ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ
Ներքոստորագրյալները` դիվանագիտական այն համաժողովում ներկայացված կառավարությունների լիազորները, որը 1949 թվականի ապրիլի 21-ից մինչև օգոստոսի 12-ը նիստեր է գումարել «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1929 թվականի հուլիսի 27-ի Ժնևի կոնվենցիան վերանայելու նպատակով, կնքեցին հետևյալ համաձայնագիրը.
Մաս 1
Ընդհանուր դրույթներ
ՀՈԴՎԱԾ 1
Կոնվենցիայի պահպանումը
Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են ցանկացած հանգամանքներում պահպանել և ստիպել պահպանելու սույն Կոնվենցիան:
ՀՈԴՎԱԾ 2
Կոնվենցիայի կիրառումը
Բացի այն որոշումներից, որոնք պետք է ուժի մեջ մտնեն դեռևս խաղաղ ժամանակ, Կոնվենցիան կկիրառվի հայտարարված պատերազմի կամ ցանկացած այլ զինված ընդհարման դեպքում, որ ծագում է երկու կամ մի քանի Բարձր պայմանավորվող կողմերի միջև, անգամ եթե դրանցից մեկը չի ընդունում պատերազմական վիճակը:
Կոնվենցիան կկիրառվի նաև բարձր պայմանավորվող կողմի ամբողջ տարածքի կամ դրա մի մասի գրավման բոլոր դեպքերում, անգամ եթե այդ գրավումը ոչ մի զինված դիմադրության չհանդիպի:
Եթե ընդհարման մեջ մտնող տերություններից մեկը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակից, Կոնվենցիայի մասնակից տերություններն իրենց փոխհարաբերություններում, այնուամենայնիվ, կմնան նրանով կապված: Դրանից բացի, նրանք Կոնվենցիայով կապված կլինեն վերը նշված տերության վերաբերմամբ, եթե վերջինս ընդունում և կիրառում է Կոնվենցիայի դրույթները:
ՀՈԴՎԱԾ 3
Միջազգային բնույթ չկրող ընդհարումներ
Միջազգային բնույթ չկրող և Բարձր պայմանավորվող կողմերից մեկի տարածքում ծագող զինված ընդհարման դեպքում, ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ պարտավոր է առնվազն կիրառել հետևյալ դրույթները.
1) Անձինք, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, ներառյալ զինված ուժերի կազմից այն անձինք, ովքեր զենքը վայր են դրել, ինչպես նաև նրանք, ովքեր դադարել են ռազմական գործողություններին մասնակցել` հիվանդության, վիրավորվելու, ձերբակալվելու կամ ցանկացած այլ պատճառով, պետք է բոլոր հանգամանքներում օգտվեն մարդասիրական վերաբերմունքից` առանց ռասայի, մաշկի գույնի, կրոնի կամ հավատի, սեռի, ծագման կամ գույքային դրության կամ ցանկացած այլ համանման չափանիշների պատճառներով որևէ աննպաստ տարբերակման:
Այդ նպատակով վերը նշված անձանց նկատմամբ արգելվում են և մշտապես ու ամենուրեք կարգելվեն հետևյալ գործողություններ.
ա) կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության դեմ ուղղված ոտնձգությունը, մասնավորապես, բոլոր տեսակի սպանությունները, խեղումները, դաժան վերաբերմունքը, խոշտանգումները և տանջահարությունը,
բ) պատանդ վերցնելը,
գ) անձի արժանապատվության դեմ ուղղված ոտնձգությունը, մասնավորապես, վիրավորական և նվաստացուցիչ վերաբերմունքը,
դ) դատապարտելը և պատժի կիրառումը` առանց քաղաքակիրթ ազգերի կողմից անհրաժեշտ ճանաչված դատական երաշխիքների առկայությամբ պատշաճ կերպով հիմնված դատարանի կայացրած նախնական դատական որոշման:
2) Վիրավորներին և հիվանդներին կհավաքեն, և նրանց ցույց կտրվի օգնություն:
Որևէ անաչառ մարդասիրական կազմակերպություն, ինչպես, օրինակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, կարող է իր ծառայություններն առաջարկել ընդհարման մեջ գտնվող կողմերին:
Դրանից բացի, ընդհարման մեջ գտնվող կողմերը կձգտեն հատուկ համաձայնագրերի միջոցով գործողության մեջ դնել սույն Կոնվենցիայի բոլոր մնացյալ դրույթները կամ դրանց մի մասը:
Նախորդ դրույթների կիրառումը չի շոշափի ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավական կարգավիճակը:
ՀՈԴՎԱԾ 4
Ռազմագերիները
Ա. Սույն Կոնվենցիայի իմաստով ռազմագերիներ են հանդիսանում հակառակորդի իշխանության տակ ընկած անձինք, որոնք պատկանում են հետևյալ կատեգորիաներից որևէ մեկին.
1) Ընդհարման մեջ գտնվող կողմի զինված ուժերի անձնակազմը, ինչպես նաև այդ զինված ուժերի կազմի մեջ մտնող` աշխարհազորային և կամավորական ջոկատների անձնակազմը:
2) Այլ աշխարհազորայինների և կամավորական ջոկատների անձնակազմը, ներառյալ դիմադրության կազմակերպված այն շարժումների անձնակազմը, որոնք պատկանում են ընդհարման մեջ գտնվող կողմին և գործում են իրենց սեփական տարածքում կամ դրանից դուրս, եթե անգամ այդ տարածքը գրավված է, եթե այդ աշխարհազորայինները և կամավորական ջոկատները, ներառյալ` դիմադրության կազմակերպված շարժումները, համապատասխանում են ներքոհիշյալ պայմաններին.
ա) ունեն իր ենթակաների համար պատասխանատու ղեկավար անձ,
բ) ունեն որոշակի և հեռվից պարզորոշ երևացող տարբերանշան,
գ) զենքը կրում են բացեիբաց,
դ) իրենց գործողություններում պահպանում են պատերազմի օրենքներն ու սովորույթները:
3) Այն կանոնավոր զինված ուժերի անձնակազմը, որն իրեն համարում է այն կառավարության կամ իշխանության ենթակայության տակ, որը չի ճանաչվել գերության մեջ պահող տերության կողմից:
4) Զինված ուժերի ետևից ընթացող, բայց անմիջականորեն դրանց կազմի մեջ չմտնող անձինք, ինչպես, օրինակ, ռազմական ինքնաթիռների անձնակազմի մեջ մտնող քաղաքացիական անձինք, զինվորական թղթակիցները, մատակարարները, աշխատանքային խմբերի կամ ծառայությունների անձնակազմը, որոնց վրա դրված է զինված ուժերի կենցաղային սպասարկումը, պայմանով, որ նրանք դրա թույլտվությունն ստացել են այն զինված ուժերի կողմից, որոնց նրանք ուղեկցում են, որի համար այս վերջիններս պետք է տան առաջարկվող նմուշի անձը հաստատող վկայական:
5) Առևտրական նավատորմի նավերի անձնակազմերի անդամները, ներառյալ` նավապետները, նավատարները և նավի փոքրավորները և ընդհարման մեջ գտնվող կողմերի քաղաքացիական ավիացիայի այն անձնակազմերի անդամները, որոնք միջազգային իրավունքի այլ դրույթների համաձայն չեն օգտվում առավել արտոնյալ ռեժիմից:
6) Չգրավված տարածքի բնակչությունը, որը հակառակորդի մոտենալուն համեմատ` տարերայնորեն զենք է վերցնում` պայքարելու ներխուժած զորքերի դեմ, բայց դեռ չի հասցրել ձևավորվել որպես կանոնավոր զորք, եթե նա զենքը կրում է բացեիբաց և պահպանում պատերազմի օրենքներն ու սովորույթները:
Բ. Սույն Կոնվենցիային համապատասխան` ռազմագերիներին վերապահված վարվելակերպին կարժանանան հետևյալ անձինք.
1. Գրավյալ երկրի զինված ուժերին պատկանած կամ պատկանող անձինք, եթե գրավող տերությունը նրանց պատկանելության պատճառով անհրաժեշտ է համարում նրանց ներկալել, եթե անգամ այդ տերությունը սկզբում ազատել է նրանց այն ժամանակ, երբ ռազմական գործողություններն ընթացել են նրա կողմից գրավված տարածքի սահմաններից դուրս, հատկապես` երբ այդ անձինք ապարդյուն փորձել են միանալ այն զինված ուժերին, որոնց նրանք պատկանում են, և որոնք մասնակցում են ռազմական գործողություններին, կամ երբ նրանք չեն ենթարկվել ներկալելու նպատակով իրենց արված կոչին:
2. Սույն հոդվածում թվարկված կատեգորիաներից որևէ մեկին պատկանող անձինք, որոնց չեզոք կամ չպատերազմող տերություններն ընդունել են իրենց տարածքում, և որոնց այդ տերությունները պետք է ներկալեն միջազգային իրավունքին համապատասխան, եթե միայն նրանք չգերադասեն նրանց տրամադրել առավել նպաստավոր ռեժիմ, սակայն այդ անձանց վրա չեն տարածվում 8, 10, 15 հոդվածների, 30 հոդվածի հինգերորդ պարբերության, 58-67, 92, 126 հոդվածների դրույթները, իսկ այն դեպքերում, երբ ընդհարման մեջ գտնվող կողմերի և շահագրգիռ չեզոք կամ չպատերազմող տերության միջև գոյություն ունեն դիվանագիտական հարաբերություններ` նաև հովանավոր տերություններին վերաբերող հոդվածների դրույթները: Այն դեպքում, երբ գոյություն ունեն այդպիսի դիվանագիտական հարաբերություններ, ապա ընդհարման մեջ գտնվող կողմերին, որոնց պատկանում են այդ անձինք, թույլատրվում է նրանց վերաբերմամբ իրականացնել հովանավոր տերության գործառույթներ, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայով, առանց վնաս հասցնելու այն գործառույթներին, որոնք այդ կողմերը սովորաբար իրականացնում են դիվանագիտական և հյուպատոսական պրակտիկային և պայմանագրերին համապատասխան:
Գ. Սույն հոդվածը ոչ մի կերպ չի շոշափում բժշկական և հոգևոր անձնակազմի կարգավիճակը, որ նախատեսված է սույն Կոնվենցիայի 33 հոդվածով:
ՀՈԴՎԱԾ 5
Կիրառման սկիզբն ու ավարտը
Սույն Կոնվենցիան 4 հոդվածում նշված անձանց նկատմամբ կկիրառվի այն պահից սկսած, երբ նրանք կընկնեն հակառակորդի իշխանության տակ, և ընդհուպ մինչև նրանց ազատումը և հայրենադարձությունը:
Այն դեպքում, երբ ռազմական գործողություններին այս կամ այն մասնակցությունն ունեցած և հակառակորդի ձեռքն ընկած անձանց վերաբերմամբ տարակուսանք է առաջանում` 4 հոդվածում թվարկված կատեգորիաներից մեկին նրանց պատկանելության առթիվ, այդպիսի անձինք սույն Կոնվենցիայի հովանավորությունից կօգտվեն այնքան ժամանակ, քանի դեռ նրանց վիճակը չի որոշվել իրավասու դատարանի կողմից:
ՀՈԴՎԱԾ 6
Հատուկ համաձայնագրերը
10, 23, 28, 33, 60, 65, 66, 67, 72, 73, 75, 109, 110, 118, 119, 122 և 132 հոդվածներով հատուկ նախատեսված համաձայնագրերից բացի, Բարձր պայմանավորվող կողմերը կարող են կնքել այլ հատուկ համաձայնագրեր որևէ հարցի առթիվ, որ նրանք նպատակահարմար կհամարեն կարգավորելու առանձին: Ոչ մի հատուկ համաձայնագիր չպետք է վնաս հասցնի ռազմագերիների այն վիճակին, որը սահմանված է սույն Կոնվենցիայով, ոչ էլ սահմանափակի այն իրավունքները, որոնք Կոնվենցիան նրանց տրամադրում է:
Ռազմագերիները շարունակում են օգտվել այդ համաձայնագրերի արտոնություններից` քանի դեռ նրանց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան, բացի վերը հիշատակված և ավելի ուշ կնքված համաձայնագրերի մեջ այլ պայմաններ հատկապես մտցնելու դեպքերից, ինչպես նաև, բացի ընդհարման մեջ գտնվող այս կամ այն կողմից նրանց առավել նպաստավոր պայմաններ տրամադրելու դեպքերից:
ՀՈԴՎԱԾ 7
Իրավունքների անօտարելիությունը
Ռազմագերիները ոչ մի դեպքում չեն կարող մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվել այն իրավունքներից, որոնք նրանց համար ապահովում են սույն Կոնվենցիան և նախորդ հոդվածով նախատեսված հատուկ համաձայնագրերը, եթե այդպիսիք գոյություն ունեն:
ՀՈԴՎԱԾ 8
Հովանավոր տերությունները
Սույն Կոնվենցիան կկիրառվի այն հովանավոր տերությունների աջակցությամբ և վերահսկողության ներքո, որոնց վրա դրված է ընդհարման մեջ գտնվող կողմերի շահերի պահպանությունը: Այդ նպատակով հովանավոր տերությունները կարող են, բացի իրենց դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմից, իրենց սեփական քաղաքացիների կամ այլ չեզոք տերությունների քաղաքացիների թվից նշանակել պատվիրակներ: Այդ պատվիրակների նշանակման համար պետք է ստացվի այն տերության համաձայնությունը, որին առընթեր նրանք պետք է կատարեն իրենց առաքելությունը:
Ընդհարման մեջ գտնվող կողմերը առավելագույնս կդյուրացնեն հովանավոր տերությունների ներկայացուցիչների կամ պատվիրակների աշխատանքը:
Հովանավոր տերությունների ներկայացուցիչները կամ պատվիրակները ոչ մի դեպքում չպետք է դուրս գան իրենց այն առաքելության շրջանակներից, որը սահմանված է սույն Կոնվենցիայով. նրանք պետք է, մասնավորապես, ուշադրության առնեն այն պետության անվտանգության անհետաձգելի կարիքները, որին առընթեր կատարում են իրենց գործառույթները:
ՀՈԴՎԱԾ 9
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը
Սույն Կոնվենցիայի դրույթները չեն խոչընդոտում այն մարդասիրական գործողությունները, որոնք ընդհարման մեջ գտնվող շահագրգիռ կողմերի համաձայնությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կամ ցանկացած այլ անաչառ մարդասիրական կազմակերպություն կձեռնարկեն ռազմագերիներին պաշտպանելու և նրանց օգնություն ցույց տալու համար:
ՀՈԴՎԱԾ 10
Հովանավոր տերությունների փոխարինորդները
Բարձր պայմանավորվող կողմերը ցանկացած ժամանակ կարող են համաձայնության գալ այն մասին, որպեսզի սույն Կոնվենցիայով հովանավոր տերությունների վրա դրվող պարտականությունները վստահեն որևէ կազմակերպության, որը ներկայացնում է անաչառության և արդյունավետության լիակատար երաշխիք:
Եթե ռազմագերիների վրա չի տարածվում կամ ինչ-որ պատճառով դադարել է տարածվել որևէ հովանավոր տերության կամ կազմակերպության գործունեությունը, որ նախատեսվում է առաջին պարբերությամբ, ապա այն տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ռազմագերիները, պետք է դիմի կամ որևէ չեզոք պետության կամ նման կազմակերպության` խնդրելով իր վրա վերցնել ընդհարման մեջ գտնվող կողմերի նշանակած հովանավոր տերության կողմից սույն Կոնվենցիային համապատասխան կատարվող գործառույթները:
Եթե նշված ձևով հովանավորություն չի կարող ապահովվել, ապա տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ռազմագերիները, պետք է խնդրանքով դիմի որևէ մարդասիրական կազմակերպության, ինչպես, օրինակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, կամ, սույն հոդվածի դրույթների հաշվառմամբ ընդունի մարդասիրական այնպիսի գործառույթների կատարումը իր վրա վերցնող նման կազմակերպության առաջարկությունը, որոնք իրականացվում են հովանավոր տերությունների կողմից` սույն Կոնվենցիային համապատասխան:
Ցանկացած չեզոք տերություն կամ շահագրգիռ տերության կողմից հրավիրված կամ այդ նպատակներով իրեն առաջարկած ցանկացած կազմակերպություն պետք է գործի ընդհարման մեջ գտնվող այն կողմի նկատմամբ պատասխանատվության գիտակցումով, որին պատկանում են սույն Կոնվենցիայի հովանավորությունից օգտվող անձինք, և ներկայացնի բավարար երաշխիքներ, որ ինքն ի վիճակի է ստանձնելու համապատասխան գործառույթներ և դրանք կատարելու անաչառ կերպով:
Նախորդ դրույթները չեն կարող խախտվել տերությունների միջև կնքված հատուկ համաձայնագրերով, եթե այդ տերություններից մեկը, անգամ ժամանակավորապես, իր հնարավորություններում սահմանափակված է բանակցություններ վարելու մյուս տերության կամ նրա դաշնակիցների հետ` պատերազմական իրադրության բերումով, հատկապես այն դեպքերում, երբ տվյալ տերության ամբողջ տարածքը կամ դրա մի զգալի մասը գրավված է:
Ամեն անգամ, երբ սույն Կոնվենցիայում հիշատակվում է հովանավոր տերություն, այդ անվանումը նշանակում է նաև սույն հոդվածի համաձայն նրան փոխարինող կազմակերպություններ:
ՀՈԴՎԱԾ 11
Տարաձայնությունների կարգավորման գործընթացը
Բոլոր դեպքերում, երբ նրանք դա օգտակար կհամարեն ի շահ հովանավորվող անձանց և, մասնավորապես, սույն Կոնվենցիայի դրույթների կիրառման կամ մեկնաբանման առթիվ ընդհարման մեջ գտնվող կողմերի միջև տարաձայնությունների ծագման դեպքում, հովանավոր տերություններն իրենց բարի ծառայությունները կմատուցեն` տարաձայնությունները կարգավորելու նպատակով:
Այդ նպատակով հովանավոր տերություններից յուրաքանչյուրը կողմերից որևէ մեկի խնդրանքով կամ սեփական նախաձեռնությամբ կարող է ընդհարման մեջ գտնվող կողմերին առաջարկել պատշաճ կերպով ընտրված, հնարավոր չեզոք տարածքում կազմակերպելու նրանց ներկայացուցիչների և, մասնավորապես, այն իշխանությունների ներկայացուցիչների խորհրդակցություն, որոնց վրա դրված է հովանավորվող անձանց վիճակի նկատմամբ հոգատարությունը: Ընդհարման մեջ գտնվող կողմերը պարտավոր են ընթացք տալ այն առաջարկություններին, որոնք այդ իմաստով նրանց կարվեն: Անհրաժեշտության դեպքում հովանավոր տերությունները կարող են ընդհարման մեջ գտնվող կողմերի հավանությանը ներկայացնել չեզոք տերությանը պատկանող կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից որպես պատվիրակ ուղարկված անձին, որը կհրավիրվի մասնակցելու այդ խորհրդակցությանը:
Մաս 2
Ռազմագերիների ընդհանուր պաշտպանությունը
ՀՈԴՎԱԾ 12
Ռազմագերիների հետ վարվելակերպի համար պատասխանատվությունը
Ռազմագերիները գտնվում են հակառակորդ տերության, այլ ոչ առանձին անձանց կամ նրանց գերի վերցրած զորամասերի իշխանության տակ: Անկախ այն պատասխանատվությունից, որ կարող է ընկնել առանձին անձանց վրա, գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար:
Ռազմագերիները գերության մեջ պահող տերության կողմից կարող են հանձնվել միայն այն տերությանը, որը հանդիսանում է սույն Կոնվենցիայի մասնակից, և միայն այն բանից հետո, երբ գերության մեջ պահող տերությունը համոզվել է, որ այն տերությունը, որին հանձնվում են ռազմագերիները, ցանկանում է և ունակ է կիրառելու Կոնվենցիան: Եթե ռազմագերիները հանձնվում են այսպիսի պայմաններում, ապա Կոնվենցիայի կիրառման պատասխանատվությունը նրանց ընդունող տերությունը կրում է այնքան ժամանակ, քանի դեռ նրանք գտնվում են նրա խնամակալության ներքո:
Սակայն եթե այդ տերությունը չկատարի սույն Կոնվենցիայի դրույթները ցանկացած կարևոր կետով, այն տերությունը, որը հանձնել է ռազմագերիներին, ստանալով հովանավոր տերության ծանուցումը, պետք է ձեռնարկի արդյունավետ միջոցներ դրությունը շտկելու համար կամ պահանջի վերադարձնել ռազմագերիներին: Այդպիսի պահանջը պետք է բավարարվի:
ՀՈԴՎԱԾ 13
Գերիների նկատմամբ մարդասիրական վարվելակերպը
Ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Գերության մեջ պահող տերության ցանկացած անօրինական գործողություն կամ անգործություն, որոնք հարուցում են նրա իշխանության տակ գտնվող ռազմագերու մահը, կամ ռազմագերու առողջությունը դնում լուրջ սպառնալիքի տակ, արգելվում են և կդիտվեն որպես սույն Կոնվենցիայի լուրջ խախտումներ: Մասնավորապես, ոչ մի ռազմագերի չի կարող ենթարկվել ֆիզիկական խեղման կամ գիտական ու բժշկական փորձարարության, ինչ բնույթի էլ այն լինի, եթե այն չի արդարացվում ռազմագերու բուժման նկատառումներով և չի բխում նրա շահերից:
Ռազմագերիները նաև պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից, հատկապես բռնության կամ ահաբեկման ամեն տեսակի ակտերից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրություններից:
Նրանց նկատմամբ փոխճնշման միջոցների կիրառումն արգելվում է:
ՀՈԴՎԱԾ 14
Գերիների անձի նկատմամբ հարգանքը
Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք:
Կանանց նկատմամբ հարկ է վերաբերվել նրանց սեռին վայել հարգանքով, և նրանց հետ պետք է բոլոր դեպքերում վարվել ոչ ավելի վատ, քան տղամարդկանց հետ:
Ռազմագերիները լիովին պահպանում են իրենց քաղաքացիական իրավունակությունը, որից նրանք օգտվելիս են եղել գերության վերցվելու պահին: Գերության մեջ պահող տերությունը կարող է սահմանափակել այդ իրավունակությամբ տրամադրվող իրավունքների իրականացումը իր սեփական տարածքում կամ այդ տարածքից դուրս միայն այնչափ, որչափ պահանջում են գերության պայմանները:
ՀՈԴՎԱԾ 15
Ռազմագերիների նկատմամբ հոգատարությունը
Գերության մեջ պահող տերությունը պարտավոր է անվճար ապահովել ռազմագերիների պահպանումը ու նաև բժշկական օգնությունը, որ կպահանջի նրանց առողջական վիճակը:
ՀՈԴՎԱԾ 16
Համանման վարվելակերպի ապահովումը
Սույն Կոնվենցիայի` կոչմանը և սեռին վերաբերող դրույթների հաշվառմամբ, գերության մեջ պահող տերությունը պետք է բոլոր ռազմագերիների հետ վարվի միատեսակ, առանց ռասայի, ազգության, դավանանքի, քաղաքական համոզմունքների և մյուս համանման չափանիշների հիման վրա որևէ խտրականության, բացառությամբ այն արտոնյալ ռեժիմի, որ նա կարող է սահմանել ռազմագերիների համար նրանց առողջական վիճակի, տարիքի կամ որակավորման բերումով:
Մաս 3
Գերությունը
Բաժին 1
Գերության սկիզբը
ՀՈԴՎԱԾ 17
Ռազմագերու հարցաքննությունը
Յուրաքանչյուր ռազմագերի հարցաքննության ժամանակ պարտավոր է հայտնել միայն իր ազգանունը, անունը և կոչումը, ծննդյան տարեթիվը և անձնական համարը կամ, եթե այդպիսին չկա, այլ հավասարազոր տեղեկություն:
Այն դեպքում, եթե ռազմագերին միտումնավոր խախտի այդ կանոնը, նրան կարող է սպառնալ նրա կոչման և դիրքի ռազմագերիներին տրամադրվող արտոնությունների սահմանափակում:
Ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ պարտավոր է ամեն մի անձի, որի վրա տարածվում է իր ընդդատությունը, և որը կարող է դառնալ ռազմագերի, ապահովել ինքնության վկայականով, նշելով ազգանունը, անունը, կոչումը, անձնական համարը կամ համազոր տեղեկություններ և ծննդյան տարեթիվը: Դրանից բացի, ինքնության այդ վկայականը կարող է ունենալ դրա տիրոջ ստորագրությունը կամ մատնահետքերը կամ թե մեկը և թե մյուսը, ինչպես նաև բովանդակել ցանկացած այլ տեղեկություններ, որոնք ընդհարման մեջ գտնվող կողմը կցանկանա ավելացնել այն անձի վերաբերմամբ, որը պատկանում է իր զինված ուժերի կազմին: Ինքնության վկայականը, հնարավորության սահմաններում պետք է լինի 6,5x10 սմ չափսի և պետք է ունենա կրկնօրինակ: Ռազմագերին պարտավոր է այն ներկայացնել ցանկացած պահանջի դեպքում, բայց այն ոչ մի դեպքում չի կարող նրանից վերցվել:
Ռազմագերիների նկատմամբ ոչ մի ֆիզիկական կամ բարոյական տանջանք կամ հարկադրման այլ միջոցներ չեն կարող կիրառվել` նրանցից որևէ տեղեկություն ստանալու համար: Այն ռազմագերիներին, որոնք կհրաժարվեն պատասխանել, չի կարելի սպառնալ, նրանց վիրավորանքի կամ որևէ հետապնդման կամ սահմանափակման ենթարկել:
Ռազմագերիները, որոնք իրենց ֆիզիկական և բարոյական վիճակի պատճառով ի վիճակի չեն տեղեկություններ տալ իրենց անձի մասին, կհանձնվեն բժշկական ծառայության խնամքին: Այդ ռազմագերիների ինքնությունը կհաստատվի բոլոր հնարավոր միջոցներով` նախորդ պարբերության դրույթների հաշվառումով:
Ռազմագերիների հարցաքննությունը պետք է տարվի նրանց համար հասկանալի լեզվով:
ՀՈԴՎԱԾ 18
Ռազմագերու սեփականությունը
Անձնական օգտագործման բոլոր իրերը և առարկաները, բացառությամբ զենքի, ձիերի, ռազմական հանդերձանքի և զինվորական փաստաթղթերի, կմնան ռազմագերիների տնօրինության տակ, ինչպես նաև մետաղյա սաղավարտները, հակագազերը և նման այլ առարկաները, որ նրանց տրված են անձնական պաշտպանության համար: Նրանց մոտ կմնան նաև այն իրերն ու առարկաները, որոնք ծառայում են նրանց համազգեստի և սնման համար, անգամ այն դեպքում, եթե այդ իրերն ու առարկաները պատկանում են պաշտոնական զինվորական հանդերձանքին:
Ռազմագերիները երբեք չպետք է մնան առանց ինքնության վկայականների: Գերության մեջ պահող տերությունն ինքնության վկայականներ կտա նրանց, ովքեր դրանք չունեն:
Գլխավորապես սուբյեկտիվ արժեք ունեցող տարբերանշանները և պետական պատկանելության նշանները, պարգևի նշաններն ու առարկաները ռազմագերիներից չեն կարող վերցվել:
Ռազմագերիների մոտ եղած դրամական գումարները կարող են վերցվել միայն սպայի կարգադրությամբ և միայն այն բանից հետո, երբ հատուկ ցուցակում կգրանցվեն այդ գումարների չափերը և տվյալներ դրանց տերերի մասին, և վերջիններիս կտրվի մանրամասն ստացական, որտեղ ընթեռնելի կգրվեն այդ ստացականը տվող անձի անունը, կոչումը և զորամասը: Գերության մեջ պահող տերության տարադրամով դրամական գումարները կամ այն գումարները, որոնք ռազմագերիների խնդրանքով փոխարկվել են այդ տարադրամով, կգրանցվեն ռազմագերու անձնական հաշվին` 64 հոդվածին համապատասխան:
Գերության մեջ պահող տերությունը կարող է ռազմագերուց արժեքավոր իրերը վերցնել միայն անվտանգության նկատառումներով: Այդպիսի դեպքերում պահպանվում է նույն կարգը, ինչ որ դրամական գումարներն առգրավելիս:
Նշված իրերը, ինչպես նաև վերցված դրամական գումարները, եթե դրանք այլ տարադրամով են եղել, քան գերության մեջ պահող տերության տարադրամն է, և դրանց փոխարկման մասին ռազմագերուց խնդրանք չի ստացվել, պետք է պահվեն գերության մեջ պահող տերության կողմից և ռազմագերիներին վերադարձվեն նրանց գերության ավարտին այն տեսքով, ինչպես որ դրանք վերցվել են:
ՀՈԴՎԱԾ 19
Ռազմագերիների տարահանումը
Գերության վերցնելուց հետո հնարավոր կարճ ժամկետում ռազմագերիները տարահանվում են ճամբարներ, որոնք տեղավորված են ռազմական գործողությունների գոտուց բավականին հեռու, այնպես, որ նրանք գտնվեն անվտանգության մեջ:
Վտանգավոր գոտում կարելի է ժամանակավորապես պահել միայն այն ռազմագերիներին, որոնք իրենց վերքերի կամ հիվանդության հետևանքով տարահանման ժամանակ կենթարկվեն ավելի մեծ վտանգի, քան տեղում թողնելիս:
Ռազմագերիներին հարկավոր չէ առանց անհրաժեշտության վտանգի ենթարկել ռազմական գործողությունների գոտուց տարահանմանը սպասելիս:
ՀՈԴՎԱԾ 20
Տարահանման կարգը
Ռազմագերիների տարահանումը մշտապես պետք է կատարվի մարդասիրաբար և համանման այն պայմաններին, որոնք գերության մեջ պահող տերությունը տրամադրում է իր զորքերին` զորաշարժերի ժամանակ:
Գերության մեջ պահող տերությունը պետք է տարահանվող ռազմագերիներին ապահովի բավարար քանակությամբ խմելու ջրով և սնունդով, ինչպես նաև նրանց տրամադրի անհրաժեշտ հագուստ և բուժօգնություն: Այդ տերությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` տարահանման ժամանակ նրանց անվտանգության ապահովման համար և առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմի տարահանվող ռազմագերիների ցուցակը:
Եթե տարահանման ժամանակ ռազմագերիները պետք է անցնեն տարանցիկ ճամբարներով, ապա այդ ճամբարներում նրանց գտնվելը կլինի հնարավորին չափ կարճատև:
Բաժին 2
Ռազմագերիների ներկալումը
Գլուխ 1
Ընդհանուր դրույթներ
ՀՈԴՎԱԾ 21
Տեղաշարժվելու սահմանափակումները
Գերության մեջ պահող տերությունը կարող է ռազմագերիներին ենթարկել ներկալման: Նա կարող է նրանց պարտադրել դուրս չգալ ճամբարի սահմանված գծից, ուր նրանք ներկալված են, կամ էլ, եթե ճամբարը պատված է ցանկապատով, դուրս չգալ այդ ցանկապատից: Բացառությամբ սույն Կոնվենցիայի այն դրույթներով նախատեսված դեպքերի, որոնք վերաբերում են քրեական և կարգապահական պատժամիջոցներին, ռազմագերիներին չի կարելի պահել փակ շենքերում կամ նրանց զրկել շենքերից դուրս գալու իրավունքից, եթե այդ միջոցը անհրաժեշտ չի համարվում նրանց առողջության պահպանման համար. համենայն դեպս, այդ միջոցի կիրառումը թույլատրվում է միայն այնքան ժամանակ, քանի դեռ այդ միջոցը հարուցող հանգամանքները չեն վերացել:
Ռազմագերիներին ազնիվ խոսքով կամ պարտավորությամբ կարող է տրամադրվել սահմանափակ կամ լրիվ ազատություն, եթե դա թույլ են տալիս այն տերության օրենքները, որին նրանք պատկանում են: Այդ միջոցը կկիրառվի, մասնավորապես, այն դեպքերում, երբ դա կարող է նպաստել գերյալների առողջության բարելավմանը: Գերիներին չի կարելի հարկադրել համաձայնելու ազնիվ խոսքով կամ պարտավորությամբ իրենց ազատվելուն:
Ռազմական գործողություններ սկսվելիս ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ հակառակորդ կողմին կհայտնի այն օրենքներն ու կանոնները, որոնք թույլատրում կամ արգելում են իր քաղաքացիներին ազնիվ խոսքով կամ պարտավորությամբ իր ազատմանը համաձայնություն տալ: Այդ ձևով հաղորդված օրենքներին և կանոններին համապատասխան` ազնիվ խոսքով կամ պարտավորությամբ ազատված ռազմագերիները պարտավոր են իրենց անձնական պատվով կատարել ստանձնած պարտավորությունները ինչպես այն տերության հանդեպ, որին իրենք պատկանում են, այնպես էլ նրանց գերի վերցրած տերության հանդեպ: Այդպիսի դեպքերում տերությունը, որին պատկանում են նրանք, չպետք է պահանջի կամ նրանցից ընդունի որևէ ծառայություն, որը հակասի ռազմագերիների կողմից տրված խոսքին կամ պարտավորությանը:
ՀՈԴՎԱԾ 22
Ներկալման վայրերը և կարգը
Ռազմագերիները կարող են ներկալվել միայն ցամաքում գտնվող և հիգիենայի ու առողջության պահպանման առումով լիակատար երաշխիք տվող շենքերում: Բացառությամբ հատուկ դեպքերի, որոնք արդարացվում են հենց իրենց` գերիների շահերով, նրանց չի կարելի տեղավորվել բանտային շենքերում:
Վատառողջ կամ այնպիսի տեղանքում ներկալված ռազմագերիները, որի կլիման կործանարար է նրանց առողջության համար, առաջին իսկ հնարավորության դեպքում կփոխադրվեն առավել նպաստավոր կլիմա ունեցող վայր:
Գերության մեջ պահող տերությունը ռազմագերիներին ճամբարներում կամ ճամբարների հատվածներում կտեղաբաշխի` հաշվի առնելով նրանց ազգությունը, լեզուն և սովորույթները, պայմանով, որ ռազմագերիներին չեն անջատի այն զինված ուժերի ռազմագերիներից, որոնցում նրանք ծառայելիս են եղել գերության վերցվելու պահին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք իրենք այդպիսի համաձայնություն կտան:
ՀՈԴՎԱԾ 23
Ռազմագերիների անվտանգությունը
Ոչ մի ռազմագերի ոչ մի ժամանակ չի կարող ուղարկվել այնպիսի շրջան, որտեղ նա կարող է ենթարկվել մարտական գոտու կրակի գործողությանը, ոչ էլ պահվի այնտեղ, ինչպես նաև չի կարելի օգտագործել նրա ներկայությունը` ռազմական գործողություններից որևէ կետի կամ շրջանի պաշտպանության համար:
Ռազմագերիները տեղական քաղաքացիական բնակչության նման պետք է ունենան ապաստարաններ` օդային հարձակումներից և պատերազմի այլ վտանգներից պաշտպանվելու համար: Բացառությամբ այն ռազմագերիների, ովքեր կմասնակցեն այդ վտանգներից իրենց շենքերի պաշտպանությանը, նրանք կարող են մեկնել ապաստարաններ հնարավորին չափ արագ, հենց որ տրվի տագնապի ազդանշան: Պաշտպանության ցանկացած միջոց, որ կձեռնարկվի հօգուտ բնակչության, պետք է կիրառվի նաև նրանց նկատմամբ:
Գերության մեջ պահող տերությունները, հովանավոր տերությունների միջոցով, միմյանց կհայտնեն ռազմագերիների ճամբարների աշխարհագրական տեղադրության մասին:
Ռազմագերիների ճամբարները ցերեկը, եթե դա թույլ են տալիս ռազմական բնույթի նկատառումները, պետք է նշվեն «PG» կամ «PW» տառերով, դասավորված այնպես, որպեսզի դրանք պարզորոշ երևան օդից, սակայն շահագրգիռ տերությունները կարող են պայմանավորվել նշման այլ եղանակի մասին: Միայն ռազմագերիների ճամբարները կարող են նշվել այդ կերպ:
ՀՈԴՎԱԾ 24
Մշտական տիպի տարանցիկ ճամբարները
Մշտական տիպի տարանցիկ կամ տեսակավորող ճամբարներն իրենց կազմակերպմամբ պետք է համապատասխանեն սույն բաժնում նախատեսված պայմաններին, և այնտեղ ռազմագերիների համար պետք է գոյություն ունենա նույնպիսի ռեժիմ, ինչպես մյուս ճամբարներում:
Գլուխ 2
Ռազմագերիների շենքերը, սնունդը և հագուստը
ՀՈԴՎԱԾ 25
Տեղավորման պայմանները
Ճամբարներում ռազմագերիների տեղավորման պայմանները պետք է նվազ բարենպաստ չլինեն այն պայմաններից, որոնցից օգտվում են գերության մեջ պահող տերության` նույն տեղանքում գտնվող զորքերը: Այդ պայմանները պետք է ստեղծվեն ռազմագերիների սովորույթների և բարքերի հաշվառմամբ և ոչ մի դեպքում չպետք է վնասակար լինեն նրանց առողջության համար:
Վերոհիշյալ պայմանները պետք է կիրառվեն, մասնավորապես, ռազմագերիների ննջասենյակների նկատմամբ` ինչպես դրանց տարածության ընդհանուր չափի և նվազագույն ծավալների, այնպես էլ կահավորման և անկողնային պարագաների, այդ թվում` վերմակների առումով:
Անհատական կամ կոլեկտիվ օգտագործման նպատակով ռազմագերիների համար նախատեսված շենքերը պետք է լիովին պաշտպանված լինեն խոնավությունից և բավարար չափով ջեռուցվեն ու լուսավորվեն հատկապես գիշերամուտի և լույսն անջատելու միջև ընկած ժամանակ: Պետք է ձեռնարկվեն հակահրդեհային բոլոր միջոցները:
Այն ճամբարներում, որտեղ տղամարդկանց կողքին գտնվում են ռազմագերի կանայք, նրանք պետք է ապահովված լինեն առանձին ննջասենյակներով:
ՀՈԴՎԱԾ 26
Սնունդը
Օրական հիմնական սննդի բաժինն իր որակով, քանակով, բազմազանությամբ պետք է բավարար լինի այն բանի համար, որպեսզի պահպանվի ռազմագերիների առողջության բարվոք վիճակը, և թույլ չտրվեն նրանց քաշի կորուստ կամ սննդի անբավարար լինելու հետ կապված երևույթներ: Հարկ է նաև հաշվի առնել գերիների համար սննդի սովորական դարձած ռեժիմը:
Գերության մեջ պահող տերությունը պետք է աշխատող ռազմագերիներին ապահովի լրացուցիչ սնունդով` նրանց կողմից կատարվող աշխատանքին համապատասխան:
Ռազմագերիներին պետք է մատակարարվի բավարար քանակի խմելու ջուր: Ծխախոտ ծխելը պետք է թույլատրվի:
Ռազմագերիներն առավելագույն հնարավորության չափով կներգրավվեն իրենց համար սնունդ պատրաստելուն. այդ նպատակով նրանք կարող են ներգրավվել խոհանոցում աշխատելու: Դրանից բացի, նրանք հնարավորություն կստանան իրենք սնունդ պատրաստել իրենց ունեցած լրացուցիչ մթերքներից:
Համապատասխան շենքեր կնախատեսվեն ճաշարանների համար:
Սննդին առնչվող ամեն տեսակի կոլեկտիվ կարգապահական տույժերն արգելվում են:
ՀՈԴՎԱԾ 27
Հագուստը
Հագուստը, սպիտակեղենը և կոշիկը գերության մեջ պահող տերության կողմից ռազմագերիներին կտրվեն բավարար քանակով, ընդսմին` այդ տերությունը պետք է հաշվի առնի այն տեղանքի կլիմայական պայմանները, որտեղ գտնվում են ռազմագերիները: Գերության մեջ պահող տերության կողմից գրավված` հակառակորդ բանակների համազգեստը կօգտագործվի ռազմագերիների համար, եթե այն համապատասխանում է կլիմայական պայմաններին:
Այդ պարագաների կանոնավոր փոխարինումը և նորոգումը ապահովվում են գերության մեջ պահող տերության կողմից: Դրանից բացի, աշխատող ռազմագերիները համապատասխան հագուստ կստանան ամենուրեք, որտեղ դա պահանջում է նրանց աշխատանքի բնույթը:
ՀՈԴՎԱԾ 28
Կրպակները
Բոլոր ճամբարներում կտեղադրվեն կրպակներ, որտեղ ռազմագերիները կարող են գնել սննդամթերք, առօրյա գործածության իրեր, օճառ և ծխախոտ, որոնց վաճառքի գները չպետք է գերազանցեն տեղական առևտրական գները:
Կրպակներից ստացված շահույթը կօգտագործվի հօգուտ ռազմագերիների. այդ նպատակով հատուկ հիմնադրամ կստեղծվի: Վստահված անձն իրավունք կունենա մասնակցել կրպակի աշխատանքին և այդ հիմնադրամի օգտագործմանը:
Որևէ ճամբարի վերացման ժամանակ հատուկ հիմնադրամի հաշվեմնացորդը պետք է հանձնվի որևէ միջազգային մարդասիրական կազմակերպության` օգտագործելու համար ի շահ ռազմագերիների, որոնք հանդիսանում են այն երկրի քաղաքացիները, ինչ այդ հիմնադրամի ստեղծմանը նպաստած ռազմագերիները: Համընդհանուր հայրենադարձության դեպքում այդ շահույթը մնում է գերության մեջ պահող տերությանը, եթե շահագրգիռ տերությունների միջև չկա հակառակ համաձայնություն:
Գլուխ 3
Հիգիենան և բուժօգնությունը
ՀՈԴՎԱԾ 29
Հիգիենան
Գերության մեջ պահող տերությունը պարտավոր կլինի ձեռնարկել հիգիենայի բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են ճամբարների մաքրության ու առողջության համար բարենպաստ վիճակի ապահովման և համաճարակները կանխարգելելու համար:
Ռազմագերիները գիշեր ու ցերեկ կունենան հիգիենայի կանոններին համապատասխանող և մշտապես մաքուր վիճակում պահվող սանիտարական հանգույցներ: Բոլոր այն ճամբարներում, որտեղ պահվում են ռազմագերի կանայք, նրանց պետք է տրամադրվեն առանձին սանիտարական հանգույցներ:
Բաղնիքներից և ցնցուղներից բացի, որոնք կկազմակերպվեն ճամբարներում, ռազմագերիներին կտրամադրվեն բավարար քանակությամբ ջուր և օճառ` մարմնի մաքրության ամենօրյա պահպանման և սպիտակեղենի լվացման համար. դրա համար նրանց կտրամադրվեն անհրաժեշտ շենքեր, հնարավորություններ և ժամանակ:
ՀՈԴՎԱԾ 30
Բժշկական խնամքը
Յուրաքանչյուր ճամբար կունենա համապատասխան լազարեթ, որտեղ ռազմագերիները կստանան օգնություն, ինչի կարիքը նրանք կզգան, և որտեղ նրանց կտրամադրվի սնման անհրաժեշտ ռեժիմ: Հարկ եղած դեպքում կկազմակերպվեն մեկուսարաններ` վարակվածների և հոգեկան հիվանդների համար:
Ծանր հիվանդությամբ տառապող ռազմագերիները, կամ նրանք, որոնց առողջական վիճակը պահանջում է հատուկ բուժում, վիրահատական միջամտություն կամ հոսպիտալացում, պետք է ընդունվեն նրանց բուժումն ապահովելու ընդունակ ցանկացած զինվորական կամ քաղաքացիական բուժհիմնարկ, անգամ եթե նրանց հայրենադարձությունն սպասվում է մոտ ապագայում: Հատուկ պայմաններ կստեղծվեն հաշմանդամների և, մասնավորապես, կույրերի խնամքի և մինչև հայրենադարձությունը նրանց հետ վերականգնողական աշխատանքների համար:
Ռազմագերիներին բուժօգնություն կտրվի առավելապես այն տերության բուժանձնակազմի կողմից, որին նրանք պատկանում են և, հնարավորին չափ, նրանց ազգության անձնակազմի կողմից:
Չի կարելի խոչընդոտել ռազմագերիներին ընդունելության ներկայանալու բուժանձնակազմի մոտ: Գերության մեջ պահող իշխանությունները բուժման ենթակա յուրաքանչյուր ռազմագերու, վերջինիս խնդրանքով, կտան պաշտոնական տեղեկանք` նշելով նրա վերքերի կամ հիվանդության բնույթը, բուժման տևողությունը և բնույթը: Այդ տեղեկանքի կրկնօրինակը կուղարկվի ռազմագերիների գործերի կենտրոնական գործակալություն:
Բուժման ծախսերը, ներառյալ` ռազմագերիների առողջությունը լավ վիճակում պահելու համար անհրաժեշտ ամեն տեսակի հարմարանքների, այն է` ատամի և ուրիշ պրոթեզների ու ակնոցների ձեռքբերման ծախսերը, պետք է կատարի գերության մեջ պահող տերությունը:
ՀՈԴՎԱԾ 31
Բժշկական զննումները
Ռազմագերիների բժշկական զննումները կկատարվեն առնվազն ամիսը մեկ անգամ: Բժշկական զննումների ժամանակ հարկ է ստուգել և նշել յուրաքանչյուր ռազմագերու քաշը: Այդ զննումների նպատակը կլինի, մասնավորապես, ռազմագերիների առողջական ընդհանուր վիճակի, սնման և մաքրության ստուգումը, վարակիչ հիվանդությունների, հատկապես, թոքախտի, մալարիայի և վեներական հիվանդությունների հայտնաբերումը: Այդ նպատակով կկիրառվեն տրամադրության տակ եղած առավել արդյունավետ մեթոդներ, օրինակ, պարբերական զանգվածային ռենտգենյան լուսանկարումները միկրոֆիլմերով` նախնական փուլում թոքախտը հայտնաբերելու համար:
ՀՈԴՎԱԾ 32
Բժշկական գործառույթներ կատարող ռազմագերիները
Գերության մեջ պահող տերությունը կարող է թեկուզ և իր զինված ուժերի բժշկական ծառայությանը չպատկանող, բայց բժիշկներ, ատամնաբույժներ, սանիտարներ և բուժքույրեր հանդիսացող ռազմագերիներից պահանջել կատարելու իրենց բժշկական պարտականությունները` ի շահ այն ռազմագերիների, որոնք պատկանում են նույն տերությանը, ինչ իրենք: Այդ դեպքում նրանք կշարունակեն համարվել ռազմագերիներ, բայց կօգտվեն նույն վարվելակերպից, ինչ համապատասխան այն բուժանձնակազմը, որ պահվել է գերության մեջ պահող տերության կողմից: Նրանք կազատվեն ցանկացած այլ աշխատանքից, որ նախատեսված է 49 հոդվածով:
Գլուխ 4
Ռազմագերիներին օգնություն ցույց տալու համար պահված բժշկական և հոգևոր անձնակազմը
ՀՈԴՎԱԾ 33
Պահված անձնակազմի իրավունքներն ու արտոնությունները
Ռազմագերիներին օգնություն ցույց տալու նպատակով գերության մեջ պահող տերության կողմից պահված բժշկասանիտարական և հոգևոր անձնակազմի անդամները չպետք է համարվեն ռազմագերիներ: Նրանք սակայն կօգտվեն առնվազն սույն Կոնվենցիայի արտոնություններից և հովանավորությունից, և նրանց կտրամադրվեն բոլոր այն հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են ռազմագերիներին բժշկական և հոգևոր օգնություն ցույց տալու համար:
Նրանք գերության մեջ պահող տերության օրենքների և զինվորական կանոնադրությունների շրջանակներում և նրա իրավասու մարմինների ղեկավարությամբ, ինչպես նաև իրենց մասնագիտական էթիկային համապատասխան` կշարունակեն կատարել իրենց բժշկական և հոգևոր պարտականությունները` ի շահ ռազմագերիների, որոնք առավելապես պատկանում են այն զինված ուժերին, ինչ իրենք: Իրենց բժշկական և հոգևոր պարտականությունները կատարելիս նրանք նաև կօգտվեն հետևյալ արտոնություններից.
ա) նրանց կթույլատրվի պարբերաբար այցելել ճամբարից դուրս տեղավորված աշխատանքային խմբերում կամ հոսպիտալներում գտնվող ռազմագերիներին. գերության մեջ պահող տերությունն այդ նպատակով նրանց կտրամադրի անհրաժեշտ փոխադրամիջոցներ,
բ) յուրաքանչյուր ճամբարում կոչումով և ստաժով ավագ զինվորական բժիշկը ճամբարի զինվորական իշխանությունների առջև պատասխանատվություն կկրի այն ամենի համար, ինչ կապված է պահված բժշկասանիտարական անձնակազմի գործունեության հետ: Այդ նպատակով ռազմական գործողությունների սկզբից ընդհարման մեջ գտնվող կողմերը կպայմանավորվեն իրենց բժշկասանիտարական անձնակազմի, այդ թվում նաև «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 26 հոդվածում հիշատակված ընկերությունների անձնակազմի կոչումների համապատասխանության առթիվ: Այդ բժիշկը, ինչպես նաև հոգևոր սպասավորները, իրավունք կունենան դիմելու ճամբարի համապատասխան իշխանություններին բոլոր այն հարցերով, որոնք վերաբերում են նրանց մասնագիտական գործունեությանը: Այդ իշխանությունները նրանց կտրամադրեն անհրաժեշտ հնարավորություններ` այդ հարցերի շուրջ գրագրություն վարելու համար.
