Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ԾՈՎՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԻՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԾՈՎՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԻՑ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ, ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՆԱՎԱԲԵԿՅԱԼՆԵՐԻ ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԾՈՎՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԻՑ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ, ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՆԱՎԱԲԵԿՅԱԼՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ներքոստորագրյալները, այն դիվանագիտական համաժողովում ներկայացված կառավարությունների լիազորները, որոնք 1949 թվականի ապրիլի 21-ից մինչև օգոստոսի 18-ը Ժնևում նիստեր էին գումարել` 1907 թվականի հոկտեմբերի 18-ի Հաագայի կոնվենցիան վերանայելու և 1906 թվականի Ժնևի կոնվենցիայի սկզբունքները ծովային պատերազմում կիրառելու նպատակով, կնքեցին հետևյալ համաձայնագիրը.

 

Գլուխ 1
Ընդհանուր դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 1

Կոնվենցիայի պահպանումը

 

Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են ցանկացած հանգամանքներում պահպանել և ստիպել պահպանելու սույն Կոնվենցիան:

 

ՀՈԴՎԱԾ 2

Կոնվենցիայի կիրառումը

 

Բացի այն որոշումներից, որոնք պետք է ուժի մեջ մտնեն դեռևս խաղաղ ժամանակ, սույն Կոնվենցիան կկիրառվի հայտարարված պատերազմի կամ ցանկացած այլ զինված ընդհարման դեպքում, որը ծագում է երկու կամ մի քանի Բարձր պայմանավորվող կողմերի միջև, անգամ եթե դրանցից մեկը չի ընդունում պատերազմական վիճակը:

Կոնվենցիան կկիրառվի նաև Բարձր պայմանավորվող կողմի ամբողջ տարածքի կամ դրա մի մասի գրավման բոլոր դեպքերում, անգամ եթե այդ գրավումը ոչ մի զինված դիմադրության չհանդիպի:

Եթե ընդհարման մեջ գտնվող տերություններից մեկը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակից, Կոնվենցիայի մասնակից տերություններն իրենց փոխհարաբերություններում, այնուամենայնիվ, կմնան նրանով կապված: Դրանից բացի, դրանք Կոնվենցիայով կապված կլինեն վերը նշված տերության վերաբերմամբ, եթե վերջինս ընդունում և կիրառում է Կոնվենցիայի դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 3

Միջազգային բնույթ չկրող ընդհարումները

 

Միջազգային բնույթ չկրող և Բարձր պայմանավորվող կողմերից մեկի տարածքում ծագող զինված ընդհարման դեպքում ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ պարտավոր է առնվազն կիրառել հետևյալ դրույթները.

1. Անձինք, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, ներառյալ զինված ուժերի կազմից այն անձինք, ովքեր զենքը վայր են դրել, ինչպես նաև նրանք, ովքեր դադարել են ռազմական գործողություններին մասնակցել` հիվանդության, վիրավորվելու, ձերբակալվելու կամ ցանկացած այլ պատճառով, պետք է բոլոր հանգամանքներում օգտվեն մարդասիրական վերաբերմունքից` առանց ռասայի, մաշկի գույնի, կրոնի կամ հավատի, սեռի, ծագման կամ գույքային դրության կամ ցանկացած այլ համանման չափանիշների պատճառներով որևէ աննպաստ տարբերակման:

Այդ նպատակով վերը նշված անձանց նկատմամբ արգելվում են և մշտապես ու ամենուրեք կարգելվեն հետևյալ գործողությունները.

ա) կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության դեմ ուղղված ոտնձգությունը, մասնավորապես, բոլոր տեսակի սպանությունները, խեղումները, դաժան վերաբերմունքը, խոշտանգումները և տանջահարությունը,

բ) պատանդ վերցնելը,

գ) անձի արժանապատվության դեմ ուղղված ոտնձգությունը, մասնավորապես, վիրավորական և նվաստացուցիչ վերաբերմունքը,

դ) դատապարտումը և պատժի կիրառումը` առանց քաղաքակիրթ ազգերի կողմից անհրաժեշտ ճանաչված դատական երաշխիքների առկայությամբ պատշաճ կերպով հիմնված դատարանի կայացրած նախնական դատական որոշման:

2. Վիրավորներին, հիվանդներին և նավաբեկյալներին կհավաքեն, և նրանց ցույց կտրվի օգնություն:

Որևէ անկողմնակալ մարդասիրական կազմակերպություն, ինչպիսին, օրինակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, կարող է իր ծառայություններն առաջարկել ընդհարման մեջ գտնվող կողմերին:

Դրանից բացի, ընդհարման մեջ գտնվող կողմերը կձգտեն հատուկ համաձայնագրերի միջոցով գործողության մեջ դնել սույն Կոնվենցիայի բոլոր մնացյալ դրույթները կամ դրանց մի մասը:

Նախորդ դրույթների կիրառումը չի շոշափի ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավական կարգավիճակը:

 

ՀՈԴՎԱԾ 4

Կիրառման ոլորտը

 

Ընդհարման մեջ գտնվող կողմերի ցամաքային և ծովային ուժերի միջև պատերազմական գործողությունների դեպքում սույն Կոնվենցիայի դրույթները կիրառվում են միայն նավերի վրա գտնվող ուժերի նկատմամբ:

Ափ դուրս եկած այդ ուժերի վրա անմիջապես տարածվում են 1949 թվականի օգոստոսի 12-ի «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին» Ժնևի կոնվենցիայի դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 5

Կիրառումը չեզոք տերությունների կողմից

 

Չեզոք տերությունները սույն Կոնվենցիայի դրույթները համանման ձևով կկիրառեն այն վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների, բժշկական և հոգևոր անձնակազմերի նկատմամբ, որոնք պատկանում են ընդհարման մեջ գտնվող կողմերի զինված ուժերին և որոնք ընդունվել կամ ներկալվել են իրենց տարածքում, ինչպես նաև հավաքված մահացածների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6

Հատուկ համաձայնագրերը

 

Բացի 10, 18, 31, 38, 39, 40, 43 և 53 հոդվածներով հատկապես նախատեսված համաձայնագրերից, Բարձր պայմանավորվող կողմերը կարող են կնքել ուրիշ հատուկ համաձայնագրեր որևէ հարցի առթիվ, որը նրանք նպատակահարմար կգտնեն կարգավորել առանձին: Ոչ մի հատուկ համաձայնագիր չպետք է վնաս հասցնի հիվանդների, վիրավորների և նավաբեկյալների, ինչպես նաև բժշկական և հոգևոր անձնակազմի` սույն Կոնվենցիայով սահմանված վիճակին, ոչ էլ սահմանափակի այդ Կոնվենցիայով նրանց տրամադրված իրավունքները:

Հիվանդները, վիրավորները և նավաբեկյալները, ինչպես նաև բժշկական և հոգևոր անձնակազմն այդ համաձայնագրերի արտոնություններից կշարունակեն օգտվել այնքան ժամանակ, քանի դեռ նրանց նկատմամբ կիրառելի կլինի Կոնվենցիան, բացի վերոհիշյալ կամ ավելի ուշ կնքված համաձայնագրերի մեջ հատուկ պարունակվող հակառակ դրույթների կամ հավասարապես, ընդհարման մեջ գտնվող կողմերից մեկի կամ մյուսի` նրանց նկատմամբ առավել նպաստավոր միջոցառումներ կիրառելու դեպքերի:

 

ՀՈԴՎԱԾ 7

Իրավունքների անօտարելիությունը

 

Հիվանդները, վիրավորները և նավաբեկյալները, ինչպես նաև բժշկական և հոգևոր անձնակազմը, ոչ մի դեպքում չեն կարող մասնակիորեն կամ լիովին հրաժարվել նախորդ հոդվածով նախատեսված այն իրավունքներից, որոնք նրանց համար ապահովում են սույն Կոնվենցիան կամ հատուկ համաձայնագրերը, եթե այդպիսիք գոյություն ունեն:

 

ՀՈԴՎԱԾ 8

Հովանավոր տերությունները

 

Սույն Կոնվենցիան կկիրառվի այն հովանավոր տերությունների աջակցությամբ և դրանց վերահսկողության ներքո, որոնց վրա է դրված ընդհարման մեջ գտնվող կողմերի շահերի պաշտպանությունը: Այդ նպատակով հովանավոր տերությունները կարող են, բացի իրենց դիվանագիտական կամ հյուպատոսական անձնակազմից, նշանակել պատվիրակներ իրենց սեփական քաղաքացիների կամ այլ չեզոք տերությունների քաղաքացիների թվից: Այդ պատվիրակների նշանակման համար պետք է ստացվի այն տերության համաձայնությունը, որին առընթեր նրանք պետք է կատարեն իրենց առաքելությունը: Ընդհարման մեջ գտնվող կողմերը, առավելագույն հնարավորության սահմաններում, կդյուրացնեն հովանավոր տերությունների ներկայացուցիչների կամ պատվիրակների աշխատանքը:

Հովանավոր տերությունների ներկայացուցիչները կամ պատվիրակները ոչ մի դեպքում չպետք է դուրս գան իրենց այն առաքելության շրջանակներից, որը սահմանված է սույն Կոնվենցիայով. նրանք, մասնավորապես, պետք է ուշադրության առնեն այն պետության անվտանգության անհետաձգելի կարիքները, որին առընթեր կատարում են իրենց գործառույթները: Միայն ռազմական անհետաձգելի պահանջները կարող են տալ նրանց գործողությունը ժամանակավորապես և բացառության կարգով սահմանափակելու իրավունք:

 

ՀՈԴՎԱԾ 9

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը

 

Սույն Կոնվենցիայի դրույթները խոչընդոտ չեն հանդիսանում այն մարդասիրական գործողությունների համար, որոնք Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կամ ցանկացած այլ անկողմնակալ մարդասիրական կազմակերպություն ընդհարման մեջ գտնվող շահագրգիռ կողմերի համաձայնությամբ կձեռնարկեն վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների, ինչպես նաև բժշկական և հոգևոր անձնակազմի պաշտպանության և նրանց օգնություն ցույց տալու համար:

 

ՀՈԴՎԱԾ 10

Հովանավոր տերությունների փոխարինորդները

 

Բարձր պայմանավորվող կողմերը ցանկացած ժամանակ կարող են համաձայնության գալ այն մասին, որպեսզի անկողմնակալության և արդյունավետության լիակատար երաշխիք ներկայացնող որևէ կազմակերպության վստահեն հովանավոր տերությունների վրա սույն Կոնվենցիայով դրվող պարտականությունները:

Եթե վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների կամ բժշկական և հոգևոր անձնակազմի վրա չի տարածվում կամ ինչ-որ պատճառով դադարել է տարածվել որևէ հովանավոր տերության կամ առաջին պարբերության մեջ նախատեսված կազմակերպության գործունեությունը, ապա այն տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք պետք է դիմի կամ որևէ չեզոք պետության կամ այդպիսի կազմակերպության` խնդրելով ստանձնել այն գործառույթները, որոնք ընդհարման մեջ գտնվող կողմերի նշանակած հովանավոր տերությունների կողմից կատարվում են սույն Կոնվենցիային համապատասխան:

Եթե չի հաջողվում նշված ձևով հովանավորություն իրականացնել, ապա տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, պետք է խնդրանքով դիմի որևէ մարդասիրական կազմակերպության, ինչպիսին է, օրինակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` կատարելու սույն Կոնվենցիայով հովանավոր տերությունների վրա դրված մարդասիրական պարտականությունները, կամ, սույն հոդվածի դրույթների հաշվառմամբ, ընդունի այդպիսի կազմակերպության` ծառայություն մատուցելու առաջարկությունը:

Յուրաքանչյուր չեզոք տերություն կամ յուրաքանչյուր կազմակերպություն, որը հրավիրվել է շահագրգիռ տերության կողմից կամ որն իրեն առաջարկել է վերը նշված նպատակների համար, պետք է գործի ընդհարման մեջ գտնվող այն կողմի նկատմամբ պատասխանատվության գիտակցումով, որի մոտ են գտնվում սույն Կոնվենցիայի պաշտպանությունից օգտվող անձինք և տրամադրի բավարար երաշխիքներ, որ ինքն ի վիճակի է ստանձնել համապատասխան գործառույթներ և դրանք կատարել անաչառ կերպով:

Նախորդ դրույթները չեն կարող խախտվել տերությունների միջև կնքված հատուկ համաձայնագրերով, եթե այդ տերություններից մեկը, պատերազմական իրադրության բերումով, անգամ ժամանակավորապես, սահմանափակված է մյուս տերության կամ դրա դաշնակիցների հետ ազատորեն բանակցություններ վարելու իր հնարավորություններում, հատկապես այն դեպքերում, երբ տվյալ տերության ամբողջ տարածքը կամ զգալի մասը գրավված է:

Ամեն անգամ, երբ սույն Կոնվենցիայի մեջ հիշատակվում է հովանավոր տերություն, այդ անվանումը սույն հոդվածի համաձայն նշանակում է նաև դրան փոխարինող կազմակերպություն:

 

ՀՈԴՎԱԾ 11

Տարաձայնությունների կարգավորման գործընթացը

 

Բոլոր դեպքերում, երբ նրանք դա օգտակար կհամարեն ի շահ հովանավորվող անձանց և, մասնավորապես, սույն Կոնվենցիայի դրույթների կիրառման կամ մեկնաբանման առթիվ ընդհարման մեջ գտնվող կողմերի միջև տարաձայնությունների դեպքում, հովանավոր տերություններն իրենց բարի ծառայությունները կմատուցեն` տարաձայնությունները կարգավորելու նպատակով:

Այդ նպատակով, հովանավոր տերություններից յուրաքանչյուրը, կողմերից որևէ մեկի խնդրանքով կամ սեփական նախաձեռնությամբ կարող է ընդհարման մեջ գտնվող կողմերին առաջարկել պատշաճ կերպով ընտրված հնարավոր չեզոք տարածքում կազմակերպելու նրանց ներկայացուցիչների և, մասնավորապես, այն իշխանությունների ներկայացուցիչների խորհրդակցություն, որոնց վրա է դրված վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների, ինչպես նաև բժշկական և հոգևոր անձնակազմի վիճակի նկատմամբ հոգատարությունը: Ընդհարման մեջ գտնվող կողմերը պարտավոր են ընթացք տալ այն առաջարկություններին, որոնք այդ առումով նրանց կարվեն: Անհրաժեշտության դեպքում հովանավոր տերությունները կարող են ընդհարման մեջ գտնվող կողմերի հավանությանը ներկայացնել չեզոք տերությանը պատկանող կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից որպես պատվիրակ ուղարկված անձին, որը կհրավիրվի մասնակցելու այդ խորհրդակցությանը:

 

Գլուխ 2
Վիրավորները, հիվանդները և նավաբեկյալները

 

ՀՈԴՎԱԾ 12

Պաշտպանությունը, վարվելակերպը և բուժօգնությունը

 

Զինված ուժերի անձնակազմը և հաջորդ հոդվածում նշված այլ անձինք, որոնք, ծովում գտնվելիս վիրավոր, հիվանդ կամ նավաբեկյալ կլինեն, բոլոր պարագաներում պետք է օգտվեն հովանավորությունից և պաշտպանությունից: Ընդ որում, «նավաբեկություն» տերմինը կիրառվում է ցանկացած նավաբեկության նկատմամբ, անկախ այն հանգամանքներից, որոնցում այն տեղի է ունեցել, այդ թվում` օդանավերի` ծովի վրա հարկադրական վայրէջք կատարելու կամ ծովն ընկնելու դեպքերում:

Ընդհարման մեջ գտնվող այն կողմը, որի իշխանության տակ կհայտնվեն նրանք, նրանց համար կապահովի մարդասիրական վերաբերմունք և խնամք` առանց այնպիսի խտրականության, ինչպիսիք են` սեռը, ռասան, ազգությունը, կրոնը, քաղաքական համոզմունքները կամ մյուս համանման չափանիշները: Խստիվ արգելվում է ոտնձգությունը նրանց կյանքի և անձի հանդեպ և, մասնավորապես, արգելվում է նրանց վերջ տալ կամ կոտորել, ենթարկել խոշտանգումների, նրանց վրա կատարել կենսաբանական փորձեր, միտումնավոր կերպով թողնել առանց բուժօգնության և խնամքի, կանխամտածված կերպով պայմաններ ստեղծել նրանց վարակման համար:

Բուժօգնություն ցուցաբերելու հերթականության մեջ առաջնահերթություն թույլատրվում է միայն անհետաձգելի բնույթի բժշկական պատճառներով:

Կանանց նկատմամբ կվարվեն նրանց սեռին պատշաճ առանձնահատուկ հարգանքով:

 

ՀՈԴՎԱԾ 13

Հովանավորվող անձինք

 

Սույն Կոնվենցիան կկիրառվի հետևյալ կատեգորիաներին պատկանող նավաբեկյալների, վիրավորների և հիվանդների նկատմամբ.

