Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ներքոստորագրյալները` այն դիվանագիտական համաժողովում ներկայացված կառավարությունների լիազորները, որը 1949 թվականի ապրիլի 21-ից մինչև օգոստոսի 12-ը նիստեր էր գումարել պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին կոնվենցիա մշակելու նպատակով, կնքեցին հետևյալ համաձայնագիրը.

 

Մաս 1

Ընդհանուր դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 1

Կոնվենցիայի պահպանումը

 

Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են ցանկացած հանգամանքներում պահպանել և ստիպել պահպանելու սույն Կոնվենցիան:

 

ՀՈԴՎԱԾ 2

Կոնվենցիայի կիրառումը

 

Բացի այն որոշումներից, որոնք պետք է ուժի մեջ մտնեն դեռևս խաղաղ ժամանակ, սույն Կոնվենցիան կկիրառվի հայտարարված պատերազմի կամ ցանկացած այլ զինված ընդհարման դեպքում, որ ծագում է երկու կամ մի քանի բարձր պայմանավորվող կողմերի միջև, անգամ եթե դրանցից մեկը չի ընդունում պատերազմական վիճակը:

Կոնվենցիան կկիրառվի նաև բարձր պայմանավորվող կողմի ամբողջ տարածքի կամ դրա մի մասի գրավման բոլոր դեպքերում, անգամ եթե այդ գրավումը ոչ մի զինված դիմադրության չհանդիպի:

Եթե ընդհարման մեջ գտնվող տերություններից մեկը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակից, այդ կոնվենցիայի մասնակից տերություններն իրենց փոխհարաբերություններում, այնուամենայնիվ, մնում են կոնվենցիայով կապված: Դրանից բացի, դրանք կոնվենցիայով կապված կլինեն վերը նշված տերության վերաբերմամբ, եթե վերջինս ընդունում և կիրառում է կոնվենցիայի դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 3

Միջազգային բնույթ չկրող ընդհարումները

 

Միջազգային բնույթ չկրող և բարձր պայմանավորվող կողմերից մեկի տարածքում ծագող զինված ընդհարման դեպքում, ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ պարտավոր է առնվազն կիրառել հետևյալ դրույթները.

1. Այն անձինք, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, ներառյալ զինված ուժերի կազմից այն անձինք, ովքեր զենքը վայր են դրել, ինչպես նաև նրանք, ովքեր դադարել են ռազմական գործողություններին մասնակցել` հիվանդության, վիրավորվելու, ձերբակալվելու կամ ցանկացած այլ պատճառով, պետք է բոլոր հանգամանքներում օգտվեն մարդասիրական վերաբերմունքից` առանց ռասայի, մաշկի գույնի, կրոնի կամ հավատի, սեռի, ծագման կամ գույքային դրության կամ ցանկացած համանման այլ չափանիշների պատճառներով որևէ աննպաստ տարբերակման:

Այդ նպատակով վերը նշված անձանց նկատմամբ արգելվում են և մշտապես ու ամենուրեք կարգելվեն հետևյալ գործողությունները.

ա) կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության դեմ ուղղված ոտնձգությունը, մասնավորապես, բոլոր տեսակի սպանությունները, խեղումները, դաժան վերաբերմունքը, տանջահարությունը և խոշտանգումները,

բ) պատանդ վերցնելը,

գ) անձի արժանապատվության դեմ ուղղված ոտնձգությունը, մասնավորապես, վիրավորական և նվաստացուցիչ վերաբերմունքը,

դ) դատապարտումը և պատժի կիրառումը` առանց քաղաքակիրթ ազգերի կողմից անհրաժեշտ ճանաչված դատական երաշխիքների առկայությամբ պատշաճ կերպով կազմված դատարանի կայացրած նախնական դատական որոշման:

5. Վիրավորներին և հիվանդներին կհավաքեն, և նրանց ցույց կտրվի օգնություն:

Որևէ անկողմնակալ մարդասիրական կազմակերպություն, ինչպես, օրինակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, կարող է իր ծառայություններն առաջարկել ընդհարման մեջ գտնվող կողմերին:

Դրանից բացի, ընդհարման մեջ գտնվող կողմերը կձգտեն հատուկ համաձայնագրերի միջոցով գործողության մեջ դնել սույն Կոնվենցիայի բոլոր մնացյալ դրույթները կամ դրանց մի մասը:

Նախորդ դրույթների կիրառումը չի շոշափի ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավական կարգավիճակը:

 

ՀՈԴՎԱԾ 4

Հովանավորվող անձանց սահմանումը

 

Սույն Կոնվենցիայի պաշտպանության տակ են այն անձինք, որոնք ինչ-որ պահի և ինչ-որ ձևով ընդհարման կամ գրավման դեպքում հայտնվել են ընդհարման մեջ գտնվող կողմի կամ գրավող այն տերության իշխանության ներքո, որի քաղաքացիները չեն հանդիսանում:

Սույն Կոնվենցիայով չկապված որևէ պետության քաղաքացիները չեն գտնվում կոնվենցիայի պաշտպանության տակ: Որևէ չեզոք պետության քաղաքացիները, որոնք գտնվում են պատերազմող պետություններից մեկի տարածքում, և պատերազմող որևէ պետության քաղաքացիները, չեն դիտվի որպես հովանավորվող անձինք այնքան ժամանակ, քանի դեռ այն պետությունը, որի քաղաքացիներն են նրանք հանդիսանում, նորմալ դիվանագիտական ներկայացուցչություն ունի այն պետությանն առընթեր, որի իշխանության տակ են նրանք գտնվում:

Սակայն 2-րդ բաժնի դրույթներն ունեն կիրառման` 13 հոդվածով սահմանված առավել լայն դաշտ:

Այն անձինք, որոնք գտնվում են «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի, կամ «Ծովում զինված ուժերի կազմից վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների վիճակի բարելավման մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի, կամ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի պաշտպանության տակ, չեն դիտվի որպես սույն Կոնվենցիայի իմաստով հովանավորվող անձինք:

 

ՀՈԴՎԱԾ 5

Հովանավորությունից զրկումը

 

Եթե ընդհարման մեջ գտնվող կողմը լուրջ հիմքեր ունի ենթադրելու, որ իր տարածքում որևէ առանձին անձ, որը գտնվում է կոնվենցիայի հովանավորության տակ, օրինական հիմունքներով կասկածվում է այդ պետության անվտանգության դեմ թշնամական գործողության մեջ, կամ երբ այդ գործունեությունը հիրավի հաստատված է, այդպիսի անձն իրավունք չունի հավակնելու սույն Կոնվենցիայով տրամադրվող այնպիսի իրավունքների և արտոնությունների, որոնք վնաս կհասցնեին այդ պետության անվտանգությանը, եթե դրանք տրվեին տվյալ անձին:

Եթե Կոնվենցիայի հովանավորության տակ գտնվող առանձին անձը գրավյալ տարածքում բռնվել է որպես լրտես կամ դիվերսանտ կամ օրինական հիմունքներով կասկածվում է գրավող տերության անվտանգությանը սպառնացող գործողության մեջ, այն դեպքերում, երբ դա պահանջում են ռազմական անվտանգության անհրաժեշտ նկատառումները, տվյալ անձը կարող է զրկվել կապի այն իրավունքներից, որոնք տրամադրվում են սույն Կոնվենցիայով:

Վերը թվարկված յուրաքանչյուր դեպքում նախորդ պարբերություններում նախատեսված անձինք, սակայն, կօգտվեն մարդասիրական վարվելակերպից և դատական հետապնդման դեպքում չեն զրկվի արդարացի և նորմալ դատի իրենց իրավունքներից, որ նախատեսված է սույն Կոնվենցիայով: Նրանց նաև հնարավոր կարճ ժամկետում` հաշվի առնելով պետության կամ, համապատասխան դեպքում, գրավող տերության անվտանգությունը, լրիվ կտրամադրվեն այն իրավունքներն ու արտոնությունները, որոնք հատկացվում են հովանավորվող անձին` սույն Կոնվենցիայի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 6

Կիրառման սկիզբն ու ավարտը

 

Սույն Կոնվենցիան կկիրառվի 2 հոդվածում հիշատակված ամեն ընդհարման կամ գրավման սկզբից:

Ընդհարման մեջ գտնվող կողմերի տարածքում Կոնվենցիայի կիրառումը դադարում է ռազմական գործողությունների ընդհանուր ավարտից հետո:

Գրավյալ տարածքում սույն Կոնվենցիայի կիրառումը դադարում է ռազմական գործողությունների ընդհանուր ավարտից մեկ տարի անց, սակայն գրավող տերությունն այնչափ, որչափ նա այդ տարածքում իրականացնում է կառավարության գործառույթներ, գրավման ժամանակաշրջանում կապված կլինի սույն Կոնվենցիայի հետևյալ հոդվածների դրույթներով. 1-12, 27, 29-34, 47, 49, 51, 52, 53, 59, 61-77 և 143:

Հովանավորվող անձինք, որոնց ազատումը, հայրենադարձությունը կամ տեղավորումը տեղի կունենան այդ ժամկետներից հետո, այդ ընթացքում կմնան սույն Կոնվենցիայի պաշտպանության տակ:

 

ՀՈԴՎԱԾ 7

Հատուկ համաձայնագրերը

 

11, 14, 15, 17, 36, 108, 109, 132, 133 և 149 հոդվածներով հատուկ նախատեսված համաձայնագրերից բացի, բարձր պայմանավորվող կողմերը կարող են կնքել այլ հատուկ համաձայնագրեր որևէ հարցի առնչությամբ, որ նրանք նպատակահարմար կգտնեն կարգավորել առանձին: Ոչ մի հատուկ համաձայնագիր չի կարող վնաս հասցնել հովանավորվող անձանց այն վիճակին, որը սահմանված է սույն Կոնվենցիայով, ոչ էլ սահմանափակել այն իրավունքները, որոնք Կոնվենցիան նրանց տրամադրում է:

Հովանավորվող անձինք շարունակում են օգտվել այդ համաձայնագրերի արտոնություններից այն ամբողջ ընթացքում, քանի դեռ նրանց նկատմամբ կկիրառվի Կոնվենցիան, բացառությամբ վերը հիշատակված և ավելի ուշ կնքված համաձայնագրերի մեջ հակառակ բնույթի հատուկ մտցված դրույթների, կամ ընդհարման մեջ գտնվող այս կամ այն կողմի` նրանց նկատմամբ կիրառած առավել նպաստավոր միջոցառումների:

 

ՀՈԴՎԱԾ 8

Իրավունքների անօտարելիությունը

 

Հովանավորվող անձինք ոչ մի դեպքում չեն կարող մասնակիորեն կամ լրիվ հրաժարվել այն իրավունքներից, որոնք նրանց համար ապահովում են սույն Կոնվենցիան և նախորդ հոդվածում նախատեսված հատուկ համաձայնագրերը, եթե այդպիսիք գոյություն ունեն:

 

ՀՈԴՎԱԾ 9

Հովանավոր տերությունները

 

Սույն Կոնվենցիան կկիրառվի այն հովանավոր տերությունների աջակցությամբ և վերահսկողության ներքո, որոնց վրա դրված է ընդհարման մեջ գտնվող կողմերի շահերի պաշտպանությունը: Դրա համար հովանավոր տերությունները կարող են, բացի իրենց դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմից, իրենց սեփական քաղաքացիների կամ այլ չեզոք տերությունների քաղաքացիների թվից նշանակել պատվիրակներ: Այդ պատվիրակների նշանակման համար պետք է ստացվի այն տերության համաձայնությունը, որին առընթեր նրանք պետք է կատարեն իրենց առաքելությունը:

Ընդհարման մեջ գտնվող կողմերն առավելագույն հնարավորության սահմաններում կդյուրացնեն հովանավոր տերությունների ներկայացուցիչների կամ պատվիրակների աշխատանքը:

Հովանավոր տերությունների ներկայացուցիչները կամ պատվիրակները ոչ մի դեպքում չպետք է դուրս գան իրենց այն առաքելության շրջանակներից, որը սահմանված է սույն Կոնվենցիայով. նրանք պետք է, մասնավորապես, ուշադրության առնեն այն պետության անվտանգության անհետաձգելի կարիքները, որին առընթեր կատարում են իրենց գործառույթները:

 

ՀՈԴՎԱԾ 10

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը

 

Սույն Կոնվենցիայի դրույթները չեն խոչընդոտում այն մարդասիրական գործողությունները, որոնք Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կամ ցանկացած այլ անաչառ մարդասիրական կազմակերպություն կձեռնարկեն` քաղաքացիական անձանց պաշտպանելու և նրանց օգնություն ցույց տալու` ընդհարման մեջ գտնվող շահագրգիռ կողմերի համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 11

Հովանավոր տերությունների փոխարինորդները

 

Բարձր պայմանավորվող կողմերը ցանկացած ժամանակ կարող են համաձայնության գալ այն մասին, որպեսզի անաչառության և արդյունավետության լիակատար երաշխիք ներկայացնող որևէ կազմակերպության վստահեն սույն Կոնվենցիայով հովանավոր տերությունների վրա դրվող պարտականությունները:

Եթե հովանավորվող անձանց վրա չի տարածվում կամ ինչ-որ պատճառով դադարել է տարածվել որևէ հովանավոր տերության կամ կազմակերպության գործունեությունը, որ նախատեսված է առաջին պարբերության մեջ, ապա այն տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, պետք է դիմի կամ որևէ չեզոք պետության կամ նման կազմակերպության` խնդրելով ստանձնել այն գործառույթները, որոնք սույն Կոնվենցիային համապատասխան կատարվում են ընդհարման մեջ գտնվող կողմերի նշանակած հովանավոր տերությունների կողմից:

Եթե չի հաջողվում նշված ձևով հովանավորություն իրականացնել, ապա տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, պետք է խնդրանքով դիմի որևէ մարդասիրական կազմակերպության, ինչպիսին է, օրինակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` կատարելու սույն Կոնվենցիայով հովանավոր տերությունների վրա դրված մարդասիրական պարտականությունները, կամ, սույն հոդվածի դրույթների հաշվառմամբ, ընդունի այդպիսի կազմակերպության` ծառայություն ցուցաբերելու առաջարկությունը:

Յուրաքանչյուր չեզոք տերություն, կամ շահագրգիռ տերության կողմից հրավիրված կամ այդ նպատակներով իրեն առաջարկած յուրաքանչյուր կազմակերպություն պետք է գործի ընդհարման մեջ գտնվող այն կողմի նկատմամբ պատասխանատվության գիտակցումով, որի մոտ գտնվում են սույն Կոնվենցիայի պաշտպանությունից օգտվող անձինք, և տրամադրի բավարար երաշխիքներ, որ ինքն ի վիճակի է ստանձնել համապատասխան գործառույթներ և դրանք կատարել անաչառ կերպով:

Նախորդ դրույթները չեն կարող խախտվել տերությունների միջև կնքված հատուկ համաձայնագրերով, եթե այդ տերություններից մեկը, անգամ ժամանակավորապես, պատերազմական իրադրության բերումով, մյուս տերության կամ նրա դաշնակիցների հետ ազատորեն բանակցություններ վարելու իր հնարավորություններում սահմանափակված է, հատկապես այն դեպքերում, երբ տվյալ տերության ամբողջ տարածքը կամ դրա մի զգալի մասը գրավված է:

Ամեն անգամ, երբ սույն Կոնվենցիայում հիշատակվում է հովանավոր տերություն, այդ անվանումը, սույն հոդվածի համաձայն, նշանակում է նաև փոխարինող կազմակերպություններ:

Սույն հոդվածի դրույթները կտարածվեն և կկիրառվեն չեզոք պետության այն քաղաքացիների նկատմամբ, որոնք գտնվում են գրավյալ կամ պատերազմող այն տերության տարածքում, որին առընթեր տվյալ պետությունը, որի քաղաքացիներն են նրանք հանդիսանում, չունի նորմալ դիվանագիտական ներկայացուցչություն:

 

ՀՈԴՎԱԾ 12

Տարաձայնությունների կարգավորման գործընթացը

 

Բոլոր դեպքերում, երբ նրանք դա օգտակար կհամարեն ի շահ հովանավորվող անձանց, մասնավորապես, սույն Կոնվենցիայի դրույթների կիրառման կամ մեկնաբանման առթիվ ընդհարման մեջ գտնվող կողմերի միջև տարաձայնությունների ծագման դեպքում, հովանավոր տերություններն իրենց բարի ծառայությունները կմատուցեն` տարաձայնությունը կարգավորելու նպատակով:

Այդ նպատակով հովանավոր տերություններից յուրաքանչյուրը, կողմերից որևէ մեկի խնդրանքով կամ սեփական նախաձեռնությամբ, կարող է ընդհարման մեջ գտնվող կողմերին առաջարկել պատշաճ կերպով ընտրված, հնարավոր չեզոք տարածքում կազմակերպելու դրանց ներկայացուցիչների, և մասնավորապես, այն իշխանությունների ներկայացուցիչների խորհրդակցություն, որոնց վրա է դրված հովանավորվող անձանց վիճակի նկատմամբ հոգատարությունը:

Ընդհարման մեջ գտնվող կողմերը պարտավոր են ընթացք տալ այն առաջարկություններին, որոնք այդ առումով նրանց կարվեն: Անհրաժեշտության դեպքում հովանավոր տերությունները կարող են ընդհարման մեջ գտնվող կողմերի հավանությանը ներկայացնել չեզոք տերությանը պատկանող կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից որպես պատվիրակ ուղարկված անձին, որը կհրավիրվի մասնակցելու այդ խորհրդակցությանը:

 

Մաս 2

Պատերազմի որոշ հետևանքներից բնակչության պաշտպանության մասին

ընդհանուր դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 13

Մաս 2-ի կիրառման ոլորտը

 

Սույն մասի դրույթները վերաբերում են ընդհարման մեջ գտնվող կողմերի ամբողջ բնակչությանը` առանց որևէ խտրականության, մասնավորապես, ռասայի, ազգության, կրոնի կամ քաղաքական համոզմունքների պատճառներով, և պետք է նպաստեն պատերազմի հետևանքով առաջացած տառապանքների մեղմացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 14

Սանիտարական և անվտանգ գոտիներն ու վայրերը

 

Դեռևս խաղաղ ժամանակ բարձր պայմանավորվող կողմերը, իսկ ռազմական գործողություններն սկսելուց հետո` ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են իրենց սեփական տարածքում, իսկ անհրաժեշտության դեպքում` գրավյալ տարածքներում ստեղծել այնպես կազմակերպված սանիտարական և անվտանգ գոտիներ ու վայրեր, որպեսզի պատերազմի գործողություններից պատսպարեն վիրավորներին և հիվանդներին, հաշմանդամներին, զառամյալներին, մինչև 15 տարեկան երեխաներին, հղի կանանց և մինչև 7 տարեկան երեխաներ ունեցող մայրերին:

Ընդհարման հենց սկզբից և դրա ամբողջ ընթացքում շահագրգիռ կողմերը կարող են համաձայնագրեր կնքել իրենց կողմից ստեղծված գոտիների և վայրերի փոխադարձ ճանաչման մասին: Այդ նպատակով նրանք կարող են օգտագործել սույն Կոնվենցիային առընթեր համաձայնագրի նախագծի դրույթները` դրա մեջ մտցնելով այնպիսի փոփոխություններ, որ անհրաժեշտ կհամարեն:

Հովանավոր տերություններին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կոչ է արվում նպաստելու այդ սանիտարական գոտիների և վայրերի ստեղծման և ճանաչման դյուրացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 15

Չեզոքացված գոտիները

 

Ընդհարման մեջ գտնվող ցանկացած կողմ կամ անմիջականորեն, կամ չեզոք տերության կամ մարդասիրական կազմակերպության միջոցով կարող է դիմել հակառակորդ կողմին` առաջարկելով մարտեր տեղի ունեցող շրջաններում ստեղծել չեզոք գոտիներ` նախատեսված մարտերի հետ կապված վտանգներից պաշտպանելու հետևյալ անձանց` առանց նրանց միջև որևէ տարբերություն դնելու.

ա) հիվանդ և վիրավոր մարտիկներին և ոչ մարտիկներին.

բ) ռազմական գործողություններին չմասնակցող և այդ գոտիներում գտնվելու ժամանակ ռազմական բնույթի ոչ մի աշխատանք չկատարող քաղաքացիական անձանց:

Հենց որ ընդհարման մեջ գտնվող կողմերը պայմանավորվեն նախատեսող չեզոքացված գոտու տեղակայման, ղեկավարման, մատակարարման և վերահսկողության շուրջ, գրավոր համաձայնագիր կկազմվի և կստորագրվի ընդհարման մեջ գտնվող կողմերի ներկայացուցիչների կողմից: Այդ համաձայնագիրը կսահմանի այդ գոտու չեզոքացման սկիզբը և տևողությունը:

 

ՀՈԴՎԱԾ 16

Վիրավորներն ու հիվանդները: I. Ընդհանուր պաշտպանությունը

 

Վիրավորները և հիվանդները, ինչպես նաև հաշմանդամները և հղի կանայք կօգտվեն հատուկ պաշտպանությունից և հարգանքից:

Որքան հնարավորություն են տալիս ռազմական պահանջները, ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ կնպաստի սպանվածներին և վիրավորներին փնտրելու, նավաբեկյալներին և լուրջ վտանգի ենթարկվող այլ անձանց օգնություն ցույց տալու, ինչպես նաև կողոպուտից և անվայել վերաբերմունքից նրանց պաշտպանելու միջոցառումներին:

 

ՀՈԴՎԱԾ 17

II. Տարահանումը

 

Ընդհարման մեջ գտնվող կողմերը կձգտեն կնքել տեղական համաձայնագրեր` պաշարված կամ շրջապատված գոտուց վիրավորներին և հիվանդներին, հաշմանդամներին, զառամյալներին, երեխաներին և ծննդկան կանանց դուրս բերելու և բոլոր դավանանքների պաշտամունքի սպասավորներին, սանիտարական անձնակազմին և սանիտարական գույքը այդ գոտի մուտք գործելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 18

III. Հիվանդանոցների պաշտպանությունը

 

Վիրավորներին, հիվանդներին, հաշմանդամներին և ծննդկան կանանց օգնություն ցույց տալու համար կազմակերպված քաղաքացիական հիվանդանոցները ոչ մի պարագայում չեն կարող լինել հարձակման օբյեկտ, այլ մշտապես կօգտվեն ընդհարման մեջ գտնվող կողմերի հարգանքից և պաշտպանությունից:

Ընդհարման մեջ գտնվող կողմեր հանդիսացող պետությունները բոլոր քաղաքացիական հիվանդանոցները կապահովեն վկայականներով, որոնցում կնշվի, որ դրանք հանդիսանում են քաղաքացիական հիվանդանոցներ, և որ նրանց կողմից զբաղեցրած շենքերը չեն օգտագործվում որևէ այնպիսի նպատակներով, որոնք, 19 հոդվածին համաձայն, այդ հիվանդանոցները կարող են զրկել հովանավորությունից:

Պետության թույլտվությամբ քաղաքացիական հիվանդանոցները կարող են նշվել «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 38 հոդվածով նախատեսված խորհրդանշանով:

Ընդհարման մեջ գտնվող կողմերը, որքան թույլ են տալիս ռազմական պահանջները, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն` հակառակորդի ցամաքային, օդային և ծովային ուժերի համար պարզորոշ դարձնելու քաղաքացիական հիվանդանոցներ նշող տարբերիչ խորհրդանշանները` վերացնելու համար որևէ ագրեսիվ գործողության հնարավորությունը:

Նկատի ունենալով այն վտանգը, որին կարող են ենթարկվել հիվանդանոցները ռազմական օբյեկտներին մոտ լինելու հետևանքով, հարկ է հետևել, որպեսզի դրանք այդպիսի օբյեկտներից հնարավորին չափ հեռու տեղակայվեն:

 

ՀՈԴՎԱԾ 19

IV. Հիվանդանոցների պաշտպանության դադարեցումը

 

Հովանավորությունը, որից օգտվելու իրավունք ունեն քաղաքացիական հիվանդանոցները, կարող է դադարել միայն այն ժամանակ, եթե դրանք օգտագործվում են ոչ միայն մարդասիրական նպատակներով, այլև այնպիսի գործողությունների համար, որոնք ուղղված են հակառակորդի դեմ: Հովանավորությունը, սակայն, բոլոր անհրաժեշտ դեպքերում դադարում է միայն համապատասխան նախազգուշացումից հետո, որը սահմանում է խելամիտ ժամկետ և արդյունք չի տալիս:

Հակառակորդի դեմ ուղղված գործողություն չի դիտվի այդ հիվանդանոցներում զինվորական վիրավորների և հիվանդների բուժումը կամ նրանցում այդ զինվորականներից վերցրած և դեռևս համապատասխան մարմնին չհանձնած անձնական զենքի և զինամթերքի առկայությունը:

 

ՀՈԴՎԱԾ 20

V. Հիվանդանոցների անձնակազմը

 

Կանոնավորապես և բացառապես քաղաքացիական հիվանդանոցների սպասարկմամբ և դրանց կառավարմամբ զբաղվող անձինք, ներառյալ այն անձնակազմը, որը նախատեսված է քաղաքացիական անձանց թվից վիրավորների և հիվանդների, հաշմանդամների և ծննդկան կանանց որոնելու, հավաքելու, տեղափոխելու և բուժելու համար, պետք է օգտվեն հարգանքից և հովանավորությունից:

Գրավյալ տարածքում և ռազմական գործողությունների գոտում այդ անձնակազմը պետք է ճանաչվի նրա կարգավիճակը հավաստող ինքնության վկայականների օգնությամբ` տիրոջ լուսանկարով և պատասխանատու իշխանությունների ուռուցիկ կնիքով հանդերձ, ինչպես նաև, պաշտոնական ծառայությունները կատարելիս` խոնավությունից չփչացող, ձախ թևին կապվող կնքված թևկապի օգնությամբ: Այդ թևկապը կտրվի պետության կողմից և կունենա այն խորհրդանշանը, որ նախատեսված է «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 38 հոդվածով:

Ցանկացած այլ անձնակազմ, որն զբաղվում է քաղաքացիական հիվանդանոցների սպասարկմամբ և կառավարմամբ, կարժանանա հարգանքի և հովանավորության և, ինչպես նախատեսված է վերը, և սույն հոդվածում նշված պայմաններին համապատասխան, թևկապ կրելու իրավունք կունենա այնքան ժամանակ, քանի դեռ օգտագործվում է այդպիսի պարտականությունների կատարման համար: Նրան պատկանող ինքնության վկայականի մեջ նշվում են այն պարտականությունները, որ դրված են նրա վրա:

Յուրաքանչյուր քաղաքացիական հիվանդանոցի տնօրինություն մշտապես իր երկրի կամ գրավող իշխանությունների տրամադրության տակ կդնի տվյալ պահին հիվանդանոցի անձնակազմի ցուցակը:

 

ՀՈԴՎԱԾ 21

VI. Ցամաքով և ծովով փոխադրումները

 

Քաղաքացիական անձանց թվից վիրավորների և հիվանդների, հաշմանդամների և ծննդկան կանանց փոխադրումը, որ ցամաքում կատարվում է տրանսպորտային շարասյուներով և սանիտարական գնացքներով կամ ծովում` նման փոխադրման համար նախատեսված նավերով, պետք է օգտվի նույնպիսի հարգանքից և հովանավորությունից, ինչպես 18 հոդվածում նշված հիվանդանոցները. պետության համաձայնությամբ, դրանք պետք է նշվեն տարբերիչ այն խորհրդանշանով, որ նախատեսվում է «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 38 հոդվածով:

 

ՀՈԴՎԱԾ 22

VII. Օդային փոխադրումները

 

Թռչող ապարատները, որոնք բացառապես օգտագործվում են քաղաքացիական անձանց թվից վիրավորների և հիվանդների, հաշմանդամների և ծննդկան կանանց փոխադրման կամ սանիտարական անձնակազմի և գույքի փոխադրման համար, չպետք է ենթարկվեն հարձակման, այլ պետք է հարգվեն այն դեպքում, եթե դրանք թռչեն այն բարձրությամբ, ժամերին և չվերթերով, որոնք հատուկ համաձայնեցվել են ընդհարման մեջ գտնվող բոլոր շահագրգիռ կողմերի միջև կնքված համաձայնագրերով:

Դրանք կարող են նշվել այն տարբերիչ խորհրդանշանով, որ նախատեսվում է «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 38 հոդվածով:

Հակառակ բնույթի համաձայնագրերի դեպքերից բացի, թռիչքը հակառակորդի կամ հակառակորդի կողմից գրավված տարածքով արգելվում է:

Այդպիսի թռչող ապարատները պետք է ենթարկվեն վայր իջնելու մասին ցանկացած պահանջի: Պահանջով վայրէջք կատարելու դեպքում թռչող ապարատն իր ուղևորներով հանդերձ կարող է թռիչքը շարունակել ստուգումից հետո, եթե այդպիսին տեղի ունենա:

 

ՀՈԴՎԱԾ 23

Դեղամիջոցների, սննդամթերքի և հագուստների առաքումը

 

Յուրաքանչյուր բարձր պայմանավորվող կողմ թույլ կտա ազատ անցկացնել բժշկական և սանիտարական նյութեր, ինչպես նաև կատարել մեկ այլ պայմանավորվող կողմի` միայն քաղաքացիական բնակչության համար նախատեսվող` կրոնական պաշտամունքի համար անհրաժեշտ առարկաների առաքումներ, եթե անգամ այդ պայմանավորվող կողմը հանդիսանում է հակառակորդ: Նա ազատ անցում կթույլատրի նաև մինչև 15 տարեկան երեխաների, հղի և ծննդկան կանանց համար նախատեսված անհրաժեշտ սննդամթերք, հագուստ և կազդուրիչ միջոցներ պարունակող բոլոր ծանրոցներին:

Նախորդ պարբերության մեջ նշված բոլոր ծանրոցներին ազատ անցում տրամադրելու` պայմանավորվող կողմի պարտավորությունը կախված է նրանից, թե տվյալ կողմը հավաստիացել է, որ լուրջ պատճառներ չկան երկյուղելու`

ա) թե ծանրոցները կարող են ընկնել ոչ ըստ պատկանելության,

բ) թե վերահսկողությունը կարող է լինել ոչ արդյունավետ,

գ) թե հակառակորդն ակնհայտ ռազմական և տնտեսական առավելություն կստանա` դրանցով փոխարինելով այն ապրանքները, որոնք այլ դեպքերում ինքը պետք է ապահովեր կամ արտադրեր, կամ այդ ապրանքների արտադրության համար տրամադրեր հումք, նյութեր և բանվորական ուժ:

Սույն հոդվածի առաջին պարբերության մեջ նշված ծանրոցների ազատ անցումը թույլատրած տերությունը կարող է իր թույլտվության համար պայման դնել, որպեսզի դրանց բաշխումը տեղում կատարվի հովանավոր տերությունների հսկողության ներքո:

Այդ ծանրոցների առաքումը պետք է կատարվի որքան հնարավոր է արագ, և այն տերությունը, որը թույլատրում է դրանց ազատ անցումը, պետք է իրավունք ունենա սահմանելու տեխնիկական պայմաններ, որոնց դեպքում այն թույլատրվում է:

 

ՀՈԴՎԱԾ 24

Երեխաների պաշտպանությանն ուղղված հատուկ միջոցները

 

Ընդհարման մեջ գտնվող կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի պատերազմի հետևանքով որբացած կամ իրենց ընտանիքներից անջատված մինչև 15 տարեկան երեխաները չթողնվեն ինքնահոսի, և որպեսզի բոլոր հանգամանքներում դյուրացվի նրանց ապրուստը, կրոնական պարտականությունների կատարումը և դաստիարակությունը: Նրանց դաստիարակությունը, եթե դա հնարավոր է, կհանձնարարվի միևնույն մշակութային ավանդույթներ ունեցող մարդկանց:

Ընդհարման մեջ գտնվող կողմերը կնպաստեն ընդհարման ընթացքում այդ երեխաների ընդունմանը չեզոք երկրում` հովանավոր տերության, եթե այդպիսին գոյություն ունի, համաձայնությամբ և այն բանի երաշխիքով, որ կպահպանվեն առաջին պարբերության մեջ շարադրված սկզբունքները:

Դրանից բացի, նրանք կձգտեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի մինչև 12 տարեկան բոլոր երեխաների ինքնությունը պարզվի ճանաչման մեդալիոնի օգնությամբ կամ ցանկացած այլ միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 25

Ընտանեկան բնույթի տեղեկությունները

 

Ընդհարման մեջ գտնվող կողմի կամ նրա կողմից գրավված տարածքում գտնվող յուրաքանչյուր ոք իր ընտանիքի անդամներին, որտեղ էլ նրանք գտնվելիս լինեն, կարող է հաղորդել, ինչպես նաև նրանցից ստանալ զուտ ընտանեկան բնույթի տեղեկություններ: Այդ գրագրությունը պետք է ուղարկվի արագ և առանց չարդարացված հապաղման:

Եթե ստեղծված հանգամանքների հետևանքով ընտանեկան նամակագրության փոխանակումը սովորական փոստային ճանապարհով դժվարացել է կամ դարձել անհնարին, ապա ընդհարման մեջ գտնվող շահագրգիռ կողմերը կդիմեն չեզոք միջնորդի, ինչպես, օրինակ, 140 հոդվածում նախատեսված կենտրոնական գործակալությանը, որպեսզի նրա հետ պարզեն, թե ինչ ձևով լավագույնս ապահովեն իրենց պարտականությունների կատարումը, մասնավորապես, Կարմիր խաչի (Կարմիր մահիկի, Կարմիր առյուծի և արևի) ազգային ընկերությունների օգնությամբ:

Եթե ընդհարման մեջ գտնվող կողմերն անհրաժեշտ համարեն սահմանափակել ընտանեկան նամակագրությունը, նրանք ամենաշատը կարող են պարտադրել օգտագործելու տիպային բլանկներ, որոնց վրա կարելի է գրել 25 բառանի ցանկացած տեքստ և այդպիսի բլանկների առաքումը սահմանել ամիսը մեկ հատ:

 

ՀՈԴՎԱԾ 26

Անջատված ընտանիքները

 

Ընդհարման մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը կդյուրացնի պատերազմի հետևանքով անջատված ընտանիքների անդամների կողմից միմյանց հետ կապ հաստատելու և, եթե դա հնարավոր է, վերամիավորվելու նպատակով կատարվող որոնումները: Նա, մասնավորապես, կնպաստի այն կազմակերպությունների գործունեությանը, որոնք իրենց նվիրում են այդ գործին, պայմանով, որ դրանք ստանան այդ տերության համաձայնությունը և ենթարկվեն նրա կողմից ընդունված անվտանգության միջոցներին:

 

Մաս 3

Հովանավորվող անձանց կարգավիճակը և նրանց նկատմամբ վարվելակերպը

 

Բաժին 1
Ընդհարման մեջ գտնվող կողմերի տարածքների և գրավյալ տարածքների համար ընդհանուր դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 27

Վարվելակերպը: I. Ընդհանուր դրույթներ

 

Հովանավորվող անձինք ցանկացած հանգամանքներում ունեն իրենց անձի, պատվի, ընտանեկան իրավունքների, կրոնական համոզմունքների և ծիսակատարությունների, սովորությունների և ավանդույթների նկատմամբ հարգանքի իրավունք: Նրանց հետ մշտապես կվարվեն մարդասիրաբար, և, մասնավորապես, նրանց կպաշտպանեն բռնության կամ ահաբեկման, ամբոխի կողմից վիրավորանք և հետաքրքրասիրություն ցուցաբերելու ցանկացած գործողություններից:

Կանայք հատուկ կպաշտպանվեն իրենց պատվի նկատմամբ ամեն տեսակի ոտնձգություններից, մասնավորապես, բռնաբարությունից, պոռնկության դրդելուց կամ նրանց բարոյականության նկատմամբ ցանկացած այլ ոտնձգությունից:

Առողջական վիճակին, տարիքին և սեռին վերաբերող դրույթների հաշվառմամբ` ընդհարման մեջ գտնվող կողմը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, նրանց բոլորի հետ կվարվի միատեսակ, առանց որևէ խտրականության, մասնավորապես, ռասայի, կրոնի կամ քաղաքական համոզմունքների պատճառներով:

Սակայն ընդհարման մեջ գտնվող կողմերն այդ անձանց վերաբերմամբ կարող են ձեռնարկել վերահսկողության և անվտանգության ապահովման այնպիսի միջոցներ, որոնց անհրաժեշտությունը կծագի պատերազմի հետևանքով:

 

ՀՈԴՎԱԾ 28

II. Վտանգավոր գոտիները

 

Հովանավորվող ոչ մի անձ չի կարող օգտագործվել` որևէ կետ կամ շրջան իր ներկայությամբ ռազմական գործողություններից պաշտպանելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 29

III. Պատասխանատվությունը

 

Ընդհարման մեջ գտնվող կողմը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, պատասխանատու է նրանց հետ իր ներկայացուցիչների վարվելակերպի համար, ընդսմին, դա չի վերացնում այդ ներկայացուցիչների անձնական պատասխանատվությունը:

 

ՀՈԴՎԱԾ 30

Հովանավոր տերություններին և օգնության կազմակերպություններին դիմելը

 

Հովանավորվող անձանց կտրվեն բոլոր հնարավորությունները` դիմելու հովանավոր տերություններին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, այն երկրի Կարմիր խաչի (Կարմիր մահիկի, Կարմիր առյուծի և արևի) ազգային ընկերությանը, որտեղ նրանք գտնվում են, ինչպես նաև ցանկացած կազմակերպության, որը նրանց կարող է օգնություն ցույց տալ:

Իշխանություններն այդ զանազան կազմակերպություններին դրա համար կտան բոլոր հնարավորություններն այն սահմաններում, որ թույլ են տալիս ռազմական պահանջները և անվտանգության նկատառումները:

Բացի հովանավոր տերությունների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակների այցելություններից, որոնք նախատեսված են 143 հոդվածով, այն տերությունները, որոնց իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, կամ գրավող տերությունները կնպաստեն, որքան հնարավոր է, այլ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից հովանավորվող անձանց այցելություններին, որոնց նպատակն է վերջիններիս հոգևոր և նյութական օգնություն ցույց տալը:

 

ՀՈԴՎԱԾ 31

Հարկադրանքի արգելումը

 

Ոչ մի ֆիզիկական կամ բարոյական բնույթի հարկադրանքի միջոց չպետք է կիրառվի հովանավորվող անձանց նկատմամբ, մասնավորապես, նրանցից կամ երրորդ անձանցից տեղեկություններ ստանալու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 32

Մարմնական պատիժների, խոշտանգումների արգելումը

 

Բարձր պայմանավորվող կողմերը հատուկ համաձայնում են, որ իրենց արգելվում է կիրառել որևէ միջոց, որը կարող է ֆիզիկական տառապանք պատճառել կամ հանգեցնել իրենց իշխանության տակ գտնվող հովանավորվող անձանց ոչնչացմանը: Այդ արգելքը տարածվում է ոչ միայն սպանության, խոշտանգումների, մարմնական պատիժների, խեղումների և հովանավորվող անձի բուժման անհրաժեշտությունից չբխող բժշկական ու գիտական փորձերի, այլև քաղաքացիական կամ զինվորական իշխանությունների ներկայացուցիչների կողմից բռնության որևէ այլ դրսևորման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 33

Անհատական պատասխանատվությունը, կոլեկտիվ պատիժները, կողոպուտը,

փոխճնշումները

 

Ոչ մի հովանավորվող անձ չի կարող պատժվել այնպիսի իրավախախտման համար, որն ինքն անձամբ չի գործել: Կոլեկտիվ պատիժները, ինչպես նաև ահաբեկման կամ տեռորի ամեն միջոց արգելվում են:

Կողոպուտն արգելվում է:

Հովանավորվող անձանց և նրանց ունեցվածքի նկատմամբ փոխճնշման միջոցներն արգելվում են:

 

ՀՈԴՎԱԾ 34

Պատանդները

 

Պատանդ վերցնելն արգելվում է:

 

Բաժին 2
Օտարերկրացիներն ընդհարման մեջ գտնվող կողմի տարածքում

 

ՀՈԴՎԱԾ 35

Տարածքը թողնելու իրավունքը

 

Ցանկացած հովանավորվող անձ, որը կցանկանա թողնել տարածքը ընդհարման սկզբում կամ դրա ժամանակ, իրավունք կունենա այդ անելու այն դեպքում, եթե նրա մեկնումը չի հակասում երկրի պետական շահերին: Մեկնելու մասին այդ անձի միջնորդության քննարկումը կատարվում է սահմանված կարգին համապատասխան, և որոշումը պետք է ընդունվի հնարավորին չափ արագ: Մեկնելու թույլտվություն ստացած անձը կարող է իր հետ վերցնել ճանապարհի համար անհրաժեշտ դրամ և իրերի ու անձնական օգտագործման առարկաների բավարար քանակ:

Այն անձինք, ում` տարածքը թողնելու թույլտվությունը մերժվել է, իրավունք կունենան այդ մերժումը կարճ ժամկետում վերանայելու համար դիմել դատարան կամ համապատասխան վարչական մարմին, որն այդ նպատակով նշանակում է այն տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք:

Եթե գոյություն ունի այդպիսի միջնորդություն, ապա հովանավոր տերության ներկայացուցիչները կարող են, այն դեպքում, եթե թույլ են տալիս անվտանգության նկատառումները, կամ, եթե շահագրգիռ անձինք չեն առարկում, ստանալ տարածքը թողնելու մասին ցանկացած միջնորդության վերաբերմամբ մերժման պատճառների հաղորդումը և, որքան հնարավոր է արագ, բոլոր այն անձանց ազգանունները, որոնց մեկնման թույլտվությունը մերժված է:

 

ՀՈԴՎԱԾ 36

Հայրենադարձության կարգը

 

Նախորդ հոդվածի համաձայն թույլատրված մեկնումները կկատարվեն անվտանգության, հիգիենայի, առողջության և սննդի առումով բավարար պայմաններում: Գերության մեջ պահող տերության տարածքը թողնելու պահից` բոլոր ծախսերը կկատարի այն երկիրը, ուր նրանք ուղևորվում են, կամ, չեզոք երկրում գտնվելու դեպքում` այն տերությունը, որի քաղաքացիներն են հանդիսանում տվյալ անձինք: Այդպիսի տեղափոխությունների գործնական պայմանները անհրաժեշտության դեպքում կսահմանվեն շահագրգիռ տերությունների միջև կնքված հատուկ համաձայնագրերով:

Վերը շարադրվածը չի վերաբերում այն հատուկ համաձայնագրերին, որոնք կարող են կնքվել ընդհարման մեջ գտնվող կողմերի միջև` հակառակորդի իշխանության տակ ընկած նրանց քաղաքացիների փոխանակման և հայրենադարձության հարցի շուրջ:

 

ՀՈԴՎԱԾ 37

Պահվող անձինք

 

Նախնական կալանք կրող կամ ազատազրկմամբ պատժի ենթարկված հովանավորվող անձանց հետ նրանց կալանքի ընթացքում հարկ է վերաբերվել մարդասիրաբար:

Ազատվելուց անմիջապես հետո նրանք կարող են, նախորդ հոդվածներին համապատասխան, տարածքը թողնելու թույլտվություն խնդրել:

 

ՀՈԴՎԱԾ 38

Չհայրենադարձված անձինք: I. Ընդհանուր դրույթներ

 

Բացառությամբ սույն Կոնվենցիայով և, մասնավորապես, 27 և 41 հոդվածներով նախատեսված հատուկ միջոցների, հովանավորվող անձանց վիճակը սկզբունքորեն կշարունակվի կարգավորվել խաղաղ ժամանակ օտարերկրացիների հետ վարվելակերպին վերաբերող կանոններով: Ամեն դեպքում` նրանց կտրամադրվեն հետևյալ իրավունքները.

1) Նրանք կարող են ստանալ իրենց ուղարկվող անհատական կամ կոլեկտիվ օգնությունը:

2) Նրանք կստանան բուժօգնություն և հիվանդանոցային բուժում նույն չափով, ինչ շահագրգիռ պետության քաղաքացիները, եթե դա պահանջում է նրանց առողջական վիճակը:

3) Նրանց կթույլատրվի իրականացնել իրենց կրոնական պարտականությունները և իրենց դավանանքի պաշտամունքի սպասավորներից ստանալ հոգևոր օգնություն:

4) Եթե նրանք ապրում են այնպիսի շրջանում, որը հատկապես ենթարկվում է պատերազմի վտանգներին, նրանց կթույլատրվի հեռանալ այդ շրջանից այնչափ, որչափ շահագրգիռ պետության քաղաքացիներին:

5) Մինչև 15 տարեկան երեխաները, հղի կանայք և մինչև 7 տարեկան երեխաներ ունեցող մայրերը արտոնություններից կօգտվեն նույնչափ, ինչ շահագրգիռ պետության քաղաքացիները:

 

ՀՈԴՎԱԾ 39

II. Գոյության միջոցները

 

Ընդհարման հետևանքով իրենց աշխատավարձը կորցրած հովանավորվող անձանց պետք է հնարավորություն տրվի գտնելու վարձատրվող աշխատանք: Անվտանգության նկատառումներով և 40 հոդվածի դրույթների հաշվառմամբ` այդ հնարավորությունը պետք է լինի այնպիսին, ինչպիսին տրամադրվում է այն տերության քաղաքացիներին, որի տարածքում գտնվում են այդ անձինք:

Երբ այն տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, նրանց նկատմամբ կիրառում է վերահսկողության այնպիսի միջոցներ, որոնց հետևանքով նրանք զրկվում են իրենց գոյությունը պահպանելու հնարավորությունից, և, հատկապես, երբ այդպիսի անձինք չեն կարող, անվտանգության նկատառումներով, ստանալ վարձատրվող աշխատանք` իրենց բավարարող պայմաններով, ապա այդ տերությունը պետք է հոգա նրանց և նրանց խնամքի տակ գտնվողների գոյությունը:

Հովանավորվող անձինք բոլոր դեպքերում կարող են նպաստ ստանալ իրենց հայրենիքից, հովանավոր տերությունից, կամ 30 հոդվածում հիշատակված բարեգործական ընկերություններից:

 

ՀՈԴՎԱԾ 40

III. Աշխատանքը

 

Հովանավորվող անձանց կարելի է հարկադրել աշխատելու միայն այնչափ, որչափ ընդհարման մեջ գտնվող այն կողմի քաղաքացիներին, որի տարածքում նրանք գտնվում են:

Եթե հովանավորվող անձինք հանդիսանում են հակառակորդի քաղաքացիներ, նրանց կարող են հարկադրել կատարելու այնպիսի աշխատանք, որն անհրաժեշտ է մարդկանց սննդի, բնակարանի, հագուստի, տրանսպորտի և առողջության ապահովման համար, և որն անմիջականորեն առնչություն չունի ռազմական գործողությունների վարման հետ:

Նախորդ պարբերություններում հիշատակված դեպքերում հովանավորվող անձինք, որոնց հարկադրել են աշխատել, կօգտվեն աշխատանքի նույն պայմաններից և անվտանգության միջոցներից, մասնավորապես` աշխատավարձի, աշխատանքային օրվա տևողության, արտահագուստի և հանդերձավորման, նախնական ուսուցման և աշխատանքի ժամանակ դժբախտ պատահարների կանխման և մասնագիտական հիվանդությունների առումով, ինչ տվյալ երկրի աշխատավորները:

Վերոնշյալ դրույթների խախտման դեպքում հովանավորվող անձանց թույլատրվում է օգտագործել իրենց բողոքարկման իրավունքը` 30 հոդվածի համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 41

IV. Հարկադրական բնակեցումը: Ներկալումը

 

Եթե տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, սույն Կոնվենցիայում հիշատակված վերահսկողության միջոցները համարում է անբավարար, ապա վերահսկողության ամենախիստ միջոցները, որոնց նա կարող է դիմել, կլինեն հարկադրական վերաբնակեցումը որոշակի վայրերում կամ ներկալումը` 42 և 43 հոդվածների դրույթներին համապատասխան:

39 հոդվածի երկրորդ պարբերության դրույթների կիրառման դեպքում այն անձանց նկատմամբ, որոնցից պահանջել են թողնել բնակեցման իրենց սովորական վայրերը` մեկ այլ վայրում հարկադրական բնակության մասին որոշման հետևանքով, ապա տերությունը, որի իշխանության տակ են գտնվում այդ անձինք, պետք է, որքան հնարավոր է, ճշգրիտ պահպանի ներկալվածների հետ վարվելակերպին վերաբերող կանոնները (սույն Կոնվենցիայի 3-րդ մաս, 4-րդ բաժին):

 

ՀՈԴՎԱԾ 42

V. Ներկալման կամ հարկադրական բնակեցման հիմքերը: Կամավոր ներկալումը

 

Հովանավորվող անձանց ներկալման և որոշակի վայրում հարկադրական բնակեցման մասին կարգադրությունը կարող է տրվել այն դեպքում, եթե դա խիստ անհրաժեշտ է այն տերության անվտանգության համար, որի իշխանության տակ են նրանք գտնվում:

Եթե որևէ անձ հովանավոր տերության ներկայացուցիչների միջոցով կամավոր խնդրում է իրեն ներկալել և եթե նրա անձնական վիճակը դա անհրաժեշտ է դարձնում, ապա նա կարող է ներկալվել այն տերության կողմից, որի իշխանության տակ է գտնվում:

 

ՀՈԴՎԱԾ 43

VI. Ընթացակարգը

 

Յուրաքանչյուր հովանավորվող անձ, որը ներկալվել է կամ հարկադրաբար բնակեցվել որոշակի վայրում, կունենա իր նկատմամբ կայացրած որոշումը պատշաճ դատարանի կամ այդ նպատակով տվյալ տերության նշանակած համապատասխան վարչական մարմնի կողմից կարճ ժամկետում վերանայելու իրավունք: Եթե ներկալումը կամ հարկադրական բնակեցումը որոշակի վայրում մնում են ուժի մեջ, ապա դատարանը կամ վարչական մարմինը պետք է պարբերաբար, առնվազն տարին երկու անգամ, վերանայեն այդ անձի հարցը` սկզբնական որոշման նպաստավոր փոփոխման նպատակով, եթե դա թույլ են տալիս հանգամանքները:

Եթե շահագրգիռ հովանավորվող անձինք չեն առարկում, ներկալող տերությունը պետք է հնարավորին չափ շուտ հովանավոր տերությանը հաղորդի հովանավորվող այն անձանց ազգանունները, որոնք ներկալվել կամ հարկադրաբար բնակեցվել են որոշակի վայրում, և այն անձանց ազգանունները, որոնք ազատվել են ներկալման և հարկադրական բնակեցման վայրերից: Սույն հոդվածի առաջին պարբերության մեջ նշված դատարանների և վարչական մարմինների որոշումները ևս, նույն պայմանների պահպանմամբ, պետք է հաղորդվեն հովանավոր տերությանը:

 

ՀՈԴՎԱԾ 44

VII. Փախստականները

 

Սույն Կոնվենցիայում նշված վերահսկողության միջոցները կիրառելով` տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, լոկ հակառակորդ պետությանը նրանց իրավաբանական պատկանելության հիման վրա որպես թշնամի օտարերկրացի չի վարվի այն փախստականների հետ, որոնք փաստացի որևէ կառավարության հովանավորությունից չեն օգտվում:

 

ՀՈԴՎԱԾ 45

VIII. Այլ տերությանը հանձնումը

 

Հովանավորվող անձինք չեն կարող հանձնվել Կոնվենցիայի մասնակից չհանդիսացող տերությանը:

Այս դրույթը չի կարող խոչընդոտ հանդիսանալ ռազմական գործողությունների ավարտից հետո հովանավորվող անձանց հայրենադարձության կամ իրենց բնակության երկիրը նրանց վերադարձի համար:

Հովանավորվող անձինք այն տերության կողմից, որի իշխանության տակ են գտնվում, կարող են հանձնվել Կոնվենցիայի մասնակից միայն այնպիսի տերության և միայն այն ժամանակ, երբ տերությունը, որի իշխանության տակ են նրանք գտնվում, կհավաստիանա, որ տվյալ տերությունը ցանկանում է և ի վիճակի է կիրառելու Կոնվենցիան: Եթե հովանավորվող անձանց նմանօրինակ հանձնումը կայացել է, ապա Կոնվենցիայի կիրառման պատասխանատվությունն այն ժամանակամիջոցում, որ նրանք կտրամադրվեն այդ տերությանը, ընկնում է այն տերության վրա, որը համաձայնել է նրանց ընդունել: Սակայն այն դեպքում, եթե այդ տերությունը որևէ կարևոր կետով չկատարի Կոնվենցիայի դրույթները, ապա հովանավորվող անձանց հանձնած տերությունը պարտավոր կլինի, հովանավոր տերության ծանուցումով, ձեռնարկել արդյունավետ միջոցներ, որպեսզի շտկի դրությունը կամ պահանջի իրեն վերադարձնել հովանավորվող անձանց: Այդ խնդրանքը պետք է բավարարվի:

Հովանավորվող անձը ոչ մի դեպքում չի կարող հանձնվել այնպիսի երկրի, որտեղ նա իր քաղաքական կամ կրոնական համոզմունքների կապակցությամբ կարող է երկյուղ կրել հետապնդումներից:

Այս հոդվածի դրույթները չեն խոչընդոտում հանձնելու հովանավորվող այն անձանց, որոնք մեղադրվում են քրեական հանցագործություններ կատարելու մեջ` համաձայն հանձնման մասին մինչև ռազմական գործողություններ սկսելը կնքված պայմանագրերի:

 

ՀՈԴՎԱԾ 46

Սահմանափակման միջոցների ավարտը

 

Հովանավորվող անձանց վերաբերմամբ ընդունված սահմանափակման միջոցները կվերացվեն, եթե դա նախկինում չի արվել, հնարավոր կարճ ժամկետում` ռազմական գործողությունների ավարտից հետո:

Նրանց ունեցվածքի վերաբերմամբ ընդունված սահմանափակման միջոցները կվերացվեն հնարավոր կարճ ժամկետում` ռազմական գործողությունների ավարտից հետո, այն տերության օրենսդրությանը համապատասխան, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք:

 

Բաժին 3
Գրավյալ տարածքներ

 

ՀՈԴՎԱԾ 47

Իրավունքների անձեռնմխելիությունը

 

Հովանավորվող անձինք, որոնք գտնվում են գրավյալ տարածքում, ոչ մի դեպքում և ոչ մի ձևով չեն կարող զրկվել սույն Կոնվենցիայի արտոնություններից` ոչ տվյալ տարածքում գործող կարգի կամ գրավման հետևանքով այդ տարածքի կառավարման մեջ տեղի ունեցած որևէ փոփոխության պատճառով, ոչ գրավյալ տարածքի և գրավող տերության իշխանությունների միջև կնքված համաձայնագրի պատճառով, ոչ գրավող տերության կողմից գրավյալ տարածքի կամ նրա մի մասի բռնազավթման պատճառով:

 

ՀՈԴՎԱԾ 48

Հայրենադարձության հատուկ դեպքեր

 

Հովանավորվող անձինք, որոնք չեն հանդիսանում այն տերության քաղաքացիները, որի տարածքը գրավված է, կարող են օգտվել այդ տարածքը թողնելու իրավունքից` 35 հոդվածով նախատեսված դրույթների հիման վրա, և այդ հարցի առթիվ որոշումները պետք է ընդունվեն այն ընթացակարգին համապատասխան, որը նշված հոդվածի համաձայն կսահմանի գրավող տերությունը:

 

ՀՈԴՎԱԾ 49

Տեղահանումները, տեղափոխումները, տարահանումները

 

Արգելվում են որևէ դրդապատճառով հովանավորվող անձանց զանգվածային կամ անհատական տեղափոխումները, ինչպես նաև բռնագաղթը` գրավյալ տարածքից գրավող տերության կամ ցանկացած այլ պետության տարածք, անկախ այն բանից, դրանք գրավյալ են, թե ոչ:

Սակայն գրավող տերությունը կարող է կատարել որևէ որոշակի գրավյալ շրջանի տարահանումը` բնակչության անվտանգության կամ ռազմական բնույթի հատկապես հիմնավոր նկատառումներով: Ընդ որում, հովանավորվող անձինք կարող են փոխադրվել միայն գրավյալ տարածքի խորքը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա գործնականորեն անհնար է: Այդ կարգով տարահանված ազգաբնակչությունը կարող է անհապաղ վերադարձվել իրենց տները` հենց որ մարտական գործողություններն այդ շրջանում ավարտվեն:

Ձեռնարկելով այդ տեղափոխությունները կամ տարահանումները` գրավող տերությունը պետք է, հնարավորության սահմաններում, հովանավորվող անձանց ապահովի պատշաճ կացարաններով. այդ տեղափոխությունները պետք է կատարվեն անվտանգության, հիգիենայի, առողջության և սննդի առումով բավարար պայմաններում: Միևնույն ընտանիքի անդամները չեն անջատվի:

Հենց որ այդ տեղափոխությունները կամ տարահանումներն իրականացվեն, դրանց մասին պետք է հաղորդվի հովանավոր տերությանը:

Գրավող տերությունը հովանավորվող անձանց չի կարող պահել այն շրջանում, որը հատկապես ենթակա է պատերազմի վտանգներին, եթե դա չեն պահանջում բնակչության անվտանգությունը և պատերազմական բնույթի հատկապես լուրջ նկատառումներ:

Գրավող տերությունն իր քաղաքացիական բնակչության որևէ մասին չի կարող իր կողմից գրավյալ տարածք բռնագաղթեցնել կամ տեղափոխել:

 

ՀՈԴՎԱԾ 50

Երեխաները

 

Գրավող տերությունը պետք է ազգային և տեղական իշխանությունների օգնությամբ աջակցություն ցուցաբերի այն հիմնարկներին, որոնց վրա դրված է երեխաների խնամքը և դաստիարակությունը:

Նա պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի նպաստի երեխաների ինքնության պարզմանը և նրանց արյունակցական կապերի գրանցմանը: Այդ տերությունը ոչ մի դեպքում չպետք է փոխի նրանց քաղաքացիական կացությունը, ոչ էլ նրանց ներգրավի իրենից կախյալ կազմավորումների կամ կազմակերպությունների մեջ:

Այն դեպքում, եթե տեղական հիմնարկներն ի վիճակի չեն լինի կատարել այդ գործառույթները, գրավող տերությունը պետք է միջոցներ ձեռնարկի որբ երեխաների կամ պատերազմի հետևանքով իրենց ծնողներից բաժանված երեխաների պահպանության և ուսուցման ուղղությամբ, հնարավորության սահմաններում` նրանց ազգության, լեզվի և դավանանքի անձանց միջոցով, եթե միայն նրանք չեն օգտվում մոտիկ հարազատների կամ բարեկամների հոգատարությունից:

136 հոդվածին համապատասխան ստեղծված բյուրոյի հատուկ բաժինը բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի` պարզելու համար երեխաների ինքնությունը` այդ առնչությամբ տարակուսանք ծագելու դեպքում: Նրանց հոր և մոր կամ այլ մոտիկ հարազատների մասին տվյալները, որ նրանք կունենան, պետք է մշտապես գրանցվեն:

Գրավող տերությունը չպետք է խոչընդոտներ հարուցի սննդի, բժշկական խնամքի և պատերազմի գործողություններից պաշտպանելու արտոնյալ միջոցներ ձեռնարկելուն, որոնք մինչև գրավումը կարող են ընդունվել մինչև 15 տարեկան երեխաների, հղի կանանց և մինչև 7 տարեկան երեխա ունեցող մայրերի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 51

Ծառայության վերցնելը: Աշխատանքը

 

Գրավող տերությունը չի կարող հովանավորվող անձանց հարկադրել ծառայելու իր զինված կամ օժանդակ ուժերում: Ցանկացած ճնշում կամ քարոզչություն` հօգուտ կամավոր կերպով բանակ ընդունվելու, արգելվում է:

Գրավող տերությունը կարող է հարկադիր աշխատանքի ուղարկել միայն հովանավորվող այնպիսի անձանց, որոնց տարիքը 18-ից անց է, և միայն այնպիսի աշխատանքի, որն անհրաժեշտ է կամ գրավող բանակի կարիքների համար, կամ կապված է գրավյալ երկրի բնակչության կոմունալ ծառայությունների, սննդի, բնակտարածության, հագուստի, տրանսպորտի և առողջության հետ: Հովանավորվող անձանց չի կարելի ստիպել կատարելու որևէ այնպիսի աշխատանք, որը նրանց հարկադրի մասնակցելու ռազմական գործողությունների: Գրավող տերությունը չի կարող հովանավորվող անձանցից պահանջել, որպեսզի նրանք ուժի կիրառմամբ ապահովեն այն շենքերի անվտանգությունը, որտեղ նրանք կատարում են իրենց պարտադրված աշխատանքը:

Աշխատանքը կկատարվի միայն գրավյալ տարածքի սահմաններում, որտեղ գտնվում են տվյալ անձինք: Յուրաքանչյուր այդպիսի անձ, հնարավորության սահմաններում, կթողնվի իր աշխատանքի սովորական տեղում: Աշխատանքն արդարացի կերպով կվարձատրվի և պետք է համապատասխանի աշխատողների ֆիզիկական և մտավոր ընդունակություններին: Գրավյալ երկրում գործող օրենքներն աշխատանքի պայմանների և պահպանության մասին, ինչպես, օրինակ, աշխատավարձի, աշխատանքային օրվա, հանդերձավորման, նախնական պատրաստության, աշխատանքի ժամանակ դժբախտ պատահարների կամ մասնագիտական հիվանդությունների համար փոխհատուցման մասին, կկիրառվեն հովանավորվող անձանց նկատմամբ, որոնց հանձնարարվում է սույն հոդվածում նշված աշխատանքը:

Բոլոր դեպքերում, հարկադրաբար աշխատանքի ներգրավելը երբեք չի կարող հանգեցնել այնպիսի կազմակերպություններում աշխատողների ներգրավմանը, որոնք ռազմական կամ կիսառազմական բնույթ ունեն:

 

ՀՈԴՎԱԾ 52

Աշխատողների պաշտպանությունը

 

Ոչ մի պայմանագիր, համաձայնագիր կամ կանոնակարգ չի կարող սահմանափակել ինչպես կամավոր, այնպես էլ ոչ կամավոր աշխատողի իրավունքը, որտեղ էլ նա գտնվելիս լինի, պաշտպանության խնդրանքով դիմելու հովանավոր տերության ներկայացուցիչներին:

Բոլոր տեսակի միջոցառումները, որոնք նպատակաուղղված են գործազրկություն հարուցելու կամ գրավյալ տարածքում սահմանափակելու աշխատավորների աշխատանքի հնարավորությունը` ստիպելով նրանց աշխատելու գրավող տերության օգտին, արգելվում են:

 

ՀՈԴՎԱԾ 53

Գույքի ոչնչացման արգելումը

 

Մասնավոր անձանց կամ պետության, համայնքների, կամ հասարակական կամ կոոպերատիվ կազմակերպությունների անհատական կամ կոլեկտիվ սեփականությունը հանդիսացող շարժական կամ անշարժ գույքի ամեն տեսակի ոչնչացումը գրավող տերության կողմից, որ չի բխում ռազմական գործողությունների բացարձակ անհրաժեշտությունից, արգելվում է:

 

ՀՈԴՎԱԾ 54

Դատավորները և պաշտոնատար անձինք

 

Գրավող տերությանն արգելվում է գրավյալ տարածքներում փոխել պաշտոնատար անձանց կամ դատավորների կարգավիճակը կամ նրանց նկատմամբ գործադրել պատժամիջոցներ, կիրառել հարկադրանքի կամ խտրականության որևէ միջոց այն պատճառով, որ նրանք խղճի թելադրանքով ձեռնպահ են մնում իրենց պարտականությունները կատարելուց:

Այս վերջին արգելքը չի խոչընդոտում 51 հոդվածի երկրորդ պարբերության կիրառումը: Այն չի առնչվում զբաղեցրած պաշտոններից պաշտոնատար անձանց ազատելու` գրավող տերության իրավունքին:

 

ՀՈԴՎԱԾ 55

Բնակչության մատակարարումը

 

Գրավող տերությունը պարտավոր է ունեցած բոլոր միջոցներով ապահովել քաղաքացիական բնակչության մատակարարումը պարենով և սանիտարական նյութերով: Նա պետք է, մասնավորապես, ներկրի սննդի անհրաժեշտ պաշարներ, սանիտարական նյութեր և այլ առարկաներ այն դեպքերում, երբ գրավյալ տարածքի պաշարներն անբավարար լինեն:

Գրավող տերությունը գրավյալ տարածքում գտնվող սննդամթերքի պաշարները և այլ առարկաներ, ինչպես նաև սանիտարական նյութերը կարող է բռնագրավել միայն գրավող զորքերի և վարչակազմի համար և միայն քաղաքացիական բնակչության կարիքների հաշվառմամբ: Միջազգային մյուս կոնվենցիաների պահպանման պայմանով գրավող տերությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ամեն մի բռնագրավում արդարացիորեն հատուցվի:

Հովանավոր տերություններն իրավունք ունեն ցանկացած ժամանակ անարգել կերպով ստուգել պարենային և սանիտարական նյութերի մատակարարման վիճակը գրավյալ տարածքում` պատերազմական անհրաժեշտ պահանջներով հարուցված ժամանակավոր սահմանափակումների հաշվառմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 56

Հասարակական հիգիենան և առողջապահությունը

 

Գրավող տերությունը պարտավոր է իր ունեցած բոլոր միջոցներով ապահովել և պետական ու տեղական իշխանությունների աջակցությամբ նպաստել գրավյալ տարածքում բուժհիմնարկների և հիվանդանոցների գործունեությանը, ինչպես նաև առողջապահությանը և հասարակական հիգիենային, մասնավորապես, ձեռնարկելով և կիրառելով պրոֆիլակտիկ և կանխարգելիչ միջոցներ, որոնք անհրաժեշտ են պայքարելու համար վարակիչ հիվանդությունների և համաճարակների դեմ: Բոլոր կարգի բուժանձնակազմերին կթույլատրվի կատարելու իրենց պարտականությունները:

Եթե գրավյալ տարածքում ստեղծվում են նոր հիվանդանոցներ, իսկ գրավող պետության իրավասու մարմինները չեն գործում այդ տարածքում, ապա գրավող իշխանությունները պետք է, եթե դա անհրաժեշտ է, 18 հոդվածի դրույթներին համապատասխան, ճանաչեն այդ հիվանդանոցները: Համանման հանգամանքներում գրավող իշխանությունները պետք է նաև ճանաչեն հիվանդանոցների և փոխադրամիջոցների անձնակազմերին` 20 և 21 հոդվածների դրույթների համաձայն:

Միջոցներ ձեռնարկելով առողջապահության և հիգիենայի բնագավառում և դրանք կենսագործելով` գրավող տերությունը պետք է հաշվի առնի գրավյալ տարածքի բնակչության բարոյաէթիկական պահանջները:

 

ՀՈԴՎԱԾ 57

Հիվանդանոցների բռնագրավումը

 

Գրավող տերությունը կարող է քաղաքացիական հիվանդանոցները բռնագրավել սոսկ ժամանակավորապես և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` վիրավորների և հիվանդ զինծառայողների խնամքի համար, և այն պայմանով, որ ժամանակին հարկ եղած միջոցները կձեռնարկվեն` այդ հիվանդանոցներում գտնվող հիվանդների բուժումն ու խնամքն ապահովելու և քաղաքացիական բնակչության կարիքները բավարարելու համար:

Քաղաքացիական հիվանդանոցների գույքը և պահեստները չեն կարող բռնագրավվել այնքան ժամանակ, քանի դեռ դրանք անհրաժեշտ են քաղաքացիական բնակչության կարիքների համար:

 

ՀՈԴՎԱԾ 58

Հոգևոր օգնությունը

 

Գրավող տերությունը պաշտամունքի սպասավորներին թույլ կտա հոգևոր օգնություն ցուցաբերել իրենց հավատակիցներին:

Նա նաև կընդունի կրոնական կարիքների բավարարման համար անհրաժեշտ գրքեր և այլ առարկաներ պարունակող ծանրոցներ, և կաջակցի դրանք տարածելու գրավյալ տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 59

Օգնությունը: I. Օգնության կոլեկտիվ ծանրոցները

 

Եթե գրավյալ տարածքի ամբողջ բնակչության կամ դրա մի մասի մատակարարումը բավարար չէ, ապա գրավող տերությունը պետք է համաձայնի տվյալ բնակչությանն օգնություն ցույց տալու միջոցառումներին և պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով նպաստի այդ միջոցառումների իրականացմանը:

Նման միջոցառումները, որոնք կարող են իրականացվել կամ պետությունների, կամ անաչառ մարդասիրական կազմակերպությունների, ինչպես, օրինակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից, պետք է ներառեն, մասնավորապես, պարենի, սանիտարական նյութերի և հագուստի ծանրոցները:

Բոլոր պայմանավորվող կողմերը պետք է թույլատրեն այդպիսի ծանրոցների փոխադրումը և երաշխավորեն դրանց ապահովությունը:

Ընդհարման մասնակից հակառակորդի կողմից գրավյալ տարածք ծանրոցների ազատ փոխադրում տրամադրած տերությունը, սակայն, իրավունք ունի ստուգելու այդ ծանրոցները, կարգավորելու դրանց փոխադրումը պայմանավորված ժամկետներին և երթուղիներին համապատասխան և հովանավոր տերության միջոցով հավաստիանա, որ այդ ծանրոցները կօգտագործվեն կարիքավոր բնակչությանն օգնություն ցույց տալու համար, այլ ոչ թե ի շահ գրավող տերության:

 

ՀՈԴՎԱԾ 60

II. Գրավող տերության պարտականությունները

 

Օգնության ծանրոցները ոչնչով չեն ազատում գրավող տերությանը 55, 56 և 59 հոդվածներով նրա վրա դրված պատասխանատվությունից: Գրավող տերությունը չի կարող փոխել օգնության ծանրոցների նախնական հասցեագրումը, բացառությամբ հրատապ անհրաժեշտության դեպքերի` ի շահ գրավյալ տարածքի բնակչության, և հովանավոր տերության համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 61

III. Բաշխումը

 

Նախորդ հոդվածներում հիշատակված օգնության ծանրոցների բաշխումը կկատարվի հովանավոր տերության աջակցությամբ և վերահսկողության ներքո: Գրավող տերության և հովանավոր տերության միջև եղած համաձայնությամբ` այդ պարտականությունը կարող է դրվել նաև չեզոք տերության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ցանկացած այլ անաչառ մարդասիրական կազմակերպության վրա:

Օգնության այդ ծանրոցները գրավյալ տարածքում ազատվում են ամեն տեսակի գանձումներից, հարկերից և մաքսատուրքերից, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջիններս անհրաժեշտ են ի շահ տվյալ տարածքի տնտեսության: Գրավող տերությունը պետք է ձգտի ապահովել այդ բեռների արագ բաշխումը:

Բոլոր պայմանավորվող կողմերը պետք է ձգտեն թույլատրել գրավյալ տարածքներ ուղարկվող օգնության բեռների անվճար մուտքը և տեղափոխումը:

 

ՀՈԴՎԱԾ 62

IV. Օգնության անհատական ծանրոցները

 

Գրավյալ տարածքում գտնվող հովանավորվող անձինք, այն դեպքում, եթե դա չի հակասում անվտանգության անհետաձգելի շահերին, կարող են, դրանից բացի, ստանալ անձամբ իրենց հասցեագրված ծանրոցներ:

 

ՀՈԴՎԱԾ 63

Կարմիր խաչի ազգային ընկերությունները և օգնության այլ

կազմակերպությունները

 

Այն ժամանակավոր միջոցառումների պահպանման պայմանով, որոնք բացառության կարգով կարող են մտցվել գրավող տերության կողմից` ելնելով արտակարգ բնույթի անվտանգության նկատառումներից`

ա) Կարմիր խաչի (Կարմիր մահիկի, Կարմիր առյուծի և արևի) ճանաչում ունեցող ազգային ընկերությունները կարող են շարունակել զբաղվել Կարմիր խաչի միջազգային համաժողովների կողմից սահմանված` Կարմիր խաչի սկզբունքներին համապատասխանող գործունեությամբ: Օգնության մյուս ընկերությունները պետք է հնարավորություն ունենան շարունակելու իրենց մարդասիրական գործունեությունը այդ նույն պայմաններով:

բ) Գրավող տերությունը չի կարող պահանջել այդ ընկերությունների անձնակազմում կամ կառուցվածքում ոչ մի փոփոխություն, որը կարող է վնաս հասցնել վերը նշված գործունեությանը:

Նույն սկզբունքները կկիրառվեն ոչ ռազմական բնույթի այն հատուկ կազմակերպությունների գործունեության և անձնակազմի նկատմամբ, որոնք արդեն գոյություն ունեն կամ կարող են ստեղծվել` նպատակ ունենալով քաղաքացիական բնակչության կյանքի պայմանների ապահովումը` հիմնական հանրօգուտ ծառայություններին աջակցելու, օգնության բաշխման և փրկության կազմակերպման միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 64

Քրեական օրենսդրությունը: I. Ընդհանուր դրույթներ

 

Գրավյալ տարածքի քրեական օրենսդրությունը մնում է ուժի մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ այն կարող է վերացվել կամ կասեցվել գրավող տերության կողմից, եթե այն իրենից սպառնալիք է ներկայացնում գրավող տերության անվտանգության համար կամ խոչընդոտում է սույն Կոնվենցիայի կիրառումը: Հիշատակված նկատառման և արդյունավետ արդարադատության ապահովման անհրաժեշտության հաշվառմամբ` գրավյալ տարածքի դատական մարմինները կշարունակեն կատարել իրենց գործառույթները` այդ օրենսդրությամբ նախատեսվող բոլոր իրավախախտումների դեպքում:

Գրավող տերությունն, այնուամենայնիվ, կարող է գրավյալ տարածքի բնակչությանը ենթարկել այնպիսի որոշումների գործողությանը, որոնք էապես անհրաժեշտ են` սույն Կոնվենցիայի համաձայն իր պարտականությունները կատարելու և ապահովելու տարածքի նորմալ կառավարումը, ինչպես նաև գրավող տերության, գրավող զորքերի կամ վարչակազմի ու գույքի և նրա կողմից օգտագործվող օբյեկտների և հաղորդակցության անվտանգությունը:

 

ՀՈԴՎԱԾ 65

II. Հրապարակումը

 

Գրավող տերության կողմից սահմանված քրեական պատասխանատվություն նախատեսող որոշումները գործողության մեջ են մտնում միայն այն բանից հետո, երբ դրանք հրապարակվում և բնակչությանն են հասցվում վերջինիս լեզվով: Այդ որոշումների գործողությունը հետադարձ ուժ չի կարող ունենալ:

 

ՀՈԴՎԱԾ 66

III. Իրավասու դատարանները

 

64 հոդվածի երկրորդ պարբերության հիման վրա գրավող տերության կողմից հրատարակված քրեական պատասխանատվություն նախատեսող որոշումների խախտման դեպքում գրավող տերությունը կարող է մեղավորներին հանձնել իր, պատշաճ ձևով ստեղծված ոչ քաղաքական զինվորական դատարաններին` գրավյալ տարածքում դրանց գտնվելու պայմանով: Երկրորդ ատյանի դատարանները կարող են նիստեր գումարել առավելապես գրավյալ երկրում:

 

ՀՈԴՎԱԾ 67

IV. Կիրառվող դրույթները

 

Այդ դատարանները կարող են կիրառել միայն օրինական կարգով հրապարակված որոշումները, որոնք գործել են մինչև օրինախախտում կատարելը և համապատասխանում են իրավունքի հիմնական սկզբունքներին, մասնավորապես` պատժի համաչափության սկզբունքին: Դրանք պետք է ուշադրության առնեն այն փաստը, որ մեղադրյալը չի հանդիսանում գրավող տերության քաղաքացի:

 

ՀՈԴՎԱԾ 68

V. Պատիժները: Մահապատիժը

 

Եթե հովանավորվող անձն իրավախախտում է կատարում` հատկապես գրավող տերությանը վնասելու մտադրությամբ, որը սակայն չի հանդիսանում ոտնձգություն գրավող զորքերի կամ վարչակազմի անդամների կյանքի կամ ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ, լուրջ կոլեկտիվ վտանգ չի ներկայացնում և լուրջ վնաս չի հասցնում գրավող զորքերի և վարչակազմի գույքին կամ նրանց կողմից օգտագործվող օբյեկտներին, ապա այդ անձը ենթակա է ներկալման կամ պարզապես բանտարկության, ընդսմին, այդպիսի ներկալման կամ բանտարկության ժամկետը համաչափ կլինի կատարված իրավախախտմանը: Դրանից բացի, հովանավորվող անձանց վերաբերմամբ` ներկալումը կամ բանտարկությունը կհանդիսանա նման իրավախախտման համար ազատազրկման միակ պատժամիջոցը: Սույն Կոնվենցիայի 66 հոդվածով նախատեսված դատարանները կարող են ազատորեն բանտարկությունը փոխարինել նույն ժամկետով ներկալմամբ:

Գրավող տերության կողմից 64 և 65 հոդվածներին համապատասխան հրատարակած քրեական կարգի դրույթները հովանավորվող անձանց վերաբերմամբ կարող են նախատեսել մահվան դատավճիռ միայն այն դեպքերում, երբ նրանք մեղավոր են լրտեսության, գրավող տերության ռազմական օբյեկտների դեմ ուղղված դիվերսիոն լուրջ ակտերի կամ կանխամտածված այնպիսի իրավախախտումների մեջ, որոնք դարձել են մեկ կամ մի քանի անձանց մահվան պատճառ, և պայմանով, որ գրավյալ տարածքի օրենսդրությունը, որը գործել է մինչև գրավման սկիզբը, նման դեպքերում նախատեսում է մահվան դատավճիռ:

Հովանավորվող անձի նկատմամբ մահվան դատավճիռ կարող է կայացվել միայն այն դեպքում, եթե դատարանի ուշադրությունը հատուկ հրավիրվել է այն փաստի վրա, թե, քանի որ մեղադրյալը չի հանդիսանում գրավող տերության քաղաքացի, նա այդ տերության վերաբերմամբ կապված չէ հավատարմության որևէ պարտքով:

Մահվան դատավճիռ ոչ մի դեպքում չի կարող կայացվել հովանավորվող այն անձի նկատմամբ, որի 18 տարին չի լրացել իրավախախտում կատարելու պահին:

 

ՀՈԴՎԱԾ 69

VI. Նախնական կալանքի ժամկետի հաշվարկումը

 

Բոլոր դեպքերում, նախնական կալանքի ժամկետը կհաշվարկվի բանտարկության այն ժամկետի մեջ, որին մեղադրյալ հովանավորվող անձը կարող է ենթարկվել:

 

ՀՈԴՎԱԾ 70

VII. Նախքան գրավումը կատարված իրավախախտումները

 

Գրավող տերությունը չի կարող հովանավորվող անձանց ձերբակալել, հետապնդել կամ դատապարտել այն գործողությունների կամ կարծիքների համար, որոնք նրանք կատարել կամ արտահայտել են մինչև գրավումը կամ նրա ժամանակավոր դադարեցման ընթացքում, բացառությամբ պատերազմի օրենքների և սովորույթների խախտումների դեպքերի:

Գրավող տերության քաղաքացիները, որոնք մինչև ընդհարման սկսվելը ապաստան են գտել գրավյալ տարածքում, կարող են ձերբակալվել, դատի տրվել, դատապարտվել և բռնագաղթվել գրավյալ տարածքից դուրս միայն այն իրավախախտումների համար, որ նրանք կատարել են ռազմական գործողությունները սկսվելուց հետո, կամ այն քրեական հանցագործությունների համար, որ նրանք կատարել են ռազմական գործողություններն սկսելուց առաջ, որոնց համար այն պետության օրենքներով, որի տարածքը գրավված է, հանցագործը ենթակա կլիներ հանձնման խաղաղ ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 71

Քրեական ընթացակարգը: I. Ընդհանուր դրույթներ

 

Գրավող տերության իրավասու դատական մարմինները չեն կարող կայացնել ոչ մի դատավճիռ` առանց գործը սահմանված դատավարական կարգով քննելու:

Յուրաքանչյուր անձ, որի դեմ գրավող տերության կողմից մեղադրանք կհարուցվի, պետք է առանց ձգձգման տեղյակ պահվի այդ մասին գրավոր, իր համար հասկանալի լեզվով, իր դեմ հարուցված մեղադրանքների մանրամասն շարադրմամբ, և նրա գործը պետք է հետաքննվի հնարավորին չափ արագ: Հովանավոր տերությանը պետք է հայտնվի հովանավորվող անձանց դեմ գրավող տերության կողմից վարվող յուրաքանչյուր հետաքննության մասին, երբ հարուցված մեղադրանքը նախատեսում է մահվան դատավճիռ կամ երկու և ավելի տարվա բանտարկություն: Հովանավոր տերությունը կարող է ցանկացած ժամանակ տեղեկանալ նման դատական գործի վիճակի մասին: Դրանից բացի, հովանավոր տերությունն իրավունք կունենա, իր խնդրանքով, տեղեկություններ ստանալ հովանավորվող անձանց դեմ գրավող տերության կողմից հարուցված այդպիսի դատական գործերի և ցանկացած այլ հետապնդման վերաբերյալ:

Սույն հոդվածի երկրորդ պարբերության մեջ նախատեսվող ծանուցումը հովանավոր տերությանը պետք է ուղարկվի անմիջապես, և, համենայն դեպս, հովանավոր տերությունը այն պետք է ստանա գործի առաջին ունկնդրումից երեք շաբաթ առաջ: Դատական գործը չի կարող լսվել, եթե դատական նիստի սկզբում չի ներկայացվել ապացույց այն մասին, որ սույն հոդվածի դրույթները կատարվել են լրիվ: Այդ ծանուցումը պետք է մասնավորապես բովանդակի հետևյալը.

ա) տվյալներ մեղադրյալի անձի մասին,

բ) ներկալման կամ կալանման վայրը,

գ) մեղադրանքի կամ մեղադրանքների մանրամասն շարադրանքը (ցույց տալով քրեական պատասխանատվություն նախատեսող այն դրույթները, որոնց վրա հիմնվում է մեղադրանքը),

դ) այն դատարանի անվանումը, որը լսելու է գործը,

ե) գործի առաջին ունկնդրման տեղն ու ժամանակը:

 

ՀՈԴՎԱԾ 72

II. Պաշտպանության իրավունքը

 

Ամեն մեղադրյալ իրավունք ունի ներկայացնելու իր պաշտպանության համար անհրաժեշտ ապացույցներ և, մասնավորապես, պահանջել դատարան կանչել վկաների: Նա իր ընտրությամբ որակյալ դատապաշտպանի օգնության իրավունք կունենա, որը կարող է ազատ այցելել մեղադրյալին, և ունենալ պաշտպանությունը նախապատրաստելու բոլոր հնարավորությունները:

Եթե մեղադրյալն ինքը չի ընտրել դատապաշտպան, հովանավոր տերությունը կարող է նրան տրամադրել այդպիսին: Եթե մեղադրյալին լուրջ հանցագործություն է մեղսագրվում, և, եթե գոյություն չունի հովանավոր տերություն, գրավող տերությունը, մեղադրյալի համաձայնությամբ, պետք է նրան տրամադրի դատապաշտպան:

Ամեն մեղադրյալի, ինչպես նախաքննության ժամանակ, այնպես էլ դատական նիստերի ընթացքում, պետք է տրամադրվի թարգմանիչ, բացառությամբ այն դեպքերի, երբ նա կամավոր հրաժարվում է այդ օգնությունից: Նա մշտապես իրավունք կունենա բացարկ հայտարարել թարգմանչին և խնդրել նրան փոխարինել:

 

ՀՈԴՎԱԾ 73

III. Բողոքարկման իրավունքը

 

Ամեն դատապարտյալ իրավունք ունի օգտագործելու բողոքարկման բոլոր միջոցները, որոնք նախատեսվում են օրենսդրությամբ և կիրառվում են դատարանի կողմից: Նա լրիվ կտեղեկացվի բողոքարկելու իր իրավունքների, ինչպես նաև այն ժամկետների մասին, որոնց ընթացքում կարող է օգտվել այդ իրավունքից:

Սույն մասում նախատեսված քրեադատավարական կարգը համանման ձևով կկիրառվի բողոքարկման նկատմամբ: Այն դեպքում, երբ դատարանի կողմից կիրառվող օրենսդրությունը բողոքարկում չի նախատեսում, դատապարտված անձն իրավունք կունենա դատավճիռը գանգատարկելու գրավող տերության համապատասխան իշխանություններին:

 

ՀՈԴՎԱԾ 74

IV. Հովանավոր տերության մասնակցությունը

 

Հովանավոր տերության ներկայացուցիչներն իրավունք կունենան ներկա գտնվելու ցանկացած դատարանի նիստերի, որը քննում է հովանավորվող անձի գործ, բացառությամբ այն դեպքերի, երբ գործը պետք է լսվի դռնփակ` ի շահ գրավող տերության անվտանգության, ինչի մասին վերջինս նախազգուշացնում է հովանավոր տերությանը: Դատարանում գործի ունկնդրման տեղի և տարեթվի մասին ծանուցումը պետք է ուղարկվի հովանավոր տերությանը:

Բոլոր դատավճիռների մասին, որոնք նախատեսում են մահվան դատավճիռ կամ երկու կամ ավելի տարվա ազատազրկում, պետք է հնարավորին չափ կարճ ժամկետում ծանուցվի հովանավոր տերությանը, նշելով դատավճռի կայացման հիմքերը: Ծանուցման մեջ պետք է վկայակոչվի այն ծանուցումը, որն արված է 71 հոդվածին համապատասխան, իսկ ազատազրկում նախատեսող դատավճիռ կայացնելու դեպքում, նշվի նաև վայրը, որտեղ պետք է կրվի պատիժը: Վերը նշվածներից բացի, մյուս դատավճիռները պետք է պահվեն դատարանի արձանագրություններում և ներկայացվեն հովանավոր տերության ներկայացուցիչներին` ծանոթանալու համար: Մահվան դատավճռի կամ երկու կամ ավելի տարվա ազատազրկում նախատեսող դատավճիռների դեպքում բողոքարկելու սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է հովանավոր տերության կողմից դատավճռի մասին ծանուցումն ստանալուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 75

V. Մահվան դատապարտումը

 

Ոչ մի դեպքում մահվան դատապարտվածը չի կարող զրկվել ներում խնդրելու իրավունքից:

Ոչ մի մահվան դատավճիռ չի կարող ի կատար ածվել` քանի դեռ չի լրացել վեցամսյա ժամկետն այն պահից, երբ հովանավոր տերությանը ծանուցվել է մահվան դատավճիռը հաստատող վերջնական դատական որոշման, կամ ներումը մերժելու մասին որոշման վերաբերյալ:

Առանձին դեպքերում, երբ արտակարգ հանգամանքների կապակցությամբ կազմակերպված սպառնալիք է ստեղծվում գրավող տերության կամ նրա զինված ուժերի անվտանգության դեմ, վեցամսյա ժամկետը կարող է կրճատվել: Հովանավոր տերությանը մշտապես կհաղորդվի ժամկետի այդ կրճատման մասին, և նրան մշտապես հնարավորություն և անհրաժեշտ ժամկետ կտրվի` դիմելու գրավող տերության իրավասու իշխանություններին` մահվան դատավճիռների առնչությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 76

Կալանվածների հետ վարվելակերպը

 

Մեղադրյալ հովանավորվող անձինք բանտարկության մեջ կպահվեն գրավյալ երկրում և, դատապարտվելու դեպքում նրանք այնտեղ էլ կկրեն իրենց պատիժը: Նրանք, եթե հնարավոր է, պետք է առանձնացվեն մյուս կալանավորներից, ընդսմին` նրանց համար պետք է սահմանվի սանիտարական և սննդի այնպիսի ռեժիմ, որը բավարար է նրանց առողջական լավ վիճակի պահպանման համար և, առնվազն, համապատասխանում է գրավյալ երկրի բանտային հիմնարկների ռեժիմին:

Նրանք կստանան իրենց առողջական վիճակին անհրաժեշտ բժշկական օգնություն:

Ցանկության դեպքում նրանք կստանան նաև հոգևոր օգնություն:

Կանայք կբանտարկվեն առանձին շենքերում և կգտնվեն կանանց անմիջական հսկողության ներքո:

Դեռահասների համար հատուկ ռեժիմ կնախատեսվի:

143 հոդվածի համաձայն` բանտարկված հովանավորվող անձանց կարող են այցելել հովանավոր տերության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակները:

Դրանից բացի, նրանք կունենան ամիսն առնվազն մեկ օգնության ծանրոց ստանալու իրավունք:

 

ՀՈԴՎԱԾ 77

Կալանվածների հանձնումը գրավման ավարտին

 

Գրավյալ տարածքում մեղադրվող կամ դատարանների կողմից դատապարտված հովանավորվող անձինք գրավման ավարտին, նրանց վերաբերյալ կազմված գործի հետ պետք է հանձնվեն ազատագրված տարածքի իշխանություններին:

 

ՀՈԴՎԱԾ 78

Անվտանգության միջոցները: Ներկալումը և հարկադիր բնակեցումը:

Բողոքարկման իրավունքը

 

Եթե անվտանգության անհետաձգելի նկատառումներով գրավող տերությունն անհրաժեշտ համարի նախազգուշական միջոցներ ձեռնարկել հովանավորվող անձանց վերաբերմամբ, ապա ամենաշատը, որ նա կարող է անել` նրանց որոշակի վայրում հարկադրաբար բնակեցնելն է կամ ներկալելը:

Հարկադրական բնակեցման կամ ներկալման մասին որոշումներն ընդունվում են համաձայն օրինական ընթացակարգի, որը պետք է սահմանվի գրավող տերության կողմից` սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան: Այդ ընթացակարգը պետք է նախատեսի շահագրգիռ անձանց կողմից գործի վերաքննության իրավունք: Այդ վերաքննության առթիվ որոշումները կընդունվեն հնարավոր կարճ ժամկետում: Եթե որոշումները մնան ուժի մեջ, ապա դրանք պարբերաբար, եթե հնարավոր է` վեց ամիսը մեկ, կվերանայվեն տվյալ տերության կողմից ստեղծված իրավասու մարմնի կողմից:

Հարկադրաբար վերաբնակեցված, հետևաբար և իրենց մշտական բնակության վայրը ստիպողաբար թողած հովանավորվող անձանց վրա, առանց որևէ սահմանափակման, կտարածվեն սույն Կոնվենցիայի 39 հոդվածի դրույթները:

 

Բաժին 4
Ներկալվածների հետ վարվելակերպին վերաբերող կանոններ

 

Գլուխ 1
Ընդհանուր դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 79

Ներկալման դեպքերը և կիրառվող դրույթները

 

Ընդհարման մեջ գտնվող կողմերը հովանավորվող անձանց կարող են ներկալել միայն 41, 42, 43, 68 և 78 հոդվածների դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 80

Քաղաքացիական իրավունակությունը

 

Ներկալվածները լիովին պահպանում են իրենց քաղաքացիական իրավունակությունը և իրականացնում դրանից բխող իրավունքներն այն չափով, որչափով դա համատեղելի է ներկալվածի իրենց կարգավիճակի հետ:

 

ՀՈԴՎԱԾ 81

Ներկալվածների պահպանությունը

 

Ընդհարման մեջ գտնվող կողմերը, որոնք կներկալեն հովանավորվող անձանց, պարտավոր կլինեն ապահովել նրանց անվճար պահպանությունը, ինչպես նաև ցույց տալ նրանց առողջական վիճակից բխող բժշկական օգնություն:

Ներկալված անձանց նպաստներից կամ աշխատավարձից, նրանց վճարման ենթակա գումարներից ոչ մի պահում չի կարող կատարվել` նշված ծախսերի հատուցման համար:

Ներկալող տերությունը պետք է աջակցություն ցուցաբերի ներկալվածների բոլոր խնամարկյալներին, որոնք գոյության բավարար միջոցներ չունեն և չեն կարող վաստակել իրենց ապրուստի համար:

 

ՀՈԴՎԱԾ 82

Ներկալվածների տեղաբաշխումը

 

Ներկալող տերությունը ներկալվածներին հնարավորին չափ կտեղաբաշխի ըստ նրանց քաղաքացիության, լեզվի և սովորույթների: Միևնույն երկրի քաղաքացի հանդիսացող ներկալվածները չեն տեղաբաշխվի առանձին` միայն լեզվի տարբերության պատճառով:

Ներկալման ամբողջ ընթացքում միևնույն ընտանիքի անդամները և, հատկապես, ծնողներն ու նրանց երեխաները, կպահվեն ներկալման միևնույն վայրում, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքը կամ առողջական վիճակը կամ սույն բաժնի 9-րդ գլխի դրույթներն անհրաժեշտ են դարձնում նրանց ժամանակավոր անջատումը: Ներկալվածները կարող են պահանջել, որպեսզի ազատության մեջ առանց ծնողական խնամքի մնացած իրենց երեխաները ներկալվեն իրենց հետ միասին:

Բոլոր դեպքերում, եթե դա հնարավոր լինի, միևնույն ընտանիքի ներկալված անդամները պետք է պահվեն միևնույն շենքում և ապրեն մյուս ներկալվածներից առանձին, նրանց պետք է հնարավորություն տրվի նաև ընտանեկան կյանք վարելու:

 

Գլուխ 2
Ներկալման վայրերը

 

ՀՈԴՎԱԾ 83

Ներկալման վայրերի տեղաբաշխումը և ճամբարների նշումը

 

Ներկալող տերությունը ներկալման վայրերը չի տեղաբաշխի այն շրջաններում, որոնք հատկապես ենթարկվում են ռազմական վտանգի:

Ներկալող տերությունը հակառակորդ տերություններին հովանավոր տերությունների միջոցով կհայտնի բոլոր անհրաժեշտ տվյալները` ներկալման վայրերի աշխարհագրական տեղադրության մասին:

Ամեն անգամ, երբ թույլ են տալիս ռազմական բնույթի նկատառումները, ներկալվածների համար ճամբարները պետք է նշվեն «IC» տառերով` տեղադրված այնպես, որպեսզի դրանք ցերեկով պարզորոշ տեսանելի լինեն օդից: Սակայն շահագրգիռ տերությունները կարող են պայմանավորվել նշում կատարելու այլ եղանակի մասին: Ոչ մի ուրիշ վայր, բացի ներկալվածների ճամբարներից, չի կարող նշանակվել այդ ձևով:

 

ՀՈԴՎԱԾ 84

Ներկալվածների առանձնացումը

 

Ներկալվածները պետք է տեղավորվեն ռազմագերիներից և ցանկացած այլ պատճառով ազատազրկված անձանցից առանձին և ունենան առանձին վարչակազմ:

 

ՀՈԴՎԱԾ 85

Կացարանները. հիգիենան

 

Ներկալող տերությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և հնարավոր միջոցները, որպեսզի հովանավորվող անձինք ներկալման հենց սկզբից տեղավորվեն այնպիսի շենքերում կամ կացարաններում, որոնք հիգիենայի և առողջության պահպանման առումով լիակատար երաշխիք են տալիս և բավարար պաշտպանություն են ապահովում կլիմայական խիստ պայմաններից, ինչպես նաև պատերազմի գործողություններից: Ոչ մի դեպքում ներկալման մշտական վայրերը չպետք է գտնվեն առողջության համար անբարենպաստ տեղանքում, կամ այնպիսի տեղանքներում, որտեղ կլիման կործանարար է ներկալվածների համար: Այն դեպքերում, երբ հովանավորվող անձինք ժամանակավորապես են ներկալվել առողջության համար անբարենպաստ կամ կործանարար տեղանքում, հանգամանքները թույլ տալուն պես, անհրաժեշտ է նրանց տեղափոխել ներկալման առավել նպաստավոր վայրեր:

Շենքերը պետք է լրիվ պաշտպանված լինեն խոնավությունից, բավարար չափով ջեռուցվեն և լուսավորվեն, հատկապես մութն ընկնելու և լույսն անջատելու սահմանված ժամի միջև ընկած ժամանակահատվածում: Շենքերի ննջասենյակները պետք է լինեն բավականին ընդարձակ և լավ օդափոխվող, և ներկալվածները պետք է ունենան անկողնային պատշաճ պարագաներ և բավարար քանակով վերմակներ, ընդսմին` հարկավոր է հաշվի առնել կլիման, ներկալվածների տարիքը, սեռը և առողջական վիճակը:

Ներկալվածները գիշեր-ցերեկ կունենան հիգիենայի կանոններին համապատասխան և մշտապես մաքուր վիճակում պահվող սանհանգույցներ: Նրանք կստանան բավարար քանակությամբ ջուր և օճառ ամենօրյա հարդարման և սպիտակեղենը լվանալու համար. այդ նպատակի համար նրանց պետք է տրամադրվեն անհրաժեշտ պարագաներ և հնարավորություններ: Դրանից բացի, նրանց համար պետք է կահավորվեն ցնցուղներ և բաղնիքներ: Նրանց պետք է տրամադրվի հիգիենայի պահպանման և մաքրության աշխատանքների համար անհրաժեշտ ժամանակ:

Այն դեպքերում, երբ բացառության կարգով, որպես ժամանակավոր միջոցառում, անհրաժեշտ է տեղավորել նույն ընտանիքի անդամ չհանդիսացող ներկալված կանանց ներկալման նույն վայրում, որտեղ տղամարդկանց, պարտադիր կարգով այդպիսի ներկալված կանանց պետք է տրամադրվեն առանձին ննջասենյակներ և սանհանգույցներ:

 

ՀՈԴՎԱԾ 86

Կրոնական ծեսերի համար նախատեսված տարածքները

 

Ներկալող տերությունը, անկախ ներկալվածների դավանանքից, նրանց տրամադրության տակ կդնի համապատասխան շենքեր` կրոնական արարողություն կատարելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 87

Կրպակները

 

Ներկալման բոլոր վայրերում, բացառությամբ նրանցից, որտեղ գոյություն ունեն ուրիշ համապատասխան հնարավորություններ, կկազմակերպվեն կրպակներ, որպեսզի հնարավորություն տրվի ներկալվածներին գնել պարեն և ամենօրյա գործածության առարկաներ, այդ թվում` օճառ և ծխախոտ, որոնք կարող են բարելավել նրանց կենցաղն ու հարմարավետությունը, ընդ որում` այնպիսի գներով, որոնք ոչ մի դեպքում չպետք է գերազանցեն տեղական շուկայական գները:

Կրպակների շահույթը պետք է մուտքագրվի նպաստամատույց հիմնադրամ, որը պետք է ստեղծվի ներկալման ամեն մի վայրում և օգտագործվի ի շահ ներկալման տվյալ վայրում գտնվող ներկալվածների: 102 հոդվածով նախատեսված ներկալվածների կոմիտեն կունենա կրպակներում գործերի ընթացքը և հիմնադրամի օգտագործումը հսկելու իրավունք:

Ներկալման որևէ վայրի վերացման ժամանակ նպաստամատույց հիմնադրամի միջոցների մնացորդը կփոխանցվի միևնույն ազգության ներկալվածների ներկալման այլ վայրի նպաստամատույց հիմնադրամ կամ, եթե նման վայրեր գոյություն չունեն` նպաստամատույց կենտրոնական հիմնադրամ, որը կգործի ի բարօրություն բոլոր այն ներկալվածների, որոնք գտնվում են ներկալող տերության իշխանության տակ: Համընդհանուր ազատագրման դեպքում այդ շահույթը մնում է ներկալող տերության մոտ, եթե շահագրգիռ տերությունների միջև չկա այլ համաձայնագիր:

 

ՀՈԴՎԱԾ 88

Ապաստարանները: Պաշտպանության միջոցները

 

Ներկալման բոլոր այն վայրերի անհրաժեշտ պաշտպանության ապահովման համար, որոնք գտնվում են օդային հարձակումների և պատերազմի այլ վտանգների սպառնալիքի տակ, պետք է կառուցվեն հարկ եղածին պես և բավարար քանակությամբ ապաստարաններ: Տագնապի դեպքում ներկալվածները կարող են գնալ այդ ապաստարանները, որքան հնարավոր է արագ, բացառությամբ նրանցից, ովքեր մնում են` իրենց կացարանները վտանգներից պաշտպանելու համար: Բնակչության պաշտպանության համար ձեռնարկվող բոլոր միջոցները հավասարապես պետք է կիրառվեն նաև նրանց նկատմամբ:

Ներկալման վայրերում պետք է ձեռնարկվեն բոլոր հարկ եղած հակահրդեհային միջոցները:

 

Գլուխ 3
Սնունդը և հագուստը

 

ՀՈԴՎԱԾ 89

Սնունդը

 

Ներկալվածների օրական սննդաբաժինը պետք է բավարար լինի քանակով, որակով և բազմազանությամբ, որպեսզի ապահովվի նրանց նորմալ առողջական վիճակը, և կանխվեն սննդի պակասության հետ կապված երևույթները: Հարկ է հաշվի առնել նաև այն սննդային ռեժիմը, որին ներկալվածները վարժվել են:

Դրանից բացի, ներկալվածները հնարավորություն կստանան իրենք ուտելիք պատրաստել այն լրացուցիչ մթերքներից, որ կարող են ունենալ:

Նրանց կմատակարարվի բավարար քանակությամբ խմելու ջուր: Ծխախոտ ծխելը պետք է թույլատրվի:

Աշխատողները կստանան լրացուցիչ սնունդ` իրենց կողմից կատարվող աշխատանքի բնույթին համապատասխան:

Հղի, ծննդկան կանայք և մինչև 15 տարեկան երեխաները պետք է ստանան լրացուցիչ սնունդ` իրենց ֆիզիկական պահանջմունքներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 90

Հագուստը

 

Ներկալվածներին պետք է տրվեն բոլոր հնարավորությունները նրանց ձերբակալման պահին` պահեստավորելու հագուստ, կոշիկ և սպիտակեղենի փոխնորդներ և այդպիսիք ձեռք բերելու հետագայում, եթե դրա կարիքն զգացվի: Եթե ներկալվածները չունեն բավարար քանակի հագուստ կլիմայական պայմաններին համապատասխան, և նրանք չեն կարող հագուստ ձեռք բերել, ապա ներկալող տերությունը պետք է դրանք ներկալվածներին մատակարարի անվճար:

Հագուստը, որ ներկալող տերությունը կտրամադրի ներկալվածներին, և արտաքին նշանները, որոնք նա կարող է դնել հագուստի վրա, չպետք է ունենան անպատվող կամ ծաղրական բնույթ:

Աշխատողները կստանան համապատասխան աշխատանքային հանդերձանք, ներառյալ` մասնագիտական արտահագուստը, երբ դա կպահանջի աշխատանքի բնույթը:

 

Գլուխ 4
Հիգիենան և բուժօգնությունը

 

ՀՈԴՎԱԾ 91

Բուժօգնությունը

 

Ներկալման յուրաքանչյուր վայր պետք է ունենա համապատասխան լազարեթ` որակյալ բժշկի ղեկավարության ներքո, որտեղ ներկալվածները կստանան այնպիսի օգնություն, որի կարիքը կզգան, և որտեղ նրանց կտրամադրվի համապատասխան սննդային ռեժիմ: Վարակվածներին և հոգեկան հիվանդներին կտրամադրվեն մեկուսարաններ:

Ծննդկան կանայք և ծանր հիվանդությամբ տառապող ներկալվածները, կամ նրանք, որոնց առողջական վիճակը պահանջում է հատուկ բուժում, վիրահատական միջամտություն կամ հոսպիտալացում, պետք է ընդունվեն ցանկացած բուժհիմնարկ, որը կարող է ապահովել հարկ եղած բուժումը, և կստանան բուժօգնություն, որն իր որակով հավասար կլինի բնակչության կողմից ստացվող բուժօգնությանը:

Ներկալվածներին բուժօգնություն ցույց կտրվի առավելապես այն երկրի բուժանձնակազմի կողմից, որի քաղաքացիներն են ներկալվածները:

Չի կարելի խոչընդոտել ներկալվածներին` ընդունելության ներկայանալու բժշկական իշխանություններին: Ներկալող տերության բժշկական իշխանությունները բուժում անցած յուրաքանչյուր ներկալվածի, վերջինիս խնդրանքով, կտան պաշտոնական տեղեկանք` նշելով նրա հիվանդության կամ վիրավորվելու բնույթը, բուժման տևողությունը և ստացված օգնությունը: Այդ տեղեկանքի կրկնօրինակը կուղարկվի 140 հոդվածով նախատեսված կենտրոնական գործակալություն:

Բուժումը, ներառյալ ամեն տեսակի հարմարանքների ապահովումը, որոնք անհրաժեշտ են` ներկալվածներին առողջական լավ վիճակում պահելու համար, մասնավորապես` ատամի և մյուս պրոթեզներով և ակնոցներով ապահովումը, ներկալվածների համար կլինի անվճար:

 

ՀՈԴՎԱԾ 92

Բուժզննումները

 

Ներկալվածների բուժզննումները կկատարվեն առնվազն ամիսը մեկ անգամ: Դրանց նպատակը, մասնավորապես, պետք է լինի առողջական ընդհանուր վիճակի, սննդի և մաքրության ստուգումը, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների, հատկապես թոքախտի, վեներական հիվանդությունների և մալարիայի հայտնաբերումը: Այդ զննումների մեջ կմտնեն, մասնավորապես, յուրաքանչյուր ներկալվածի քաշի ստուգումը և, տարին առնվազն մեկ անգամ` ռենտգեն քննությունը:

 

Գլուխ 5
Կրոնը, մտավոր և ֆիզիկական գործունեությունը

 

ՀՈԴՎԱԾ 93

Կրոնը

 

Ներկալվածներին կտրամադրվի լիակատար ազատություն իրենց կրոնական ծեսերը կատարելու համար, ներառյալ` այցելությունը ժամերգության, պայմանով, որ նրանք պահպանեն ներկալող իշխանությունների սահմանած կարգապահության կանոնները:

Ներկալված պաշտամունքի սպասավորներին կթույլատրվի լիովին կատարել իրենց պարտականությունները հավատակիցների շրջանում: Այդ նպատակով ներկալող տերությունը հոգ կտանի ներկալման զանազան այն վայրերի միջև նրանց հավասարաչափ տեղաբաշխման մասին, որտեղ կան միևնույն լեզվով խոսող և միևնույն կրոնին պատկանող ներկալվածներ: Այն դեպքում, եթե պաշտամունքի սպասավորների թիվն անբավարար է, ներկալող տերությունը նրանց կտրամադրի անհրաժեշտ պայմաններ, այդ թվում` փոխադրամիջոցներ` ներկալման մի վայրից մյուսը տեղափոխվելու համար, և նրանք իրավունք կունենան այցելելու հիվանդանոցներում գտնվող ներկալվածներին: Կրոնական սպասավորներն իրենց պաշտամունքի հետ կապված հարցերով ազատ գրագրություն կվարեն ներկալող երկրի կրոնական իշխանությունների հետ, ինչպես նաև, հնարավորության սահմաններում, իրենց դավանանքի միջազգային կրոնական կազմակերպությունների հետ: Այդ գրագրությունը չպետք է հաշվարկվի 107 հոդվածում նշվող չափաքանակի մեջ, բայց ենթակա է 112 հոդվածի դրույթների գործողությանը:

Այն դեպքում, երբ ներկալվածները չեն օգտվում իրենց պաշտամունքի սպասավորների հոգևոր օգնությունից, կամ երբ այս վերջիններիս թիվն անբավարար է, ապա այդ նույն դավանանքի տեղի կրոնական իշխանությունները կարող են` ներկալող տերության հետ համաձայնեցնելով, նշանակել նույն պաշտամունքի սպասավոր կամ այն դեպքում, երբ դա հնարավոր է դավանանքի տեսակետից` դրան նման պաշտամունքի սպասավոր կամ իրազեկ աշխարհիկ անձ: Այս վերջինը կօգտվի այն պարտականությունների հետ կապված առավելություններից, որոնք նա վերցրել է իր վրա: Այս ձևով նշանակված անձինք պետք է կատարեն բոլոր այն կանոնները, որ ի շահ կարգապահության և անվտանգության` սահմանել է ներկալող տերությունը:

 

ՀՈԴՎԱԾ 94

Ժամանցը: Կրթությունը: Սպորտը

 

Ներկալող տերությունը կխրախուսի ներկալվածների մտավոր, կրթական և մարզական, ինչպես նաև նրանց ժամանցի պահանջմունքների բավարարմանն ուղղված գործունեությունը` նրանց տրամադրելով այդ գործունեությանը մասնակցելու կամ չմասնակցելու ընտրության ազատություն: Ներկալող տերությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` այդ գործունեության ապահովման համար և, մասնավորապես, նրանց տրամադրության տակ դնի համապատասխան շենքեր:

Ներկալվածներին կտրամադրվեն բոլոր հնարավորությունները, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց ուսումը կամ նոր ուսման ձեռնամուխ լինեն: Պետք է ապահովվի երեխաների և դեռահասների ուսուցումը: Նրանք կարող են հաճախել ներկալման վայրերի ներսում կամ դրանցից դուրս գտնվող դպրոցները:

Ներկալվածները պետք է հնարավորություն ունենան զբաղվելու ֆիզիկական վարժություններով, սպորտով և մարզական խաղերով` բաց օդում:

Այդ նպատակով ներկալման բոլոր վայրերում կառանձնացվեն բավականաչափ ազատ հրապարակներ: Երեխաների և դեռահասների համար պետք է առանձնացվեն հատուկ տարածքներ:

 

ՀՈԴՎԱԾ 95

Աշխատանքը

 

Ներկալող տերությունը կարող է ներկալվածներին օգտագործել աշխատանքում միայն այն դեպքում, եթե նրանք ցանկանում են: Ամեն դեպքում արգելվում է այնպիսի աշխատանքը, որը, եթե հարկադրաբար կատարեին ներկալվածներ չհանդիսացող հովանավորվող անձինք, կնշանակեր սույն Կոնվենցիայի 40 կամ 51 հոդվածների խախտում, ինչպես նաև այնպիսի աշխատանքը, որը կրում է վիրավորական կամ նվաստացուցիչ բնույթ:

6 շաբաթվա աշխատանքից հետո ներկալվածները կարող են ցանկացած ժամանակ դադարել աշխատել` այդ մասին նախազգուշացնելով 8 օր առաջ:

Այս դրույթները չեն խոչընդոտում ներկալող տերության իրավունքը` ստիպելու ներկալված բժիշկներին, ատամնաբույժներին և սանիտարական անձնակազմի մյուս անձանց զբաղվել իրենց մասնագիտությամբ` ի շահ իրենց համաներկալվածների, ներկալվածներին օգտագործել ներկալման վայրերի կառավարման և կարգուկանոնի պահպանման աշխատանքներում, այդ անձանց հանձնարարել խոհանոցային կամ այլ տնտեսական աշխատանքներ, վերջապես, նրանց օգտագործել օդային ռմբակոծումներից և պատերազմի մյուս վտանգներից ներկալվածներին պաշտպանելու աշխատանքներում: Սակայն ոչ մի ներկալվածի չի կարելի ստիպել կատարելու այնպիսի աշխատանքներ, որոնց համար նա, վարչակազմի կողմից նշանակված բժշկի եզրակացությամբ, ֆիզիկապես պիտանի չէ:

Ներկալող տերությունը իր վրա կվերցնի աշխատանքի բոլոր պայմանների, բուժօգնության, աշխատավարձի, ինչպես նաև աշխատանքում դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների համար փոխհատուցման ողջ պատասխանատվությունը: Աշխատանքի պայմանները և դժբախտ պատահարների ու մասնագիտական հիվանդությունների համար փոխհատուցումները պետք է համապատասխանեն ազգային օրենսդրությանը և գոյություն ունեցող պրակտիկային: Դրանք ոչ մի դեպքում չպետք է ավելի վատ և նվազ լինեն այն պայմաններից, որոնք այդ տեսակի աշխատանքի համար գոյություն ունեն տվյալ շրջանում: Աշխատավարձը սահմանվում է արդար ձևով` ներկալվածների և ներկալող տերության, ինչպես նաև, հարկ եղած դեպքում, այլ գործատուների միջև կնքված հատուկ համաձայնագրերի միջոցով, ընդսմին` հաշվի կառնվի այն փաստը, որ ներկալող տերությունը պարտավոր է անվճար պահել ներկալվածներին, ինչպես նաև նրանց տրամադրել բուժօգնություն, որն անհրաժեշտ է նրանց առողջական վիճակի բերումով: Սույն հոդվածի երրորդ պարբերության մեջ նշված աշխատանքի տեսակները մշտապես կատարելու նշանակված ներկալվածները կստանան ներկալող տերության արդարացի աշխատավարձը: Աշխատանքի պայմանները և աշխատանքում դժբախտ պատահարների ու մասնագիտական հիվանդությունների համար փոխհատուցման չափը չպետք է ավելի վատ և ավելի նվազ լինի այն պայմաններից ու չափից, որոնք սովորաբար կիրառվում են այդ շրջանում համանման աշխատանքի համար:

 

ՀՈԴՎԱԾ 96

Աշխատանքային խմբերը

 

Ամեն մի աշխատանքային խումբ պետք է գտնվի ներկալման որևէ վայրի տնօրինության ներքո: Ներկալող տերության համապատասխան իշխանությունները և ներկալման այդ վայրի պարետը պատասխանատվություն են կրում աշխատանքային խմբերում սույն Կոնվենցիայի դրույթների պահպանման համար: Պարետը պետք է իրեն ենթակա աշխատանքային խմբերի ցուցակը պահի կարգին վիճակում և այն ներկայացնի հովանավոր տերության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կամ այլ մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք կայցելեն ներկալման վայրերը:

 

Գլուխ 6
Անձնական գույքը և դրամական միջոցները

 

ՀՈԴՎԱԾ 97

Անձնական իրերն ու արժեքները

 

Ներկալվածներին կթույլատրվի իրենց մոտ պահել անձնական օգտագործման իրերն ու առարկաները: Նրանց մոտ գտնվող դրամական գումարները, չեկերը, արժեթղթերը և այլն, ինչպես նաև թանկարժեք առարկաները կարող են նրանցից վերցվել միայն սահմանված ընթացակարգին համապատասխան: Այդ դեպքում նրանց պետք է տրվի մանրամասն ստացական:

Դրամական գումարները պետք է մուտքագրվեն յուրաքանչյուր ներկալվածի անձնական հաշվի վրա, ինչպես նախատեսված է 98 հոդվածում. դրանք չեն կարող փոխարկվել այլ տարադրամով, եթե միայն այն տարածքի օրենսդրությունը, որտեղ գտնվում է դրանց տերը, այդ բանը չի պահանջում, կամ եթե դրա համար ներկալվածը չի տալիս իր համաձայնությունը:

Հիմնականում սուբյեկտիվ արժեք կամ հիշատակ ներկայացնող առարկաները չեն կարող վերցվել:

Ներկալված կանանց խուզարկությունը կարող է կատարվել միայն կնոջ կողմից:

Ազատվելիս կամ հայրենադարձվելիս ներկալվածները կանխիկ գումարով կստանան 98 հոդվածի համաձայն բացված իրենց հաշվեմնացորդը, ինչպես նաև այն բոլոր առարկաները, դրամը, չեկերը, արժեթղթերը և այլն, որոնք նրանցից վերցվել էին ներկալման ժամանակ: Բացառություն են կազմում այն առարկաներն ու արժեքները, որոնք գործող օրենսդրության համաձայն պետք է մնան ներկալող տերության մոտ: Այն դեպքում, երբ ներկալվածին պատկանող որևէ գույք պահվում է հիշյալ օրենսդրության բերումով, շահագրգիռ անձին այդ մասին կտրվի մանրամասն ստացական:

Ներկալվածների ձեռքին գտնվող ընտանեկան փաստաթղթերը և անձնական վկայականները կարող են նրանցից վերցվել միայն ստացականով: Ոչ մի պահ ներկալվածները չպետք է մնան առանց անձնական վկայականի: Եթե նրանք այդ չունեն, ապա կստանան ներկալող իշխանությունների կողմից տրված հատուկ վկայականներ, որոնք կփոխարինեն նրանց անձնական վկայականները` մինչև ներկալման ավարտը:

Ներկալվածները կարող են իրենց մոտ ունենալ որոշ դրամական գումար` կանխիկ կամ գնման կտրոնների տեսքով, որպեսզի կարողանան գնումներ կատարել:

 

ՀՈԴՎԱԾ 98

Ֆինանսական միջոցները և անձնական հաշիվները

 

Բոլոր ներկալվածները կանոնավոր կերպով գումար կստանան` սննդամթերք և այնպիսի ապրանքներ գնելու համար, ինչպես, օրինակ, ծխախոտն է, հարդարանքի պիտույքները և այլն: Այդ վճարումները կկատարվեն վարկի կամ գնման կտրոնների տեսքով:

Դրանից բացի, ներկալվածները կարող են ստանալ նպաստներ այն տերությունից, որի քաղաքացին են հանդիսանում, հովանավոր տերությունից, օգնություն ցույց տվող ամեն տեսակի կազմակերպություններից կամ իրենց ընտանիքներից, ինչպես նաև եկամուտ` իրենց գույքից` ներկալող տերության օրենսդրության համապատասխան: Ներկալվածների նպաստների չափը` ուղարկված այն տերության կողմից, որի քաղաքացին են նրանք հանդիսանում, պետք է նույնը լինի ներկալվածների յուրաքանչյուր կատեգորիայի համար (հաշմանդամներ, հիվանդներ, հղի կանայք և այլն), և այդ տերության կողմից սահմանված նպաստների չափը որոշելիս, ինչպես նաև ներկալող տերության կողմից նպաստները բաշխելիս չպետք է թույլ տրվի խտրականություն, որն արգելվում է սույն Կոնվենցիայի 27 հոդվածով:

Յուրաքանչյուր ներկալվածի համար ներկալող տերությունը պետք է բացի անձնական հաշիվ, որի վրա պետք է գրանցվեն սույն հոդվածում նշված վճարումները, ներկալվածի աշխատավարձը, ինչպես նաև նրան հասցեագրված դրամական փոխանցումները: Նրա հաշվին պետք է գրանցեն նաև նրա մոտից վերցված գումարները, որոնք նա կարող է տնօրինել այն տարածքում գործող օրենսդրության համապատասխան, որտեղ գտնվում է: Ներկալվածներին կտրամադրվեն բոլոր հնարավորությունները` իրենց ընտանիքներին և իրենցից նյութապես կախում ունեցող անձանց դրամական օգնություն ուղարկելու այն տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան, որտեղ նրանք գտնվում են: Նրանք այդ հաշվից կարող են հանել իրենց անձնական ծախսերի համար անհրաժեշտ գումարներ այն սահմաններում, որոնք կհաստատվեն ներկալող տերության կողմից: Ցանկացած ժամանակ նրանց հնարավորություն կտրվի ծանոթանալ իրենց հաշիվներին և դրանց վերաբերյալ քաղվածք ստանալ: Այդ հաշիվների վիճակը հաղորդվում է հովանավոր տերությանը` վերջինիս խնդրանքով, իսկ ներկալված անձին տեղափոխելու դեպքում հաշիվը հետևում է նրան:

 

Գլուխ 7
Ղեկավարությունը և կարգապահությունը

 

ՀՈԴՎԱԾ 99

Ճամբարների ղեկավարությունը

 

Յուրաքանչյուր ներկալման վայր կդրվի ներկալող տերության կանոնավոր զինված ուժերի կամ քաղաքացիական վարչակազմի սպայի կամ պաշտոնատար պատասխանատու անձի ղեկավարության ներքո: Ներկալման վայրը ղեկավարող սպան կամ պաշտոնատար անձը պետք է ունենա սույն Կոնվենցիայի տեքստը պաշտոնական լեզվով կամ իր երկրի պաշտոնական լեզուներից մեկով և պատասխանատու լինի Կոնվենցիայի կիրառման համար: Հսկիչ անձնակազմը պետք է ծանոթ լինի սույն Կոնվենցիայի դրույթներին, ինչպես նաև Կոնվենցիայի կիրառմանը վերաբերող կանոններին:

Սույն Կոնվենցիայի տեքստը, ինչպես նաև սույն Կոնվենցիային համապատասխան կնքվող հատուկ համաձայնագրերի տեքստերը, որոնք գրված են ներկալվածների համար հասկանալի լեզվով, պետք է կախվեն ներկալման վայրի ներսում կամ գտնվեն ներկալվածների կոմիտեում:

Բոլոր տեսակի կանոնները, հրամանները, հայտարարությունները և ծանուցումները պետք է հաղորդվեն ներկալվածներին և կախվեն ներկալման վայրի ներսում` նրանց համար հասկանալի լեզվով:

Առանձին ներկալվածներին ուղղված հրամանները և կարգադրությունները ևս պետք է տրվեն նրանց համար հասկանալի լեզվով:

 

ՀՈԴՎԱԾ 100

Ընդհանուր կարգապահությունը

 

Ներկալման վայրերում կարգապահությունը պետք է համատեղելի լինի մարդասիրության սկզբունքների հետ, ոչ մի դեպքում չպետք է բովանդակի կանոններ, որոնք ներկալվածներին ենթարկեն նրանց առողջության համար վտանգավոր ֆիզիկական լարվածության կամ ֆիզիկական կամ բարոյական ծաղրանքների: Դաջումը կամ դրոշմը կամ մարմնի վրա այլ տարբերիչ նշաններ դնելն արգելվում են:

Մասնավորապես, արգելվում է ներկալվածներին ստիպել կանգնած մնալ երկար ժամանակ, որպես պատիժ նրանց ենթարկել երկարատև անվանականչի, ֆիզիկական պատժիչ վարժությունների, ռազմական խստավարժության և սննդի սահմանափակումների:

 

ՀՈԴՎԱԾ 101

Դիմումներն ու գանգատները

 

Ներկալվածներն իրավունք ունեն իշխանություններին, որոնց տնօրինության տակ են գտնվում, դիմում հանձնել իրենց նկատմամբ սահմանված ռեժիմի առթիվ:

Նրանք նաև իրավունք ունեն, առանց սահմանափակումների, ներկալվածների կոմիտեի միջոցով կամ անմիջականորեն, եթե դա անհրաժեշտ համարեն, դիմելու հովանավոր տերության ներկայացուցիչներին, որպեսզի հայտնեն, թե ներկալման ռեժիմի որ պայմանների վերաբերմամբ իրենք գանգատներ ունեն:

Այդ դիմումները և գանգատները պետք է հանձնվեն արագ կարգով և առանց փոփոխությունների: Անգամ եթե դրանք ճանաչվեն անհիմն, չեն կարող որևէ պատժի հիմք հանդիսանալ:

Ներկալվածների կոմիտեները կարող են հովանավոր տերության ներկայացուցիչներին պարբերաբար զեկույցներ ուղարկել` ներկալման վայրերում իրավիճակի և ներկալվածների կարիքների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 102

Ներկալվածների կոմիտեն: I. Անդամների ընտրությունը

 

Ներկալման բոլոր վայրերում ներկալվածներն ազատորեն, փակ քվեարկությամբ, 6 ամիսը մեկ կընտրեն կոմիտեի անդամներ, որը նրանց կներկայացնի ներկալող տերության իշխանությունների, հովանավոր տերությունների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և նրանց օգնություն ցույց տվող ամեն մի այլ կազմակերպության առջև: Այդ կոմիտեի անդամները կարող են վերընտրվել:

Ընտրված ներկալվածներն իրենց պարտականությունների կատարմանն են անցնում ներկալող իշխանությունների կողմից նրանց ընտրությունը հաստատվելուց անմիջապես հետո: Կոմիտեի անդամների հաստատման հնարավոր մերժման կամ փոխարինման պատճառները պետք է հայտնվեն շահագրգիռ հովանավոր տերություններին:

 

ՀՈԴՎԱԾ 103

II. Գործառույթները

 

Ներկալվածների կոմիտեները պետք է նպաստեն ներկալվածների ֆիզիկական, բարոյական և մտավոր բարօրությանը:

Մասնավորապես, եթե ներկալվածները որոշում են ստեղծել փոխօգնության կազմակերպություն, ապա այն պետք է գտնվի կոմիտեի տնօրինության ներքո` անկախ այն հատուկ պարտականություններից, որոնք նրանց վրա դրված են սույն Կոնվենցիայի այլ դրույթներով:

 

ՀՈԴՎԱԾ 104

III. Լիազորությունները

 

Ներկալվածների կոմիտեների անդամներին չի կարելի հարկադրել կատարելու ուրիշ աշխատանք, եթե դա կդժվարացնի կատարել իրենց անմիջական գործառույթները:

Կոմիտեի անդամները ներկալվածների թվից կարող են նշանակել իրենց անհրաժեշտ օգնականներ: Նրանց կտրամադրվեն գործնականորեն բոլոր հնարավորությունները և, մասնավորապես, տեղաշարժման որոշ ազատություն, որ անհրաժեշտ է իրենց պարտականությունները (այցելություն աշխատանքային խմբեր, բեռների ընդունում և այլն) կատարելու համար:

Կոմիտեների անդամներին կտրամադրվեն նաև բոլոր հնարավորությունները ներկալող տերության իշխանությունների, հովանավոր տերությունների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և դրանց ներկայացուցիչների, ինչպես նաև նրանց օգնություն ցույց տվող կազմակերպությունների հետ նրանց փոստային և հեռագրական գրագրությունների համար: Աշխատանքային խմբերում գտնվող կոմիտեների անդամները ներկալման հիմնական վայրի կոմիտեի հետ իրենց գրագրության առնչությամբ կօգտվեն միևնույն արտոնություններից: Այդ գրագրության համար չի սահմանվի ոչ մի սահմանափակում, և այն չի կարելի դիտել որպես 107 հոդվածում նախատեսված չափաքանակի մեջ մտնող:

Կոմիտեի ոչ մի անդամ չի կարող փոխադրվել այլ վայր` առանց նրան` խելամիտ չափով անհրաժեշտ ժամանակ տրամադրելու` իրեն փոխարինողին գործերին տեղեկացնելու համար:

 

Գլուխ 8
Կապն արտաքին աշխարհի հետ

 

ՀՈԴՎԱԾ 105

Ձեռնարկված միջոցների մասին ծանուցումը

 