գ) թեև պահված անձնակազմը կենթարկվի այն ճամբարի ներքին կարգապահությանը, որտեղ նա գտնվում է, սակայն նրան չի կարելի հարկադրել կատարելու նրա բժշկական և հոգևոր պարտականությունների հետ կապ չունեցող աշխատանք:
Ռազմական գործողությունների ժամանակ ընդհարման մեջ գտնվող կողմերը կպայմանավորվեն պահված անձնակազմի հնարավոր փոխարինման շուրջ և կսահմանեն այդ փոխարինման կարգը:
Նախորդ դրույթներից և ոչ մեկը գերության մեջ պահող տերությանը չի ազատում այն պարտականություններից, որոնք ընկած են նրա վրա ռազմագերիների բժշկական և հոգևոր կարիքների բավարարման բնագավառում:
Գլուխ 5
Կրոնը, մտավոր և ֆիզիկական գործունեությունը
ՀՈԴՎԱԾ 34
Կրոնը
Ռազմագերիներին կտրամադրվի լիակատար ազատություն իրենց կրոնի ծիսակատարությունների համար, ներառյալ` այցելությունը ժամերգության` պայմանով, որ նրանք պահպանեն ռազմական իշխանությունների սահմանած կարգապահական կարգը:
Կրոնական ծեսերի համար կառանձնացվեն պատշաճ շենքեր:
ՀՈԴՎԱԾ 35
Պահված զինվորական հոգևորականները
Զինվորական հոգևորականության կազմի մեջ մտնող պաշտամունքի սպասավորներին, որոնք ընկել են հակառակորդ տերության իշխանության տակ և մնացել կամ պահվել են ռազմագերիներին օգնություն ցույց տալու համար, կթույլատրվի սպասարկել նրանց հոգևոր կարիքները և ազատորեն կատարել իրենց պարտականություններն իրենց հավատակիցների մեջ իրենց կրոնական խղճին համապատասխան: Նրանք կբաշխվեն տարբեր ճամբարների և աշխատանքային խմբերի միջև, որտեղ գտնվում են նույն զինված ուժերին պատկանող, միևնույն լեզվով խոսող կամ նույն կրոնին պատկանող ռազմագերիներ: Նրանց կտրամադրվեն անհրաժեշտ հնարավորություններ, այդ թվում` 33 հոդվածով նախատեսված փոխադրամիջոցներ` իրենց ճամբարի սահմաններից դուրս գտնվող ռազմագերիներին այցելելու համար: Իրենց կրոնական գործերով նրանք կօգտվեն միջազգային կրոնական կազմակերպությունների և այն երկրի հոգևոր իշխանությունների հետ գրաքննության ենթակա ազատ գրագրությունից, որտեղ նրանք պահվում են: Նամակները և բացիկները, որ նրանք կարող են ուղարկել, չեն մտնում 71 հոդվածում սահմանված չափաքանակի մեջ:
ՀՈԴՎԱԾ 36
Հոգևոր սպասավոր հանդիսացող ռազմագերիները
Հոգևոր սպասավորներ հանդիսացող ռազմագերիները, որոնք մտած չեն եղել իրենց սեփական բանակի զինվորական հոգևորականության կազմի մեջ, թույլտվություն կստանան, ինչպիսին էլ լինի նրանց դավանանքը, ազատորեն կատարելու իրենց պարտականություններն իրենց հավատակիցների շրջանում: Այդ առումով նրանց հետ կվարվեն որպես գերության մեջ պահող տերության կողմից պահված զինվորական հոգևորականության: Նրանց չեն հարկադրի կատարելու որևէ այլ աշխատանք:
ՀՈԴՎԱԾ 37
Իրենց պաշտամունքի սպասավոր չունեցող ռազմագերիները
Այն դեպքերում, երբ ռազմագերիների թվում չկա զինվորական հոգևորականության ներկայացուցիչ կամ տվյալ պաշտամունքի սպասավոր ռազմագերի, և նրանք զրկված են հոգևոր օգնությունից, շահագրգիռ ռազմագերիների խնդրանքով այդ պարտականությունների կատարման համար կնշանակվի այդ ռազմագերիների դավանանքին կամ համանման դավանանքի պատկանող սպասավոր կամ այդպիսին չլինելու դեպքում` իրազեկ աշխարհիկ անձ, եթե դա թույլատրելի է այդ կրոնի տեսակետից: Այդ նշանակումը, որ պետք է հավանության արժանանա գերության մեջ պահող տերության կողմից, կկատարվի շահագրգիռ ռազմագերիների համայնքի համաձայնությամբ, իսկ այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, այդ նույն դավանանքի տեղական հոգևոր իշխանությունների համաձայնությամբ: Այս եղանակով նշանակված անձը պետք է գործի այն բոլոր կանոններին համապատասխան, որոնք գերության մեջ պահող տերության կողմից սահմանված են կարգապահության պահպանման և ռազմական անվտանգության համար:
ՀՈԴՎԱԾ 38
Ժամանցը, կրթությունը, սպորտը
Յուրաքանչյուր ռազմագերու անձնական հակումների նկատմամբ հարգանքով վերաբերվելով` գերության մեջ պահող տերությունը կխրախուսի ռազմագերիների մտավոր, կրթական և սպորտային, ինչպես նաև ժամանցի կազմակերպման գործունեությունը. այդ նպատակով նա կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` համապատասխան շենքեր և անհրաժեշտ գույք նրանց տրամադրելու համար:
Ռազմագերիները պետք է ունենան ֆիզիկական վարժություններով զբաղվելու հնարավորություն, ներառյալ` սպորտը և սպորտային խաղերը և գտնվեն բաց օդում: Այդ նպատակով բոլոր ճամբարներում բավարար չափերի ազատ հրապարակներ կառանձնացվեն:
Գլուխ 6
Կարգապահությունը
ՀՈԴՎԱԾ 39
Ղեկավարությունը: Պատիվ տալը
Ռազմագերիների յուրաքանչյուր ճամբար կդրվի գերության մեջ պահող տերության կանոնավոր զինված ուժերին պատկանող պատասխանատու սպայի անմիջական ղեկավարության տակ: Այդ սպան կունենա սույն Կոնվենցիայի տեքստը, կհետևի, որպեսզի դրա դրույթները հայտնի լինեն ճամբարի անձնակազմին, և ինքը պատասխանատու կլինի դրա կիրառման համար` իր կառավարության հսկողության ներքո:
Ռազմագերիները, բացառությամբ սպաների, պետք է գերության մեջ պահող տերության բոլոր սպաներին պատիվ տան և ցուցաբերեն հարգանքի արտաքին նշաններ, որոնք նախատեսված են նրանց սեփական գործող բանակների կանոնադրություններով:
Ռազմագերի սպաները պետք է պատիվ տան միայն այդ տերության` կոչումով ավագ սպաներին: Սակայն նրանք պետք է պատիվ տան ճամբարի պետին, ինչ կոչում էլ որ նա ունենա:
ՀՈԴՎԱԾ 40
Նշանները և շքանշանները
Կթույլատրվի տարբերանշանների և պետական պատկանելության նշանների, ինչպես նաև պարգևի նշանների կրումը:
ՀՈԴՎԱԾ 41
Կոնվենցիայի, ինչպես նաև ռազմագերիներին վերաբերող կանոնների և
հրամանների տեքստերի փակցնելը
Սույն Կոնվենցիայի, նրա հավելվածների տեքստը և այն հատուկ համաձայնագրերի բովանդակությունը, որոնք նախատեսված են 6 հոդվածով` գրված ռազմագերիների լեզվով, կփակցվեն յուրաքանչյուր ճամբարում` այնպիսի տեղերում, որտեղ դրանք կարող են ընթերցվել բոլոր ռազմագերիների կողմից: Համապատասխան խնդրանքի դեպքում տեքստը կհաղորդվի այն ռազմագերիներին, որոնք փակցված տեքստին ծանոթանալու հնարավորություն չունեն:
Ռազմագերիների վարքագծին վերաբերող ամեն կարգի կանոնները, հրամանները, հայտարարությունները և ծանուցումները նրանց կհաղորդվեն նրանց համար հասկանալի լեզվով: Դրանք կփակցվեն համաձայն վերը սահմանված կարգի, և օրինակների որոշ քանակություն կհանձնվի վստահված անձին: Առանձին զինծառայողների հետ կապված բոլոր հրամանները և կարգադրությունները ևս պետք է տրվեն նրանց համար հասկանալի լեզվով:
ՀՈԴՎԱԾ 42
Զենքի օգտագործումը
Զենքի օգտագործումը ռազմագերիների, մասնավորապես, փախուստ կամ փախուստի փորձ կատարողների դեմ, հանդիսանում է ծայրահեղ բնույթի միջոց, որին մշտապես պետք է նախորդի հանգամանքներին համապատասխանող նախազգուշացումը:
Գլուխ 7
Ռազմագերիների զինվորական կոչումները
ՀՈԴՎԱԾ 43
Զինվորական աստիճանների և կոչումների մասին ծանուցումը
Ռազմական գործողությունների հենց սկզբից ընդհարման մեջ գտնվող կողմերը միմյանց կհայտնեն բոլոր այն անձանց կոչումներն ու պաշտոնները, որոնց մասին խոսվում է սույն Կոնվենցիայի 4 հոդվածում, նկատի ունենալով ապահովել միատեսակ վարվելակերպը հավասար կոչումներ ունեցող գերիների նկատմամբ: Եթե պաշտոններն ու կոչումները սահմանվել են ավելի ուշ, ապա այդ մասին ևս պետք է արվի հաղորդում:
Գերության մեջ պահող տերությունը կճանաչի ռազմագերիների կոչման բարձրացումը, որի մասին նրան հարկ եղած ձևով կհայտնվի այն տերության կողմից, որին պատկանում են նրանք:
ՀՈԴՎԱԾ 44
Սպաների հետ վարվելակերպը
Սպաներին և նրանց հավասարեցված ռազմագերիներին կվերաբերվեն նրանց կոչմանը և տարիքին պատշաճ հարգանքով:
Սպայական ճամբարների սպասարկումն ապահովելու համար, հաշվի առնելով սպաների և նրանց հավասարեցվածների կոչումը, առանձնացվում է նույն զինված ուժերի` ըստ հնարավորին միևնույն լեզվով խոսող ռազմագերի զինվորների բավարար քանակ. նրանք չեն կարող ուղարկվել որևէ այլ աշխատանքի: Սպայական ընդհանուր խոհանոցի տնօրինումը իրենց` սպաների կողմից, հարկ է ամեն կերպ խրախուսել:
ՀՈԴՎԱԾ 45
Այլ ռազմագերիների հետ վարվելակերպը
Սպաներ կամ նրանց հավասարեցվածներ չհանդիսացող ռազմագերիներին հարկ է վերաբերվել` նրանց կոչմանը և տարիքին համապատասխան հարգանքով: Ընդհանուր խոհանոցի տնօրինումը իրենց` ռազմագերիների կողմից, հարկ է ամեն կերպ խրախուսել:
Գլուխ 8
Ռազմագերիների տեղափոխումը ճամբար հասցնելուց հետո
ՀՈԴՎԱԾ 46
Պայմանները
Ռազմագերիներին տեղափոխելու հարցը լուծելիս գերության մեջ պահող տերությունը պետք է հաշվի առնի իրենց` ռազմագերիների շահերն այնպես, որպեսզի չավելացնի նրանց հայրենադարձության դժվարությունները:
Ռազմագերիների տեղափոխումը պետք է մշտապես կատարվի մարդասիրաբար և այնպիսի պայմաններում, որոնք ավելի վատ չեն գերության մեջ պահող տերության կողմից իր զորքերը տեղափոխելիս նրանց տրամադրվող պայմաններից: Հարկ է մշտապես ուշադրության առնել կլիմայական պայմանները, որոնց սովոր են ռազմագերիները: Նրանց տեղափոխման պայմանները ոչ մի դեպքում չպետք է վնասակար լինեն նրանց առողջության համար:
Գերության մեջ պահող տերությունը պետք է տեղափոխման ժամանակ ռազմագերիներին մատակարարի բավարար քանակությամբ ջուր և սնունդ` նրանց առողջությունը լավ վիճակում պահելու համար, ինչպես նաև նրանց տրամադրի անհրաժեշտ հագուստ, ապաստան և բուժօգնություն: Նա կձեռնարկի նախազգուշական բոլոր անհրաժեշտ միջոցները` նրանց անվտանգության ապահովման համար, հատկապես ծովով կամ օդային ուղիով նրանց փոխադրման ժամանակ, և մեկնելուց առաջ կկազմի տեղափոխվող գերիների լրիվ ցուցակը:
ՀՈԴՎԱԾ 47
Հանգամանքներ, որոնք բացառում են տեղափոխումը
Հիվանդ և վիրավոր գերիները չեն տեղափոխվի, եթե միայն նրանց անվտանգությունը չի ստիպում այդ անել, քանի որ տեղափոխումը կարող է վտանգի տակ դնել նրանց ապաքինումը:
Որևէ ճամբարի` ռազմաճակատի գծին մոտենալիս, այդ ճամբարի ռազմագերիները կտեղափոխվեն միայն այն դեպքում, եթե նրանց տեղափոխումը կարող է իրականացվել բավարար անվտանգության պայմաններում կամ էլ` եթե նրանք տեղում մնալով` ավելի մեծ վտանգի են ենթարկվում, քան տեղափոխվելիս:
ՀՈԴՎԱԾ 48
Տեղափոխման կարգը
Տեղափոխման դեպքում ռազմագերիներին պաշտոնապես կհայտնվի նրանց մեկնման և փոստային նոր հասցեի մասին: Այդ հաղորդումը պետք է կատարվի վաղօրոք, որպեսզի նրանք կարողանան հավաքել-կապել իրենց իրերը և նախազգուշացնել իրենց ընտանիքներին:
Նրանց կթույլատրվի իրենց հետ վերցնել անձնական իրերը, նամակագրությունը և իրենց հասցեով ստացված ծանրոցները. այդ իրերի քաշը, եթե տեղափոխման հանգամանքները պահանջում են, կարող է սահմանափակվել մինչև այն չափը, որ ռազմագերին կարող է նորմալ տանել, սակայն թույլատրված քաշը յուրաքանչյուր մարդու հաշվով ոչ մի դեպքում չպետք է գերազանցի 25 կիլոգրամը:
Նախորդ ճամբարի հասցեով ստացված նամակագրությունը և ծանրոցները նրանց կուղարկվեն առանց ուշացման: Ճամբարի պետը, վստահված անձի հետ համաձայնեցնելով, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի` ռազմագերիների կոլեկտիվ այն գույքի և իրերի փոխադրումն ապահովելու համար, որոնք ռազմագերիները չեն կարողացել իրենց հետ վերցնել սույն հոդվածի երկրորդ պարբերությունում նախատեսված սահմանափակումների պատճառով:
Տեղափոխման ծախսերը կկատարի գերության մեջ պահող տերությունը:
Բաժին 3
Ռազմագերիների աշխատանքը
ՀՈԴՎԱԾ 49
Ընդհանուր դրույթներ
Գերության մեջ պահող տերությունը կարող է աշխատունակ ռազմագերիներին օգտագործել որպես աշխատուժ` հաշվի առնելով նրանց տարիքը, սեռը, կոչումը, ինչպես նաև ֆիզիկական ընդունակությունները, մասնավորապես, այն բանի համար, որպեսզի նրանց պահպանի ֆիզիկական և բարոյական լավ վիճակում:
Ռազմագերի ենթասպաներից կարելի է միայն պահանջել աշխատանքների հսկողության իրականացում: Այդպիսի աշխատանքի մեջ չներգրավված ենթասպաները կարող են խնդրել, որպեսզի իրենց տրվի հարմար ուրիշ աշխատանք, որն ըստ հնարավորին նրանց կտրամադրվի:
Եթե սպաները կամ նրանց հավասարեցված անձինք խնդրում են իրենց համար հարմար աշխատանք, ապա հնարավորության սահմաններում այդպիսին նրանց կտրամադրվի: Ոչ մի դեպքում նրանց չի կարելի պարտադրել աշխատելու:
ՀՈԴՎԱԾ 50
Աշխատանքի թույլատրված տեսակները
Բացի իրենց ճամբարի կառավարման, սարքավորման և կանոնավոր վիճակում պահպանելու աշխատանքներից, ռազմագերիները հարկադրական կարգով կարող են ներգրավվել միայն այն աշխատանքների մեջ, որոնք վերաբերում են ներքոհիշյալ կատեգորիաներին:
ա) գյուղատնտեսություն,
բ) արդյունաբերության արդյունահանող և վերամշակող ճյուղեր, բացառությամբ մետաղամշակման, մեքենաշինական և քիմիական արդյունաբերության, ինչպես նաև այնպիսի հանրային աշխատանքների և շինարարության, որոնք կրում են ռազմական բնույթ կամ ունեն ռազմական նպատակներ,
գ) աշխատանք տրանսպորտում կամ բեռնման-բեռնաթափման աշխատանքներ, որոնք ռազմական բնույթ կամ նշանակություն չունեն,
դ) առևտրական գործունեություն, արվեստ և արհեստ,
ե) աշխատանք տնային տնտեսության մեջ,
զ) ռազմական բնույթ կամ նշանակություն չունեցող կոմունալ ծառայություններ:
Բ. Վերը նշված դրույթի խախտման դեպքում ռազմագերիներին թույլատրվում է օգտագործել գանգատարկման իրենց իրավունքը` 78 հոդվածին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 51
Աշխատանքի պայմանները
Ռազմագերիներին պետք է տրամադրվեն համապատասխան պայմաններ աշխատանքի համար, հատկապես բնակարան, սնունդ, հագուստ և հանդերձանք. այդ պայմանները չպետք է զիջեն այն պայմաններին, որոնցից օգտվում են համանման աշխատանքներում օգտագործվող գերության մեջ պահող տերության քաղաքացիները: Հարկ է նաև ուշադրության առնել կլիմայական պայմանները:
Օգտագործելով ռազմագերիների աշխատանքը` գերության մեջ պահող տերությունը նրանց աշխատանքի տեղերում կապահովի աշխատանքի պահպանության մասին ազգային օրենքների և, մասնավորապես, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը:
Ռազմագերիները պետք է անցնեն նախապատրաստություն, և նրանց վերաբերմամբ պետք է իրականացվեն աշխատանքի պաշտպանության միջոցառումներ այն աշխատանքին համապատասխան, որ նրանք պետք է կատարեն, և համանման այն միջոցառումներին, որոնք իրականացվում են գերության մեջ պահող տերության քաղաքացիների վերաբերմամբ: 52 հոդվածի դրույթները կատարելու պայմանի դեպքում ռազմագերիները կարող են ընդգրկվել սովորական ռիսկի հետ կապված այնպիսի աշխատանքների մեջ, որին ենթարկվում են քաղաքացիական բնակչության թվից բանվորները:
Ոչ մի դեպքում չի կարելի կարգապահական միջոցների կիրառման միջոցով ստեղծել աշխատանքի առավել ծանր պայմաններ:
ՀՈԴՎԱԾ 52
Վտանգավոր կամ նվաստացուցիչ աշխատանքներ
Ոչ մի ռազմագերի չի կարող օգտագործվել նրա առողջությանը սպառնացող կամ վտանգավոր աշխատանքներում, եթե նա դրան չի համաձայնում կամովին:
Ոչ մի ռազմագերի չի կարող օգտագործվել այնպիսի աշխատանքներում, որոնք գերության մեջ պահող տերության զինծառայողի համար համարվում են նվաստացուցիչ:
Ականների կամ նման այլ արկերի հեռացումը կդիտվի որպես վտանգավոր աշխատանք:
ՀՈԴՎԱԾ 53
Աշխատանքի տևողությունը
Ռազմագերիների աշխատանքային օրվա տևողությունը, ներառյալ` աշխատանքի հասնելու և վերադարձի ճանապարհի ժամանակը, չափից ավելի չի լինի և ոչ մի դեպքում չպետք է գերազանցի աշխատանքային օրվա այն տևողությունը, որ սահմանված է գերության մեջ պահող տերության քաղաքացիների թվից այդ նույն աշխատանքում զբաղված տվյալ շրջանի բանվորների համար:
Ռազմագերիներին պետք է հատկացվի հանգիստ` աշխատանքային օրվա կեսին, առնվազն մեկ ժամ. այն կհամապատասխանի այն հանգստին, որ նախատեսվում է գերության մեջ պահող տերության բանվորների համար, եթե այդ հանգիստն ավելի տևական է: Դրանից բացի, ռազմագերիներին շաբաթը մեկ անգամ տրամադրվում է քսանչորսժամյա անընդմեջ հանգիստ, նախընտրելի է` կիրակի օրը կամ նրանց հայրենիքում սահմանված հանգստի օրը:
Բացի դրանից, մեկ տարի աշխատած ռազմագերուն տրամադրվում է ութօրյա անընդմեջ հանգիստ` պահպանելով աշխատանքի վարձատրությունը:
Եթե օգտագործվեն աշխատանքի այնպիսի մեթոդներ, ինչպես գործարքն է, ապա դա չպետք է հանգեցնի աշխատանքային օրվա չափից ավելի երկարացման:
ՀՈԴՎԱԾ 54
Աշխատանքի վարձատրությունը: Աշխատանքի հետ կապված հիվանդությունները
և դժբախտ պատահարները
Աշխատանքի դիմաց ռազմագերիներին հատկացվող վարձատրության չափը սահմանվում է սույն Կոնվենցիայի 62 հոդվածի դրույթների համաձայն:
Աշխատանքում դժբախտ պատահարներից տուժած կամ աշխատանքի ժամանակ կամ աշխատանքի կապակցությամբ հիվանդացած ռազմագերիներին ցույց կտրվի նրանց վիճակից բխող անհրաժեշտ բուժօգնություն: Դրանից բացի, գերության մեջ պահող տերությունը նրանց կտա բժշկական վկայագիր, որը նրանց թույլ կտա հիմնավորել իրենց իրավունքներն այն տերության առջև, որին նրանք պատկանում են, և այդ վկայագրի կրկնօրինակը կհանձնի 123 հոդվածում նախատեսված` ռազմագերիների գործերի կենտրոնական գործակալություն:
ՀՈԴՎԱԾ 55
Բժշկական վերահսկողությունը
Աշխատանքի համար ռազմագերիների պիտանիությունն ստուգվում է պարբերաբար, ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` բժշկական զննությունների միջոցով: Բժշկական քննություն անցկացնելիս պետք է հատուկ հաշվի առնվի այն աշխատանքների բնույթը, որ ռազմագերիները ստիպված են կատարել:
Եթե ռազմագերին իրեն համարում է անաշխատունակ, նրան թույլ կտրվի ներկայանալու իր ճամբարի բժշկական անձնակազմին: Բժիշկները կարող են առաջարկել աշխատանքից ազատել այն գերիներին, որոնք իրենց կարծիքով, անաշխատունակ են:
ՀՈԴՎԱԾ 56
Աշխատանքային խմբերը
Աշխատանքային խմբերի համար սահմանված ռեժիմը պետք է նման լինի ռազմագերիների ճամբարի ռեժիմին:
Ամեն աշխատանքային խումբ կմնա ռազմագերիների որևէ ճամբարի վերահսկողության ներքո և նրա վարչական ենթակայության տակ: Զինվորական իշխանությունները և այդ ճամբարի պետն իրենց կառավարությունների վերահսկողության ներքո պատասխանատվություն են կրում աշխատանքային խմբում սույն Կոնվենցիայի դրույթների պահպանման համար:
Ճամբարի պետը պետք է կարգին վիճակում պահի իր ճամբարին ենթարկվող` աշխատանքային խմբերի ցուցակը և այն ներկայացնի հովանավոր տերության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռազմագերիներին օգնություն ցույց տվող այլ կազմակերպությունների այն պատվիրակներին, որոնք կայցելեն ճամբար:
ՀՈԴՎԱԾ 57
Մասնավոր անձանց մոտ աշխատող ռազմագերիները
Մասնավոր անձանց մոտ աշխատող ռազմագերիների հետ վարվելակերպը, անգամ եթե առաջիններն իրենց պատասխանատվության ներքո ստանձնեն նրանց պահպանությունը և հովանավորությունը, կլինի առնվազն այնպիսին, ինչպես դա նախատեսված է սույն Կոնվենցիայով: Գերության մեջ պահող տերությունը, զինվորական իշխանությունները և այն ճամբարի պետը, որին պատկանում են ռազմագերիները, լիակատար պատասխանատվություն են կրում ռազմագերիների պահպանության, նրանց նկատմամբ հոգատարության, նրանց հետ վարվելակերպի և աշխատանքի վարձատրության համար:
Ռազմագերիներն իրավունք կունենան կապ պահպանել այն ճամբարի վստահված անձանց հետ, որին պատկանում են:
Բաժին 4
Ռազմագերիների դրամական միջոցները
ՀՈԴՎԱԾ 58
Միջոցները կանխիկ դրամով
Ռազմական գործողությունների հենց սկզբից և մինչև այդ հարցի առթիվ հովանավոր տերության հետ համաձայնագրի կնքումը` գերության մեջ պահող տերությունը կարող է սահմանել կանխիկ դրամի կամ այլ համանման ձևով առավելագույն գումարը, որ ռազմագերիները կարող են ունենալ իրենց մոտ: Ռազմագերիներից վերցված կամ նրանց թողնված գերազանցող գումարները, որոնք նրանց օրինական սեփականությունն են, ինչպես և նրանց կողմից կատարված ամեն դրամական ավանդ, կգրանցվեն նրանց անձնական հաշվին և չեն կարող փոխարկվել այլ տարադրամով` առանց նրանց համաձայնության:
Այն դեպքերում, երբ ռազմագերիներին կթույլատրվի գնումներ կատարել ճամբարից դուրս կամ ծառայություններից օգտվել կանխիկ դրամով, վճարումները կկատարվեն անձամբ ռազմագերիների կամ ճամբարի տնօրինության կողմից` վճարված գումարները հանելով համապատասխան ռազմագերիների հաշվից: Դրա համար անհրաժեշտ կանոնները մշակում է գերության մեջ պահող տերությունը:
ՀՈԴՎԱԾ 59
Ռազմագերիներից վերցված գումարները
Գերության մեջ պահող տերության տարադրամով դրամական գումարները, որոնք ռազմագերիներից վերցված են 18 հոդվածին համապատասխան գերության վերցնելու պահին, նրանցից յուրաքանչյուրի հաշվին կգրանցվեն սույն մասի 64 հոդվածի դրույթներին համապատասխան:
Այդ հաշվի վրա կգրանցվեն նաև գերության մեջ պահող տերության տարադրամով դրամական գումարները, որոնք այդ նույն պահին կստացվեն ռազմագերիներից վերցված այլ տարադրամով դրամական գումարների փոխարկման հետևանքով:
ՀՈԴՎԱԾ 60
Դրամական բավարարման հաշվին կանխավճարը
Գերության մեջ պահող տերությունը բոլոր ռազմագերիներին ամեն ամիս կվճարի կանխավճար` դրամական բավարարման հաշվին, որի չափը սահմանվում է նշված տերության տարադրամով` հետևյալ գումարների վերահաշվարկման միջոցով.
Կատեգորիա I սերժանտից ցածր կոչում ունեցող գերիներ - ութ շվեյցարական ֆրանկ.
Կատեգորիա II սերժանտներ և այլ ենթասպաներ կամ համապատասխան կոչման գերիներ - տասներկու շվեյցարական ֆրանկ.
Կատեգորիա III սպաներ, ներառյալ` մինչև կապիտանի կոչումը, կամ համապատասխան կոչման գերիներ - հիսուն շվեյցարական ֆրանկ.
Կատեգորիա IV մայորներ, փոխգնդապետներ, գնդապետներ կամ համապատասխան կոչման գերիներ - վաթսուն շվեյցարական ֆրանկ.
Կատեգորիա V գեներալներ կամ համապատասխան կոչման գերիներ - յոթանասուն շվեյցարական ֆրանկ.
Սակայն ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են հատուկ համաձայնագրերի միջոցով փոխել դրամական բավարարության հաշվին այն կանխավճարների չափը, որը վճարվում է վերը թվարկված կատեգորիաների ռազմագերիներին:
Դրանից բացի, եթե առաջին պարբերության մեջ նշված գումարները չափազանց բարձր լինեն դրամական այն բավարարության համեմատությամբ, որ ստանում են գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմի անձինք, կամ ինչ-որ պատճառով կարող են լուրջ դժվարություններ առաջացնել գերության մեջ պահող տերության համար, վերը նշված գումարների չափերի փոփոխման մասին մինչև հատուկ համաձայնագիր կնքելը այն տերության հետ, որին պատկանում են ռազմագերիները, ապա գերության մեջ պահող տերությունը.
ա) կշարունակի ռազմագերու անձնական հաշվին գրանցել առաջին պարբերության մեջ նշված գումարները,
բ) կարող է ժամանակավորապես սահմանափակել այն գումարների չափը, որոնք ռազմագերիներին վճարում են այդ կանխավճարների հաշվին` նրանց կարիքների բավարարման համար և սահմանել այնպիսի գումարներ, որոնց չափը բավարար է, բայց որն առաջին կատեգորիայի անձանց համար չպետք է նվազ լինի այն գումարներից, որոնք գերության մեջ պահող տերության կողմից վճարվում են իր սեփական զինված ուժերի անձնակազմի անձանց:
Այդպիսի սահմանափակման պատճառները անհապաղ պետք է հաղորդվեն հովանավոր տերությանը:
ՀՈԴՎԱԾ 61
Լրացուցիչ դրամական բավարարությունը
Գերության մեջ պահող տերությունը կընդունի այն դրամական գումարները, որոնք, որպես լրացուցիչ բավարարություն, կուղարկվեն ռազմագերիներին այն տերության կողմից, որին նրանք պատկանում են, պայմանով, որ այդ գումարները նույնը լինեն միևնույն կատեգորիայի ռազմագերիների համար և վճարվեն այդ տերությանը պատկանող այդ կատեգորիայի բոլոր ռազմագերիներին, և հնարավորին չափ կարճ ժամկետում գրանցվեն առանձին անձնական հաշիվներին` 64 հոդվածի դրույթներին համապատասխան: Այդ լրացուցիչ բավարարումը գերության մեջ պահող տերությանը չի ազատում այն պարտականություններից, որ նրա վրա դրվում են սույն Կոնվենցիայով:
ՀՈԴՎԱԾ 62
Աշխատանքի վարձատրությունը
Ռազմագերիներն իրենց պահող իշխանություններից անմիջականորեն կստանան աշխատանքի դիմաց արդարացի վարձատրություն, որի չափը սահմանվում է այդ իշխանությունների կողմից, բայց որը լրիվ օրվա համար չի կարող շվեյցարական ֆրանկի մեկ քառորդից նվազ լինել: Գերության մեջ պահող տերությունը գերիներին, ինչպես նաև այն տերությանը, որին պատկանում են նրանք, հովանավոր տերության միջոցով կհայտնի աշխատավարձի օրական դրույքի` իր կողմից սահմանված չափը:
Գերիներ պահող իշխանությունները նաև աշխատանքի դիմաց վարձատրություն կվճարեն այն ռազմագերիներին, որոնք մշտապես պետք է զբաղվեն ճամբարի կառավարման, ներքին հարդարման կամ կանոնավոր վիճակում պահելու հետ կապված պարտականություններով կամ արհեստով, ինչպես նաև այն ռազմագերիներին, որոնք ներգրավված են իրենց ընկերների բժշկական և հոգևոր կարիքների սպասարկման մեջ:
Վստահված անձի, նրա օգնականների և նրա խորհրդատուների, եթե այդպիսիք կան, աշխատավարձը վճարվում է կրպակներից ստացվող շահույթների մասհանումներից կազմված հիմնադրամից. այդ ռոճիկների չափը սահմանվում է վստահված անձի և հաստատվում` ճամբարի պետի կողմից: Եթե այդպիսի հիմնադրամ չկա, ապա գերիներ պահող իշխանությունները այդ ռազմագերիներին վարձատրում են արդարացիորեն հաշվարկված աշխատանքի դիմաց:
ՀՈԴՎԱԾ 63
Դրամական փոխանցումները
Ռազմագերիներին կթույլատրվի ստանալ իրենց անհատապես կամ կոլեկտիվ կերպով հասցեագրված դրամական փոխանցումները:
Յուրաքանչյուր ռազմագերի իրավունք ունի տնօրինելու իր հաշվեմնացորդի վրա եղած գումարները, ինչպես նախատեսված է հաջորդ հոդվածով, այն չափերով, որոնք սահմանված են գերության մեջ պահող տերության կողմից, որը և կկատարի պահանջվող վճարումները: Գերության մեջ պահող տերության տեսակետից անհրաժեշտ ֆինանսական և դրամական սահմանափակումների պահպանման պայմանով ռազմագերիները կարող են նաև վճարումներ կատարել արտասահմանում: Այդ դեպքում իրենց խնամարկյալներին ռազմագերիների կողմից կատարվող վճարումներն իրականացվում են առաջին հերթին:
Ցանկացած դեպքում ռազմագերին, այն տերության համաձայնությամբ, որին նա պատկանում է, կկարգադրի իր երկրում վճարումները կատարել հետևյալ կերպ. գերության մեջ պահող տերությունը հովանավոր տերության միջոցով նշված տերությանը կուղարկի ծանուցագիր, որը կբովանդակի բոլոր անհրաժեշտ ցուցումները դրամը վճարողի և ստացողի մասին, ինչպես նաև վճարվող գումարի չափը` արտահայտված գերության մեջ պահող տերության տարադրամով. այդ ծանուցագիրը կստորագրվի շահագրգիռ ռազմագերու կողմից և կվավերացվի ճամբարի պետի ստորագրությամբ: Գերության մեջ պահող տերությունն այդ գումարը ռազմագերու հաշվից հանում է: Այս ձևով հանված գումարները գերության մեջ պահող տերությունը փոխանցում է այն տերությանը, որին պատկանում են ռազմագերիները:
Վերը նշված դրույթների կիրառման նպատակով, գերության մեջ պահող տերությունը կարող է օգտվել սույն Կոնվենցիայի 5-րդ հավելվածում ներկայացված տիպային կանոններից:
ՀՈԴՎԱԾ 64
Ռազմագերու հաշիվը
Գերության մեջ պահող տերությունը յուրաքանչյուր ռազմագերու համար կբացի անձնական հաշիվ, որն առնվազն կբովանդակի հետևյալը.
