Սեղմել Esc փակելու համար:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ Մ ...

 

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ

(ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1)

(3-րդ մաս)

 

ՀՈԴՎԱԾ 71

Օգնության գործողություններին մասնակցող անձնակազմը

 

1. Անհրաժեշտության դեպքում օգնության գործողությունների կատարման համար անձնակազմի առանձնացումը, հատկապես օգնության մատակարարումների փոխադրման և բաշխման համար, կարող է կազմել այդ գործողությունների մասը. այդպիսի անձնակազմի մասնակցության առթիվ պետք է ստացվի այն կողմի համաձայնությունը, որի տարածքում այն պետք է կատարի իր պարտականությունները:

2. Այդպիսի անձնակազմն օգտվում է հարգանքից և պաշտպանությունից:

3. Օգնության մատակարարումներ ստացող յուրաքանչյուր կողմ առավելագույն հնարավորության չափով կօգնի 1 կետում հիշատակված անձնակազմին` կատարելու օգնության իր առաքելությունը: Միայն պարտադրված ռազմական անհրաժեշտության դեպքում այդպիսի անձնակազմի գործունեությունը և նրա տեղաշարժերը կարող են ժամանակավորապես սահմանափակվել:

4. Ոչ մի հանգամանքներում օգնություն ցուցաբերող անձնակազմը չպետք է դուրս գա սույն արձանագրությանը համապատասխան իր առաքելության սահմաններից: Մասնավորապես, այդ անձնակազմը պետք է ուշադրության առնի այն երկրի անվտանգության պահանջները, որի տարածքում կատարում է իր պարտականությունները: Տվյալ անձնակազմի մեջ մտնող ցանկացած այն անձի գործունեությունը, որը չի պահպանում այդ պայմանները, կարող է դադարեցվել:

 

Բաժին 3
Ընդհարման մեջ գտնվող Կողմի իշխանության տակ գտնվող անձանց հետ վարվելակերպը

 

Գլուխ 1
Կիրառման ոլորտը և անձանց ու օբյեկտների պաշտպանությունը

 

ՀՈԴՎԱԾ 72

Կիրառման ոլորտը

 

Սույն բաժնի դրույթները լրացնում են ընդհարմանը մասնակցող կողմի իշխանության տակ գտնվող քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների մարդասիրական պաշտպանությանը վերաբերող այն նորմերը, որոնք բովանդակվում են չորրորդ կոնվենցիայում, մասնավորապես, դրա 1-ին և 3-րդ մասերում, ինչպես նաև միջազգային իրավունքի` միջազգային զինված ընդհարումների ժամանակ կիրառվող մարդու հիմնական իրավունքների պաշտպանությանը վերաբերող մյուս նորմերը:

 

ՀՈԴՎԱԾ 73

Փախստականները և ապատրիդները

 

Այն անձինք, որոնք շահագրգիռ պետությունների կողմից ընդունված համապատասխան միջազգային ակտերի կամ ապաստան տրամադրած պետության կամ բնակության պետության ազգային օրենսդրության համաձայն` մինչև պատերազմական գործողությունների սկիզբը դիտվել են որպես ապատրիդներ կամ փախստականներ, չորրորդ կոնվենցիայի 1-ին և 3-րդ մասերի իմաստով հանդիսանում են հովանավորվող անձինք` բոլոր հանգամանքներում և առանց որևէ աննպաստ տարբերակման:

 

ՀՈԴՎԱԾ 74

Անջատված ընտանիքների վերամիացումը

 

Բարձր պայմանավորվող կողմերը և ընդհարման մեջ գտնվող կողմերը ցանկացած հնարավոր ուղիներով նպաստում են այն ընտանիքների վերամիացմանը, որոնք անջատվել են զինված ընդհարումների հետևանքով և, մասնավորապես, խրախուսում են այդ խնդիրն իրականացնող մարդասիրական կազմակերպությունների աշխատանքը` կոնվենցիաների և սույն արձանագրության դրույթների և իրենց անվտանգության համապատասխան կանոնների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 75

Հիմնական երաշխիքները

 

1. Այն չափով, որչափ որ նրանց առնչվում է սույն արձանագրության 1 հոդվածում նշված իրադրությունը, ընդհարմանը մասնակցող կողմի իշխանության տակ գտնվող և կոնվենցիաների կամ սույն արձանագրության համաձայն` առավել նպաստավոր վարվելակերպից չօգտվող անձանց բոլոր հանգամանքներում վերաբերվում են մարդասիրաբար, և նրանք առնվազն օգտվում են սույն հոդվածով նախատեսվող պաշտպանությունից, առանց որևէ աննպաստ տարբերակման` հիմնված ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի կամ դավանանքի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային դրության, ծննդի կամ այլ կարգավիճակի հատկանիշների, կամ այլ համանման չափանիշների վրա: Յուրաքանչյուր կողմ պետք է հարգանքով վերաբերվի այդպիսի բոլոր անձանց անհատականության, պատվի, համոզմունքների և կրոնական ծեսերի նկատմամբ:

2. Արգելված են և ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում արգելված կմնան հետևյալ գործողությունները, անկախ այն բանից` դրանք կատարում են քաղաքացիակա՞ն, թե՞ զինվորական մարմինների ներկայացուցիչները.

ա) բռնությունն անձանց կյանքի, առողջության և ֆիզիկական կամ հոգեկան վիճակի նկատմամբ, մասնավորապես`

i) սպանությունը,

ii) բոլոր տեսակի խոշտանգումները` ֆիզիկական թե հոգեկան,

iii) մարմնական պատիժները, և

iv) խեղումները,

բ) ոտնձգությունը մարդկային արժանապատվության նկատմամբ, մասնավորապես, նվաստացուցիչ և վիրավորական վերաբերմունքը, պոռնկության հարկադրելը կամ ցանկացած ձևի անպարկեշտ ոտնձգությունը,

գ) պատանդ վերցնելը,

դ) կոլեկտիվ պատիժները, և

ե) վերը նշված գործողություններից որևէ մեկով սպառնալը:

3. Ռազմական ընդհարման հետ կապված գործողությունների համար ձերբակալման, կալանման կամ ներկալման ենթարկվող ցանկացած անձ իր համար հասկանալի լեզվով պետք է անհապաղ տեղեկացվի այդպիսի միջոցների ձեռնարկման պատճառների մասին: Բացառությամբ քրեական իրավախախտումների համար ձերբակալման կամ կալանման դեպքերի, այդպիսի անձինք պետք է ազատվեն հնարավորին չափ արագ, հանենայն դեպս հենց որ ձերբակալումը, կալանումը կամ ներկալումն արդարացնող հանգամանքները դադարեն գոյություն ունենալ:

4. Զինված ընդհարման հետ կապված քրեական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր ճանաչված անձի նկատմամբ չի կարող կայացվել ոչ մի վճիռ, և կամ ի կատար ածվել ոչ մի պատիժ, առանց անկողմնակալ և հարկ եղածին պես կազմված այնպիսի դատարանի նախնական որոշման, որը պահպանում է սովորական դատավարության համընդհանուր ճանաչված սկզբունքները, որոնք իրենց մեջ ներառում են հետևյալը.

ա) ընթացակարգը պետք է նախատեսի, որպեսզի մեղադրյալն առանց ուշացման տեղեկացվի իրեն մեղսագրվող իրավախախտման մանրամասների մասին, և նրան մինչև դատը և դատի ժամանակ տրամադրվեն պաշտպանության բոլոր անհրաժեշտ իրավունքները և միջոցները,

բ) ոչ ոք իրավախախտման համար չի կարող դատապարտվել այլ կերպ, բացի անհատական քրեական պատասխանատվության հիման վրա,

գ) ոչ ոք չի կարող մեղադրվել կամ դատապարտվել այնպիսի գործողությունների կամ բացթողումների համար, որոնք իրենցից քրեական իրավախախտում չեն ներկայացրել ազգային օրենսդրության կամ միջազգային իրավունքի այն նորմերի համաձայն, որոնց գործողությունը տարածվել է այդ անձի վրա դրանք կատարելու պահին: Չի կարող նաև առավել խիստ պատիժ նշանակվել, քան պատիժը, որը կիրառվել է այն ժամանակ, երբ կատարվել է տվյալ իրավախախտումը: Եթե իրավախախտում կատարելուց հետո օրենքով սահմանվում է առավել թեթև պատիժ, ապա այդ օրենքի գործողությունը տարածվում է և տվյալ իրավախախտողի վրա,

դ) յուրաքանչյուր ոք, որին իրավախախտում կատարելու համար մեղադրանք է ներկայացվում, համարվում է անմեղ այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցված օրենքով,

ե) յուրաքանչյուր ոք, որի նկատմամբ մեղադրանք է ներկայացվում իրավախախտում կատարելու համար, իր ներկայությամբ դատվելու իրավունք ունի,

զ) ոչ ոքի չի կարելի հարկադրել իր դեմ ցուցմունք տալ կամ իրեն մեղավոր ճանաչել,

է) յուրաքանչյուր ոք, որի նկատմամբ մեղադրանք է ներկայացվում իրավախախտում կատարելու համար, ունի իր դեմ ցուցմունք տվող վկաներին հարցաքննելու իրավունք, կամ պահանջելու, որպեսզի այդ վկաները հարցաքննվեն, ինչպես նաև իր օգտին ցուցմունք տվող վկաներ կանչելու և հարցաքննելու իրավունք` այդ նույն պայմաններով, ինչ նրա դեմ ցուցմունքներ տվող վկաների համար,