Հովանավորվող անձանց ներկալելուց անմիջապես հետո ներկալող տերությունները կծանուցեն նրանց, այն տերություններին, որոնց քաղաքացին են հանդիսանում նրանք, և նրանց հովանավոր տերությանը այն միջոցների մասին, որոնք նախատեսվում են սույն գլխի դրույթները կատարելու համար: Նրանք նաև շահագրգիռ կողմերին կհայտնեն այդ միջոցառումների մեջ մտցրած ամեն մի փոփոխության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 106

Ներկալման մասին ծանուցում-քարտը

 

Յուրաքանչյուր ներկալված անձ` իրեն ներկալելու պահից կամ ամենաուշը ներկալման վայր հասնելուց մեկ շաբաթ անց, ինչպես նաև հիվանդանալու կամ ներկալման այլ վայր կամ հիվանդանոց ուղարկվելու դեպքում պետք է հնարավորություն ստանա, մի կողմից, անմիջականորեն իր ընտանիքին, մյուս կողմից` 140 հոդվածով նախատեսված կենտրոնական գործակալությանն ուղարկելու ներկալման մասին ծանուցում-քարտը, որը կազմված լինի, եթե հնարավոր է, սույն Կոնվենցիային կցված նմուշի ձևով` իր ներկալման, առողջական վիճակի մասին հաղորդումով, և նշելով իր հասցեն: Այդ քարտերը պետք է ուղարկվեն որքան հնարավոր է շտապ, և դրանց հանձնումը չի կարող ուշացվել որևէ ձևով:

 

ՀՈԴՎԱԾ 107

Նամակագրությունը

 

Ներկալվածներին կթույլատրվի ուղարկել և ստանալ նամակներ ու փոստային բացիկներ: Եթե ներկալող տերությունն անհրաժեշտ համարի սահմանափակել յուրաքանչյուր ներկալվածի կողմից ուղարկվող նամակների և բացիկների քանակը, ապա այդ քանակը չի կարող ամիսը երկու նամակից և 4 բացիկից պակաս լինել, որոնք, հնարավորության սահմաններում, պետք է կազմված լինեն սույն Կոնվենցիային կցված նմուշների ձևով: Եթե ներկալվածներին ուղարկվող նամակագրությունների վերաբերմամբ պետք է սահմանափակումներ մտցվեն, ապա դրանք պետք է արտոնվեն միայն այն տերության կողմից, որի քաղաքացին են հանդիսանում ներկալվածները, որոշ դեպքերում` ներկալող տերության խնդրանքով: Այդ նամակները և բացիկները պետք է առաքվեն նորմալ ժամկետում: Դրանք չեն կարող պահվել, ոչ էլ դրանց առաքումը կարող է ուշացվել կարգապահական նկատառումներով:

Այն ներկալվածներին, որոնք երկար ժամանակ լուր չեն ստացել իրենց ընտանիքներից կամ զրկված են եղել սովորական ճանապարհով իրենց ընտանիքներից լուր ստանալու կամ ուղարկելու հնարավորությունից, ինչպես նաև այն ներկալվածներին, որոնք իրենց հարազատներից զգալի հեռավորության վրա են գտնվում, կթույլատրվի ուղարկել հեռագրեր` դրանց արժեքի վճարման պայմանով, այն տարադրամով, որ նրանք ունեն: Այդպիսի արտոնություն նրանց կտրվի նաև հարցը հրատապ համարվելու դեպքում:

Որպես ընդհանուր կանոն ներկալվածների գրագրությունը վարվում է նրանց մայրենի լեզվով: Ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են թույլատրել, որ գրագրությունը վարվի այլ լեզուներով:

 

ՀՈԴՎԱԾ 108

Օգնության ծանրոցների առաքումը: I. Ընդհանուր սկզբունքները

 

Ներկալվածներին կթույլատրվի փոստով կամ որևէ այլ միջոցով ստանալ անհատական կամ կոլեկտիվ ծանրոցներ, որոնք պարունակեն, մասնավորապես, սննդամթերք, հագուստ, դեղամիջոցներ, ինչպես նաև գրքեր և նրանց կրոնական պահանջմունքների բավարարման, նրանց ուսման և ժամանցի համար նախատեսված առարկաներ: Այդ ծանրոցները ոչ մի դեպքում չեն ազատում ներկալող տերությանը` սույն Կոնվենցիայով նրա վրա դրված պարտականություններից:

Այն դեպքում, երբ ռազմական անհրաժեշտությունից ելնելով` կպահանջվի սահմանափակել այդպիսի ծանրոցների քանակը, այդ մասին համապատասխան ծանուցում պետք է արվի հովանավոր տերությանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կամ ներկալվածներին օգնություն ցուցաբերող ցանկացած այլ կազմակերպության, որոնց հանձնարարված է այդ ծանրոցների առաքումը:

Անհատական և կոլեկտիվ ծանրոցների առաքման կարգը, եթե դա անհրաժեշտ է, պետք է դառնա հատուկ համաձայնագրերի կնքման առարկա շահագրգիռ տերությունների միջև, որոնք ոչ մի դեպքում չպետք է ուշացնեն ներկալվածների կողմից օգնության ստացումը: Պարեն կամ հագուստ պարունակող ծանրոցներում չեն կարող գրքեր լինել. սանիտարական պարագաները, որպես կանոն, առաքվում են կոլեկտիվ ծանրոցներով:

 

ՀՈԴՎԱԾ 109

II. Օգնության կոլեկտիվ ծանրոցները

 

Ընդհարման մեջ գտնվող կողմերի միջև օգնության կոլեկտիվ ծանրոցների ստացման և բաշխման կարգի մասին հատուկ համաձայնագրերի բացակայության դեպքում կկիրառվեն սույն Կոնվենցիային կից` կոլեկտիվ ծանրոցներին վերաբերող կանոնները:

Վերը նշված հատուկ համաձայնագրերը ոչ մի դեպքում չեն կարող սահմանափակել ներկալվածների համար նախատեսվող օգնության կոլեկտիվ ծանրոցներն ստանալու, դրանք բաշխելու և ի շահ հասցեատերերի դրանք տնօրինելու` ներկալվածների կոմիտեների իրավունքները:

Այդ համաձայնագրերով չեն կարող սահմանափակվել նաև ստացողների միջև կոլեկտիվ ծանրոցները բաշխելու նկատմամբ հսկողության այն իրավունքները, որոնք պատկանում են հովանավոր տերության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կամ ներկալվածներին օգնություն ցույց տվող ցանկացած այլ կազմակերպության ներկայացուցիչներին, այն դեպքերում, երբ այդ ծանրոցների հանձնումը դրվում է այդպիսի ներկայացուցիչների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 110

III. Մաքսատուրքերից և այլ գանձումներից ազատումը

 

Ներկալվածների համար նախատեսված օգնության բոլոր ծանրոցները ազատվում են մաքսատուրքերից և այլ գանձումներից:

Բոլոր առաքումները, ներառյալ օգնության` փոստով ուղարկվող ծանրոցները և այլ երկրներից ներկալվածներին հասցեագրված դրամական փոխանցումները կամ ներկալվածների կողմից անմիջականորեն փոստով կամ 136 հոդվածով նախատեսված տեղեկատու բյուրոյի և 140 հոդվածով նախատեսված կենտրոնական տեղեկատու գործակալության միջոցով ուղարկվող դրամական փոխանցումներն ազատվում են բոլոր փոստային գանձումներից, ինչպես առաքման երկրում ու հասցեագրված երկրում, այնպես էլ տարանցիկ երկրներում: Այդ նպատակով փոստային գանձումներից ազատումը, որը նախատեսվում է 1947 թվականի Համաշխարհային փոստային կոնվենցիայով և Համաշխարհային փոստային միության համաձայնագրերով, հակառակորդ երկրի ճամբարներում կամ քաղաքացիական բանտերում գտնվող քաղաքացիական անձանց վերաբերմամբ, կտարածվի ներկալված հովանավորվող անձանց` սույն Կոնվենցիայում նշված բոլոր կատեգորիաների վրա: Այդ համաձայնագրերի մասնակից չհանդիսացող երկրները պարտավոր կլինեն գանձումներից ազատել միևնույն պայմաններով:

Ներկալվածների համար նախատեսված օգնության այն ծանրոցների առաքման ծախսերը, որոնք իրենց քաշի կամ որևէ այլ պատճառով չեն կարող ուղարկվել փոստով, կկատարի ներկալող տերությունը` իր հսկողության ներքո գտնվող բոլոր տարածքներում: Կոնվենցիայի մասնակից մյուս տերություններն առաքման ծախսերը կկատարեն իրենց տարածքներում:

Այն բեռների առաքման ծախսերը, որոնք չեն ընկնում նախորդ պարբերությունների գործողության տակ, վճարվում են ուղարկողի կողմից:

Բարձր պայմանավորվող կողմերը կձգտեն նվազեցնել, որքան դա հնարավոր է, այն հեռագրերի սակագները, որոնք ուղարկվում են ներկալվածներին կամ հասցեագրված են նրանց:

 

ՀՈԴՎԱԾ 111

Հատուկ փոխադրումները

 

Այն դեպքում, եթե ռազմական գործողությունները կխանգարեն շահագրգիռ տերություններին կատարելու 106, 107, 108 և 113 հոդվածներում հիշատակված ծանրոցների առաքման ապահովման իրենց վրա դրված պարտականությունը, ապա շահագրգիռ հովանավոր տերությունները, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կամ ցանկացած այլ այնպիսի կազմակերպություն, որը ճանաչվել է ընդհարման մեջ գտնվող կողմերի կողմից, կարող են համապատասխան փոխադրամիջոցների օգնությամբ զբաղվել այդ ծանրոցների փոխադրման ապահովմամբ (վագոններ, բեռնատար ավտոմեքենաներ, նավեր կամ ինքնաթիռներ և այլն): Այդ նպատակով Բարձր պայմանավորվող կողմերը կձգտեն նրանց հատկացնել նշված փոխադրամիջոցները և թույլատրել դրանց շարժումը, մասնավորապես դրա համար անհրաժեշտ անցագրեր տալու միջոցով:

Այդ փոխադրամիջոցները կարող են օգտագործվել նաև տեղափոխելու համար.

ա) այն գրագրությունը, ցուցակները և զեկույցները, որոնք փոխանակում են 140 հոդվածում հիշատակված Կենտրոնական տեղեկատու գործակալությունը և 136 հոդվածում նախատեսված Ազգային բյուրոն:

բ) այն գրագրությունը և զեկույցները, որոնք վերաբերում են ներկալվածներին, որոնք հովանավոր տերությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կամ ցանկացած այլ կազմակերպություն, որն օգնություն է ցույց տալիս ներկալվածներին, փոխանակում են ինչպես իրենց ներկայացուցիչների, այնպես էլ ընդհարման մեջ գտնվող կողմերի հետ:

Սույն դրույթները ոչ մի դեպքում չեն սահմանափակում ընդհարման մեջ գտնվող ցանկացած կողմի իրավունքները կազմակերպելու տրանսպորտի այլ միջոցներ, եթե նա այդ գերադասում է, կամ տալ անցագրեր այնպիսի պայմաններով, որոնք կարող են սահմանվել փոխադարձ համաձայնությամբ:

Այդ տրանսպորտային միջոցների օգտագործման հետ կապված ծախսերը այդ ծանրոցների արժեքին համամասնորեն կրում են ընդհարման մեջ գտնվող կողմերը, ում քաղաքացիների օգտին որ մատուցվում է այդ ծառայությունները:

 

ՀՈԴՎԱԾ 112

Գրաքննությունն ու վերահսկողությունը

 

Ներկալվածներին հասցեագրված կամ նրանց կողմից ուղարկվող գրագրությունների գրաքննությունը պետք է կատարվի հնարավոր կարճ ժամկետում:

Ներկալվածների համար նախատեսված ծանրոցների ստուգումը պետք է կատարվի այնպիսի պայմաններում, որոնք չեն վնասի դրանցում եղած մթերքներին, և պետք է տեղի ունենա հասցեատիրոջ կամ նրա կողմից լիազորված նրա ընկերոջ ներկայությամբ: Անհատական կամ կոլեկտիվ ծանրոցների հանձնումը չի կարող ուշացվել գրաքննության հետ կապված դժվարությունների պատճառաբանությամբ:

Գրագրության ամեն մի արգելում, որ ընդհարման մեջ գտնվող կողմերը հայտարարում են ռազմական կամ քաղաքական պատճառներով, կարող է լինել միայն ժամանակավոր բնույթի, և դրա ժամկետը պետք է լինի հնարավորին չափ առավել կարճ:

 

ՀՈԴՎԱԾ 113

Պաշտոնական փաստաթղթերի կազմումը և հանձնումը

 

Տերությունները, որոնց իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կտրամադրեն բոլոր խելամիտ հնարավորությունները հովանավոր տերության կամ 140 հոդվածով նախատեսված Կենտրոնական գործակալության միջոցով կամ այլ հարկ եղած եղանակներով ներկալվածներին հասցեագրված կամ նրանցից եկող կտակները, լիազորագրերը կամ մյուս բոլոր փաստաթղթերը փոխանցելու համար:

Բոլոր դեպքերում տերությունները, որոնց իշխանության տակ են գտնվում ներկալվածները, աջակցություն ցույց կտան ներկալվածներին կազմելու և պատշաճ ձևով հաստատելու այդ փաստաթղթերը. նրանք ներկալվածներին թույլ կտան, մասնավորապես, խորհրդատվություն ստանալ իրավաբանից:

 

ՀՈԴՎԱԾ 114

ՈՒնեցվածքի տնօրինումը

 

Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կտրամադրեն ներկալման ռեժիմի և գործող օրենսդրության հետ համատեղվող բոլոր արտոնությունները, որպեսզի նրանց հնարավորություն տրվի տնօրինելու իրենց ունեցվածքը: Դրա համար այդ տերությունը կարող է նրանց թույլատրել, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և, եթե դա թույլ են տալիս հանգամանքները, դուրս գալու ներկալման վայրի սահմաններից:

 

ՀՈԴՎԱԾ 115

Դատական գործով կողմ հանդիսացող ներկալվածին ընձեռվող

հնարավորությունները

 

Բոլոր դեպքերում, եթե ներկալվածը դատական գործընթացում հանդիսանում է կողմ, տերությունը, որի իշխանության տակ է նա գտնվում, պետք է, եթե ներկալվածը դա պահանջի, հաղորդի դատարանին նրա ձերբակալման մասին և պետք է, օրինական շրջանակներում, հետևի, որպեսզի ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցներն այն բանի համար, որպեսզի նրա ներկալման կապակցությամբ թույլ չտրվի որևէ վնաս հասցնել նրա գործի պատրաստման կամ վարման կամ ցանկացած դատական որոշման կատարման վերաբերմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 116

Տեսակցությունները

 

Յուրաքանչյուր ներկալվածի կթույլատրվեն որոշակի ժամկետներում և այնպես հաճախակի, որքանով որ դա հնարավոր լինի, տեսակցություններ, և առաջին հերթին նրա մերձավոր հարազատների հետ:

Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և հնարավորության սահմաններում, հատկապես հարազատներից մեկի մահվան կամ ծանր հիվանդության դեպքում, շահագրգիռ անձին կտրվի իր ընտանիքին այցելելու իրավունք:

 

Գլուխ 9
Քրեական և կարգապահական պատիժները

 

ՀՈԴՎԱԾ 117

Ընդհանուր դրույթներ: Կիրառվող իրավունքը

 

Այն տարածքում գործող օրենսդրությունը, որտեղ գտնվում են ներկալվածները, կշարունակի կիրառվել ներկալման ժամանակ օրինախախտում թույլ տված ներկալվածների նկատմամբ սույն գլխի դրույթների հաշվառմամբ:

Եթե օրենքներում, որոշումներում կամ կարգադրություններում նշված է, որ ներկալվածների կողմից կատարված գործողությունները պատժելի են, այն դեպքում, երբ այդ նույն գործողությունները, եթե դրանք կատարվել են ներկալված անձանց կողմից, պատիժ չեն առաջացնում, ապա դրանք կարող են առաջ բերել միայն կարգապահական տույժեր:

Միևնույն արարքի համար կամ միևնույն մեղադրանքով ներկալվածը կարող է պատժվել միայն մեկ անգամ:

 

ՀՈԴՎԱԾ 118

Պատիժները

 

Պատիժ նշանակելիս դատարանները և իշխանությունները ամենալայն չափով ուշադրության կառնեն այն փաստը, որ մեղադրյալը չի հանդիսանում ներկալած տերության քաղաքացի: Դրանք ազատ կլինեն մեղմացնելու իրավախախտման համար ներկալվածի և մեղսագրվող մեղքի համար նախատեսվող պատիժը և պարտավոր չեն լինի պահպանելու այդ պատժի նվազագույնը:

Արգելված են ցերեկային լույսից զուրկ տեղերում բանտարկելը և առհասարակ ամեն կարգի խստությունները:

Ներկալվածների կողմից կարգապահական կամ դատական կարգով դրված պատիժները կրելուց հետո նրանց հետ պետք է վարվել այնպես, ինչպես որ մյուս ներկալվածների հետ:

Ներկալվածի նախնական կալանքի ժամկետը բոլոր դեպքերում հաշվարկվում է ազատազրկման այն ժամկետի մեջ, որ նրա համար դատական կամ կարգապահական կարգով սահմանվում է որպես պատժաչափ:

Ներկալվածների դեմ հարուցված բոլոր դատական գործերի, ինչպես նաև դրանց արդյունքների մասին ծանուցվում են ներկալվածների կոմիտեները, որոնք հանդիսանում են նրանց լիազորները:

 

ՀՈԴՎԱԾ 119

Կարգապահական տույժերը

 

Ներկալվածների նկատմամբ կարող են կիրառել կարգապահական հետևյալ տույժեր.

1) 95 հոդվածում նախատեսված` աշխատավարձի 50%-ը չգերազանցող տուգանքը, ոչ ավելի, քան 30 օրվա ժամանակաշրջանի համար,

2) սույն Կոնվենցիայով նախատեսվածից ավելի տրամադրված առավելություններից զրկելը,

3) արտահերթ պատիժները, որոնք չեն գերազանցում օրը երկու ժամից և կապված են ճամբարի պահպանության աշխատանքի հետ,

4) ձերբակալումը:

Կարգապահական պատիժները ոչ մի դեպքում չպետք է լինեն անմարդկային, խիստ կամ վտանգավոր ներկալվածների առողջության համար: Պատիժներ նշանակելիս պետք է հաշվի առնել տարիքը, սեռը և առողջական վիճակը:

Միևնույն պատժի առավելագույն ժամկետը չպետք է գերազանցի երեսուն օրացուցային օրը, անգամ այն դեպքերում, երբ ներկալվածը նրա մասին որոշում կայացնելու պահին պետք է կարգապահական տույժի ենթարկվի մի քանի արարքների համար, անկախ այն բանից, այդ արարքները կապված են միմյանց հետ, թե ոչ:

 

ՀՈԴՎԱԾ 120

Փախուստը

 

Փախուստից հետո կամ փախուստի փորձ կատարելիս բռնված ներկալվածները այդ արարքի համար ենթակա են կարգապահական տույժի, անգամ կրկնվելու դեպքում:

Որպես նահանջ 118 հոդվածի երրորդ պարբերությունից փախուստի համար կամ փախուստի փորձ կատարելու համար ներկալվածները կարող են դրվել հատուկ հսկողության տակ պայմանով, սակայն, որ այն կիրականացվի ներկալման վայրում և առաջ չի բերի սույն Կոնվենցիայով նրանց տրամադրված երաշխիքներից որևէ մեկի վերացում:

Փախուստին կամ փախուստ կատարելու փորձին նպաստած ներկալվածները դրա համար կարող են ենթարկվել միայն կարգապահական տույժի:

 

ՀՈԴՎԱԾ 121

Հարակից իրավախախտումները

 

Փախուստը կամ փախուստի դիմելու փորձը, անգամ կրկնվելիս, չպետք է դիտեն որպես մեղքը ծանրացնող հանգամանք այն դեպքում, երբ ներկալվածը դատի է ենթարկվում փախուստի ժամանակ կատարած իրավախախտումների համար:

Ընդհարման մեջ գտնվող կողմերը կհետևեն, որպեսզի համապատասխան իշխանությունները ներողամտություն ցուցաբերեն այն հարցը որոշելու, թե կատարած իրավախախտման համար ներկալվածը արդյոք ենթակա է պատժի կարգապահական կամ դատական կարգով, առանձնապես փախուստի կամ փախուստի դիմելու փորձի հետ կապված արարքների վերաբերմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 122

Հետաքննությունը: Նախնական կալանքը

 

Կարգապահության խախտման փաստերը պետք է անհապաղ հետաքննվեն: Դա վերաբերում է, մասնավորապես, փախուստին կամ փախուստի փորձի դիմելուն, և բռնված ներկալվածը պետք է, որքան հնարավոր է, արագ հանձնվի համապատասխան իշխանություններին:

Բոլոր ներկալվածների համար նախնական կալանքի ժամկետը, կարգապահությունը խախտելու դեպքում, պետք է հասցվի նվազագույնի և չգերազանցի երկու շաբաթվա սահմանը, բոլոր դեպքերում նախնական կալանքում անցկացրած ժամանակը հաշվարկվում է ազատազրկման ժամկետի մեջ:

124 և 125 հոդվածների դրույթները կիրառվում են կարգապահության դեմ գործած արարքների համար նախատեսված կալանքի ենթարկված ներկալվածների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 123

Իրավասու մարմինները և ընթացակարգը

 

Առանց վնաս հասցնելու դատական մարմինների և բարձրագույն իշխանությունների իրավասություններին, պատիժներ կարող են նշանակվել միայն ներկալման վայրի պարետի կամ սպայի և կամ պաշտոնատար պատասխանատու անձի կողմից, որին նա փոխանցել է իր կարգապահական իշխանությունը:

Նախքան կարգապահական տույժի մասին որևէ որոշում կայացնելը, մեղադրյալ ներկալվածին հանգամանորեն կհաղորդվի նրան որպես մեղադրանք հարուցվող օրինախախտումների մասին: Նրան կթույլատրվի նաև տալ բացատրություն իր վարքագծի վերաբերյալ և հանդես գալ իր պաշտպանությամբ, կանչել վկաների և անհրաժեշտության դեպքում դիմել որակյալ թարգմանչի ծառայություններին: Որոշումը կհայտարարվի մեղադրյալի և ներկալվածների կոմիտեի անդամներից մեկի ներկայությամբ:

Կարգապահական տույժի ենթարկելու մասին որոշում կայացնելու պահից մինչև նրա կատարումը պետք է անցնի մեկ ամսից ոչ ավելի ժամանակ:

Եթե ներկալվածի վրա դրվի կարգապահական նոր տույժ, ապա տույժերից ամեն մեկի ի կատար ածման միջև պետք է անցնի 3 օրից ոչ պակաս, եթե տույժերից մեկի տևողությունը 10 կամ ավելի օր է:

Ներկալման վայրի պարետը պետք է վարի կայացվող կարգապահական տույժերի գրանցման մատյան, որը պետք է ներկայացվի հովանավոր տերության ներկայացուցիչների տրամադրությանը:

 

ՀՈԴՎԱԾ 124

Կարգապահական տույժերը կրելու համար նախատեսված տարածքները

 

Ներկալվածները կարգապահական տույժերը կրելու համար ոչ մի հանգամանքներում չեն կարող տեղափոխվել ուղղիչ հիմնարկներ (բանտեր, ուղղիչ հաստատություններ, աքսորաբանտեր և այլն):

Կարգապահական տույժերը կրելու շենքերը պետք է համապատասխանեն հիգիենայի պահանջներին և, մասնավորապես, հագեցված լինեն ննջասարքավորումներով. պատժված ներկալվածները պետք է իրենց մաքուր վիճակում պահելու հնարավորություն ունենան:

Կարգապահական տույժեր կրող կանայք պետք է կալանվեն ներկալված տղամարդկանցից առանձին և գտնվեն կանանց անմիջական հսկողության ներքո:

 

ՀՈԴՎԱԾ 125

Հիմնական երաշխիքները

 

Կարգապահական տույժեր կրող ներկալվածները կունենան ամենօրյա զբոսանքի և օրը առնվազն երկու ժամ բաց օդում լինելու հնարավորություն:

Իրենց խնդրանքով, կթույլատրվի նրանց ներկայանալ ամենօրյա բժշկական ընդունելության, նրանք իրենց առողջական վիճակից ելնելով կստանան անհրաժեշտ բուժօգնություն և անհրաժեշտության դեպքում կտեղավորվեն ներկալման վայրի լազարեթում կամ հիվանդանոցում:

Նրանց կթույլատրվի կարդալ և գրել, ինչպես նաև ուղարկել և ստանալ նամակներ: Սակայն նրանց ծանրոցների և դրամական փոխադրումների հանձնումը կարող է հետաձգվել մինչև պատիժը կրելու ավարտը. այդ ընթացքում դրանք հանձնվում են ներկալվածների կոմիտեին, որը լազարեթ է ուղարկում ծանրոցներում եղած շուտ փչացող մթերքները:

Կարգապահական տույժ կրող ներկալվածներից ոչ ոք չի կարող զրկվել 106 և 142 հոդվածներով նախատեսված իրավունքներից:

 

ՀՈԴՎԱԾ 126

Դատական գործ հարուցելու դեպքում կիրառվող կանոնները

 

71 և 76 հոդվածները ներառյալ կկիրառվեն համանմանորեն, դատական այն գործերի նկատմամբ, որոնք հարուցվել են այն տերության սեփական տարածքում գտնվող ներկալվածների դեմ, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները:

 

Գլուխ 10
Ներկալվածների տեղափոխումը

 

ՀՈԴՎԱԾ 127

Պայմանները

 

Ներկալվածների տեղափոխումը մշտապես կկատարվի մարդասիրաբար: Որպես կանոն, այն կիրականացվի երկաթուղագծով կամ տրանսպորտի այլ տեսակներով և այնպիսի պայմաններում, որոնք առնվազն հավասար են այն պայմաններին, որոնցում կատարվում է այն տերության զորքերի փոխադրումը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները: Եթե, որպես բացառություն, տեղափոխումները պետք է կատարվեն ոտքով, ապա դրանք կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե դա թույլ է տալիս ներկալվածների ֆիզիկական վիճակը, և ոչ մի դեպքում դրանք չպետք է նրանց մոտ չափից ավելի հոգնածություն առաջացնեն:

Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պետք է տեղափոխման ժամանակ ներկալվածներին մատակարարի բավարար քանակի և լավ որակի խմելու ջուր և բազմազան սնունդ` նրանց առողջությունը լավ վիճակում պահպանելու համար, ինչպես նաև նրանց տրամադրի հագուստ, պատշաճ ապաստան և բժշկական անհրաժեշտ օգնություն: Այդ տերությունը կձեռնարկի նախազգուշական բոլոր միջոցները տեղափոխման ժամանակ նրանց անվտանգության ապահովման համար և ուղարկելուց առաջ կկազմի տեղափոխվող ներկալվածների լրիվ ցուցակը:

Հիվանդ և վիրավոր ներկալվածները կամ հաշմանդամ ներկալվածները, ինչպես նաև ծննդկան կանայք չեն տեղափոխվի այդ դեպքում, եթե անցումը կարող է վնաս հասցնել նրանց առողջական վիճակին, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղափոխություն հրամայաբար պահանջում է նրանց անվտանգությունը:

Ներկալման որևէ վայրին ռազմաճակատի գիծը մոտենալիս, այնտեղ գտնվող ներկալվածները կարող են տեղափոխվել միայն այն դեպքում, եթե նրանց տեղափոխումը կարող է իրականացվել բավարար անվտանգության պայմաններում կամ, եթե մնալով իրենց տեղում, նրանք ենթարկվում են ավելի մեծ վտանգի, քան եթե տեղափոխվեն:

Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, ներկալվածներին տեղափոխելու մասին որոշում կայացնելիս պետք է ուշադրության առնի նրանց շահերը և, մասնավորապես, չպետք է անի որևէ այնպիսի բան, որ կարող էր բարդացնել նրանց հայրենադարձությունը կամ վերադարձն իրենց մշտական բնակության վայրը:

 

ՀՈԴՎԱԾ 128

Տեղափոխման կարգը

 

Տեղափոխման դեպքում ներկալվածներին պաշտոնապես կհայտնվի նրանց մեկնելու և փոստային նոր հասցեի մասին: Այդ հաղորդումը պետք է կատարվի նախօրոք այնպես, որպեսզի նրանք կարողանան հասցնել հավաքելու իրենց իրերը և նախազգուշացնել իրենց ընտանիքներին:

Նրանց կթույլատրվի իրենց հետ վերցնել անձնական իրերը, գրագրությունը և նրանց հասցեով եկած ծանրոցները. այդ իրերի կշիռը, եթե տեղափոխման հանգամանքները դա պահանջում են, կարող է սահմանափակվել, բայց ոչ մի դեպքում յուրաքանչյուր ներկալվածի համար 25 կիլոգրամից պակաս:

Գրագրությունը և ծանրոցները, որ հասցեագրված են նրանց ներկալման նախկին վայրը, կուղարկվեն նրանց` առանց որևէ ուշացման:

Հարկ եղած դեպքում ներկալման վայրի պարետը, ներկալվածների կոմիտեի հետ համաձայնեցնելով, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի փոխադրելու համար ներկալվածների կոլեկտիվ ունեցվածքը և այն իրերը, որոնք ներկալվածները չեն կարող իրենց հետ վերցնել սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված սահմանափակումների պատճառով:

 

Գլուխ 11
Ներկալվածների մահը

 

ՀՈԴՎԱԾ 129

Կտակները: Մահվան ակտերը

 

Ներկալվածներն իրենց կտակները կարող են հանձնել պատասխանատու իշխանություններին, որոնք կապահովեն դրանց պահպանումը: Ներկալվածի մահվան դեպքում նրա կտակը հանձնվում է ներկալվածի կողմից ցույց տրված անձանց:

Յուրաքանչյուր ներկալվածի մահը պետք է արձանագրվի բժշկի կողմից, որից հետո կազմվում է ակտ, նշվելով մահվան պատճառը և այն հանգամանքները, որոնցում այն տեղի է ունեցել:

Մահվան մասին պատշաճ ձևով գրանցված պաշտոնական ակտը պետք է կազմվի այն տարածքում գործող ընթացակարգին համապատասխան, որտեղ գտնվում է ներկալման վայրը, և այդպիսի ակտի հարկ եղած ձևով հաստատված պատճենը պետք է անմիջապես ուղարկվի հովանավոր տերությանը, ինչպես նաև 140 հոդվածում նախատեսված Կենտրոնական գործակալությանը:

 

ՀՈԴՎԱԾ 130

Թաղումը: Դիակիզումը

 

Ներկալող իշխանությունները պետք է հետևեն, որպեսզի վախճանված ներկալվածները թաղվեն պատվով, եթե հնարավոր է, այն կրոնի ծիսակատարությամբ, որին նա պատկանում է, որպեսզի նրանց գերեզմանները հարգվեն, պահվեն կարգին վիճակում, նշվեն այնպես, որ դրանք միշտ կարելի լինի գտնել:

Մահացած ներկալվածները պետք է ամփոփվեն առանձին գերեզմաններում, բացառությամբ այն դեպքերի, երբ անխուսափելի հանգամանքները ստիպեն նրանց թաղել եղբայրական գերեզմանում: Աճյունները կարող են այրվել, միայն եթե դա թելադրված է սանիտարական կարգի պարտադիր նկատառումներով, կամ այն կրոնի պահանջներով, որին պատկանել է հանգուցյալը, կամ էլ, եթե վերջինս արտահայտել է համապատասխան ցանկություն:

Այրման դեպքում այդ մասին պետք է հիշատակվի ակտում, նշելով ներկալվածների մահվան պատճառները: Մոխիրը պետք է խնամքով պահվի այն տերության իշխանությունների կողմից, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, և որքան հնարավոր է արագորեն կհանձնվի մահացածի մերձակա հարազատներին` վերջիններիս խնդրանքով:

Հենց որ թույլ տան հանգամանքները, և ռազմական գործողությունների ավարտից ոչ ուշ, տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պետք է 136 հոդվածում նախատեսված Տեղեկատու բյուրոյի միջոցով այն տերություններին ուղարկի մահացածների գերեզմանների ցուցակները, որոնց պատկանում են մահացած ներկալվածները: Այդ ցուցակների մեջ պետք է բովանդակեն տվյալներ, որոնք անհրաժեշտ են մահացած ներկալվածներին ճանաչելու համար, ինչպես նաև նրանց գերեզմանների ճշգրիտ տեղը:

 

ՀՈԴՎԱԾ 131

Առանձնահատուկ պայմաններում սպանված կամ վիրավորված ներկալվածները

 

Ներկալվածի մահվան կամ ծանր վիրավորվելու ամեն մի դեպքի առթիվ, որոնք պատճառվել են կամ որոնց վերաբերմամբ կան կասկածներ, որ դրանք պատճառվել են հերթապահի և մեկ ուրիշ ներկալվածի կողմից, կամ ցանկացած մեկ այլ անձի կողմից, ինչպես նաև մահվան ամեն մի դեպքի առթիվ, որի պատճառն անհայտ է, տերությունը, որի իշխանության տակ է գտնվում ներկալվածը, պետք է անհապաղ կատարի պաշտոնական հետաքննություն:

Այդ մասին անհապաղ հաղորդում կտրվի հովանավոր տերությանը: Պետք է ցուցմունքներ վերցվեն յուրաքանչյուր վկայից. պետք է կազմվի այդ ցուցմունքները պարունակող զեկուցագիր, որն ուղարկվում է հիշատակված տերությանը:

Եթե հետաքննության արդյունքով հաստատվի մեկ կամ մի քանի անձանց մեղքը, ապա տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կձեռնարկի բոլոր միջոցները մեղավորին կամ մեղավորներին դատի ենթարկելու համար:

 

Գլուխ 12
Ազատումը, հայրենադարձությունը և հոսպիտալացումը չեզոք երկրում

 

ՀՈԴՎԱԾ 132

Ռազմական գործողությունների կամ գրավման ժամանակ

 

Ամեն մի ներկալված անձ կազատվի այն տերության կողմից, որի իշխանության տակ է նա գտնվում, հենց որ դադարի այն պատճառների գործողությունը, որոնք պայմանավորում են նրա ներկալումը:

Դրանից բացի, ընդհարման մեջ գտնվող կողմերը ջանքեր կգործադրեն ռազմական գործողությունների ժամանակ կնքելու համաձայնագրեր ներկալվածների որոշ կատեգորիաների, և հատկապես երեխաների, հղի կանանց և կրծքի երեխաներ կամ փոքրահասակ երեխաներ ունեցող մայրերի, վիրավորների և հիվանդների, ինչպես նաև ներկալման վայրում երկար ժամանակ գտնվող ներկալվածների ազատման, հայրենադարձության, բնակության վայրը վերադառնալու կամ չեզոք երկրում հոսպիտալացվելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 133

Ռազմական գործողությունների ավարտից հետո

 

Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ` ռազմական գործողություններից հետո:

Սակայն ընդհարման մեջ գտնվող կողմերից մեկի տարածքում եղած այն ներկալվածները, որոնք դատի են տրվել իրավախախտումների պատճառով, որի համար պատիժը չի սահմանափակված բացառապես կարգապահական տույժերով, կարող են պահվել մինչև դատի ավարտը կամ, համապատասխան դեպքերում, մինչև պատիժը կրելու ավարտը: Դա վերաբերում է նաև այն անձանց, որոնք ազատազրկման են դատապարտվել ավելի վաղ:

Այն տերության, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, և շահագրգիռ տերությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ռազմական գործողությունների կամ տարածքի զավթումից հետո կարող են կազմակերպվել հանձնաժողովներ տարբեր վայրերում ցրված ներկալվածներին փնտրել-գտնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 134

Հայրենադարձությունը և վերադարձը բնակության վերջին վայրը

 

Բարձր պայմանավորվող կողմերը ռազմական գործողության կամ զավթման ավարտին պետք է ձգտեն ապահովել իրենց բնակության վայրերը ներկալվածների վերադարձը կամ նպաստել նրանց հայրենադարձությանը:

 

ՀՈԴՎԱԾ 135

Ծախսերը

 

Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կկատարի ազատված ներկալվածների վերադարձի ծախսերը մինչև այն վայրերը, որտեղ նրանք բնակվել են ներկալման պահին, կամ, եթե այդ տերությունը նրանց կալանել է ճանապարհորդության ժամանակ կամ բաց ծովում, ապա նաև այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են այն բանի համար, որպեսզի նրանք կարողանան ավարտել իրենց ճանապարհորդությունը, կամ վերադառնալ այն կետը, որտեղից մեկնել են:

Եթե տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, ազատված այն ներկալվածների, որի մշտական բնակության վայրը նախկինում գտնվելիս է եղել այդ տերության տարածքում, մերժում է թույլատրել շարունակելու բնակվել այդ նույն տարածքում, ապա այդ տերությունը կվճարի նրա հայրենադարձության ծախսերը: Սակայն, եթե ներկալվածը գերադասում է մեկնել իր երկիրը իր սեփական պատասխանատվությամբ կամ ենթարկվելով այն կառավարությանը, որին նա պարտական է հավատարմության պարտքով, ապա երկիրը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պարտավոր չէ վճարել իր երկիր սահմաններից դուրս ներկալվածների մեկնման ծախսերը: Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պարտավոր չի լինի վճարելու այն ներկալվածի հայրենադարձության ծախսերը, որը ներկալված է եղել իր սեփական խնդրանքով:

Եթե ներկալվածները հանձնվում են այլ տերության 45 հոդվածին համապատասխան, ապա հանձնող և ընդունող տերությունները կպայմանավորվեն այն մասին, թե ծախսերի որ մասը պետք է կատարի նրանցից յուրաքանչյուրը:

Վերը նշված դրույթները չպետք է վնաս հասցնեն այն հատուկ համաձայնագրերին, որոնք կարող են կնքել ընդհարման մեջ գտնվող կողմերը` հակառակորդի ձեռքին գտնվող իրենց քաղաքացիների փոխանակման և հայրենադարձության վերաբերմամբ:

 

Բաժին 5
Տեղեկատու բյուրոն և կենտրոնական տեղեկատու գործակալությունը

 

ՀՈԴՎԱԾ 136

Ազգային բյուրոները

 

Ընդհարման հենց սկզբից և զավթման բոլոր դեպքերում ընդհարման մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը կհիմնադրի տեղեկատու բյուրո, որին կհանձնարարվի հավաքել և հանձնել տեղեկություններ իր իշխանության տակ գտնվող հովանավորվող անձանց մասին:

Հնարավորին չափ ամենակարճ ժամկետում ընդհարման մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը հիշատակված տեղեկատու բյուրոյին կհանձնի տեղեկություններ երկու շաբաթից ավելի կալանքի մեջ գտնվող, հարկադրաբար որոշակի վայր բնակեցված ամեն մի հովանավորվող անձին կամ ներկալվածի նկատմամբ նրա ձեռնարկած միջոցների մասին: Դրանից բացի, այդ տերությունը առանց հապաղելու իր զանազան շահագրգիռ մարմիններին կհանձնարարի վերը հիշատակված բյուրոյին ներկայացնել տեղեկություններ այդ հովանավորվող անձանց վերաբերմամբ բոլոր փոփոխությունների վերաբերյալ, ինչպես, օրինակ, տեղափոխումների, ազատման, հայրենադարձության, փախուստի, հոսպիտալացման, ծննդյան և մահվան վերաբերմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 137

Տեղեկությունների հաղորդումը

 

Ազգային Տեղեկատու բյուրոն մի կողմից հովանավոր տերությունների, մյուս կողմից` 140 հոդվածով նախատեսված Կենտրոնական գործակալության միջնորդությամբ անմիջապես, ամենաարագ եղանակով կուղարկի հովանավորվող անձանց վերաբերյալ տեղեկություններ այն տերությանը, որի քաղաքացիներն են հանդիսանում վերը հիշատակված անձինք, կամ այն տերությանը, որի տարածքում են նրանք բնակվելիս եղել: Բյուրոն կպատասխանի նաև հովանավորվող անձանց վերաբերյալ իրեն հասցեագրված բոլոր հարցումներին:

Տեղեկատու բյուրոն կհաղորդի հովանավորվող անձին վերաբերող բոլոր տեղեկությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց հաղորդումը կարող էր վնասել շահագրգիռ անձին կամ նրա ընտանիքին: Բայց անգամ այդ դեպքում չի կարող մերժվել տեղեկությունների հաղորդումը Կենտրոնական գործակալությանը, որը նախազգուշացված լինելով հանգամանքների մասին, կձեռնարկի 140 հոդվածում հիշատակված նախազգուշական միջոցները:

Բյուրոյից առաքված բոլոր գրավոր հաղորդումները հաստատվում են ստորագրությամբ կամ կնիքով:

 

ՀՈԴՎԱԾ 138

Հաղորդվող տեղեկությունների մանրամասները

 

Ազգային տեղեկատու բյուրոյի կողմից ստացվող և հաղորդվող տեղեկությունները պետք է հնարավորություն տան ճշգրիտ պարզել հովանավորվող անձի ինքնությունը և արագորեն հաղորդել նրա ընտանիքին: Յուրաքանչյուր անձի վերաբերմամբ դրանցում պետք է ցույց տրվեն ազգանունը, անունը, ծննդյան տեղը և ճշգրիտ տարեթիվը, քաղաքացիությունը, բնակության վերջին վայրը, հատուկ նշանները, հոր անունը և մոր աղջկական ազգանունը, այդ անձի վերաբերմամբ ձեռնարկված միջոցների տարեթիվը և բնույթը, ինչպես նաև այն տեղը, որտեղ դրանք ձեռնարկվել են, հասցեն, որով կարելի է նրան նամակներ ուղարկել, ինչպես նաև այն անձի ազգանունը և հասցեն, որին պետք է տեղեկացնել: Նաև կանոնավոր կհաղորդվեն, եթե դա հնարավոր է ամեն շաբաթ, տեղեկություններ ծանր հիվանդ կամ ծանր վիրավոր ներկալվածների առողջական վիճակի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 139

Անձնական իրերի հանձնումը

 

Դրանից բացի, Ազգային տեղեկատու բյուրոն պարտավոր է հավաքել հովանավորվող անձանց կողմից, մասնավորապես, նրանց հայրենադարձության, ազատման, փախուստի կամ մահվան դեպքում թողած, 136 հոդվածում հիշատակված անձնական իրերը, և դրանք հանձնել անմիջականորեն կամ, անհրաժեշտության դեպքում, Կենտրոնական գործակալության միջոցով` շահագրգիռ անձանց: Այդ իրերը ուղարկվում են բյուրոյի կողմից կնքված փաթեթներով: Այդ փաթեթներին կկցվեն հայտարարություններ, որոնք ճշգրիտ պարզում են այն անձանց ինքնությունը, որոնց պատկանել են այդ իրերը, ինչպես նաև փաթեթի պարունակության լրիվ ցուցակը: Այդպիսի կարգի բոլոր իրերի ստացման և ուղարկման վերաբերմամբ կվարվի մանրամասն հաշվառում:

 

ՀՈԴՎԱԾ 140

Կենտրոնական գործակալությունը

 

Հովանավորվող անձանց, մասնավորապես, ներկալվածների գործերի Կենտրոնական տեղեկատու բյուրո կստեղծվի չեզոք երկրում: Եթե դա անհրաժեշտ համարի Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն շահագրգիռ տերություններին կառաջարկի կազմակերպել այդ գործակալությունը, որը հնարավոր է, որ կլինի այն նույն գործակալությունը, որը և նախատեսված է ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի 123 հոդվածում:

Այդ գործակալության վրա կդրվի բոլոր այն տեղեկությունների կենտրոնացումը, որոնք նա կարող է ստանալ պաշտոնական կամ մասնավոր ճանապարհով և որոնք ունեն 136 հոդվածում նախատեսված բնույթ: Գործակալությունը պետք է հնարավորին չափ արագորեն դրանք հաղորդի այն երկրին, որի քաղաքացիներն են հանդիսանում շահագրգիռ անձինք, կամ այն երկրին, որտեղ նրանք բնակվելիս են եղել, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկությունների հաղորդումը կարող էր վնասել այն անձանց, որոնց դրանք վերաբերում են կամ նրանց ընտանիքներին: Ընդհարման մեջ գտնվող կողմերը գործակալությանը կտրամադրեն բոլոր խելամիտ հնարավորությունները նշված տեղեկությունների հաղորդումը իրականացնելու համար:

Բարձր պայմանավորվող կողմերը և, մասնավորապես, դրանցից նրանք, որոնց քաղաքացիները օգտվում են կենտրոնական գործակալության ծառայություններից, հրավիրվում են վերջինիս ցույց տալու ֆինանսական օգնություն, ինչի կարիքը նա կզգա:

Այդ դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի և 142 հոդվածում նշված օգնության կազմակերպությունների մարդասիրական գործունեությունը սահմանափակող դրույթներ:

 

ՀՈԴՎԱԾ 141

Փոստային գանձումներից ազատումը

 

Ազգային տեղեկատու բյուրոն և Կենտրոնական տեղեկատու գործակալությունը ամեն տեսակի փոստային գանձումներ վճարելուց օգտվում են 110 հոդվածում նախատեսված բոլոր արտոնություններից, նրանց նաև տրամադրվում է, առավելագույն հնարավորության սահմաններում, հեռախոսից անվճար կամ առնվազն նվազեցված տարիֆով օգտվելու իրավունք:

 

Բաժին 4
Կոնվենցիայի կատարումը

 

Մաս 1

Ընդհանուր դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 142

Օգնության ընկերությունները և այլ կազմակերպություններ

 

Բացի այն միջոցառումների կիրառումից, որոնք նրանք անհրաժեշտ կհամարեին իրենց անվտանգության ապահովման համար կամ այլ բանական պահանջմունքների բավարարման համար, տերությունները, որոնց իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, լավագույն ընդունելություն կցուցաբերեն կրոնական ընկերություններին, օգնության ընկերություններին կամ ցանկացած այլ կազմակերպությանը, որն օգնություն է ցույց տալիս հովանավորվող անձանց: Այդ տերությունները կտրամադրեն նրանց, իսկ հավասարապես նաև պատշաճ լիազոր ներկայացուցիչներին բոլոր անհրաժեշտ հնարավորությունները հովանավորվող անձանց այցելելու, նրանց դաստիարակչական և կրոնական նպատակի համար նախատեսված ցանկացած ծագման ծանրոցներ և նյութեր բաժանելու, զվարճացնելու համար, կամ այն բանի համար, որպեսզի ներկալվածներին օգնեն կազմակերպելու իրենց ժամանցը ներկալման վայրի ներսում: Վերը հիշատակված ընկերությունները կամ կազմակերպությունները կարող են հիմնադրվել կամ այն պետության տարածքում, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները կամ մի այլ երկրում, կամ էլ դրանք կարող են ունենալ միջազգային բնույթ:

Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կարող է սահմանափակել ընկերությունների և կազմակերպությունների քանակը, որոնց ներկայացուցիչներին թույլ կտա աշխատել իր տարածքում և իր հսկողության ներքո, պայմանով, որ նման սահմանափակումը չի խանգարի բոլոր հովանավորվող անձանց գործնական և բավարար օգնություն տրամադրելուն:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հատուկ դրությունն այդ բնագավառում պետք է մշտապես ճանաչվի և հարգվի:

 

ՀՈԴՎԱԾ 143

Վերահսկողությունը

 

Հովանավոր տերությունների ներկայացուցիչներին կամ պատվիրակներին կթույլատրվի այցելելու այն բոլոր վայրերը, որտեղ գտնվում են հովանավորվող անձինք, այսինքն հենց ներկալման, կալանման վայրերը և նրանց աշխատանքի տեղերը:

Նրանք մուտք կունենան դեպի բոլոր այն շենքերը, որոնք օգտագործվում են հովանավորվող անձանց կողմից, և թարգմանչի միջոցով կարող են զրուցել նրանց հետ` առանց վկաների, եթե դա անհրաժեշտ է:

Այցելությունները կարող են արգելվել միայն պարտադիր ռազմական անհրաժեշտության բերումով և միայն որպես բացառություն և ժամանակավորապես:

Այցելությունների թվաքանակը և դրանց տևողությունը չեն կարող սահմանափակվել:

Հովանավոր տերությունների ներկայացուցիչներին և պատվիրակներին կտրվի այն վայրերն ընտրելու լիակատար ազատություն, ուր նրանք կցանկանան այցելել: Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կամ զավթած տերությունը, հովանավոր տերությունը և համապատասխան դեպքերում, այն տերությունը, որի քաղաքացիներն են հանդիսանում անձինք, որոնց ցանկանում են այցելել, կարող են պայմանավորվել ներկալվածների հայրենակիցներին ներկալվածներին այցելելուն մասնակցելու թույլ տալու մասին:

Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի պատվիրակները օգտվում են այդպիսի իրավունքներից: Նրանց նշանակումը կախված է տերությունից, որի իշխանության տակ է գտնվում այն տարածքը, որտեղ այդ պատվիրակները պետք է իրականացնեն իրենց գործունեությունը:

 

ՀՈԴՎԱԾ 144

Կոնվենցիայի տարածումը

 

Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ իրենց երկրներում սույն Կոնվենցիայի տեքստը տարածել հնարավորին չափ լայնորեն և, մասնավորապես, դրա ուսումնասիրումը մտցնել ռազմական և, եթե հնարավոր է, քաղաքացիական կրթության ծրագրերի մեջ այն հաշվով, որ Կոնվենցիայի սկզբունքներին ծանոթանա ընդհանուր առմամբ ամբողջ բնակչությունը: Քաղաքացիական, զինվորական, ոստիկանական և մյուս իշխանությունները, որոնք պատերազմի ժամանակ պատասխանատվություն են կրում հովանավորվող անձանց համար, պետք է ունենան Կոնվենցիայի տեքստը և հատուկ ծանոթ լինեն դրա դրույթներին:

 

ՀՈԴՎԱԾ 145

Թարգմանությունները, կիրառման մասին օրենքները

 

Բարձր պայմանավորվող կողմերը Շվեյցարիայի Դաշնային Խորհրդի միջնորդությամբ, իսկ ռազմական գործողությունների ժամանակ հովանավոր տերությունների միջոցով միմյանց կհանձնեն սույն Կոնվենցիայի թարգմանությունների պաշտոնական տեքստերը, ինչպես նաև այն օրենքները և որոշումները, որոնք նրանք կարող են ընդունել Կոնվենցիայի կիրառման ապահովման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 146

Քրեական պատիժները: I. Ընդհանուր դրույթներ

 

Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորություն են ստանձնում գործողության մեջ դնել օրենսդրություն, որն անհրաժեշտ է այն անձանց համար քրեական արդյունավետ պատիժներ ապահովելու համար, որոնք կատարել են կամ հրամայել են կատարել սույն Կոնվենցիայի այս կամ այն լուրջ խախտումները, որոնք ցույց են տրված հաջորդ հոդվածում:

Յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ պարտավորվում է փնտրել այն անձանց, որոնք մեղադրվում են այն բանում, որ նրանք կատարել են կամ հրամայել են կատարել հիշատակված այս կամ այն լուրջ խախտումը, և ինչպիսին էլ լինի նրանց քաղաքացիությունը, նրանց հանձնել իրենց դատարանին: Բարձր պայմանավորվող կողմը, եթե դա ցանկանում է, կարող է նաև իր օրենսդրության դրույթներին համապատասխան, դատի համար նրանց հանձնել մյուս շահագրգիռ Պայմանավորվող կողմին այն դեպքում, եթե այդ Պայմանավորվող կողմն ապացույցներ ունի, որոնք այդ անձանց մեղադրելու հիմք են տալիս:

Յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ կձեռնարկի միջոցներ, որոնք անհրաժեշտ են խափանելու համար սույն Կոնվենցիայի դրույթներին հակասող բոլոր մյուս գործողությունները, անկախ հաջորդ հոդվածում թվարկված լուրջ խախտումներից:

Բոլոր հանգամանքներում մեղադրյալ անձինք կօգտվեն դատական պատշաճ ընթացակարգի երաշխիքներից և պաշտպանության իրավունքից, որոնք չպետք է նվազ նպաստավոր լինեն, քան նրանք, որոնք նախատեսված են ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի 105 հոդվածում և հետագա հոդվածներում:

 

ՀՈԴՎԱԾ 147

II. Լուրջ խախտումներ

 

Նախորդ հոդվածում հիշատակված լուրջ խախտումներին են պատկանում այն խախտումները, որոնք կապված են ստորև նշված այս կամ այն գործողությունների հետ, այն դեպքերում, երբ այդ գործողություններն ուղղված են այն անձանց և գույքի դեմ, որոնց վրա տարածվում է սույն Կոնվենցիայի հովանավորությունը, կանխամտածված սպանությունը, տանջահարությունը և անմարդկային վերաբերմունքը, ներառյալ կենսաբանական փորձարկումները, կանխամտածված կերպով լուրջ չարչարանքի կամ լուրջ խեղման ենթարկելը, առողջությանը վնաս հասցնելը. հովանավորվող անձի անօրինական բռնագաղթը, տեղափոխումը և կալանումը, հովանավորվող անձին հարկադրելը ծառայելու հակառակորդ տերության զինված ուժերում կամ նրան սույն Կոնվենցիայով նախատեսվող անաչառ և նորմալ դատավարության իրավունքից զրկելը, պատանդ վերցնելը, ունեցվածքի անօրինական, կամայական, մեծ չափերի հասնող ավերումն ու յուրացումը, ռազմական անհրաժեշտությամբ չեն պայմանավորված:

 

ՀՈԴՎԱԾ 148

III. Պայմանավորվող կողմերի պատասխանատվությունը

 

Ոչ մի Բարձր պայմանավորվող կողմի չի թույլատրվի իրեն կամ որևէ պայմանավորվող կողմի ազատել այն պատասխանատվությունից, որ նրա կամ մյուս Պայմանավորվող կողմի վրա դրված է նախորդ հոդվածով նախատեսված խախտումների հետևանքով:

 

ՀՈԴՎԱԾ 149

Հետաքննության ընթացակարգը

 

Կոնվենցիայի խախտման մասին ամեն մի պնդման առթիվ ընդհարման մեջ գտնվող կողմերից մեկի խնդրանքով պետք է սկսվի հետաքննություն այն ընթացակարգով, որը ենթակա է սահմանման շահագրգիռ կողմերի միջև:

Հետաքննության ընթացակարգի հարցի առթիվ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ, ընտրում են միջնորդ դատավոր, որը որոշում է ընթացակարգի հարցը:

Խախտումը բացահայտելուն պես` ընդհարման մեջ գտնվող կողմերը կկասեցնեն այն և հնարավոր կարճ ժամկետում միջոցներ կձեռնարկեն պատժելու դրա համար:

 

Բաժին 2
Եզրափակիչ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 150

Լեզուները

 

Սույն Կոնվենցիան կազմված է ֆրանսերեն և անգլերեն լեզուներով: Երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը կապահովի Կոնվենցիայի պաշտոնական թարգմանությունները ռուսերեն և իսպաներեն լեզուներով:

 

ՀՈԴՎԱԾ 151

Ստորագրումը

 

Սույն թվագրությամբ սույն Կոնվենցիան կարող է մինչև 1950 թ. փետրվարի 12-ը ստորագրվել այն համաժողովում ներկայացված տերությունների կողմից, որը բացվել է Ժնևում 1949 թ. ապրիլի 12-ին:

 

ՀՈԴՎԱԾ 152

Վավերացումը

 

Սույն Կոնվենցիան կվավերացվի հնարավորին չափ արագորեն և վավերագրերն ի պահ կտրվեն Բեռնում:

Յուրաքանչյուր վավերագրի հանձնման վերաբերյալ կկազմվի արձանագրություն, որի հաստատված պատճենը Շվեյցարիայի Դաշնային խորհրդի կողմից կհանձնվի այն բոլոր տերություններին, որոնց անունից Կոնվենցիան կստորագրվի կամ դրան միանալու մասին հայտարարություն կարվի:

 

ՀՈԴՎԱԾ 153

ՈՒժի մեջ մտնելը

 

Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի վեց ամիս անց այն բանից հետո, երբ առնվազն երկու վավերագիր ի պահ կհանձնվի:

Հետագայում Կոնվենցիան յուրաքանչյուր բարձր պայմանավորվող կողմի համար ուժի մեջ կմտնի նրա վավերագիրն ի պահ հանձնելուց վեց ամիս անց:

 

ՀՈԴՎԱԾ 154

Առնչությունը Հաագայի կոնվենցիաների հետ

 

Ցամաքում պատերազմի օրենքների և սովորույթների մասին Հաագայի կոնվենցիաներով կապված տերությունների, լինի դա 1899 թ. հուլիսի 29-ի կամ 1907 թ. հոկտեմբերի 18-ի կոնվենցիան, և սույն Կոնվենցիայի մասնակիցներ հանդիսացող տերությունների միջև հարաբերություններում, վերջինս կլրացնի վերը հիշատակված Հաագայի կոնվենցիաներին կից կանոնակարգի 2-րդ և 3-րդ մասերը:

 

ՀՈԴՎԱԾ 155

Միացումը

 

ՈՒժի մեջ մտնելու օրվանից սույն Կոնվենցիան նրան միանալու համար բաց կլինի ամեն մի տերության առջև, որի անունից այս Կոնվենցիան չի ստորագրվել:

 

ՀՈԴՎԱԾ 156

Միանալու մասին ծանուցումը

 

Յուրաքանչյուր միանալու մասին գրավոր կհայտնվի Շվեյցարիայի Դաշնային խորհրդին, և այդ միանալը ուժի մեջ կմտնի խորհրդի կողմից այդ հայտարարությունը ստանալուց վեց ամիս անց:

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը միանալու մասին կհաղորդի բոլոր այն տերություններին, որոնց անունից Կոնվենցիան կստորագրվի կամ միանալու մասին հայտարարություն կարվի:

 

ՀՈԴՎԱԾ 157

Անմիջապես ուժի մեջ դնելը

 

2 և 3 հոդվածներով նախատեսված դեպքերն անհապաղ ուժի մեջ կդնեն ի պահ տրված վավերագրերը, ինչպես նաև միանալու մասին մինչև ռազմական գործողություններն սկսելը կամ գրավումը կամ դրանցից հետո ընդհարման մեջ գտնվող կողմերի հայտարարությունները:

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդն ամենաարագ ձևով կհաղորդի ընդհարման մեջ գտնվող կողմերից ստացված վավերագրերի կամ միացումների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 158

Չեղյալ հայտարարելը

 

Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան:

Չեղյալ հայտարարելու մասին պետք է գրավոր հայտնվի Շվեյցարիայի Դաշնային խորհրդին, որն այդ մասին կհաղորդի բոլոր բարձր պայմանավորվող կողմերի կառավարություններին:

Չեղյալ հայտարարվելն ուժի մեջ կմտնի Շվեյցարիայի Դաշնային խորհրդին արված հայտարարությունից մեկ տարի անց: Սակայն չեղյալ հայտարարելը, որն արվել է այն ժամանակ, երբ չեղյալ հայտարարող տերությունը մասնակցելիս է եղել ընդհարմանը, ուժ չի ունենա մինչև հաշտություն կնքելը և, համենայն դեպս, մինչև այն ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել սույն Կոնվենցիայի հովանավորությունից օգտվող անձանց ազատման, հայրենադարձության և տեղավորման գործողությունները:

Չեղյալ հայտարարվելն ուժ կունենա միայն չեղյալ հայտարարած տերության վերաբերմամբ: Այն ոչ մի կերպ չի կարող ազդել այն պարտավորությունների վրա, որոնք ընդհարման մեջ գտնվող կողմերը պարտավոր կլինեն շարունակել կատարելու միջազգային իրավունքի սկզբունքների ուժով, քանի որ դրանք բխում են քաղաքակիրթ ժողովուրդների միջև սահմանված սովորույթներից, մարդասիրության օրենքներից և հանրային խղճի հրամայականից:

 

ՀՈԴՎԱԾ 159

Գրանցումը Միավորված ազգերի կազմակերպությունում

 

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը սույն Կոնվենցիան կգրանցի Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունում: Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությանը կհայտնի նաև բոլոր վավերացումների, միացումների և չեղյալ հայտարարելու մասին, որոնք նա կստանա սույն Կոնվենցիայի կապակցությամբ:

Ի հավաստումն սույնի, ներքոստորագրյալները, համապատասխան լիազորություններ ներկայացնելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Ժնևում, 1949 թվականի օգոստոսի 12-ին ֆրանսերեն և անգլերեն լեզուներով: Սույն Կոնվենցիայի բնօրինակը կպահվի Շվեյցարիայի Համադաշնության արխիվներում: Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը Կոնվենցիայի հաստատված պատճենները կհանձնի այն ստորագրած կամ դրան միացած յուրաքանչյուր պետության:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

Սանիտարական և անվտանգ գոտիների ու վայրերի մասին համաձայնագրի

նախագիծ

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սանիտարական և անվտանգ գոտիները նախատեսվում են բացառապես այն անձանց համար, որոնք հիշատակված են «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 23 հոդվածում և «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասի» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 14 հոդվածում, ինչպես նաև այն անձնակազմի համար, որի վրա է դրված այդ գոտիների և վայրերի կազմակերպումը, դրանց կառավարումը և այն անձանց խնամքը, որոնք կկենտրոնացվեն այնտեղ:

Սակայն այդպիսի գոտիների տարածքում մշտապես բնակվող անձինք իրավունք կունենան գտնվել այդ գոտիներում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Ոչ մի անձ, ինչ հիմքով էլ գտնվելիս լինի սանիտարական կամ անվտանգ գոտիներից որևէ մեկում, ինչպես այդ գոտու ներսում, այնպես էլ դրանից դուրս, չպետք է զբաղվի ոչ մի այնպիսի աշխատանքով, որն ուղղակի առնչություն ունի ռազմական գործողությունների և ռազմական նյութերի արտադրության հետ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սանիտարական և անվտանգ գոտի ստեղծած տերությունը կձեռնարկի բոլոր հարկ եղած միջոցները, որպեսզի արգելի բոլոր այն անձանց մուտքն այդ գոտու տարածք, որոնք այդ գոտին այցելելու կամ այնտեղ լինելու իրավունք չունեն:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սանիտարական և անվտանգ գոտիները պետք է համապատասխանեն հետևյալ պայմաններին.

ա) պետք է զբաղեցնեն դրանք ստեղծած տերության կողմից վերահսկվող տարածքի մի փոքր մասը միայն,

բ) այն բնակչության թվաքանակի համեմատությամբ, որ դրանք կարող են տեղավորել, պետք է լինեն թույլ բնակեցված,

գ) դրանք պետք է հեռու գտնվեն ամեն տեսակի ռազմական օբյեկտներից և արդյունաբերական կամ վարչական խոշոր հիմնարկներից, ինչպես նաև չունենան այդպիսիք,

դ) դրանք չպետք է գտնվեն այն շրջաններում, որոնք, ամենայն հավանականությամբ, պատերազմելու համար կարող են նշանակություն ունենալ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սանիտարական և անվտանգ գոտիներին ներկայացվում են հետևյալ պահանջները.

ա) հաղորդակցության ուղիները և փոխադրամիջոցները, որոնք կարող են լինել այդ գոտիներում, չպետք է օգտագործվեն զորքերի կամ ռազմական նյութերի փոխադրման համար, անգամ տարանցիկ ձևով,

բ) ոչ մի հանգամանքներում դրանք ռազմական միջոցներով չպետք է պաշտպանվեն:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սանիտարական և անվտանգ գոտիները կնշվեն սպիտակ ֆոնի վրա շեղ կարմիր շերտերով, որոնք կտեղադրվեն գոտու ծայրամասերում և կառույցների վրա:

Բացառապես վիրավորների և հիվանդների համար նախատեսված գոտիները կարող են նշվել սպիտակ ֆոնի վրա` կարմիր խաչով (կարմիր մահիկով, կարմիր առյուծով և արևով):

Գիշերը դրանք կարող են նշվել այդ նույն ձևով` համապատասխան լուսավորության օգնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Խաղաղ ժամանակ կամ ռազմական գործողությունների սկզբին յուրաքանչյուր տերություն բոլոր բարձր պայմանավորվող կողմերին կհաղորդի իր կողմից վերահսկվող սանիտարական և անվտանգ գոտիների ցուցակը: Նա պետք է նրանց հաղորդի նաև ընդհարման ընթացքում ստեղծված յուրաքանչյուր նոր գոտու մասին:

Վերը հիշատակված հաղորդումը հակառակորդ կողմի ստանալու պահից գոտին հանդիսանում է օրինական կարգով գոյություն ունեցող:

Սակայն, եթե հակառակորդ կողմը համարի, որ սույն համաձայնագրի պայմաններից մեկը բացահայտորեն չի կատարվել, նա կարող է հրաժարվել գոտին ճանաչելուց` իր հրաժարման մասին հայտնելով այն կողմին, որի տնօրինության տակ է գտնվում այդ գոտին, կամ, իր կողմից ճանաչումը կախման մեջ դնել 8 հոդվածով նախատեսված` վերահսկողություն սահմանելով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Հակառակորդ կողմի հիմնած մեկ կամ մի քանի սանիտարական և անվտանգ գոտիներ ճանաչած յուրաքանչյուր տերություն իրավունք կունենա պահանջելու, որպեսզի մեկ կամ մի քանի հատուկ հանձնաժողովներ ստուգեն, թե այդ գոտիները համապատասխանո՞ւմ են սույն համաձայնագրում շարադրված պայմաններին ու պահանջներին:

Դրա համար հատուկ հանձնաժողովների անդամները ցանկացած ժամանակ ազատ մուտք կունենան տարբեր գոտիներ և նույնիսկ կարող են այնտեղ մշտապես բնակվել: Նրանց համար կստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի նրանք կարողանան կատարել հսկողության իրականացման իրենց պարտականությունները:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Այն դեպքում, երբ հատուկ հանձնաժողովներն արձանագրեն փաստեր, որոնք նրանց կարծիքով հակասում են սույն համաձայնագրի պայմաններին, նրանք պետք է այդ մասին անմիջապես հայտնեն այն տերությանը, որի տնօրինության տակ է գտնվում գոտին, և նրան տան ամենաշատը հնգօրյա ժամկետ` խնդիրը կարգավորելու համար. նրանք այդ մասին կհայտնեն գոտին ճանաչած տերությանը:

Եթե այդ ժամկետի ավարտին տերությունը, որի տնօրինության տակ է գտնվում գոտին, միջոցներ չձեռնարկի իրեն հասցեագրված զգուշացման առթիվ, ապա հակառակորդ կողմը կարող է հայտարարել, որ ինքն այդ գոտու վերաբերմամբ այլևս կապված չէ սույն համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Մեկ կամ մի քանի սանիտարական և անվտանգ գոտիներ ստեղծած տերությունը, ինչպես նաև հակառակորդ կողմերը, որոնց կհայտնվի այդպիսի գոտիների գոյության մասին, կնշանակեն կամ հովանավոր տերություններին կամ այլ չեզոք տերությունների կխնդրեն նշանակել անձանց, որոնք կարող են մտնել 8 և 9 հոդվածներում հիշատակված հատուկ հանձնաժողովների կազմի մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Ոչ մի հանգամանքներում սանիտարական և անվտանգ գոտիները չեն կարող ենթարկվել հարձակման, դրանք մշտապես կօգտվեն ընդհարման մեջ գտնվող կողմերի հովանավորությունից և հարգանքից:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Որևէ տարածքի գրավման դեպքում այնտեղ գտնվող սանիտարական և անվտանգ գոտիները պետք է առաջվա պես օգտվեն հարգանքից և օգտագործվեն որպես այդպիսիք:

Սակայն գրավող տերությունը կարող է փոխել դրանց նշանակությունը, նախապես ապահովելով դրանցում տեղավորված անձանց ճակատագիրը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագիրը կկիրառվի նաև այն վայրերի նկատմամբ, որոնք տերությունների կողմից կօգտագործվեն այն նույն նպատակների համար, ինչ որ սանիտարական և անվտանգ գոտիները:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

Քաղաքացիական ներկալվածներին ցույց տրվող կոլեկտիվ օգնությանը վերաբերող կանոնների նախագիծ

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Ներկալվածների կոմիտեներին կթույլատրվի բաշխել իրենց տնօրինության տակ գտնվող օգնության կոլեկտիվ ծանրոցները բոլոր այն ներկալվածների միջև, որոնք վարչական առումով պատկանում են ներկալման նրանց վայրին, ինչպես նաև նրանց միջև, ովքեր գտնվում են հիվանդանոցներում, բանտերում կամ այլ ուղղիչ հիմնարկներում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Օգնության կոլեկտիվ ծանրոցների բաշխումը կկատարվի նվիրատուների ցուցումների համաձայն և ներկալվածների կոմիտեի կողմից մշակված պլանին համապատասխան, սակայն բժշկական նյութեր պարունակող ծանրոցների բաշխումը կկատարվի գերադասելիորեն գլխավոր բժիշկների հետ համաձայնեցնելով, և վերջիններս հիվանդանոցներում և լազարեթներում կարող են վերը նշված ցուցումներից շեղվել այնչափ, որչափ դա թելադրվում է նրանց հիվանդների պահանջմունքներով: Այս ձևով սահմանված շրջանակներում այդ բաշխումը պետք է մշտապես կատարվի արդարացիորեն:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Ստացված բեռների որակն ու քանակն ստուգելու և այդ հարցի առթիվ նվիրատուների համար մանրամասն զեկուցագրեր կազմելու համար, ներկալվածների կոմիտեների անդամներին կթույլատրվի մեկնել իրենց ներկալման վայրի մոտ գտնվող ե/գ կայարանները կամ այլ այն կետերը, ուր նրանց հասցվում են օգնության կոլեկտիվ ծանրոցները:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ներկալվածների կոմիտեներին անհրաժեշտ հնարավորություններ կտրամադրվեն, որպեսզի նրանք ստուգեն, թե օգնության կոլեկտիվ բեռների բաշխումը նրանց ներկալման վայրի բոլոր ստորաբաժանումներում և մասնաճյուղերում կատարվել է իրենց ցուցումներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Ներկալվածների կոմիտեներին կթույլատրվի լրացնել, ինչպես նաև աշխատանքային խմբերի ներկալվածների կոմիտեների անդամներին կամ հիվանդանոցների և լազարեթների գլխավոր բժիշկներին հանձնարարել լրացնելու բլանկներ և հարցաթերթիկներ, որոնք նախատեսված են նվիրատուների համար և վերաբերում են օգնության կոլեկտիվ ծանրոցներին (բաշխումը, պահանջարկը, քանակը և այլն): Պատշաճ կերպով լրացված այդ բլանկները և հարցաթերթիկներն անհապաղ կհանձնվեն նվիրատուներին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Որպեսզի ապահովվի ներկալման իրենց վայրի ներկալվածների միջև օգնության կոլեկտիվ ծանրոցների կանոնավոր բաշխումը և բավարարվեն այն պահանջմունքները, որոնք կարող են առաջանալ ներկալվածների նոր խմբաքանակ ժամանելու դեպքում, ներկալվածների կոմիտեներին կթույլատրվի ստեղծել և պահել օգնության կոլեկտիվ ծանրոցների բավարար պաշարներ: Այդ նպատակի համար նրանք կունենան համապատասխան պահեստներ. յուրաքանչյուր պահեստ պետք է փակվի երկու կողպեքով, ընդսմին` մի կողպեքի բանալին պետք է գտնվի ներկալվածների կոմիտեում, իսկ մյուսինը` ներկալման վայրի պարետի մոտ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Բարձր պայմանավորվող կողմերը և, մասնավորապես, ներկալող տերությունները առավելագույն հնարավորության սահմաններում, սակայն բնակչության պարենային մատակարարումը կարգավորող կանոնների հաշվառմամբ, իրենց տարածքում կթույլատրեն ցանկացած գնումներ` ներկալվածների միջև կոլեկտիվ օգնության ծանրոցների բաշխման նպատակով. նրանք նաև կաջակցեն փոխանցելու դրամական միջոցներ և անցկացնելու ֆինանսական, տեխնիկական և վարչական կարգի այնպիսի միջոցառումներ, որոնք նպատակ ունեն իրականացնելու այդ գնումները:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Վերը շարադրված դրույթները չպետք է խոչընդոտեն մինչև ներկալման վայրը ժամանելը կամ տեղափոխման ժամանակ օգնության կոլեկտիվ ծանրոցներ ստանալու` ներկալվածների իրավունքը, ոչ էլ հովանավոր տերության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կամ ցանկացած այլ այնպիսի մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչների հնարավորությունը, որն օգնություն է ցույց տալիս ներկալվածներին և որին հանձնարարված է այդ բեռների բաշխումը ստացողների միջև ցանկացած եղանակներով, որ նրանք հարմար կգտնեն:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

Ներկալման մասին ծանուցման քարտ

 

Հակառակ երեսը

Գրել ընթեռնելի և գլխատառերով

1. Քաղաքացիությունը

    2. Ազգանունը                  3. Անունը (լրիվ)   4. Հայրանունը

    5. Ծննդյան տարեթիվը                              6. Ծննդավայրը

7. Մասնագիտությունը

8. Հասցեն` մինչև ներկալումը

9. Ընտանիքի հասցեն

 

*10. Ներկալված է. կամ

Ժամանել է...ից (հոսպիտալից և այլն)

*11. Առողջական վիճակը

 

*12. Իմ ներկա հասցեն

    *13. Ամսաթիվ                           14. Ստորագրությունը

 

*Ավելորդը ջնջել - նշվածին այստեղ ոչինչ չավելացնել - տես բացատրությունները երեսի կողմում

 

Երեսի կողմը

    Ներկալված քաղաքացիական անձանց փոստ         անվճար

Փոստային քարտ

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Այս քարտը պետք է լրացվի յուրաքանչյուր ներկալվածի կողմից նրա ներկալումից անմիջապես հետո, և ամեն անգամ, երբ նա ներկալման այլ վայր կամ հիվանդանոց փոխադրվելու հետևանքով փոխում է հասցեն:

Սույն քարտն առնչություն չունի այն հատուկ քարտի հետ, որը ներկալվածին թույլատրվում է ուղարկել իր ընտանիքին

 

Հովանավորվող անձանց

գործերի կենտրոնական

գործակալություն

 

Կարմիր խաչի միջազգային

կոմիտե

(Ներկալվածի մասին ծանուցման քարտի չափսը` 10 x 15 սմ)

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

II. Նամակ

անվճար

 

ներկալված քաղաքացիական

անձանց փոստ

 

ում

փողոցը և տան

համարը ____________________

Նշանակման վայրը (մեծատառերով)

Մարզը կամ օկրուգը

Երկիրը

(մեծատառերով)

 

ՈՒղարկող

Ազգանուն և անուն

 

Ծննդյան տարեթիվն ու տեղը

 

Ներկալման հասցեն

 

(նամակի չափսը` 29 x 15 սմ)

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

III. Նամակագրության քարտ

 

1. Երեսի կողմը

 

    Ներկալված քաղաքացիական անձանց փոստ          անվճար

 

Փոստային քարտ ___________________

 

ՈՒղարկող ______________ ՈՒմ ___________________

 

Ազգանուն և անուն _____________________________

_______________________________________________

             փողոցը, տան համարը

 

Ծննդյան տարեթիվը և տեղը ______________________

_______________________________________________

 

ՈՒղարկման վայրը (մեծատառերով) _________________

Ներկալման հասցեն _________________ Մարզը կամ օկրուգը ________________

 

___________________ Երկիրը (մեծատառերով) ____________________________

 

2. Հակառակ երեսը

 

տարեթիվը

 

գրել միայն տողերի վրա և ընթեռնելի

 

(նամակագրության քարտի չափսը` 10 x 15 սմ)

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 7-ից:

 

 

 

 

pin
ՄԱԿ
12.08.1949
Կոնվենցիա