1) ռազմագերուն հասնող կամ նրա կողմից դրամական բավարարման հաշվին որպես կանխավճար ստացված գումարները, աշխատանքի դիմաց կամ այլ մուտքերից գոյացած գումարները, գերության մեջ գտնվող տերության տարադրամով այն դրամական գումարները, որոնք վերցվել են ռազմագերուց, գերուց վերցված և նրա խնդրանքով նշված տերության տարադրամով փոխարկված դրամը:
2) Գերուն կանխիկ կամ համանման այլ տեսքով տրված գումարները, նրա անունից և նրա խնդրանքով կատարված վճարումները, 63 հոդվածի երրորդ պարբերության համաձայն փոխանցված գումարները:
ՀՈԴՎԱԾ 65
Հաշիվների կարգավորումը
Ռազմագերու հաշվի մեջ կատարվող ամեն մի գրանցում պետք է ստորագրվի կամ վավերացվի նրա կամ նրա անունից գործող վստահված անձի կողմից:
Ռազմագերիներին մշտապես պետք է բավարար հնարավորություններ տրվեն ծանոթանալու իրենց հաշիվների վիճակին և ստանալու այդ հաշիվների պատճենները: Հաշիվները կարող են նաև ստուգվել հովանավոր տերության ներկայացուցիչների կողմից` ճամբար կատարած նրանց այցի ժամանակ:
Ռազմագերիներին մի ճամբարից մյուսը փոխադրելիս նրանց անձնական հաշիվները հետևում են նրանց: Գերության մեջ պահող մի տերության կողմից մյուս տերությանը ռազմագերիներին հանձնելու դեպքում, ռազմագերիներին պատկանող գումարները, որոնք գերության մեջ պահող տերության տարադրամով չեն, հետևում են նրանց: Նրանց հաշվում մնացած մյուս բոլոր գումարների համար նրանց տրվում է վկայական:
Ընդհարման մեջ գտնվող շահագրգիռ կողմերը կարող են պայմանավորվել որոշակի պարբերականությամբ հովանավոր տերության միջոցով միմյանց ծանուցելու ռազմագերիների հաշիվներում եղած գումարների մասին:
ՀՈԴՎԱԾ 66
Հաշվի փակումը
Ռազմագերու ազատման կամ նրա հայրենադարձության հետևանքով գերության ավարտին` գերության մեջ պահող տերությունը պետք է նրան տա փաստաթուղթ, ստորագրված այդ տերության` դրա համար լիազորված սպայի կողմից, որի մեջ կնշվի գերության մեջ գտնվելու վերջում նրան պատկանող հաշվեմնացորդը. գերության մեջ պահող տերությունը հովանավոր տերության միջոցով ռազմագերիների պատկանելության տերությանը կուղարկի նաև ցուցակներ, որոնք բովանդակեն բոլոր այն ռազմագերիների մասին հարկ եղած տվյալները, որոնց գերության մեջ գտնվելն ավարտվել է հայրենադարձության, ազատվելու, փախուստի, մահվան կամ ցանկացած այլ պատճառով, և որոնք ցույց կտան նրանց հաշվեմնացորդի չափը: Այդպիսի ցուցակների ամեն մի թերթը պետք է հաստատվի գերության մեջ գտնվող տերության լիազոր ներկայացուցչի կողմից:
Շահագրգիռ տերությունները հատուկ համաձայնագրով կարող են լրիվ կամ մասնակիորեն փոփոխել վերը նշված ցանկացած դրույթ:
Այն տերությունը, որին պատկանում է ռազմագերին, պատասխանատվություն կկրի գերության ավարտին գերության մեջ պահող տերությունից ռազմագերուն հասնող հաշվեմնացորդի հարցը նրա հետ կարգավորելու համար:
ՀՈԴՎԱԾ 67
Ընդհարման կողմերի միջև պայմանավորվածությունները
60 հոդվածի համաձայն դրամական բավարարման հաշվին ռազմագերիներին տրվող կանխավճարները պետք է դիտվեն որպես այն տերության կողմից տրված կանխավճար, որին նրանք պատկանում են: Դրամական բավարարման հաշվին այդպիսի կանխավճարները, ինչպես նաև բոլոր վճարումները, որոնք 63 հոդվածի երրորդ պարբերության և 68 հոդվածի համաձայն կատարվում են նշված տերության կողմից, ռազմական գործողությունների ավարտից հետո կհանդիսանան շահագրգիռ տերությունների միջև համաձայնագրերի առարկա:
ՀՈԴՎԱԾ 68
Ռազմագերու դրամական փոխհատուցման պահանջները
Աշխատանքի հետևանք հանդիսացող խեղման կամ հաշմանդամության հետ կապված փոխհատուցման մասին ռազմագերու ցանկացած պահանջ հովանավոր տերության միջոցով պետք է ուղարկվի այն տերությանը, որին ռազմագերին պատկանում է: 54 հոդվածի դրույթներին համապատասխան, գերության մեջ պահող տերությունը բոլոր դեպքերում ռազմագերուն տալիս է փաստաթուղթ, որտեղ նշվում է խեղման կամ հաշմանդամության բնույթը, այն հանգամանքները, որոնցում դրանք տեղի են ունեցել, և նրան ցույց տրված բժշկական կամ հիվանդանոցային բուժման տվյալները: Այդ փաստաթուղթը պետք է ստորագրված լինի գերության մեջ պահող տերության պատասխանատու սպայի կողմից, իսկ բժշկական տվյալները պետք է հաստատված լինեն բժշկական ծառայության բժշկի կողմից:
Փոխհատուցման մասին ռազմագերու ցանկացած պահանջն այն անձնական իրերի, դրամի և արժեքների դիմաց, որոնք 18 հոդվածին համապատասխան նրանից առգրավվել են գերության մեջ պահող տերության կողմից և հայրենադարձվելիս չեն վերադարձվել կամ այն վնասների դիմաց փոխհատուցման պահանջը, որ ռազմագերու կարծիքով հասցվել են նրան` գերության մեջ պահող տերության կամ նրա ներկայացուցիչներից որևէ մեկի մեղքով, նույնպես պետք է ուղարկվեն այն տերությանը, որին պատկանում է ռազմագերին: Փոխարենը բոլոր այն իրերը, որոնք ռազմագերիներին պետք են գերության մեջ գտնվելու ժամանակ, փոխարինվում են գերության մեջ պահող տերության հաշվին: Գերության մեջ պահող տերությունը բոլոր դեպքերում ռազմագերիներին տալիս է փաստաթուղթ` ստորագրված պատասխանատու սպայի կողմից, որի մեջ նշվում են այդ իրերը, դրամը և արժեքները չվերադարձնելու պատճառներին վերաբերող եղած բոլոր տեղեկությունները: Այդ փաստաթղթի պատճենը 123 հոդվածում նախատեսված` ռազմագերիների գործերի կենտրոնական գործակալության միջոցով ուղարկվում է այն տերությանը, որին պատկանում է ռազմագերին:
Բաժին 5
Ռազմագերիների կապն արտաքին աշխարհի հետ
ՀՈԴՎԱԾ 69
Ձեռնարկված միջոցների մասին ծանուցումը
Իր իշխանության տակ ռազմագերիների հայտնվելուց անմիջապես հետո, գերության մեջ պահող տերությունը հովանավոր տերության միջոցով կտեղեկացնի նրանց և այն տերությանը, որին նրանք պատկանում են, այն միջոցառումների մասին, որոնք նա ձեռնարկել է սույն մասի որոշումները կատարելու համար: Նա կհայտնի նաև այդ միջոցառումների մեջ կատարվող ցանկացած փոփոխության մասին:
ՀՈԴՎԱԾ 70
Գերության վերցվելու մասին բացիկ
Յուրաքանչյուր ռազմագերի գերության վերցվելու պահից կամ ճամբար հասնելուց ամենաուշը մեկ շաբաթ անց, եթե անգամ դա տարանցիկ ճամբար է, ինչպես նաև հիվանդանալու կամ լազարեթ կամ այլ ճամբար փոխադրվելու դեպքում պետք է հնարավորություն ստանա մի կողմից անմիջականորեն իր ընտանիքին, մյուս կողմից` 123 հոդվածում նախատեսված ռազմագերիների գործերի կենտրոնական գործակալությանն ուղարկել փոստային բացիկ` կազմված, եթե դա հնարավոր է, սույն Կոնվենցիային առընթեր նմուշի հիման վրա` նրանց տեղեկացնելով իրեն գերի վերցնելու հանգամանքը, հասցեն և իր առողջական վիճակը: Այդ բացիկները պետք է ուղարկվեն որքան կարելի է շուտ, և դրանց առաքումը չի կարող ուշացվել որևէ կերպ:
ՀՈԴՎԱԾ 71
Նամակագրությունը
Ռազմագերիներին կթույլատրվի ինչպես ուղարկել, այնպես էլ ստանալ նամակներ և փոստային բացիկներ: Եթե գերության մեջ պահող տերությունը անհրաժեշտ համարի սահմանափակել այդ նամակագրությունը, նա պետք է թույլ տա ամիսն առնվազն երկու նամակի և չորս բացիկի ուղարկումը, /չհաշված այն բացիկները, որոնք նախատեսված են 70 հոդվածում/` կազմված, որքան հնարավոր է, սույն Կոնվենցիային առընթեր նմուշներով: Այլ սահմանափակումներ կարող են մտցվել միայն այն դեպքում, եթե հովանավոր տերությունը հիմքեր ունի համարելու, որ դրանք համապատասխանում են իրենց` ռազմագերիների շահերին, նկատի ունենալով այն դժվարությունները, որոնց գերության մեջ պահող տերությունը հանդիպում է անհրաժեշտ գրաքննություն իրականացնելու համար բավարար թվով բարձրորակ թարգմանիչներ ապահովելու գործում: Եթե ռազմագերիներին հասցեագրված նամակագրությունը պետք է սահմանափակ լինի, ապա այդ որոշումը կարող է ընդունվել միայն այն տերության կողմից, որին նրանք պատկանում են, որոշ դեպքերում` գերության մեջ պահող տերության խնդրանքով: Այդ նամակները և բացիկները պետք է առաքվեն գերության մեջ պահող տերության տրամադրության տակ եղած ամենաարագ եղանակով. դրանց առաքման ուշացումը կամ դանդաղեցումը չեն կարող լինել կարգապահական ներգործության միջոց:
Իրենց ընտանիքներից երկար ժամանակ տեղեկություններ չստացած կամ լուր ստանալու կամ սովորական ուղիով լուր ուղարկելու հնարավորությունից զրկված ռազմագերիներին, ինչպես նաև իրենց հարազատներից մեծ հեռավորության վրա գտնվող ռազմագերիներին կթույլատրվի հեռագիր ուղարկել, որի արժեքը որպես պարտք կգրանցվի գերության մեջ պահող տերության մոտ եղած նրանց հաշվին կամ կվճարվի նրանց տրամադրության տակ եղած դրամով: Ռազմագերիներին այդպիսի հնարավորություն կտրամադրվի նաև ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Որպես ընդհանուր կանոն, ռազմագերիների նամակագրությունը վարվում է նրանց մայրենի լեզվով: Ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են թույլատրել նամակագրությունը վարել այլ լեզուներով:
Գերիների նամակագրությամբ պարկերը պետք է խնամքով կնքված լինեն, դրանց վրա պետք է լինեն պիտակներ` պարունակության ճշգրիտ նշումով, և դրանք պետք է առաքվեն նշանակման վայրի փոստային բաժանմունքի հասցեով:
ՀՈԴՎԱԾ 72
Օգնության ծանրոցների առաքումը: I. Ընդհանուր սկզբունքներ
Ռազմագերիներին կթույլատրվի փոստով կամ ցանկացած այլ ճանապարհով ստանալ անհատական կամ կոլեկտիվ ծանրոցներ, որոնք կպարունակեն, մասնավորապես, սննդամթերք, հագուստ, դեղորայք և նրանց կրոնական պահանջմունքների բավարարման, լուսավորության կամ ժամանցի առարկաներ, ներառյալ` գրքեր, պաշտամունքի առարկաներ, գիտական սարքավորումներ, քննական նյութեր, երաժշտական գործիքներ, մարզագույք ու նյութեր, որոնք թույլ կտան ռազմագերիներին շարունակելու ուսումը կամ զբաղվելու գեղարվեստական գործունեությամբ:
Այս ծանրոցները գերության մեջ պահող տերությանը ոչ մի դեպքում չեն ազատում սույն Կոնվենցիայով նրա վրա դրված պարտականություններից:
Այդ ծանրոցների վերաբերմամբ միակ սահմանափակումները կարող են առաջարկվել կամ հովանավոր տերության կողմից` ելնելով հենց ռազմագերիների շահերից, կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կամ ռազմագերիներին օգնություն ցույց տվող ցանկացած այլ կազմակերպության կողմից` տրանսպորտի կամ կապի համակարգի արտակարգ ծանրաբեռնվածության դեպքում և միայն իրենց սեփական առաքումների վերաբերմամբ:
Անհրաժեշտության դեպքում անհատական և կոլեկտիվ ծանրոցների առաքման կարգը հատուկ համաձայնագրերի առարկա կդառնա շահագրգիռ տերությունների միջև, որոնք ոչ մի դեպքում չեն կարող ուշացնել ռազմագերիներին առաքվող օգնության ծանրոցների բաշխումը: Գրքերը չպետք է դրվեն սննդամթերք և հագուստ պարունակող ծանրոցների մեջ: Բժշկական նյութերը, որպես կանոն, պետք է ուղարկվեն կոլեկտիվ ծանրոցներով:
ՀՈԴՎԱԾ 73
II. Օգնության կոլեկտիվ ծանրոցները
Կոլեկտիվ ծանրոցների ստացման և բաշխման կարգի մասին շահագրգիռ տերությունների միջև կնքված հատուկ համաձայնագրերի բացակայության դեպքում կկիրառվեն կոլեկտիվ ծանրոցներին վերաբերող` սույն Կոնվենցիային կցված կանոնները:
Վերը նշված հատուկ համաձայնագրերը ոչ մի դեպքում չեն կարող սահմանափակել ռազմագերիների համար նախատեսված ծանրոցները նրանց հանձնելու, այդպիսիք բաշխելու կամ ի շահ ռազմագերիների դրանք տնօրինելու վստահված անձանց իրավունքները:
Այդ համաձայնագրերով չի կարելի սահմանափակել նաև հովանավոր տերության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կամ գերիներին օգնություն ցույց տվող ցանկացած այլ կազմակերպության ներկայացուցիչների` կոլեկտիվ ծանրոցների հանձնման և դրանց` ըստ պատկանելույն բաշխման նկատմամբ վերահսկողության իրավունքը:
ՀՈԴՎԱԾ 74
Ազատումը մաքսատուրքերից և այլ գանձումներից
Ռազմագերիների համար նախատեսված օգնության բոլոր ծանրոցներն ազատվում են մաքսատուրքերից և այլ գանձումներից:
Նամակագրությունը, օգնության ծանրոցները և ռազմագերիներին հասցեագրված թույլատրված դրամական փոխանցումները կամ նրանց կողմից փոստով ուղարկվածները կամ 122 հոդվածով նախատեսված` տեղեկատու բյուրոյի և կամ 123 հոդվածով նախատեսված` ռազմագերիների գործերի կենտրոնական գործակալության միջոցով ուղարկվածները, ազատվում են բոլոր փոստային գանձումներից, ինչպես առաքող երկրում և նշանակման երկրում, այնպես էլ միջանկյալ երկրներում:
Ռազմագերիների համար նախատեսվող օգնության այն ծանրոցների առաքման ծախսերը, որոնք իրենց քաշի կամ ցանկացած այլ պատճառով չեն կարող ուղարկվել փոստով, կկատարի գերության մեջ պահող տերությունը` իր հսկողության տակ գտնվող բոլոր տարածքներում: Սույն Կոնվենցիային մասնակից մյուս տերություններն իրենց տարածքներում իրենց վրա կվերցնեն առաքման ծախսերը:
Շահագրգիռ տերությունների միջև հատուկ համաձայնագրերի բացակայության դեպքում այդպիսի ծանրոցների առաքման այն ծախսերը, որոնք չեն տեղավորվում վերը նշված արտոնությունների շրջանակներում, կատարվում են առաքողի կողմից:
Բարձր պայմանավորվող կողմերը կձգտեն, որքան դա հնարավոր է, նվազեցնել ռազմագերիների կողմից ուղարկվող կամ նրանց հասցեագրված հեռագրերի սակագները:
ՀՈԴՎԱԾ 75
Հատուկ փոխադրումները
Այն դեպքում, երբ ռազմական գործողությունները շահագրգիռ տերություններին կխանգարեն կատարելու 70, 71, 72 և 77 հոդվածներում հիշատակված ծանրոցների փոխադրումն ապահովելու` իրենց վրա դրված պարտականությունը, շահագրգիռ հովանավոր տերությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կամ ընդհարման մեջ գտնվող կողմերի կողմից ճանաչված ցանկացած այլ կազմակերպություն կարող են այդ ծանրոցների փոխադրումն ապահովել համապատասխան փոխադրամիջոցների օգնությամբ (վագոններ, բեռնատար մեքենաներ, նավեր կամ ինքնաթիռներ և այլն): Այդ նպատակով Բարձր պայմանավորվող կողմերը կձգտեն տրամադրել այդ փոխադրամիջոցները և թույլատրել դրանց երթևեկը, մասնավորապես` դրա համար նրանց անհրաժեշտ անցագրեր տալով:
Այդ փոխադրամիջոցները կարող են նաև օգտագործվել փոխադրելու համար`
ա) այն նամակագրությունները, ցուցակները և զեկույցները, որոնք փոխանակում են 123 հոդվածում հիշատակված կենտրոնական տեղեկատու գործակալությունը և 122 հոդվածում նախատեսված ազգային բյուրոները.
բ) ռազմագերիներին վերաբերող այն նամակագրությունը և զեկույցները, որոնք հովանավոր տերությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կամ ռազմագերիներին օգնություն ցույց տվող ցանկացած այլ կազմակերպություն փոխանակում են ինչպես իրենց ներկայացուցիչների, այնպես էլ ընդհարման մեջ գտնվող կողմերի հետ:
Սույն դրույթները ոչ մի բանով չեն սահմանափակում ընդհարման մեջ գտնվող ցանկացած կողմի իրավունքը` ապահովելու այլ փոխադրամիջոցներ, եթե նա դա գերադասում է, կամ անցագրեր տալ այն պայմաններով, որոնք կարող են սահմանվել փոխադարձ համաձայնությամբ:
Հատուկ համաձայնագրերի բացակայության դեպքում այդ փոխադրամիջոցների օգտագործման հետ կապված ծախսերը համամասնաբար կատարում են ընդհարման մեջ գտնվող այն կողմերը, որոնց քաղաքացիներն օգտվում են այդ ծառայություններից:
ՀՈԴՎԱԾ 76
Գրաքննությունը և վերահսկողությունը
Ռազմագերիներին հասցեագրված կամ նրանց կողմից ուղարկվող նամակագրության գրաքննությունը պետք է կատարվի հնարավորին չափ կարճ ժամկետում: Գրաքննությունը կարող է կատարվել միայն առաքող և ստացող պետության կողմից` յուրաքանչյուրը միայն մեկ անգամ:
Ռազմագերիներին հասցեագրված ծանրոցների ստուգումը չպետք է կատարվի այնպիսի պայմաններում, որոնք վնաս հասցնեն դրանցում գտնվող սննդամթերքի պահպանությանը, և պետք է տեղի ունենա, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը տպագիր կամ գրավոր նյութի մասին է, հասցեատիրոջ կամ նրա կողմից պատշաճ ձևով լիազորված նրա ընկերոջ ներկայությամբ: Գերիների անհատական կամ կոլեկտիվ ծանրոցների հանձնումը չի կարող ուշացվել գրաքննության հետ կապված դժվարությունների պատճառաբանությամբ:
Ռազմական կամ քաղաքական պատճառներով ընդհարման մեջ գտնվող կողմերի մտցրած նամակագրության ցանկացած արգելք կարող է կրել միայն ժամանակավոր բնույթ, և պետք է հնարավորին չափ կարճատև լինի:
ՀՈԴՎԱԾ 77
Պաշտոնական փաստաթղթերի կազմումը և հանձնումը
Գերության մեջ պահող տերությունները բոլոր հնարավորությունները կտրամադրեն` հովանավոր տերության կամ 123 հոդվածում նախատեսված ռազմագերիների գործերի կենտրոնական գործակալության միջոցով հանձնելու ռազմագերիներին հասցեագրված կամ նրանցից ստացվող ակտերը, գործնական թղթերը և փաստաթղթերը, մասնավորապես` լիազորագրերը և կտակները:
Բոլոր դեպքերում գերության մեջ պահող տերությունները ռազմագերիներին կաջակցեն կազմելու այդ փաստաթղթերը, մասնավորապես, նրանց թույլատրելով խորհրդակցել իրավաբանի հետ, և կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ` ռազմագերիների ստորագրությունը հաստատելու համար:
Բաժին 6
Ռազմագերիների փոխհարաբերություններն իշխանությունների հետ
Գլուխ 1
Ռազմագերիների գանգատները գերության ռեժիմի առթիվ
ՀՈԴՎԱԾ 78
Դիմումներն ու գանգատները
Ռազմագերիներն իրավունք ունեն իրենց համար սահմանված գերության ռեժիմի առթիվ դիմումներ ներկայացնելու այն զինվորական իշխանություններին, որոնց իշխանության տակ նրանք գտնվում են:
Նրանք նաև իրավունք ունեն, առանց սահմանափակումների, վստահված անձի միջոցով կամ անմիջականորեն, եթե հարկ համարեն, դիմելու հովանավոր տերության ներկայացուցիչներին, որպեսզի նրանց ուշադրությունը հրավիրեն գերության ռեժիմի այն հանգամանքների վրա, որոնց վերաբերմամբ նրանք գանգատներ ունեն:
Այդ միջնորդություններն ու գանգատները չեն սահմանափակվի կամ դիտվի որպես 71 հոդվածում նշված նամակագրության չափաքանակի մաս: Դրանք պետք է փոխանցվեն շտապ կարգով: Դրանք որևէ պատժի առիթ չեն կարող դառնալ, եթե անգամ անհիմն ճանաչվեն:
Վստահված անձինք կարող են հովանավոր տերությունների ներկայացուցիչներին պարբերական զեկույցներ ուղարկել` ճամբարներում տիրող դրության և ռազմագերիների կարիքների մասին:
Գլուխ 2
Ռազմագերիների ներկայացուցիչները
ՀՈԴՎԱԾ 79
Ընտրությունը
Բոլոր վայրերում, որտեղ կգտնվեն ռազմագերիները, բացառությամբ այն տեղերի, որտեղ գտնվում են սպաները, ռազմագերիները ազատորեն, գաղտնի քվեարկությամբ, վեց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև թափուր տեղեր առաջանալու դեպքում, կընտրեն վստահված անձինք, որոնք պետք է նրանց ներկայացնեն զինվորական իշխանությունների, հովանավոր տերությունների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ցանկացած այլ օգնություն ցույց տվող կազմակերպության առջև: Այդ վստահված անձինք կարող են վերընտրվել:
Սպաների և նրանց հավասարեցված անձանց ճամբարներում կամ խառը ճամբարներում կոչումով և ստաժով բարձր ռազմագերի սպան ճանաչվում է որպես վստահված անձ: Սպաների ճամբարներում նրան օգնում են մեկ կամ մի քանի խորհրդատուներ, որոնք ընտրվում են սպաների կողմից. խառը ճամբարներում նրա օգնականներն ընտրվում են սպա չհանդիսացող ռազմագերիների կողմից` իրենց միջից:
Ռազմագերիների աշխատանքային ճամբարներում միևնույն քաղաքացիության ռազմագերի սպաները կտեղավորվեն այնպես, որպեսզի կարողանան ճամբարում կատարել ռազմագերիների վրա դրվող վարչական գործառույթները: Այդ սպաները կարող են նաև ընտրվել վստահված անձի պաշտոնում` սույն հոդվածի առաջին պարբերության դրույթներին համապատասխան: Այդ դեպքում վստահված անձի օգնականները կընտրվեն սպա չհանդիսացող ռազմագերիների թվից:
Մինչև իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ լինելը, յուրաքանչյուր ընտրված վստահված անձ պետք է ստանա գերության մեջ պահող տերության համաձայնությունը: Այն դեպքում, եթե գերության մեջ պահող տերությունը հրաժարվի գերության իր ընկերների կողմից ընտրված ռազմագերուն հաստատելուց, ապա նա պետք է հովանավոր տերությանը ներկայացնի այդպիսի հրաժարման պատճառները:
Բոլոր դեպքերում վստահված անձը պետք է ունենա նույն քաղաքացիությունը, լեզուն և սովորույթները, ինչ այն ռազմագերիները, որոնց նա ներկայացնում է: Այսպիսով, իրենց քաղաքացիությանը, լեզվին և սովորույթներին համապատասխան ճամբարի տարբեր հատվածներում բաշխված ռազմագերիներն ամեն մի հատվածում կունենան իրենց վստահված անձը` նախորդ պարբերությունների դրույթներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 80
Գործառույթները
Վստահված անձինք պետք է նպաստեն ռազմագերիների ֆիզիկական, բարոյական և մտավոր բարօրությանը:
Մասնավորապես, եթե գերիները որոշեն փոխօգնության համակարգ կազմակերպել, ապա այդ կազմակերպությունը պետք է գտնվի վստահված անձանց տնօրինության ներքո, անկախ այն հատուկ պարտականություններից, որոնք նրանց վրա դրված են սույն Կոնվենցիայի այլ դրույթներով:
Վստահված անձինք պատասխանատու չեն լինի, միայն իրենց պարտականությունների բերումով, այն օրինախախտումների համար, որոնք կատարվել են ռազմագերիների կողմից:
ՀՈԴՎԱԾ 81
Արտոնությունները
Վստահված անձանց չեն ստիպի կատարելու որևէ այլ աշխատանք, եթե դա կդժվարացնի նրանց գործառույթների կատարումը:
Վստահված անձինք կարող են գերիների թվից նշանակել իրենց հարկավոր օգնականներ: Նրանց գործնականորեն կտրամադրվեն բոլոր հնարավորությունները և, մասնավորապես, տեղաշարժվելու որոշ ազատություն, որն անհրաժեշտ է նրանց պարտականությունների կատարման համար (այցելություն աշխատանքային խմբեր, օգնության ծանրոցների ընդունում և այլն):
Վստահված անձանց պետք է թույլատրվի այցելել այն շենքերը, որտեղ ներկալված են ռազմագերիները. վերջիններս իրավունք կունենան ազատորեն խորհրդատվություն ստանալ իրենց վստահված անձից:
Վստահված անձանց կտրամադրվեն նաև բոլոր հնարավորությունները` գերության մեջ պահող իշխանությունների, հովանավոր տերությունների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և դրանց ներկայացուցիչների, խառը բժշկական հանձնաժողովների, ինչպես նաև ռազմագերիներին օգնություն ցույց տվող կազմակերպությունների հետ իրենց փոստային և հեռագրային գրագրությունների համար: Աշխատանքային խմբերի վստահված անձինք հիմնական ճամբարի վստահված անձի հետ գրագրության հարցում կօգտվեն այդ նույն արտոնություններից: Այդ գրագրության համար չի սահմանվի որևէ սահմանափակում, և այն չի մտցվի 71 հոդվածով նախատեսված չափաքանակի մեջ:
Ոչ մի վստահված անձ չի կարող այլ վայր փոխադրվել` առանց նրան անհրաժեշտ ժամանակ տրամադրելու` իրեն հաջորդողին գործին տեղյակ պահելու համար:
Վստահված անձին ազատելու դեպքում նման որոշման պատճառները պետք է հայտնվեն հովանավոր տերությանը:
Գլուխ 3
Քրեական և կարգապահական պատիժները
1. Ընդհանուր դրույթներ
ՀՈԴՎԱԾ 82
Կիրառվող իրավունքը
Ռազմագերիները ենթարկվում են գերության մեջ պահող տերության զինված ուժերում գործող օրենքներին, կանոնադրություններին և հրամաններին: Այդ տերությունն իրավունք կունենա դատական կամ կարգապահական միջոցներ ձեռնարկել ցանկացած ռազմագերու նկատմամբ, որը կխախտի այդ օրենքները, կանոնադրությունները կամ հրամանները: Սակայն սույն գլխի դրույթներին հակասող ոչ մի հետապնդում կամ պատիժ թույլ չի տրվի:
Եթե գերության մեջ պահող տերության օրենքներում, կանոնադրություններում կամ հրամաններում պատժելի են հայտարարվում ռազմագերիների կողմից կատարված գործողություններն այն դեպքում, երբ այդ նույն գործողությունները պատժելի չեն գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմին պատկանող անձանց կողմից կատարվելիս, ապա այդ դեպքում ռազմագերիների նկատմամբ կկիրառվեն միայն կարգապահական տույժեր:
ՀՈԴՎԱԾ 83
Կարգապահական կամ դատական պատժի ընտրությունը
Այն դեպքում, երբ պետք է որոշել` ռազմագերին կարգապահակա՞ն, թե՞ դատական պատժի պետք է ենթարկվի կատարած իրավախախտման համար, գերության մեջ պահող տերությունը պետք է հետևի, որպեսզի համապատասխան իշխանություններն այդ հարցի գնահատման ժամանակ դրսևորեն առավելագույն ներողամտություն և բոլոր հնարավոր դեպքերում ավելի շուտ դիմեն կարգապահական միջոցների, քան դատական հետապնդման:
ՀՈԴՎԱԾ 84
Դատարանները
Ռազմագերուն կարող են դատել բացառապես զինվորական դատարանները, եթե միայն գերության մեջ պահող տերության օրենսդրությունը հատուկ իրավունք չի տրամադրում քաղաքացիական դատարաններին` դատելու այդ տերության զինված ուժերի կազմին պատկանող անձանց` այդ նույն հանցագործության համար, որում մեղադրվում է ռազմագերին:
Ոչ մի դեպքում ռազմագերին չի կարող դատվել որևէ դատարանում, որը չի ներկայացնում անկախության և անաչառության համընդհանուր ճանաչում գտած հիմնական երաշխիքներ և, մասնավորապես, որի դատական ընթացակարգը մեղադրյալին չի ապահովում պաշտպանության` 105 հոդվածով նախատեսված իրավունքներով ու միջոցներով:
ՀՈԴՎԱԾ 85
Նախքան գերությունը կատարված իրավախախտումները
Մինչև գերի ընկնելը կատարած գործողությունների համար գերության մեջ պահող տերության օրենսդրությամբ հետապնդման ենթարկվող ռազմագերիներն օգտվում են սույն Կոնվենցիայի հովանավորությունից` անգամ նրանց դատապարտվելու դեպքում:
ՀՈԴՎԱԾ 86
«Non bis in idem»
Ռազմագերին միևնույն զանցանքի համար կամ միևնույն մեղադրանքով կարող է միայն մեկ անգամ պատժվել:
ՀՈԴՎԱԾ 87
Պատիժները
Գերության մեջ պահող տերության զինվորական իշխանությունները և դատարանները չպետք է ռազմագերիներին դատապարտեն այլ պատիժների, բացի այն պատիժներից, որոնք նախատեսված են այդ տերության զինված ուժերի կազմին պատկանող անձանց կողմից թույլ տրված այդպիսի արարքների համար:
Պատիժ նշանակելիս գերության մեջ պահող տերության դատարանները կամ իշխանությունները պետք է առավելագույն հնարավոր չափով հաշվի առնեն, որ ամբաստանյալը չի հանդիսանում գերության մեջ պահող տերության քաղաքացին, ուստի նա այդ տերության նկատմամբ հավատարմության պարտականություն չունի և այդ տերության իշխանության տակ է գտնվում իր կամքից անկախ հանգամանքների բերումով: Նրանք հնարավորություն կունենան մեղմել ռազմագերու իրավախախտման համար նախատեսված պատժաչափը, և դրա համար նրանք պարտավոր չեն պահպանել այդ իրավախախտման համար նախատեսված նվազագույն պատժաչափը:
Արգելվում են անհատական արարքների համար ամեն տեսակի կոլեկտիվ պատիժները, ամեն տեսակի մարմնական պատիժները, ցերեկային լուսավորությունից զուրկ շենքերում բանտարկելը և առհասարակ` տանջահարության կամ դաժանության ցանկացած դրսևորում:
ՀՈԴՎԱԾ 88
Պատիժների ի կատար ածումը
Հավասար կոչման ռազմագերի սպաները, ենթասպաները և զինվորները, որոնք կարգապահական կամ քրեական պատիժ են կրում, չեն կարող ենթարկվել ավելի խիստ վերաբերմունքի, քան այն վերաբերմունքը, որն այդպիսի պատիժների կապակցությամբ նախատեսվում է գերության մեջ պահող տերության զինված ուժերի անդամների նկատմամբ:
Ռազմագերի կանայք չպետք է դատապարտվեն ավելի դաժան պատիժների կամ պատիժ կրելու ժամանակ ենթարկվեն ավելի դաժան վերաբերմունքի, քան գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմի կանայք` համանման իրավախախտումների համար պատժվելիս:
Ռազմագերի կանայք ոչ մի դեպքում չեն կարող դատապարտվել ավելի դաժան պատժի կամ պատիժ կրելու ժամանակ ենթարկվել ավելի դաժան վերաբերմունքի, քան գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմի տղամարդիկ` համանման իրավախախտումների համար պատժվելիս:
Նշանակված կարգապահական կամ քրեական պատիժները ռազմագերիների կողմից կրելուց հետո, նրանց հետ չի կարելի վարվել այլ կերպ, քան մյուս ռազմագերիների հետ:
2. Կարգապահական պատիժներ
ՀՈԴՎԱԾ 89
Ընդհանուր դրույթներ: I. Պատիժների բնույթը
Ռազմագերիների նկատմամբ կարող են նշանակվել կարգապահական հետևյալ պատիժները.