1. Ընդհարման մեջ գտնվող կողմի զինված ուժերի անձնակազմը, ինչպես նաև այդ զինված ուժերի կազմի մեջ մտնող աշխարհազորային և կամավորական ջոկատների անձնակազմը:

2. Մյուս աշխարհազորայինների և կամավորական ջոկատների անձնակազմը` ներառյալ դիմադրության կազմակերպված այն շարժումների անձնակազմը, որոնք պատկանում են ընդհարման մեջ գտնվող կողմին և գործում են իրենց սեփական տարածքում կամ դրանից դուրս, եթե անգամ այդ տարածքը գրավված է, եթե այդ աշխարհազորայինները և կամավորական ջոկատները, ներառյալ` դիմադրության կազմակերպված շարժումները, համապատասխանում են ներքոհիշյալ պայմաններին.

ա) ենթակաների համար ունեն պատասխանատու ղեկավար անձ,

բ) ունեն որոշակի և հեռվից պարզորոշ երևացող տարբերանշան,

գ) զենքը կրում են բացեիբաց,

դ) իրենց գործողություններում պահպանում են պատերազմի օրենքներն ու սովորույթները:

3. Այն կանոնավոր զինված ուժերի անձնակազմը, որն իրեն համարում է այն կառավարության կամ իշխանության ենթակայության տակ, որը չի ճանաչվել գերության մեջ պահող տերության կողմից:

4. Զինված ուժերի ետևից ընթացող, բայց անմիջականորեն դրանց կազմի մեջ չմտնող անձինք, ինչպես, օրինակ, ռազմական ինքնաթիռների անձնակազմի մեջ մտնող քաղաքացիական անձինք, զինվորական թղթակիցները, մատակարարները, աշխատանքային խմբերի և ծառայությունների անձնակազմը, որոնց վրա դրված է զինված ուժերի կենցաղային սպասարկումը, պայմանով, որ նրանք դրա թույլտվությունը ստացել են այն զինված ուժերի կողմից, որոնց նրանք ուղեկցում են:

5. Առևտրական նավատորմի նավերի անձնակազմերի անդամները, ներառյալ` նավապետները, նավատարներն ու նավի փոքրավորները, և ընդհարման մեջ գտնվող կողմերի քաղաքացիական ավիացիայի այն անձնակազմերի անդամները, որոնք միջազգային իրավունքի այլ դրույթների համաձայն չեն օգտվում առավել արտոնյալ ռեժիմից:

6. Չգրավված տարածքի բնակչությունը, որը հակառակորդի մոտենալուն համեմատ` տարերայնորեն զենք է վերցնում պայքարելու ներխուժող զորքերի դեմ, բայց դեռ չի հասցրել ձևավորվել որպես կանոնավոր զորք, եթե նա զենքը կրում է բացեիբաց և պահպանում պատերազմի օրենքներն ու սովորույթները:

 

ՀՈԴՎԱԾ 14

Հանձնումը մարտնչող կողմին

 

Մարտնչող կողմի ցանկացած ռազմանավ կարող է պահանջել հանձնել այն վիրավորներին, հիվանդներին կամ նավաբեկյալներին, որոնք գտնվում են ռազմական նավ-հոսպիտալների, փրկարար կազմակերպությունների կամ անհատ անձանց նավ-հոսպիտալների, ինչպես նաև առևտրանավերի, զբոսանավերի կամ փոքր նավերի վրա` ինչպիսին էլ լինի այդ նավերի ազգային պատկանելությունը, եթե վիրավորների և հիվանդների առողջական վիճակը թույլ է տալիս այդ հանձնումը, և եթե ռազմանավն ի վիճակի է ապահովել վերջիններիս բավարար բժշկական սպասարկումը:

 

ՀՈԴՎԱԾ 15

Չեզոք ռազմանավի կողմից վերցված վիրավորները

 

Եթե վիրավորները, հիվանդները կամ նավաբեկյալները վերցվել են չեզոք ռազմանավի կամ չեզոք ռազմական օդանավի կողմից, ապա հարկ է հոգալ, որպեսզի այն դեպքերում, երբ դա պահանջում է միջազգային իրավունքը, նրանք դարձյալ չմասնակցեն ռազմական գործողությունների:

 

ՀՈԴՎԱԾ 16

Հակառակորդի իշխանության տակ հայտնված վիրավորները

 

Հոդված 12-ի դրույթները հաշվի առնելով` պատերազմող կողմի` հակառակորդի իշխանության տակ հայտնված վիրավորները, հիվանդները և նավաբեկյալները կհամարվեն ռազմագերիներ, և նրանց նկատմամբ կկիրառվեն ռազմագերիներին վերաբերող միջազգային իրավունքի նորմերը: Գերեվարողն ըստ իր հայեցողության և նայած հանգամանքների կարող է որոշել` պահել նրանց, ուղարկել իր երկրի որևէ նավահանգիստ, չեզոք կամ նույնիսկ հակառակորդի որևէ նավահանգիստ: Վերջին դեպքում, իրենց երկրին հանձնված ռազմագերիները, պատերազմի ողջ ընթացքում չեն կարող մասնակցել ռազմական գործողություններին:

 

ՀՈԴՎԱԾ 17

Չեզոք նավահանգստում ափ իջեցված վիրավորները

 

Չեզոք նավահանգստում ափ իջած վիրավորները, հիվանդները և նավաբեկյալները, տեղական իշխանության համաձայնությամբ, եթե միայն չեզոք տերությունը հակառակ պայմանավորվածություն չունի պատերազմող տերությունների հետ, պետք է պահվեն չեզոք տերության կողմից այնպես, որպեսզի այն դեպքերում, երբ դա պահանջում է միջազգային իրավունքը, նրանք չկարողանան դարձյալ մասնակցել պատերազմական գործողություններին:

Հոսպիտալացման և ներկալման ծախսերն ընկնում են այն տերության վրա, որին պատկանում են հիվանդները, վիրավորները կամ նավաբեկյալները:

 

ՀՈԴՎԱԾ 18

Մարտից հետո տուժածների որոնումը

 

Յուրաքանչյուր մարտից հետո ընդհարման մեջ գտնվող կողմերը անհապաղ ձեռք կառնեն բոլոր հնարավոր միջոցները` որոնելու և հավաքելու համար նավաբեկյալներին, վիրավորներին և հիվանդներին, նրանց պաշտպանելու կողոպուտից ու վատ վերաբերմունքից և նրանց ապահովելու անհրաժեշտ խնամքով, ինչպես նաև որոնելու մահացածներին և թույլ չտալու դիակապտություն:

Ամեն անգամ, երբ հանգամանքները թույլ են տալիս, ընդհարման մեջ գտնվող կողմերը տեղական համաձայնություն կկնքեն` պաշարված կամ շրջափակված գոտուց վիրավորներին ու հիվանդներին ծովով տարահանելու, ինչպես նաև այդ գոտի` բժշկական և հոգևոր անձնակազմի և սանիտարական միջոցների անցկացման վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 19

Տվյալների գրանցումը և հաղորդումը

 

Ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է հնարավոր ամենակարճ ժամկետում գրանցեն հակառակորդ կողմի` իրենց ձեռքն ընկած նավաբեկյալների, հիվանդների, վիրավորների և մահացածների ինքնությունը պարզելուն նպաստող բոլոր տվյալները:

Այդ տեղեկությունները պետք է, ըստ հնարավորին, արտացոլեն հետևյալ տվյալները.

