Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Բաժին 4
Ռազմագերիների դրամական միջոցները

 

ՀՈԴՎԱԾ 58

Միջոցները կանխիկ դրամով

 

Ռազմական գործողությունների հենց սկզբից և մինչև այդ հարցի առթիվ հովանավոր տերության հետ համաձայնագրի կնքումը` գերության մեջ պահող տերությունը կարող է սահմանել կանխիկ դրամի կամ այլ համանման ձևով առավելագույն գումարը, որ ռազմագերիները կարող են ունենալ իրենց մոտ: Ռազմագերիներից վերցված կամ նրանց թողնված գերազանցող գումարները, որոնք նրանց օրինական սեփականությունն են, ինչպես և նրանց կողմից կատարված ամեն դրամական ավանդ, կգրանցվեն նրանց անձնական հաշվին և չեն կարող փոխարկվել այլ տարադրամով` առանց նրանց համաձայնության:

Այն դեպքերում, երբ ռազմագերիներին կթույլատրվի գնումներ կատարել ճամբարից դուրս կամ ծառայություններից օգտվել կանխիկ դրամով, վճարումները կկատարվեն անձամբ ռազմագերիների կամ ճամբարի տնօրինության կողմից` վճարված գումարները հանելով համապատասխան ռազմագերիների հաշվից: Դրա համար անհրաժեշտ կանոնները մշակում է գերության մեջ պահող տերությունը:

 

ՀՈԴՎԱԾ 59

Ռազմագերիներից վերցված գումարները

 

Գերության մեջ պահող տերության տարադրամով դրամական գումարները, որոնք ռազմագերիներից վերցված են 18 հոդվածին համապատասխան գերության վերցնելու պահին, նրանցից յուրաքանչյուրի հաշվին կգրանցվեն սույն մասի 64 հոդվածի դրույթներին համապատասխան:

Այդ հաշվի վրա կգրանցվեն նաև գերության մեջ պահող տերության տարադրամով դրամական գումարները, որոնք այդ նույն պահին կստացվեն ռազմագերիներից վերցված այլ տարադրամով դրամական գումարների փոխարկման հետևանքով:

 

ՀՈԴՎԱԾ 60

Դրամական բավարարման հաշվին կանխավճարը

 

Գերության մեջ պահող տերությունը բոլոր ռազմագերիներին ամեն ամիս կվճարի կանխավճար` դրամական բավարարման հաշվին, որի չափը սահմանվում է նշված տերության տարադրամով` հետևյալ գումարների վերահաշվարկման միջոցով.

Կատեգորիա I սերժանտից ցածր կոչում ունեցող գերիներ - ութ շվեյցարական ֆրանկ.

Կատեգորիա II սերժանտներ և այլ ենթասպաներ կամ համապատասխան կոչման գերիներ - տասներկու շվեյցարական ֆրանկ.

Կատեգորիա III սպաներ, ներառյալ` մինչև կապիտանի կոչումը, կամ համապատասխան կոչման գերիներ - հիսուն շվեյցարական ֆրանկ.

Կատեգորիա IV մայորներ, փոխգնդապետներ, գնդապետներ կամ համապատասխան կոչման գերիներ - վաթսուն շվեյցարական ֆրանկ.

Կատեգորիա V գեներալներ կամ համապատասխան կոչման գերիներ - յոթանասուն շվեյցարական ֆրանկ.

Սակայն ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են հատուկ համաձայնագրերի միջոցով փոխել դրամական բավարարության հաշվին այն կանխավճարների չափը, որը վճարվում է վերը թվարկված կատեգորիաների ռազմագերիներին:

Դրանից բացի, եթե առաջին պարբերության մեջ նշված գումարները չափազանց բարձր լինեն դրամական այն բավարարության համեմատությամբ, որ ստանում են գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմի անձինք, կամ ինչ-որ պատճառով կարող են լուրջ դժվարություններ առաջացնել գերության մեջ պահող տերության համար, վերը նշված գումարների չափերի փոփոխման մասին մինչև հատուկ համաձայնագիր կնքելը այն տերության հետ, որին պատկանում են ռազմագերիները, ապա գերության մեջ պահող տերությունը.

ա) կշարունակի ռազմագերու անձնական հաշվին գրանցել առաջին պարբերության մեջ նշված գումարները,

բ) կարող է ժամանակավորապես սահմանափակել այն գումարների չափը, որոնք ռազմագերիներին վճարում են այդ կանխավճարների հաշվին` նրանց կարիքների բավարարման համար և սահմանել այնպիսի գումարներ, որոնց չափը բավարար է, բայց որն առաջին կատեգորիայի անձանց համար չպետք է նվազ լինի այն գումարներից, որոնք գերության մեջ պահող տերության կողմից վճարվում են իր սեփական զինված ուժերի անձնակազմի անձանց:

Այդպիսի սահմանափակման պատճառները անհապաղ պետք է հաղորդվեն հովանավոր տերությանը:

 

ՀՈԴՎԱԾ 61

Լրացուցիչ դրամական բավարարությունը

 

Գերության մեջ պահող տերությունը կընդունի այն դրամական գումարները, որոնք, որպես լրացուցիչ բավարարություն, կուղարկվեն ռազմագերիներին այն տերության կողմից, որին նրանք պատկանում են, պայմանով, որ այդ գումարները նույնը լինեն միևնույն կատեգորիայի ռազմագերիների համար և վճարվեն այդ տերությանը պատկանող այդ կատեգորիայի բոլոր ռազմագերիներին, և հնարավորին չափ կարճ ժամկետում գրանցվեն առանձին անձնական հաշիվներին` 64 հոդվածի դրույթներին համապատասխան: Այդ լրացուցիչ բավարարումը գերության մեջ պահող տերությանը չի ազատում այն պարտականություններից, որ նրա վրա դրվում են սույն Կոնվենցիայով:

 

ՀՈԴՎԱԾ 62

Աշխատանքի վարձատրությունը

 

Ռազմագերիներն իրենց պահող իշխանություններից անմիջականորեն կստանան աշխատանքի դիմաց արդարացի վարձատրություն, որի չափը սահմանվում է այդ իշխանությունների կողմից, բայց որը լրիվ օրվա համար չի կարող շվեյցարական ֆրանկի մեկ քառորդից նվազ լինել: Գերության մեջ պահող տերությունը գերիներին, ինչպես նաև այն տերությանը, որին պատկանում են նրանք, հովանավոր տերության միջոցով կհայտնի աշխատավարձի օրական դրույքի` իր կողմից սահմանված չափը:

Գերիներ պահող իշխանությունները նաև աշխատանքի դիմաց վարձատրություն կվճարեն այն ռազմագերիներին, որոնք մշտապես պետք է զբաղվեն ճամբարի կառավարման, ներքին հարդարման կամ կանոնավոր վիճակում պահելու հետ կապված պարտականություններով կամ արհեստով, ինչպես նաև այն ռազմագերիներին, որոնք ներգրավված են իրենց ընկերների բժշկական և հոգևոր կարիքների սպասարկման մեջ:

Վստահված անձի, նրա օգնականների և նրա խորհրդատուների, եթե այդպիսիք կան, աշխատավարձը վճարվում է կրպակներից ստացվող շահույթների մասհանումներից կազմված հիմնադրամից. այդ ռոճիկների չափը սահմանվում է վստահված անձի և հաստատվում` ճամբարի պետի կողմից: Եթե այդպիսի հիմնադրամ չկա, ապա գերիներ պահող իշխանությունները այդ ռազմագերիներին վարձատրում են արդարացիորեն հաշվարկված աշխատանքի դիմաց:

 

ՀՈԴՎԱԾ 63

Դրամական փոխանցումները

 

Ռազմագերիներին կթույլատրվի ստանալ իրենց անհատապես կամ կոլեկտիվ կերպով հասցեագրված դրամական փոխանցումները:

Յուրաքանչյուր ռազմագերի իրավունք ունի տնօրինելու իր հաշվեմնացորդի վրա եղած գումարները, ինչպես նախատեսված է հաջորդ հոդվածով, այն չափերով, որոնք սահմանված են գերության մեջ պահող տերության կողմից, որը և կկատարի պահանջվող վճարումները: Գերության մեջ պահող տերության տեսակետից անհրաժեշտ ֆինանսական և դրամական սահմանափակումների պահպանման պայմանով ռազմագերիները կարող են նաև վճարումներ կատարել արտասահմանում: Այդ դեպքում իրենց խնամարկյալներին ռազմագերիների կողմից կատարվող վճարումներն իրականացվում են առաջին հերթին:

Ցանկացած դեպքում ռազմագերին, այն տերության համաձայնությամբ, որին նա պատկանում է, կկարգադրի իր երկրում վճարումները կատարել հետևյալ կերպ. գերության մեջ պահող տերությունը հովանավոր տերության միջոցով նշված տերությանը կուղարկի ծանուցագիր, որը կբովանդակի բոլոր անհրաժեշտ ցուցումները դրամը վճարողի և ստացողի մասին, ինչպես նաև վճարվող գումարի չափը` արտահայտված գերության մեջ պահող տերության տարադրամով. այդ ծանուցագիրը կստորագրվի շահագրգիռ ռազմագերու կողմից և կվավերացվի ճամբարի պետի ստորագրությամբ: Գերության մեջ պահող տերությունն այդ գումարը ռազմագերու հաշվից հանում է: Այս ձևով հանված գումարները գերության մեջ պահող տերությունը փոխանցում է այն տերությանը, որին պատկանում են ռազմագերիները:

Վերը նշված դրույթների կիրառման նպատակով, գերության մեջ պահող տերությունը կարող է օգտվել սույն Կոնվենցիայի 5-րդ հավելվածում ներկայացված տիպային կանոններից:

 

ՀՈԴՎԱԾ 64

Ռազմագերու հաշիվը

 

Գերության մեջ պահող տերությունը յուրաքանչյուր ռազմագերու համար կբացի անձնական հաշիվ, որն առնվազն կբովանդակի հետևյալը.