1) տուգանք` 60 ու 62 հոդվածներին համապատասխան դրամական բավարարման հաշվին կանխավճարի և աշխատանքի դիմաց ռազմագերիներին հասնող վարձատրության 50%-ը չգերազանցող չափով, ընդսմին` 30 օրից ոչ ավելի ժամկետով,
2) սույն Կոնվենցիայով նախատեսվածից ավելի հատկացված առավելություններից զրկում,
3) արտահերթ վերակարգ` ոչ ավելի, քան օրը 2 ժամ,
4) ձերբակալում:
Սակայն 3 կետում նշված պատիժը չի կարող նշանակվել սպաների նկատմամբ:
Կարգապահական պատիժները ոչ մի դեպքում չպետք է լինեն անմարդկային, դաժան և ռազմագերիների առողջության համար վտանգավոր:
ՀՈԴՎԱԾ 90
II. Պատիժների տևողությունը
Մեկ պատժաչափի տևողությունը երբեք չպետք է գերազանցի 30 օրը: Կարգապահական խախտման դեպքում, մինչև գործի քննությունը կամ մինչև կարգապահական տույժի նշանակումը, նախնական կալանքի ժամկետները հաշվարկվում են ռազմագերու համար սահմանված պատժաժամկետի մեջ:
Վերը նախատեսված` երեսնօրյա առավելագույն ժամկետը չի կարելի գերազանցել, եթե անգամ ռազմագերին պետք է կարգապահական կարգով միաժամանակ պատասխան տա պատժի մասին վճիռ կայացնելու պահին թույլ տված մի շարք արարքների համար, անկախ այն բանից` այդ արարքները միմյանց հետ կապված են, թե ոչ:
Կարգապահական տույժ նշանակելու մասին վճիռ կայացնելու պահից մինչև դրա կատարումը պետք է անցնի մեկ ամսից ոչ ավելի ժամանակ:
Եթե ռազմագերու վրա դրվի կարգապահական նոր տույժ, ապա պատիժներից ամեն մեկն ի կատար ածելու միջև պետք է անցնի առնվազն երեք օր, եթե պատիժներից որևէ մեկի տևողությունը հասնում է տասը կամ ավելի օրերի:
ՀՈԴՎԱԾ 91
Փախուստը: I. Հաջողված փախուստը
Ռազմագերու փախուստը համարվում է կայացած այն դեպքում, երբ.
1) նա միացել է այն տերության զինված ուժերին, որին պատկանում է կամ դաշնակից տերության զինված ուժերին,
2) նա թողել է գերության մեջ պահող տերության կամ նրա դաշնակցի իշխանության տակ գտնվող տարածքը,
3) նա բարձրացել է մի նավ, որը նավարկում է այն տերության դրոշի ներքո, որին ինքը պատկանում է կամ դաշնակից տերության դրոշի ներքո, և որը գտնվում է գերության մեջ պահող տերության ջրային տարածքներում` պայմանով, որ այն չի գտնվում այդ վերջինիս հսկողության տակ:
Այն ռազմագերիները, որոնք սույն հոդվածի իմաստով կայացած փախուստից հետո վերստին գերի են ընկնում, փախուստի համար չեն ենթարկվի ոչ մի տույժի:
ՀՈԴՎԱԾ 92
II. Չհաջողված փախուստը
Ռազմագերին, որը փորձում է փախչել և որը բռնվել է մինչև 91 հոդվածի իմաստով փախուստի հաջող ավարտը, այդ արարքի համար ենթակա է միայն կարգապահական պատիժների` անգամ այն կրկնվելու դեպքում:
Ռազմագերին` բռնվելուց անմիջապես հետո պետք է հանձնվի համապատասխան զինվորական իշխանություններին:
Ի խախտումն 88 հոդվածի չորրորդ պարբերության, անհաջող փախուստի համար պատիժ կրող ռազմագերիները կարող են հատուկ հսկողության տակ դրվել, պայմանով սակայն, որ այդ ռեժիմը չի ազդի նրանց առողջության վրա, որ կիրականացվի ռազմագերիների ճամբարում, և որ չի հարուցի սույն Կոնվենցիայով նրանց համար նախատեսվող երաշխիքներից և ոչ մեկի վերացումը:
ՀՈԴՎԱԾ 93
III. Հարակից իրավախախտումները
Փախուստը կամ փախուստի փորձը, անգամ կրկնվելու դեպքում, չպետք է մեղքը ծանրացնող հանգամանք դիտվի այն դեպքում, երբ ռազմագերին դատական պատասխանատվության է ենթարկվում փախուստի կամ փախուստի փորձի ժամանակ նրա կողմից կատարված իրավախախտումների համար:
83 հոդվածի դրույթների համաձայն` այն իրավախախտումները, որոնք ռազմագերիները կատարում են միայն իրենց փախուստը դյուրացնելու նպատակով, և որոնք չեն ուղեկցվում կյանքի և առողջության դեմ ուղղված բռնի գործողություններով, օրինակ` հանրային սեփականության դեմ կատարվող հանցագործությունները, առանց հարստանալու մտադրության կողոպուտը, կեղծ փաստաթղթերի պատրաստումը կամ օգտագործումը, քաղաքացիական հագուստ կրելը, կարող են հարուցել միայն կարգապահական տույժեր:
Այն ռազմագերիները, որոնք եղել են փախուստի կամ փախուստի փորձ կատարելու գործակցողներ, դրա համար կենթարկվեն միայն կարգապահական տույժի:
ՀՈԴՎԱԾ 94
IV. Փախուստի դիմած ռազմագերուն բռնելու մասին ծանուցումը
Փախած, բայց բռնված ռազմագերու մասին պետք է 122 հոդվածով նախատեսված կարգով ծանուցագիր ուղարկվի այն տերությանը, որին նա պատկանում է, եթե ավելի վաղ հաղորդվել է նրա փախուստի մասին:
ՀՈԴՎԱԾ 95
Ընթացակարգը: I. Նախնական կալանքը
Կարգապահական զանցանքների մեջ մեղադրվող ռազմագերիները մինչև վճիռ կայացնելը նախնական կալանքի մեջ են պահվում այն դեպքում, եթե գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմի անձինք նույնպես նախնական կալանքի են ենթակա համանման զանցանքների համար, կամ եթե այդպիսի կալանքը անհրաժեշտ է` ելնելով ճամբարում կարգ ու կանոն պահպանելու շահերից:
Կարգապահական զանցանք կատարելու դեպքում բոլոր ռազմագերիների համար նախնական կալանքի ժամկետը կկրճատվի մինչև նվազագույն չափը և չի գերազանցի 14 օրը:
Սույն գլխի 97 և 98 հոդվածների դրույթները կիրառվում են այն ռազմագերիների նկատմամբ, որոնք նախնական կալանքի են ենթարկվում կարգապահական զանցանքի համար:
ՀՈԴՎԱԾ 96
II. Իրավասու մարմինները և պաշտպանության իրավունքը
Կարգապահական խախտումներ հանդիսացող գործողությունները պետք է անմիջապես հետաքննվեն:
Բացառությամբ դատական մարմինների և բարձրագույն զինվորական իշխանությունների իրավասությանը ենթակա դեպքերի, կարգապահական տույժեր կարող են նշանակվել միայն այն սպայի կողմից, որը, որպես ճամբարի պետ, օժտված է կարգապահական լիազորություններով, կամ նրան փոխարինող պատասխանատու սպայի կողմից, որին նա հանձնել է իր կարգապահական լիազորությունները:
Այդպիսի լիազորությունները ոչ մի դեպքում չեն կարող հանձնվել ռազմագերուն, և վերջինս չի կարող դրանք իրականացնել:
Մինչև ցանկացած կարգապահական տույժի նշանակումը` ռազմագերուն ճշգրտորեն կհաղորդվի այն արարքների մասին, որոնցում նա մեղադրվում է, և նրան հնարավորություն կտրվի բացատրել իր վարքագիծը և պաշտպանվել: Նրան կթույլատրվի, մասնավորապես, կանչել վկաների և, եթե դա անհրաժեշտ է, դիմել բարձրորակ թարգմանչի ծառայություններին: Վճիռը պետք է հայտնվի ամբաստանյալ ռազմագերուն և վստահված անձին:
Ճամբարի պետը պետք է ունենա նշանակված կարգապահական տույժերի մատյան, որը կտրամադրվի հովանավոր տերության ներկայացուցիչներին` դրան ծանոթանալու համար:
ՀՈԴՎԱԾ 97
Պատիժների ի կատար ածումը: I. Պատիժը կրելու վայրերը
Կարգապահական տույժերը կրելու համար ռազմագերիները ոչ մի դեպքում չեն տեղափոխվի ուղղիչ հիմնարկներ (բանտեր, ուղղիչ հաստատություններ, տաժանակրության վայրեր և այլն):
Կարգապահական տույժեր կրելու համար նախատեսված բոլոր շենքերը պետք է համապատասխանեն 25 հոդվածում նախատեսված հիգիենայի պահանջներին: Պատիժը կրող ռազմագերիները պետք է 29 հոդվածին համապատասխան` հնարավորություն ունենան իրենց պահելու մաքուր վիճակում:
Սպաները և նրանց հավասարեցված անձինք չպետք է պահվեն ենթասպաների կամ շարքայինների հետ միևնույն շենքերում:
Կարգապահական տույժեր կրող ռազմագերի կանայք կպահվեն ռազմագերի տղամարդկանցից անջատ շենքերում և կգտնվեն կանանց անմիջական հսկողության ներքո:
ՀՈԴՎԱԾ 98
II. Հիմնական երաշխիքները
Կալանքի ձևով կարգապահական տույժի ենթարկված ռազմագերիները կշարունակեն օգտվել սույն Կոնվենցիայի դրույթներից, բացի այն դրույթներից, որոնք նշված կալանքի կապակցությամբ դառնում են անկիրարկելի: Սակայն նրանց ոչ մի դեպքում չի կարելի զրկել 78 և 126 հոդվածներով նախատեսված իրավունքներից:
Կարգապահական տույժերի ենթարկված ռազմագերիները չեն կարող զրկվել իրենց կոչման շնորհած առավելություններից:
Կարգապահական տույժերի ենթարկված ռազմագերիները հնարավորություն կունենան ամեն օր կատարել ֆիզիկական վարժություններ և առնվազն երկու ժամ գտնվել մաքուր օդում:
Նրանց կթույլատրվի, իրենց խնդրանքով, ներկայանալ ամենօրյա բժշկական քննության: Առողջական վիճակից ելնելով` նրանք կստանան հարկավոր բուժօգնություն, իսկ անհրաժեշտության դեպքում կտեղավորվեն ճամբարի լազարեթում կամ հոսպիտալում:
Նրանց կթույլատրվի կարդալ և գրել, ինչպես նաև ուղարկել և ստանալ նամակներ: Սակայն նրանց ծանրոցներ և դրամական փոխանցումներ հանձնելը կարող է հետաձգվել մինչև պատիժը կրելու ավարտը: Այդպիսիք այդ ընթացքում կտրվեն վստահված անձին, որը լազարեթ կհանձնի ծանրոցներում պարունակված շուտ փչացող մթերքները:
3. Դատական հետապնդումը
ՀՈԴՎԱԾ 99
Հիմնական կանոնները: I. Գլխավոր սկզբունքները
Ոչ մի ռազմագերի չի կարող դատի տրվել կամ դատապարտվել այնպիսի արարքի համար, որը պատժելի չէ գերության մեջ պահող տերության օրենսդրությամբ կամ արարքը թույլ տալու պահին գործող միջազգային իրավունքով:
Ռազմագերու վրա ոչ մի բարոյական կամ ֆիզիկական ճնշում չի կարող գործադրվել նրան ստիպելու համար իրեն մեղավոր ճանաչել այն արարքի մեջ, որում մեղադրվում է:
Ոչ մի ռազմագերի չի կարող դատապարտվել, եթե նա հնարավորություն չի ունեցել պաշտպանվելու, և եթե նրան չի տրամադրվել բարձրորակ պաշտպան:
ՀՈԴՎԱԾ 100
II. Մահապատիժը
Առաջին հնարավորության դեպքում ռազմագերիները և հովանավոր տերությունները տեղյակ կպահվեն այն իրավախախտումների մասին, որոնք գերության մեջ պահող տերության օրենքներով պատժվում են մահապատժով:
Հետագայում ոչ մի այլ իրավախախտման համար չի կարող մահապատիժ սահմանվել առանց այն տերության համաձայնության, որին պատկանում են ռազմագերիները:
Ռազմագերու նկատմամբ մահապատժի վճիռ կարող է կայացվել այն դեպքում, եթե 87 հոդվածի երկրորդ պարբերությանը համապատասխան` դատարանի ուշադրությունը հատուկ հրավիրվել է այն փաստի վրա, ըստ որի, մեղադրյալը չի հանդիսանում գերության մեջ պահող տերության քաղաքացի, ուստի նա այդ տերության նկատմամբ հավատարմության պարտականություն չունի և նրա իշխանության տակ է գտնվում իր կամքից անկախ հանգամանքների բերումով:
ՀՈԴՎԱԾ 101
III. Մահապատժի ի կատար ածման ժամկետը
Ռազմագերու նկատմամբ մահվան դատավճիռ կայացնելու դեպքում այդ դատավճիռն ի կատար է ածվում ոչ շուտ, քան 107 հոդվածով նախատեսված մանրամասն հաղորդումը նշած հասցեով հովանավոր տերության կողմից ստացվելու օրից սկսած` վեցամսյա ժամկետը լրանալուց հետո:
ՀՈԴՎԱԾ 102
Ընթացակարգը: I. Դատավճռի օրինական համարվելու պայմանները
Ռազմագերու նկատմամբ դատավճիռն օրինական կհամարվի միայն այն դեպքում, եթե կայացվում է այն նույն դատարանների կողմից և նույն կարգով, ինչպիսիք սահմանված են գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմին պատկանող անձանց համար և, բացի այդ, սույն գլխի դրույթները պահպանելու պայմանով:
ՀՈԴՎԱԾ 103
II. Նախնական կալանքը (հիմքերը, ռեժիմը)
Ռազմագերու նկատմամբ դատական հետաքննությունը պետք է վարվի այնպիսի արագությամբ, որքան միայն թույլ են տալիս հանգամանքները և այնպես, որպեսզի դատավարությունն սկսվի որքան հնարավոր է շուտ: Ոչ մի ռազմագերի չպետք է պահվի նախնական կալանքի մեջ, եթե միայն այդպիսի միջոցը կիրառելի չէ համանման իրավախախտումների համար գերության մեջ պահող տերության զինված ուժերի անձնակազմի նկատմամբ, և եթե դա չեն պահանջում պետական անվտանգության շահերը: Ոչ մի դեպքում այդ կալանքը չպետք է գերազանցի եռամսյա ժամկետը:
Ռազմագերու` նախնական կալանքի ժամկետը պետք է հաշվարկվի ազատազրկման այն ժամկետի մեջ, որին նա կդատապարտվի, և պատժաչափը որոշելիս այն պետք է ուշադրության առնվի:
Նախնական կալանքի մեջ գտնվող ռազմագերիները կշարունակեն օգտվել սույն գլխի 97 և 98 հոդվածների դրույթներից:
ՀՈԴՎԱԾ 104
III. Դատական հետապնդման մասին ծանուցումը
Բոլոր դեպքերում, երբ գերության մեջ պահող տերությունը դատական հետապնդում է հարուցում ռազմագերու նկատմամբ, այդ մասին նա հովանավոր տերությանը հայտնում է որքան կարելի է շուտ, բայց ոչ ուշ, քան դատարանում գործի ունկնդրումն սկսելուց երեք շաբաթ առաջ: Երեք շաբաթվա ժամկետի հաշվարկն սկսվում է հովանավոր տերության կողմից այդ ծանուցումն ստանալու պահից այն հասցեով, որ նրա կողմից նախապես նշվում է գերության մեջ պահող տերությանը:
Այդ ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տվյալները.
1) ռազմագերու ազգանունը և անունը, նրա կոչումը, նրա անձնական համարը, ծննդյան թիվը, նրա մասնագիտությունը` եթե այդպիսին ունի,
2) ներկալման կամ կալանման վայրը,
3) մեղադրանքի կամ մեղադրանքների մանրամասն շարադրանքը` նշելով, թե դրանք օրենքի որ հոդվածների կիրառմանն են ենթակա,
4) այն դատարանի անվանումը, որը պետք է քննության առնի գործը` նշելով գործը լսելու նախատեսված տեղը և տարեթիվը:
Գերության մեջ պահող տերության կողմից նույնպիսի ծանուցում է ուղարկվում ռազմագերու վստահված անձին:
Եթե գործը լսելու սկզբին չստացվի ապացույց, որ հովանավոր տերությունը, ռազմագերին և շահագրգիռ վստահված անձը ստացել են վերը նշված ծանուցումը գործը լսելուց առնվազն երեք շաբաթ առաջ, ապա գործի լսումը չի կարող տեղի ունենալ և պետք է հետաձգվի:
ՀՈԴՎԱԾ 105
IV. Պաշտպանության իրավունքը և միջոցները
Ռազմագերուն իրավունք է տրվում օգտվել իր ընկեր գերիներից մեկի օգնությունից, ունենալ բարձրորակ փաստաբան` իր ընտրությամբ, պահանջել դատարան կանչել վկաների և, եթե դա անհրաժեշտ է համարում, դիմել որակյալ թարգմանչի ծառայություններին: Իր այդ իրավունքների մասին նախապես, մինչև գործը լսելու սկիզբը, նա տեղյակ է պահվում գերության մեջ պահող տերության կողմից:
Եթե ռազմագերին իր համար չի ընտրել պաշտպան, հովանավոր տերությունը նրան կտրամադրի այդպիսի անձ` դրա համար ունենալով մեկ շաբաթից ոչ պակաս ժամկետ: Հովանավոր տերության խնդրանքով գերության մեջ պահող տերությունը նրան կներկայացնի պաշտպանությունն ապահովելու ընդունակ որակյալ անձանց ցուցակը: Այն դեպքում, երբ ոչ ռազմագերին, ոչ հովանավոր տերությունը չընտրեն պաշտպան, մեղադրյալին պաշտպանելու համար գերության մեջ պահող տերությունն ինքը կնշանակի որակյալ փաստաբանի:
Մինչև գործը լսելու սկիզբը պաշտպանն իր տրամադրության տակ կունենա առնվազն երկու շաբաթ` մեղադրյալի պաշտպանությանը նախապատրաստվելու համար, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ հնարավորությունները. մասնավորապես, նա իրավունք կունենա ազատորեն այցելել մեղադրյալին և նրա հետ խոսել առանց վկաների: Նա նաև կարող է խորհրդակցել պաշտպանության ցանկացած վկայի, ներառյալ` ռազմագերիների հետ: Նա այդպիսի հնարավորություններ կունենա մինչև դատավճռի գանգատարկման ժամկետի ավարտը:
Դատական նիստի բացման օրվանից բավական ժամանակ առաջ մեղադրյալը կստանա իր համար հասկանալի լեզվով շարադրված մեղադրական եզրակացությունը, ինչպես նաև այն նյութերը, որոնք գերության մեջ պահող տերության զինված ուժերում գործող օրենքների համաձայն` սովորաբար հաղորդվում են մեղադրյալին: Նույն հանգամանքներում նույն նյութերը պետք է հանձնվեն նրա պաշտպանին:
Հովանավոր տերության ներկայացուցիչներն իրավունք կունենան ներկա լինել դատական նիստերին, բացի այն դեպքերից, երբ այդ նիստերը, բացառության կարգով, պետք է տեղի ունենան դռնփակ` ի շահ պետական անվտանգության: Այդ դեպքում գերության մեջ պահող տերությունն այդ մասին հայտնում է հովանավոր տերությանը:
ՀՈԴՎԱԾ 106
V. Գանգատարկումը
Նույն պայմաններում, ինչ գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմին պատկանող անձինք, յուրաքանչյուր ռազմագերի իրավունք կունենա իր նկատմամբ կայացված դատավճիռը վերաքննության, վճռաբեկման կամ վերանայման կարգով գանգատարկելու: Նա պետք է լրիվ տեղեկություն ունենա գանգատարկման իր իրավունքի և այն ժամկետի մասին, որի ընթացքում կարող է այդ անել:
ՀՈԴՎԱԾ 107
VI. Կայացրած դատավճռի մասին ծանուցումը
Ռազմագերու նկատմամբ կայացված դատավճռի մասին անհապաղ պետք է տեղյակ պահվի հովանավոր տերությունը` համառոտ հաղորդման ձևով, որտեղ նաև նշվում է, թե ռազմագերին իրավունք ունի՞ վերաքննության կամ վճռաբեկության գանգատ ներկայացնել կամ խնդրել գործը վերանայելու: Այդ մասին կծանուցվի շահագրգիռ վստահված անձը: Այն նաև կհաղորդվի ռազմագերուն` նրա համար հասկանալի լեզվով, եթե դատավճիռը կայացվել է նրա բացակայությամբ: Դրանից բացի, գերության մեջ պահող տերությունն անմիջապես կհայտնի հովանավոր տերությանը` գանգատարկման իր իրավունքներից օգտվելու կամ չօգտվելու ռազմագերու որոշման մասին:
Բացի այդ, այն դեպքում, եթե դատավճիռը մտնում է օրինական ուժի մեջ և, եթե խոսքը մահվան դատավճռի մասին է, որը կայացվել է առաջին ատյանի դատարանի կողմից, գերության մեջ պահող տերությունը որքան հնարավոր է արագ հովանավոր տերությանը կուղարկի ծանուցում, որը կբովանդակի.