ը) ոչ ոք չի կարող նույն կողմից հետապնդվել կամ պատժվել այն իրավախախտման համար, որի համար նույն օրենքի և դատական ընթացակարգի համաձայն նրա նկատմամբ ավելի վաղ արդեն կայացվել է արդարացնող կամ նրան դատապարտող վերջնական վճիռ,

թ) յուրաքանչյուր ոք, որը իրախախտման համար հետապնդվում է դատական կարգով, իրավունք ունի, որպեսզի դատարանի վճիռը ընթերցվի հրապարակայնորեն,

ժ) վճիռ կայացնելիս դատապարտյալին պետք է տեղեկացվի դատական կամ այլ կարգով գանգատարկելու նրա իրավունքի, ինչպես և այն ժամկետի մասին, որի ընթացքում նա կարող է օգտվել այդ իրավունքից:

5. Կանայք, որոնք ազատազրկվել են զինված ընդհարումների հետ կապված պատճառներով, պահվում են տղամարդկանց շենքերից առանձին շենքերում: Նրանք գտնվում են կանանց անմիջական հսկողության ներքո: Սակայն այն դեպքերում, երբ ձերբակալման, կալանման կամ ներկալման են ենթարկվում ընտանիքներ, դրանք, հնարավորության սահմաններում, տեղավորվում են միևնույն տեղում և պահվում են որպես առանձին ընտանիքներ:

6. Զինված ընդհարումների հետ կապված պատճառներով ձերբակալման, կալանման կամ ներկալման ենթարկված անձինք օգտվում են սույն հոդվածով նախատեսված պաշտպանությունից` մինչև նրանց վերջնական ազատումը, հայրենադարձությունը կամ նրանց տեղավորումը` նույնիսկ զինված ընդհարման ավարտից հետո:

7. Ռազմական հանցագործությունների կամ մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց հետապնդման և նրանց դատելու վերաբերմամբ ցանկացած տարակուսանքից խուսափելու նպատակով կիրառվում են հետևյալ սկզբունքները.

ա) այդպիսի հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք պետք է հետապնդվեն և դատի տրվեն միջազգային իրավունքի կիրառվող նորմերին համապատասխան, և

բ) ցանկացած անձ, ով կոնվենցիաների կամ սույն արձանագրության համաձայն չի օգտվում առավել նպաստավոր վարվելակերպից, օգտվում է սույն հոդվածով նախատեսված վարվելակերպից, անկախ այն բանից` հանցագործությունները, որոնց մեջ նա մեղադրվում է, հանդիսանո՞ւմ են, թե՞ ոչ կոնվենցիաների և սույն արձանագրության լուրջ խախտումներ:

8. Սույն հոդվածի դրույթներից ոչ մեկը չի կարող մեկնաբանվել որպես ավելի նպաստավոր ցանկացած այլ դրույթի սահմանափակում կամ խախտում, որը 1 կետում նշված անձանց առավել մեծ պաշտպանություն է տալիս` միջազգային իրավունքի կիրառվող նորմերի համաձայն:

 

Գլուխ 2
Կանանց և երեխաների պաշտպանության միջոցները

 

ՀՈԴՎԱԾ 76

Կանանց պաշտպանությունը

 

1. Կանայք օգտվում են հատուկ հարգանքից, և ապահովվում է նրանց պաշտպանությունը, մասնավորապես, բռնաբարությունից, պոռնկության հարկադրելուց և անպարկեշտ ոտնձգությունների ցանկացած այլ ձևերից:

2. Հղի կանանց և փոքրահասակ երեխաներ ունեցող այն մայրերի գործերը, որոնցից կախված են այդ երեխաները, և որոնք ռազմական ընդհարման հետ կապված պատճառներով ենթարկվում են ձերբակալման, կալանման կամ ներկալման, քննարկվում են առաջնահերթ կարգով:

3. Ընդհարման մեջ գտնվող կողմերը առավելագույն հնարավորության չափով կձգտեն խուսափել ռազմական ընդհարման հետ կապված իրավախախտումների համար հղի կանանց կամ փոքրահասակ երեխաների այն մայրերի նկատմամբ մահվան դատավճիռ կայացնելուց, որոնցից կախված են այդ երեխաները: Այդ կանանց նկատմամբ այդպիսի իրավախախտումների համար մահվան դատավճիռն ի կատար չի ածվի:

 

ՀՈԴՎԱԾ 77

Երեխաների պաշտպանությունը

 

1. Երեխաներն օգտվում են հատուկ հարգանքից, և ապահովվում է նրանց պաշտպանությունն ամեն կարգի անպարկեշտ ոտնձգություններից: Ընդհարման մեջ գտնվող կողմերը կապահովեն նրանց անհրաժեշտ խնամքը և օգնությունը, որոնք բխում են նրանց տարիքից կամ ցանկացած այլ պատճառով:

2. Ընդհարման մեջ գտնվող կողմերը կձեռնարկեն գործնականում բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի տասնհինգ տարին չլրացրած երեխաներն անմիջական մասնակցություն չունենան ռազմական գործողություններին, և մասնավորապես, կողմերը ձեռնպահ կմնան իրենց զինված ուժերի մեջ նրանց հավաքագրումից: Տասնհինգ տարեկանից բարձր, բայց դեռ տասնութ տարին չլրացրած անձանց թվից հավաքագրելիս, ընդհարման մեջ գտնվող կողմերը կձգտեն նախապատվությունը տալ առավել ավագ տարիքի անձանց:

3. Եթե, բացառիկ դեպքերում, հակառակ 2 կետի դրույթների, տասնհինգ տարին չլրացրած երեխաներն անմիջական մասնակցություն են ունենում ռազմական գործողություններին և ընկնում հակառակ կողմի իշխանության տակ, նրանք շարունակում են օգտվել սույն հոդվածով հատկացվող հատուկ պաշտպանությունից, անկախ այն բանից` հանդիսանո՞ւմ են ռազմագերիներ, թե՞ ոչ:

4. Զինված ընդհարման հետ կապված պատճառներով ձերբակալման, կալանման կամ ներկալման դեպքում երեխաները պահվում են մեծահասակների շենքերից առանձին շենքերում, բացի այն դեպքերից, երբ ընտանիքները տեղավորվում են առանձին, ինչպես դա նախատեսված է 75 հոդվածի 5 կետով:

5. Զինված ընդհարման հետ կապված իրավախախտման համար մահվան դատավճիռն ի կատար չի ածվում այն անձանց նկատմամբ, ում տասնութ տարին չի լրացել իրավախախտումը կատարելու պահին:

 

ՀՈԴՎԱԾ 78

Երեխաների տարահանումը

 

1. Ընդհարման մեջ գտնվող ոչ մի կողմ միջոցներ չի ձեռնարկի օտարերկրյա պետություն տարահանելու երեխաներին, բացի միայն իր սեփական քաղաքացիներից, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը վերաբերում է ժամանակավոր տարահանմանը, որն անհրաժեշտ է երեխաների առողջական վիճակի կամ նրանց բուժման կամ, եթե նրանք չեն գտնվում գրավյալ տարածքում` նրանց անվտանգության հետ կապված անհետաձգելի պատճառներով: Այն դեպքում, եթե կարող են գտնվել ծնողները կամ օրինական խնամակալները, այդպիսի տարահանման համար պահանջվում է նրանց գրավոր համաձայնությունը: Եթե այդպիսի անձինք չեն կարող գտնվել, ապա տարահանման համար պահանջվում է այն անձանց գրավոր համաձայնությունը, որոնք օրենքով կամ ավանդույթի համաձայն կրում են երեխաների խնամքի գլխավոր պատասխանատվությունը: Ցանկացած այդպիսի տարահանում անցկացվում է հովանավոր տերության հսկողությամբ` շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցնելով, այսինքն` տարահանումն իրականացնող կողմի, երեխաներին ընդունող կողմի և ցանկացած այն կողմերի հետ, որոնց քաղաքացիները տարահանվում են: Ամեն դեպքում ընդհարման մեջ գտնվող բոլոր կողմերը կձեռնարկեն նախազգուշության գործնականորեն բոլոր հնարավոր միջոցները` խուսափելու տարահանման համար սպառնալիք առաջացնելուց:

2. 1 կետին համապատասխան տարահանման իրականացման դեպքերում յուրաքանչյուր երեխայի ուսումը, ներառյալ` նրա կրոնական և բարոյական դաստիարակությունը, նրա ծնողների ցանկության համաձայն, ապահովվում է, քանի դեռ նա գտնվում է տարահանման մեջ, առավելագույն հնարավոր չափով անընդհատ:

3. Սույն հոդվածին համապատասխան տարահանված երեխաների վերադարձն իրենց ընտանիքները և իրենց երկիրը դյուրացնելու նպատակով, տարահանումն իրականացնող կողմի իշխանությունները, և երբ դա նպատակահարմար է` ընդունող կողմի իշխանությունները, յուրաքանչյուր երեխայի համար լրացնում են քարտ` լուսանկարներով հանդերձ, որը նրանք ուղարկում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կենտրոնական տեղեկատու գործակալություն: Յուրաքանչյուր քարտ պետք է բովանդակի, հնարավորության սահմաններում և երեխային վնաս հասցնելու վտանգի բացակայության դեպքում, հետևյալ տեղեկատվությունը.

