Սեղմել Esc փակելու համար:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ Մ ...

 

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ

(ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1)

(2-րդ մաս)

 

ՀՈԴՎԱԾ 37

ՈՒխտադրժության արգելումը

 

1. Արգելվում է հակառակորդին սպանել, վիրավորել կամ գերի վերցնել` ուխտադրժության դիմելով: ՈՒխտադրժություն են համարվում այն գործողությունները, որոնք ուղղված են այն բանին, որպեսզի վստահություն առաջացնեն հակառակորդի մոտ և ստիպեն նրան հավատալու, որ նա պաշտպանության իրավունք ունի կամ պարտավոր է նման պաշտպանություն ապահովել` զինված ընդհարումների ժամանակ կիրառվող միջազգային իրավունքի նորմերի համաձայն, նպատակ ունենալով խաբել` այդպիսի վստահությունից օգտվելով: ՈՒխտադրժության օրինակներ են հանդիսանում հետևյալ գործողությունները.

ա) հաշտության դրոշի ներքո բանակցություններ վարելու մտադրություն ձևացնելը կամ կապիտուլացում ձևացնելը,

բ) վիրավորվելու կամ հիվանդության հետևանքով շարքից դուրս գալ ձևացնելը,

գ) քաղաքացիական անձի կամ ոչ մարտիկի կարգավիճակ ունենալ ձևացնելը,

դ) Միավորված ազգերի կազմակերպության, չեզոք պետությունների կամ ընդհարման կողմ չհանդիսացող այլ պետությունների նշանների, խորհրդանշանների կամ համազգեստի օգտագործման միջոցով պաշտպանություն տրամադրող կարգավիճակ ունենալ ձևացնելը:

2. Ռազմական խորամանկությունները չեն արգելվում: Այդպիսի խորամանկություններ են հանդիսանում այն գործողությունները, որոնք ուղղված են այն բանին, որպեսզի հակառակորդին թյուրիմացության մեջ գցեն կամ հրահրեն անզգուշորեն գործելու, որոնք սակայն չեն խախտում միջազգային իրավունքի` զինված ընդհարումների ժամանակ կիրառվող որևէ նորմ, և որոնք չեն հանդիսանում ուխտադրուժ գործողություններ, քանի որ դրանք չեն խաբում հակառակորդ կողմի վստահությունն այդ իրավունքով տրամադրվող պաշտպանության նկատմամբ: Այդպիսի խորամանկությունների օրինակներ են հանդիսանում հետևյալ գործողությունները` քողարկման, ծուղակների, կեղծ գործողությունների և ապատեղեկատվության օգտագործումը:

 

ՀՈԴՎԱԾ 38

Ճանաչված խորհրդանշանները

 

1. Արգելվում է կարմիր խաչի, կարմիր մահիկի կամ կարմիր առյուծի և արևի տարբերանշանի կամ կոնվենցիաներով, կամ սույն արձանագրությամբ նախատեսված մյուս խորհրդանշանների, նշանների և ազդանշանների օգտագործումը ոչ իրենց նշանակությամբ: Նաև արգելվում է զինված ընդհարման ժամանակ միտումնավոր կերպով չարաշահել միջազգայնորեն ճանաչված խորհրդանշանները, նշանները և ազդանշանները, ներառյալ` հաշտության դրոշակը և մշակութային արժեքների պաշտպանական խորհրդանշանը:

2. Արգելվում է օգտագործել Միավորված ազգերի կազմակերպության տարբերանշանը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն թույլատրվում է կազմակերպության կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 39

Ազգային խորհրդանշանները

 

1. Զինված ընդհարման ժամանակ արգելվում է օգտագործել չեզոք պետությունների կամ ընդհարման կողմ չհանդիսացող այլ պետությունների դրոշները, զինվորական խորհրդանշանները, զինվորական տարբերանշանները կամ համազգեստը:

2. Արգելվում է օգտագործել հակառակորդ կողմերի դրոշները, զինվորական խորհրդանշանները, զինվորական տարբերանշանները կամ համազգեստը հարձակումների ժամանակ կամ ռազմական գործողությունները քողարկելու, դրանց նպաստելու, պաշտպանելու կամ դրանք դժվարացնելու համար:

3. Սույն հոդվածի կամ 37 հոդվածի 1.դ կետի ոչ մի դրույթ չի շոշափում միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչմանն արժանացած այն նորմերը, որոնք կիրառվում են լրտեսության կամ ծովում զինված ընդհարումների ժամանակ դրոշների օգտագործման նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 40

Գթությունը

 

Արգելվում է ոչ մեկին կենդանի չթողնելու հրաման տալը, դրանով հակառակորդին սպառնալը կամ դրա հիման վրա ռազմական գործողություններ վարելը:

 

ՀՈԴՎԱԾ 41

Հակառակորդ կողմի` շարքից դուրս եկած անձանց պաշտպանությունը

 

1. Արգելվում է հարձակման ենթարկել այն անձին, որը ճանաչված է կամ որին տվյալ հանգամանքներում հարկ է ճանաչել որպես շարքից դուրս եկած անձ:

2. Շարքից դուրս եկած է համարվում ցանկացած անձ, որը.

ա) գտնվում է հակառակորդ կողմի իշխանության տակ,

բ) բացահայտորեն գերի հանձնվելու մտադրություն է արտահայտում, կամ

գ) գտնվում է գիտակցությունը կորցրած վիճակում կամ որևէ ձևով շարքից դուրս է եկել վիրավորվելու կամ հիվանդության հետևանքով և այդ պատճառով ընդունակ չէ պաշտպանվելու, պայմանով, որ ցանկացած այդպիսի դեպքում այդ անձը ձեռնպահ է մնում որևէ թշնամական գործողությունից և չի փորձում փախչել:

3. Երբ որպես ռազմագերիներ պաշտպանության իրավունք ունեցող անձինք հակառակորդ կողմի իշխանության տակ են ընկնում ռազմական գործողությունների անսովոր պայմաններում, որոնց ժամանակ հնարավոր չէ նրանց տարահանումը, ինչպես դա նախատեսված է երրորդ կոնվենցիայի 3 մասի 1 բաժնում, ապա նրանք պետք է ազատվեն, և նրանց անվտանգության ապահովման համար ձեռնարկվեն նախազգուշական բոլոր հնարավոր միջոցները:

 

ՀՈԴՎԱԾ 42

Թռչող ապարատներում գտնվող անձինք

 

1. Աղետի ենթարկվող թռչող ապարատից անկարգելով թռչող ոչ մի անձ հարձակման չի ենթարկվի իր վայրէջքի ընթացքում:

2. Աղետի ենթարկվող թռչող ապարատից անկարգելով թռչող, հակառակորդ կողմից վերահսկվող տարածքում վայրէջք կատարած անձին հնարավորություն է տրվում գերի հանձնվել` մինչ նա հարձակման օբյեկտ կդառնա, եթե ակնառու չի երևում, որ նա թշնամական գործողություն է կատարում:

3. Ռազմա-դեսանտային զորքերը չեն ընկնում սույն հոդվածի պաշտպանության տակ:

 

Բաժին 2
Մարտիկի և ռազմագերու կարգավիճակը

 

ՀՈԴՎԱԾ 43

Զինված ուժերը

 

1. Ընդհարման մեջ գտնվող կողմի զինված ուժերը բաղկացած են բոլոր կազմակերպված զինված ուժերից, խմբերից և ստորաբաժանումներից, որոնք գտնվում են այդ կողմի առջև իր ենթակաների վարքագծի համար պատասխանատու անձի հրամանատարության ներքո, եթե անգամ այդ կողմը ներկայացված է հակառակորդի կողմից չճանաչված կառավարությամբ կամ իշխանությամբ: Այդ զինված ուժերը ենթարկվում են ներքին կարգապահական համակարգի, որն ապահովում է, մասնավորապես, զինված ընդհարումների ժամանակ կիրառվող միջազգային իրավունքի նորմերի պահպանումը:

2. Ընդհարման մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմի մեջ մտնող անձինք (բացի բժշկական և հոգևոր անձնակազմից, որի մասին խոսվում է երրորդ կոնվենցիայի 33 հոդվածում), հանդիսանում են մարտիկներ, այսինքն` իրավունք ունեն անմիջական մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին:

3. Ամեն անգամ, երբ ընդհարման մեջ գտնվող կողմն իր զինված ուժերի կազմի մեջ մտցնում է կիսառազմական կազմակերպություն կամ զինված կազմակերպություն, որն ապահովում է կարգի պահպանությունը, այդ մասին պետք է ծանուցի ընդհարման մեջ գտնվող մյուս կողմերին:

 

ՀՈԴՎԱԾ 44

Մարտիկները և ռազմագերիները

 

1. Ցանկացած մարտիկ, ինչպես դա սահմանված է 43 հոդվածով, որն ընկնում է հակառակորդ կողմի իշխանության տակ, հանդիսանում է ռազմագերի:

2. Թեև բոլոր մարտիկները պարտավոր են պահպանել զինված ընդհարումների ժամանակ կիրառվող միջազգային իրավունքի նորմերը, այդ նորմերի խախտումները նրանց չեն զրկում մարտիկ համարվելու իրավունքից կամ, եթե նրանք ընկնում են հակառակորդ կողմի իշխանության տակ` ռազմագերի համարվելու իրավունքից, բացառությամբ 3 և 4 կետերում նախատեսված դեպքերի:

3. Ռազմական գործողությունների հետևանքներից քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ուժեղացնելու համար մարտիկները պարտավոր են քաղաքացիական բնակչությունից տարբերվել, երբ մասնակցում են հարձակման կամ հարձակման նախապատրաստություն հանդիսացող ռազմական գործողության: Սակայն հաշվի առնելով, որ զինված ընդհարումների ժամանակ լինում են այնպիսի իրավիճակներ, երբ ռազմական գործողությունների բնույթից ելնելով` զինված մարտիկը չի կարող տարբերվել քաղաքացիական բնակչությունից, նա պահպանում է մարտիկի իր կարգավիճակը` պայմանով, որ այդպիսի իրավիճակներում նա իր զենքը կրի բացեիբաց`

ա) յուրաքանչյուր ռազմական բախման ժամանակ, և

բ) այն ժամանակ, երբ նա գտնվում է հակառակորդի աչքի առաջ` հարձակման սկզբին նախորդող մարտակարգերի ծավալման ընթացքում, որին նա պետք է մասնակցի:

Սույն կետի պահանջներին համապատասխանող գործողությունները չեն դիտվում որպես ուխտադրուժ գործողություններ 37 հոդվածի 1 գ կետի նշանակությամբ:

4. Յուրաքանչյուր մարտիկ, որ հակառակորդ կողմի իշխանության տակ է ընկնում այն ժամանակ, երբ նա չի բավարարում 3 կետի երկրորդ նախադասության մեջ շարադրված պահանջները, զրկվում է ռազմագերի համարվելու իրավունքից, բայց և այնպես նրան տրամադրվում է այն պաշտպանությանը բոլոր տեսակետներից հավասարազոր պաշտպանություն, որը տրամադրվում է ռազմագերիներին` երրորդ կոնվենցիային և սույն արձանագրությանը համապատասխան: Այդպիսի պաշտպանությունը հավասարազոր է այն պաշտպանությանը, որ տրամադրվում է ռազմագերիներին երրորդ կոնվենցիայի համաձայն այն դեպքում, երբ այդպիսի անձը դատի է տրվում և պատիժ կրում իր կատարած իրավախախտումների համար:

5. Հակառակորդ կողմի իշխանության տակ ընկած մարտիկը, եթե նա չի մասնակցում հարձակմանը կամ հարձակման նախապատրաստություն հանդիսացող ռազմական գործողությանը, չի կորցնում մարտիկ և ռազմագերի համարվելու իր իրավունքը` նախկինում նրա կողմից կատարված գործողությունների պատճառով:

6. Սույն հոդվածը ոչ ոքի չի զրկում երրորդ կոնվենցիայի 4 հոդվածին համապատասխան ռազմագերի համարվելու իրավունքից:

7. Սույն հոդվածը նպատակ չունի փոխելու համազգեստ կրելու վերաբերմամբ պետությունների համընդհանուր ընդունված պրակտիկան այն մարտիկների կողմից, որոնք մտցված են ընդհարման մեջ գտնվող կողմի կանոնավոր զորքերի համազգեստ հագած զինված ստորաբաժանումների կազմի մեջ:

8. Ի լրումն առաջին և երկրորդ կոնվենցիաների 13 հոդվածում հիշատակված անձանց կատեգորիաների, սույն արձանագրության 43 հոդվածով սահմանված ընդհարման մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմից բոլոր անձինք այդ կոնվենցիաներին համապատասխան պաշտպանության իրավունք ունեն, եթե նրանք վիրավոր են կամ հիվանդ, կամ երկրորդ կոնվենցիայի դեպքում, եթե նրանք նավաբեկության են ենթարկվել ծովում կամ այլ ջրերում:

 

ՀՈԴՎԱԾ 45

Ռազմական գործողություններին մասնակցած անձանց պաշտպանությունը

 

1. Ռազմական գործողություններին մասնակցած և հակառակորդ կողմի իշխանության տակ ընկած անձը համարվում է ռազմագերի և դրա հետևանքով օգտվում է երրորդ կոնվենցիայի պաշտպանությունից, եթե նա հավակնում է ռազմագերու կարգավիճակի, եթե ենթադրվում է, որ նա այդպիսի կարգավիճակի իրավունք ունի, կամ եթե այն կողմը, որից նա կախված է, նրա համար պահանջում է այդպիսի կարգավիճակ` նրան պահող տերությանը կամ հովանավոր տերությանը ծանուցելու միջոցով: Տվյալ անձի` ռազմագերու կարգավիճակի իրավունքի վերաբերյալ որևէ տարակուսանք առաջանալու դեպքում անձը շարունակում է պահպանել այդ կարգավիճակը և, հետևաբար, երրորդ կոնվենցիայի և սույն արձանագրության պաշտպանությունից օգտվել այնքան ժամանակ, քանի դեռ նրա կարգավիճակը չի որոշվել իրավասու դատական ատյանի կողմից:

2. Եթե անձը, որը հակառակորդ կողմի իշխանության տակ է ընկել, չի պահվում որպես ռազմագերի և պետք է դատվի նրա կողմից` ռազմական գործողությունների հետ կապված իրավախախտման համար, նա դատական մարմինների առջև ռազմագերու կարգավիճակի և այդ հարցով որոշման իրավունք ունի: Այն դեպքում, երբ դա թույլ է տալիս կիրառվող ընթացակարգը, այդ որոշումը կայացվում է մինչև իրավախախտման համար դատը: Հովանավոր տերության ներկայացուցիչներն իրավունք ունեն ներկա լինելու այն դատավարությանը, որտեղ վճիռ է կայացվելու այդ հարցի առթիվ, եթե միայն, որպես բացառություն` ի շահ պետական անվտանգության, այն տեղի չի ունենում դռնփակ դատական նիստում: Նման դեպքում պահող տերությունը համապատասխան ձևով ծանուցում է հովանավոր տերությանը:

3. Ռազմական գործողությունների մասնակցած ցանկացած անձ, որը ռազմագերու կարգավիճակի իրավունք չունի և չի օգտվում չորրորդ կոնվենցիային համապատասխան առավել նպաստավոր վերաբերմունքից, բոլոր դեպքերում իրավունք ունի սույն արձանագրության 75 հոդվածով նախատեսված պաշտպանության: Գրավյալ տարածքում ցանկացած այդպիսի անձ, եթե միայն նա չի պահված որպես լրտես, անկախ չորրորդ կոնվենցիայի 5 հոդվածից, ունի նաև տվյալ կոնվենցիայի կողմից հատկացվող կապի իրավունք:

 

ՀՈԴՎԱԾ 46

Լրտեսները

 

1. Անկախ կոնվենցիաների և սույն արձանագրության ցանկացած այլ դրույթից, ընդհարման մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմի ցանկացած անձ, որը հակառակորդ կողմի իշխանության տակ է ընկնում այն ժամանակ, երբ նա զբաղվում է լրտեսությամբ, չունի ռազմագերու կարգավիճակի իրավունք, և նրա հետ կարող են վերաբերվել որպես լրտեսի:

2. Ընդհարման մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմի անդամը, որը հօգուտ այդ կողմի հավաքում կամ փորձում է հավաքել տեղեկատվություն հակառակորդ պետության կողմից վերահսկվող տարածքում, չի համարվի լրտեսությամբ զբաղվող անձ, եթե, գործելով այդ ձևով, նա կրում է իրենց զինված ուժերի համազգեստը:

3. Ընդհարման մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմի անդամը, որը բնակվում է հակառակորդ կողմից գրավված տարածքում, և որը հօգուտ այն կողմի, որից նա կախում ունի, հավաքում կամ փորձում է այդ տարածքում հավաքել ռազմական նշանակություն ունեցող տեղեկատվություն, չի համարվի լրտեսությամբ զբաղվող անձ, եթե նա չի գործում խաբեությամբ կամ գիտակցաբար չի դիմում գաղտնի մեթոդների: Ավելին, այդ անձը չի կորցնում ռազմագերու կարգավիճակի իր իրավունքը, և նրա հետ չեն կարող վարվել որպես լրտեսի, եթե նա չի բռնվել այն ժամանակ, երբ զբաղվում էր լրտեսությամբ:

4. Ընդհարման մեջ գտնվող կողմի զինված ուժերի անդամը, որը չի բնակվում հակառակորդ կողմից գրավյալ տարածքում, և որը զբաղվել է լրտեսությամբ այդ տարածքում, չի կորցնում ռազմագերու կարգավիճակի իր իրավունքը, և նրա հետ չեն կարող վարվել որպես լրտեսի, բացառությամբ այն դեպքի, երբ նա բռնվել է մինչև վերստին այն զինված ուժերին միանալը, որոնց նա պատկանում է:

 

ՀՈԴՎԱԾ 47

Վարձկանները

 

1. Վարձկանը չունի մարտիկի կամ ռազմագերու կարգավիճակ ստանալու իրավունք:

2. Վարձկան համարվում է ցանկացած անձ, որը.

ա) տեղում կամ արտասահմանում հատուկ հավաքագրվել է, որպեսզի կռվի զինված ընդհարման ժամանակ.

բ) փաստացի մասնակցում է ռազմական գործողություններին.

գ) ռազմական գործողություններին մասնակցում է` ղեկավարվելով անձնական շահ ստանալու ցանկությամբ, որին ընդհարման մեջ գտնվող կողմից կամ այդ կողմի անունից տրվել է այնպիսի նյութական վարձատրության խոստում, որն էապես գերազանցում է այն վարձատրությունը, որը խոստացվում կամ վճարվում է տվյալ կողմի զինված ուժերի կազմի մեջ մտնող` այդ նույն դասի մարտիկներին.

