գործում, նա կարող է խնդրել Տեխնիկական քարտուղարությանը նման օգնություն տրամադրել: Այդ դեպքում ցանկի ամբողջության վերաբերյալ հարցերը կարգավորվում են մասնակից պետության և Տեխնիկական քարտուղարության միջև` խորհրդակցությունների միջոցով:

 

Մասնակից պետություններին տրամադրվող տեղեկություններ

 

8. 1-ին կետին համաձայն ներկայացվող այլ քիմիական արտադրական օբյեկտների ցանկերը, ներառյալ 4-րդ կետին համապատասխան ներկայացվող տեղեկությունները, համապատասխան խնդրանքով Տեխնիկական քարտուղարությունը փոխանցում է մասնակից պետություններին:

 

Բ. Ստուգում

Ընդհանուր դրույթներ

 

9. Հաշվի առնելով Գ բաժնի դրույթները` 6-րդ հոդվածի 6-րդ կետում նախատեսված ստուգումը իրականացվում է տեղում տեսչական ստուգում անցկացնելու միջոցով.

ա) 1-ին կետի «ա» ենթակետին համաձայն` ցանկում ներառված արտադրական գոտիներում,

բ) 1-ին կետի «բ» ենթակետին համաձայն` ցանկում ներառված արտադրական գոտիներում, որոնք ներառում են մեկ կամ ավելի ՖԾՖ ձեռնարկություններ, որտեղ նախորդ օրացուցային տարում արտադրվել են 200 տոննա ՖԾՖ քիմիկատներ:

10. 8-րդ հոդվածի 21-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Համաժողովի կողմից ընդունվող Կազմակերպության ծրագիրը և բյուջեն առանձին բաժնով պարունակում են սույն բաժնով ստուգման ծրագիրը և բյուջեն դրա իրականացումից հետո:

11. Սույն բաժնին համաձայն` Տեխնիկական քարտուղարությունը իրականացնում է տեսչական ստուգման համար արտադրական գոտիների կամայական ընտրություն այնպիսի համապատասխան մեխանիզմների միջոցով, ինչպիսիք են հատուկ մշակված համակարգչային ծրագրերի օգտագործումը` հաշվի առնելով նշանակություն ունեցող հետևյալ գործոնները.

ա) տեսչական ստուգումների արդարացի աշխարհագրական բաշխումը,

բ) ցանկում ներառված արտադրական գոտիների մասին Տեխնիկական քարտուղարության տրամադրության տակ եղած տեղեկությունները, որոնք վերաբերում են արտադրական գոտու առանձնահատկություններին և այնտեղ իրականացվող գործունեությանը, և

գ) 25-րդ կետին համապատասխան` համաձայնեցման ենթակա հիմքի վերաբերյալ մասնակից պետությունների առաջարկությունները:

12. Ոչ մի արտադրական գոտի, սույն բաժնի դրույթներին համապատասխան, չի ընդունում երկուսից ավել տեսչական ստուգումներ: Սակայն դա, 9-րդ հոդվածին համապատասխան, չի սահմանափակում տեսչական ստուգումների անցկացումը:

13. Սույն բաժնին համապատասխան` տեսչական ստուգում անցկացնելու համար արտադրական գոտիներ ընտրելիս Տեխնիկական քարտուղարությունը պահպանում է, սույն մասին և սույն Հավելվածի 8-րդ մասին համաձայն, օրացուցային տարում մասնակից պետության կողմից ընդունվող տեսչական ստուգումների հանրագումարի վերաբերյալ հետևյալ սահմանափակումը. տեսչական ստուգումների հանրագումարը չի գերազանցում 3 գումարած 5 տոկոս արտադրական գոտիների ընդհանուր թիվը, որոնք մասնակից պետությունը հայտարարում է ինչպես սույն մասին, այնպես էլ սույն Հավելվածի 8-րդ մասին համապատասխան, կամ 20 տեսչական ստուգում` կախված նրանից, թե այդ թվերից որն է պակաս:

 

Տեսչական ստուգման նպատակները

 

14. Ա բաժնին համապատասխան` ցանկերում ներառված արտադրական գոտիներում տեսչական ստուգումների ընդհանուր նպատակն է անցկացվող գործունեության համեմատության ստուգումը հայտարարություններում ներկայացվող տեղեկությունների հետ: Տեսչական ստուգումների կոնկրետ նպատակը կայանում է 1-ին ցանկի ցանկացած քիմիկատի և հատկապես դրա արտադրության բացակայության ստուգման մեջ` բացառությամբ սույն Հավելվածի 6-րդ մասին համապատասխան իրականացվող արտադրության:

 

Տեսչական ստուգման ընթացակարգերը

 

15. Բացի համաձայնեցված հիմնական սկզբունքներից, սույն Հավելվածի այլ համապատասխան դրույթներից և Գաղտնիության մասին Հավելվածից` կիրառվում են ներքոնշյալ 16-20-րդ կետերը:

16. Օբյեկտի վերաբերյալ համաձայնագիր չի կնքվում, եթե դրա մասին չի խնդրում տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը:

17. Տեսչական ստուգման համար ընտրված արտադրական գոտում տեսչական ստուգման առարկա է/են/ հանդիսանում այն ձեռնարկությունը/ները/, որոնք արտադրում են 1-ին կետում նշված քիմիկատներ և, մասնավորապես, ՖԾՖ ձեռնարկությունները, որոնք ներառվել են ցանկում` 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան: Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը իրավունք ունի կանոնակարգելու այդ ձեռնարկություններ մուտք գործելը` սույն Հավելվածի 10-րդ մասի Գ բաժնում շարադրված` կանոնակարգվող մուտք գործելու կանոններին համապատասխան: Եթե տեսչական խումբը, սույն Հավելվածի 2-րդ մասի 51-րդ կետին համապատասխան, արտադրական գոտու այլ մասեր մուտք գործելու հարցում է կատարում անորոշությունների վերացման նպատակով, ապա նման մուտք գործելու աստիճանը համաձայնեցվում է տեսչական խմբի և տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության միջև:

18. Տեսչական խումբը կարող է թույլտվություն ստանալ աշխատել հաշվառման փաստաթղթերի հետ այն դեպքերում, երբ տեսչական խումբը և տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը համարում են, որ նման թույլտվությունը կնպաստի տեսչական ստուգման նպատակների ձեռքբերմանը:

20. Տեսչական ստուգման ժամանակահատվածը չի գերազանցում 24 ժամը. սակայն տեսչական խումբը և տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը կարող են համաձայնության հասնել այն երկարաձգելու համար:

 

Ծանուցում տեսչական ստուգման մասին

 

21. Տեխնիկական քարտուղարությունը տեսչական ստուգման մասին ծանուցում է մասնակից պետությանը տեսչական ստուգման ենթակա արտադրական գոտի տեսչական խմբի ժամանելուց ոչ ուշ, քան 120 ժամ առաջ:

 

Գ. Բ բաժնի իրականացումը և քննարկումը

 

Իրականացում

 

22. Բ բաժնի իրականացումը սկսվում է սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո` չորրորդ տարվա սկզբում, եթե Համաժողովը այլ որոշում չի ընդունի իր հերթական նիստում սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո` երրորդ տարում:

23. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո` երրորդ տարում, Համաժողովի հերթական նիստի համար Գլխավոր տնօրենը պատրաստում է զեկույց, որը լուսաբանում է սույն Հավելվածի 7-րդ և 8-րդ մասերի, ինչպես նաև սույն մասի Ա բաժնի դրույթների կատարման Տեխնիկական քարտուղարության կուտակած փորձը:

24. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո` երրորդ տարում, Համաժողովը իր հերթական նիստում Գլխավոր տնօրենի զեկույցի հիման վրա կարող է նաև որոշում ընդունել «ՖԾՖ ձեռնարկությունների» և այլ քիմիական արտադրական օբյեկտների միջև Բ բաժնին համապատասխան ստուգման համար հատկացվող ռեսուրսների բաշխման վերաբերյալ: Հակառակ դեպքում նման բաշխումը մնում է Տեխնիկական քարտուղարության փորձագիտական քննարկման վրա և ներառվում է 11-րդ կետում նշված` նշանակություն ունեցող գործոնների թվում:

25. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո` երրորդ տարում, Համաժողովը իր հերթական նիստում, Գործադիր խորհրդի երաշխավորությամբ, որոշում է ընդունում այն բանի վերաբերյալ, թե ինչ հիմքով (օրինակ` տարածաշրջանային) պետք է ներկայացվեն մասնակից պետությունների առաջարկները տեսչական ստուգումների վերաբերյալ` նրա համար, որպեսզի հաշվի առնվեն որպես 11-րդ կետում նշված ընտրության գործընթացում նշանակություն ունեցող գործոններից մեկը:

 

Քննարկում

 

26. 8-րդ հոդվածի 22-րդ կետին համապատասխան հրավիրվող Համաժողովի առաջին հատուկ նիստում կատարվում է Ստուգման հավելվածի սույն մասի դրույթների վերանայում կուտակված փորձի հիման վրա քիմիական արդյունաբերության համար ստուգման ընդհանուր ռեժիմի համընդգրկուն վերանայման լույսի ներքո (6-րդ հոդված, սույն Հավելվածի 7-ից 9-րդ մասեր): Այնուհետև Համաժողովը երաշխավորություններ է տալիս ստուգման ռեժիմի արդյունավետությունը մեծացնելու համար:

 

Մաս 10

9-րդ հոդվածի համաձայն` հարցման հիման վրա կատարվող տեսչական

ստուգումներ

 