ա) երեխայի ազգանունը (ազգանունները).

բ) երեխայի անունը (անունները).

գ) երեխայի սեռը.

դ) ծննդյան տեղը և տարեթիվը (կամ, եթե ծննդյան տարեթիվն անհայտ է, մոտավոր տարիքը).

ե) հոր անուն-ազգանունը.

զ) մոր անուն-ազգանունը և աղջկական ազգանունը, եթե այդպիսին պահպանվում է.

է) երեխայի մերձավոր հարազատները.

ը) երեխայի ազգությունը.

թ) երեխայի մայրենի լեզուն և ցանկացած այլ լեզու, որ նա տիրապետում է.

ժ) երեխայի ընտանիքի հասցեն.

ժա) երեխայի ցանկացած անձնական համարը.

ժբ) երեխայի առողջական վիճակը.

ժգ) երեխայի արյան խումբը.

ժդ) տարբերիչ նշանները.

ժե) տարեթիվը և տեղը, որտեղ գտնվել է երեխան.

ժզ) իր երկրից երեխայի մեկնելու տարեթիվը և այն տեղի անվանումը, որտեղից նա մեկնել է.

ժէ) երեխայի կրոնը, եթե այդպիսին գոյություն ունի.

ժը) երեխայի ներկա հասցեն ընդունող երկրում.

ժթ) մինչև վերադարձը երեխայի մահվան դեպքում` մահվան տարեթիվը, տեղը և հանգամանքները, և նրա թաղման վայրը:

 

Գլուխ 3
Լրագրողները

 

ՀՈԴՎԱԾ 79

Լրագրողների պաշտպանության միջոցները

 

1. Զինված ընդհարման շրջաններում վտանգավոր մասնագիտական գործուղումների մեջ գտնվող լրագրողները դիտվում են որպես քաղաքացիական անձինք 50 հոդվածի 1 կետի նշանակությամբ:

2. Որպես այդպիսիք` նրանք օգտվում են պաշտպանությունից կոնվենցիաներին և սույն արձանագրությանը համապատասխան, պայմանով, որ ոչ մի այնպիսի գործողություն չեն կատարի, որն անհամատեղելի է քաղաքացիական անձանց նրանց կարգավիճակի հետ, և կգործեն առանց վնաս հասցնելու զինված ուժերում հավատարմագրված զինվորական թղթակիցների` երրորդ կոնվենցիայի 4 A.4 հոդվածով նախատեսված կարգավիճակի իրավունքին:

3. Նրանք կարող են ստանալ այն նմուշի անձնական վկայական, որը կցված է սույն արձանագրությանն առընթեր 2-րդ հավելվածում: Այդ վկայականը, որը տրվում է այն պետության կառավարության կողմից, որի քաղաքացին է հանդիսանում լրագրողը, կամ որի տարածքում նա բնակվում է մշտապես, կամ որտեղ գտնվում է տեղեկատվական գործակալությունը, որտեղ նա աշխատում է, հավաստում է այն ներկայացնողի կարգավիճակը, որպես լրագրող:

 

Մաս 5

Կոնվենցիաների և սույն Արձանագրության կատարումը

 

Բաժին 1
Ընդհանուր դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 80

Կատարման միջոցները

 

1. Բարձր պայմանավորվող կողմերը և ընդհարման մեջ գտնվող կողմերը անհապաղ կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները` կոնվենցիաներով և սույն արձանագրությամբ իրենց վրա դրված պարտականությունները կատարելու համար:

2. Բարձր պայմանավորվող կողմերը և ընդհարման մեջ գտնվող կողմերը հրամաններ և կարգադրություններ կանեն կոնվենցիաների և սույն արձանագրության իրագործման ապահովման նպատակով և վերահսկողություն կիրականացնեն դրանց կատարման նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 81

Կարմիր խաչի և մարդասիրական մյուս կազմակերպությունների

գործունեությունը

 

1. Ընդհարման մեջ գտնվող կողմերն իրենց հնարավորությունների սահմաններում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կտրամադրեն բոլոր միջոցները, որոնք թույլ տան կոմիտեին կատարելու ընդհարումներից տուժածների պաշտպանության և օգնության ապահովման նպատակով կոնվենցիաներով և սույն արձանագրությամբ իր վրա դրված մարդասիրական գործառույթները: Ընդհարման մեջ գտնվող շահագրգիռ կողմերի համաձայնությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարող է նաև իրականացնել ցանկացած այլ մարդասիրական գործունեություն` հօգուտ այդ տուժածների:

2. Ընդհարման մեջ գտնվող կողմերը Կարմիր խաչի (Կարմիր մահիկի, Կարմիր առյուծի և արևի) իրենց համապատասխան կազմակերպություններին կտրամադրեն հօգուտ տվյալ ընդհարման տուժածների իրենց մարդասիրական գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցներ` կոնվենցիաների և սույն արձանագրության դրույթներին և Կարմիր խաչի այն հիմնարար սկզբունքներին համապատասխան, որոնք ձևակերպված են Կարմիր խաչի միջազգային համաժողովների կողմից:

3. Բարձր պայմանավորվող կողմերը և ընդհարման մեջ գտնվող կողմերը հնարավոր բոլոր միջոցներով կնպաստեն այն օգնությունը ցուցաբերելուն, որը Կարմիր խաչի (Կարմիր մահիկի, Կարմիր առյուծի և արևի) և Կարմիր խաչի ընկերությունների լիգայի կազմակերպությունները տրամադրում են ընդհարումներից տուժածներին` կոնվենցիաների և սույն արձանագրության դրույթներին և Կարմիր խաչի այն հիմնարար սկզբունքներին համապատասխան, որոնք ձևակերպված են Կարմիր խաչի միջազգային համաժողովների կողմից:

4. Բարձր պայմանավորվող կողմերը և ընդհարման մեջ գտնվող կողմերը հնարավորության սահմաններում կտրամադրեն 2 և 3 կետերում նշված միջոցներին համանման միջոցներ` կոնվենցիաներում և սույն արձանագրության մեջ հիշատակված մյուս մարդասիրական կազմակերպություններին, որոնք պատշաճ ձևով լիազորված են ընդհարման մեջ գտնվող շահագրգիռ պետությունների կողմից, և իրենց մարդասիրական գործունեությունը ծավալում են կոնվենցիաների և սույն արձանագրության դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 82

Զինված ուժերի իրավախորհրդատուները

 

Բարձր պայմանավորվող կողմերը` ցանկացած ժամանակ և ընդհարման մեջ գտնվող կողմերը` զինված ընդհարման ժամանակաշրջանում կապահովեն իրավախորհրդատուների առկայությունը, որոնք, երբ դա անհրաժեշտ է, զինվորական հրամանատարներին համապատասխան մակարդակով խորհուրդներ կտան կոնվենցիաների և սույն արձանագրության կիրառման մասին և այդ հարցի առթիվ զինված ուժերում համապատասխան ուսուցում կանցկացնեն:

 

ՀՈԴՎԱԾ 83

Տարածումը

 

1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են ինչպես խաղաղ, այնպես էլ զինված ընդհարումների ժամանակ հնարավորին չափ լայնորեն տարածել կոնվենցիաները և սույն արձանագրությունն իրենց երկրներում և, մասնավորապես, դրանց ուսումնասիրումը մտցնել զինվորական պատրաստության ծրագրերի մեջ և քաջալերել դրանց ուսումնասիրումը քաղաքացիական բնակչության կողմից, որպեսզի այդ փաստաթղթերը ծանոթ լինեն զինված ուժերին և քաղաքացիական բնակչությանը:

2. Զինվորական կամ քաղաքացիական այն իշխանությունները, որոնք զինված ընդհարումների ժամանակ իրենց վրա են վերցնում կոնվենցիաների և սույն արձանագրության կիրառման պատասխանատվությունը, պետք է լրիվ ծանոթ լինեն դրանց տեքստերին:

 

ՀՈԴՎԱԾ 84

Կիրառման կանոնները

 

Բարձր պայմանավորվող կողմերը ամենաարագ կերպով ավանդապահի և, անհրաժեշտության դեպքում, հովանավոր տերության միջնորդությամբ, միմյանց կուղարկեն սույն արձանագրության իրենց պաշտոնական թարգմանությունները, ինչպես նաև այն օրենքները և կանոնադրությունները, որոնք կարող են ընդունվել արձանագրության կիրառումն ապահովելու համար:

 

Բաժին 2
Կոնվենցիաների և սույն Արձանագրության խախտումների կանխումը

 

ՀՈԴՎԱԾ 85

Սույն արձանագրության խախտումների կանխումը

 

1. Խախտումների և լուրջ խախտումների կանխմանը վերաբերող կոնվենցիաների դրույթները, որոնք լրացվել են սույն բաժնով, կիրառվում են սույն արձանագրության խախտումների և լուրջ խախտումների կանխման նկատմամբ:

2. Այն գործողությունները, որոնք կոնվենցիաներում բնութագրվում են որպես լուրջ խախտումներ, հանդիսանում են սույն արձանագրության լուրջ խախտումներ, եթե դրանք կատարվում են հակառակորդ կողմի իշխանության տակ գտնվող և սույն արձանագրության 44, 45 և 73 հոդվածների պաշտպանությունից օգտվող անձանց նկատմամբ, կամ հակառակորդ կողմին պատկանող հիվանդների, վիրավորների և նավաբեկյալների և սույն արձանագրության պաշտպանությունից օգտվող անձանց նկատմամբ, կամ հակառակորդ կողմի վերահսկողության տակ գտնվող և սույն արձանագրության պաշտպանությունից օգտվող բժշկական կամ հոգևոր անձնակազմի, բժշկական կազմավորումների կամ սանիտարատրանսպորտային միջոցների նկատմամբ:

3. Բացի 11 հոդվածով սահմանված լուրջ խախտումներից, հետևյալ գործողությունները, երբ դրանք կատարվել են կանխամտածված, ի խախտումն սույն արձանագրության համապատասխան դրույթների և հանդիսանում են մահվան կամ մարմնական լուրջ վնասվածքների կամ առողջությանը հասցված վնասի պատճառ, դիտվում են որպես սույն արձանագրության լուրջ խախտումներ.