1) ռազմագերուն հասնող կամ նրա կողմից դրամական բավարարման հաշվին որպես կանխավճար ստացված գումարները, աշխատանքի դիմաց կամ այլ մուտքերից գոյացած գումարները, գերության մեջ գտնվող տերության տարադրամով այն դրամական գումարները, որոնք վերցվել են ռազմագերուց, գերուց վերցված և նրա խնդրանքով նշված տերության տարադրամով փոխարկված դրամը:

2) Գերուն կանխիկ կամ համանման այլ տեսքով տրված գումարները, նրա անունից և նրա խնդրանքով կատարված վճարումները, 63 հոդվածի երրորդ պարբերության համաձայն փոխանցված գումարները:

 

ՀՈԴՎԱԾ 65

Հաշիվների կարգավորումը

 

Ռազմագերու հաշվի մեջ կատարվող ամեն մի գրանցում պետք է ստորագրվի կամ վավերացվի նրա կամ նրա անունից գործող վստահված անձի կողմից:

Ռազմագերիներին մշտապես պետք է բավարար հնարավորություններ տրվեն ծանոթանալու իրենց հաշիվների վիճակին և ստանալու այդ հաշիվների պատճենները: Հաշիվները կարող են նաև ստուգվել հովանավոր տերության ներկայացուցիչների կողմից` ճամբար կատարած նրանց այցի ժամանակ:

Ռազմագերիներին մի ճամբարից մյուսը փոխադրելիս նրանց անձնական հաշիվները հետևում են նրանց: Գերության մեջ պահող մի տերության կողմից մյուս տերությանը ռազմագերիներին հանձնելու դեպքում, ռազմագերիներին պատկանող գումարները, որոնք գերության մեջ պահող տերության տարադրամով չեն, հետևում են նրանց: Նրանց հաշվում մնացած մյուս բոլոր գումարների համար նրանց տրվում է վկայական:

Ընդհարման մեջ գտնվող շահագրգիռ կողմերը կարող են պայմանավորվել որոշակի պարբերականությամբ հովանավոր տերության միջոցով միմյանց ծանուցելու ռազմագերիների հաշիվներում եղած գումարների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 66

Հաշվի փակումը

 

Ռազմագերու ազատման կամ նրա հայրենադարձության հետևանքով գերության ավարտին` գերության մեջ պահող տերությունը պետք է նրան տա փաստաթուղթ, ստորագրված այդ տերության` դրա համար լիազորված սպայի կողմից, որի մեջ կնշվի գերության մեջ գտնվելու վերջում նրան պատկանող հաշվեմնացորդը. գերության մեջ պահող տերությունը հովանավոր տերության միջոցով ռազմագերիների պատկանելության տերությանը կուղարկի նաև ցուցակներ, որոնք բովանդակեն բոլոր այն ռազմագերիների մասին հարկ եղած տվյալները, որոնց գերության մեջ գտնվելն ավարտվել է հայրենադարձության, ազատվելու, փախուստի, մահվան կամ ցանկացած այլ պատճառով, և որոնք ցույց կտան նրանց հաշվեմնացորդի չափը: Այդպիսի ցուցակների ամեն մի թերթը պետք է հաստատվի գերության մեջ գտնվող տերության լիազոր ներկայացուցչի կողմից:

Շահագրգիռ տերությունները հատուկ համաձայնագրով կարող են լրիվ կամ մասնակիորեն փոփոխել վերը նշված ցանկացած դրույթ:

Այն տերությունը, որին պատկանում է ռազմագերին, պատասխանատվություն կկրի գերության ավարտին գերության մեջ պահող տերությունից ռազմագերուն հասնող հաշվեմնացորդի հարցը նրա հետ կարգավորելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 67

Ընդհարման կողմերի միջև պայմանավորվածությունները

 

60 հոդվածի համաձայն դրամական բավարարման հաշվին ռազմագերիներին տրվող կանխավճարները պետք է դիտվեն որպես այն տերության կողմից տրված կանխավճար, որին նրանք պատկանում են: Դրամական բավարարման հաշվին այդպիսի կանխավճարները, ինչպես նաև բոլոր վճարումները, որոնք 63 հոդվածի երրորդ պարբերության և 68 հոդվածի համաձայն կատարվում են նշված տերության կողմից, ռազմական գործողությունների ավարտից հետո կհանդիսանան շահագրգիռ տերությունների միջև համաձայնագրերի առարկա:

 

ՀՈԴՎԱԾ 68

Ռազմագերու դրամական փոխհատուցման պահանջները

 

Աշխատանքի հետևանք հանդիսացող խեղման կամ հաշմանդամության հետ կապված փոխհատուցման մասին ռազմագերու ցանկացած պահանջ հովանավոր տերության միջոցով պետք է ուղարկվի այն տերությանը, որին ռազմագերին պատկանում է: 54 հոդվածի դրույթներին համապատասխան, գերության մեջ պահող տերությունը բոլոր դեպքերում ռազմագերուն տալիս է փաստաթուղթ, որտեղ նշվում է խեղման կամ հաշմանդամության բնույթը, այն հանգամանքները, որոնցում դրանք տեղի են ունեցել, և նրան ցույց տրված բժշկական կամ հիվանդանոցային բուժման տվյալները: Այդ փաստաթուղթը պետք է ստորագրված լինի գերության մեջ պահող տերության պատասխանատու սպայի կողմից, իսկ բժշկական տվյալները պետք է հաստատված լինեն բժշկական ծառայության բժշկի կողմից:

Փոխհատուցման մասին ռազմագերու ցանկացած պահանջն այն անձնական իրերի, դրամի և արժեքների դիմաց, որոնք 18 հոդվածին համապատասխան նրանից առգրավվել են գերության մեջ պահող տերության կողմից և հայրենադարձվելիս չեն վերադարձվել կամ այն վնասների դիմաց փոխհատուցման պահանջը, որ ռազմագերու կարծիքով հասցվել են նրան` գերության մեջ պահող տերության կամ նրա ներկայացուցիչներից որևէ մեկի մեղքով, նույնպես պետք է ուղարկվեն այն տերությանը, որին պատկանում է ռազմագերին: Փոխարենը բոլոր այն իրերը, որոնք ռազմագերիներին պետք են գերության մեջ գտնվելու ժամանակ, փոխարինվում են գերության մեջ պահող տերության հաշվին: Գերության մեջ պահող տերությունը բոլոր դեպքերում ռազմագերիներին տալիս է փաստաթուղթ` ստորագրված պատասխանատու սպայի կողմից, որի մեջ նշվում են այդ իրերը, դրամը և արժեքները չվերադարձնելու պատճառներին վերաբերող եղած բոլոր տեղեկությունները: Այդ փաստաթղթի պատճենը 123 հոդվածում նախատեսված` ռազմագերիների գործերի կենտրոնական գործակալության միջոցով ուղարկվում է այն տերությանը, որին պատկանում է ռազմագերին:

 

Բաժին 5
Ռազմագերիների կապն արտաքին աշխարհի հետ

 

ՀՈԴՎԱԾ 69

Ձեռնարկված միջոցների մասին ծանուցումը

 

Իր իշխանության տակ ռազմագերիների հայտնվելուց անմիջապես հետո, գերության մեջ պահող տերությունը հովանավոր տերության միջոցով կտեղեկացնի նրանց և այն տերությանը, որին նրանք պատկանում են, այն միջոցառումների մասին, որոնք նա ձեռնարկել է սույն մասի որոշումները կատարելու համար: Նա կհայտնի նաև այդ միջոցառումների մեջ կատարվող ցանկացած փոփոխության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 70

Գերության վերցվելու մասին բացիկ

 

Յուրաքանչյուր ռազմագերի գերության վերցվելու պահից կամ ճամբար հասնելուց ամենաուշը մեկ շաբաթ անց, եթե անգամ դա տարանցիկ ճամբար է, ինչպես նաև հիվանդանալու կամ լազարեթ կամ այլ ճամբար փոխադրվելու դեպքում պետք է հնարավորություն ստանա մի կողմից անմիջականորեն իր ընտանիքին, մյուս կողմից` 123 հոդվածում նախատեսված ռազմագերիների գործերի կենտրոնական գործակալությանն ուղարկել փոստային բացիկ` կազմված, եթե դա հնարավոր է, սույն Կոնվենցիային առընթեր նմուշի հիման վրա` նրանց տեղեկացնելով իրեն գերի վերցնելու հանգամանքը, հասցեն և իր առողջական վիճակը: Այդ բացիկները պետք է ուղարկվեն որքան կարելի է շուտ, և դրանց առաքումը չի կարող ուշացվել որևէ կերպ:

 

ՀՈԴՎԱԾ 71

Նամակագրությունը

 

Ռազմագերիներին կթույլատրվի ինչպես ուղարկել, այնպես էլ ստանալ նամակներ և փոստային բացիկներ: Եթե գերության մեջ պահող տերությունը անհրաժեշտ համարի սահմանափակել այդ նամակագրությունը, նա պետք է թույլ տա ամիսն առնվազն երկու նամակի և չորս բացիկի ուղարկումը, /չհաշված այն բացիկները, որոնք նախատեսված են 70 հոդվածում/` կազմված, որքան հնարավոր է, սույն Կոնվենցիային առընթեր նմուշներով: Այլ սահմանափակումներ կարող են մտցվել միայն այն դեպքում, եթե հովանավոր տերությունը հիմքեր ունի համարելու, որ դրանք համապատասխանում են իրենց` ռազմագերիների շահերին, նկատի ունենալով այն դժվարությունները, որոնց գերության մեջ պահող տերությունը հանդիպում է անհրաժեշտ գրաքննություն իրականացնելու համար բավարար թվով բարձրորակ թարգմանիչներ ապահովելու գործում: Եթե ռազմագերիներին հասցեագրված նամակագրությունը պետք է սահմանափակ լինի, ապա այդ որոշումը կարող է ընդունվել միայն այն տերության կողմից, որին նրանք պատկանում են, որոշ դեպքերում` գերության մեջ պահող տերության խնդրանքով: Այդ նամակները և բացիկները պետք է առաքվեն գերության մեջ պահող տերության տրամադրության տակ եղած ամենաարագ եղանակով. դրանց առաքման ուշացումը կամ դանդաղեցումը չեն կարող լինել կարգապահական ներգործության միջոց:

Իրենց ընտանիքներից երկար ժամանակ տեղեկություններ չստացած կամ լուր ստանալու կամ սովորական ուղիով լուր ուղարկելու հնարավորությունից զրկված ռազմագերիներին, ինչպես նաև իրենց հարազատներից մեծ հեռավորության վրա գտնվող ռազմագերիներին կթույլատրվի հեռագիր ուղարկել, որի արժեքը որպես պարտք կգրանցվի գերության մեջ պահող տերության մոտ եղած նրանց հաշվին կամ կվճարվի նրանց տրամադրության տակ եղած դրամով: Ռազմագերիներին այդպիսի հնարավորություն կտրամադրվի նաև ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Որպես ընդհանուր կանոն, ռազմագերիների նամակագրությունը վարվում է նրանց մայրենի լեզվով: Ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են թույլատրել նամակագրությունը վարել այլ լեզուներով:

Գերիների նամակագրությամբ պարկերը պետք է խնամքով կնքված լինեն, դրանց վրա պետք է լինեն պիտակներ` պարունակության ճշգրիտ նշումով, և դրանք պետք է առաքվեն նշանակման վայրի փոստային բաժանմունքի հասցեով:

 

ՀՈԴՎԱԾ 72

Օգնության ծանրոցների առաքումը: I. Ընդհանուր սկզբունքներ

 

Ռազմագերիներին կթույլատրվի փոստով կամ ցանկացած այլ ճանապարհով ստանալ անհատական կամ կոլեկտիվ ծանրոցներ, որոնք կպարունակեն, մասնավորապես, սննդամթերք, հագուստ, դեղորայք և նրանց կրոնական պահանջմունքների բավարարման, լուսավորության կամ ժամանցի առարկաներ, ներառյալ` գրքեր, պաշտամունքի առարկաներ, գիտական սարքավորումներ, քննական նյութեր, երաժշտական գործիքներ, մարզագույք ու նյութեր, որոնք թույլ կտան ռազմագերիներին շարունակելու ուսումը կամ զբաղվելու գեղարվեստական գործունեությամբ:

Այս ծանրոցները գերության մեջ պահող տերությանը ոչ մի դեպքում չեն ազատում սույն Կոնվենցիայով նրա վրա դրված պարտականություններից:

Այդ ծանրոցների վերաբերմամբ միակ սահմանափակումները կարող են առաջարկվել կամ հովանավոր տերության կողմից` ելնելով հենց ռազմագերիների շահերից, կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կամ ռազմագերիներին օգնություն ցույց տվող ցանկացած այլ կազմակերպության կողմից` տրանսպորտի կամ կապի համակարգի արտակարգ ծանրաբեռնվածության դեպքում և միայն իրենց սեփական առաքումների վերաբերմամբ:

Անհրաժեշտության դեպքում անհատական և կոլեկտիվ ծանրոցների առաքման կարգը հատուկ համաձայնագրերի առարկա կդառնա շահագրգիռ տերությունների միջև, որոնք ոչ մի դեպքում չեն կարող ուշացնել ռազմագերիներին առաքվող օգնության ծանրոցների բաշխումը: Գրքերը չպետք է դրվեն սննդամթերք և հագուստ պարունակող ծանրոցների մեջ: Բժշկական նյութերը, որպես կանոն, պետք է ուղարկվեն կոլեկտիվ ծանրոցներով:

 

ՀՈԴՎԱԾ 73

II. Օգնության կոլեկտիվ ծանրոցները

 

Կոլեկտիվ ծանրոցների ստացման և բաշխման կարգի մասին շահագրգիռ տերությունների միջև կնքված հատուկ համաձայնագրերի բացակայության դեպքում կկիրառվեն կոլեկտիվ ծանրոցներին վերաբերող` սույն Կոնվենցիային կցված կանոնները:

Վերը նշված հատուկ համաձայնագրերը ոչ մի դեպքում չեն կարող սահմանափակել ռազմագերիների համար նախատեսված ծանրոցները նրանց հանձնելու, այդպիսիք բաշխելու կամ ի շահ ռազմագերիների դրանք տնօրինելու վստահված անձանց իրավունքները:

Այդ համաձայնագրերով չի կարելի սահմանափակել նաև հովանավոր տերության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կամ գերիներին օգնություն ցույց տվող ցանկացած այլ կազմակերպության ներկայացուցիչների` կոլեկտիվ ծանրոցների հանձնման և դրանց` ըստ պատկանելույն բաշխման նկատմամբ վերահսկողության իրավունքը:

 

ՀՈԴՎԱԾ 74

Ազատումը մաքսատուրքերից և այլ գանձումներից

 

Ռազմագերիների համար նախատեսված օգնության բոլոր ծանրոցներն ազատվում են մաքսատուրքերից և այլ գանձումներից:

Նամակագրությունը, օգնության ծանրոցները և ռազմագերիներին հասցեագրված թույլատրված դրամական փոխանցումները կամ նրանց կողմից փոստով ուղարկվածները կամ 122 հոդվածով նախատեսված` տեղեկատու բյուրոյի և կամ 123 հոդվածով նախատեսված` ռազմագերիների գործերի կենտրոնական գործակալության միջոցով ուղարկվածները, ազատվում են բոլոր փոստային գանձումներից, ինչպես առաքող երկրում և նշանակման երկրում, այնպես էլ միջանկյալ երկրներում:

Ռազմագերիների համար նախատեսվող օգնության այն ծանրոցների առաքման ծախսերը, որոնք իրենց քաշի կամ ցանկացած այլ պատճառով չեն կարող ուղարկվել փոստով, կկատարի գերության մեջ պահող տերությունը` իր հսկողության տակ գտնվող բոլոր տարածքներում: Սույն Կոնվենցիային մասնակից մյուս տերություններն իրենց տարածքներում իրենց վրա կվերցնեն առաքման ծախսերը:

Շահագրգիռ տերությունների միջև հատուկ համաձայնագրերի բացակայության դեպքում այդպիսի ծանրոցների առաքման այն ծախսերը, որոնք չեն տեղավորվում վերը նշված արտոնությունների շրջանակներում, կատարվում են առաքողի կողմից:

Բարձր պայմանավորվող կողմերը կձգտեն, որքան դա հնարավոր է, նվազեցնել ռազմագերիների կողմից ուղարկվող կամ նրանց հասցեագրված հեռագրերի սակագները:

 

ՀՈԴՎԱԾ 75

Հատուկ փոխադրումները

 

Այն դեպքում, երբ ռազմական գործողությունները շահագրգիռ տերություններին կխանգարեն կատարելու 70, 71, 72 և 77 հոդվածներում հիշատակված ծանրոցների փոխադրումն ապահովելու` իրենց վրա դրված պարտականությունը, շահագրգիռ հովանավոր տերությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կամ ընդհարման մեջ գտնվող կողմերի կողմից ճանաչված ցանկացած այլ կազմակերպություն կարող են այդ ծանրոցների փոխադրումն ապահովել համապատասխան փոխադրամիջոցների օգնությամբ (վագոններ, բեռնատար մեքենաներ, նավեր կամ ինքնաթիռներ և այլն): Այդ նպատակով Բարձր պայմանավորվող կողմերը կձգտեն տրամադրել այդ փոխադրամիջոցները և թույլատրել դրանց երթևեկը, մասնավորապես` դրա համար նրանց անհրաժեշտ անցագրեր տալով:

Այդ փոխադրամիջոցները կարող են նաև օգտագործվել փոխադրելու համար`

ա) այն նամակագրությունները, ցուցակները և զեկույցները, որոնք փոխանակում են 123 հոդվածում հիշատակված կենտրոնական տեղեկատու գործակալությունը և 122 հոդվածում նախատեսված ազգային բյուրոները.

բ) ռազմագերիներին վերաբերող այն նամակագրությունը և զեկույցները, որոնք հովանավոր տերությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կամ ռազմագերիներին օգնություն ցույց տվող ցանկացած այլ կազմակերպություն փոխանակում են ինչպես իրենց ներկայացուցիչների, այնպես էլ ընդհարման մեջ գտնվող կողմերի հետ:

Սույն դրույթները ոչ մի բանով չեն սահմանափակում ընդհարման մեջ գտնվող ցանկացած կողմի իրավունքը` ապահովելու այլ փոխադրամիջոցներ, եթե նա դա գերադասում է, կամ անցագրեր տալ այն պայմաններով, որոնք կարող են սահմանվել փոխադարձ համաձայնությամբ:

Հատուկ համաձայնագրերի բացակայության դեպքում այդ փոխադրամիջոցների օգտագործման հետ կապված ծախսերը համամասնաբար կատարում են ընդհարման մեջ գտնվող այն կողմերը, որոնց քաղաքացիներն օգտվում են այդ ծառայություններից:

 

ՀՈԴՎԱԾ 76

Գրաքննությունը և վերահսկողությունը

 

Ռազմագերիներին հասցեագրված կամ նրանց կողմից ուղարկվող նամակագրության գրաքննությունը պետք է կատարվի հնարավորին չափ կարճ ժամկետում: Գրաքննությունը կարող է կատարվել միայն առաքող և ստացող պետության կողմից` յուրաքանչյուրը միայն մեկ անգամ:

Ռազմագերիներին հասցեագրված ծանրոցների ստուգումը չպետք է կատարվի այնպիսի պայմաններում, որոնք վնաս հասցնեն դրանցում գտնվող սննդամթերքի պահպանությանը, և պետք է տեղի ունենա, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը տպագիր կամ գրավոր նյութի մասին է, հասցեատիրոջ կամ նրա կողմից պատշաճ ձևով լիազորված նրա ընկերոջ ներկայությամբ: Գերիների անհատական կամ կոլեկտիվ ծանրոցների հանձնումը չի կարող ուշացվել գրաքննության հետ կապված դժվարությունների պատճառաբանությամբ:

Ռազմական կամ քաղաքական պատճառներով ընդհարման մեջ գտնվող կողմերի մտցրած նամակագրության ցանկացած արգելք կարող է կրել միայն ժամանակավոր բնույթ, և պետք է հնարավորին չափ կարճատև լինի:

 

ՀՈԴՎԱԾ 77

Պաշտոնական փաստաթղթերի կազմումը և հանձնումը

 

Գերության մեջ պահող տերությունները բոլոր հնարավորությունները կտրամադրեն` հովանավոր տերության կամ 123 հոդվածում նախատեսված ռազմագերիների գործերի կենտրոնական գործակալության միջոցով հանձնելու ռազմագերիներին հասցեագրված կամ նրանցից ստացվող ակտերը, գործնական թղթերը և փաստաթղթերը, մասնավորապես` լիազորագրերը և կտակները:

Բոլոր դեպքերում գերության մեջ պահող տերությունները ռազմագերիներին կաջակցեն կազմելու այդ փաստաթղթերը, մասնավորապես, նրանց թույլատրելով խորհրդակցել իրավաբանի հետ, և կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ` ռազմագերիների ստորագրությունը հաստատելու համար:

 

Բաժին 6
Ռազմագերիների փոխհարաբերություններն իշխանությունների հետ

 

Գլուխ 1
Ռազմագերիների գանգատները գերության ռեժիմի առթիվ

 

ՀՈԴՎԱԾ 78

Դիմումներն ու գանգատները

 

Ռազմագերիներն իրավունք ունեն իրենց համար սահմանված գերության ռեժիմի առթիվ դիմումներ ներկայացնելու այն զինվորական իշխանություններին, որոնց իշխանության տակ նրանք գտնվում են:

Նրանք նաև իրավունք ունեն, առանց սահմանափակումների, վստահված անձի միջոցով կամ անմիջականորեն, եթե հարկ համարեն, դիմելու հովանավոր տերության ներկայացուցիչներին, որպեսզի նրանց ուշադրությունը հրավիրեն գերության ռեժիմի այն հանգամանքների վրա, որոնց վերաբերմամբ նրանք գանգատներ ունեն:

Այդ միջնորդություններն ու գանգատները չեն սահմանափակվի կամ դիտվի որպես 71 հոդվածում նշված նամակագրության չափաքանակի մաս: Դրանք պետք է փոխանցվեն շտապ կարգով: Դրանք որևէ պատժի առիթ չեն կարող դառնալ, եթե անգամ անհիմն ճանաչվեն:

Վստահված անձինք կարող են հովանավոր տերությունների ներկայացուցիչներին պարբերական զեկույցներ ուղարկել` ճամբարներում տիրող դրության և ռազմագերիների կարիքների մասին:

 

Գլուխ 2
Ռազմագերիների ներկայացուցիչները

 

ՀՈԴՎԱԾ 79

Ընտրությունը

 

Բոլոր վայրերում, որտեղ կգտնվեն ռազմագերիները, բացառությամբ այն տեղերի, որտեղ գտնվում են սպաները, ռազմագերիները ազատորեն, գաղտնի քվեարկությամբ, վեց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև թափուր տեղեր առաջանալու դեպքում, կընտրեն վստահված անձինք, որոնք պետք է նրանց ներկայացնեն զինվորական իշխանությունների, հովանավոր տերությունների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ցանկացած այլ օգնություն ցույց տվող կազմակերպության առջև: Այդ վստահված անձինք կարող են վերընտրվել:

Սպաների և նրանց հավասարեցված անձանց ճամբարներում կամ խառը ճամբարներում կոչումով և ստաժով բարձր ռազմագերի սպան ճանաչվում է որպես վստահված անձ: Սպաների ճամբարներում նրան օգնում են մեկ կամ մի քանի խորհրդատուներ, որոնք ընտրվում են սպաների կողմից. խառը ճամբարներում նրա օգնականներն ընտրվում են սպա չհանդիսացող ռազմագերիների կողմից` իրենց միջից:

Ռազմագերիների աշխատանքային ճամբարներում միևնույն քաղաքացիության ռազմագերի սպաները կտեղավորվեն այնպես, որպեսզի կարողանան ճամբարում կատարել ռազմագերիների վրա դրվող վարչական գործառույթները: Այդ սպաները կարող են նաև ընտրվել վստահված անձի պաշտոնում` սույն հոդվածի առաջին պարբերության դրույթներին համապատասխան: Այդ դեպքում վստահված անձի օգնականները կընտրվեն սպա չհանդիսացող ռազմագերիների թվից:

Մինչև իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ լինելը, յուրաքանչյուր ընտրված վստահված անձ պետք է ստանա գերության մեջ պահող տերության համաձայնությունը: Այն դեպքում, եթե գերության մեջ պահող տերությունը հրաժարվի գերության իր ընկերների կողմից ընտրված ռազմագերուն հաստատելուց, ապա նա պետք է հովանավոր տերությանը ներկայացնի այդպիսի հրաժարման պատճառները:

Բոլոր դեպքերում վստահված անձը պետք է ունենա նույն քաղաքացիությունը, լեզուն և սովորույթները, ինչ այն ռազմագերիները, որոնց նա ներկայացնում է: Այսպիսով, իրենց քաղաքացիությանը, լեզվին և սովորույթներին համապատասխան ճամբարի տարբեր հատվածներում բաշխված ռազմագերիներն ամեն մի հատվածում կունենան իրենց վստահված անձը` նախորդ պարբերությունների դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 80

Գործառույթները

 

Վստահված անձինք պետք է նպաստեն ռազմագերիների ֆիզիկական, բարոյական և մտավոր բարօրությանը:

Մասնավորապես, եթե գերիները որոշեն փոխօգնության համակարգ կազմակերպել, ապա այդ կազմակերպությունը պետք է գտնվի վստահված անձանց տնօրինության ներքո, անկախ այն հատուկ պարտականություններից, որոնք նրանց վրա դրված են սույն Կոնվենցիայի այլ դրույթներով:

Վստահված անձինք պատասխանատու չեն լինի, միայն իրենց պարտականությունների բերումով, այն օրինախախտումների համար, որոնք կատարվել են ռազմագերիների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 81

Արտոնությունները

 

Վստահված անձանց չեն ստիպի կատարելու որևէ այլ աշխատանք, եթե դա կդժվարացնի նրանց գործառույթների կատարումը:

Վստահված անձինք կարող են գերիների թվից նշանակել իրենց հարկավոր օգնականներ: Նրանց գործնականորեն կտրամադրվեն բոլոր հնարավորությունները և, մասնավորապես, տեղաշարժվելու որոշ ազատություն, որն անհրաժեշտ է նրանց պարտականությունների կատարման համար (այցելություն աշխատանքային խմբեր, օգնության ծանրոցների ընդունում և այլն):

Վստահված անձանց պետք է թույլատրվի այցելել այն շենքերը, որտեղ ներկալված են ռազմագերիները. վերջիններս իրավունք կունենան ազատորեն խորհրդատվություն ստանալ իրենց վստահված անձից:

Վստահված անձանց կտրամադրվեն նաև բոլոր հնարավորությունները` գերության մեջ պահող իշխանությունների, հովանավոր տերությունների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և դրանց ներկայացուցիչների, խառը բժշկական հանձնաժողովների, ինչպես նաև ռազմագերիներին օգնություն ցույց տվող կազմակերպությունների հետ իրենց փոստային և հեռագրային գրագրությունների համար: Աշխատանքային խմբերի վստահված անձինք հիմնական ճամբարի վստահված անձի հետ գրագրության հարցում կօգտվեն այդ նույն արտոնություններից: Այդ գրագրության համար չի սահմանվի որևէ սահմանափակում, և այն չի մտցվի 71 հոդվածով նախատեսված չափաքանակի մեջ:

Ոչ մի վստահված անձ չի կարող այլ վայր փոխադրվել` առանց նրան անհրաժեշտ ժամանակ տրամադրելու` իրեն հաջորդողին գործին տեղյակ պահելու համար:

Վստահված անձին ազատելու դեպքում նման որոշման պատճառները պետք է հայտնվեն հովանավոր տերությանը:

 

Գլուխ 3
Քրեական և կարգապահական պատիժները

 

1. Ընդհանուր դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 82

Կիրառվող իրավունքը

 

Ռազմագերիները ենթարկվում են գերության մեջ պահող տերության զինված ուժերում գործող օրենքներին, կանոնադրություններին և հրամաններին: Այդ տերությունն իրավունք կունենա դատական կամ կարգապահական միջոցներ ձեռնարկել ցանկացած ռազմագերու նկատմամբ, որը կխախտի այդ օրենքները, կանոնադրությունները կամ հրամանները: Սակայն սույն գլխի դրույթներին հակասող ոչ մի հետապնդում կամ պատիժ թույլ չի տրվի:

Եթե գերության մեջ պահող տերության օրենքներում, կանոնադրություններում կամ հրամաններում պատժելի են հայտարարվում ռազմագերիների կողմից կատարված գործողություններն այն դեպքում, երբ այդ նույն գործողությունները պատժելի չեն գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմին պատկանող անձանց կողմից կատարվելիս, ապա այդ դեպքում ռազմագերիների նկատմամբ կկիրառվեն միայն կարգապահական տույժեր:

 

ՀՈԴՎԱԾ 83

Կարգապահական կամ դատական պատժի ընտրությունը

 

Այն դեպքում, երբ պետք է որոշել` ռազմագերին կարգապահակա՞ն, թե՞ դատական պատժի պետք է ենթարկվի կատարած իրավախախտման համար, գերության մեջ պահող տերությունը պետք է հետևի, որպեսզի համապատասխան իշխանություններն այդ հարցի գնահատման ժամանակ դրսևորեն առավելագույն ներողամտություն և բոլոր հնարավոր դեպքերում ավելի շուտ դիմեն կարգապահական միջոցների, քան դատական հետապնդման:

 

ՀՈԴՎԱԾ 84

Դատարանները

 

Ռազմագերուն կարող են դատել բացառապես զինվորական դատարանները, եթե միայն գերության մեջ պահող տերության օրենսդրությունը հատուկ իրավունք չի տրամադրում քաղաքացիական դատարաններին` դատելու այդ տերության զինված ուժերի կազմին պատկանող անձանց` այդ նույն հանցագործության համար, որում մեղադրվում է ռազմագերին:

Ոչ մի դեպքում ռազմագերին չի կարող դատվել որևէ դատարանում, որը չի ներկայացնում անկախության և անաչառության համընդհանուր ճանաչում գտած հիմնական երաշխիքներ և, մասնավորապես, որի դատական ընթացակարգը մեղադրյալին չի ապահովում պաշտպանության` 105 հոդվածով նախատեսված իրավունքներով ու միջոցներով:

 

ՀՈԴՎԱԾ 85

Նախքան գերությունը կատարված իրավախախտումները

 

Մինչև գերի ընկնելը կատարած գործողությունների համար գերության մեջ պահող տերության օրենսդրությամբ հետապնդման ենթարկվող ռազմագերիներն օգտվում են սույն Կոնվենցիայի հովանավորությունից` անգամ նրանց դատապարտվելու դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 86

«Non bis in idem»

 

Ռազմագերին միևնույն զանցանքի համար կամ միևնույն մեղադրանքով կարող է միայն մեկ անգամ պատժվել:

 

ՀՈԴՎԱԾ 87

Պատիժները

 

Գերության մեջ պահող տերության զինվորական իշխանությունները և դատարանները չպետք է ռազմագերիներին դատապարտեն այլ պատիժների, բացի այն պատիժներից, որոնք նախատեսված են այդ տերության զինված ուժերի կազմին պատկանող անձանց կողմից թույլ տրված այդպիսի արարքների համար:

Պատիժ նշանակելիս գերության մեջ պահող տերության դատարանները կամ իշխանությունները պետք է առավելագույն հնարավոր չափով հաշվի առնեն, որ ամբաստանյալը չի հանդիսանում գերության մեջ պահող տերության քաղաքացին, ուստի նա այդ տերության նկատմամբ հավատարմության պարտականություն չունի և այդ տերության իշխանության տակ է գտնվում իր կամքից անկախ հանգամանքների բերումով: Նրանք հնարավորություն կունենան մեղմել ռազմագերու իրավախախտման համար նախատեսված պատժաչափը, և դրա համար նրանք պարտավոր չեն պահպանել այդ իրավախախտման համար նախատեսված նվազագույն պատժաչափը:

Արգելվում են անհատական արարքների համար ամեն տեսակի կոլեկտիվ պատիժները, ամեն տեսակի մարմնական պատիժները, ցերեկային լուսավորությունից զուրկ շենքերում բանտարկելը և առհասարակ` տանջահարության կամ դաժանության ցանկացած դրսևորում:

 

ՀՈԴՎԱԾ 88

Պատիժների ի կատար ածումը

 

Հավասար կոչման ռազմագերի սպաները, ենթասպաները և զինվորները, որոնք կարգապահական կամ քրեական պատիժ են կրում, չեն կարող ենթարկվել ավելի խիստ վերաբերմունքի, քան այն վերաբերմունքը, որն այդպիսի պատիժների կապակցությամբ նախատեսվում է գերության մեջ պահող տերության զինված ուժերի անդամների նկատմամբ:

Ռազմագերի կանայք չպետք է դատապարտվեն ավելի դաժան պատիժների կամ պատիժ կրելու ժամանակ ենթարկվեն ավելի դաժան վերաբերմունքի, քան գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմի կանայք` համանման իրավախախտումների համար պատժվելիս:

Ռազմագերի կանայք ոչ մի դեպքում չեն կարող դատապարտվել ավելի դաժան պատժի կամ պատիժ կրելու ժամանակ ենթարկվել ավելի դաժան վերաբերմունքի, քան գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմի տղամարդիկ` համանման իրավախախտումների համար պատժվելիս:

Նշանակված կարգապահական կամ քրեական պատիժները ռազմագերիների կողմից կրելուց հետո, նրանց հետ չի կարելի վարվել այլ կերպ, քան մյուս ռազմագերիների հետ:

 

2. Կարգապահական պատիժներ

 

ՀՈԴՎԱԾ 89

Ընդհանուր դրույթներ: I. Պատիժների բնույթը

 

Ռազմագերիների նկատմամբ կարող են նշանակվել կարգապահական հետևյալ պատիժները.

1) տուգանք` 60 ու 62 հոդվածներին համապատասխան դրամական բավարարման հաշվին կանխավճարի և աշխատանքի դիմաց ռազմագերիներին հասնող վարձատրության 50%-ը չգերազանցող չափով, ընդսմին` 30 օրից ոչ ավելի ժամկետով,

2) սույն Կոնվենցիայով նախատեսվածից ավելի հատկացված առավելություններից զրկում,

3) արտահերթ վերակարգ` ոչ ավելի, քան օրը 2 ժամ,

4) ձերբակալում:

Սակայն 3 կետում նշված պատիժը չի կարող նշանակվել սպաների նկատմամբ:

Կարգապահական պատիժները ոչ մի դեպքում չպետք է լինեն անմարդկային, դաժան և ռազմագերիների առողջության համար վտանգավոր:

 

ՀՈԴՎԱԾ 90

II. Պատիժների տևողությունը

 

Մեկ պատժաչափի տևողությունը երբեք չպետք է գերազանցի 30 օրը: Կարգապահական խախտման դեպքում, մինչև գործի քննությունը կամ մինչև կարգապահական տույժի նշանակումը, նախնական կալանքի ժամկետները հաշվարկվում են ռազմագերու համար սահմանված պատժաժամկետի մեջ:

Վերը նախատեսված` երեսնօրյա առավելագույն ժամկետը չի կարելի գերազանցել, եթե անգամ ռազմագերին պետք է կարգապահական կարգով միաժամանակ պատասխան տա պատժի մասին վճիռ կայացնելու պահին թույլ տված մի շարք արարքների համար, անկախ այն բանից` այդ արարքները միմյանց հետ կապված են, թե ոչ:

Կարգապահական տույժ նշանակելու մասին վճիռ կայացնելու պահից մինչև դրա կատարումը պետք է անցնի մեկ ամսից ոչ ավելի ժամանակ:

Եթե ռազմագերու վրա դրվի կարգապահական նոր տույժ, ապա պատիժներից ամեն մեկն ի կատար ածելու միջև պետք է անցնի առնվազն երեք օր, եթե պատիժներից որևէ մեկի տևողությունը հասնում է տասը կամ ավելի օրերի:

 

ՀՈԴՎԱԾ 91

Փախուստը: I. Հաջողված փախուստը

 

Ռազմագերու փախուստը համարվում է կայացած այն դեպքում, երբ.

1) նա միացել է այն տերության զինված ուժերին, որին պատկանում է կամ դաշնակից տերության զինված ուժերին,

2) նա թողել է գերության մեջ պահող տերության կամ նրա դաշնակցի իշխանության տակ գտնվող տարածքը,

3) նա բարձրացել է մի նավ, որը նավարկում է այն տերության դրոշի ներքո, որին ինքը պատկանում է կամ դաշնակից տերության դրոշի ներքո, և որը գտնվում է գերության մեջ պահող տերության ջրային տարածքներում` պայմանով, որ այն չի գտնվում այդ վերջինիս հսկողության տակ:

Այն ռազմագերիները, որոնք սույն հոդվածի իմաստով կայացած փախուստից հետո վերստին գերի են ընկնում, փախուստի համար չեն ենթարկվի ոչ մի տույժի:

 

ՀՈԴՎԱԾ 92

II. Չհաջողված փախուստը

 

Ռազմագերին, որը փորձում է փախչել և որը բռնվել է մինչև 91 հոդվածի իմաստով փախուստի հաջող ավարտը, այդ արարքի համար ենթակա է միայն կարգապահական պատիժների` անգամ այն կրկնվելու դեպքում:

Ռազմագերին` բռնվելուց անմիջապես հետո պետք է հանձնվի համապատասխան զինվորական իշխանություններին:

Ի խախտումն 88 հոդվածի չորրորդ պարբերության, անհաջող փախուստի համար պատիժ կրող ռազմագերիները կարող են հատուկ հսկողության տակ դրվել, պայմանով սակայն, որ այդ ռեժիմը չի ազդի նրանց առողջության վրա, որ կիրականացվի ռազմագերիների ճամբարում, և որ չի հարուցի սույն Կոնվենցիայով նրանց համար նախատեսվող երաշխիքներից և ոչ մեկի վերացումը:

 

ՀՈԴՎԱԾ 93

III. Հարակից իրավախախտումները

 

Փախուստը կամ փախուստի փորձը, անգամ կրկնվելու դեպքում, չպետք է մեղքը ծանրացնող հանգամանք դիտվի այն դեպքում, երբ ռազմագերին դատական պատասխանատվության է ենթարկվում փախուստի կամ փախուստի փորձի ժամանակ նրա կողմից կատարված իրավախախտումների համար:

83 հոդվածի դրույթների համաձայն` այն իրավախախտումները, որոնք ռազմագերիները կատարում են միայն իրենց փախուստը դյուրացնելու նպատակով, և որոնք չեն ուղեկցվում կյանքի և առողջության դեմ ուղղված բռնի գործողություններով, օրինակ` հանրային սեփականության դեմ կատարվող հանցագործությունները, առանց հարստանալու մտադրության կողոպուտը, կեղծ փաստաթղթերի պատրաստումը կամ օգտագործումը, քաղաքացիական հագուստ կրելը, կարող են հարուցել միայն կարգապահական տույժեր:

Այն ռազմագերիները, որոնք եղել են փախուստի կամ փախուստի փորձ կատարելու գործակցողներ, դրա համար կենթարկվեն միայն կարգապահական տույժի:

 

ՀՈԴՎԱԾ 94

IV. Փախուստի դիմած ռազմագերուն բռնելու մասին ծանուցումը

 

Փախած, բայց բռնված ռազմագերու մասին պետք է 122 հոդվածով նախատեսված կարգով ծանուցագիր ուղարկվի այն տերությանը, որին նա պատկանում է, եթե ավելի վաղ հաղորդվել է նրա փախուստի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 95

Ընթացակարգը: I. Նախնական կալանքը

 

Կարգապահական զանցանքների մեջ մեղադրվող ռազմագերիները մինչև վճիռ կայացնելը նախնական կալանքի մեջ են պահվում այն դեպքում, եթե գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմի անձինք նույնպես նախնական կալանքի են ենթակա համանման զանցանքների համար, կամ եթե այդպիսի կալանքը անհրաժեշտ է` ելնելով ճամբարում կարգ ու կանոն պահպանելու շահերից:

Կարգապահական զանցանք կատարելու դեպքում բոլոր ռազմագերիների համար նախնական կալանքի ժամկետը կկրճատվի մինչև նվազագույն չափը և չի գերազանցի 14 օրը:

Սույն գլխի 97 և 98 հոդվածների դրույթները կիրառվում են այն ռազմագերիների նկատմամբ, որոնք նախնական կալանքի են ենթարկվում կարգապահական զանցանքի համար:

 

ՀՈԴՎԱԾ 96

II. Իրավասու մարմինները և պաշտպանության իրավունքը

 

Կարգապահական խախտումներ հանդիսացող գործողությունները պետք է անմիջապես հետաքննվեն:

Բացառությամբ դատական մարմինների և բարձրագույն զինվորական իշխանությունների իրավասությանը ենթակա դեպքերի, կարգապահական տույժեր կարող են նշանակվել միայն այն սպայի կողմից, որը, որպես ճամբարի պետ, օժտված է կարգապահական լիազորություններով, կամ նրան փոխարինող պատասխանատու սպայի կողմից, որին նա հանձնել է իր կարգապահական լիազորությունները:

Այդպիսի լիազորությունները ոչ մի դեպքում չեն կարող հանձնվել ռազմագերուն, և վերջինս չի կարող դրանք իրականացնել:

Մինչև ցանկացած կարգապահական տույժի նշանակումը` ռազմագերուն ճշգրտորեն կհաղորդվի այն արարքների մասին, որոնցում նա մեղադրվում է, և նրան հնարավորություն կտրվի բացատրել իր վարքագիծը և պաշտպանվել: Նրան կթույլատրվի, մասնավորապես, կանչել վկաների և, եթե դա անհրաժեշտ է, դիմել բարձրորակ թարգմանչի ծառայություններին: Վճիռը պետք է հայտնվի ամբաստանյալ ռազմագերուն և վստահված անձին:

Ճամբարի պետը պետք է ունենա նշանակված կարգապահական տույժերի մատյան, որը կտրամադրվի հովանավոր տերության ներկայացուցիչներին` դրան ծանոթանալու համար:

 

ՀՈԴՎԱԾ 97

Պատիժների ի կատար ածումը: I. Պատիժը կրելու վայրերը

 

Կարգապահական տույժերը կրելու համար ռազմագերիները ոչ մի դեպքում չեն տեղափոխվի ուղղիչ հիմնարկներ (բանտեր, ուղղիչ հաստատություններ, տաժանակրության վայրեր և այլն):

Կարգապահական տույժեր կրելու համար նախատեսված բոլոր շենքերը պետք է համապատասխանեն 25 հոդվածում նախատեսված հիգիենայի պահանջներին: Պատիժը կրող ռազմագերիները պետք է 29 հոդվածին համապատասխան` հնարավորություն ունենան իրենց պահելու մաքուր վիճակում:

Սպաները և նրանց հավասարեցված անձինք չպետք է պահվեն ենթասպաների կամ շարքայինների հետ միևնույն շենքերում:

Կարգապահական տույժեր կրող ռազմագերի կանայք կպահվեն ռազմագերի տղամարդկանցից անջատ շենքերում և կգտնվեն կանանց անմիջական հսկողության ներքո:

 

ՀՈԴՎԱԾ 98

II. Հիմնական երաշխիքները

 

Կալանքի ձևով կարգապահական տույժի ենթարկված ռազմագերիները կշարունակեն օգտվել սույն Կոնվենցիայի դրույթներից, բացի այն դրույթներից, որոնք նշված կալանքի կապակցությամբ դառնում են անկիրարկելի: Սակայն նրանց ոչ մի դեպքում չի կարելի զրկել 78 և 126 հոդվածներով նախատեսված իրավունքներից:

Կարգապահական տույժերի ենթարկված ռազմագերիները չեն կարող զրկվել իրենց կոչման շնորհած առավելություններից:

Կարգապահական տույժերի ենթարկված ռազմագերիները հնարավորություն կունենան ամեն օր կատարել ֆիզիկական վարժություններ և առնվազն երկու ժամ գտնվել մաքուր օդում:

Նրանց կթույլատրվի, իրենց խնդրանքով, ներկայանալ ամենօրյա բժշկական քննության: Առողջական վիճակից ելնելով` նրանք կստանան հարկավոր բուժօգնություն, իսկ անհրաժեշտության դեպքում կտեղավորվեն ճամբարի լազարեթում կամ հոսպիտալում:

Նրանց կթույլատրվի կարդալ և գրել, ինչպես նաև ուղարկել և ստանալ նամակներ: Սակայն նրանց ծանրոցներ և դրամական փոխանցումներ հանձնելը կարող է հետաձգվել մինչև պատիժը կրելու ավարտը: Այդպիսիք այդ ընթացքում կտրվեն վստահված անձին, որը լազարեթ կհանձնի ծանրոցներում պարունակված շուտ փչացող մթերքները:

 

3. Դատական հետապնդումը

 

ՀՈԴՎԱԾ 99

Հիմնական կանոնները: I. Գլխավոր սկզբունքները

 

Ոչ մի ռազմագերի չի կարող դատի տրվել կամ դատապարտվել այնպիսի արարքի համար, որը պատժելի չէ գերության մեջ պահող տերության օրենսդրությամբ կամ արարքը թույլ տալու պահին գործող միջազգային իրավունքով:

Ռազմագերու վրա ոչ մի բարոյական կամ ֆիզիկական ճնշում չի կարող գործադրվել նրան ստիպելու համար իրեն մեղավոր ճանաչել այն արարքի մեջ, որում մեղադրվում է:

Ոչ մի ռազմագերի չի կարող դատապարտվել, եթե նա հնարավորություն չի ունեցել պաշտպանվելու, և եթե նրան չի տրամադրվել բարձրորակ պաշտպան:

 

ՀՈԴՎԱԾ 100

II. Մահապատիժը

 

Առաջին հնարավորության դեպքում ռազմագերիները և հովանավոր տերությունները տեղյակ կպահվեն այն իրավախախտումների մասին, որոնք գերության մեջ պահող տերության օրենքներով պատժվում են մահապատժով:

Հետագայում ոչ մի այլ իրավախախտման համար չի կարող մահապատիժ սահմանվել առանց այն տերության համաձայնության, որին պատկանում են ռազմագերիները:

Ռազմագերու նկատմամբ մահապատժի վճիռ կարող է կայացվել այն դեպքում, եթե 87 հոդվածի երկրորդ պարբերությանը համապատասխան` դատարանի ուշադրությունը հատուկ հրավիրվել է այն փաստի վրա, ըստ որի, մեղադրյալը չի հանդիսանում գերության մեջ պահող տերության քաղաքացի, ուստի նա այդ տերության նկատմամբ հավատարմության պարտականություն չունի և նրա իշխանության տակ է գտնվում իր կամքից անկախ հանգամանքների բերումով:

 

ՀՈԴՎԱԾ 101

III. Մահապատժի ի կատար ածման ժամկետը

 

Ռազմագերու նկատմամբ մահվան դատավճիռ կայացնելու դեպքում այդ դատավճիռն ի կատար է ածվում ոչ շուտ, քան 107 հոդվածով նախատեսված մանրամասն հաղորդումը նշած հասցեով հովանավոր տերության կողմից ստացվելու օրից սկսած` վեցամսյա ժամկետը լրանալուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 102

Ընթացակարգը: I. Դատավճռի օրինական համարվելու պայմանները

 

Ռազմագերու նկատմամբ դատավճիռն օրինական կհամարվի միայն այն դեպքում, եթե կայացվում է այն նույն դատարանների կողմից և նույն կարգով, ինչպիսիք սահմանված են գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմին պատկանող անձանց համար և, բացի այդ, սույն գլխի դրույթները պահպանելու պայմանով:

 

ՀՈԴՎԱԾ 103

II. Նախնական կալանքը (հիմքերը, ռեժիմը)

 