1) դատավճռի ճշգրիտ տեքստը,
2) նախաքննության և դատավարության մասին համառոտ հաշվետվություն, որտեղ մասնավորապես կընդգծվեն մեղադրանքի և պաշտպանության պահերը,
3) հարկ եղած դեպքում կնշվի այն վայրը, որտեղ պատիժն ի կատար է ածվելու:
Նախորդ պարբերություններում նախատեսված հաղորդումները հովանավոր տերությանն են ուղարկվում այն հասցեով, որը նրա կողմից ցույց է տրված գերության մեջ պահող տերությանը:
ՀՈԴՎԱԾ 108
Պատիժների ի կատար ածումը: Ազատազրկման ռեժիմը
Ռազմագերիները դատավճռով օրինական ուժի մեջ մտած իրենց պատիժները կկրեն միևնույն հաստատություններում և միևնույն պայմաններում, ինչ գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմի անձինք: Այդ պայմանները, բոլոր դեպքերում, պետք է համապատասխանեն հիգիենայի և մարդասիրության պահանջներին:
Կին ռազմագերին, որի նկատմամբ դատավճիռ է կայացվել, պետք է բանտարկվի առանձին շենքում և գտնվի կանանց անձնակազմի հսկողության ներքո:
Ցանկացած դեպքում ազատազրկման պատժի դատապարտված ռազմագերիները մնում են սույն Կոնվենցիայի 78 և 126 հոդվածների դրույթների պաշտպանության տակ: Դրանից բացի, նրանց կթույլատրվի ստանալ և ուղարկել նամակներ, ստանալ ամիսը առնվազն մեկ ծանրոց, կանոնավոր զբոսնել բաց օդում. նրանք նաև կստանան իրենց առողջական վիճակով թելադրված բժշկական օգնություն, ինչպես նաև այն հոգևոր օգնությունը, որը նրանք կնախընտրեն: Պատիժները, որոնք նրանց նկատմամբ կնշանակվեն, պետք է համապատասխանեն 87 հոդվածի երրորդ պարբերության դրույթներին:
Մաս 4
Գերության վերջը
Բաժին 1
Անմիջական հայրենադարձությունը և հոսպիտալացումը չեզոք երկրում
ՀՈԴՎԱԾ 109
Ընդհանուր դրույթներ
Բացառությամբ սույն հոդվածի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի, ընդհարման մեջ գտնվող կողմերը պարտավոր կլինեն հաջորդ հոդվածի առաջին պարբերությանը համապատասխան` հայրենիք ուղարկել ծանր հիվանդ և ծանր վիրավոր ռազմագերիներին` անկախ նրանց կոչումից և թվաքանակից, այն բանից հետո, երբ նրանք կհասցվեն այնպիսի վիճակի, որը թույլ կտա նրանց տեղափոխումը:
Ռազմական գործողությունների ընթացքում ընդհարման մեջ գտնվող կողմերը, համապատասխան չեզոք տերությունների աջակցությամբ, կձգտեն կազմակերպել հաջորդ հոդվածի երկրորդ պարբերության մեջ նշված վիրավոր և հիվանդ ռազմագերիների հոսպիտալացումը չեզոք երկրներում: Դրանից բացի, նրանք կարող են կնքել համաձայնագրեր` երկար ժամանակ գերության մեջ գտնվող առողջ ռազմագերիների հայրենադարձության կամ չեզոք երկրում ներկալելու մասին:
Սույն հոդվածի առաջին պարբերության համաձայն հայրենադարձության ենթակա ոչ մի վիրավոր կամ հիվանդ ռազմագերի ռազմական գործողությունների ընթացքում չի կարող հայրենադարձվել հակառակ իր կամքի:
ՀՈԴՎԱԾ 110
Հայրենադարձության կամ հոսպիտալացման դեպքերը
Անմիջական հայրենադարձության են ենթակա.
1) այն անբուժելի վիրավորներն ու հիվանդները, որոնց մտավոր և ֆիզիկական ունակությունները, ըստ ամենայնի, խիստ նվազել են,
2) այն վիրավորները և հիվանդները, որոնք, բժիշկների կանխատեսմամբ, չեն կարող ապաքինվել մեկ տարվա ընթացքում, որոնց վիճակը խնամք է պահանջում, իսկ մտավոր կամ ֆիզիկական ունակությունները, ըստ ամենայնի, խիստ նվազել են,
3) այն ապաքինված վիրավորներն ու հիվանդները, որոնց մտավոր և ֆիզիկական ունակությունները, ըստ ամենայնի, խիստ կամ ընդմիշտ նվազել են:
Չեզոք երկրում կարող են հոսպիտալացվել.
1) այն վիրավորներն ու հիվանդները, որոնց ապաքինումը կարող է տեղի ունենալ վիրավորման օրից կամ հիվանդանալու սկզբից մեկ տարվա ընթացքում, եթե բուժումը չեզոք երկրում հնարավորություն է տալիս ակնկալելու հավանական և առավել արագ ապաքինում,
2) այն ռազմագերիները, որոնց ֆիզիկական կամ հոգեկան վիճակի համար գերության մեջ հետագա գտնվելը, բժիշկների կարծիքով, լուրջ սպառնալիք է ներկայացնում, և որոնց այդ վտանգից կարող է փրկել հոսպիտալացումը չեզոք երկրում:
Այն պայմանները, որոնց պետք է համապատասխանեն հայրենադարձության համար չեզոք երկրում հոսպիտալացված ռազմագերիները, ինչպես և նրանց կարգավիճակը, կսահմանվեն շահագրգիռ տերությունների միջև համաձայնագրով: Հիմնականում կհայրենադարձվեն չեզոք երկրում հոսպիտալացված այն ռազմագերիները, որոնք պատկանում են հետևյալ կատեգորիաներին.
1) նրանք, որոնց առողջական վիճակն այնպես է վատթարացել, որ այդ վիճակը համապատասխանում է անմիջական հայրենադարձության պայմաններին,
2) նրանք, որոնց մտավոր կամ ֆիզիկական ունակություններն անգամ բուժվելուց հետո մնացել են զգալիորեն նվազ:
Ընդհարման մեջ գտնվող շահագրգիռ կողմերի միջև անմիջական հայրենադարձություն կամ չեզոք երկրում հոսպիտալացում առաջ բերող հաշմանդամության կամ հիվանդությունների դեպքերը սահմանող հատուկ համաձայնագրեր չլինելու դեպքում, դրանք կսահմանվեն այն սկզբունքների համաձայն, որոնք շարադրված են վիրավոր և հիվանդ ռազմագերիների անմիջական հայրենադարձության և չեզոք երկրում հոսպիտալացման մասին տիպային համաձայնագրի և սույն Կոնվենցիային առընթեր բժշկական խառը հանձնաժողովների մասին կանոնադրության մեջ:
ՀՈԴՎԱԾ 111
Ներկալումը չեզոք երկրում
Գերության մեջ պահող տերությունը և այն տերությունը, որին պատկանում են ռազմագերիները, ինչպես նաև չեզոք տերությունը, որի վերաբերմամբ պայմանավորվել են այդ երկու տերությունները, կձգտեն կնքել համաձայնագրեր, որոնք մինչև ռազմական գործողությունների ավարտը ռազմագերիներին այդ չեզոք տերության տարածքը ներկալելու հնարավորություն կտան:
ՀՈԴՎԱԾ 112
Խառը բժշկական հանձնաժողովները
Ընդհարման սկզբից պետք է նշանակվեն խառը բժշկական հանձնաժողովներ` հիվանդ և վիրավոր ռազմագերիների բժշկական քննության և նրանց վերաբերյալ բոլոր անհրաժեշտ վճիռներն ընդունելու համար: Այդ հանձնաժողովների նշանակումը, պարտականությունները և գործունեությունը պետք է համապատասխանեն սույն Կոնվենցիային կից հավելվածի դրույթներին:
Սակայն այն ռազմագերիները, որոնք գերության մեջ պահող տերության բժշկական իշխանությունների կարծիքով` ակներևաբար հանդիսանում են ծանր վիրավորներ և ծանր հիվանդներ, կարող են հայրենադարձվել առանց խառը բժշկական հանձնաժողովի պարտադիր բուժքննության:
ՀՈԴՎԱԾ 113
Խառը բժշկական հանձնաժողովների քննությանը ենթարկվող ռազմագերիները
Բացի գերության մեջ պահող տերության բժշկական իշխանությունների կողմից նշված ռազմագերիներից, նախորդ հոդվածով նախատեսված խառը բժշկական հանձնաժողովների բուժքննությանը իրավունք կունենան ներկայանալ ներքոհիշյալ կատեգորիաներին պատկանող վիրավորները կամ հիվանդները.
1) այն վիրավորներն ու հիվանդները, որոնց առաջարկել է ճամբարում աշխատող հայրենակից բժիշկը կամ այն բժիշկը, որն ընդհարման մեջ գտնվող այն տերության քաղաքացին է, որը դաշնակից է հիվանդների և վիրավորների տերությանը,
2) այն վիրավորներն ու հիվանդները, որոնք առաջարկվում են իրենց վստահված անձի կողմից,
3) այն վիրավորներն ու հիվանդները, որոնք առաջարկվում են այն տերության կողմից, որին նրանք պատկանում են, կամ այդ տերության կողմից ճանաչված` գերիներին օգնություն ցույց տվող կազմակերպության կողմից:
Ռազմագերիները, որոնք չեն պատկանում վերը նշված կատեգորիաներից և ոչ մեկին, այնուամենայնիվ, կարող են խառը բժշկական հանձնաժողովների բուժքննությանը ներկայանալ, բայց նրանք այդ բուժքննությունն անցնում են վերը նշված կատեգորիաների անձանցից հետո:
Խառը բժշկական հանձնաժողովի բուժքննությանը ենթարկվող ռազմագերիների հայրենակից բժիշկը և նրանց վստահված անձն իրավունք ունեն ներկա գտնվել այդ բուժքննությանը:
ՀՈԴՎԱԾ 114
Դժբախտ պատահարների զոհ ռազմագերիները
Հայրենադարձության կամ չեզոք երկրում հոսպիտալացման վերաբերմամբ սույն Կոնվենցիան գործում է այն ռազմագերիների նկատմամբ, որոնք դարձել են դժբախտ պատահարների զոհեր, բացառությամբ կանխամտածված անդամախեղման դեպքերի:
ՀՈԴՎԱԾ 115
Պատիժ կրող ռազմագերիները
Հայրենադարձության կամ չեզոք երկրում հոսպիտալացման համար նախատեսված պայմանները բավարարող ոչ մի ռազմագերի, որի վրա դրված է կարգապահական տույժ, չի կարող կալանված պահվել այն հիման վրա, որ նա դեռ չի կրել իր պատիժը:
Այն ռազմագերիները, որոնք գտնվում են հետաքննության տակ կամ դատարանով դատապարտված են, և որոնք նախատեսվում են հայրենադարձության կամ չեզոք գոտում հոսպիտալացման համար, գերության մեջ պահող տերության համապատասխան համաձայնության դեպքում կարող են հայրենադարձվել կամ հոսպիտալացվել` մինչև դատավարության կամ նրանց կողմից պատիժը կրելու ավարտը:
Ընդհարման մեջ գտնվող կողմերը միմյանց կհաղորդեն մինչև դատավարության ավարտը կամ պատժի կրումը պահվող անձանց ազգանունները:
ՀՈԴՎԱԾ 116
Հայրենադարձության ծախսերը
Ռազմագերիների հայրենադարձության կամ չեզոք երկիր նրանց փոխադրման ծախսերը, սկսած գերության մեջ պահող տերության սահմանից, կրում է այն տերությունը, որին պատկանում են ռազմագերիները:
ՀՈԴՎԱԾ 117
Գործունեությունը հայրենադարձվելուց հետո
Ոչ մի հայրենադարձված չի կարող ներգրավվել իսկական զինվորական ծառայության մեջ:
Բաժին 2
Ռազմագերիների ազատումը և հայրենադարձությունը ռազմական գործողությունների ավարտից հետո
ՀՈԴՎԱԾ 118
Ազատ արձակումը և հայրենադարձությունը
Ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո:
Ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով ընդհարման մեջ գտնվող կողմերի միջև կնքված համաձայնագրի մեջ այդ հարցի վերաբերյալ դրույթների բացակայության, կամ այդպիսի համաձայնության բացակայության դեպքում, նախորդ պարբերության մեջ շարադրված սկզբունքի համաձայն գերության մեջ պահող տերություններից յուրաքանչյուրը կկազմի և անհապաղ կիրականացնի հայրենադարձման պլան:
Երկու դեպքում էլ ձեռնարկված միջոցառումների մասին կհայտնվի ռազմագերիներին:
Բոլոր դեպքերում ռազմագերիների հայրենադարձության ծախսերը արդարացիորեն կբաշխվեն գերության մեջ պահող տերության և այն տերության միջև, որին պատկանում են ռազմագերիները: Այդ նպատակով բաշխումը կատարելիս կպահպանվեն հետևյալ սկզբունքները.
ա) եթե այդ երկու տերությունները սահմանակից են, ապա այն տերության վրա, որին պատկանում են ռազմագերիները, կդրվեն ռազմագերիների հայրենադարձության ծախսերը` սկսած գերության մեջ պահող տերության սահմանից,
բ) եթե այդ երկու տերությունները սահմանակից չեն, ապա գերության մեջ պահող տերության վրա կդրվեն նրա տարածքում մինչև սահմանը կամ մինչև այն տերության տարածքին ամենամերձակա նավահանգիստը ռազմագերիների փոխադրման ծախսերը, որին պատկանում են վերջիններս: Հայրենադարձության հետ կապված մնացյալ ծախսերի վերաբերմամբ շահագրգիռ կողմերը կպայմանավորվեն միմյանց միջև արդարացի բաշխման մասին: Նման համաձայնագրի կնքումը ոչ մի դեպքում չի կարող ծառայել որպես արդարացում` ռազմագերիների հայրենադարձության որևէ ուշացման համար:
ՀՈԴՎԱԾ 119
Հայրենադարձությանն առնչվող հանգամանքներ
Հայրենադարձությունը կանցկացվի ռազմագերիների տեղափոխման համար սույն Կոնվենցիայի 46-48 հոդվածներում սահմանված պայմաններին համանման և 118 հոդվածի և ներքոհիշյալ պարբերությունների դրույթների հաշվառմամբ:
Հայրենադարձվելիս, 18 հոդվածին համապատասխան` ռազմագերիներից վերցված արժեքավոր իրերը և արտարժույթով այն դրամական գումարները, որոնք չեն փոխարկվել գերության մեջ պահող տերության տարադրամով, կվերադարձվեն նրանց: Արժեքավոր իրերը և արտարժույթով դրամական գումարները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն վերադարձվել ռազմագերիներին նրանց հայրենադարձության ժամանակ, կհանձնվեն 122 հոդվածում նախատեսված տեղեկատու բյուրո:
Ռազմագերիներին կթույլատրվի իրենց հետ վերցնել անձնական իրերը, նամակագրությունը և իրենց հասցեով ստացված ծանրոցները. այդ իրերի քաշը, եթե հայրենադարձության հանգամանքները պահանջում են, կարող է սահմանափակվել մինչև այն չափերը, որ ռազմագերին կարող է նորմալ տանել, ամեն դեպքում, յուրաքանչյուր ռազմագերու կթույլատրվի իր հետ վերցնել ոչ պակաս, քան 25 կիլոգրամ:
Հայրենադարձվող ռազմագերու մյուս անձնական իրերը կթողնվեն ի պահ գերության մեջ պահող տերության. այդ տերությունը դրանք կուղարկի նրան, հենց որ այն տերության հետ, որին ռազմագերիները պատկանում են, կնքի համաձայնագիր, որը սահմանի փոխադրման պայմանները և դրա հետ կապված ծախսերի վճարը:
Ռազմագերիները, որոնց դեմ քրեական հանցագործությունների համար, քրեական հետաքննություն է հարուցված, կարող են պահվել մինչև գործի քննության ավարտը կամ համապատասխան դեպքերում` մինչև իրենց պատիժը կրելը: Այդ նույն դրույթը կիրառվում է և այն ռազմագերիների վերաբերմամբ, որոնք դատապարտված են քրեական հանցագործությունների համար:
Ընդհարման մեջ գտնվող կողմերը միմյանց կհայտնեն այն անձանց ազգանունները, որոնք կպահվեն մինչև դատավարության ավարտը կամ իրենց պատժի կրումը:
Երկրով մեկ ցրված ռազմագերիների որոնման և հնարավորին չափ արագ նրանց հայրենադարձության ապահովման նպատակով ընդհարման մեջ գտնվող կողմերը կպայմանավորվեն հանձնաժողով ստեղծելու մասին:
Բաժին 3
Ռազմագերիների մահը
ՀՈԴՎԱԾ 120
Կտակները, մահվան ակտերը, թաղումը, դիակիզումը
Ռազմագերիների կտակները կկազմվեն այնպես, որպեսզի դրանք համապատասխանեն վավերական լինելու այն պայմաններին, որոնք պահանջվում են նրանց հայրենիքի օրենսդրությամբ, որը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` գերության մեջ պահող տերությանն այդ պայմաններին տեղյակ պահելու համար: Ռազմագերիների խնդրանքով և բոլոր դեպքերում` նրանց մահից հետո, կտակներն առանց ուշացվելու կուղարկվեն հովանավոր տերությանը, իսկ հաստատված պատճենները` կենտրոնական տեղեկատու գործակալություն:
Մահվան մասին սույն Կոնվենցիային կից նմուշի համաձայն կազմված ակտերը կամ գերության մեջ մահացած բոլոր անձանց մասին ցուցակները` հաստատված համապատասխան սպայի կողմից, որքան հնարավոր է արագորեն կհանձնվեն 122 հոդվածին համապատասխան ստեղծված ռազմագերիների գործերի տեղեկատու բյուրո: Մահվան ակտերում կամ հաստատված ցուցակներում պետք է բովանդակվեն ռազմագերու անձին վերաբերող մանրամասներ, որոնք նշված են 17 հոդվածի երրորդ պարբերության մեջ, ինչպես նաև մահվան ժամանակը և տեղը, մահվան պատճառը, թաղման ժամանակը և տեղը և գերեզմանները ճանաչելու բոլոր անհրաժեշտ տվյալները:
Ռազմագերու թաղմանը կամ այրմանը պետք է նախորդի դիակի բժշկական զննումը, որ կատարվում է մահը հաստատելու նպատակով և ակտ կազմելու համար, ինչպես նաև, եթե դա անհրաժեշտ է, մահացածի ինքնությունը հաստատելու համար:
Գերության մեջ պահող իշխանությունները պետք է ապահովեն, որպեսզի գերության մեջ վախճանված ռազմագերիները թաղվեն պատվով և, եթե հնարավոր է, այն կրոնի արարողությանը համապատասխան, որին նրանք պատկանում են, որպեսզի մահացածների գերեզմանները հարգվեն, պահվեն կարգին վիճակում և նշվեն այն ձևով, որպեսզի մշտապես հնարավոր լինի դրանք գտնել: Հնարավոր բոլոր դեպքերում միևնույն տերությանը պատկանող մահացած ռազմագերիները պետք է հողին հանձնվեն միևնույն տեղում:
Մահացած ռազմագերիների թաղումը պետք է կատարվի առանձին գերեզմաններում, բացառությամբ այն դեպքերի, երբ անխուսափելի հանգամանքներն ստիպում են նրանց թաղել եղբայրական գերեզմանում: Դիակների այրումը կարող է կատարվել միայն հիգիենայի անխուսափելի նկատառումներով կամ մահացածի կրոնի բերումով, կամ նրա կողմից որոշակիորեն արտահայտված ցանկության հիման վրա: Եթե կատարվի այրում, ապա մահվան մասին վկայականի մեջ պետք է նշվի այրման փաստի և դրա պատճառների մասին:
Որպեսզի մշտապես կարելի լինի գտնել գերեզմանները, թաղման և գերեզմանների մասին տվյալները պետք է գրանցվեն գերեզմանների ծառայության կողմից, որն ստեղծում է գերության մեջ պահող տերությունը: Գերեզմանների ցուցակները և գերեզմանատներում ու այլ տեղերում թաղված ռազմագերիների մասին տվյալները կհաղորդվեն այն տերությանը, որին պատկանել են այդ ռազմագերիները: Այդ գերեզմանների խնամքի և դիակների հետագա բոլոր տեղափոխությունների գրանցման պատասխանատվությունն ընկնում է այն տերության վրա, որի հսկողության տակ է տվյալ տարածքը, եթե այդ տերությունը հանդիսանում է սույն Կոնվենցիայի մասնակից: Այդ դրույթները վերաբերում են նաև մոխրին, որը գերեզմանների ծառայության կողմից կպահպանվի մինչև այն ժամանակը, երբ ռազմագերիների հայրենիքը վերջնական որոշում կկայացնի այդ առթիվ:
ՀՈԴՎԱԾ 121
Առանձնահատուկ պայմաններում սպանված կամ վիրավորված ռազմագերիները
Ռազմագերու մահվան կամ ծանր վիրավորման ամեն մի դեպքի առթիվ, որոնք պատճառվել են ժամապահի կողմից կամ կասկած են հարուցում, թե պատճառվել են վերջինիս կամ ուրիշ ռազմագերու կամ ցանկացած այլ անձի կողմից, ինչպես նաև անհայտ պատճառներով մահվան բոլոր դեպքերի առթիվ գերության մեջ պահող տերությունը պետք է անմիջապես սկսի պաշտոնական հետաքննություն:
Այդ մասին անմիջապես պետք է հաղորդում տրվի հովանավոր տերությանը: Պետք է ցուցմունքներ վերցվեն վկաներից, հատկապես` ռազմագերիներից, և դրանք պարունակող հաշվետվությունը պետք է ուղարկվի հովանավոր տերությանը:
Եթե քննության հետևանքով հաստատվի մեկ կամ մի քանի անձանց մեղավորությունը, ապա գերության մեջ պահող տերությունը կձեռնարկի բոլոր միջոցները` դատի ենթարկելու մեղավորին կամ մեղավորներին:
Մաս 5
Տեղեկատու բյուրոն և ռազմագերիների օգնության ընկերությունները
ՀՈԴՎԱԾ 122
Ազգային բյուրոները
Ընդհարման հենց սկզբից և գրավման բոլոր դեպքերում ընդհարման մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը կհիմնի իր իշխանության ներքո գտնվող ռազմագերիների գործերի պաշտոնական տեղեկատու բյուրո. չեզոք և չպատերազմող տերությունները, որոնք իրենց տարածք կընդունեն 4 հոդվածում նշված կատեգորիաներից մեկն ու մեկին վերաբերող անձանց, նույն բանը կանեն այդ մարդկանց նկատմամբ: Շահագրգիռ տերությունը պետք է հետևի, որպեսզի ռազմագերիների գործերի տեղեկատու բյուրոն ունենա անհրաժեշտ շենքեր, սարքավորումներ և բյուրոյի գործունեությունն ապահովող անձնակազմ: Այդ տերությունն իրավունք կունենա այդ բյուրոյում օգտագործելու ռազմագերիներին այն պայմաններով, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայի այն բաժնում, որը վերաբերում է ռազմագերիների աշխատանքին:
Հնարավոր ամենակարճ ժամկետում ընդհարման մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրն իր տեղեկատու բյուրոյին կհաղորդի այն տեղեկությունները, որոնք թվարկված են սույն հոդվածի 4, 5 և 6 պարբերություններում` իր իշխանության տակ ընկած յուրաքանչյուր հակառակորդ այն անձի մասին, որը պատկանում է 4 հոդվածում նշված կատեգորիաներից մեկն ու մեկին: Չեզոք և չպատերազմող տերությունները նույն ձևով կվարվեն նաև իրենց տարածքում ընդունած այդ կատեգորիաների անձանց նկատմամբ:
Մի կողմից` հովանավոր տերությունների, և մյուս կողմից` 123 հոդվածով նախատեսված կենտրոնական գործակալության միջնորդությամբ, բյուրոն անմիջապես ամենաարագ եղանակով այդ տեղեկությունները կուղարկի շահագրգիռ տերություններին:
Այդ տեղեկությունները հնարավորություն կտան շտապ կարգով տեղեկացնել շահագրգիռ ընտանիքներին: Դրանցում յուրաքանչյուր ռազմագերու վերաբերյալ, 17 հոդվածի դրույթների պահպանմամբ, պետք է նշվեն նրա ազգանունը, անունը, կոչումը, անձնական համարը, ծննդյան տեղը և ճշգրիտ տարեթիվը, այն տերությունը, որին նա պատկանում է, հոր անունը և մոր աղջկական ազգանունը, այն անձի ազգանունը և հասցեն, որին պետք է տեղեկացվի, ինչպես նաև այն հասցեն, որով կարելի է գերյալին նամակ ուղարկել, եթե այդ տեղեկությունները կան տեղեկատու բյուրոյի տրամադրության տակ:
Տեղեկատու բյուրոն համապատասխան իրավասու մարմիններից տեղեկություններ կստանա տեղափոխման, ազատման, հայրենադարձման, փախուստների, հոսպիտալացման, մահվան բոլոր դեպքերի մասին և, սույն հոդվածի 3 պարբերության մեջ նախատեսված կարգով դրանք կհաղորդի:
Նաև կանոնավոր, եթե հնարավոր է` ամեն շաբաթ, տեղեկություններ կհաղորդվեն ծանր վիրավորված կամ հիվանդ ռազմագերիների առողջական վիճակի մասին:
Տեղեկատու բյուրոն պարտավոր կլինի նաև պատասխանել իրեն ուղարկվող այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են ռազմագերիներին, ներառյալ նաև նրանց, ովքեր մահացել են գերության մեջ, ինչպես նաև կատարել հարցումներ, որոնք անհրաժեշտ են պահանջվող տեղեկությունների ստացման համար, որոնք բյուրոն չունի:
Բոլոր գրավոր հաղորդումները, որոնք ելնում են բյուրոյից, հաստատվում են ստորագրությամբ և կնիքով:
Դրանից բացի, տեղեկատու բյուրոն պարտավոր է հավաքել և շահագրգիռ տերություններին հանձնել բոլոր արժեքավոր անձնական իրերը, ներառյալ` ցանկացած տարադրամով դրամական գումարները, բացի գերության մեջ պահող տերության տարադրամի, ինչպես նաև այն փաստաթղթերը, որոնք հետաքրքրություն են ներկայացնում մերձավոր հարազատների համար, որոնք ռազմագերիների կողմից մնացել են նրանց հայրենադարձության, ազատման, փախուստի կամ մահվան ժամանակ: Այդ իրերն ուղարկվում են բյուրոյի կողմից կնքված ծրարի մեջ` կցված փաստաթղթերով, որում պարզորոշ կնշվեն մանրամասն տվյալներ այդ իրերի անվանման մասին, ինչպես նաև ծրարում բովանդակված առարկաների ցուցակը: Այդպիսի ռազմագերիների մյուս անձնական իրերը կհանձնվեն ընդհարման մեջ գտնվող շահագրգիռ կողմերի միջև կնքված համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ 123
Կենտրոնական գործակալությունը
Ռազմագերիների գործերի կենտրոնական տեղեկատու գործակալություն կհիմնվի չեզոք երկրում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, եթե անհրաժեշտ համարի, շահագրգիռ տերություններին կառաջարկի կազմակերպել նման գործակալություն:
Այդ գործակալության վրա կդրվի ռազմագերիներին վերաբերող բոլոր այն տեղեկությունների կենտրոնացումը, որոնք նա կարող է ստանալ պաշտոնական կամ մասնավոր ճանապարհով: Գործակալությունը պետք է դրանք հնարավորին չափ արագ հաղորդի ռազմագերիների հայրենիք կամ այն տերությանը, որին նրանք պատկանում են: Ընդհարման մեջ գտնվող կողմերը գործակալությանը կտրամադրեն նշված տեղեկությունների հանձնումն իրականացնելու բոլոր հնարավորությունները:
Բարձր պայմանավորվող կողմերին և, մասնավորապես, նրանց, որոնց քաղաքացիներն օգտվում են կենտրոնական գործակալության ծառայություններից, կոչ է արվում ֆինանսական օգնություն ցույց տալ վերջինիս, որի կարիքը նա կզգա:
Այս դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և 125 հոդվածում հիշատակված օգնության ընկերությունների մարդասիրական գործունեությունը սահմանափակող դրույթներ:
ՀՈԴՎԱԾ 124
Փոստային գանձումներից ազատումը
Ազգային տեղեկատու բյուրոները և կենտրոնական տեղեկատու բյուրոն ազատվում են փոստային գանձումների վճարից և օգտվում են 74 հոդվածով նախատեսված բոլոր արտոնություններից. նրանց նաև, առավելագույն հնարավորության սահմաններում, տրվում է հեռագրից անվճար կամ, համենայն դեպս, խիստ նվազեցված սակագնով օգտվելու իրավունք:
ՀՈԴՎԱԾ 125
Օգնության ընկերությունները և այլ կազմակերպությունները
Բացի այն դեպքերից, երբ գերության մեջ պահող տերությունները միջոցներ կկիրառեն, որոնք անհրաժեշտ կհամարեն իրենց անվտանգության ապահովման կամ այն բանի համար, որպեսզի բավարարեն իրենց այլ բանական պահանջները, նրանք լավագույն ձևով կընդունեն կրոնական կազմակերպություններին, օգնության ընկերություններին կամ ռազմագերիներին օգնություն ցույց տվող այլ կազմակերպություններին: Նրանք` վերջիններիս, ինչպես նաև նրանց` պատշաճ ձևով հավատարմագրված լիազորների համար կապահովեն բոլոր անհրաժեշտ հնարավորությունները` ռազմագերիներին այցելելու, օգնության ծանրոցները և ցանկացած ծագման կրոնական և դաստիարակչական նպատակների, ինչպես նաև զվարճությունների համար նախատեսված նյութերը նրանց միջև բաշխելու համար, որպեսզի օգնություն ցույց տրվի ռազմագերիներին` ճամբարների ներսում իրենց ժամանցը կազմակերպելու համար: Վերը նշված ընկերությունները կամ կազմակերպությունները կարող են հիմնադրվել կամ գերության մեջ պահող տերության տարածքում, կամ այլ երկրում, կամ էլ դրանք կարող են ունենալ միջազգային բնույթ:
Գերության մեջ պահող տերությունը կարող է սահմանափակել ընկերությունների և կազմակերպությունների թիվը, որոնց ներկայացուցիչներին նա թույլ կտա աշխատել իր տարածքում և իր վերահսկողության ներքո, պայմանով, սակայն, որ նման սահմանափակումը չի խանգարի արդյունավետ և բավարար օգնություն տրամադրել բոլոր ռազմագերիներին:
Այդ բնագավառում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հատուկ դրությունը պետք է մշտապես ճանաչվի և հարգվի:
Վերը նշված նպատակներով ռազմագերիներին ծանրոցներ կամ նյութեր հանձնելու պահին, կամ, համենայն դեպս, կարճ ժամկետում, օգնության ընկերությանը կամ առաքող կազմակերպությանը կուղարկվեն ռազմագերիների վստահված անձի կողմից ստորագրված առանձին ստացականներ` ամեն մի ծանրոցի համար: Միաժամանակ, այդ բեռներին վերաբերող ստացականներ կներկայացվեն այն վարչական իշխանությունների կողմից, որոնց տրամադրության տակ են գտնվում գերիները:
Մաս 6
Կոնվենցիայի կատարումը
Բաժին 1
Ընդհանուր դրույթներ
ՀՈԴՎԱԾ 126
Վերահսկողությունը
Հովանավոր տերությունների ներկայացուցիչներին կամ պատվիրակներին կթույլատրվի այցելել բոլոր այն վայրերը, որտեղ գտնվում են ռազմագերիներ, մասնավորապես` ներկալման, կալանման և աշխատանքի վայրերը, և նրանք մուտք կունենան ռազմագերիների կողմից օգտագործվող բոլոր շենքերը: Նրանց նաև կթույլատրվի այցելել մի տեղից մեկ այլ տեղ տեղափոխվող գերիների փոխադրման, տարանցիկ ուղևորման կամ ժամանման վայրերը: Առանց վկաների, նրանք կարող են զրուցել գերիների և, մասնավորապես, նրանց վստահված անձանց հետ, եթե անհրաժեշտ է` թարգմանչի օգնությամբ:
Հովանավոր տերությունների ներկայացուցիչներին և պատվիրակներին կտրամադրվի այն վայրերն ընտրելու լրիվ ազատություն, որ նրանք կցանկանան այցելել. այդ այցելությունների տևողությունը և քանակը չեն սահմանափակվի: Դրանք կարող են արգելվել միայն պարտադիր ռազմական անհրաժեշտության բերումով և միայն որպես բացառություն և ժամանակավորապես:
Գերության մեջ պահող տերությունը և այն տերությունը, որին պատկանում են ռազմագերիները, որոնց ցանկանում են այցելել, կարող են համապատասխան դեպքերում պայմանավորվել այդ գերիների հայրենակիցներին թույլ տալ մասնակցելու այդ այցելություններին:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օգտվում են նույնպիսի իրավունքներից: Այդ ներկայացուցիչների նշանակումը կախված է այն տերության համաձայնությունից, որի իշխանության տակ են գտնվում այն ռազմագերիները, որոնց ցանկանում են այցելել:
ՀՈԴՎԱԾ 127
Կոնվենցիայի տարածումը
Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ հնարավորին չափ լայնորեն տարածել սույն Կոնվենցիայի տեքստն իրենց երկրներում և, մասնավորապես, դրա ուսումնասիրումը մտցնել ռազմական և, եթե հնարավոր է, քաղաքացիական կրթության ուսումնական ծրագրերի մեջ, որպեսզի Կոնվենցիայի սկզբունքներին ծանոթանան ընդհանուր առմամբ նրանց զինված ուժերը և բնակչությունը:
Զինվորական կամ այլ իշխանությունները, որոնք պատերազմի ժամանակ պատասխանատվություն են կրում ռազմագերիների համար, պետք է ձեռքի տակ ունենան Կոնվենցիայի տեքստը և հատուկ ծանոթանան դրա դրույթներին:
ՀՈԴՎԱԾ 128
Թարգմանությունները: Կիրառման մասին օրենքները
Բարձր պայմանավորվող կողմերը Շվեյցարիայի Դաշնային խորհրդի միջնորդությամբ, իսկ պատերազմական գործողությունների ժամանակ` հովանավոր տերությունների միջոցով, միմյանց կհանձնեն սույն Կոնվենցիայի թարգմանությունների պաշտոնական տեքստերը, ինչպես նաև այն օրենքները և որոշումները, որոնք Կոնվենցիայի կիրառման նպատակով նրանք կարող են ընդունել:
ՀՈԴՎԱԾ 129
Քրեական պատիժները: I. Ընդհանուր դրույթներ
Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են գործողության մեջ դնել օրենսդրություն, որն անհրաժեշտ է այն անձանց քրեական արդյունավետ պատիժների ապահովման համար, որոնք կատարել կամ հրամայել են կատարել սույն Կոնվենցիայի` հաջորդ հոդվածում նշված այս կամ այն լուրջ խախտումները:
Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ պարտավորվում է որոնել այն անձանց, ովքեր մեղադրվում են նրանում, որ կատարել կամ հրամայել են կատարել հիշատակված լուրջ խախտումներից որևէ մեկը, և, ինչպիսին էլ լինի նրանց քաղաքացիությունը, նրանց հանձնել իր դատարանին: Նա նաև կարող է, եթե ցանկանա, և իր օրենսդրության դրույթներին համապատասխան, դատելու համար նրանց հանձնել մեկ այլ շահագրգիռ պայմանավորվող կողմի այն դեպքում, եթե այդ պայմանավորվող կողմն այդ անձանց մեղադրելու համար հիմք հանդիսացող բավարար ապացույցներ ունի:
Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ, բացի հաջորդ հոդվածում թվարկված լուրջ խախտումներից, կձեռնարկի միջոցներ, որոնք անհրաժեշտ են կասեցնելու համար սույն Կոնվենցիայի դրույթներին հակասող այլ գործողությունները:
Բոլոր հանգամանքներում մեղադրվող անձինք կօգտվեն դատական պատշաճ ընթացակարգի երաշխիքներից և պաշտպանության իրավունքից, որոնք չեն կարող նվազ նպաստավոր լինել, քան այն երաշխիքները, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայի 105 և հաջորդ հոդվածներում:
ՀՈԴՎԱԾ 130
II. Լուրջ խախտումները
Նախորդ հոդվածում հիշատակված լուրջ խախտումների թվին են պատկանում այն խախտումները, որոնք կապված են ստորև նշված գործողություններից որևէ մեկի հետ, այն դեպքերում, երբ այդ գործողություններն ուղղված են սույն կոնվենցիայի հովանավորությունից օգտվող անձանց կամ գույքի դեմ` կանխամտածված սպանությունը, խոշտանգումը կամ անմարդկային վարվելակերպը, ներառյալ կենսաբանական փորձերը, կանխամտածված կերպով ծանր տառապանք կամ լուրջ խեղում պատճառելը, առողջությանը վնաս հասցնելը, ռազմագերուն ստիպելը ծառայելու հակառակորդ տերության զինված ուժերում կամ նրան զրկելը անաչառ և նորմալ դատավարության իրավունքից, որը նախատեսվում է սույն Կոնվենցիայով:
ՀՈԴՎԱԾ 131
III. Պայմանավորվող կողմերի պատասխանատվությունը
Ոչ մի պայմանավորվող կողմի չի թույլատրվի իրեն կամ որևէ այլ պայմանավորվող կողմի ազատել այն պատասխանատվությունից, որը նրա կամ մեկ այլ պայմանավորվող կողմի վրա է դրվում նախորդ հոդվածով նախատեսված խախտումների կապակցությամբ:
ՀՈԴՎԱԾ 132
Հետաքննության ընթացակարգը
Ընդհարման մեջ գտնվող կողմերից մեկի խնդրանքով` Կոնվենցիայի խախտման ցանկացած պնդման մասին պետք է սկսվի հետաքննություն` շահագրգիռ կողմերի միջև սահմանման ենթակա ընթացակարգով:
Հետաքննության ընթացակարգի հարցում համաձայնության չհասնելու դեպքում կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ, ընտրում են միջնորդ դատավոր, որը որոշում է ընթացակարգի հարցը:
Խախտումը բացահայտվելուն պես, ընդհարման մեջ գտնվող կողմերը կկասեցնեն այն և միջոցներ կձեռնարկեն հնարավոր կարճ ժամկետում պատժելու դրա համար:
Բաժին 2
Եզրափակիչ դրույթներ
ՀՈԴՎԱԾ 133
Լեզուները
Սույն Կոնվենցիան կազմված է ֆրանսերեն և անգլերեն լեզուներով: Երկու տեքստերն էլ հավասարապես նույնական են:
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը կապահովի Կոնվենցիայի պաշտոնական թարգմանությունները ռուսերեն և իսպաներեն լեզուներով:
ՀՈԴՎԱԾ 134
Առնչությունը 1929 թվականի կոնվենցիայի հետ
Սույն Կոնվենցիան Բարձր պայմանավորվող կողմերի միջև հարաբերություններում իրենով փոխարինում է 1929 թվականի հուլիսի 27-ի կոնվենցիան:
ՀՈԴՎԱԾ 135
Առնչությունը Հաագայի կոնվենցիաների հետ
Ցամաքում պատերազմի օրենքների և սովորույթների մասին Հաագայի կոնվենցիայով կապված տերությունների միջև հարաբերություններում, լինի դա 1899 թվականի հուլիսի 29-ի, թե 1907 թվականի հոկտեմբերի 18-ի կոնվենցիան, որոնք հանդիսանում են սույն Կոնվենցիայի մասնակիցներ, սույն Կոնվենցիան լրացնում է վերոհիշյալ Հաագայի կոնվենցիաներին կից կանոնակարգի II գլուխը:
ՀՈԴՎԱԾ 136
Ստորագրումը
Սույն թվով թվագրված սույն Կոնվենցիան կարող է մինչև 1950 թվականի փետրվարի 12-ը ստորագրվել 1949 թվականի ապրիլի 21-ին Ժնևում բացված համաժողովին ներկայացված բոլոր տերությունների, ինչպես նաև այն տերությունների կողմից, որոնք թեև չեն ներկայացվել այդ համաժողովին, սակայն մասնակցում են 1929 թվականի հուլիսի 27-ի կոնվենցիային:
ՀՈԴՎԱԾ 137
Վավերացումը
Սույն Կոնվենցիան կվավերացվի հնարավորին չափ արագ, և վավերագրերն ի պահ կհանձնվեն Բեռնում:
Յուրաքանչյուր վավերագրի հանձնման մասին կկազմվի արձանագրություն, որի հաստատված պատճենը Շվեյցարիայի Դաշնային խորհրդի կողմից կհանձնվի այն բոլոր տերություններին, որոնց անունից կստորագրվի Կոնվենցիան կամ հայտարարություն կարվի միանալու մասին:
ՀՈԴՎԱԾ 138
ՈՒժի մեջ մտնելը
Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի վեց ամիս անց այն բանից հետո, երբ առնվազն երկու վավերագիր ի պահ կհանձնվի:
Հետագայում Կոնվենցիան յուրաքանչյուր բարձր պայմանավորվող կողմի համար ուժի մեջ կմտնի նրա վավերագիրն ի պահ տալուց վեց ամիս անց:
ՀՈԴՎԱԾ 139
Միացումը
ՈՒժի մեջ մտնելու օրից սույն Կոնվենցիան բաց կլինի դրան միանալու համար ամեն մի տերության առջև, որի անունից այս Կոնվենցիան չի ստորագրվել:
ՀՈԴՎԱԾ 140
Միանալու մասին ծանուցումը
Յուրաքանչյուր միանալու մասին գրավոր կհայտնվի Շվեյցարիայի Դաշնային խորհրդին, և միանալն ուժի մեջ կմտնի վերջինիս կողմից այդ հայտարարությունն ստանալու օրից վեց ամիս անց:
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը միանալու մասին կհաղորդի բոլոր այն տերություններին, որոնց անունից ստորագրվել է Կոնվենցիան կամ հայտարարություն է արվել միանալու մասին:
ՀՈԴՎԱԾ 141
Անմիջապես ուժի մեջ դնելը
2 և 3 հոդվածներում նախատեսված դեպքերն անմիջապես ուժի մեջ կդնեն ի պահ տրված վավերագրերը, ինչպես նաև այն միացումները, որոնց մասին հայտարարվել է ընդհարման մեջ գտնվող կողմերի կողմից մինչև ռազմական գործողությունները կամ գրավումը, կամ դրանցից հետո: Շվեյցարիայի Դաշնային խորհուրդն ամենաարագ ձևով կհաղորդի ընդհարման մեջ գտնվող կողմերի անունից ստացված վավերացումների և միանալու մասին:
ՀՈԴՎԱԾ 142
Չեղյալ հայտարարելը
Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան:
Չեղյալ հայտարարելու մասին պետք է գրավոր հայտնվի Շվեյցարիայի Դաշնային խորհրդին, որն այդ մասին կհաղորդի բարձր պայմանավորվող բոլոր կողմերի կառավարություններին:
Չեղյալ հայտարարելն ուժի մեջ կմտնի Շվեյցարիայի Դաշնային խորհրդին արված հայտարարությունից միայն մեկ տարի անց: Սակայն չեղյալ լինելը, որի մասին հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ չեղյալ հայտարարող տերությունը մասնակցելիս է եղել ընդհարմանը, ուժ չի ունենա մինչև հաշտություն կնքելը և, համենայն դեպս, մինչև այն ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել սույն Կոնվենցիայի հովանավորությունից օգտվող անձանց ազատման և հայրենադարձության գործողությունները:
Չեղյալ հայտարարվելն ուժ կունենա միայն չեղյալ հայտարարող տերության վերաբերմամբ: Այն ոչ մի կերպ չի ազդի այն պարտականությունների վրա, որոնք ընդհարման մեջ գտնվող կողմերը պարտավոր են շարունակել կատարել միջազգային իրավունքի սկզբունքներից ելնելով, քանի որ դրանք բխում են քաղաքակիրթ ժողովուրդների միջև սահմանված սովորույթներից, մարդասիրության օրենքներից և հանրային խղճի հրամայականից:
ՀՈԴՎԱԾ 143
Գրանցումը Միավորված ազգերի կազմակերպությունում
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը սույն Կոնվենցիան կգրանցի Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունում: Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությանը կհաղորդի նաև բոլոր այն վավերացումների, միացումների և չեղյալ լինելու մասին, որոնք նա կստանա սույն Կոնվենցիայի կապակցությամբ:
Ի հավաստումն սույնի` ներքոստորագրյալները, ներկայացնելով համապատասխան լիազորություններ, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Ժնևում, 1949 թվականի օգոստոսի 12-ին ֆրանսերեն և անգլերեն լեզուներով: Սույն Կոնվենցիայի բնօրինակը կպահվի Շվեյցարիայի Համադաշնության արխիվներում, իսկ Կոնվենցիայի հաստատված պատճենները Շվեյցարիայի Դաշնային խորհրդի կողմից կհանձնվեն Կոնվենցիան ստորագրած կամ դրան միացած յուրաքանչյուր պետության:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Տիպային համաձայնագիր վիրավոր և հիվանդ ռազմագերիների անմիջական
հայրենադարձության և չեզոք երկրում հոսպիտալացման մասին
(տես` հոդված 110)
1. Անմիջական հայրենադարձության կամ չեզոք երկրում հոսպիտալացման
սկզբունքները
Ա. Անմիջական հայրենադարձությունը
Անմիջական հայրենադարձության ենթակա են.
1. բոլոր ռազմագերիները, որոնք վնասվածության հետևանքով ստացել են հետևյալ խեղումները. մի վերջույթի կորուստ, կաթված, հոդերի հաշմություն և այլ հաշմություններ, պայմանով, որ դրանք իրենցից ներկայացնեն առնվազն մեկ ձեռքի կամ մեկ ոտքի կորուստ, կամ հավասարազոր լինեն մեկ ձեռքի կամ մեկ ոտքի կորստի:
Ձեռքի կամ ոտքի կորստին հավասար կարող են համարվել հետևյալ դեպքերը (սա, սակայն, չի նշանակում, թե չի կարող տրվել այդ դեպքերի առավել լայն մեկնաբանում).
ա) ձեռքի, մեկ ձեռքի բոլոր մատների կամ ցուցամատի և բութ մատի կորուստ, մեկ ոտքի կամ ոտքի բոլոր մատների և մեկ ոտքի ոտնաթաթի ոսկորների կորուստ.
բ) անկիլոզ, ոսկրային հյուսվածքի կորուստ, սպիի նեղացում, որը խախտում է մեկ ձեռքի մեծ հոդերից մեկի կամ մատների բոլոր հոդերի շարժումը.
գ) երկար ոսկորների ոլորված հոդ.
դ) խեղում, որ հանդիսանում է կոտրվածքի կամ այլ վնասվածքի հետևանք և ուղեկցվում է գործունեության կամ ծանրություն կրելու ընդունակության նվազմամբ:
2. Բոլոր վիրավոր ռազմագերիները, որոնց վիճակն ընդունել է քրոնիկական բնույթ, ընդսմին, դատելով կանխատեսումից, առողջության վերականգնման հնարավորությունը վիրավորվելու օրվանից հաշված մեկ տարվա ընթացքում, չնայած բուժմանը, հավանաբար, բացառվում է, ինչպես օրինակ, հետևյալ դեպքերում.
ա) արկի բեկորը սրտի մեջ է, եթե անգամ բժշկական խառը հանձնաժողովը չի կարողացել զննության ժամանակ հայտնաբերել ծանր խանգարումների առկայություն.
բ) մետաղե բեկորն ուղեղի կամ թոքերի մեջ է, եթե անգամ բժշկական խառը հանձնաժողովը չի կարողացել զննության ժամանակ հայտնաբերել տեղական կամ ընդհանուր ռեակցիայի առկայություն.
գ) ոսկրածուծի բորբոքում, որի բուժումը վիրավորվելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում չի կարելի ակնկալել, և որը, հավանաբար, կհանգեցնի անկիլոզի կամ ձեռքի և ոտքի կորստին հավասարազոր այլ վնասվածքների.
դ) վերքեր, որոնք ներթափանցում են հիվանդ հոդի մեջ և հարուցում դրա թարախակալումը.
ե) գանգի վնասվածք` մաշկի բջիջների կորստով կամ տեղաշարժով.
զ) դեմքի վնասվածք կամ այրվածք` հյուսվածքի կորստով և ֆունկցիաների վնասվածքներով.
է) ողնուղեղի վնասվածք.
ը) ծայրամասային նյարդերի վնասվածք, որոնց հետևանքները հավասարազոր են մեկ ձեռքի կամ ոտքի կորստի, և որի բուժումը պահանջում է մեկ տարուց ավելի ժամանակ` վիրավորվելուց հետո: Օրինակ, ուսի հյուսվածքի կամ գոտկատեղի-սրբոսկրի հյուսվածքի, միջնային կամ նստանյարդի վնասվածքը, ինչպես նաև ճաճանչանյարդի և արմունկի նյարդի զուգակցված վնասվածքը կամ մեծոլոքային նյարդի վնասվածքը` նրբոլոքային նյարդի հետ մեկտեղ: Ճաճանչոսկրային և արմնկոսկրային, նրբոլոքային և մեծոլոքային նյարդերի մեկուսացված վնասվածքի դեպքում վիրավորները ենթակա չեն հայրենադարձության, բացառությամբ կոնտրակտուրների կամ նյարդատրոֆիկ խանգարումների դեպքերի.
թ) միզային համակարգի վնասվածքը, որը լրջորեն խախտում է դրա գործունեությունը:
3. Բոլոր հիվանդ ռազմագերիները, որոնց հիվանդությունն ընդունել է քրոնիկական բնույթ, ընդսմին, դատելով բժշկական կանխատեսումից, ապաքինման հնարավորությունը` հիվանդության սկզբից հաշված մեկ տարվա ընթացքում, չնայած բուժմանը, ըստ երևույթին, բացառվում է, ինչպես, օրինակ, հետևյալ դեպքերում.
ա) ցանկացած զարգացող պալարախտ, որը, դատելով բժշկական կանխատեսումից, չի կարող բուժվել կամ, համենայն դեպս, զգալի բարելավման հասնել` չեզոք երկրում բուժելիս.
բ) թոքամիզի արտածորական բորբոքում.
գ) շնչառական օրգանների ոչ պալարախտային բնույթի լուրջ հիվանդություններ, որոնք համարվում են անբուժելի, ինչպես, օրինակ, թոքերի ծանր էնֆիզեման (բրոնխիտով կամ առանց դրա), քրոնիկական ասթման *), քրոնիկական բրոնխիտը *), որը գերության մեջ գտնվելու ժամանակ շարունակվում է մեկ տարուց ավելի, բրոնխոէքտազը 1), և այլն.
______________________________
1) Բժշկական խառը հանձնաժողովի որոշումը պետք է զգալի չափով հիմնվի ճամբարային բժիշկների և ռազմագերիների հայրենակից բժիշկների տվյալների կամ գերության մեջ պահող տերության մասնագետ բժիշկների զննության վրա:
դ) արյան շրջանառության օրգանների քրոնիկական լուրջ ախտահարումները, ինչպես, օրինակ, սրտի փականների և միոկարդի ախտահարումները` դեկոմպենսացիայի նշաններով, որոնք հայտնաբերվել են գերության մեջ եղած ժամանակ, եթե անգամ բժշկական խառը հանձնաժողովը քննություն անցկացնելիս չի կարող ի հայտ բերել այդ նշաններից ոչ մեկը. պերիկարդի և անոթների ախտահարումները (Բյուրգերի հիվանդություն, խոշոր անոթների անեվրիզմներ) և այլն.
ե) մարսողական օրգանների քրոնիկական ախտահարումները, ինչպես, օրինակ, ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցը, գերության մեջ եղած ժամանակ ստամոքսի վիրահատության հետևանքները, քրոնիկական գաստրիտը, էնտերիտը կամ կոլիտը, որոնք շարունակվում են տարուց ավելի և խստորեն վատթարացնում առողջական վիճակը, լյարդի ցիռոզային բորբոքումը, քրոնիկական խոլեցիստոպատիաները և այլն.
զ) միզասեռական օրգանների ծանր ախտահարումները, օրինակ, քրոնիկական նեֆրիտը` հետագա խանգարումներով. պալարախտով հիվանդ երիկամի հեռացումը, շարունակական պիելիտը կամ ցիստիտը, հիդրո- և պիոնեֆրոզը, ծանր քրոնիկական գինեկոլոգիական հիվանդությունները, հղիության և դրա հետ կապված հիվանդագին երևույթներն այն դեպքում, եթե հնարավոր չէ հոսպիտալացումը չեզոք երկրում և այլն.
է) կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի քրոնիկական ծանր հիվանդությունները` այսպես, մասնագետի կողմից հարկ եղածին պես հայտնաբերված բացահայտ արտահայտված հոգեգարությունը և պսիխոնևրոզները, այնպիսիք, ինչպիսիք են` ծանր հիստերիան, ծանր պսիխոնևրոզը` գերության մեջ գտնվելու հողի վրա, ճամբարի բժշկի կողմից *) հարկ եղածին պես հայտնաբերված ընկնավորությունը, ուղեղի արտերիոսկլերոզը, տարուց ավելի շարունակվող քրոնիկական նևրիտը և այլն.
ը) վեգետատիվ նյարդային համակարգի ծանր քրոնիկական հիվանդությունները, որոնք ուղեկցվում են ֆիզիկական և մտավոր ընդունակությունների զգալի նվազեցումով` քաշի նկատելի կորստի և ընդհանուր հյուծվածության զուգակցմամբ.
թ) երկու աչքերի կուրությունը կամ մեկ աչքի կուրությունը այն դեպքում, եթե մյուս աչքի տեսողությունը չի հասնում միավորի` չնայած կարգավորող ապակիների գործածությանը, տեսողության սրության նվազումը, որ հնարավոր չէ վերականգնել մինչև 1/2 թեկուզ մեկ աչքում *), աչքի մյուս լուրջ վնասվածքները, որոնցից են` գլաուկոման, ակնածիածանի բորբոքումը, անոթավոր թաղանթի բորբոքումը, տրախոման և այլն *).
ժ) լսողության խանգարումը, ինչպես օրինակ, միակողմանի լիակատար խլությունը, եթե մյուս ականջը չի տարբերում մեկ մետր տարածությունից սովորական ձայնով արտասանված բառերը և այլն *).
ժա) նյութափոխանակության ծանր հիվանդությունները, ինչպես օրինակ, ինսուլինով բուժում պահանջող շաքարախտը և այլն.
ժբ) ներքին արտազատման գեղձերի ծանր հիվանդությունները, ինչպես, օրինակ, տիրեոտոքսիկոզը, հիպոտիրեոզը, Ադիսոնի հիվանդությունը, Սիմոնդսի կախեքսիան, տետանիան և այլն.
ժգ) արյունաստեղծ օրգանների ծանր քրոնիկական հիվանդությունները.
ժդ) քրոնիկական ծանր թունավորումները, արճճային թունավորումը, թունավորումը սնդիկից, մորֆինիզմը, կոկաինիզմը, ալկոհոլիզմը, թունավորումը գազերից կամ տարբեր ճառագայթների գործողության հետևանքով և այլն.
ժե) շարժիչ օրգանների քրոնիկական խանգարումները` ֆունկցիոնալ ակնհայտ խանգարումներով, օրինակ, ձևախեղող արտրոզները, զարգացող առաջնային և երկրորդային քրոնիկ պոլիարտրիտները, ռևմատիզմը` կլինիկական ծանր երևույթներով և այլն.
ժզ) մաշկի քրոնիկական ծանր հիվանդությունները, որոնք բուժման չեն ենթարկվում.
ժէ) բոլոր չարորակ նորագոյացումները.
ժը) քրոնիկական ինֆեկցիոն ծանր հիվանդությունները, որոնք հիվանդության սկզբից հաշված` տևում են մեկ տարի, ինչպես օրինակ, մալարիան` պարզորոշ արտահայտված օրգանական փոփոխություններով, ամեոբային կամ բացիլային դիզենտերիան` լուրջ խանգարումներով, երրորդ կարգի վիսցերալային սիֆիլիսը, որ ենթակա չէ բուժման, բորոտությունը և այլն.