ա) քաղաքացիական բնակչության կամ քաղաքացիական առանձին անձանց վերածումը հարձակման օբյեկտի,

բ) ոչ ընտրողական բնույթի այնպիսի հարձակման իրագործումը, որը հարվածում է քաղաքացիական բնակչությանը կամ քաղաքացիական օբյեկտներին, երբ հայտնի է, որ այդպիսի հարձակումը կդառնա չափից ավելի մեծ թվով զոհերի, քաղաքացիական անձանց շրջանում վիրավորների պատճառ կամ վնաս կհասցնի քաղաքացիական օբյեկտներին, ինչպես դա սահմանված է 57 հոդվածի 2 a iii կետում,

գ) վտանգավոր ուժեր պարունակող կառույցների և կայանքների վրա հարձակման իրագործումը, երբ հայտնի է, որ այդպիսի հարձակումը կդառնա չափից ավելի մեծ թվով զոհերի, քաղաքացիական անձանց շրջանում վիրավորների պատճառ կամ վնաս կհասցնի քաղաքացիական օբյեկտներին, ինչպես դա սահմանված է 57 հոդվածի 2 a iii կետում,

դ) չպաշտպանվող վայրերի և ապառազմականացված գոտիների վերածումը հարձակման օբյեկտի,

ե) հարձակում կատարելն անձի վրա, երբ հայտնի է, որ նա դադարել է մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին,

զ) ի խախտումն 37 հոդվածի, կարմիր խաչի, կարմիր մահիկի կամ կարմիր առյուծի և արևի` կոնվենցիաներով և սույն արձանագրությամբ ճանաչված տարբերանշանի կամ պաշտպանական մյուս նշանների ուխտադրուժ օգտագործումը:

4. Ի լրումն նախորդ կետերում և կոնվենցիաներում նշված լուրջ խախտումների, հետևյալ գործողություններն են դիտվում որպես սույն արձանագրության լուրջ խախտումներ, երբ դրանք կատարվում են կանխամտածված և ի խախտումն կոնվենցիաների կամ սույն արձանագրության.

ա) գրավող տերության կողմից սեփական բնակչության մի մասի տեղափոխումը իր կողմից գրավված տարածք կամ գրավյալ տարածքի ամբողջ բնակչության կամ դրա մի մասի բռնագաղթը կամ տեղափոխումը այդ տարածքի սահմաններում կամ դրա սահմաններից դուրս` ի խախտումն չորրորդ կոնվենցիայի 49 հոդվածի,

բ) ռազմագերիների կամ քաղաքացիական անձանց հայրենադարձության չարդարացված ձգձգումը,

գ) ապարտեիդի և մյուս անմարդկային ու նվաստացուցիչ այնպիսի գործողությունների կիրառումը, որոնք հիմնված են անձի արժանապատվությունը նվաստացնող ռասայական խտրականության վրա,

դ) պարզորոշ ճանաչվող և ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգությունը հանդիսացող այնպիսի պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված հարձակումը, որոնց հատուկ համաձայնագրով, կնքված, օրինակ, իրավասու միջազգային կազմակերպության շրջանակներում, տրամադրվել է հատուկ պաշտպանություն, և որի հետևանքով դրանց հասցվում են մեծ ավերումներ, մինչդեռ չկա որևէ ապացույց հակառակորդ կողմից 53 հոդվածի b) կետի խախտման մասին և, երբ հիշյալ պատմական հուշարձանները, արվեստի ստեղծագործությունները և պաշտամունքի վայրերը չեն գտնվում ռազմական օբյեկտների անմիջական մերձակայքում,

ե) կոնվենցիաների պաշտպանությունից օգտվող կամ սույն հոդվածի 2 կետում հիշատակված անձին անկողմնակալ և կանոնավոր դատավարության իրավունքից զրկելը:

5. Առանց կոնվենցիաների և սույն արձանագրության կիրառմանը վնաս հասցնելու, այդ փաստաթղթերի լուրջ խախտումները դիտվում են որպես պատերազմի հանցագործություններ:

 

ՀՈԴՎԱԾ 86

Միջոցներ չձեռնարկելը

 

1. Բարձր պայմանավորվող կողմերը և ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է կանխեն լուրջ խախտումները և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն կոնվենցիաների կամ սույն արձանագրության բոլոր մյուս այն խախտումների կասեցման համար, որոնք հանդիսանում են այնպիսի միջոցներ չձեռնարկելու հետևանք, որոնք պետք է ձեռնարկվեին:

2. Այն փաստը, որ կոնվենցիաների կամ սույն արձանագրության խախտումը կատարվել է ենթակա անձի կողմից, նրա պետերին չի ազատում քրեական կամ կարգապահական պատասխանատվությունից` նայած հանգամանքների, եթե նրանք իմացել կամ իրենց տրամադրության տակ ունեցել են տեղեկատվություն, որը պետք է նրանց թույլ տար եզրակացնել այդ պահին եղած իրադրության պայմաններում, որ տվյալ ենթակա անձը կատարում կամ մտադրվում է կատարել նման խախտում, և եթե իրենց իրավասությունների սահմաններում նրանք չեն ձեռնարկել գործնականորեն բոլոր հնարավոր միջոցները` այդպիսի խախտումը թույլ չտալու կամ կասեցնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 87

Հրամանատարների պարտականությունները

 

1. Բարձր պայմանավորվող կողմերը և ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է զինվորական հրամանատարներից պահանջեն, որպեսզի նրանք իրավասության սահմաններում իրենց ենթակա զինված ուժերի կազմի մեջ մտնող անձանց և իրենց ենթակայության տակ գտնվող մյուս անձանց թույլ չտան կոնվենցիաների և սույն արձանագրության խախտումներ և անհրաժեշտության դեպքում կասեցնեն այդ խախտումները և դրանց մասին տեղյակ պահեն իրավասու իշխանություններին:

2. Խախտումներ թույլ չտալու և կասեցնելու նպատակով Բարձր պայմանավորվող կողմերը և ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է պահանջեն, որպեսզի հրամանատարները, նրանց վրա դրված պատասխանատվության սահմաններում, միջոցներ ձեռնարկեն այն բանի համար, որպեսզի նրանց ենթակա զինված ուժերի կազմի մեջ մտնող անձինք իմանան այն պարտականությունները, որոնք նրանց վրա դրվում են կոնվենցիաներով և սույն արձանագրությամբ:

3. Բարձր պայմանավորվող կողմերը և ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է պահանջեն յուրաքանչյուր հրամանատարից, որը տեղյակ է այն մասին, որ նրա վերահսկողության տակ գտնվող ենթակաները կամ այլ անձինք մտադրվում են կատարել կամ կատարել են կոնվենցիաների կամ սույն արձանագրության խախտում, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` թույլ չտալու կոնվենցիաների կամ սույն արձանագրության նման խախտումները և, անհրաժեշտության դեպքում, կարգապահական կամ քրեական հետապնդում հարուցեն նրանց նկատմամբ, ովքեր թույլ են տվել նշված խախտումները:

 

ՀՈԴՎԱԾ 88

Փոխադարձ դատական օգնությունը քրեական հետապնդման հարցում

 

1. Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց առավելագույն դատական աջակցություն ցույց կտան կոնվենցիաների և սույն արձանագրության լուրջ խախտումների դեպքում հարուցվող քրեական հետապնդման կապակցությամբ:

2. Անկախ կոնվենցիաներով և սույն արձանագրության 85 հոդվածի 1 կետով սահմանված իրավունքներից և պարտականություններից, և երբ հանգամանքները թույլ են տալիս, Բարձր պայմանավորվող կողմերը կհամագործակցեն հանձնելու հետ կապված դեպքերում: Նրանք պատշաճ ձևով հաշվի կառնեն այն պետության խնդրանքը, որի տարածքում իբրև թե կատարվել է տվյալ հանցագործությունը:

3. Բոլոր դեպքերում կիրառվում է հանձնման մասին խնդրանք ստացած Բարձր պայմանավորվող կողմի օրենսդրությունը: Սակայն նախորդ կետերում բերված դրույթները չեն շոշափում ցանկացած այլ երկկողմ կամ բազմակողմ այն համաձայնագրից բխող պարտավորությունները, որը լրիվ կամ մասնակիորեն սահմանում է, կամ կսահմանի քրեական հետապնդման հարցերում փոխադարձ դատական օգնություն ցուցաբերելու ոլորտը:

 

ՀՈԴՎԱԾ 89

Համագործակցությունը

 

Կոնվենցիաների կամ սույն արձանագրության լուրջ խախտումների դեպքերում Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են ձեռնարկել ինչպես համատեղ, այնպես էլ ինքնուրույն միջոցներ` Միավորված ազգերի կազմակերպության հետ համագործակցության ասպարեզում և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 90

Փաստերի բացահայտման միջազգային հանձնաժողովը

 

1. ա) Հիմնվում է փաստերի բացահայտման միջազգային հանձնաժողով` այսուհետ` «Հանձնաժողով», բաղկացած բարձր բարոյական հատկանիշներ ունեցող և իրենց անաչառությամբ հայտնի տասնհինգ անդամից:

բ) Այն բանից հետո, երբ առնվազն քսան Բարձր պայմանավորվող կողմ կհամաձայնեն ընդունել Հանձնաժողովի իրավասությունը` 2 կետին համապատասխան, ավանդապահն այդ ժամանակ, իսկ հետագայում` ամեն հինգ տարին մեկ, հրավիրում է այդ Բարձր պայմանավորվող կողմերի հավաք` Հանձնաժողովի անդամներ ընտրելու նպատակով: Հավաքի ընթացքում ներկայացուցիչները գաղտնի քվեարկությամբ ընտրում են Հանձնաժողովի անդամներ այն ցուցակում եղած անձանցից, որի մեջ Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է մտցնել մեկ թեկնածություն:

գ) Հանձնաժողովի անդամները հանդես են գալիս իրենց անունից և իրենց գործառույթները կատարում ընդհուպ մինչև հաջորդ հավաքում նոր անդամների ընտրությունը:

դ) Ընտրությունների ժամանակ Բարձր պայմանավորվող կողմերը հետևում են, որպեսզի Հանձնաժողովում ընտրվող յուրաքանչյուր անձ օժտված լինի անհրաժեշտ հատկանիշներով և որպեսզի Հանձնաժողովում ընդհանուր առմամբ ապահովվի աշխարհագրական արդարացի ներկայացուցչություն:

ե) Թափուր տեղ առաջանալու դեպքում ինքը` Հանձնաժողովն է լրացնում այն, ընդսմին` հարկ եղածին պես հաշվի առնելով նախորդ ենթակետերի դրույթները:

զ) Ավանդապահը Հանձնաժողովին ցույց է տալիս անհրաժեշտ վարչական օգնություն` նրա գործառույթներն իրագործելու ասպարեզում:

2. ա) Արձանագրության ստորագրման, վավերացման կամ դրան միանալու ժամանակ կամ հետագայում ցանկացած այլ ժամանակ Բարձր պայմանավորվող կողմերը կարող են հայտարարել, որ իրենք ipso facto և առանց հատուկ համաձայնության համանման պարտավորություն ստանձնող ցանկացած այլ Բարձր պայմանավորվող կողմի վերաբերմամբ ճանաչում են Հանձնաժողովի իրավասությունը` այդպիսի կողմի դիմումների հետաքննության նկատմամբ, ինչպես դա թույլատրվում է սույն հոդվածով:

բ) Վերը հիշատակված դիմումները հանձնվում են ավանդապահին, որն այդ դիմումների պատճեններն ուղարկում է Բարձր պայմանավորվող կողմերին:

գ) Հանձնաժողովն իրավասու է.

i) հետաքննել ցանկացած փաստեր, որոնք, ինչպես ենթադրվում է, հանդիսանում են լուրջ խախտումներ, ինչպես դա բնորոշվում է կոնվենցիաներով և սույն արձանագրությամբ, կամ կոնվենցիաների կամ սույն արձանագրության այլ լուրջ խախտում:

ii) իր բարի ծառայություններն առաջարկելու միջոցով նպաստել կոնվենցիաների և սույն արձանագրության հանդեպ հարգալից վերաբերմունքի վերականգնմանը:

դ) Այլ իրադրություններում Հանձնաժողովն ընդհարման մեջ գտնվող կողմի խնդրանքով հետաքննություն է նշանակում միայն մյուս շահագրգիռ կողմի կամ կողմերի համաձայնությամբ:

ե) Սույն կետի վերոհիշյալ դրույթների հաշվառմամբ, առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ կոնվենցիաների համապատասխանաբար 52, 53, 132 և 149 հոդվածների դրույթները շարունակում են կիրառվել կոնվենցիաների ցանկացած ենթադրվող խախտման նկատմամբ և տարածվում են սույն արձանագրության ցանկացած ենթադրվող խախտման վրա:

3. ա) Եթե շահագրգիռ կողմերի միջև ձեռք չբերվի այլ համաձայնություն, ապա բոլոր հետաքննությունները կատարվում են յոթ անդամից կազմված պալատի կողմից, որոնք նշանակվում են հետևյալ կերպ.

i) ընդհարման մեջ գտնվող կողմերից ոչ մեկի քաղաքացիներ չհանդիսացող Հանձնաժողովի հինգ անդամները նշանակվում են Հանձնաժողովի նախագահի կողմից` աշխարհագրական արդարացի ներկայացուցչության հիման վրա և ընդհարման մեջ գտնվող կողմերի հետ անցկացված խորհրդակցությունից հետո.

ii) ընդհարման մեջ գտնվող կողմերից ոչ մեկի քաղաքացիներ չհանդիսացող երկու հատուկ անդամները նշանակվում են կողմերից յուրաքանչյուրի անունից` մեկական:

բ) Հետաքննություն կատարելու մասին խնդրանք ստանալուն պես Հանձնաժողովի նախագահը սահմանում է պալատի հիմնման համապատասխան ժամկետ: Եթե սահմանված ժամկետի ընթացքում երկու հատուկ անդամներից առնվազն մեկը չի նշանակվել, նախագահն անհապաղ ձեռնամուխ է լինում Հանձնաժողովի այդպիսի անդամի կամ անդամների նշանակմանը` պալատի կազմը համալրելու նպատակով:

4. ա) Հետաքննություն անցկացնելու համար 3 կետին համապատասխան հիմնված պալատը ընդհարման մեջ գտնվող կողմերին առաջարկում է իրեն աջակցել և ապացույցներ ներկայացնել: Պալատը նաև կարող է փնտրել այդպիսի ուրիշ ապացույցներ, որոնք նա անհրաժեշտ համարի, և իրավիճակի հետաքննություն կատարել տեղում:

բ) Բոլոր ապացույցների մասին տեղյակ են պահվում շահագրգիռ կողմերը, որոնք իրավունք ունեն Հանձնաժողովին դիտողություններ ներկայացնել այդ ապացույցների առթիվ:

գ) Յուրաքանչյուր շահագրգիռ կողմ իրավունք ունի վիճարկել այդ ապացույցները:

5. ա) Հանձնաժողովը շահագրգիռ կողմերին ներկայացնում է զեկուցագիր` պալատի կատարած հետաքննության արդյունքների մասին` իր այն հանձնարարականներով հանդերձ, որոնք նա անհրաժեշտ կհամարի:

բ) Եթե պալատը հնարավորություն չունի բավարար ապացույցներ ստանալ արդարամիտ և անաչառ եզրակացություններ մշակելու համար, ապա Հանձնաժողովը հաղորդում է այն պատճառները, որոնց հետևանքով նա չի կարողացել այդ բանն անել:

գ) Հանձնաժողովն իր եզրակացությունները չի հրապարակում, եթե միայն ընդհարման մեջ գտնվող կողմերը Հանձնաժողովին չխնդրեն այդ բանն անել:

6. Հանձնաժողովը սահմանում է իր ներքին կանոնակարգը, ներառյալ` այն կանոնները, որոնք վերաբերում են Հանձնաժողովում նախագահելուն և պալատում նախագահելուն: Այդ կանոններն ապահովում են Հանձնաժողովի նախագահի կողմից իր գործառույթների կատարումը ցանկացած ժամանակ, իսկ հետաքննության կատարման դեպքում` դրանց կատարումը այնպիսի անձի կողմից, որը չի հանդիսանում ընդհարման մեջ գտնվող որևէ կողմի քաղաքացի:

7. Հանձնաժողովի վարչական ծախսերը փակվում են Բարձր պայմանավորվող այն կողմերի անդամավճարների հաշվին, որոնք հայտարարություն են անում 2 կետին համապատասխան, և կամավոր մուծումների հաշվին: Ընդհարման մեջ գտնվող կողմը կամ կողմերը, որոնք դիմում են հետաքննություն կատարելու մասին խնդրանքով, կանխավճարում են անհրաժեշտ միջոցներ` փակելու համար պալատի ծախսերը, որոնք պալատի ծախսերի հիսուն տոկոսի չափով նրան փոխհատուցվում են այն կողմից կամ կողմերից, որոնց նկատմամբ այդպիսի հայտարարություններ են արվել: Պալատին կողմերի հանդիպական հայտարարություններ ներկայացնելու դեպքում, յուրաքանչյուր կողմ վճարում է անհրաժեշտ միջոցների հիսուն տոկոսի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 91