դ) չի հանդիսանում ոչ ընդհարման մեջ գտնվող կողմի քաղաքացին, ոչ ընդհարման մեջ գտնվող կողմից վերահսկվող տարածքում մշտապես բնակվող անձ.

ե) չի մտնում ընդհարման մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմի մեջ.

զ) չի ուղարկվել այն պետության կողմից, որը չի հանդիսանում ընդհարման մեջ գտնվող կողմ, որպես նրա զինված ուժերի կազմի մեջ մտնող անձ` պաշտոնական պարտականություններ կատարելու համար:

 

Մաս 4

Քաղաքացիական բնակչությունը

 

Բաժին 1
Ռազմական գործողությունների հետևանքներից ընդհանուր պաշտպանությունը

 

Գլուխ 1
Հիմնական նորմը և կիրառման ոլորտը

 

ՀՈԴՎԱԾ 48

Հիմնական նորմը

 

Քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների նկատմամբ հարգանքն ու պաշտպանությունն ապահովելու նպատակով, ընդհարման մեջ գտնվող կողմերը մշտապես պետք է տարբերակեն քաղաքացիական բնակչությունը և մարտիկներին, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտները` ռազմական օբյեկտներից, և համապատասխանաբար իրենց գործողություններն ուղղեն միայն ռազմական օբյեկտների դեմ:

 

ՀՈԴՎԱԾ 49

Հարձակումների սահմանումը և կիրառման ոլորտը

 

1. «Հարձակումներ» նշանակում են հակառակորդի նկատմամբ բռնության գործողությունները, անկախ այն բանից` դրանք կատարվում են հարձակման, թե պաշտպանության ժամանակ:

2. Հարձակումներին վերաբերող սույն արձանագրության դրույթները կիրառվում են բոլոր հարձակումների նկատմամբ, անկախ այն բանից, թե դրանք որ տարածքում են կատարվում, ներառյալ` ընդհարման մեջ գտնվող կողմին պատկանող, բայց հակառակորդ կողմի վերահսկողության տակ գտնվող ազգային տարածքը:

3. Սույն բաժնի դրույթները կիրառվում են ցամաքում, օդում կամ ծովում ընթացող ցանկացած ռազմական գործողությունների նկատմամբ, որոնք կարող են վնաս պատճառել ցամաքում գտնվող քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական առանձին անձանց կամ քաղաքացիական օբյեկտներին: Դրանք նաև կիրառվում են ցամաքում գտնվող այն օբյեկտների վրա ծովից կամ օդից կատարվող բոլոր հարձակումների նկատմամբ, որոնք, սակայն, որևէ այլ կերպ չեն շոշափում միջազգային իրավունքի` ծովում և օդում զինված ընդհարումների ժամանակ կիրառվող նորմերը:

4. Սույն բաժնի դրույթները լրացնում են մարդասիրական պաշտպանությանը վերաբերող` չորրորդ կոնվենցիայում, մասնավորապես այդ կոնվենցիայի երկրորդ մասում, և Բարձր պայմանավորվող կողմերի համար պարտադիր մյուս միջազգային համաձայնագրերում բովանդակվող, ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքներից ցամաքում, ծովում և օդում քաղաքացիական անձանց ու քաղաքացիական օբյեկտների պաշտպանությանը վերաբերող միջազգային իրավունքի մյուս նորմերը:

 

Գլուխ 2
Քաղաքացիական անձինք և քաղաքացիական բնակչությունը

 

ՀՈԴՎԱԾ 50

Քաղաքացիական անձանց և քաղաքացիական բնակչության սահմանումը

 

1. Քաղաքացիական անձ է հանդիսանում ցանկացած անձ, որը չի պատկանում երրորդ կոնվենցիայի 4 A.1), 2), 3) և 6) հոդվածում և սույն արձանագրության 43 հոդվածում նշված անձանց կատեգորիաներից ոչ մեկին: Կասկած առաջանալու դեպքում տվյալ անձը համարվում է քաղաքացիական անձ:

2. Քաղաքացիական բնակչությունը բաղկացած է քաղաքացիական անձ հանդիսացող բոլոր անձանցից:

3. Քաղաքացիական անձանց սահմանման տակ չընկնող առանձին անձանց առկայությունը քաղաքացիական բնակչության մեջ այդ բնակչությանը չի զրկում նրա քաղաքացիական բնույթից:

 

ՀՈԴՎԱԾ 51

Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը

 

1. Քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական անձինք օգտվում են ռազմական գործողությունների հետևանքով առաջացած վտանգների ընդհանուր պաշտպանությունից: Այդ պաշտպանությունն արդյունավետ դարձնելու նպատակով, ի լրումն միջազգային իրավունքի կիրառվող մյուս նորմերի, բոլոր հանգամանքներում պահպանվում են հետևյալ նորմերը.

2. Քաղաքացիական բնակչությունը, որպես այդպիսին, ինչպես նաև քաղաքացիական առանձին անձինք չպետք է հարձակումների օբյեկտ հանդիսանան: Արգելվում են բռնության գործողությունները կամ բռնության սպառնալիքները, որոնց հիմնական նպատակն է ահաբեկել քաղաքացիական բնակչությանը:

3. Քաղաքացիական անձինք օգտվում են սույն բաժնով նախատեսված պաշտպանությունից, բացառությամբ այն դեպքերի և այն ընթացքում, քանի դեռ նրանք անմիջական մասնակցություն են ունենում ռազմական գործողություններին:

4. Ոչ ընտրողական բնույթի հարձակումներն արգելվում են: Ոչ ընտրողական բնույթի հարձակումների թվին են պատկանում.

ա) այն հարձակումները, որոնք ուղղված չեն ռազմական կոնկրետ օբյեկտների դեմ,

բ) այն հարձակումները, որոնց ժամանակ կիրառվում են ռազմական գործողությունների վարման մեթոդներ կամ միջոցներ, որոնք չեն կարող ուղղված լինել ռազմական կոնկրետ օբյեկտների դեմ, կամ

գ) այն հարձակումները, որոնց ժամանակ կիրառվում են ռազմական գործողությունների վարման մեթոդներ և միջոցներ, որոնց հետևանքները չեն կարող սահմանափակված լինել, ինչպես դա պահանջում է սույն արձանագրությունը,

և որոնք, հետևաբար, այդպիսի յուրաքանչյուր դեպքում ռազմական օբյեկտներին և քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական օբյեկտներին վնաս են հասցնում առանց խտրության:

5. Հարձակումների այլ տեսակների շարքում հարկ է ոչ ընտրողական բնույթի հարձակումներ համարել.

ա) ցանկացած մեթոդներով կամ միջոցներով կատարված ռմբակոծմամբ հարձակումները, որոնց ժամանակ որպես մեկ միասնական օբյեկտ է դիտվում միմյանցից պարզորոշ զատ-զատ գտնվող և տարբերվող այն ռազմական օբյեկտների շարքը, որոնք տեղավորված են քաղաքում, գյուղում կամ այլ շրջանում, որտեղ կենտրոնացված են քաղաքացիական անձինք կամ քաղաքացիական օբյեկտներ, և

բ) այն հարձակումը, որը, ինչպես կարելի է սպասել, զուգահեռաբար կառաջացնի զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, վիրավորներ` քաղաքացիական անձանց թվից, և վնաս կպատճառի քաղաքացիական օբյեկտներին, կամ երկուսը միասին, որոնք չափազանց մեծ կլինեն համեմատած այն կոնկրետ և անմիջական ռազմական առավելությանը, որին ենթադրվում է այդ ձևով հասնել:

6. Արգելվում են փոխճնշումների ձևով հարձակումները քաղաքացիական բնակչության կամ քաղաքացիական առանձին անձանց վրա:

7. Քաղաքացիական բնակչության և քաղաքացիական առանձին անձանց ներկայությունը կամ տեղափոխությունը չպետք է օգտագործվեն ռազմական գործողություններից որոշակի կետերի կամ շրջանների պաշտպանության համար, մասնավորապես, փորձելու պաշտպանել ռազմական օբյեկտները հարձակումից կամ պաշտպանել ռազմական գործողությունները, դրանց նպաստել կամ խոչընդոտել: Ընդհարման մեջ գտնվող կողմերը չպետք է ուղղություն տան քաղաքացիական բնակչության կամ քաղաքացիական առանձին անձանց տեղափոխմանը` նպատակ ունենալով փորձել ռազմական օբյեկտները պաշտպանել հարձակումից կամ պաշտպանել ռազմական գործողությունները:

8. Այս արգելքների ոչ մի խախտում ընդհարման մեջ գտնվող կողմերին չի ազատում քաղաքացիական բնակչության և քաղաքացիական անձանց հանդեպ նրանց իրավական պարտականություններից, այդ թվում` 57 հոդվածով նախատեսված նախազգուշական միջոցներ ձեռնարկելու պարտականությունից:

 

Գլուխ 3
Քաղաքացիական օբյեկտները

 

ՀՈԴՎԱԾ 52

Քաղաքացիական օբյեկտների ընդհանուր պաշտպանությունը

 