ա) տերությունը, որին պատկանում է տվյալ անձը,

բ) զինվորական կամ անձնական համարը,

գ) ազգանունը,

դ) անունը կամ անունները,

ե) ծննդյան թիվը,

զ) անձնական վկայականի մեջ կամ ճանաչման մեդալիոնի վրա նշված մյուս բոլոր տեղեկությունները,

է) գերի ընկնելու կամ մահվան թվականը և տեղը,

ը) վիրավորվելուն, հիվանդությանը կամ մահվան պատճառներին վերաբերող տեղեկությունները:

Վերը հիշատակված տվյալները պետք է, ըստ հնարավորին, արագորեն հասցվեն «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 122 հոդվածով նախատեսված տեղեկատու բյուրոյի գիտությանը, որը հովանավոր տերության և ռազմագերիների գործերի կենտրոնական գործակալության միջնորդությամբ այդ տեղեկությունները կհանձնի այն տերությանը, որին, պատկանում է այդ անձը:

Ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է պատրաստեն և այդ նույն բյուրոյի միջնորդությամբ միմյանց ուղարկեն մահվան վկայականները կամ մահացածների` հարկ եղածին պես հաստատված ցուցակները: Նրանք կհավաքեն և նույն բյուրոյի միջնորդությամբ միմյանց կհանձնեն կրկնակի ճանաչման մեդալիոնի կեսը, կամ մեդալիոնն ինքը, եթե այն սովորական է, կտակները և մահացածի ընտանիքի համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթերը, դրամը և, առհասարակ, մահացածի մոտ գտնված բոլոր այն առարկաները, որոնք ունեն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ արժեք: Այդ, ինչպես նաև չճանաչված իրերը, կուղարկվեն կնքված փաթեթներով, որոնց կհավելվեն դրանց մահացած տերերի ինքնությունը պարզելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները բովանդակող հայտարարությունը և փաթեթների պարունակության լրիվ ցանկը:

 

ՀՈԴՎԱԾ 20

Վերաբերմունքը մահացածների նկատմամբ

 

Ընդհարման մեջ գտնվող կողմերն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն, որպեսզի մահացածների ջրասուզումը տեղի ունենա որքան հնարավոր է անհատապես և որպեսզի դրան նախորդի աճյունների ուշադիր և հնարավորության դեպքում` բժշկական զննում` մահվան արձանագրման, ինքնության հաստատման և հաշվետվություն ներկայացնելու նպատակով: Այն դեպքերում, երբ օգտագործվում է ճանաչման կրկնակի մեդալիոն, նշանի կեսը պետք է մնա դիակի վրա:

Եթե մահացածներն ափ են իջեցվել, ապա նրանց նկատմամբ պետք է կիրառվեն «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 21

Կոչ` չեզոք նավերին

 

Ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են մարդասիրության կոչով դիմել չեզոք առևտրական նավերի, զբոսանավերի և փոքր նավերի նավապետներին, որպեսզի վերջիններս իրենց նավի վրա վերցնեն և խնամեն վիրավորներին, հիվանդներին կամ նավաբեկյալներին, ինչպես նաև հավաքեն մահացածներին:

Բոլոր տեսակի նավերը, որոնք կարձագանքեն այդ կոչին, ինչպես նաև նրանք, որոնք իրենց նախաձեռնությամբ կհավաքեն վիրավորներին, հիվանդներին ու նավաբեկյալներին, կօգտվեն առանձնահատուկ պաշտպանությունից և օժանդակությունից` իրենց օգնության առաքելությունը կատարելու համար:

Ոչ մի դեպքում դրանք չեն կարող զավթվել նման փոխադրման համար, սակայն, եթե նրանց այլ բան չի խոստացվել, նրանք կարող են զավթվել չեզոքության խախտման համար, որ նրանք կարող են կատարել:

 

Գլուխ 3
Նավ-հոսպիտալները

 

ՀՈԴՎԱԾ 22

Ռազմական նավ-հոսպիտալների ծանուցումը և պաշտպանությունը

 

Ռազմական նավ-հոսպիտալները, այսինքն այն նավերը, որոնք տերությունների կողմից կառուցվել կամ սարքավորվել են հատկապես կամ միմիայն վիրավորներին, հիվանդներին և նավաբեկյալներին օգնություն և բուժօգնություն ցույց տալու և տեղափոխելու նպատակով, ոչ մի դեպքում չեն կարող հարձակման կամ զավթման ենթարկվել, այլ մշտապես պետք է օգտվեն հարգանքից և պաշտպանությունից, պայմանով, որ դրանց անվանումները և բնութագրերը հաղորդվեն ընդհարման մեջ գտնվող կողմերին` գործածությունից 10 օր առաջ:

Հաղորդման մեջ բովանդակվող տվյալներում պետք է նշվեն գրանցված բրուտտո-տոննաժը, նավի երկարությունը նավաքթից մինչև նավախել և կայմերի ու ծխնելույզների թիվը:

 

ՀՈԴՎԱԾ 23

Ափամերձ սանիտարական հաստատությունների պաշտպանությունը

 

Ափամերձ հաստատությունները, որոնք գտնվում են 1949 թվականի օգոստոսի 12-ի «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին» Ժնևի կոնվենցիայի հովանու ներքո, չպետք է ծովի կողմից հարձակման կամ գնդակոծման ենթարկվեն:

 

ՀՈԴՎԱԾ 24

Փրկարար ընկերությունների և մասնավոր անձանց նավ-հոսպիտալները:

I. Ընդհարման կողմին պատկանող

 

Կարմիր խաչի ազգային ընկերությունների, պաշտոնական ճանաչում ունեցող փրկարար ընկերությունների կամ մասնավոր անձանց կողմից օգտագործվող նավ-հոսպիտալներն օգտվում են նույն հովանավորությունից, ինչ ռազմական նավ-հոսպիտալները և չեն կարող զավթման ենթարկվել, եթե ընդհարման մեջ գտնվող կողմը, որից նրանք կախված են, նրանց պաշտոնական առաջադրանք է տվել, և եթե հոդված 22-ում նախատեսված պայմանները կատարվել են:

Այս նավերը պետք է ունենան համապատասխան իշխանություններից տրված փաստաթուղթ, որը հավաստի, որ նրանց զինավորումը և մեկնումը կատարվել է տվյալ մարմնի հսկողության ներքո:

 

ՀՈԴՎԱԾ 25

II. Չեզոք երկրներին պատկանող

 

Չեզոք երկրների Կարմիր խաչի ազգային ընկերությունների, պաշտոնական ճանաչում ունեցող փրկարար ընկերությունների կամ մասնավոր անձանց կողմից օգտագործվող նավ-հոսպիտալներն օգտվում են նույն հովանավորությունից, ինչ ռազմական նավ-հոսպիտալները և չեն կարող զավթման ենթարկվել` պայմանով, որ նրանք իրենց դնեն ընդհարման մեջ գտնվող կողմերից մեկի ենթակայության տակ` իրենց պետության նախնական համաձայնությամբ և տվյալ կողմի թույլտվությամբ, և եթե ապահովեն հոդված 22-ում նախատեսված պահանջները:

 

ՀՈԴՎԱԾ 26

Տոննաժը

 

22, 24, 25 հոդվածներով նախատեսված հովանավորությունը տարածվում է ցանկացած տոննաժի նավ-հոսպիտալների, նրանց փրկարար մակույկների վրա` անկախ նրանց գտնվելու վայրից: Այնուամենայնիվ առավելագույն հարմարավետության և ապահովության նպատակով ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է ջանան վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների փոխադրումը մեծ հեռավորություններով և բաց ծովով կազմակերպել 2000 բրուտտո-տոննայից ավելի ջրատարողությամբ նավ-հոսպիտալներով:

 

ՀՈԴՎԱԾ 27

Մերձափնյա փրկարար նավակները

 

Նույն պայմաններով, որոնք նախատեսված են 22 և 24 հոդվածներով, փոքր նավերը, որոնք օգտագործվում են պետության կամ պաշտոնապես ճանաչված փրկարար ընկերությունների կողմից` մերձափնյա փրկարար գործողությունների ժամանակ, նույնպես օգտվում են հարգանքից և հովանավորությունից այն չափով, որչափով թույլ են տալիս օպերատիվ պահանջները:

Նույն բանը հնարավորության սահմաններում վերաբերում է մշտական ափամերձ կառույցներին, որոնցից բացառապես օգտվում են փոքր նավերը` իրենց մարդասիրական գործողությունների կատարման ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 28

Նավերի լազարեթների պաշտպանությունը

 

Ռազմանավերի վրա մարտի ընթացքում հարկ է լազարեթները հնարավորության սահմաններում պահպանել և խնայել: Այս լազարեթները և նրանց սարքավորումները ենթարկվում են պատերազմական օրենքների գործողությանը, սակայն չեն կարող այլ նպատակի ծառայել, քանի դեռ դրանք անհրաժեշտ են վիրավորներին և հիվանդներին: Այնուամենայնիվ հրամանատարը, որին դրանք ենթարկվում են, կարող է դրանք տնօրինել անհապաղ ռազմական անհրաժեշտության դեպքում` նախապես ապահովելով այնտեղ բուժվող վիրավորների և հիվանդների վիճակը:

 

ՀՈԴՎԱԾ 29

Գրավյալ նավահանգստում հայտնված նավ-հոսպիտալը

 

Ամեն նավ-հոսպիտալ, որ գտնվում է թշնամու տիրապետության տակ անցած նավահանգստում, պետք է թույլտվություն ստանա դուրս գալ այդ նավահանգստից:

 

ՀՈԴՎԱԾ 30

Նավ-հոսպիտալների և նավակների օգտագործումը

 