Պատասխանատվությունը

 

Ընդհարման մեջ գտնվող կողմը, որը խախտում է կոնվենցիաների կամ սույն արձանագրության դրույթները, պետք է, եթե դրա համար հիմք կա, հատուցի հասցված վնասները: Այդ կողմը պատասխանատվություն է կրում բոլոր այն գործողությունների համար, որոնք կատարվել են նրա զինված ուժերի կազմի մեջ մտնող անձանց կողմից:

 

Մաս 6

Եզրափակիչ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 92

Ստորագրումը

 

Սույն արձանագրությունը կոնվենցիաների մասնակիցների կողմից ստորագրվելու համար բաց կլինի Եզրափակիչ ակտի ստորագրումից վեց ամիս անց և բաց կմնա տասներկու ամսվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 93

Վավերացումը

 

Սույն արձանագրությունը պետք է վավերացվի հնարավորին չափ շուտ: Վավերագրերն ի պահ են հանձնվում Շվեյցարիայի Դաշնային խորհրդին` կոնվենցիաների ավանդապահին:

 

ՀՈԴՎԱԾ 94

Միանալը

 

Սույն արձանագրությունը միանալու համար բաց է այն չստորագրած կոնվենցիաների ցանկացած մասնակցի առջև: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին:

 

ՀՈԴՎԱԾ 95

ՈՒժի մեջ մտնելը

 

1. Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում երկու վավերագրեր կամ միանալու մասին երկու փաստաթղթեր ի պահ հանձնելուց վեց ամիս անց:

2. Սույն արձանագրությունը վավերացնող կոնվենցիաների յուրաքանչյուր մասնակցի կամ հետագայում դրան միացողի համար այն ուժի մեջ է մտնում այդպիսի մասնակցի կողմից վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց վեց ամիս անց:

 

ՀՈԴՎԱԾ 96

Պայմանագրային հարաբերությունները սույն արձանագրությունն ուժի մեջ

մտցնելուց հետո

 

1. Եթե կոնվենցիաների մասնակիցները նաև հանդիսանում են սույն արձանագրության մասնակիցներ, կոնվենցիաները կիրառվում են` դրանցում սույն արձանագրությամբ մտցված լրացումներով հանդերձ:

2. Եթե ընդհարման մեջ գտնվող կողմերից մեկը կապված չէ սույն արձանագրությամբ, ապա վերջինս մնում է պարտադիր` արձանագրությանը մասնակից կողմերի փոխհարաբերություններում: Այդ կողմերը սույն արձանագրությամբ կապված կլինեն նաև արձանագրությամբ չկապված կողմի նկատմամբ, եթե այդ կողմը ճանաչում և կիրառում է դրա դրույթները:

3. Ժողովուրդ ներկայացնող իշխանությունը, որը պայքար է մղում Բարձր պայմանավորվող կողմերից մեկի դեմ զինված ընդհարման մեջ, ինչպես նշված է 1 հոդվածի 4 կետում, կարող է այդպիսի ընդհարման նկատմամբ պարտավորություն ստանձնել` կիրառելու կոնվենցիաները և սույն արձանագրությունը` ավանդապահին հղված միակողմանի հայտարարության միջոցով: Այդպիսի հայտարարությունը, ավանդապահի կողմից այն ստանալուց հետո, տվյալ ընդհարման վերաբերմամբ կարող է ունենալ հետևյալ գործողությունը.

ա) կոնվենցիաները և սույն արձանագրությունն անհապաղ ուժի մեջ են մտնում հիշատակված իշխանության` որպես ընդհարման մեջ գտնվող կողմի համար,

բ) հիշատակված իշխանությունն ստանում է միևնույն իրավունքները և ստանձնում միևնույն պարտականությունները, ինչ կոնվենցիաների և սույն արձանագրության Բարձր պայմանավորվող կողմը և,

գ) կոնվենցիաները և սույն արձանագրությունը հավասարապես պարտադիր են տվյալ ընդհարման մեջ գտնվող բոլոր կողմերի համար:

 

ՀՈԴՎԱԾ 97

ՈՒղղումները

 

1. Բարձր պայմանավորվող յուրաքանչյուր կողմ կարող է սույն արձանագրության առթիվ ուղղումներ առաջարկել: Առաջարկված ցանկացած ուղղման տեքստը ուղարկվում է ավանդապահին, որը բոլոր Բարձր պայմանավորվող կողմերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ խորհրդատվություն անցկացնելուց հետո որոշում է, թե հարկ կա՞ արդյոք համաժողով գումարել առաջարկված ուղղումը կամ ուղղումները քննության առնելու համար:

2. Ավանդապահն այդ համաժողովին հրավիրում է բոլոր Բարձր պայմանավորվող կողմերին, ինչպես նաև կոնվենցիաների մասնակիցներին, անկախ այն բանից, նրանք ստորագրե՞լ են, թե ոչ սույն արձանագրությունը:

 

ՀՈԴՎԱԾ 98

Հավելված 1-ի վերանայումը

 

1. Սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան չորս տարի անց, իսկ այնուհետև առնվազն չորս տարվա ընդմիջումներով, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն խորհրդատվություն է անցկացնում Բարձր պայմանավորվող կողմերի հետ` սույն արձանագրությանն առընթեր 1 հավելվածի վերաբերյալ և եթե անհրաժեշտ է համարում, ապա կարող է առաջարկել հրավիրել տեխնիկական փորձագետների խորհրդակցություն` 1 հավելվածի վերանայման և դրա առթիվ այնպիսի ուղղումներ առաջարկելու համար, որոնք կարող են ցանկալի համարվել: Եթե այդպիսի խորհրդակցություն հրավիրելու առաջարկության մասին Բարձր պայմանավորվող կողմերին հաղորդելուց հետո վեց ամսվա ընթացքում առարկություններ չեն ստացվի կողմերի մեկ երրորդից, ապա Կարմիր խաչի միջազգային կոմիտեն գումարում է այդպիսի խորհրդակցություն և դիտորդներ հրավիրում նաև համապատասխան միջազգային կազմակերպություններից: Այդպիսի խորհրդակցություն կարող է հրավիրվել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ցանկացած ժամանակ, Բարձր պայմանավորվող կողմերի մեկ երրորդի խնդրանքով:

2. Ավանդապահը հրավիրում է Բարձր պայմանավորվող կողմերի և կոնվենցիաների մասնակից կողմերի համաժողով` տեխնիկական փորձագետների խորհրդակցության կողմից առաջարկված ուղղումները քննության առնելու համար, եթե խորհրդակցությունից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կամ Բարձր պայմանավորվող կողմերի մեկ երրորդը խնդրում է այդ մասին:

3. 1 հավելվածի ուղղումները կարող են այդպիսի համաժողովում ընդունվել ներկա և քվեարկությանը մասնակցող Բարձր պայմանավորվող կողմերի երկու երրորդով:

4. Ավանդապահը Բարձր պայմանավորվող կողմերին և կոնվենցիաների մասնակից կողմերին հաղորդում է այդ ձևով ընդունված ցանկացած ուղղման մասին: ՈՒղղումն ընդունված է համարվում դրա մասին այդպիսի հաղորդումից հետո մեկ տարին լրանալիս, եթե այդ ընթացքում ավանդապահը չի ստացել Բարձր պայմանավորվող կողմերի առնվազն մեկ երրորդի կողմից` ուղղումը չընդունելու մասին հայտարարություն:

5. 4 կետին համապատասխան ընդունված ուղղումը բոլոր Բարձր պայմանավորվող կողմերի համար ուժի մեջ է մտնում դրա ընդունումից երեք ամիս անց, բացառությամբ այն կողմերի, որոնք այդ կետին համապատասխան հայտարարություն են արել` այն չընդունելու մասին: Այդպիսի հայտարարություն արած ցանկացած կողմ կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել այդ հայտարարությունը, և այդ դեպքում ուղղումն այդ կողմի համար ուժի մեջ է մտնում հայտարարությունը ետ վերցնելուց երեք ամիս անց:

6. Ավանդապահը Բարձր պայմանավորվող կողմերին և կոնվենցիաների մասնակից կողմերին հաղորդում է ցանկացած ուղղումն ուժի մեջ մտնելու մասին, այն կողմերի մասին, որոնց վրա տարածվում է այդ ուղղումը, յուրաքանչյուր կողմի համար դրա ուժի մեջ մտնելու տարեթվի մասին, ուղղումը չընդունելու այն հայտարարությունների մասին, որոնք արվել են 4 կետին համապատասխան, և այդպիսի հայտարարությունները հետ վերցնելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 99

Չեղյալ հայտարարելը

 