1. Քաղաքացիական օբյեկտները չպետք է հանդիսանան հարձակման կամ փոխճնշումների օբյեկտ: Քաղաքացիական օբյեկտներ են հանդիսանում բոլոր այն օբյեկտները, որոնք չեն հանդիսանում ռազմական օբյեկտներ, ինչպես դրանք սահմանված են 2 կետում:

2. Հարձակումները պետք է խստագույնս սահմանափակվեն ռազմական օբյեկտներով: Ինչ վերաբերում է օբյեկտներին, ապա ռազմական օբյեկտները սահմանափակվում են այն օբյեկտներով, որոնք իրենց բնույթով, տեղադրությամբ, նշանակությամբ կամ գործածությամբ արդյունավետ ներդրում են կատարում ռազմական գործողություններում, և որոնց լիակատար կամ մասնակի ոչնչացումը, զավթումը կամ չեզոքացումը տվյալ պահին առկա հանգամանքներում տալիս է բացահայտ ռազմական առավելություն:

3. Կասկած առաջանալու դեպքում, այն օբյեկտը, որը սովորաբար նախատեսված է քաղաքացիական նպատակների համար, օրինակ, պաշտամունքի վայր, բնակելի տուն կամ այլ բնակելի շինություններ, կամ դպրոց, ենթադրվում է, որ այն չի օգտագործվում ռազմական գործողություններին արդյունավետ աջակցելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 53

Մշակութային արժեքների և պաշտամունքի վայրերի պաշտպանությունը

 

Առանց դիպչելու զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի մայիսի 14-ի Հաագայի կոնվենցիայի և համապատասխան միջազգային այլ փաստաթղթերի դրույթներին` արգելվում է.

ա) որևէ թշնամական գործողություն կատարել ժողովուրդների մշակութային կամ հոգևոր ժառանգությունը հանդիսացող պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների կամ պաշտամունքի վայրերի դեմ,

բ) այդպիսի օբյեկտներն օգտագործել ռազմական ջանքերին աջակցելու համար,

գ) այդպիսի օբյեկտները դարձնել փոխճնշումների օբյեկտներ:

 

ՀՈԴՎԱԾ 54

Քաղաքացիական բնակչության գոյատևման համար անհրաժեշտ օբյեկտների

պաշտպանությունը

 

1. Արգելվում է քաղաքացիական բնակչության շրջանում սովն օգտագործել որպես պատերազմելու մեթոդ:

2. Արգելվում է հարձակման ենթարկել, ոչնչացնել, դուրս տանել կամ շարքից հանել այն արժեքները և օբյեկտները, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական բնակչության գոյատևման համար, ինչպիսիք են` պարենի պաշարները, պարեն արտադրող գյուղատնտեսական շրջանները, ցանքերը, անասունները, խմելու ջրի մատակարարման կառույցները և ջրի պահուստները, ինչպես նաև ոռոգման կառույցները` հատուկ նպատակ ունենալով թույլ չտալ դրանց օգտագործումը քաղաքացիական բնակչության կամ հակառակորդ պետության կողմից, որպես գոյության պահպանման միջոց, անկախ դրդապատճառներից, լինի դա քաղաքացիական անձանց մեջ սով առաջացնելու, նրանց մեկնել հարկադրելու նպատակով կամ որևէ այլ պատճառով:

3. 2 կետում նախատեսված արգելքները չեն կիրառվում այդ կետում նշված այնպիսի օբյեկտների նկատմամբ, որոնք հակառակորդ պետության կողմից օգտագործվում են.

ա) բացառապես նրա զինված ուժերի անձնակազմի գոյության պահպանման համար,

բ) այլ նպատակների համար, քան գոյության պահպանումը` ռազմական գործողությունների ուղղակի պաշտպանության համար, պայմանով սակայն, որ այդ օբյեկտների դեմ ոչ մի դեպքում չեն ձեռնարկվի գործողություններ, որոնց հետևանքով կարելի է սպասել, որ քաղաքացիական բնակչությունը մնա առանց պարենի կամ ջրի բավարար քանակության, ինչը բնակչության շրջանում սով կառաջացնի կամ կհարկադրի նրան մեկնել:

4. Այդ օբյեկտները չպետք է դառնան փոխճնշումների օբյեկտ:

5. Ներխուժումից իր ազգային տարածքը պաշտպանելու` ընդհարման մեջ գտնվող ցանկացած կողմի կենսական պահանջներից ելնելով` թույլատրվում է նահանջ 2 կետում նախատեսված արգելքներից ընդհարման մեջ գտնվող պետության կողմից նրա վերահսկած այնպիսի տարածքում, որտեղ դա հրամայաբար պահանջում է ռազմական անհրաժեշտությունը:

 

ՀՈԴՎԱԾ 55

Բնական միջավայրի պաշտպանությունը

 

1. Ռազմական գործողություններ վարելիս հոգատարություն է ցուցաբերվում` բնական միջավայրը լայնածավալ, երկարատև և լուրջ վնասներից պաշտպանելու համար: Այդպիսի պաշտպանությունն իր մեջ ներառում է պատերազմելու այնպիսի մեթոդների և միջոցների օգտագործման արգելում, որոնք նպատակ ունեն վնաս հասցնել կամ, կարելի է ենթադրել, որ այդպիսի վնաս կհասցնեն բնական միջավայրին` դրանով իսկ վտանգելով բնակչության առողջությունը կամ գոյատևումը:

2. Բնական միջավայրին փոխճնշումների միջոցով վնաս հասցնելն արգելվում է:

 

ՀՈԴՎԱԾ 56

Վտանգավոր ուժեր պարունակող կառույցների և կայանքների

պաշտպանությունը

 

1. Վտանգավոր ուժեր պարունակող կառույցներն ու կայանքները, ինչպիսիք են` պատնեշները, ամբարտակները և ատոմային էլեկտրակայանները, չպետք է դառնան հարձակման օբյեկտ անգամ այն դեպքում, երբ այդպիսի օբյեկտները հանդիսանում են ռազմական օբյեկտներ, եթե այդպիսի հարձակումը կարող է հանգեցնել վտանգավոր ուժերի ազատման և հետագա ծանր կորուստների քաղաքացիական բնակչության շրջանում: Այդ կառույցներում և կայանքներում կամ դրանց մերձակայքում տեղավորված մյուս ռազմական օբյեկտները չպետք է դառնան հարձակման օբյեկտ, եթե այդպիսի հարձակումը կարող է առաջացնել վտանգավոր ուժերի ազատում և հետագա ծանր կորուստներ քաղաքացիական բնակչության շրջանում:

2. Հարձակումից` 1 կետում նախատեսված հատուկ պաշտպանությունը դադարում է`

ա) պատնեշների և ամբարտակների նկատմամբ միայն այն դեպքում, եթե դրանք օգտագործվում են մեկ այլ, իրենց նորմալ գործառույթից տարբեր նպատակներով, և ռազմական գործողությունների կանոնավոր, էական և անմիջական աջակցության համար, և եթե այդպիսի հարձակումն այդ աջակցությունը դադարեցնելու գործնականորեն միակ հնարավոր եղանակն է.

բ) ատոմային էլեկտրակայանների նկատմամբ միայն այն դեպքում, եթե դրանք էլեկտրական հոսանք են արտադրում ռազմական գործողությունների կանոնավոր, էական և անմիջական աջակցության համար, և եթե այդպիսի հարձակումն այդ աջակցությունը դադարեցնելու գործնականորեն միակ հնարավոր եղանակն է.

գ) այդ կառույցներում և կայանքներում կամ դրանց մերձակայքում տեղավորված մյուս ռազմական օբյեկտների նկատմամբ միայն այն դեպքում, եթե դրանք օգտագործվում են ռազմական գործողությունների կանոնավոր, էական և անմիջական աջակցության համար, և եթե այդպիսի հարձակումն այդ աջակցությունը դադարեցնելու գործնականորեն միակ հնարավոր եղանակն է:

3. Բոլոր դեպքերում քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական առանձին անձինք շարունակում են օգտվել միջազգային իրավունքով նրանց տրամադրված լիակատար պաշտպանությունից, ներառյալ` 57 հոդվածով նախատեսված նախազգուշական միջոցները: Եթե պաշտպանությունը դադարեցվում է, և 1 կետում հիշատակված որևէ կառույց, կայանք կամ ռազմական օբյեկտ ենթարկվում է հարձակման, ապա ձեռնարկվում են գործնականում հնարավոր բոլոր նախազգուշական միջոցները` խուսափելու համար վտանգավոր ուժերի ազատումից:

4. Արգելվում է 1 կետում նշված կառույցները, կայանքները կամ ռազմական օբյեկտները դարձնել փոխճնշումների օբյեկտ:

5. Ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է ձգտեն խուսափել 1 կետում նշված կառույցների և կայանքների մերձակայքում որևէ ռազմական օբյեկտ տեղավորելուց: Սակայն թույլատրվում են այնպիսի շինություններ, որոնք կառուցված են զուտ պաշտպանությունից օգտվող կառույցները և կայանքները հարձակումից պաշտպանելու նպատակով, և դրանք իրենք չպետք է դառնան հարձակման առարկա, պայմանով, որ չեն օգտագործվի ռազմական գործողությունների ընթացքում, բացառությամբ պաշտպանական գործողությունների, որոնք անհրաժեշտ են պաշտպանությունից օգտվող կառույցների կամ կայանքների վրա հարձակումները ետ մղելու համար, և որ դրանց սպառազինությունը սահմանափակվի զենքով, որն ընդունակ է միայն ետ մղելու պաշտպանությունից օգտվող կառույցների և կայանքների վրա հակառակորդի հարձակումը:

6. Բարձր պայմանավորվող կողմերին և ընդհարման մեջ գտնվող կողմերին կոչ է արվում միմյանց միջև կնքել այլ համաձայնագրեր վտանգավոր ուժեր պարունակող օբյեկտների լրացուցիչ պաշտպանությունն ապահովելու համար:

7. Դյուրացնելու համար այն օբյեկտների ճանաչումը, որոնք օգտվում են սույն հոդվածի պաշտպանությունից, ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են դրանք նշել հատուկ նշանով` վառ նարնջագույն շրջանակների խմբի տեսքով, որոնք տեղադրվում են միևնույն առանցքի վրա, ինչպես ցույց է տրված արձանագրությանն առընթեր 1 հավելվածի 16 հոդվածում: Այդպիսի նշանացույցի բացակայությունն ընդհարման մեջ գտնվող կողմերին ոչ մի կերպ չի ազատում սույն հոդվածով նրա վրա դրված պարտականություններից:

 

Գլուխ 4
Նախազգուշական միջոցները

 

ՀՈԴՎԱԾ 57

Նախազգուշական միջոցները հարձակման ժամանակ

 

1. Ռազմական գործողություններ անցկացնելիս մշտապես պետք է հոգ տարվի խնայելու քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտները:

2. Հարձակումների վերաբերմամբ ձեռնարկվում են նախազգուշական հետևյալ միջոցները.

ա) նրանք, ովքեր հարձակում են ծրագրում կամ նրա իրականացման մասին որոշում են կայացնում պետք է.

i) անեն գործնականորեն ամեն հնարավորը, որպեսզի համոզվեն, որ հարձակման օբյեկտները ոչ քաղաքացիական անձինք են, ոչ քաղաքացիական օբյեկտներ և ենթակա չեն հատուկ պաշտպանության, այլ հանդիսանում են ռազմական օբյեկտներ 52 հոդվածի 2 կետի նշանակությամբ և, որ սույն արձանագրության դրույթներին համապատասխան` դրանց վրա հարձակումը չի արգելվում:

ii) հարձակման միջոցները և մեթոդներն ընտրելիս ձեռնարկեն գործնականորեն բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները, որպեսզի խուսափեն քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից, քաղաքացիական անձանց վիրավորվելուց և քաղաքացիական օբյեկտներին պատահական վնաս հասցնելուց և, համենայն դեպս, դրանք նվազագույնի հասցնեն.

iii) ձեռնպահ մնան այնպիսի հարձակում իրականացնելուց, որը, ինչպես կարելի է սպասել, կառաջացնի պատահական զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, քաղաքացիական անձանց մեջ վիրավորներ, և պատահական վնաս կհասցնի քաղաքացիական օբյեկտներին, կամ կպատճառի թե մեկը և թե մյուսը, որոնք չափից ավելի մեծ կլինեն կոնկրետ և ուղղակի ակնկալվող ռազմական առավելության համեմատ.

բ) հարձակումը վերացվում կամ դադարեցվում է, եթե ակնհայտ է դառնում, որ օբյեկտը ռազմական չէ, որ այն ենթակա է հատուկ պաշտպանության, կամ որ հարձակումը, ինչպես կարելի է սպասել, քաղաքացիական բնակչության շրջանում պատահական զոհեր, քաղաքացիական անձանց մեջ վիրավորներ կառաջացնի և պատահական վնասներ կհասցնի քաղաքացիական օբյեկտներին, կամ կպատճառի թե մեկը, թե մյուսը, որոնք չափից ավելի մեծ կլինեն, քան ակնկալվող կոնկրետ և ուղղակի ռազմական առավելությունը.

գ) արվում է նախնական արդյունավետ զգուշացում այն հարձակումների մասին, որոնք կարող են դիպչել քաղաքացիական բնակչությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ հանգամանքները թույլ չեն տալիս այդ բանն անել:

3. Երբ մի քանի ռազմական օբյեկտների միջև հնարավոր է ընտրություն` հավասարազոր ռազմական առավելություն ստանալու համար, ընտրվում է այն օբյեկտը, որի վրա հարձակումը, ինչպես կարելի է սպասել, քաղաքացիական անձանց կյանքի և քաղաքացիական օբյեկտների համար կստեղծի ամենանվազ վտանգը:

4. Ծովում կամ օդում ռազմական գործողություններ անցկացնելիս ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ միջազգային իրավունքի` զինված ընդհարումների ժամանակ կիրառվող նորմերից բխող իր իրավունքներին և պարտականություններին համապատասխան, ձեռնարկում է նախազգուշական բոլոր խելամիտ միջոցները, այն հաշվով, որպեսզի խուսափի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից և քաղաքացիական օբյեկտներին պատճառվող վնասից:

5. Սույն հոդվածի դրույթներից ոչ մեկը չի կարող մեկնաբանվել որպես քաղաքացիական բնակչության, քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակում թույլատրող դրույթ:

 

ՀՈԴՎԱԾ 58

Նախազգուշական միջոցները հարձակումների հետևանքների դեմ

 

Ընդհարման մեջ գտնվող կողմերը գործնականորեն հնարավոր առավելագույն չափով.

ա) կձգտեն, առանց չորրորդ կոնվենցիայի 49 հոդվածը վնասելու, իրենց վերահսկողության տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական առանձին անձանց և քաղաքացիական օբյեկտները հեռացնել ռազմական օբյեկտների մերձակայքից,

բ) կխուսափեն խիտ բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղադրելուց,

գ) կձեռնարկեն նախազգուշական այլ անհրաժեշտ միջոցներ` իրենց վերահսկողության տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական առանձին անձանց և քաղաքացիական օբյեկտները ռազմական գործողությունների հետևանքով առաջացող վտանգներից պաշտպանելու համար:

 

Գլուխ 5
Հատուկ պաշտպանության տակ գտնվող վայրերը և գոտիները

 

ՀՈԴՎԱԾ 59

Չպաշտպանվող վայրերը

 

1. Ընդհարման մեջ գտնվող կողմերին արգելվում է չպաշտպանվող վայրերը որևէ եղանակով ենթարկել հարձակման:

2. Ընդհարման մեջ գտնվող կողմի համապատասխան իշխանությունները կարող են չպաշտպանվող վայր հայտարարել ցանկացած բնակելի կետ, որը գտնվում է զինված ուժերի շփման գոտում կամ դրան մոտ, որը գրավման համար բաց է նրա հակառակորդ կողմի առջև: Այդպիսի վայրը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին.

ա) բոլոր մարտիկները, ինչպես նաև շարժունակ մարտական միջոցները և ռազմական հանդերձանքը պետք է տարահանված լինեն.

բ) մշտական ռազմական սարքավորումները կամ կառույցները չպետք է օգտագործվեն թշնամական նպատակներով.

գ) ոչ իշխանությունները, ոչ բնակչությունը չպետք է կատարեն թշնամական գործողություններ.

դ) չպետք է ձեռնարկվի ոչ մի գործողություն` ի պաշտպանություն ռազմական գործողությունների:

3. Այդ վայրում կոնվենցիաների և սույն արձանագրության հատուկ պաշտպանությունից օգտվող անձանց և օրինականությունն ու կարգուկանոնը պահպանելու միակ նպատակով այստեղ թողնված ոստիկանական ուժերի ներկայությունը չի հակասում 2 կետում շարադրված պայմաններին:

4. 2 կետով նախատեսված հակառակորդ կողմին արված հայտարարության մեջ տրվում է չպաշտպանվող վայրի սահմանների հնարավորին չափ ճշգրիտ բնորոշումը և նկարագրությունը: Ընդհարման մեջ գտնվող կողմը, որին ուղղված է այդպիսի հայտարարությունը, հաստատում է դրա ստացումը և այդ վայրի նկատմամբ վերաբերվում է որպես չպաշտպանվող վայրի, բացառությամբ այն դեպքերի, երբ 2 կետում նախատեսված պայմանները փաստորեն չեն պահպանվել. այդ դեպքում նշված կողմը այդ մասին անմիջապես տեղյակ է պահում հայտարարություն անող կողմին: Անգամ այն դեպքում, երբ 2 կետում շարադրված պայմանները չեն պահպանվել, այդպիսի վայրը շարունակում է օգտվել սույն արձանագրության մյուս դրույթներով և միջազգային իրավունքի` զինված ընդհարումների ժամանակ կիրառվող մյուս նորմերով նախատեսված պաշտպանությունից:

5. Ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են համաձայնության գալ վայրերը չպաշտպանվող հայտարարելուն, անգամ եթե այդ վայրերը չեն համապատասխանում 2 կետի պայմաններին: Համաձայնագրի մեջ պետք է հնարավորին չափ առավել ճշգրիտ տրվեն չպաշտպանվող վայրի սահմանների բնորոշումը և նկարագրությունը. անհրաժեշտության դեպքում այն կարող է սահմանել վերահսկողության եղանակները:

6. Կողմը, որի վերահսկողության տակ է գտնվում այդպիսի համաձայնագրի առարկա հանդիսացող վայրը, այն նշում է, որքան հնարավոր է, այնպիսի նշաններով, որոնք կարող են համաձայնեցվել մյուս կողմի հետ, և որոնք տեղադրվում են այնտեղ, որտեղ հստակ երևում են, հատկապես ըստ վայրի պարագծի, նրա սահմաններում և խճուղային ճանապարհներին:

7. Վայրը կորցնում է չպաշտպանվող վայրի իր կարգավիճակը, երբ դադարում է համապատասխանել 2 կետում կամ 5 կետում հիշատակված համաձայնագրում շարադրված պայմաններին: Այդ դեպքում այդ վայրը շարունակում է օգտվել սույն արձանագրության մյուս դրույթներով և միջազգային իրավունքի` զինված ընդհարումների ժամանակ կիրառվող մյուս նորմերով նախատեսված պաշտպանությունից:

 

ՀՈԴՎԱԾ 60

Ապառազմականացված գոտիները

 

1. Ընդհարման մեջ գտնվող կողմերին արգելվում է իրենց ռազմական գործողությունները տարածել այն գոտիների վրա, որոնց նրանք համաձայնագրով տրամադրել են ապառազմականացված գոտիների կարգավիճակ, եթե այդ տարածումը հակասում է այդ համաձայնագրի դրույթներին:

2. Այդպիսի համաձայնագիրը պետք է լինի հստակ արտահայտված. այն կարող է կնքվել բանավոր կամ գրավոր, անմիջականորեն կամ հովանավոր տերության կամ ցանկացած անկողմնակալ մարդասիրական կազմակերպության միջնորդությամբ, և կարող է բովանդակել փոխադարձ և համաձայնեցված հայտարարություններ: Համաձայնագիրը կարող է կնքվել խաղաղ ժամանակ, ինչպես նաև ռազմական գործողություններն սկսելուց հետո, և դրա մեջ պետք է տրված լինեն ապառազմականացված գոտու հնարավորին չափ առավել ճշգրիտ բնորոշումը և նկարագրությունը. անհրաժեշտության դեպքում այն կարող է սահմանել վերահսկողության եղանակները:

3. Այդպիսի համաձայնագրի առարկան սովորաբար հանդիսանում է այն գոտին, որը համապատասխանում է հետևյալ պայմաններին.

ա) բոլոր մարտիկները, ինչպես նաև շարժունակ մարտական միջոցները և ռազմական հանդերձանքը պետք է տարահանված լինեն,

բ) մշտական ռազմական սարքավորումները կամ կառույցները չպետք է օգտագործվեն թշնամական նպատակներով,

գ) ո՛չ իշխանությունները, ո՛չ բնակչությունը չպետք է կատարեն թշնամական գործողություններ,

դ) ռազմական ջանքերի հետ կապված ամեն մի գործունեություն պետք է դադարեցվի: Ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է համաձայնության գան այն մեկնաբանման վերաբերյալ, որ պետք է տալ d) ենթակետում շարադրված պայմաններին և այն անձանց վերաբերյալ, որոնց պետք է թույլատրվի մուտք գործել ապառազմականացված գոտի, բացի 4 կետում հիշատակված անձանցից:

4. Այդ գոտում կոնվենցիաներին և սույն արձանագրությանը համապատասխան հատուկ պաշտպանությունից օգտվող ոստիկանական ուժերի ներկայությունը, որոնք այստեղ են թողնվել օրինականություն և կարգ ու կանոն պահպանելու միակ նպատակով, չի հակասում 3 կետում շարադրված պայմաններին:

5. Կողմը, որի վերահսկողության տակ է գտնվում այդպիսի գոտին, այն նշում է, որքան հնարավոր է, այնպիսի նշաններով, որոնք կարող են համաձայնեցվել մյուս կողմի հետ, և որոնք տեղադրվում են այնտեղ, որտեղ հստակ են երևում, հատկապես ըստ գոտու պարագծի, դրա սահմաններում և խճուղային ճանապարհներին:

6. Եթե ռազմական գործողությունները մոտենում են ապառազմականացված գոտուն, և եթե ընդհարման մեջ գտնվող կողմերը եկել են այդպիսի համաձայնության, դրանցից ոչ մեկը չի կարող այդ գոտին օգտագործել այնպիսի նպատակներով, որոնք առնչություն ունեն ռազմական գործողությունների վարման հետ, կամ միակողմանիորեն վերացնել այդ գոտու կարգավիճակը:

7. Եթե ընդհարման մեջ գտնվող կողմերից մեկը թույլ տա 3 և 6 կետերի դրույթների էական խախտում, մյուս կողմն ազատվում է այդ գոտուն ապառազմականացված գոտու կարգավիճակ տրամադրելու մասին համաձայնագրով նախատեսված իր պարտավորություններից: Այդպիսի դեպքում գոտին կորցնում է իր կարգավիճակը, բայց շարունակում է օգտվել սույն արձանագրության մյուս դրույթներով և միջազգային իրավունքի` զինված ընդհարումների ժամանակ կիրառվող մյուս նորմերով նախատեսված պաշտպանությունից:

 

Գլուխ 6
Քաղաքացիական պաշտպանությունը

 

ՀՈԴՎԱԾ 61

Սահմանումը և կիրառման ոլորտը

 

Սույն արձանագրության իմաստով.

ա) «քաղաքացիական պաշտպանություն» արտահայտությունը բոլոր կամ ստորև հիշատակված մի քանի մարդասիրական այն խնդիրների կատարումն է, որոնք կոչված են պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը վտանգներից և օգնելու նրան վերացնել ռազմական գործողությունների կամ աղետների անմիջական հետևանքները, ինչպես նաև նրա գոյատևման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու: Այդ խնդիրներն են.

i) տագնապի ծանուցումը,

ii) տարահանումը,

iii) պատսպարանների տրամադրումը և դրանց կազմակերպումը,

iv) լուսաքողարկման միջոցառումների անցկացումը,

v) փրկարար աշխատանքները,

vi) բժշկական սպասարկումը, ներառյալ` առաջին օգնությունը, ինչպես նաև կրոնական օգնությունը,

vii) պայքարը հրդեհների դեմ,

viii) վտանգավոր շրջանների հայտնաբերումը և նշումը,

ix) վարակազերծումը և պաշտպանության մյուս համանման միջոցառումները,

x) ապաստանի շտապ տրամադրումը և մատակարարումը,

xi) աղետի շրջաններում կարգ ու կանոնի վերականգմանն ու պահպանմանն ուղղված շտապ օգնությունը,

xii) անհրաժեշտ կոմունալ ծառայությունների վերականգնումը,

xiii) դիակների արագ թաղումը,

xiv) կենսագործունեության համար էապես անհրաժեշտ օբյեկտների պահպանման օժանդակությունը,

xv) վերը շարադրված ցանկացած խնդրի իրականացման համար անհրաժեշտ լրացուցիչ գործունեությունը, ներառյալ` պլանավորումը և կազմակերպումը, բայց դրանով չսահմանափակվող գործունեությունը:

բ) «քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններ» նշանակում են այն հիմնարկներն ու մյուս միավորները, որոնք ընդհարման մեջ գտնվող կողմի իշխանությունների կողմից կազմակերպվել կամ լիազորվել են կատարելու a) կետում հիշատակված խնդիրներից որևէ մեկը, և որոնք նախատեսված են և օգտագործվում են բացառապես այդ խնդիրները կատարելու համար,

գ) քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունների «անձնակազմ» նշանակում են այն անձինք, որոնք ընդհարման մեջ գտնվող պետության կողմից նշանակված են բացառապես a) կետում հիշատակված խնդիրների կատարման համար, ներառյալ` այն անձնակազմը, որն ընդհարման մեջ գտնվող պետության կողմից նշանակված է այդ կազմակերպությունները կառավարելու համար:

դ) քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունների «նյութական մաս» նշանակում են քաղաքացիական պաշտպանության` a) կետում հիշատակված խնդիրների կատարման համար այդ կազմակերպությունների կողմից օգտագործվող սարքավորումը, նյութերը և փոխադրամիջոցները:

 

ՀՈԴՎԱԾ 62

Ընդհանուր պաշտպանությունը

 

1. Քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունները և դրանց անձնակազմն օգտվում են հարգանքից և պաշտպանությունից` սույն արձանագրության դրույթներին, հատկապես սույն բաժնի դրույթներին համապատասխան: Նրանք իրավունք ունեն կատարելու քաղաքացիական պաշտպանության գծով իրենց հանձնարարված խնդիրները, բացառությամբ ռազմական անհրաժեշտության հրատապ դեպքերի:

2. 1 կետի դրույթները կիրառվում են նաև այն քաղաքացիական անձանց նկատմամբ, ովքեր թեև չեն հանդիսանում քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունների անդամներ, սակայն իրավասու իշխանությունների կոչով և դրանց վերահսկողության ներքո կատարում են քաղաքացիական պաշտպանության խնդիրներ:

3. Սույն արձանագրության 52 հոդվածը տարածվում է քաղաքացիական պաշտպանության նպատակներով օգտագործվող շենքերի և նյութական մասի, ինչպես նաև քաղաքացիական բնակչությանը տրամադրվող պատսպարանների վրա: Քաղաքացիական պաշտպանության նպատակներով օգտագործվող օբյեկտները չեն կարող ոչնչացվել կամ օգտագործվել իրենց ոչ ուղղակի նշանակությամբ, բացի այն պետության կողմից, որին նրանք պատկանում են:

 

ՀՈԴՎԱԾ 63

Քաղաքացիական պաշտպանությունը գրավյալ տարածքներում

 