22, 24, 25 և 27 հոդվածներում նշված նավերն օգնություն և աջակցություն են ցույց տալիս վիրավորներին, հիվանդներին և նավաբեկյալներին` առանց ազգային խտրականության:

Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են այս նավերը չօգտագործել որևէ ռազմական նպատակով:

Այս նավերը ոչ մի կերպ չպետք է խանգարեն մարտնչող կողմերի շարժումներին:

Մարտի ընթացքում և դրանից հետո նրանք գործում են ըստ իրենց պատասխանատվության:

 

ՀՈԴՎԱԾ 31

Վերահսկողության և այցի իրավունքը

 

Ընդհարման մեջ գտնվող կողմերն իրավունք ունեն վերահսկելու և զննելու 22, 24, 25 և 27 հոդվածներում նշված նավերը: Նրանք կարող են հրաժարվել այդ նավերի օգնությունից, նրանց հրամայել հեռանալ, նրանց պարտադրել հետևելու որոշակի ուղղության, վերահսկողություն սահմանել նրանց ռադիոսարքավորումների և կապի մյուս միջոցների նկատմամբ և նույնիսկ նրանց պահել առավելագույնը 7 օր` զննման պահից սկսած, եթե իրավիճակի բարդությունն այդ է պահանջում:

Նրանք կարող են ժամանակավորապես նավի վրա կոմիսար նշանակել, որի միակ պարտականությունը կլինի հսկել նախորդ պարբերությունում նշված դրույթների հիման վրա տրված հրամանների կատարմանը:

Հնարավորության սահմաններում ընդհարման մեջ գտնվող կողմերը նավ-հոսպիտալի նավապետին հասկանալի լեզվով նավ-հոսպիտալի մատյանում կնշեն այն հրամանները, որ իրենք նրան կտան:

Ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են միակողմանիորեն կամ հատուկ համաձայնությամբ իրենց նավ-հոսպիտալների վրա նշանակել չեզոք դիտորդներ, որոնք արձանագրեն սույն Կոնվենցիայի դրույթների հստակ կիրառումը:

 

ՀՈԴՎԱԾ 32

Չեզոք նավահանգստում գտնվելը

 

22, 24, 25 և 27 հոդվածներում նշված նավերը չեն հավասարեցվում ռազմական նավերին` չեզոք նավահանգստում նրանց գտնվելու առումով:

 

ՀՈԴՎԱԾ 33

Նավ-հոսպիտալների վերածված առևտրական նավերը

 

Առևտրական նավերը, որոնք կվերածվեն նավ-հոսպիտալների, չեն կարող այլ նպատակներով օգտագործվել պատերազմական գործողությունների ողջ ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 34

Հովանավորության դադարեցումը

 

Նավ-հոսպիտալների և նավերի լազարեթների վրա տարածվող հովանավորությունը կարող է դադարեցվել միայն այն դեպքում, եթե դրանք օգտագործվեն իրենց մարդասիրական պարտականություններից բացի այնպիսի գործողություններում, որոնք ուղղված լինեն հակառակորդի դեմ: Սակայն այդ հովանավորությունը կդադարի միայն համապատասխան զգուշացումից հետո, որը, բոլոր անհրաժեշտ դեպքերում, կսահմանի խելամիտ ժամկետ և այն բանից հետո, երբ այն արդյունք չտա:

Մասնավորապես նավ-հոսպիտալները չեն կարող գաղտնի կոդ ունենալ իրենց ռադիոհաղորդիչի կամ ցանկացած այլ կապի միջոցի համար:

 

ՀՈԴՎԱԾ 35

Հանգամանքները, որոնք հովանավորության դադարեցման հիմք չեն կարող

լինել

 

Որպես նավ-հոսպիտալները կամ նավի լազարեթները անհրաժեշտ հովանավորությունից զրկող հանգամանքներ չեն դիտարկվի.

1) այն փաստը, որ նավի կամ լազարեթի անձնակազմը զինված է և զենքն օգտագործում է կարգուկանոնի պահպանման, ինքնապաշտպանության կամ վիրավորներին ու հիվանդներին պաշտպանելու նպատակով,

2) այն փաստը, որ նավի վրա կան սարքեր, որոնք բացառապես նախատեսված են նավարկությունը և կապն ապահովելուն,

3) այն փաստը, որ նավ-հոսպիտալների վրա կամ նավի լազարեթներում գտնվում են ձեռքի զենքեր և զինամթերք` վերցված վիրավորներից, հիվանդներից և նավաբեկյալներից, և որոնք դեռևս չեն հանձնվել պետական ծառայություններին,

4) այն փաստը, որ նավ-հոսպիտալների և նավի լազարեթների և դրանց անձնակազմերի մարդասիրական գործունեությունը տարածվում է վիրավոր, հիվանդ կամ նավաբեկյալ քաղաքացիական անձանց նկատմամբ,

5) այն փաստը, որ նավ-հոսպիտալները տեղափոխում են իրենց սովորական կարիքներից ավելի միջոցներ և անձնակազմ, որոնք բացառապես սանիտարական նպատակների համար են նախատեսված:

 

Գլուխ 4
Անձնակազմը

 

ՀՈԴՎԱԾ 36

Նավ-հոսպիտալների անձնակազմի պաշտպանությունը

 

Նավ-հոսպիտալների հոգևոր, բժշկական և հոսպիտալային անձնակազմը և նրանց մնացած անձնակազմը հարգանք և հովանավորություն են վայելում. նրանք չեն կարող գերեվարվել նավի վրա իրենց ծառայության ընթացքում, անկախ այն հանգամանքից` վիրավորներ ու հիվանդներ կան դրա վրա, թե ոչ:

 

ՀՈԴՎԱԾ 37

Այլ նավերի սանիտարական և հոգևոր անձնակազմը

 

Հոգևոր, բժշկական և հոսպիտալային անձնակազմը, որը նախատեսված է 12 և 13 հոդվածներում նշված անձանց բժշկական և հոգևոր սպասարկումն ապահովելու համար, այն դեպքում, երբ ընկնի թշնամու ձեռքը, պետք է վայելի հարգանք և հովանավորություն. նա կկարողանա շարունակել իր պարտականությունների կատարումն այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ է վիրավորների և հիվանդների խնամքի համար: Այնուհետև անձնակազմը հետ պետք է ուղարկվի, հենց որ գլխավոր հրամանատարը, որի իշխանության ներքո գտնվում է, դա հնարավոր համարի: Նավը թողնելիս նա իր հետ կարող է տանել իր անձնական սեփականությունը հանդիսացող իրերը:

Եթե այնուամենայնիվ անհրաժեշտություն է առաջանում այս անձնակազմի մի մասին պահել նավի վրա` ռազմագերիների սանիտարական կամ հոգևոր կարիքները հոգալու նպատակով, բոլոր միջոցները կձեռնարկվեն նրանց հնարավորին չափ արագ ափ իջեցնելու համար:

Ափ իջնելուց հետո պահված անձնակազմի վրա տարածվում են «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի դրույթները:

 

Գլուխ 5
Սանիտարական տրանսպորտները

 

ՀՈԴՎԱԾ 38

Սանիտարական նյութեր և միջոցներ տեղափոխելու համար վարձված նավերը

 

Այս նպատակով վարձված նավերին թույլ կտրվի տեղափոխել բացառապես զինված ուժերի վիրավորների և հիվանդների բուժսպասարկման և հիվանդությունների կանխարգելման համար նախատեսված նյութեր և միջոցներ, պայմանով, որ նրանց երթուղու հետ կապված տվյալները հաղորդվեն հակառակորդ տերությանը, և նա տա իր համաձայնությունը: Հակառակորդ տերությունն իրավունք ունի նավերի զննում կատարել, սակայն չի կարող զավթել նավերը կամ բռնագրավել տեղափոխվող նյութերն ու միջոցները:

Ընդհարման մեջ գտնվող կողմերի հետ համաձայնեցնելով` նավերի վրա կարող են տեղավորվել չեզոք դիտորդներ` տեղափոխվող նյութերն ու միջոցները ստուգելու նպատակով: Այդ նպատակով նյութերը պետք է նրանց մատչելի լինեն:

 

ՀՈԴՎԱԾ 39

Սանիտարական թռչող ապարատները

 

Սանիտարական թռչող ապարատները, այսինքն բացառապես վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների տարահանման, ինչպես նաև բուժանձնակազմի և միջոցների փոխադրման համար օգտագործվող սարքերը հարձակման չեն ենթարկվի, այլ հարգանքի կարժանանան ընդհարման մեջ գտնվող կողմերից այն թռիչքների ընթացքում, որոնք կկատարվեն ընդհարման մեջ գտնվող բոլոր շահագրգիռ կողմերի միջև հատուկ համաձայնեցված բարձրությամբ, ժամերին և երթուղիներով:

Դրանք կկրեն 41 հոդվածով նախատեսված պարզորոշ երևացող տարբերանշան` ազգային գույների կողքին, ստորին, վերին և կողերի հարթություններում: Դրանք կկրեն ցանկացած այլ ազդանշան կամ տարբերիչ նշան, որ ընդհարման մեջ գտնվող կողմերը համաձայնությամբ կսահմանեն ռազմական գործողությունների սկզբում կամ ընթացքում:

Բացի հակառակ բնույթի համաձայնության դեպքերի, հակառակորդի տարածքի կամ հակառակորդի կողմից գրավված տարածքի վրայով թռչելն արգելվում է:

Սանիտարական թռչող ապարատները պետք է ենթարկվեն վայրէջքի կամ ջրի վրա իջնելու ցանկացած պահանջի: Պարտադրված վայրէջքից կամ ջրի վրա իջնելուց հետո թռչող ապարատը` իր ուղևորներով հանդերձ, կարող է շարունակել թռիչքը` հնարավոր ստուգումից հետո:

Թշնամու տարածքում կամ թշնամու կողմից գրավված տարածքում թռչող ապարատի հարկադրական վայրէջքի կամ ծովի վրա իջնելու դեպքում վիրավորները, հիվանդները և նավաբեկյալները, ինչպես նաև թռչող ապարատի անձնակազմը, դառնում են ռազմագերիներ: Բուժանձնակազմի հետ կվարվեն 36 և 37 հոդվածների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 40

Թռիչքը չեզոք երկրների տարածքով: Սանիտարական ապարատից իջեցված

վիրավորները

 

Ընդհարման մեջ գտնվող կողմերի սանիտարական թռչող ապարատները կարող են սույն հոդվածի երկրորդ պարբերության մեջ շարադրված պայմանները պահպանելով` թռչել չեզոք տերությունների տարածքով և, անհրաժեշտության դեպքում կամ միջանկյալ կանգառի համար, այնտեղ վայրէջք կատարել: Նրանք պետք է չեզոք տերություններին նախապես տեղյակ պահեն նրանց տարածքով իրենց թռիչքի մասին և ենթարկվեն վայրէջք կատարելու կամ ջրի վրա նստելու ամեն մի պահանջի: Նրանք հարձակումից պաշտպանված կլինեն միայն այն դեպքում, եթե թռչեն ըստ այն բարձրությունների, ժամերի և երթուղիների, որոնք հատուկ սահմանված են ընդհարման մեջ գտնվող կողմերի և շահագրգիռ չեզոք տերությունների միջև կնքված համաձայնությամբ:

Սակայն չեզոք տերությունները կարող են սանիտարական թռչող ապարատների` իրենց տարածքով թռիչք կամ վայրէջք կատարելու վերաբերյալ սահմանել պայմաններ կամ սահմանափակումներ: Այդ հնարավոր պայմանները կամ սահմանափակումները հավասարապես կկիրառվեն բոլոր ընդհարման մեջ գտնվող կողմերի նկատմամբ:

Տեղի իշխանությունների համաձայնությամբ, չեզոք տարածքում սանիտարական թռչող ապարատից իջեցված վիրավորները, հիվանդները և նավաբեկյալները, եթե չեզոք պետության և ընդհարման մեջ գտնվող կողմերի միջև չկա այլ բնույթի պայմանավորվածություն, պետք է չեզոք պետության կողմից պահվեն այնպես, որպեսզի այն դեպքերում, երբ դա պահանջում է միջազգային իրավունքը, նրանք չկարողանան կրկին մասնակցել ռազմական գործողություններին: Հոսպիտալացման և ներկալման ծախսերը պետք է կատարի այն տերությունը, որին պատկանում են այդ վիրավորները և հիվանդները:

 

Գլուխ 6
Տարբերանշանը

 

ՀՈԴՎԱԾ 41

Տարբերանշանի կիրառումը

 

Իրավասու զինվորական մարմնի հսկողության ներքո սպիտակ ֆոնի վրա կարմիր խաչի նշանը պատկերված կլինի դրոշների, թևկապերի, ինչպես նաև սանիտարական ծառայության հետ առնչվող բոլոր առարկաների վրա:

Սակայն այն երկրների վերաբերմամբ, որոնք կարմիր խաչի փոխարեն որպես տարբերանշան արդեն գործածում են սպիտակ ֆոնի վրա կարմիր մահիկը կամ կարմիր առյուծն ու արևը, այս նշանները հավասարապես թույլատրվում են սույն Կոնվենցիայի իմաստով:

 

ՀՈԴՎԱԾ 42

Սանիտարական և հոգևոր անձնակազմի ճանաչումը

 

36 և 37 հոդվածներում նշված անձնակազմը ձախ թևին կկրի խոնավությունից չփչացող տարբերանշանով թևկապ, որը տրվում և կնիքով հաստատվում է զինվորական իշխանությունների կողմից:

Այդ անձնակազմը, ի լրումն 19 հոդվածում նշված ճանաչման մեդալիոնների, կունենա նաև տարբերանշանով` անձնական հատուկ վկայական: Այդ վկայականը չպետք է փչանա խոնավությունից և պետք է լինի այնպիսի չափերի, որպեսզի կարելի լինի այն կրել գրպանում: Այն պետք է կազմված լինի համապատասխան երկրի լեզվով, և նրա մեջ պետք է նշվեն առնվազն դրա տիրոջ ազգանունը և անունը, ծննդյան թիվը, կոչումը և զինվորական համարը, ինչպես նաև, թե նա ինչ կարգավիճակով սույն Կոնվենցիայի հովանավորությունից օգտվելու իրավունք ունի: Վկայականում պետք է լինեն դրա տիրոջ լուսանկարը, ինչպես նաև նրա ստորագրությունը կամ մատնահետքերը, կամ` թե մեկը և թե մյուսը: Վկայականի վրա պետք է լինի զինվորական իշխանությունների ուռուցիկ կնիքը:

Անձնական վկայականը յուրաքանչյուր բանակում պետք է լինի միատեսակ և, որքան դա հնարավոր է, Բարձր պայմանավորվող կողմերի բոլոր բանակներում` միատիպ: Ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են ղեկավարվել այն նմուշով, որը որպես օրինակ կցված է սույն Կոնվենցիային: Ռազմական գործողությունների սկզբում նրանք միմյանց տեղյակ կպահեն իրենց կողմից ընդունված նմուշի մասին: Ամեն մի վկայական, ըստ հնարավորին, պետք է պատրաստված լինի երկու օրինակից ոչ պակաս, որոնցից մեկը կպահվի այն տերության կողմից, որին պատկանում է տվյալ անձը:

Ոչ մի դեպքում վերոհիշյալ անձնակազմը չի կարող զրկվել իր տարբերանշաններից կամ վկայականներից և թևկապ կրելու իրավունքից: Դրանք կորսվելու դեպքում նա իրավունք կունենա ստանալու վկայականների և տարբերանշանների կրկնօրինակները:

 

ՀՈԴՎԱԾ 43

Նավ-հոսպիտալների և նավակների նշումը

 

22, 24, 25 և 27 հոդվածներում նշված նավերը հետևյալ ձևով են տարբերակվում.