Ռազմագերու նկատմամբ դատական հետաքննությունը պետք է վարվի այնպիսի արագությամբ, որքան միայն թույլ են տալիս հանգամանքները և այնպես, որպեսզի դատավարությունն սկսվի որքան հնարավոր է շուտ: Ոչ մի ռազմագերի չպետք է պահվի նախնական կալանքի մեջ, եթե միայն այդպիսի միջոցը կիրառելի չէ համանման իրավախախտումների համար գերության մեջ պահող տերության զինված ուժերի անձնակազմի նկատմամբ, և եթե դա չեն պահանջում պետական անվտանգության շահերը: Ոչ մի դեպքում այդ կալանքը չպետք է գերազանցի եռամսյա ժամկետը:

Ռազմագերու` նախնական կալանքի ժամկետը պետք է հաշվարկվի ազատազրկման այն ժամկետի մեջ, որին նա կդատապարտվի, և պատժաչափը որոշելիս այն պետք է ուշադրության առնվի:

Նախնական կալանքի մեջ գտնվող ռազմագերիները կշարունակեն օգտվել սույն գլխի 97 և 98 հոդվածների դրույթներից:

 

ՀՈԴՎԱԾ 104

III. Դատական հետապնդման մասին ծանուցումը

 

Բոլոր դեպքերում, երբ գերության մեջ պահող տերությունը դատական հետապնդում է հարուցում ռազմագերու նկատմամբ, այդ մասին նա հովանավոր տերությանը հայտնում է որքան կարելի է շուտ, բայց ոչ ուշ, քան դատարանում գործի ունկնդրումն սկսելուց երեք շաբաթ առաջ: Երեք շաբաթվա ժամկետի հաշվարկն սկսվում է հովանավոր տերության կողմից այդ ծանուցումն ստանալու պահից այն հասցեով, որ նրա կողմից նախապես նշվում է գերության մեջ պահող տերությանը:

Այդ ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տվյալները.

1) ռազմագերու ազգանունը և անունը, նրա կոչումը, նրա անձնական համարը, ծննդյան թիվը, նրա մասնագիտությունը` եթե այդպիսին ունի,

2) ներկալման կամ կալանման վայրը,

3) մեղադրանքի կամ մեղադրանքների մանրամասն շարադրանքը` նշելով, թե դրանք օրենքի որ հոդվածների կիրառմանն են ենթակա,

4) այն դատարանի անվանումը, որը պետք է քննության առնի գործը` նշելով գործը լսելու նախատեսված տեղը և տարեթիվը:

Գերության մեջ պահող տերության կողմից նույնպիսի ծանուցում է ուղարկվում ռազմագերու վստահված անձին:

Եթե գործը լսելու սկզբին չստացվի ապացույց, որ հովանավոր տերությունը, ռազմագերին և շահագրգիռ վստահված անձը ստացել են վերը նշված ծանուցումը գործը լսելուց առնվազն երեք շաբաթ առաջ, ապա գործի լսումը չի կարող տեղի ունենալ և պետք է հետաձգվի:

 

ՀՈԴՎԱԾ 105

IV. Պաշտպանության իրավունքը և միջոցները

 

Ռազմագերուն իրավունք է տրվում օգտվել իր ընկեր գերիներից մեկի օգնությունից, ունենալ բարձրորակ փաստաբան` իր ընտրությամբ, պահանջել դատարան կանչել վկաների և, եթե դա անհրաժեշտ է համարում, դիմել որակյալ թարգմանչի ծառայություններին: Իր այդ իրավունքների մասին նախապես, մինչև գործը լսելու սկիզբը, նա տեղյակ է պահվում գերության մեջ պահող տերության կողմից:

Եթե ռազմագերին իր համար չի ընտրել պաշտպան, հովանավոր տերությունը նրան կտրամադրի այդպիսի անձ` դրա համար ունենալով մեկ շաբաթից ոչ պակաս ժամկետ: Հովանավոր տերության խնդրանքով գերության մեջ պահող տերությունը նրան կներկայացնի պաշտպանությունն ապահովելու ընդունակ որակյալ անձանց ցուցակը: Այն դեպքում, երբ ոչ ռազմագերին, ոչ հովանավոր տերությունը չընտրեն պաշտպան, մեղադրյալին պաշտպանելու համար գերության մեջ պահող տերությունն ինքը կնշանակի որակյալ փաստաբանի:

Մինչև գործը լսելու սկիզբը պաշտպանն իր տրամադրության տակ կունենա առնվազն երկու շաբաթ` մեղադրյալի պաշտպանությանը նախապատրաստվելու համար, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ հնարավորությունները. մասնավորապես, նա իրավունք կունենա ազատորեն այցելել մեղադրյալին և նրա հետ խոսել առանց վկաների: Նա նաև կարող է խորհրդակցել պաշտպանության ցանկացած վկայի, ներառյալ` ռազմագերիների հետ: Նա այդպիսի հնարավորություններ կունենա մինչև դատավճռի գանգատարկման ժամկետի ավարտը:

Դատական նիստի բացման օրվանից բավական ժամանակ առաջ մեղադրյալը կստանա իր համար հասկանալի լեզվով շարադրված մեղադրական եզրակացությունը, ինչպես նաև այն նյութերը, որոնք գերության մեջ պահող տերության զինված ուժերում գործող օրենքների համաձայն` սովորաբար հաղորդվում են մեղադրյալին: Նույն հանգամանքներում նույն նյութերը պետք է հանձնվեն նրա պաշտպանին:

Հովանավոր տերության ներկայացուցիչներն իրավունք կունենան ներկա լինել դատական նիստերին, բացի այն դեպքերից, երբ այդ նիստերը, բացառության կարգով, պետք է տեղի ունենան դռնփակ` ի շահ պետական անվտանգության: Այդ դեպքում գերության մեջ պահող տերությունն այդ մասին հայտնում է հովանավոր տերությանը:

 

ՀՈԴՎԱԾ 106

V. Գանգատարկումը

 

Նույն պայմաններում, ինչ գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմին պատկանող անձինք, յուրաքանչյուր ռազմագերի իրավունք կունենա իր նկատմամբ կայացված դատավճիռը վերաքննության, վճռաբեկման կամ վերանայման կարգով գանգատարկելու: Նա պետք է լրիվ տեղեկություն ունենա գանգատարկման իր իրավունքի և այն ժամկետի մասին, որի ընթացքում կարող է այդ անել:

 

ՀՈԴՎԱԾ 107

VI. Կայացրած դատավճռի մասին ծանուցումը

 

Ռազմագերու նկատմամբ կայացված դատավճռի մասին անհապաղ պետք է տեղյակ պահվի հովանավոր տերությունը` համառոտ հաղորդման ձևով, որտեղ նաև նշվում է, թե ռազմագերին իրավունք ունի՞ վերաքննության կամ վճռաբեկության գանգատ ներկայացնել կամ խնդրել գործը վերանայելու: Այդ մասին կծանուցվի շահագրգիռ վստահված անձը: Այն նաև կհաղորդվի ռազմագերուն` նրա համար հասկանալի լեզվով, եթե դատավճիռը կայացվել է նրա բացակայությամբ: Դրանից բացի, գերության մեջ պահող տերությունն անմիջապես կհայտնի հովանավոր տերությանը` գանգատարկման իր իրավունքներից օգտվելու կամ չօգտվելու ռազմագերու որոշման մասին:

Բացի այդ, այն դեպքում, եթե դատավճիռը մտնում է օրինական ուժի մեջ և, եթե խոսքը մահվան դատավճռի մասին է, որը կայացվել է առաջին ատյանի դատարանի կողմից, գերության մեջ պահող տերությունը որքան հնարավոր է արագ հովանավոր տերությանը կուղարկի ծանուցում, որը կբովանդակի.

1) դատավճռի ճշգրիտ տեքստը,

2) նախաքննության և դատավարության մասին համառոտ հաշվետվություն, որտեղ մասնավորապես կընդգծվեն մեղադրանքի և պաշտպանության պահերը,

3) հարկ եղած դեպքում կնշվի այն վայրը, որտեղ պատիժն ի կատար է ածվելու:

Նախորդ պարբերություններում նախատեսված հաղորդումները հովանավոր տերությանն են ուղարկվում այն հասցեով, որը նրա կողմից ցույց է տրված գերության մեջ պահող տերությանը:

 

ՀՈԴՎԱԾ 108

Պատիժների ի կատար ածումը: Ազատազրկման ռեժիմը

 

Ռազմագերիները դատավճռով օրինական ուժի մեջ մտած իրենց պատիժները կկրեն միևնույն հաստատություններում և միևնույն պայմաններում, ինչ գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմի անձինք: Այդ պայմանները, բոլոր դեպքերում, պետք է համապատասխանեն հիգիենայի և մարդասիրության պահանջներին:

Կին ռազմագերին, որի նկատմամբ դատավճիռ է կայացվել, պետք է բանտարկվի առանձին շենքում և գտնվի կանանց անձնակազմի հսկողության ներքո:

Ցանկացած դեպքում ազատազրկման պատժի դատապարտված ռազմագերիները մնում են սույն Կոնվենցիայի 78 և 126 հոդվածների դրույթների պաշտպանության տակ: Դրանից բացի, նրանց կթույլատրվի ստանալ և ուղարկել նամակներ, ստանալ ամիսը առնվազն մեկ ծանրոց, կանոնավոր զբոսնել բաց օդում. նրանք նաև կստանան իրենց առողջական վիճակով թելադրված բժշկական օգնություն, ինչպես նաև այն հոգևոր օգնությունը, որը նրանք կնախընտրեն: Պատիժները, որոնք նրանց նկատմամբ կնշանակվեն, պետք է համապատասխանեն 87 հոդվածի երրորդ պարբերության դրույթներին:

 

Մաս 4

Գերության վերջը

 

Բաժին 1
Անմիջական հայրենադարձությունը և հոսպիտալացումը չեզոք երկրում

 

ՀՈԴՎԱԾ 109

Ընդհանուր դրույթներ

 