1. Գրավյալ տարածքներում քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպություններն իրենց խնդիրների կատարման համար իշխանություններից անհրաժեշտ աջակցություն կստանան: Ոչ մի հանգամանքներում դրանց անձնակազմին չեն պարտադրի մի գործունեություն, որը կդժվարացներ այդ խնդիրների պատշաճ կատարումը: Գրավող տերությունը ոչ մի փոփոխություն չի կարող մտցնել այդ կազմակերպությունների կառուցվածքի կամ անձնակազմի մեջ, որը վնասի այդ խնդիրների արդյունավետ կատարմանը: Այդ կազմակերպություններից չի պահանջվի գերապատվության տալ այդ տերության քաղաքացիներին կամ շահերին:

2. Գրավող տերությունը չպետք է քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպություններին ստիպի, հարկադրի կամ դրդի իրենց խնդիրները կատարել այնպես, որպեսզի դա որևէ կերպ կործանարար ազդեցություն ունենա քաղաքացիական բնակչության շահերի վրա:

3. Գրավող տերությունը կարող է, անվտանգության նկատառումներով զինաթափել քաղաքացիական պաշտպանության անձնակազմը:

4. Գրավող տերությունը չպետք է փոխի քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններին պատկանող կամ դրանց կողմից օգտագործվող շենքերի կամ նյութական մասի ուղղակի նշանակությունը, ոչ էլ բռնագրավի դրանք, եթե նշանակության այդպիսի փոփոխությունը կամ բռնագրավումը վնաս են հասցնում քաղաքացիական բնակչությանը:

5. Այն պայմանով, որ 4 կետում բովանդակված ընդհանուր կանոնը շարունակի պահպանել, գրավող տերությունը կարող է բռնագրավել կամ փոխել այդ միջոցների նշանակությունը հետևյալ կոնկրետ պայմանների առկայության դեպքում.

ա) եթե այդ շենքերը և նյութական մասը անհրաժեշտ են քաղաքացիական բնակչության այլ կարիքների համար, և

բ) եթե բռնագրավումը և նշանակության փոփոխությունը կատարվում են այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի այդպիսի անհրաժեշտություն:

6. Գրավող տերությունը չպետք է փոխի պատսպարանների նշանակությունը, կամ բռնագրավի պատսպարանները, որոնք դրված են քաղաքացիական բնակչության տրամադրության տակ կամ անհրաժեշտ են այդ բնակչության կարիքների համար:

 

ՀՈԴՎԱԾ 64

Չեզոք պետությունների կամ ընդհարման կողմ չհանդիսացող մյուս

պետությունների քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական

կազմակերպությունները և միջազգային կոորդինացնող

կազմակերպությունները

 

1. 62, 63, 65 և 66 հոդվածների դրույթները կիրառվում են նաև չեզոք պետությունների կամ ընդհարման կողմ չհանդիսացող մյուս պետությունների քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունների անձնակազմի և նյութական մասի նկատմամբ, որոնք քաղաքացիական պաշտպանության 61 հոդվածում հիշատակված խնդիրները կատարում են ընդհարման մեջ գտնվող կողմի տարածքում` այդ կողմի համաձայնությամբ և վերահսկողության ներքո: Ցանկացած շահագրգիռ հակառակորդ կողմ այդպիսի օգնության մասին ծանուցվում է հնարավորին չափ արագ: Ոչ մի պարագայում այդ գործունեությունը չի դիտվի որպես միջամտություն ընդհարմանը: Սակայն այդ գործունեությունն անհրաժեշտ է իրականացնել ընդհարման մեջ գտնվող շահագրգիռ կողմերի անվտանգության պատշաճ հաշվառմամբ:

2. Ընդհարման մեջ գտնվող կողմերը, որոնք ստանում են 1 կետում նշված օգնություն, և այդպիսի օգնություն տրամադրող Բարձր պայմանավորվող կողմերը պետք է, երբ դա անհրաժեշտ է, աջակցեն քաղաքացիական պաշտպանության բնագավառում այդպիսի գործունեության միջազգային կոորդինացմանը: Այդ դեպքերում համապատասխան միջազգային կազմակերպությունների վրա տարածվում են սույն գլխի դրույթները:

3. Գրավյալ տարածքներում գրավող տերությունը կարող է չեզոք պետությունների կամ ընդհարման կողմ չհանդիսացող մյուս պետությունների քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունների և միջազգային կոորդինացնող կազմակերպությունների գործունեությունն արգելել կամ սահմանափակել միայն այն դեպքում, երբ ինքը կարող է ապահովել քաղաքացիական պաշտպանության խնդիրների պատշաճ կատարումը սեփական միջոցներով կամ գրավյալ տարածքում եղած միջոցներով:

 

ՀՈԴՎԱԾ 65

Պաշտպանության դադարեցումը

 

1. Պաշտպանությունը, որի իրավունքն ունեն քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունները, դրանց անձնակազմը, շենքերը, պատսպարանները և նյութական մասը, դադարեցվում է միայն այն դեպքում, եթե դրանք, իրենց սեփական խնդիրներից բացի, կատարում են հակառակորդին վնաս հասցնող գործողություններ կամ օգտագործվում են այդպիսի գործողություններ կատարելու համար: Սակայն պաշտպանությունը կարող է դադարեցվել միայն այն բանից հետո, երբ արվել է նախազգուշացում և սահմանվել ամեն անգամ, երբ անհրաժեշտ է, խելամիտ ժամկետ, և այն բանից հետո, երբ այդպիսի նախազգուշացումը ուշադրության չի արժանանում:

2. Հետևյալ գործողությունները չեն համարվում հակառակորդին վնաս հասցնող գործողություններ`

ա) քաղաքացիական պաշտպանության խնդիրների կատարումը զինվորական իշխանությունների ղեկավարության կամ հսկողության ներքո,

բ) զինվորական անձնակազմի հետ քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական անձնակազմի համագործակցությունը քաղաքացիական պաշտպանության խնդիրների կատարման գործում կամ որոշ թվով զինծառայողների կցումը քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպություններին,

գ) այն հանգամանքը, որ քաղաքացիական պաշտպանության խնդիրների կատարումը կարող է զուգընթացաբար օգուտ բերել զինվորականների թվից տուժածներին, մասնավորապես նրանց, ովքեր շարքից դուրս են եկել:

3. Կարգուկանոնի պահպանման կամ ինքնապաշտպանության նպատակով քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական անձնակազմի կողմից անձնական թեթև զենքի կրումը ևս չի համարվում հակառակորդին վնաս հասցնող գործողություն: Սակայն, ցամաքի այն շրջաններում, որտեղ տեղի են ունենում, կամ, հավանաբար, կարող են տեղի ունենալ մարտեր, ընդհարման մեջ գտնվող կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` այդ զենքը սահմանափակելու այնպիսի ձեռքի զենքով, ինչպիսիք են ատրճանակները, որպեսզի հեշտ լինի քաղաքացիական պաշտպանության անձնակազմը տարբերել մարտիկներից: Անգամ եթե այդպիսի շրջաններում քաղաքացիական պաշտպանության անձնակազմը կրում է անձնական թեթև զենքի այլ տեսակներ, նա, այնուամենայնիվ, օգտվում է հարգանքից և պաշտպանությունից, հենց որ ճանաչվում է որպես այդպիսին:

4. Քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունների կազմավորումը զինվորական ձևով և դրանցում պարտադիր ծառայությունը ևս դրանց չեն զրկում սույն գլխով տրամադրվող պաշտպանությունից:

 

ՀՈԴՎԱԾ 66

Ճանաչումը

 

1. Ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ պետք է ձգտի միջոցներ ձեռնարկել, որպեսզի քաղաքացիական պաշտպանության իր կազմակերպությունները, դրանց անձնակազմը, շենքերը և նյութական մասը կարողանան ճանաչվել այն ժամանակ, երբ դրանք օգտագործվում են բացառապես քաղաքացիական պաշտպանության խնդիրներ կատարելու համար: Հարկ է նույն ձևով ապահովել քաղաքացիական բնակչության համար նախատեսված պատսպարանների ճանաչելիությունը:

2. Ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ պետք է ձգտի նաև ընդունել և կիրառել այնպիսի մեթոդներ և ընթացակարգեր, որոնք թույլ են տալիս ճանաչել քաղաքացիական պատսպարանները, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության անձնակազմը, շենքերը և նյութական մասը, որոնք կրում են կամ որոնց վրա տեղադրվում է քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերանշանը:

3. Գրավյալ տարածքներում և շրջաններում, որտեղ մարտեր են տեղի ունենում կամ կարող են տեղի ունենալ, քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական անձնակազմը ճանաչվում է քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերանշանի և կարգավիճակը հաստատող ինքնության վկայականի օգնությամբ:

4. Քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերանշան է հանդիսանում նարնջագույն ֆոնի վրա կապույտ հավասարակողմ եռանկյունը, երբ այն օգտագործվում է քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունների, դրանց անձնակազմի, շենքերի և նյութական մասի, ինչպես նաև քաղաքացիական պատսպարանների պաշտպանության համար:

5. Տարբերանշանից բացի, քաղաքացիական պաշտպանության ճանաչման նպատակով, ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են պայմանավորվել տարբերիչ ազդանշանների օգտագործման վերաբերյալ:

6. Սույն հոդվածի 1-4 կետերի դրույթների կիրառումը կանոնակարգվում է սույն արձանագրությանն առընթեր 1 հավելվածի 5-րդ գլխով:

7. Խաղաղ ժամանակ, 4 կետում նկարագրված տարբերանշանից պետական իրավասու իշխանությունների համաձայնությամբ կարելի է օգտվել քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ճանաչման նպատակով:

8. Բարձր պայմանավորվող կողմերը և ընդհարման մեջ գտնվող կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերանշանի օգտագործման նկատմամբ վերահսկողություն ապահովելու և դրա որևէ չարաշահում կանխելու և կասեցնելու համար:

9. Քաղաքացիական պաշտպանության բժշկական և հոգևոր անձնակազմի, բժշկական կազմավորումների և սանիտարատրանսպորտային միջոցների ճանաչումը ևս կանոնակարգվում է 18 հոդվածով:

 

ՀՈԴՎԱԾ 67

Քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններին հատկացված զինված

ուժերի անձնակազմը և զինվորական ստորաբաժանումները

 

1. Քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններին հատկացված զինված ուժերի անձնակազմը և զինվորական ստորաբաժանումները հարգանքից և պաշտպանությունից օգտվում են պայմանով, որ

ա) այդ անձնակազմը և զինվորական ստորաբաժանումները նշանակված են մշտական և զբաղվում են բացառապես 61 հոդվածում հիշատակված խնդիրներից որևէ մեկի կատարմամբ,

բ) այդ նշանակումը ստացած անձնակազմն ընդհարման ժամանակ չի կատարում ռազմական որևէ պարտականություն,

գ) այդ անձնակազմը զինված ուժերի կազմի մեջ մտնող մյուս անձանցից տարբերվում է աչքի ընկնող տեղում կրվող քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերանշանով, որը պետք է լինի հնարավորին չափ խոշոր, և նա ապահովվում է սույն արձանագրությանն առընթեր 1 հավելվածի 5-րդ գլխում հիշատակված ինքնության վկայականով, որը հաստատում է նրա կարգավիճակը,

դ) այդ անձնակազմը և զինվորական ստորաբաժանումները զինված են միայն անձնական թեթև զենքով` կարգուկանոնը պահպանելու և ինքնապաշտպանության համար: 65 հոդվածի 3 կետի դրույթները կիրառվում են նաև այս դեպքում,

ե) այդ անձնակազմն անմիջականորեն չի մասնակցում ռազմական գործողություններին և չի կատարում կամ չի օգտագործվում, բացի քաղաքացիական պաշտպանության իր խնդիրներից, հակառակորդ կողմին վնաս հասցնող գործողություններում,

զ) այդ անձնակազմը և զինվորական ստորաբաժանումները քաղաքացիական պաշտպանության խնդիրները կատարում են միայն իրենց երկրի ազգային տարածքի սահմաններում:

Զինված ուժերի կազմի մեջ մտնող ցանկացած անձի կողմից, որը կապված է ա) և բ) կետերում նախատեսված պայմաններով, վերը շարադրված ե) կետի պայմանները չպահպանելն արգելվում է:

2. Զինված ուժերի կազմի մեջ մտնող և քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններում ծառայող անձինք, եթե նրանք ընկնեն հակառակորդ կողմի իշխանության տակ, հանդիսանում են ռազմագերիներ: Գրավյալ տարածքում, եթե առաջանում է դրա անհրաժեշտությունը, նրանք կարող են օգտագործվել քաղաքացիական պաշտպանության խնդիրներ կատարելու համար, բայց միայն ի շահ այդ տարածքի քաղաքացիական բնակչության և պայմանով, որ, եթե այդպիսի աշխատանքը վտանգավոր է, նրանք կամավոր են համաձայնում այն կատարել:

3. Քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններին հատկացված զինվորական ստորաբաժանումների շենքերը, խոշոր սարքավորումը և տրանսպորտային միջոցները պետք է հստակ նշվեն քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերանշանով: Այդ տարբերանշանը պետք է լինի հնարավորին չափ խոշոր:

4. Քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններին մշտապես հատկացված և բացառապես քաղաքացիական պաշտպանության խնդիրներ կատարելու համար նախատեսված զինվորական ստորաբաժանումների նյութական մասը և շենքերը, այն դեպքում, եթե ընկնեն հակառակորդ կողմի իշխանության տակ, շարունակում են ենթարկվել պատերազմի օրենքներին: Դրանք չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քանի դեռ դրանք պահանջվում են քաղաքացիական պաշտպանության խնդիրները կատարելու համար, բացառությամբ պարտադիր ռազմական անհրաժեշտության դեպքերի, եթե միայն նախօրոք չեն ձեռնարկվել միջոցներ` քաղաքացիական բնակչության կարիքների բավարար ապահովման համար:

 

Բաժին 2
Օգնությունը քաղաքացիական բնակչությանը

 

ՀՈԴՎԱԾ 68

Կիրառման ոլորտը

 

Սույն բաժնի դրույթները կիրառվում են քաղաքացիական բնակչության նկատմամբ, ինչպես դա սահմանված է սույն արձանագրությամբ, և հանդիսանում են չորրորդ կոնվենցիայի 23, 55, 59, 60, 61, 62 և մյուս համապատասխան դրույթների լրացումը:

 

ՀՈԴՎԱԾ 69

Հիմնական պահանջմունքները գրավյալ տարածքներում

 

1. Ի լրումն չորրորդ կոնվենցիայի 55 հոդվածում թվարկված պարտավորությունների, որոնք վերաբերում են պարենով ու դեղամիջոցներով ապահովելուն, գրավող տերությունը ևս իր միջոցների առավելագույն չափով, և առանց որևէ աննպաստ տարբերության, կապահովի հագուստի, անկողնային պարագաների, ապաստանի միջոցների և այլ այն պահուստների մատակարարումը, որոնք կենսականորեն կարևոր են գրավյալ տարածքում քաղաքացիական բնակչության գոյատևման համար, ինչպես նաև կտրամադրի կրոնական արարողությունների համար անհրաժեշտ պարագաներ:

2. Գրավյալ տարածքի քաղաքացիական բնակչությանը ցույց տրվող օգնության միջոցառումները կարգավորվում են չորրորդ կոնվենցիայի 59, 60, 61, 62, 108, 109, 110 և 111 հոդվածներով, ինչպես նաև սույն արձանագրության 71 հոդվածով և իրականացվում են առանց ուշացվելու:

 

ՀՈԴՎԱԾ 70

Օգնության գործողությունները

 

1. Եթե ընդհարման մեջ գտնվող կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքի քաղաքացիական բնակչությունը, բացի գրավյալ տարածքից, անբավարար է ապահովված 69 հոդվածում հիշատակված պահուստներով, ապա անցկացվում են օգնություն ցուցաբերելու գործողություններ, որոնք կրում են մարդասիրական և անկողմնակալ բնույթ և իրականացվում են ըստ օգնության այդպիսի գործողությունների նկատմամբ շահագրգիռ կողմերի միջև կնքված պայմանագրի` առանց որևէ աննպաստ տարբերության: Օգնություն ցուցաբերելու մասին վերը նշված պայմաններին համապատասխանող առաջարկությունները չեն դիտվում որպես միջամտություն զինված ընդհարմանը կամ որպես թշնամական գործողություններ: Օգնության ծանրոցները բաշխելիս գերապատվությունը տրվում է այնպիսի անձանց, ինչպես երեխաներն են, հղի, ծննդկան կանայք և կերակրող մայրերը, որոնք չորրորդ կոնվենցիային կամ սույն արձանագրությանը համապատասխան օգտվում են հատուկ արտոնություններից և հատուկ պաշտպանությունից:

2. Ընդհարման մեջ գտնվող կողմերը և յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ թույլ կտան սույն բաժնին համապատասխան կատարված օգնության բոլոր մատակարարումների, սարքավորումների և անձնակազմի արագ և անարգել փոխադրումը, և կնպաստեն դրան, եթե անգամ նման օգնությունը նախատեսվում է հակառակորդ կողմի քաղաքացիական բնակչության համար:

3. Ընդհարման մեջ գտնվող կողմերը և յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ, որոնք թույլատրում են օգնության նպատակով մատակարարումների, սարքավորման և անձնակազմի փոխադրումը, 2 կետին համապատասխան`

ա) իրավունք ունեն նշանակել տեխնիկական կարգավորման միջոցներ, ներառյալ ստուգումները, որոնց պետք է ենթարկվի այդպիսի փոխադրումը,

բ) կարող են այդպիսի թույլտվությունը պայմանավորել նրանով, որպեսզի այդ օգնության բաշխումը կատարվի հովանավոր տերության վերահսկողության ներքո,

գ) ոչ մի ձևով չեն փոխի օգնության առաքումների սկզբնական նշանակումը և չեն ուշացնի դրանց փոխադրումը, բացառությամբ պարտադրված շտապ անհրաժեշտության` ի շահ համապատասխան քաղաքացիական բնակչության:

4. Ընդհարման մեջ գտնվող կողմերը կապահովեն օգնության առաքումների պաշտպանությունը և կաջակցեն դրանց արագ բաշխմանը:

5. Ընդհարման մեջ գտնվող կողմերը և յուրաքանչյուր շահագրգիռ Բարձր պայմանավորվող կողմ կխրախուսեն օգնություն ցուցաբերելու` 1 կետում նշված գործողությունների միջազգային արդյունավետ կոորդինացումը և կնպաստեն դրան:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
''
01.01.1977
Միջազգային պայմանագիր