Ա. Տեսուչների և տեսուչների օգնականների նշանակումը և ընտրությունը

 

1. 9-րդ հոդվածի համաձայն` հարցման հիման վրա կատարվող տեսչական ստուգումները անցկացվում են հատուկ այդ նպատակով նշանակված տեսուչների և տեսուչների օգնականների կողմից: 9-րդ հոդվածին համաձայն` հարցման հիման վրա կատարվող տեսչական ստուգումների համար տեսուչների և տեսուչների օգնականների նշանակման նպատակով Գլխավոր տնօրենը կազմում է նշանակման ենթակա տեսուչների և տեսուչների օգնականների ցուցակը` նրանց ընտրելով սովորական տեսչական գործունեության համար նախատեսված տեսուչների և տեսուչների օգնականների կազմից: Նման ցուցակը ներառում է անհրաժեշտ որակավորում, փորձ, արհեստավարժություն և պատրաստություն ունեցող տեսուչների և տեսուչների օգնականների բավական մեծ կազմ` այն բանի համար, որ ճկուն մոտեցում ցուցաբերվի տեսուչների ընտրությանը` նրանց առկայության և ռոտացիայի անհրաժեշտության հաշվառմամբ: Պատշաճ ուշադրություն է հատկացվում նաև տեսուչների և տեսուչների օգնականների ընտրությանը առավել լայն աշխարհագրական հիմունքներով: Տեսուչների և տեսուչների օգնականների նշանակումը կատարվում է սույն Հավելվածի 2-րդ մասի Ա բաժնում նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

2. Գլխավոր տնօրենը որոշում է տեսչական խմբի կազմը և ընտրում խմբի անդամներին` հաշվի առնելով կոնկրետ հարցման հանգամանքները: Տեսչական խմբի կազմը հասցվում է նվազագույնի, որն անհրաժեշտ է տեսչական ստուգման մանդատի պատշաճ կատարման համար: Տեսչական խմբի անդամ չի կարող լինել հարցնող կամ տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության քաղաքացին:

 

Բ. Նախատեսչական գործունեություն

 

3. Տեսչական ստուգում անցկացնելու համար հարցում ներկայացնելուց առաջ հարցման հիման վրա անցկացվող տեսչական ստուգման առնչությամբ մասնակից պետությունը կարող է Գլխավոր տնօրենից հաստատում խնդրել, թե ի վիճակի՞ է Տեխնիկական քարտուղարությունը, հարցման հետ կապված, ձեռնարկել անհապաղ գործողություններ: Եթե Գլխավոր տնօրենը չի կարող անհապաղ տալ նման հաստատում, ապա դա նա անում է առաջին հնարավորության դեպքում` հաշվի առնելով հաստատման ենթակա հարցումների հերթականությունը: Գլխավոր տնօրենը նաև տեղեկացնում է մասնակից պետությանը այն մասին, թե երբ կարող է հնարավորություն ընձեռվել անհապաղ գործողություններ ձեռնարկելու համար: Եթե Գլխավոր տնօրենը հանգի այն եզրակացության, որ, հարցման հետ կապված, ժամանակին գործողությունները արդեն չեն կարող ձեռնարկվել, ապա նա կարող է խնդրել Գործադիր խորհրդին ձեռնարկել համապատասխան միջոցներ` ապագայում իրավիճակը բարելավելու համար:

 

Ծանուցում

 

4. Հարցման հիման վրա անցկացվող տեսչական ստուգման առնչությամբ տեսչական ստուգման համար հարցումը, որը ներկայացվում է Գործադիր խորհրդին և Գլխավոր տնօրենին, պարունակում է, առնվազն, հետևյալ տեղեկությունները.

ա) տեսչական ստուգման ենթակա մասնակից պետությունը և, եթե դա կիրառելի է, ընդունող պետությունը,

բ) մուտք գործելու օգտագործվող կետը,

գ) տեսչական ստուգման տեղի չափը և տեսակը,

դ) սույն Կոնվենցիայի հնարավոր չպահպանման վերաբերյալ մտահոգությունը, ներառյալ սույն Կոնվենցիայի համապատասխան դրույթների նշումը, որոնց հետ կապված ծագում է մտահոգությունը, և մտահոգությունը հնարավոր չպահպանման բնույթի և հանգամանքների վերաբերյալ, ինչպես նաև ողջ համապատասխան տեղեկատվությունը, որից ելնելով` ծագում է մտահոգությունը, և

ե) հարցնող մասնակից պետության դիտորդի ազգանունը:

Հարցնող մասնակից պետությունը կարող է տրամադրել ցանկացած լրացուցիչ տեղեկություն, որն ինքը անհրաժեշտ է համարում:

5. Գլխավոր տնօրենը մեկ ժամվա ընթացքում հարցնող մասնակից պետությանը հաստատում է նրա հարցումը ստանալու փաստը:

6. Հարցնող մասնակից պետությունը ժամանակին ծանուցում է Գլխավոր տնօրենին տեսչական ստուգման անցկացման վայրի մասին` նրա համար, որպեսզի Գլխավոր տնօրենը կարողանա տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությանը ներկայացնել այդ տեղեկությունը ոչ ուշ, քան մուտք գործելու կետ տեսչական խմբի պլանավորված ժամանումից 12 ժամ առաջ:

7. Տեսչության վայրը նշվում է հարցնող մասնակից պետության կողմից առավել ճշգրտորեն` վայրի սխեմայի ներկայացման միջոցով` կապված հաշվարկի կետին` աշխարհագրական կոորդինատների նշումով մոտակա վայրկյանի ճշգրտությամբ, եթե դա հնարավոր է: Հնարավորության սահմաններում հարցնող մասնակից պետությունը նաև տրամադրում է քարտեզ` տեսչության անցկացման վայրի ընդհանուր նշումով և տեսչության ենթակա վայրի հարցվող պարագծի, ըստ հնարավորության, առավել ճշգրիտ նշումով:

8. Հարցվող պարագիծը.

ա) անցնում է ցանկացած շենքի կամ այլ շինությունների արտաքին մասից առնվազն 10 մետր հեռավորության վրա,

բ) չի հատում գոյություն ունեցող պահպանվող գոտիները, և

գ) անցնում է գոյություն ունեցող ցանկացած պահպանվող գոտիների արտաքին մասից առնվազն 10 մետր հեռավորության վրա, որոնք հարցնող մասնակից պետությունը մտադիր է ներառել հարցվող պարագծի սահմանների մեջ:

9. Եթե հարցվող պարագիծը չի համապատասխանում 8-րդ կետում շարադրված բնութագրերին, ապա այն վերանայվում է տեսչական խմբի կողմից` նրա համար, որպեսզի համապատասխանեցվի այդ դրույթին:

10. Գլխավոր տնօրենը մուտք գործելու կետ տեսչական խմբի պլանավորված ժամանումից ոչ ուշ, քան 12 ժամ առաջ տեղեկացնում է Գործադիր խորհրդին տեսչական ստուգման ենթարկվող վայրի գտնվելու մասին, ինչպես դա նշված է 7-րդ կետում:

11. 10-րդ կետին համապատասխան` Գործադիր խորհրդին տեղեկացնելու հետ միաժամանակ Գլխավոր տնօրենը տեսչական ստուգում անցկացնելու հարցումը փոխանցում է տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությանը, ներառյալ տեսչական ստուգման գտնվելու վայրը, ինչպես դա նշված է 7-րդ կետում: Այդ ծանուցումը նաև ներառում է սույն Հավելվածի 2-րդ մասի 32-րդ կետում նշված տեղեկությունները:

12. Մուտք գործելու կետ տեսչական խմբի ժամանման պես տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը տեսչական խմբի կողմից տեղեկացվում է տեսչական ստուգում անցկացնելու մանդատի մասին:

 

Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության կամ ընդունող

պետության տարածք մուտք գործելը

 

13. 9-րդ հոդվածի 13-ից 18-րդ կետերին համապատասխան` տեսչական ստուգում անցկացնելու հարցում ստանալուց հետո Գլխավոր տնօրենը, որքան հնարավոր է շտապ, ուղարկում է տեսչական խումբ: Տեսչական խումբը, հնարավորինս սեղմ ժամկետներում, ժամանում է հարցումում նշված մուտք գործելու կետը` 10-րդ և 11-րդ կետերի դրույթներին համապատասխան:

14. Եթե հարցվող պարագիծը ընդունելի է տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության համար, ապա այն հնարավորինս շուտ սահմանվում է որպես վերջնական պարագիծ, սակայն ոչ ուշ, քան մուտք գործելու կետ տեսչական խմբի ժամանումից 24 ժամ հետո: Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը տեսչական խմբին հասցնում է տեսչական ստուգման վայրի վերջնական պարագծի մոտ: Եթե տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը համարում է դա անհրաժեշտ, ապա նման տեղ հասցնելը կարող է սկսվել վերջնական պարագծի որոշման համար սույն կետում սահմանված ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 12 ժամ առաջ: Տեղ հասցնելը ցանկացած դեպքում ավարտվում է մուտք գործելու կետ տեսչական խմբի ժամանումից հետո ոչ ուշ, քան 36 ժամ հետո:

15. Բոլոր հայտարարված օբյեկտների նկատմամբ կիրառվում են «ա» և «բ» կետերում շարադրված ընթացակարգերը: (Սույն մասի նպատակների համար «հայտարարված օբյեկտ» նշանակում է բոլոր օբյեկտները, որոնք հայտարարվում են 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներին համապատասխան: Ինչ վերաբերում է 6-րդ հոդվածին, ապա «հայտարարված օբյեկտ» նշանակում է միայն այն օբյեկտները, որոնք հայտարարվում են սույն Հավելվածի 6-րդ մասին համապատասխան, ինչպես նաև այն հայտարարվող ձեռնարկությունները, որոնք նշվում են հայտարարությունում` սույն Հավելվածի 7-րդ մասի 7-րդ և 10.գ և 8-րդ մասի 7-րդ և 10.գ կետերին համապատասխան):

ա) Եթե հարցվող պարագիծը տեղավորվում է հայտարարված պարագծում կամ համապատասխանում է դրան, ապա հայտարարված պարագիծը համարվում է վերջնական: Սակայն տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության համաձայնության առկայության դեպքում վերջնական պարագիծը կարող է փոքրացվել, որպեսզի համապատասխանեցվի հարցնող մասնակից պետության կողմից հարցվող պարագծին:

բ) Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը տեսչական խմբին հասցնում է վերջնական պարագծի մոտ հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն ցանկացած դեպքում նա ապահովում է խմբի ժամանումը պարագծի մոտ մուտք գործելու կետ տեսչական խմբի ժամանումից ոչ ուշ, քան 24 ժամ հետո:

 

Վերջնական պարագծի այլընտրանքային որոշումը

 

16. Մուտք գործելու կետում եթե տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը չի կարող ընդունել հարցվող պարագիծը, ապա նա հնարավորինս շուտ առաջարկում է այլընտրանքային պարագիծ, սակայն ամեն դեպքում մուտք գործելու կետ տեսչական խմբի ժամանելուց ոչ ուշ, քան 24 ժամ հետո: Տարակարծությունների դեպքում տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը և տեսչական խումբը բանակցություններ են սկսում` վերջնական պարագծի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու նպատակով:

17. Այլընտրանքային պարագիծը, 8-րդ կետին համապատասխան, պետք է սահմանվի որքան հնարավոր է կոնկրետ: Այն ներառում է ողջ հարցվող պարագիծը և, որպես կանոն, պետք է սերտորեն կապված լինի վերջինիս հետ` հաշվի առնելով վայրի բնական ռելիեֆը և արհեստական սահմանները: Սովորաբար այն պետք է անցնի շրջապատող պաշտպանական ցանկապատի մոտով, եթե նման ցանկապատ գոյություն ունի: Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը պետք է ձգտի պարագծերի միջև փոխկապակցվածության սահմանմանը` համակցելով, առնվազն, հետևյալ միջոցներից երկուսը.

ա) այլընտրանքային պարագիծ, որը չի ներառում հարցվող պարագծի տարածքը զգալիորեն գերազանցող տարածք,

բ) այլընտրանքային պարագիծ, որը հարցվող պարագծից գտնվում է ոչ մեծ միատեսակ հեռավորության վրա,

գ) հարցվող պարագծի առնվազն մի մասը երևում է այլընտրանքային պարագծից:

18. Եթե այլընտրանքային պարագիծը ընդունելի է տեսչական խմբի համար, ապա այն դառնում է վերջնական պարագիծ և տեսչական խումբը մուտք գործելու կետից հասցվում է այդ պարագծի մոտ: Եթե տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը համարում է դա անհրաժեշտ, ապա նման տեղ հասցնելը կարող է սկսվել 16-րդ կետում սահմանված այլընտրանքային պարագծի առաջարկման համար ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 12 ժամ առաջ: Տեղ հասցնելը ամեն դեպքում ավարտվում է մուտք գործելու կետ տեսչական խմբի ժամանելուց ոչ ուշ, քան 36 ժամ հետո:

19. Եթե վերջնական պարագիծը համաձայնեցված չէ, ապա պարագծի վերաբերյալ բանակցությունները ավարտվում են հնարավորինս շուտ, սակայն ոչ մի դեպքում չեն շարունակվում մուտք գործելու կետ տեսչական խմբի ժամանելուց ոչ ուշ, քան 24 ժամ: Եթե համաձայնություն չի կայացվում, ապա տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը տեսչական խմբին հասցնում է այլընտրանքային պարագծի մոտ: Եթե տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը համարում է դա անհրաժեշտ, ապա նման տեղ հասցնելը կարող է սկսվել 16-րդ կետում սահմանված այլընտրանքային պարագծի առաջարկման համար ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 12 ժամ առաջ: Տեղ հասցնելը ամեն դեպքում ավարտվում է մուտք գործելու կետ տեսչական խմբի ժամանելուց ոչ ուշ, քան 36 ժամ հետո:

20. Տեղ հասնելուն պես տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը տեսչական խմբին այլընտրանքային պարագիծ մուտք գործելու անհապաղ թույլտվություն է տրամադրում, որպեսզի դյուրացնի բանակցությունների անցկացումը և վերջնական պարագծի վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը և վերջնական պարագծի սահմաններ մուտք գործելը:

21. Եթե տեսչական խմբի տեղ ժամանելուց 72 ժամվա ընթացքում համաձայնություն չի կայացվել, ապա այլընտրանքային պարագիծը սահմանվում է որպես վերջնական պարագիծ:

 

Վայրի ստուգումը

 

22. Որպեսզի դյուրացվի տեսչական ստուգման վայրի համապատասխանությունը, որտեղ հասցվել է տեսչական խումբը, տեսչական ստուգման վայրին, որը նշված է հարցնող մասնակից պետության կողմից, տեսչական խումբը իրավունք ունի օգտագործելու գտնվելու վայրի որոշման հաստատված սարքավորումը, ինչպես նաև իրավունք ունի տեղադրելու նման սարքավորումներ` նրա ցուցումների համաձայն: Տեսչական խումբը կարող է ստուգել իր գտնվելու վայրը քարտեզներով սահմանված տեղի կողմնորոշիչների հետ ստուգելու միջոցով: Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը օգնում է խմբի անդամներին այդ խնդիրը իրականացնելու համար:

 

Տեղի պաշարումը. հսկողություն ելքի նկատմամբ

 

23. Ոչ ուշ, քան տեսչական խմբի` մուտքի կետ ժամանելուց 12 ժամ հետո տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը սկսում է փաստագրական տեղեկատվության հավաքումը հարցվող պարագծից բոլոր ցամաքային, օդային և ջրային տրանսպորտային միջոցների ելքի բոլոր կետերից ելքի վերաբերյալ ողջ գործունեության մասին: Նա ներկայացնում է այդ տեղեկատվությունը տեսչական խմբին նրա` այլընտրանքային կամ վերջնական պարագծին հասնելիս` կախված նրանից, թե ինչ տեղի կունենա առաջին հերթին:

24. Այդ պարտավորությունը կարող է կատարվել փաստագրական տեղեկատվություն հավաքելու միջոցով` ճամփորդական թերթերի, լուսանկարների, տեսաերիզների կամ տվյալների տեսքով, որոնք ստացվել են քիմիաինդիկացիոն սարքավորման օգնությամբ, որը ներկայացվում է տեսչական խմբին ելքի այդպիսի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: Որպես այլընտրանք` տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը կարող է նաև այդպիսի պարտավորության իրականացման կարգով թույլատրել տեսչական խմբի մեկ կամ մի քանի անդամներին ինքնուրույն լրացնել ճամփորդական թերթերը, կատարել լուսանկարահանումներ, դուրս եկող տրանսպորտային միջոցների տեսաձայնագրություններ կամ օգտագործել քիմիաինդիկացիոն սարքավորում և իրականացնել այլ գործունեություն, որը կարող է համաձայնեցվել տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության և տեսչական խմբի միջև:

25. Այլընտրանքային կամ վերջնական պարագծին տեսչական խմբի ժամանման պահին, կախված նրանից, թե որը տեղի կունենա առաջին հերթին, սկսվում է տեղի պաշարումը, որը նշանակում է տեսչական խմբի կողմից ելքի նկատմամբ ընթացակարգերի իրականացում:

26. Այդպիսի գործընթացները ներառում են` տրանսպորտի ելքերի սահմանում, ճանապարհային թերթերի լրացում, լուսանկարահանում և տեսչական խմբի կողմից տրանսպորտի ելքի և դուրս եկող տրանսպորտային միջոցների տեսաձայնագրությունների իրականացում: Տեսչական խումբը իրավունք ունի ուղեկցությամբ հաճախել պարագծի ցանկացած այլ մաս ելքի այլ գործունեության բացակայության ստուգման համար:

27. Ելքի նկատմամբ հսկողության գործունեության համար լրացուցիչ ընթացակարգերը, որոնք համաձայնեցվում են տեսչական խմբի և տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության կողմից, կարող են ներառել, ի թիվս այլոց, հետևյալը.

ա) դատչիկների օգտագործումը,

բ) ինքնակամորեն-սելեկցիոն մատչելիությունը,

գ) նմուշների հետազոտումը:

28. Տեղի պաշարման ողջ գործունեությունը և ելքի նկատմամբ հսկողությունը իրականացվում են պարագծի արտաքին կողմի երկայնությամբ` մինչև 50 մետր լայնքով գոտու սահմաններում, որը չափվում է արտաքին կողմից:

29. Տեսչական խումբը իրավունք ունի կանոնակարգվող մուտքի հիման վրա տեսչական ստուգման ենթարկել վայրի տարածքից դուրս եկող տրանսպորտային միջոցները: Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը ձեռնարկում է բոլոր բանական ջանքերը, որպեսզի տեսչական խմբին ցուցադրվի, որ տեսչական ստուգման ենթակա ցանկացած տրանսպորտային միջոց, որը տեսչական խմբին չի թույլատրվում ամբողջապես ստուգել, չի օգտագործվում տեսչական ստուգման անցկացման հարցումում նշված հնարավոր չպահպանման վերաբերյալ մտահոգությունների հետ կապված նպատակներով:

30. Վայրի տարածք ժամանող անձնակազմը և տրանսպորտային միջոցները, ինչպես նաև վայրի տարածքից դուրս եկող անձնակազմը և անհատական ուղևորատար տրանսպորտային միջոցները ենթակա չեն տեսչական ստուգման:

31. Վերոնշյալ ընթացակարգերի կիրառումը կարող է շարունակվել տեսչական ստուգման ընթացքում, սակայն այն չի կարող ոչ հիմնավորված ձևով խոչընդոտել կամ ուշացնել օբյեկտի նորմալ գործունեությանը:

 

Նախատեսչական հրահանգավորում և տեսչական ստուգման պլան

 

32. Տեսչական ստուգման պլանի մշակումը դյուրացնելու համար տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը նախքան մուտք տրամադրելը իրականացնում է անվտանգության տեխնիկայի և նյութատեխնիկական ապահովման գծով տեսչական խմբի հրահանգավորում:

33. Նախատեսչական հրահանգավորումը անցկացվում է սույն Հավելվածի 2-րդ մասի 37-րդ կետին համապատասխան: Նախատեսչական հրահանգավորման ընթացքում մասնակից պետությունը տեսչական խմբին կարող է մատնանշել այն սարքավորումները, փաստաթղթերը և տեղամասերը, որոնք ինքը զգայուն և հարցման հիման վրա անցկացվող տեսչության նպատակին առնչություն չունեցող է համարում: Բացի այդ` վայրի համար պատասխանատու անձնակազմը հրահանգավորում է խմբին վայրի տարածքային տեղադրության և այլ համապատասխան բնութագրերի մասին: Տեսչական խմբին է տրամադրվում մասշտաբային քարտեզ կամ սխեմա, որն արտացոլում է վայրի բոլոր շինությունները և կարևոր աշխարհագրական առանձնահատկությունները:

34. Նախատեսչական հրահանգավորումից հետո տեսչական խումբը իր տրամադրության տակ եղած համապատասխան տեղեկությունների հիման վրա պատրաստում է տեսչական ստուգման նախնական պլան` նշելով տեսչական խմբի կողմից իրականացման ենթակա գործողությունները, ներառյալ վայրի կոնկրետ մասերը, որտեղ մուտք գործելը ցանկալի է: Տեսչական ստուգման պլանում նաև նշվում է` տեսչական խումբը բաժանվելո՞ւ է ենթախմբերի, թե ոչ: Տեսչական ստուգման պլանը տրամադրվում է տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության և տեսչության վայրի ներկայացուցիչներին: Դրա իրագործումը համապատասխանում է Գ բաժնի դրույթներին, ներառյալ մուտք գործելուն և գործունեությանը վերաբերող դրույթները:

 

Գործունեություն պարագծի մասով

 

35. Վերջնական կամ այլընտրանքային պարագծի մոտ տեսչական խմբի ժամանելուն պես, կախված նրանից, թե որը առաջինը տեղի կունենա, խումբն իրավունք ունի, սույն բաժնում շարադրված ընթացակարգերին համապատասխան, պարագծի մոտ անհապաղ գործունեություն սկսել և շարունակել այդ գործունեությունը մինչև հարցման հիման վրա անցկացվող տեսչության ավարտը:

36. Պարագծով գործունեություն իրականացնելու ընթացքում տեսչական խումբը իրավունք ունի.

ա) սույն Հավելվածի 2-րդ մասի 27-ից 30-րդ կետերին համապատասխան` օգտագործել հսկիչ սարքեր,

բ) վերցնել ողողված հողի, օդի, հողի կամ հոսքերի նմուշները, և

գ) իրականացնել ցանկացած լրացուցիչ գործունեություն, որը կարող է համաձայնեցվել տեսչական խմբի և տեսչության ենթարկվող մասնակից պետության միջև:

37. Պարագծով տեսչական խմբի գործունեությունը կարող է իրականացվել պարագծի արտաքին կողմի սահմանի երկայնքով` մինչև 50 մետր լայնությամբ, որը չափվում է պարագծի արտաքին սահմանից: Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության համաձայնության առկայության դեպքում տեսչական խումբը կարող է մուտք գործելու թույլտվություն ստանալ պարագծի գոտու սահմաններում գտնվող ցանկացած շենք կամ շինություն: Հեռակառավարման հսկողության բոլոր միջոցները ուղղվում են դեպի ներս: Հայտարարվող օբյեկտների նկատմամբ կիրառելի նման գոտին, տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության հայեցողությամբ, կարող է անցնել հայտարարված պարագծի ներսով, դրսով կամ երկու կողմերով:

 

Գ. Տեսչական ստուգումների անցկացում

 

Ընդհանուր կանոններ

 

38. Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը մուտք է տրամադրում հայցվող պարագծի, ինչպես նաև, եթե դրանք տարբերվում են, վերջնական պարագծի սահմաններ: Կոնկրետ վայր կամ վայրեր մուտք գործելու աստիճանը և բնույթը այդ պարագծերի սահմաններում համաձայնեցվում են տեսչական խմբի և տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության միջև` կարգավորվող մուտքի հիման վրա:

39. Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը մուտք է տրամադրում հարցվող պարագծի սահմաններ որքան հնարավոր է շուտ, սակայն ամեն դեպքում ոչ ուշ, քան մուտք գործելու կետ տեսչական խմբի ժամանելուց 108 ժամ հետո` տեսչական ստուգման հարցումում նշված Կոնվենցիայի հնարավոր չպահպանման վերաբերյալ մտահոգության պարզաբանման նպատակով:

40. Տեսչական խմբի խնդրանքով` տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը կարող է տեսչական ստուգման վայր հասնելու համար օդային մուտք տրամադրել:

41. 38-րդ կետի համաձայն` մատչելիության տրամադրման մասին պահանջի բավարարման ժամանակ տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը պարտավոր է թույլատրել մատչելիության առավելագույն աստիճան` հաշվի առնելով ցանկացած սահմանադրական պարտավորություն, որն ինքը կարող է կրել սեփականության կամ խուզարկությունների իրավունքների և սեկվեստրների առնչությամբ: Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը չի կարող հղում կատարել սույն կետի դրույթներին` սույն Կոնվենցիայով արգելված գործունեությամբ զբաղվելու իր պարտավորությունների չկատարումը քողարկելու համար:

42. Եթե տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը լիովին չի թույլատրում մուտք գործել դեպի վայրեր, գործունեության նկատմամբ կամ տեղեկատվության մատչելիություն, ապա նա պարտավոր է ձեռնարկել բոլոր խելամիտ ջանքերը, որպեսզի ապահովի մտահոգության դրսևորման այլընտրանքային միջոցները հնարավոր չպահպանման առնչությամբ, որը հիմք է տվել տեսչական ստուգում հարուցել` ըստ հարցման:

43. 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների համաձայն` հայտարարվող օբյեկտների վերջնական պարագիծ ժամանելիս մուտքի թույլտվությունը տրվում է նախատեսչական հրահանգավորումից և տեսչական ստուգման ծրագրի քննարկումից հետո, որոնք բերվում են անհրաժեշտ նվազագույնի և ցանկացած դեպքում չեն գերազանցում երեք ժամը: 3-րդ հոդվածի 1.դ կետի համաձայն` հայտարարվող օբյեկտների նկատմամբ անց են կացվում բանակցություններ, և կարգավորվող մատչելիությունը սկսվում է ոչ ուշ, քան վերջնական պարագծին հասնելուց 12 ժամ հետո:

44. Հարցման հիման վրա տեսչական ստուգում անցկացնելիս, տեսչական ստուգման հարցման համաձայն, տեսչական խումբը օգտագործում է միայն այնպիսի մեթոդներ, որոնք անհրաժեշտ են բավարար, գործին առնչվող փաստերը պարզելու համար` սույն Կոնվենցիայի դրույթների հնարավոր չպահպանման առնչությամբ մտահոգությունը պարզելու նպատակով, և ձեռնպահ է մնում դրա հետ կապ չունեցող գործունեությունից: Նա հավաքում և փաստաթղթերով հիմնավորում է այնպիսի փաստերը, որոնք վերաբերում են սույն Կոնվենցիայի հնարավոր չպահպանմանը տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության կողմից, բայց չի փնտրում և փաստաթղթերով հիմնավորում այն տեղեկատվությունը, որը ակնհայտորեն կապ չունի դրա հետ, եթե այդ մասին ուղղակիորեն չի խնդրում տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը: Ցանկացած հավաքված նյութ, որը հետագայում կհամարվի գործին չվերաբերող, չի պահպանվում:

45. Տեսչական խումբը ղեկավարվում է հարցման հիման վրա տեսչական ստուգում իրականացնելու սկզբունքով, հնարավորինս քիչ ինտրուզիվ ձևով, որը համապատասխանում է նրա խնդրի արդյունավետ և ժամանակին կատարմանը: Ամեն անգամ, երբ դա հնարավոր է, նա սկսում է առավել քիչ ինտրուզիվ ընթացակարգերից, որոնք ինքը ընդունելի է համարում, և անցնում է ավելի ինտրուզիվ ընթացակարգերի միայն այն դեպքում, եթե համարում է դա անհրաժեշտ:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
''
13.01.1993
Միջազգային պայմանագիր