1. Այն դեպքում, երբ Բարձր պայմանավորվող կողմը չեղյալ է հայտարարում սույն արձանագրությունը, չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում այդ մասին փաստաթուղթն ստանալուց մեկ տարի անց: Սակայն, եթե մեկ տարին լրանալիս չեղյալ հայտարարած կողմը հայտնվի 1 հոդվածում հիշատակված իրադրություններից մեկում, չեղյալ հայտարարվելն ուժի մեջ չի մտնի մինչև զինված ընդհարման կամ գրավման ավարտը և ցանկացած դեպքում այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտված կոնվենցիաների կամ սույն արձանագրության պաշտպանությունից օգտվող անձանց վերջնական ազատման, հայրենադարձության և նրանց տեղավորման հետ կապված գործողությունները:

2. Չեղյալ հայտարարելու մասին ծանուցումը գրավոր ձևով հղվում է ավանդապահին, որն այն ուղարկում է բոլոր Բարձր պայմանավորվող կողմերին:

3. Չեղյալ հայտարարվելն ուժ ունի միայն այդ մասին հայտարարություն արած կողմի համար:

4. 1 կետին համապատասխան ոչ մի չեղյալ հայտարարել չի շոշափում այն պարտավորությունները, որոնք չեղյալ հայտարարած կողմը սույն արձանագրությանը համապատասխան արդեն ստանձնել է զինված ընդհարման կապակցությամբ` ցանկացած այն գործողության նկատմամբ, որ կատարվել է մինչ այդ չեղյալ հայտարարելն ուժի մեջ մտնելը:

 

ՀՈԴՎԱԾ 100

Ծանուցումները

 

Ավանդապահը Բարձր պայմանավորվող կողմերին, ինչպես նաև կոնվենցիաների մասնակիցներին հաղորդում է, անկախ այն բանից, նրանք ստորագրել են, թե ոչ արձանագրությունը.

ա) սույն արձանագրության տակ դրված ստորագրությունների և 93 և 94 հոդվածներին համապատասխան վավերագրերն ու միանալու մասին փաստաթղթերն ի պահ տալու մասին.

բ) 95 հոդվածին համապատասխան սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու տարեթվի մասին,

գ) 84, 90 և 97 հոդվածներին համապատասխան ստացված հայտարարությունների և հաղորդումների մասին,

դ) 96 հոդվածի 3 կետի համապատասխան ստացված հայտարարությունների մասին, որոնք հաղորդվում են ամենաարագ եղանակով,

ե) 99 հոդվածին համապատասխան չեղյալ հայտարարելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 101

Գրանցումը

 

1. ՈՒժի մեջ մտնելուց հետո սույն արձանագրությունն ավանդապահի կողմից ուղարկվում է Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարություն` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102 հոդվածին համապատասխան գրանցման և հրապարակման համար:

2. Ավանդապահը նաև Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությանը տեղեկացնում է սույն արձանագրության վերաբերմամբ իր կողմից ստացված բոլոր վավերագրերի, միանալու մասին փաստաթղթերի և չեղյալ հայտարարելու հայտարարությունների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 102

Նույնական տեքստերը

 

Սույն արձանագրության բնագիրը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ է հանձնվում ավանդապահին, որը հաստատված պատճեններն ուղարկում է կոնվենցիաների բոլոր մասնակիցներին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

Ինքնության հաստատմանը վերաբերող կանոններ

 

ՀՈԴՎԱԾ 1

Ընդհանուր դրույթներ

 

1. Այս հավելվածում ինքնության հաստատմանը վերաբերող կանոններով գործողության մեջ են դրվում Ժնևի կոնվենցիաների և արձանագրության համապատասխան դրույթները: Դրանց նպատակն է դյուրացնել Ժնևի կոնվենցիաներով և արձանագրությամբ պաշտպանվող անձնակազմի, գույքի, ստորաբաժանումների, փոխադրամիջոցների և օբյեկտների ճանաչումը:

2. Այս կանոնները, որպես այդպիսիք, չեն սահմանում պաշտպանված լինելու իրավունքը: Այդ իրավունքը կանոնակարգված է կոնվենցիաների և արձանագրության համապատասխան հոդվածներով:

3. Իրավասու մարմինները, հաշվի առնելով Ժնևի կոնվենցիաների և արձանագրության համապատասխան դրույթները, կարող են մշտապես կարգավորել տարբերանշանների և տարբերիչ ազդանշանների օգտագործումը, դրանց բացումը կամ լուսավորումը, ինչպես նաև դրանք բացահայտելու հնարավորությունը:

4. Բարձր պայմանավորվող կողմերը և, մասնավորապես, ընդհարման մեջ գտնվող կողմերը, պետք է մշտապես պայմանավորվեն այն ազդանշանների, միջոցների, լրացուցիչ կամ այլ համակարգերի վերաբերյալ, որոնք բարելավում են ճանաչման հնարավորությունը և լիովին օգտագործում են այդ բնագավառում եղած տեխնոլոգիական առաջընթացը:

 

Գլուխ 1
Ինքնության վկայականը

 

ՀՈԴՎԱԾ 2

Մշտական քաղաքացիական բժշկական և հոգևոր անձնակազմի ինքնության

վկայականը

 

1. Արձանագրության 18 հոդվածի 3-րդ կետով նախատեսված մշտական քաղաքացիական բժշկական և հոգևոր անձնակազմի ինքնության վկայականը պետք է`

ա) կրի տարբերանշան և լինի այնպիսի չափերի, որ հնարավոր լինի այն պահել գրպանում

բ) պատրաստված լինի հնարավորին չափ դիմացկուն նյութից

գ) գրված լինի ազգային կամ պաշտոնական լեզվով կամ, անհրաժեշտության դեպքում` տվյալ շրջանի տեղական լեզվով

դ) նշի փաստաթղթի տիրոջ ազգանունն ու ծննդյան տարեթիվը (կամ, տարեթիվը չլինելու դեպքում, վերջինիս տարիքը` վկայականը ստանալու պահին), ինչպես նաև նրա անձնական համարը, եթե այդպիսին կա

ե) նշի, թե վկայականի տերն ինչ կարգավիճակով իրավունք ունի օգտվել կոնվենցիաների և արձանագրության ընձեռած պաշտպանությունից

զ) կրի վկայականի տիրոջ լուսանկարը, ինչպես նաև ստորագրությունը կամ բութ մատի մատնահետքը, և կամ երկուսն էլ

է) կրի իրավասու մարմնի կնիքն ու ստորագրությունը

ը) նշի վկայականի տրման և ժամկետը լրանալու տարեթիվը

թ) հնարավորության դեպքում վկայականի հակառակ երեսին նշի վկայականի տիրոջ արյան խումբը:

2. Ինքնության վկայականը պետք է միատեսակ լինի յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմի ողջ տարածքում և հնարավորին չափ նույնատիպ` ընդհարման մեջ գտնվող բոլոր կողմերի համար: Ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են ղեկավարվել նկար 1-ում պատվերված միայն մեկ լեզվով կազմված նմուշով: Ռազմական գործողությունների սկզբում ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է փոխանակեն իրենց օգտագործած ինքնության վկայականի նմուշները, եթե դրանք տարբերվում են նկար 1-ում պատկերված օրինակից: Հնարավորության դեպքում ինքնության վկայականը պետք է լինի երկու օրինակից, որից մեկը պահվի այն տված մարմնի մոտ, որը պետք է վերահսկողություն սահմանի իր կողմից տրված վկայականների նկատմամբ:

3. Ոչ մի պարագայում մշտական քաղաքացիական բժշկական և հոգևոր անձնակազմին չի կարելի զրկել ինքնության վկայականից: Վկայականի կորստի դեպքում դրա տերն իրավունք ունի ստանալու կրկնօրինակը:

 

ՀՈԴՎԱԾ 3

Ժամանակավոր քաղաքացիական բժշկական և հոգևոր անձնակազմի ինքնության

վկայականը

 

1. Ժամանակավոր քաղաքացիական բժշկական և հոգևոր անձնակազմի ինքնության վկայականը հնարավորության դեպքում պետք է նման լինի սույն կանոնների հոդված 2-ով նախատեսված վկայականին: Ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են ղեկավարվել նկար 1-ում պատվերված նմուշով:

2. Այն դեպքում, երբ հանգամանքները թույլ չեն տալիս ժամանակավոր քաղաքացիական բժշկական և հոգևոր անձնակազմին տալ սույն կանոնների հոդված 2-ում նկարագրված տիպի ինքնության վկայականներ, այդ անձնակազմը կարող է ստանալ համապատասխան իրավասու մարմնի կողմից ստորագրված տեղեկանք, ըստ որի անձը, որին այն տրված է, ստացել է ժամանակավոր անձնակազմում գործելու նշանակում, հնարավորության դեպքում նշելով նշանակման տևողությունը և տարբերանշան կրելու` տեղեկանքի տիրոջ իրավունքը: Տեղեկանքում պետք է նշվի անձի ազգանունն ու ծննդյան տարեթիվը (կամ, վերջինս չլինելու դեպքում` տարիքը` տեղեկանքն ստանալու պահին), նրա գործառույթները, ինչպես նաև անձնական համարը, եթե այդպիսին կա: Տեղեկանքի վրա պետք է լինի ստացողի ստորագրությունը կամ բութ մատի մատնահետքը և կամ երկուսն էլ:

 

Երեսի կողմ

 

(նշվում են երկրի և իշխանության այն մարմնի անունները, որոնց կողմից

տրված է վկայականը)

 

ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

    ՄՇՏԱԿԱՆ                         քաղաքացիական բժշկական հոգևոր

    ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ                     անձնակազմի համար

 

Ազգանուն ....................................