Բացառությամբ սույն հոդվածի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի, ընդհարման մեջ գտնվող կողմերը պարտավոր կլինեն հաջորդ հոդվածի առաջին պարբերությանը համապատասխան` հայրենիք ուղարկել ծանր հիվանդ և ծանր վիրավոր ռազմագերիներին` անկախ նրանց կոչումից և թվաքանակից, այն բանից հետո, երբ նրանք կհասցվեն այնպիսի վիճակի, որը թույլ կտա նրանց տեղափոխումը:

Ռազմական գործողությունների ընթացքում ընդհարման մեջ գտնվող կողմերը, համապատասխան չեզոք տերությունների աջակցությամբ, կձգտեն կազմակերպել հաջորդ հոդվածի երկրորդ պարբերության մեջ նշված վիրավոր և հիվանդ ռազմագերիների հոսպիտալացումը չեզոք երկրներում: Դրանից բացի, նրանք կարող են կնքել համաձայնագրեր` երկար ժամանակ գերության մեջ գտնվող առողջ ռազմագերիների հայրենադարձության կամ չեզոք երկրում ներկալելու մասին:

Սույն հոդվածի առաջին պարբերության համաձայն հայրենադարձության ենթակա ոչ մի վիրավոր կամ հիվանդ ռազմագերի ռազմական գործողությունների ընթացքում չի կարող հայրենադարձվել հակառակ իր կամքի:

 

ՀՈԴՎԱԾ 110

Հայրենադարձության կամ հոսպիտալացման դեպքերը

 

Անմիջական հայրենադարձության են ենթակա.

1) այն անբուժելի վիրավորներն ու հիվանդները, որոնց մտավոր և ֆիզիկական ունակությունները, ըստ ամենայնի, խիստ նվազել են,

2) այն վիրավորները և հիվանդները, որոնք, բժիշկների կանխատեսմամբ, չեն կարող ապաքինվել մեկ տարվա ընթացքում, որոնց վիճակը խնամք է պահանջում, իսկ մտավոր կամ ֆիզիկական ունակությունները, ըստ ամենայնի, խիստ նվազել են,

3) այն ապաքինված վիրավորներն ու հիվանդները, որոնց մտավոր և ֆիզիկական ունակությունները, ըստ ամենայնի, խիստ կամ ընդմիշտ նվազել են:

Չեզոք երկրում կարող են հոսպիտալացվել.

1) այն վիրավորներն ու հիվանդները, որոնց ապաքինումը կարող է տեղի ունենալ վիրավորման օրից կամ հիվանդանալու սկզբից մեկ տարվա ընթացքում, եթե բուժումը չեզոք երկրում հնարավորություն է տալիս ակնկալելու հավանական և առավել արագ ապաքինում,

2) այն ռազմագերիները, որոնց ֆիզիկական կամ հոգեկան վիճակի համար գերության մեջ հետագա գտնվելը, բժիշկների կարծիքով, լուրջ սպառնալիք է ներկայացնում, և որոնց այդ վտանգից կարող է փրկել հոսպիտալացումը չեզոք երկրում:

Այն պայմանները, որոնց պետք է համապատասխանեն հայրենադարձության համար չեզոք երկրում հոսպիտալացված ռազմագերիները, ինչպես և նրանց կարգավիճակը, կսահմանվեն շահագրգիռ տերությունների միջև համաձայնագրով: Հիմնականում կհայրենադարձվեն չեզոք երկրում հոսպիտալացված այն ռազմագերիները, որոնք պատկանում են հետևյալ կատեգորիաներին.

1) նրանք, որոնց առողջական վիճակն այնպես է վատթարացել, որ այդ վիճակը համապատասխանում է անմիջական հայրենադարձության պայմաններին,

2) նրանք, որոնց մտավոր կամ ֆիզիկական ունակություններն անգամ բուժվելուց հետո մնացել են զգալիորեն նվազ:

Ընդհարման մեջ գտնվող շահագրգիռ կողմերի միջև անմիջական հայրենադարձություն կամ չեզոք երկրում հոսպիտալացում առաջ բերող հաշմանդամության կամ հիվանդությունների դեպքերը սահմանող հատուկ համաձայնագրեր չլինելու դեպքում, դրանք կսահմանվեն այն սկզբունքների համաձայն, որոնք շարադրված են վիրավոր և հիվանդ ռազմագերիների անմիջական հայրենադարձության և չեզոք երկրում հոսպիտալացման մասին տիպային համաձայնագրի և սույն Կոնվենցիային առընթեր բժշկական խառը հանձնաժողովների մասին կանոնադրության մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 111

Ներկալումը չեզոք երկրում

 

Գերության մեջ պահող տերությունը և այն տերությունը, որին պատկանում են ռազմագերիները, ինչպես նաև չեզոք տերությունը, որի վերաբերմամբ պայմանավորվել են այդ երկու տերությունները, կձգտեն կնքել համաձայնագրեր, որոնք մինչև ռազմական գործողությունների ավարտը ռազմագերիներին այդ չեզոք տերության տարածքը ներկալելու հնարավորություն կտան:

 

ՀՈԴՎԱԾ 112

Խառը բժշկական հանձնաժողովները

 

Ընդհարման սկզբից պետք է նշանակվեն խառը բժշկական հանձնաժողովներ` հիվանդ և վիրավոր ռազմագերիների բժշկական քննության և նրանց վերաբերյալ բոլոր անհրաժեշտ վճիռներն ընդունելու համար: Այդ հանձնաժողովների նշանակումը, պարտականությունները և գործունեությունը պետք է համապատասխանեն սույն Կոնվենցիային կից հավելվածի դրույթներին:

Սակայն այն ռազմագերիները, որոնք գերության մեջ պահող տերության բժշկական իշխանությունների կարծիքով` ակներևաբար հանդիսանում են ծանր վիրավորներ և ծանր հիվանդներ, կարող են հայրենադարձվել առանց խառը բժշկական հանձնաժողովի պարտադիր բուժքննության:

 

ՀՈԴՎԱԾ 113

Խառը բժշկական հանձնաժողովների քննությանը ենթարկվող ռազմագերիները

 

Բացի գերության մեջ պահող տերության բժշկական իշխանությունների կողմից նշված ռազմագերիներից, նախորդ հոդվածով նախատեսված խառը բժշկական հանձնաժողովների բուժքննությանը իրավունք կունենան ներկայանալ ներքոհիշյալ կատեգորիաներին պատկանող վիրավորները կամ հիվանդները.

1) այն վիրավորներն ու հիվանդները, որոնց առաջարկել է ճամբարում աշխատող հայրենակից բժիշկը կամ այն բժիշկը, որն ընդհարման մեջ գտնվող այն տերության քաղաքացին է, որը դաշնակից է հիվանդների և վիրավորների տերությանը,

2) այն վիրավորներն ու հիվանդները, որոնք առաջարկվում են իրենց վստահված անձի կողմից,

3) այն վիրավորներն ու հիվանդները, որոնք առաջարկվում են այն տերության կողմից, որին նրանք պատկանում են, կամ այդ տերության կողմից ճանաչված` գերիներին օգնություն ցույց տվող կազմակերպության կողմից:

Ռազմագերիները, որոնք չեն պատկանում վերը նշված կատեգորիաներից և ոչ մեկին, այնուամենայնիվ, կարող են խառը բժշկական հանձնաժողովների բուժքննությանը ներկայանալ, բայց նրանք այդ բուժքննությունն անցնում են վերը նշված կատեգորիաների անձանցից հետո:

Խառը բժշկական հանձնաժողովի բուժքննությանը ենթարկվող ռազմագերիների հայրենակից բժիշկը և նրանց վստահված անձն իրավունք ունեն ներկա գտնվել այդ բուժքննությանը:

 

ՀՈԴՎԱԾ 114

Դժբախտ պատահարների զոհ ռազմագերիները

 

Հայրենադարձության կամ չեզոք երկրում հոսպիտալացման վերաբերմամբ սույն Կոնվենցիան գործում է այն ռազմագերիների նկատմամբ, որոնք դարձել են դժբախտ պատահարների զոհեր, բացառությամբ կանխամտածված անդամախեղման դեպքերի:

 

ՀՈԴՎԱԾ 115

Պատիժ կրող ռազմագերիները

 

Հայրենադարձության կամ չեզոք երկրում հոսպիտալացման համար նախատեսված պայմանները բավարարող ոչ մի ռազմագերի, որի վրա դրված է կարգապահական տույժ, չի կարող կալանված պահվել այն հիման վրա, որ նա դեռ չի կրել իր պատիժը:

Այն ռազմագերիները, որոնք գտնվում են հետաքննության տակ կամ դատարանով դատապարտված են, և որոնք նախատեսվում են հայրենադարձության կամ չեզոք գոտում հոսպիտալացման համար, գերության մեջ պահող տերության համապատասխան համաձայնության դեպքում կարող են հայրենադարձվել կամ հոսպիտալացվել` մինչև դատավարության կամ նրանց կողմից պատիժը կրելու ավարտը:

Ընդհարման մեջ գտնվող կողմերը միմյանց կհաղորդեն մինչև դատավարության ավարտը կամ պատժի կրումը պահվող անձանց ազգանունները:

 

ՀՈԴՎԱԾ 116

Հայրենադարձության ծախսերը

 

Ռազմագերիների հայրենադարձության կամ չեզոք երկիր նրանց փոխադրման ծախսերը, սկսած գերության մեջ պահող տերության սահմանից, կրում է այն տերությունը, որին պատկանում են ռազմագերիները:

 

ՀՈԴՎԱԾ 117

Գործունեությունը հայրենադարձվելուց հետո

 

Ոչ մի հայրենադարձված չի կարող ներգրավվել իսկական զինվորական ծառայության մեջ:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
''
12.08.1949
Միջազգային պայմանագիր