ա) արտաքին բոլոր մակերեսները պետք է սպիտակ լինեն,

բ) մուգ կարմիր մեկ կամ մի քանի հնարավորին չափ մեծ խաչ պետք է պատկերված լինի նավի յուրաքանչյուր կողին, ինչպես նաև հորիզոնական մակերեսներին այնպես, որ ապահովվի լավագույն տեսանելիությունը ծովից և օդից:

Բոլոր նավ-հոսպիտալներն իրենց ճանաչել տալու նպատակով կբարձրացնեն իրենց ազգային դրոշը և, բացի այդ, եթե նրանք պատկանում են չեզոք պետության, այն ընդհարման մեջ գտնվող կողմի դրոշը, որի տրամադրության տակ իրենց դրել են: Մեծ կայմին հնարավորին չափ բարձր պետք է փողփողա սպիտակ ֆոնի վրա կարմիր խաչով դրոշը:

Նավ-հոսպիտալների փրկարար մակույկները, ափամերձ փրկարար նավակները, ինչպես նաև բժշկական ծառայության կողմից օգտագործվող բոլոր փոքր նավերը պետք է սպիտակ ներկվեն` պարզորոշ երևացող մուգ կարմիր խաչով, և, ընդհանուր առմամբ, նավ-հոսպիտալների համար վերը նշված տարբերիչ նշանները կիրառելի են նաև սրանց նկատմամբ:

Վերը նշված նավերը, որոնք գիշերային ժամերին և սահմանափակ տեսանելիության պայմաններում իրենց համար ցանկանում են ապահովել այն հովանավորությունը, որի իրավունքն ունեն, պետք է ընդհարման մեջ գտնվող այն կողմի համաձայնությամբ, որի տրամադրության տակ գտնվում են, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն` իրենց գունավորումը և տարբերանշանները բավականին տեսանելի դարձնելու համար:

Նավ-հոսպիտալները, որոնք 31 հոդվածի համաձայն ժամանակավորապես պահվում են թշնամու կողմից, պետք է իջեցնեն այն ընդհարման մեջ գտնվող կողմի դրոշը, որին նրանք ծառայում են կամ որի ղեկավարության տակ դրվել են:

Ափամերձ փրկարար նավակները, եթե դրանք շարունակում են գործել գրավող տերության համաձայնությամբ գրավված կայանից, կարող են թույլտվություն ստանալ և շարունակել բարձրացնել իրենց ազգային դրոշը կարմիր խաչով դրոշի հետ մեկտեղ, երբ հեռանան իրենց կայանից, պայմանով, որ այդ մասին նախապես զգուշացվեն շահագրգիռ ընդհարման մեջ գտնվող բոլոր կողմերը:

Սույն հոդվածի կարմիր խաչի նշանին վերաբերող բոլոր դրույթները հավասարապես կիրառելի են 41 հոդվածում նշված մյուս խորհրդանշանների նկատմամբ:

Ընդհարման մեջ գտնվող կողմերը մշտապես պետք է ջանան համաձայնությունների գալ, որպեսզի իրենց տրամադրության տակ եղած բոլոր ամենաարդիական մեթոդներն օգտագործեն սույն հոդվածում նշված նավերի ճանաչումը դյուրացնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 44

Տարբերանշանների օգտագործման սահմանափակումը

 

43 հոդվածում նշված տարբերանշանները խաղաղ թե պատերազմի ժամանակ կարող են օգտագործվել միայն նշված նավերը տարբերակելու կամ պաշտպանելու համար, բացառությունները կարող են պայմանավորվել կամ որևէ այլ միջազգային կոնվենցիայով, կամ ընդհարման մեջ գտնվող բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 45

Տարբերանշանների չարաշահումների կանխումը

 

Բարձր պայմանավորվող կողմերը, այն դեպքում եթե նրանց գործող օրենսդրությունը դեռևս բավարար չէ, անհրաժեշտ միջոցներ ձեռք կառնեն` մշտապես կանխելու և խափանելու 43 հոդվածում նշված տարբերանշանների չարաշահումները:

 

Գլուխ 7
Կոնվենցիայի կատարումը

 

ՀՈԴՎԱԾ 46

Կատարման մանրամասները և չնախատեսված դեպքերը

 

Ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ իր գլխավոր հրամանատարների միջոցով պետք է հոգ տանի նախորդ հոդվածների կատարման մանրամասների մասին, ինչպես նաև չնախատեսված դեպքերի կապակցությամբ` սույն Կոնվենցիայի ընդհանուր դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 47

Փոխճնշումների արգելումը

 

Կոնվենցիայի պաշտպանության ներքո գտնվող վիրավորների, հիվանդների, նավաբեկյալների, անձնակազմի, նավերի և գույքի նկատմամբ փոխճնշման միջոցների կիրառումն արգելվում է:

 

ՀՈԴՎԱԾ 48

Կոնվենցիայի տարածումը

 

Բարձր պայմանավորվող կողմերը պայմանավորվում են ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ հնարավորին չափ լայնորեն տարածել սույն Կոնվենցիայի տեքստն իրենց երկրներում, և, մասնավորապես, Կոնվենցիայի ուսումնասիրումը մտցնել ռազմական և, եթե հնարավոր է, քաղաքացիական կրթության ծրագրերի մեջ, որպեսզի Կոնվենցիայի սկզբունքներին ծանոթանա ընդհանուր առմամբ ամբողջ բնակչությունը, և մասնավորապես, կռվող զինված ուժերը, բուժանձնակազմը և հոգևորականները:

 

ՀՈԴՎԱԾ 49

Թարգմանությունները: Կիրառման օրենքները

 

Բարձր պայմանավորվող կողմերը Շվեյցարիայի Դաշնային խորհրդի միջնորդությամբ, իսկ ռազմական գործողությունների ժամանակ` հովանավոր տերությունների միջոցով, միմյանց կհանձնեն սույն Կոնվենցիայի տեքստերի պաշտոնական թարգմանությունները, ինչպես նաև այն օրենքներն ու որոշումները, որոնք նրանք կարող են ընդունել Կոնվենցիայի կիրառումն ապահովելու նպատակով:

 

Գլուխ 8
Չարաշահումների և խախտումների կանխումը

 

ՀՈԴՎԱԾ 50

Քրեական պատիժները: I. Ընդհանուր դրույթներ

 

Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են գործողության մեջ դնել օրենսդրություն, որն անհրաժեշտ է այն անձանց քրեական արդյունավետ պատիժների ապահովման համար, ովքեր կատարել կամ հրամայել են կատարել սույն Կոնվենցիայի այս կամ այն լուրջ խախտումները, որոնք նշված են հաջորդ հոդվածում:

Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ պարտավորվում է որոնել այն անձանց, ովքեր մեղադրվում են նրանում, որ կատարել կամ հրամայել են կատարել հիշատակված լուրջ խախտումներից որևէ մեկը և, ինչպիսին էլ որ լինի քաղաքացիությունը, նրանց հանձնել իր դատարանին: Նա կարող է նաև, եթե ցանկանա, և իր օրենսդրության դրույթներին համապատասխան, դատելու համար նրանց հանձնել մեկ այլ շահագրգիռ պայմանավորվող կողմի այն դեպքում, եթե այդ պայմանավորվող կողմն այդ անձանց մեղադրելու համար հիմք հանդիսացող բավարար ապացույցներ ունի:

Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ, բացի հաջորդ հոդվածում թվարկված լուրջ խախտումներից, կձեռնարկի միջոցներ, որոնք անհրաժեշտ են կասեցնելու համար սույն Կոնվենցիայի դրույթներին հակասող մյուս գործողությունները:

Բոլոր հանգամանքներում մեղադրվող անձինք կօգտվեն դատական պատշաճ ընթացակարգի երաշխիքներից և պաշտպանության իրավունքից, որոնք չեն կարող նվազ նպաստավոր լինել, քան այն երաշխիքները, որոնք նախատեսված են «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 105 և հաջորդ հոդվածներով:

 

ՀՈԴՎԱԾ 51

II. Լուրջ խախտումները

 

Նախորդ հոդվածում հիշատակված լուրջ խախտումների թվին են պատկանում այն խախտումները, որոնք կապված են հետևյալ գործողություններից մեկն ու մեկի հետ այն դեպքում, եթե այդ գործողություններն ուղղված են սույն Կոնվենցիայի հովանավորությունից օգտվող անձանց կամ գույքի դեմ. կանխամտածված սպանությունը, խոշտանգումները և անմարդկային վարվելակերպը, ներառյալ` կենսաբանական փորձերը, կանխամտածված կերպով ծանր տառապանքի և լուրջ խեղման ենթարկելը, առողջությանը վնաս հասցնելը, գույքի անօրինական, կամայական և մեծ չափերի հասնող ավերումը և յուրացումը, որոնք չեն բխում ռազմական անհրաժեշտությունից:

 

ՀՈԴՎԱԾ 52

III. Պայմանավորվող կողմերի պատասխանատվությունը

 

Ոչ մի Բարձր պայմանավորվող կողմի թույլ չի տրվի իրեն կամ որևէ այլ պայմանավորվող կողմի ազատել այն պատասխանատվությունից, որը նրա կամ այլ պայմանավորվող կողմի վրա է դրվում նախորդ հոդվածով նախատեսված խախտումների հետևանքով:

 

ՀՈԴՎԱԾ 53

Հետաքննության ընթացակարգը

 

Ընդհարման մեջ գտնվող կողմերից մեկնումեկի խնդրանքով Կոնվենցիայի խախտման մասին ցանկացած պնդման առթիվ հետաքննություն պետք է սկսվի շահագրգիռ կողմերի միջև սահմանման ենթակա ընթացակարգով:

Հետաքննության ընթացակարգի հարցում համաձայնություն ձեռք չբերելու դեպքում, կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ, ընտրում են միջնորդ դատավոր, որը որոշում է ընթացակարգի հարցը:

Հենց որ խախտումը պարզվի, ընդհարման մեջ գտնվող կողմերը կկասեցնեն այն և հնարավոր կարճ ժամկետում դրա համար պատժելու միջոցներ կձեռնարկեն:

 

Եզրափակիչ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 54

Լեզուները

 

Սույն Կոնվենցիան կազմված է ֆրանսերեն և անգլերեն լեզուներով: Երկու տեքստերն էլ հավասարապես նույնական են:

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը կապահովի Կոնվենցիայի պաշտոնական թարգմանությունները ռուսերեն և իսպաներեն լեզուներով:

 

ՀՈԴՎԱԾ 55

Ստորագրումը

 

Ներկա ամսաթվով թվագրված սույն Կոնվենցիան մինչև 1950 թվականի փետրվարի 12-ը կարող է ստորագրվել 1949 թվականի ապրիլի 21-ին Ժնևում բացված համաժողովին ներկայացված բոլոր տերությունների, ինչպես նաև այդ համաժողովին չներկայացված տերությունների կողմից, որոնք մասնակից են 1907 թվականի հոկտեմբերի 18-ի Հաագայի X կոնվենցիային` 1906 թվականի Ժնևի կոնվենցիայի սկզբունքները ծովային պատերազմում կիրառելու համար, կամ «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին» 1864, 1906 կամ 1929 թվականների Ժնևի կոնվենցիաներին:

 

ՀՈԴՎԱԾ 56

Վավերացումը

 

Սույն Կոնվենցիան կվավերացվի հնարավորին չափ արագ, և վավերագրերն ի պահ կհանձնվեն Բեռնում:

Յուրաքանչյուր վավերագրի հանձնման մասին կկազմվի արձանագրություն, որի հաստատված պատճենը Շվեյցարիայի Դաշնային խորհրդի կողմից կհանձնվի բոլոր այն տերություններին, որոնց անունից կստորագրվի Կոնվենցիան կամ հայտարարություն կարվի դրան միանալու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 57

ՈՒժի մեջ մտնելը

 

Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի վեց ամիս անց այն բանից հետո, երբ առնվազն երկու վավերագիր ի պահ կհանձնվի:

Հետագայում Կոնվենցիան յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմի համար ուժի մեջ կմտնի նրա վավերագիրն ի պահ տալուց վեց ամիս անց:

 

ՀՈԴՎԱԾ 58

Առնչությունը 1907 թվականի կոնվենցիայի հետ

 

Սույն Կոնվենցիան Բարձր պայմանավորվող կողմերի միջև հարաբերություններում իրենով փոխարինում է 1907 թվականի հոկտեմբերի 18-ի Հաագայի X կոնվենցիան` 1906 թվականի Ժնևի կոնվենցիայի սկզբունքները ծովային պատերազմում կիրառելու վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 59

Միացումը

 

ՈՒժի մեջ մտնելու օրից սույն Կոնվենցիան բաց կլինի դրան միանալու համար ամեն մի տերության առջև, որի անունից այդ Կոնվենցիան չի ստորագրվել:

 

ՀՈԴՎԱԾ 60

Միանալու մասին ծանուցումները

 

Յուրաքանչյուր միանալու մասին գրավոր կհայտնվի Շվեյցարիայի Դաշնային խորհրդին, և միանալն ուժի մեջ կմտնի վերջինիս կողմից այդ հայտարարությունն ստանալու օրից վեց ամիս հետո:

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը միանալու մասին կհաղորդի այն տերություններին, որոնց անունից ստորագրվել է Կոնվենցիան կամ միանալու մասին հայտարարություն է արվել:

 

ՀՈԴՎԱԾ 61

Անմիջապես ուժի մեջ դնելը

 

2 և 3 հոդվածներում նախատեսված դեպքերն անմիջապես ուժի մեջ կդնեն ի պահ տրված վավերագրերը, ինչպես նաև միանալու հայտարարությունները, որոնց մասին ընդհարման մեջ գտնվող պետությունների կողմից կհայտնվի մինչև ռազմական գործողություններն սկսվելը կամ գրավումը կամ դրանից հետո: Շվեյցարիայի Դաշնային խորհուրդն ամենաարագ կերպով կհաղորդի ընդհարման մեջ գտնվող կողմերից ստացված վավերացումների կամ միանալու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 62

Չեղյալ հայտարարելը

 

Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան:

Չեղյալ հայտարարելու մասին պետք է գրավոր հայտնվի Շվեյցարիայի Դաշնային խորհրդին, որն այդ մասին կհաղորդի բոլոր Բարձր պայմանավորվող կողմերի կառավարություններին:

Չեղյալ հայտարարվելը ուժի մեջ կմտնի միայն Շվեյցարիայի Դաշնային խորհրդին արված հայտարարությունից մեկ տարի անց: Սակայն, չեղյալ հայտարարվելը, որի մասին հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ չեղյալ հայտարարող տերությունը մասնակցելիս է եղել ընդհարմանը, չի կարող ուժ ունենալ մինչև հաշտություն կնքելը և, համենայնդեպս, քանի դեռ չեն ավարտվել սույն Կոնվենցիայի հովանավորությունից օգտվող անձանց ազատման և հայրենադարձության գործողությունները:

Չեղյալ հայտարարվելն ուժ կունենա միայն չեղյալ հայտարարող տերության վերաբերմամբ: Այն ոչ մի կերպ չի կարող ազդել այն պարտավորությունների վրա, որոնք ընդհարման մեջ գտնվող կողմերը պարտավոր կլինեն շարունակել կատարել միջազգային իրավունքի սկզբունքների ուժով, քանի որ դրանք բխում են քաղաքակիրթ ժողովուրդների միջև սահմանված սովորույթներից, մարդասիրության օրենքներից և հանրային խղճի հրամայականից:

 

ՀՈԴՎԱԾ 63

Գրանցումը Միավորված ազգերի կազմակերպությունում

 

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը սույն Կոնվենցիան կգրանցի Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունում: Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը Միավորված ազգերի կազմակերպությանը կհաղորդի նաև այն բոլոր վավերացումների, միանալու և չեղյալ հայտարարելու մասին, որոնք սույն Կոնվենցիայի կապակցությամբ կստացվեն:

Ի հավաստումն որի, համապատասխան լիազորություններ ներկայացնելով` ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Ժնևում, 1949 թվականի օգոստոսի 12-ին, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով: Սույն Կոնվենցիայի բնօրինակը կպահվի Շվեյցարիայի Համադաշնության արխիվներում: Կոնվենցիայի հաստատված պատճենները Շվեյցարիայի Դաշնային խորհրդի կողմից կհանձնվեն Կոնվենցիան ստորագրած կամ դրան միացած յուրաքանչյուր պետության:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

Անձնական վկայականի ձևը

 

Երեսի կողմը

.________________________________________________________________________.

|  (այն երկրի և  զինվորական իշխանությունների անվան տեղը, որոնք տվել են   |

|                              վկայականը)                                |

|                                                                        |

|                           ԱՆՁՆԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ                            |

|                                                                        |

|զինված ուժերին կցված սանիտարական և  հոգևոր  անձնակազմի անդամների համար  |

|                                                                        |

|   Ազգանուն                                                             |

|   Անուն                                                                |

|   Ծննդյան թիվը                                                         |

|   Կոչումը                                                              |

|   Զորային համարը                                                       |

|   Սույն ինքնության վկայականի տերը պաշտպանված է Ծովում զինված ուժերի    |

|կազմից վիրավորների, հիվանդների և  նավաբեկյալների վիճակի բարելավման մասին|

|1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի  կոնվենցիայով որպես                          |

|   Տրված է                                     Վկայականի N              |

.________________________________________________________________________.

 

Հակառակ երեսը

 

.________________________________________________________________________.

||      |                                                                |

||      |                                                                |

|.______.                                                                |

|   Վկայականի տիրոջ լուսանկարը            Վկայականի տիրոջ ստորագրությունը|

|                                         կամ բութ մատի մատնահետքը և  կամ|

|                                         երկուսն էլ                     |

|                                                                        |

|         Վկայական տված զինվորական իշխանությունների ցցուն կնիքը          |

|                                                                        |

|   Հասակը                     Աչքերը                           Մազերը   |

|                                                                        |

|   Մյուս բնորոշ նշանները                                                |

.________________________________________________________________________.

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 7-ից:

 

 

pin
''
12.08.1949
Միջազգային պայմանագիր