.............................................

Ծննդյան թիվը (կամ տարիքը) ...................

Անձնական համարը (եթե այդպիսին կա)

Սույն ինքնության վկայականի տերը պաշտպանված է 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներով և «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների լրացուցիչ արձանագրությամբ (Արձանագրություն 1), որպես ..............................

.........................................................................

 

Տրված է .......................... Վկայականի N ............

 

Վկայականը տված իշխանության

մարմնի ստորագրությունը

 

Վկայականի ժամկետը լրանում է ....................................

 

Նկ. 1. Ինքնության վկայականի նմուշ

(չափսը` 74x105 մմ)

 

Հակառակ կողմ

 

    Հասակը ________       Աչքերը__________        Մազերը_________

 

Այլ հատուկ նշաններ կամ տվյալներ

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏԻՐՈՋ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

 

    Կնիք                    Վկայականի տիրոջ ստորագրությունը կամ բութ

                            մատի մատնահետքը և կամ երկուսն էլ

 

Գլուխ 2
Տարբերանշանը

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ձևը

 

Տարբերանշանը (կարմիր` սպիտակ ֆոնի վրա) պետք է լինի այնքան մեծ, որքան դա արդարացված է տվյալ հանգամանքներում: Բարձր պայմանավորվող կողմերը խաչի, մահիկի կամ առյուծի և արևի (1) ձևերի առումով կարող են ղեկավարվել նկար 2-ի նմուշներով:

 

C + (առյուծի և արևի պատկեր)

 

_______________________________

1) Ծան. 1980-ից ի վեր ոչ մի պատմություն այլևս չի գործածում առյուծի և արևի պատկերը:

 

ՀՈԴՎԱԾ 5

Գործածությունը

 

1. Տարբերանշանը հնարավորության դեպքում պատկերվում է դրոշների, հարթ մակերեսների վրա կամ, տեղանքի բնութագրից ելնելով` ցանկացած այլ ձևով, այնպես, որ տեսանելի լինի հնարավոր բոլոր ուղղություններից և հնարավորին չափ հեռվից, մասնավորապես` օդից:

2. Գիշերը կամ սահմանափակ տեսանելիության դեպքում տարբերանշանը կարող է լուսավորվել կամ փայլող լինել:

3. Տարբերանշանը կարող է պատրաստված լինել այնպիսի նյութից, որ հնարավոր լինի ճանաչել դետեկտող տեխնիկական միջոցների օգնությամբ: Կարմիր մասը պետք է ներկվի սև գույնի հիմնաներկի վրա, որպեսզի դրա ճանաչումը դյուրացվի, մասնավորապես` ինֆրակարմիր սարքերի միջոցով:

4. Բժշկական և հոգևոր անձնակազմը, որ իր պարտականությունները կատարում է ռազմի դաշտում, հնարավորության դեպքում պետք է կրի տարբերանշանով գլխարկներ և հագուստ:

 

Գլուխ 3
Տարբերիչ ազդանշանները

 

ՀՈԴՎԱԾ 6

Գործածությունը

 

1. Այս գլխում հիշատակված բոլոր տարբերիչ ազդանշանները կարող են օգտագործվել բժշկական կազմավորումների կամ փոխադրամիջոցների կողմից:

2. Այդ ազդանշանները, որոնք գտնվում են բժշկական կազմավորումների և փոխադրամիջոցների բացառիկ տրամադրության տակ, այլ նպատակներով չպետք է օգտագործվեն, բացի լուսային ազդանշանից (տես ստորև, կետ 3):

3. Ընդհարման մեջ գտնվող կողմերի միջև հատուկ պայմանավորվածության բացակայության դեպքում, որը սահմանի կապույտ առկայծող լույսերի օգտագործումը սանիտարական մեքենաների, նավերի և նավակների ճանաչման համար, այս ազդանշանների օգտագործումն այլ մեքենաների, նավերի և նավակների ճանաչման համար չի արգելվում:

4. Ժամանակավոր սանիտարական թռչող ապարատները, որոնք ժամանակ չլինելու կամ իրենց տեխնիկական առանձնահատկությունների պատճառով չեն կարող իրենց վրա ազդանշանները պատկերել, կարող են օգտագործել սույն գլխում թույլատրված տարբերիչ ազդանշանները:

 

ՀՈԴՎԱԾ 7

Լուսային ազդանշանը

 

1. Լուսային ազդանշանը, որն ըստ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ) Նավագնացության տեխնիկական դասագրքի (փաստաթուղթ 9051) իրենից ներկայացնում է առկայծող կապույտ լույս, նախատեսված է սանիտարական թռչող ապարատների համար` իրենց ինքնությունը նշելու նպատակով: Ոչ մի այլ թռչող ապարատ չի կարող օգտագործել այդ ազդանշանը: Սանիտարական թռչող ապարատները, որոնք օգտագործում են կապույտ լուսարձակում, պետք է այն ցույց տան այնպես, որ այդ լուսային ազդանշանը տեսանելի լինի հնարավոր բոլոր ուղղություններով:

2. Համաձայն Միջազգային ծովային կազմակերպության /IMO/ «Ազդանշանների միջազգային կոդեքսի» գլուխ XIV, կետ 4 դրույթների, 1949 թ. Ժնևի կոնվենցիաներով և արձանագրությամբ պաշտպանված նավակները պետք է արձակեն ամբողջ հորիզոնի վրա երևացող մեկ կամ մի քանի կապույտ լուսարձակում:

3. Սանիտարական փոխադրամիջոցները պետք է արձակեն հնարավորին չափ հեռվից երևացող մեկ կամ մի քանի կապույտ լուսարձակում: Բարձր պայմանավորվող կողմերը և մասնավորապես` ընդհարման մեջ գտնվող կողմերը, որոնք օգտագործում են այլ գույնի ազդանշան, այդ մասին պետք է տեղյակ պահեն:

4. Հանձնարարվող կապույտ գույնը ստացվում է այն դեպքում, երբ նրա քրոմատիզմը գտնվում է Լուսավորության միջազգային հանձնաժողովի (CIE) քրոմատիկ դիագրամի սահմաններում, որ սահմանվում է հետևյալ հավասարումներով.

կանաչ գույնի սահմանը y = 0,065 + 0,805x

սպիտակ գույնի սահմանը y = 0,400 - x

ալ կարմիրի սահմանը x = 0,133 + 0,600y

Կապույտ ցոլքերի հանձնարարվող հաճախականությունն է` րոպեում 60-ից 100 ցոլք:

 

ՀՈԴՎԱԾ 8

Ռադիոազդանշանը

 

1. Ռադիոազդանշանը բաղկացած է առաջնահերթության ազդանշանից և տարբերիչ ազդանշանից, ինչպես դրանք ներկայացված են Միջազգային հեռահաղորդակցության միության (IUT - RR հոդվածներ 40 և N40) Ռադիոկապի կանոններում:

2. Ռադիոհաղորդագրությունը, որին նախորդում են կետ 1-ում նշված առաջնահերթության ազդանշանները և տարբերիչ ազդանշանները, տրվում են անգլերեն` համապատասխան ընդմիջումներով, այդ նպատակով Ռադիոկապի կանոններում նախատեսված մեկ կամ մի քանի հաճախականությունների վրա, և պարունակում են սանիտարական փոխադրամիջոցներին վերաբերող հետևյալ տվյալները.

ա) կանչի ազդանշան կամ ճանաչման ընդունված մեկ այլ միջոց

բ) սանիտարական փոխադրամիջոցի գտնվելու վայրը

գ) սանիտարական փոխադրամիջոցների թիվը և տեսակը

դ) ընտրված երթուղին

ե) ճանապարհին գտնվելու ենթադրվող ժամանակը և մեկնելու ու ժամանելու ժամանակը` ըստ հանգամանքների

զ) ցանկացած այլ տեղեկություն, ինչպես օրինակ` թռիչքի բարձրությունը, հսկողության տակ գտնվող ռադիոտեխնիկական հաճախականությունները, օգտագործվող լեզուները, հսկողության երկրորդային ռադիոտեղորոշիչ համակարգերի աշխատանքի ռեժիմները և կոդերը:

3. Դյուրացնելու համար 1 և 2 կետերում, ինչպես նաև արձանագրության հոդված 22, 23 և 25-ից 31-ում նշված կապը, Բարձր պայմանավորվող կողմերը, ընդհարման մեջ գտնվող կողմերը կամ ընդհարման մեջ գտնվող կողմերից մեկը, գործելով համաձայնեցված կամ առանձին-առանձին, Հեռահաղորդակցության միջազգային կոնվենցիային կից Ռադիոկապի կանոնների մեջ նշված Հաճախականությունների բաշխման աղյուսակի համաձայն կարող են սահմանել և հրապարակել այդ հաղորդակցության համար իրենց ազգային հաճախականությունները: Այդ հաճախականությունների մասին պետք է տեղեկացվի Հեռահաղորդակցության միջազգային միությունը` համաձայն Ռադիոկապի համաշխարհային վարչական համաժողովի կողմից հավանության արժանացած ընթացակարգի:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
''
01.01.1977
Միջազգային պայմանագիր