ժթ) ծանր ավիտամինոզները և հյուծվածությունը.
Բ. Հոսպիտալացումը չեզոք երկրում
Չեզոք երկրում հոսպիտալացման համար կներկայացվեն`
1. Բոլոր այն վիրավոր ռազմագերիները, որոնք անբուժելի են գերության մեջ, բայց որոնք կարող են ապաքինվել, կամ որոնց վիճակը կարող է լրջորեն բարելավվել չեզոք երկրում հոսպիտալացվելիս:
2. Այն ռազմագերիները, որոնք տառապում են տուբերկուլյոզի ցանկացած ձևով, որն էլ լինի վնասված օրգանը, և որի բուժումը չեզոք երկրում, ամենայն հավանականությամբ, կհասցնի լրիվ ապաքինման կամ գոնե զգալի բարելավման, բացառությամբ առաջին կարգի տուբերկուլյոզի, որը բուժվել է մինչև գերի վերցվելը:
3. Այն ռազմագերիները, որոնք տառապում են շնչառական, արյան շրջանառության, մարսողության, նյարդային, զգայական, միզասեռական, մաշկային համակարգի, շարժողական օրգանների և այլնի` բուժում պահանջող ցանկացած հիվանդությամբ, որոնց բուժումը բացահայտորեն ավելի լավ արդյունք կտա չեզոք երկրում, քան գերության մեջ:
4. Այն ռազմագերիները, որոնք գերության մեջ կրել են երիկամի հեռացման վիրահատություն` ոչ տուբերկուլյոզային բնույթի վնասվածքի հետևանքով, տառապում են բուժման փուլում կամ թաքուն վիճակում գտնվող օստեոմիելիտով, ինսուլինով բուժում չպահանջող շաքարախտով և այլն:
5. Այն ռազմագերիները, որոնք տառապում են պատերազմի կամ գերության հարուցած նևրոզներով:
Գերության հարուցած նևրոզով տառապող հիվանդները, որոնք չեզոք երկրում հոսպիտալացվելուց երեք ամիս հետո չեն առողջացել կամ բացահայտորեն չեն գտնվում ապաքինման ճանապարհին, այդ ժամկետը լրանալիս պետք է հայրենադարձվեն:
6. Քրոնիկական թունավորումով (գազերից, մետաղներից, ալկալոիդներից և այլն) տառապող բոլոր ռազմագերիները, որոնց վերաբերմամբ ապաքինման հեռանկարը չեզոք երկրում հատկապես նպաստավոր է:
7. Բոլոր հղի ռազմագերի կանայք, կրծքի երեխա և փոքր երեխա ունեցող մայրերը:
Չեզոք երկրում հոսպիտալացվելուց դուրս են մնում`
1. Փսիխոզների` հարկ եղած ձևով հաստատված դեպքերը:
2. Նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ հիվանդությունների այն դեպքերը, որոնք անբուժելի են ճանաչվել:
3. Վարակիչ հիվանդությունների բոլոր դեպքերը` այն ժամանակաշրջանում, երբ դրանք վարակիչ են, բացառությամբ տուբերկուլյոզի:
2. Ընդհանուր նկատառումներ
1. Բոլոր վերոհիշյալ պայմանները պետք է առհասարակ մեկնաբանվեն և կիրառվեն դրանց ամենալայն ըմբռնման իմաստով:
Մոտեցումն այդպիսին պետք է լինի հատկապես պատերազմի կամ գերության մեջ գտնվելու հետևանքով առաջացած նևրոպատիայի կամ պսիխոպատիայի վիճակների նկատմամբ, ինչպես նաև բոլոր աստիճանների տուբերկուլյոզի դեպքում: Այն ռազմագերիների նկատմամբ, որոնք ստացել են բազմաթիվ վերքեր, որոնցից, առանձին վերցրած, ոչ մեկը չի կարող հիմք ծառայել հայրենադարձության համար, պետք է կիրառվի նույն սկզբունքը` ուշադրության առնելով հոգեկան այն ցնցումները, որոնց հանգեցնում է վերքերի մեծ քանակը:
2. Բոլոր այն անվիճելի դեպքերը, որոնք անմիջական հայրենադարձության իրավունք են տալիս, ինչպես անդամահատությունն է, լրիվ կուրացումը և խլությունը, բաց թոքախտը, հոգեկան հիվանդությունը, չարորակ նորագոյացումները և այլն, քննության և ըստ հնարավորին հայրենադարձության նշանակման են ենթակա ճամբարի բժիշկների կամ գերության մեջ պահող տերության նշանակած զինվորական բժշկական հանձնաժողովների կողմից:
3. Մինչև պատերազմն ստացած վերքերը և հիվանդությունները, որոնց վիճակը չի վատթարացել, ինչպես նաև պատերազմի ժամանակ ստացած վերքերը, որոնք չեն խանգարել վերադառնալու զինվորական ծառայության, անմիջական հայրենադարձության իրավունք չեն տալիս:
4. Ընդհարման մեջ գտնվող բոլոր պետությունները սույն դրույթները կմեկնաբանեն և կկիրառեն միատեսակ: Շահագրգիռ տերությունները և իշխանությունները խառը բժշկական հանձնաժողովներին կտրամադրեն իրենց խնդիրները կատարելու համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները:
5. 1-ին թվի տակ նշված օրինակները հանդիսանում են միայն տիպային օրինակներ: Այն դեպքերը, որոնք ոչ լրիվ են համապատասխանում այդ դրույթներին, պետք է քննության առնվեն սույն Կոնվենցիայի 110 հոդվածի դրույթների և սույն համաձայնագրի սկզբունքների ոգով:
ՀԱՎԵԼՎԱԾ 2
Բժշկական խառը հանձնաժողովների մասին կանոնակարգ
(տես` հոդված 112)
ՀՈԴՎԱԾ 1
Կոնվենցիայի 112 հոդվածով նախատեսված բժշկական խառը հանձնաժողովները կկազմվեն երեք անդամներից, որոնցից երկուսը պետք է լինեն չեզոք երկրի քաղաքացիներ, իսկ երրորդը նշանակվի գերության մեջ պահող տերության կողմից: Հանձնաժողովում կնախագահի չեզոք անդամներից մեկը:
ՀՈԴՎԱԾ 2
Երկու չեզոք անդամները նշանակվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից` հովանավոր տերության հետ համաձայնեցված և գերության մեջ պահող տերության խնդրանքով: Նրանք կարող են բնակվել ինչպես իրենց հայրենիքում, այնպես էլ ուրիշ չեզոք երկրում կամ գերության մեջ պահող տերության տարածքում:
ՀՈԴՎԱԾ 3
Չեզոք անդամների թեկնածությունները պետք է արժանանան ընդհարման մեջ գտնվող շահագրգիռ կողմերի հավանությանը, որոնք իրենց համաձայնության մասին կհաղորդեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և հովանավոր տերությանը: Ծանուցման պահից այդ անձինք համարվում են հանձնաժողովի հիրավի նշանակված անդամներ:
ՀՈԴՎԱԾ 4
Կնշանակվեն նաև բավարար թվով փոխարինող անդամներ` անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի իսկական անդամներին փոխարինելու համար: Այդ նշանակումը կատարվում է իսկական անդամների նշանակման հետ միաժամանակ կամ դրանից հետո հնարավոր ամենակարճ ժամկետում:
ՀՈԴՎԱԾ 5
Եթե ինչ-ինչ պատճառներով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չկարողանա նշանակել չեզոք անդամներ, ապա նրանց նշանակումը կատարվում է հովանավոր տերության կողմից:
ՀՈԴՎԱԾ 6
Հնարավորության սահմաններում չեզոք անդամներից մեկը պետք է լինի վիրաբույժ, իսկ մյուսը` թերապևտ:
ՀՈԴՎԱԾ 7
Չեզոք անդամները պետք է լիովին անկախ լինեն ընդհարման մեջ գտնվող կողմերից, որոնք պարտավոր են նրանց տրամադրել բոլոր հնարավորությունները` իրենց առաքելությունը կատարելու համար:
ՀՈԴՎԱԾ 8
Գերության մեջ պահող տերության հետ համաձայնեցնելով` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ըստ սույն կանոնակարգի 2 և 4 հոդվածների, նշանակումները կատարելիս պետք է սահմանի հիշյալ անձանց ծառայության պայմանները:
ՀՈԴՎԱԾ 9
Չեզոք անդամներին հավանություն տալուց անմիջապես հետո բժշկական հանձնաժողովը պետք է հնարավորին չափ արագորեն սկսի իր աշխատանքը, համենայն դեպս, ոչ ավելի ուշ, քան այդ հավանությունից երեք ամիս անց:
ՀՈԴՎԱԾ 10
Բժշկական խառը հանձնաժողովները կկատարեն Կոնվենցիայի 113 հոդվածում հիշատակված բոլոր գերիների քննությունը, և հայրենադարձության, հայրենադարձվողների թվից բացառելու մասին կամ որոշումը մինչև մյուս քննությունը հետաձգելու մասին առաջարկություններ կներկայացնեն: Որոշումները կընդունվեն ձայների մեծամասնությամբ:
ՀՈԴՎԱԾ 11
Քննությանը հաջորդող ամսվա ընթացքում յուրաքանչյուր առանձին դեպքում հանձնաժողովի կողմից ընդունված որոշման մասին պետք է հաղորդվի գերության մեջ պահող տերությանը, հովանավոր տերությանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: Իր որոշման մասին բժշկական խառը հանձնաժողովը հաղորդում է նաև քննություն անցած յուրաքանչյուր ռազմագերու և սույն Կոնվենցիային կցված նմուշին համապատասխան վկայական է տալիս նրանց, ում նա առաջարկում է հայրենադարձել:
ՀՈԴՎԱԾ 12
Պատշաճ ձևով տեղյակ պահվելուց հետո գերության մեջ պահող տերությունը պարտավոր է երեք ամսվա ընթացքում կատարել բժշկական խառը հանձնաժողովի որոշումները:
ՀՈԴՎԱԾ 13
Եթե չեզոք բժիշկ չկա այն երկրում, որտեղ անհրաժեշտ է դառնում բժշկական խառը հանձնաժողովի աշխատանքը և եթե որևէ պատճառով հնարավորություն չկա այնտեղ նշանակել այլ երկրում բնակվող` չեզոք պետությունների քաղաքացիներ հանդիսացող բժիշկների, ապա գերության մեջ պահող տերությունը, գործելով հովանավոր տերության համաձայնությամբ, ինքն է ստեղծում բժշկական հանձնաժողով, որը կկատարի այդ նույն գործառույթները, ինչ բժշկական խառը հանձնաժողովը, բայց դրա նկատմամբ չեն կիրառվի սույն հավելվածի 1, 2, 3, 4, 5, և 8 հոդվածների դրույթները:
ՀՈԴՎԱԾ 14
Բժշկական խառը հանձնաժողովները կլինեն մշտապես գործող և կայցելեն յուրաքանչյուր ճամբար որոշակի պարբերականությամբ, որը չի գերազանցի վեց ամիսը:
ՀԱՎԵԼՎԱԾ 3
Ռազմագերիների օգնության կոլեկտիվ ծանրոցներին վերաբերող կանոնները
(տես` հոդված 73)
ՀՈԴՎԱԾ 1
Վստահված անձանց կթույլատրվի իրենց տրամադրության տակ եղած օգնության կոլեկտիվ ծանրոցները բաշխել իրենց ճամբարում գրանցված բոլոր գերիներին, այդ թվում` նաև նրանց, ովքեր գտնվում են հոսպիտալներում կամ բանտերում և այլ ուղղիչ հիմնարկներում:
ՀՈԴՎԱԾ 2
Օգնության կոլեկտիվ ծանրոցների բաշխումը կկատարվի նվիրատուների ցուցումների համաձայն և վստահված անձանց կողմից մշակված պլանին համապատասխան, սակայն նախընտրելի է, որ բժշկական նյութերով ծանրոցների բաշխումը կատարվի` համաձայնեցնելով գլխավոր բժիշկների հետ. վերջիններս հոսպիտալներում և լազարեթներում կարող են շեղվել վերը նշված ցուցումներից այնչափ, որչափ թելադրում են նրանց հիվանդների պահանջմունքները: Այս ձևով սահմանված շրջանակներում այդ բաշխումը պետք է մշտապես կատարվի արդարացիորեն:
ՀՈԴՎԱԾ 3
Որպեսզի վստահված անձինք հնարավորություն ունենան ստուգել ստացված բեռների որակը և քանակը և այդ հարցի առթիվ զեկույցներ կազմեն նվիրատուների համար, նրանց կամ նրանց տեղակալներին կթույլատրվի մեկնել իրենց ճամբարին մերձակա օգնության ծանրոցների ստացման կետերը:
ՀՈԴՎԱԾ 4
Վստահված անձանց անհրաժեշտ հնարավորություններ կտրամադրվեն այն բանի համար, որպեսզի համոզվեն, որ օգնության կոլեկտիվ բեռների բաշխումն իրենց ճամբարի բոլոր ստորաբաժանումներում և մասնաճյուղերում կատարվել է իրենց ցուցումներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 5
Վստահված անձանց կթույլատրվի լրացնել նվիրատուների համար նախատեսված բլանկները և հարցաթերթիկները, որոնք վերաբերում են օգնության կոլեկտիվ բեռներին (բաշխում, պահանջարկ, քանակ և այլն), ինչպես նաև այդ բլանկները և հարցաթերթիկները հանձնարարել լրացնելու աշխատանքային խմբերի վստահված անձանց կամ լազարեթների և հոսպիտալների գլխավոր բժիշկներին: Պատշաճ կարգով լրացված այդ բլանկները և հարցաթերթիկներն առանց ուշացման կուղարկվեն նվիրատուներին:
ՀՈԴՎԱԾ 6
Իրենց ճամբարի ռազմագերիների միջև օգնության կոլեկտիվ բեռները կանոնավոր բաշխելու, ինչպես նաև այն պահանջմունքները բավարարելու համար, որոնք կարող են ծագել ռազմագերիների նոր քանակակազմեր ժամանելու կապակցությամբ, վստահված անձանց կթույլատրվի ստեղծել և պահել օգնության կոլեկտիվ բեռների բավարար պահուստ: Այդ նպատակի համար նրանք կունենան համապատասխան պահեստներ. ամեն մի պահեստ կկողպվի երկու փականքով, ընդսմին` մի փականքի բանալիները կլինեն վստահված անձի, մյուսինը` ճամբարի պետի մոտ:
ՀՈԴՎԱԾ 7
Որպես կոլեկտիվ օգնություն` հագուստ ուղարկելու դեպքում յուրաքանչյուր ռազմագերի կպահպանի, որպես իր սեփականը, հագուստի առնվազն մեկ ամբողջական լրակազմ: Եթե ռազմագերիներից որևէ մեկն ունի մեկ լրակազմից ավելի, ապա վստահված անձին կթույլատրվի առավել ապահովվածներից վերցնել ավելորդ իրերը և որոշ առարկաներ, որոնց քանակը գերազանցում է չափաբաժինը, եթե դա անհրաժեշտ է նվազ ապահովված ռազմագերիների կարիքները հոգալու համար: Վստահված անձը սպիտակեղենի, գուլպաների կամ կոշիկի երկրորդ լրակազմը, սակայն, կարող է վերցնել միայն այն դեպքում, եթե հնարավորություն չկա այդ իրերով ապահովելու այն ռազմագերուն, որը ոչինչ չունի:
ՀՈԴՎԱԾ 8
Բարձր պայմանավորվող կողմերը և, մասնավորապես, գերության մեջ պահող տերությունները կթույլատրեն, առավելագույն հնարավորության սահմաններում, սակայն բնակչության պարենային մատակարարումը կարգավորող սահմանված կարգի հաշվառմամբ, իրենց տարածքում կատարելու ցանկացած գնումներ` ռազմագերիներին օգնության կոլեկտիվ ծանրոցներ բաշխելու նպատակով. նրանք նմանապես աջակցություն ցույց կտան դրամական միջոցների փոխանցմանը և այլ ֆինանսական, տեխնիկական կամ վարչական կարգի միջոցառումներն անցկացնելիս, որոնք նպատակ ունեն իրականացնելու այդ գնումները:
ՀՈԴՎԱԾ 9
Վերը շարադրված որոշումները չպետք է խոչընդոտեն ոչ մինչև ճամբար հասնելու կամ տեղափոխման ժամանակ կոլեկտիվ ծանրոցներ ստանալու ռազմագերիների իրավունքը, ոչ էլ հովանավոր տերության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կամ ռազմագերիներին ցույց տրվող և այդ ծանրոցների հանձնման հանձնառություն ունեցող ցանկացած այլ կազմակերպության ներկայացուցիչների հնարավորությունը` ապահովելու դրանց բաշխումը ստացողների միջև` ցանկացած այլ եղանակներով, որ նրանք հարմար կգտնեն:
ՀԱՎԵԼՎԱԾ 4
Ա. Անձնական վկայականը
(տես` հոդված 4)
(այն երկրի կամ ռազմական իշխանության նշումը, որի կողմից տրված է սույն անձնական վկայականը)
ԱՆՁՆԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
այն անձի համար, որը շարժվում է զինված ուժերի ետևից
Ազգանուն -------------------------------------------------------
Անուն և հայրանուն ---------------------------------------------
Ծննդյան վայրն ու տարեթիվը --------------------------------------
Շարժվում է զինված ուժերի ետևից որպես --------------------------
________________________________________________________________
Վկայականի տիրոջ ստորագրությունը
______________ ____________________________________
________________________________
Վկայականի լրացման տարեթիվը
._________________________________________________________________________.
| Հասակը | քաշը | աչքերը | մազերը |
|___________|____________|________|_______________________________________|
|այլ նշաններ|մատնահետքը |արյան |(վկայականը տված իշխանությունների կնիքը)|
| |(պարտադիր |խումբը | |
| |չէ) | | |
|___________|____________|________|_______________________________________|
| | | |դավանանքը |
|___________|____________|________|_______________________________________|
| |(Ձախ | |Ի գիտություն |
| |ցուցամատը) | |Սույն վկայականը տրվում է այն անձանց, |
| | | |ովքեր շարժվում են զինված ուժերի ետևից` |
| |(Աջ | |անմիջականորեն չմտնելով դրանց կազմի մեջ:|
| |ցուցամատը) | |Անձը, որին տրված է վկայականը, պարտավոր |
| | | |է մշտապես այն իր մոտ ունենալ: |
| | | |Եթե վկայականի տերը գերի է ընկել, ապա նա|
| | | |ինքը վկայականը պետք է հանձնի այն |
| | | |իշխանություններին, որոնք նրան պահում |
| | | |են, որպեսզի վերջիններս կարողանան պարզել|
| | | |նրա ինքնությունը: |
._________________________________________________________________________.
Ծանոթություն. Ցանկալի է, որ այս վկայականը լրացվի երկու-երեք լեզուներով, և որ դրանցից մեկը լինի միջազգային նշանակություն ունեցող լեզու: Կետագծով ծալվող վկայականի չափերը` 13x10 սմ
ՀԱՎԵԼՎԱԾ 4
Բ. Գերության վերցնելու ծանուցում-քարտը
(տես` հոդված 70)
1. Երեսի կողմը
Ի գիտություն
.___________________________________________________________________.
|Այս քարտը պետք է յուրաքանչյուր գերու |Ռազմագերիների գործերի |
|կողմից լրացվի անմիջապես նրան |կենտրոնական գործակալություն |
|գերության վերցնելուց հետո և ամեն | |
|անգամ, երբ գերին փոխում է իր հասցեն` |Կարմիր խաչի միջազգային կոմիտե|
|նրան հոսպիտալ կամ այլ ճամբար | |
|տեղավորելու հետևանքով: | ԺՆԵՎ |
|Սույն քարտը ոչ մի առնչություն չունի | (ՇՎԵՅՑԱՐԻԱ) |
|այն հատուկ քարտի հետ, որը գերուն | |
|թույլատրվում է ուղարկել իր ընտանիքին:| |
.___________________________________________________________________.
2. Հակառակ երեսը
Գրել ընթեռնելի և մեծատառերով
1. Տերությունը, որին պատկանում է ռազմագերին
2. Ազգանունը
3. Անունը (լրիվ)
4. Հայրանունը
5. Ծննդյան տարեթիվը
6. Ծննդավայրը
7. Կոչումը __________________________________________________
8. Անձնական N-ը _____________________________________________
9. Ընտանիքի հասցեն __________________________________________
*10.Գերի է վերցվել (կամ)
Եկել է (N ճամբարից, հոսպիտալից և այլն) _____________________
*11ա) առողջ է ____________ բ) վիրավորված չէ _________________
գ) բուժվել է _____________ դ) ապաքինվում է __________________
ե) հիվանդ է ______________ զ) թեթև վնասվածք ________________
է) ծանր վնասվածք _________________
_____________________________________________________________
12. Իմ հասցեն ներկայումս. գերու համարը ______________________
13. տարեթիվ _____________ 14. ստորագրություն ________________
_____________________________________________________________
Ռազմագերու փոստը
Անվճար
Ծանոթություն. Այս քարտը պետք է կազմվի երկու կամ երեք լեզուներով, մասնավորապես, գերու մայրենի լեզվով և գերության մեջ պահող տերության լեզվով: Իրական չափերն են` 15x10,5 սմ
ՀԱՎԵԼՎԱԾ 4
Գ. Փոստային քարտ և նամակ
(տես` հոդված 71)
1. Փոստային քարտ
Երեսի կողմը
______________________________________________________________
ռազմագերիների գրագրություն անվճար
ՈՒմ __________________________
ՓՈՍՏԱՅԻՆ ՔԱՐՏ
հասցեագրման վայրը ______________
Առաքող
Ազգանուն, անուն, հայրանուն ______________________________
Ծննդյան տարեթիվն ու տեղը` փողոց ________________________
երկիր ________________________
ճամբարի նշումը _______________ մարզ _________________________
Որտեղից է ուղարկված_______________
Հակառակ երեսը
Տարեթիվը
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
գրել միայն տողերի վրա և խիստ ընթեռնելի
______________________________________________________________
Ծանոթություն. Այս քարտը պետք է կազմվի երկու կամ երեք լեզուներով, մասնավորապես, գերու մայրենի լեզվով և գերության մեջ պահող տերության լեզվով:
Քարտի իրական չափերը` 15x10 սմ:
ՀԱՎԵԼՎԱԾ 4
Գ. Փոստային քարտ և նամակ
(տես` հոդված 71)
2. Նամակ
____________________________________________________________
ռազմագերիների նամակագրություն, անվճար
ՈՒմ _________________________________________________________
_____________________________________________________________
Հասցեագրման վայրը ___________________________________________
_____________________________________________________________
Փողոց _______________________________________________________
Երկիր ________________________________________________________
Մարզ _________________________________________________________
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
_____________________________________________________________
Առաքող
Ազգանուն անուն _______________________________________________
Ծննդյան թիվը և վայրը _________________________________________
գերու N-ը _____________________________________________________
Ճամբարի նշումը _________________________________________________
Որտեղից է ուղարկված_____________________________________________
Ծանոթություն. Այս քարտը պետք է կազմվի երկու կամ երեք լեզուներով, մասնավորապես, գերու մայրենի լեզվով և գերության մեջ պահող տերության լեզվով: Այն ծալվում է ծալքի (նշված է կետագծով) գծով, վերին մասը դրվում է կտրվածքի (տրված է նշաններով) մեջ, և այս տեսքով իրենից ներկայացնում է ծրար: Հակառակ կողմը, որը գծված է որպես փոստային քարտի հակառակ կողմ (տես` հավելված 4 C 1), նախատեսվում է նամակի համար և կարող է տեղավորել մոտավորապես 250 բառ. նամակի իրական չափերը (բացված վիճակում)` 29x15 սմ:
ՀԱՎԵԼՎԱԾ 4
Դ. Ծանուցում մահվան մասին
(տես` հոդված 120)
(համապատասխան իշխանությունների նշումը)
Ծանուցում մահվան մասին
Տերությունը, որին պատկանում էր գերին _____________________________
Ազգանունը և անունը .......................
Հայրանունը ................................
Ծննդավայրը և տարեթիվը ....................
Մահվան տեղը և տարեթիվը ...................
Կոչումը և անձնական համարը ................
Ընտանիքի հասցեն............................
Որտեղ և երբ է վերցվել գերի................
Մահվան պատճառները և հանգամանքները.........
Թաղման վայրը ..............................
Նշվա՞ծ է արդյոք գերեզմանը, և կարո՞ղ է հետագայում այն գտնվել ընտանիքի կողմից ...................................................
Գերության մեջ պահող տերությունը պահո՞ւմ է այն իրերը, որոնք մտնում են հանգուցյալի ժառանգության մեջ, իր մոտ են, թե՞ մահվան մասին սույն ծանուցման հետ միաժամանակ ուղարկվում են ................
Եթե դրանք ուղարկվում են, ապա ո՞ր միջնորդի միջոցով ..................
Կարո՞ղ է արդյոք այն անձը, որը հիվանդության ժամանակ կամ կյանքի վերջին րոպեներին հիվանդի մոտ է եղել (բժիշկ, սանիտար, պաշտամունքի սպասավորներ, գերության համընկեր) հաղորդել այստեղ կամ լրացման մեջ որևէ մանրամասն նրա վերջին րոպեների և թաղման մասին
(Տարեթիվը, համապատասխան իշխանությունների կնիքը և ստորագրությունը)
..................................................... երկու վկաների ստորագրությունները և հասցեները
_________________________
Ծանոթություն. Այս ծանուցումը պետք է կազմված լինի երկու կամ երեք լեզուներով, մասնավորապես, գերու մայրենի լեզվով և գերության մեջ պահող տերության լեզվով:
Ծանուցման չափերը` 21x30 սմ:
ՀԱՎԵԼՎԱԾ 4
Ե. Վկայական հայրենադարձության մասին
(տես` հավելված 2, հոդված 11)
Վկայական հայրենադարձության մասին
Տարեթիվը ______________________________________________
Ճամբար ________________________________________________
Հոսպիտալ ______________________________________________
Ազգանուն ______________________________________________
Անուն և հայրանուն ____________________________________
Ծննդյան տարեթիվ _______________________________________
Կոչում ________________________________________________
Անձնական համարը _______________________________________
Ռազմագերու համարը _____________________________________
Վնասվածք, հիվանդություն _______________________________
Հանձնաժողովի որոշումը _________________________________
Բժշկական խառը հանձնաժողովի
նախագահ
A = Անմիջական հայրենադարձություն
B = Հոսպիտալացում չեզոք երկրում
NC = Կրկնական բուժքննություն
ՀԱՎԵԼՎԱԾ 5
Դրամական այն փոխանցումներին վերաբերող տիպային կանոններ, որոնք
ռազմագերիներին ուղարկում են իրենց երկիր
(տես` հոդված 63)
1. 63 հոդվածի երկրորդ պարբերության մեջ նշված ավիզոն կբովանդակի հետևյալ տվյալները.
ա) վճարում կատարող ռազմագերու` 17 հոդվածում նշված համարը, կոչումը, ազգանունը, անունը և հայրանունը.
բ) նրա երկրում ստացողի ազգանունը և հասցեն.
գ) դրամական գումարը, որը պետք է վճարվի` այն երկրի տարադրամով արտահայտված, որտեղ գտնվում է ռազմագերին:
2. Ավիզոն կստորագրվի ռազմագերու կողմից, կամ եթե նա գրել չգիտե, ավիզոյի տակ պետք է դրվի վկայի կողմից հաստատված ռազմագերու նշանը, և ավիզոն պետք է հաստատվի վստահված անձի կողմից:
3. Ճամբարի պետը տվյալ ավիզոյին կկցի տեղեկանք այն մասին, որ տվյալ ռազմագերու հաշվի վրա եղած գումարը պակաս չէ, քան այն դրամական գումարը, որը պետք է վճարվի:
4. Ավիզոն կարող է կազմվել ցուցակների ձևով. այդպիսի ցուցակի ամեն մի թերթը պետք է հաստատվի վստահված անձի կողմից և վավերացվի ճամբարի պետի կողմից:
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 7-ից: