Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1066.230909

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2009 թվականի N 1066-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ, 9-րդ և 35-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել հանձնաժողովի կազմը:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի փոփոխման դեպքում դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները) հաշվարկելու մասին» N 279-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի սեպտեմբերի 17-ի

N 1066-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության բարձրարժեք կամ ցածրարժեք հողատեսքերի փոփոխման գործընթացները:

i

2. Բարձր կադաստրային գին (զուտ եկամուտ) ունեցող գյուղատնտեսական հողատեսքերը (այսուհետ` բարձրարժեք), ավելի ցածր կադաստրային գին (զուտ եկամուտ) ունեցող (այսուհետ` ցածրարժեք) հողատեսքերի փոխադրումը համայնքի ղեկավարի կողմից կարող է իրականացվել յուրաքանչյուր մարզում` մարզպետի կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) դրական եզրակացության հիման վրա:

Հողամասի սեփականատերը գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու համար դիմում է ներկայացնում համայնքի ղեկավարին` համաձայն N 3 հավելվածով հաստատված N 1 ձևի: Գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատիրոջ դիմումի հիման վրա համայնքի ղեկավարը դիմումն ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքն ավելի ցածրարժեք հողատեսքի փոխադրելու դիմումը: Հանձնաժողովի նախագահը դիմումն ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է նիստի օրակարգը և դիմումն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում գումարում է հանձնաժողովի նիստ` հարցը քննարկելու համար:

Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված նյութերի մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև տեղազննության հիման վրա հանձնաժողովը` հանձնաժողովի նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն:

Հանձնաժողովի եզրակացությունը կազմվում է երեք հավասարազոր օրինակներից` որոնցից մեկական օրինակ նիստի գումարման օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է հողամասի սեփականատիրոջը, համապատասխան համայնքի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը: Հանձնաժողովի եզրակացությունները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն տրամադրվելու դեպքում համայնքի ղեկավարն ընդունում է փոխադրման մերժման մասին որոշում:

Համայնքի ղեկավարը համապատասխան որոշումը (փոխադրելու կամ փոխադրումը մերժելու մասին) ընդունում է եզրակացությունն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(2-րդ կետը փոփ. 23.07.15 թիվ 806-Ն որոշում)

3. Գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի կարող են փոխադրվել, եթե գտնվում են մեծ թեքությունների վրա, օգտագործման ընթացքում խիստ էռոզացվել են և կուլտուրտեխնիկական, ագրոտեխնիկական և այլ գյուղատնտեսական միջոցառումներով հնարավոր չէ վերականգնել հողատեսքերի որակական հատկանիշները, կամ հողամասերում ընթանում են ճահճացման, աղակալման, աղտոտման և այլ երևույթներ, որոնք հնարավոր չէ վերականգնել կանխարգելման միջոցառումներով:

i

4. բարձրարժեք ջրովի հողատեսքերն ավելի ցածրարժեք անջրդի հողատեսքերի փոխադրման համար հանձնաժողովը մինչև եզրակացություն տրամադրելն ստանում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համապատասխան գրավոր տեղեկանք ոռոգման ցանցի առկայության, դրա պիտանելիության և շահագործման մասին: Ոռոգման ցանցի առկայության, դրա պիտանելիության և շահագործման մասին տեղեկանքի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի կողմից: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկանքը տրամադրում է հանձնաժողովի նիստի օրակարգը հանձնաժողովի անդամներին տրամադրելու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում:

(4-րդ կետը փոփ. 23.07.15 թիվ 806-Ն որոշում)

5. Համայնքի ղեկավարը հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում ընդունում է համապատասխան որոշում գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու վերաբերյալ:

i

6. Գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու դեպքերում համապատասխանաբար փոփոխվում են դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները), իսկ դրանց կադաստրային գները հաշվարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237 որոշմամբ գյուղատնտեսական հողատեսքերի հողակադաստրային գնահատման խմբերը մնում են նույնը: Այն համայնքներում, որտեղ նշված որոշմամբ հաստատված` գյուղատնտեսական հողատեսքերի գնահատման խմբերում փոխադրված հողատեսքերի համար գնահատման համապատասխան խմբերը բացակայում են, դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները) հաշվարկելիս հիմք են ընդունվում նույն հողակադաստրային գնահատման շրջանի նույն հողատեսքի համապատասխան խմբի կադաստրային գինը (զուտ եկամուտը), իսկ դրա բացակայության դեպքում` այդ համայնքի նույն հողատեսքի կադաստրային գնի (զուտ եկամտի) միջին չափը:

(6-րդ կետը փոփ. 23.07.15 թիվ 806-Ն որոշում)

i

7. Գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերն ավելի բարձրարժեք հողատեսքերի փոխադրումն իրականացվում է համայնքի ղեկավարի որոշմամբ, եթե գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերը դարձել են ավելի բարձրարժեք պետական կամ համայնքային բյուջեի հաշվին իրականացված միջոցառումների արդյունքում: Հողամասի սեփականատիրոջ միջոցների հաշվին իրականացված միջոցառումների արդյունքում գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերն ավելի բարձրարժեք դառնալու դեպքում հողամասի սեփականատերը դիմում է ներկայացնում` համաձայն N 4 հավելվածով հաստատված N 2 ձևի: Համայնքի ղեկավարը գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերն ավելի բարձրարժեք հողատեսքերի փոխադրելու կամ փոխադրումը մերժելու մասին որոշումն ընդունում է դրա մասին դիմում ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(7-րդ կետը փոփ. 23.07.15 թիվ 806-Ն որոշում)

i

8. Գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերն ավելի բարձրարժեք հողատեսքերի փոխադրվելու դեպքերում (բացառությամբ ցածրարժեք անջրդի հողատեսքերը բարձրարժեք ջրովի հողատեսքերի փոխադրելու դեպքերի) համապատասխանաբար փոփոխվում են դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները), և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237 գյուղատնտեսական հողատեսքերի հողակադաստրային գնահատման խմբերը նույնպես կարող են փոխվել: Դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները) հաշվարկելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշմամբ հաստատված` տվյալ հողակադաստրային գնահատման շրջանի, տվյալ հողատեսքի, նույն ոռոգելիության, ամենամոտ բարձր կադաստրային գին (զուտ եկամուտ) ունեցող հողակադաստրային գնահատման խումբը:

(8-րդ կետը փոփ. 23.07.15 թիվ 806-Ն որոշում)

i

9. Գյուղատնտեսական նշանակության հողերի, հողատեսքերի փոփոխման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումների մեկ օրինակը որոշումն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը, իսկ մեկ օրինակը հողամասի սեփականատիրոջը:

(9-րդ կետը փոփ. 23.07.15 թիվ 806-Ն որոշում)

i

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումները հողատեսքերի փոփոխություններ կրած գյուղատնտեսական նշանակության հողամասերի հարկման օբյեկտի որոշման նպատակով, հիմք ընդունելով գյուղատնտեսական հողատեսքերի փոփոխման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումները, որոշումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում են կադաստրային գնահատություն, որոնց արդյունքները հիմք են ընդունվում մինչև «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին` ներառյալ հողի հարկի հաշվարկման համար:

(10-րդ կետը փոփ. 23.07.15 թիվ 806-Ն որոշում)

11. Գյուղատնտեսական նշանակության հողերի, հողատեսքերի` սահմանված կարգով փոփոխություններն արտացոլվում են յուրաքանչյուր տարվա համար կազմվող հողային հաշվեկշռում:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի սեպտեմբերի 17-ի

N 1066-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրման համար անհրաժեշտ եզրակացություն տրամադրող հանձնաժողովի գործունեության կարգը:

i

2. Գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու նպատակով յուրաքանչյուր մարզում մարզպետի կողմից ստեղծվում է համապատասխան հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են`

1) մարզպետը կամ մարզպետի համապատասխան տեղակալը (հանձնաժողովի նախագահ).

2) մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետը (հանձնաժողովի քարտուղար).

3) մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը (հանձնաժողովի անդամ).

4) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացուցիչը (հանձնաժողովի անդամ).

5) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը (հանձնաժողովի անդամ).

6) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչը (հանձնաժողովի անդամ).

7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչը (հանձնաժողովի անդամ).

8) համապատասխան համայնքի ղեկավարը (համաձայնությամբ) (հանձնաժողովի անդամ).

9) համապատասխան համայնքի գյուղատնտեսության գծով մասնագետը (համաձայնությամբ) (հանձնաժողովի անդամ):

(2-րդ կետը փոփ. 23.07.15 թիվ 806-Ն որոշում)

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, հողային և ջրային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով և սույն որոշմամբ հաստատված կարգերով:

4. Հանձնաժողովի հիմնական գործառույթը եզրակացություններ տալն է գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու վերաբերյալ:

i

5. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության: Հանձնաժողովի քարտուղարը նիստի գումարման օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ նիստի օրակարգը տրամադրում է հանձնաժողովի անդամներին:

(5-րդ կետը փոփ. 23.07.15 թիվ 806-Ն որոշում)

i

6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

(6-րդ կետը փոփ. 23.07.15 թիվ 806-Ն որոշում)

7. Հանձնաժողովի եզրակացությունն ընդունվում է նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի նիստն արձանագրվում է, որտեղ նշվում են`

1) հանձնաժողովի նիստի ամսաթիվը և անցկացման վայրը.

2) հանձնաժողովի կազմը.

3) քննարկվող հարցի բովանդակությունը.

4) տեղեկություններ քննարկմանը հրավիրված անձանց մասին.

5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և քննարկման արդյունքները.

6) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցներ.

7) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը:

8. Նիստի արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները կցվում են արձանագրությանը:

9. Հանձնաժողովի նիստերը բաց են, որոնց կարող է մասնակցել նաև հողամասի սեփականատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը:

i

10. Հանձնաժողովի եզրակացությունը կազմվում է երեք հավասարազոր օրինակներից` որոնցից մեկական օրինակ նիստի գումարման օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է հողամասի սեփականատիրոջը, համապատասխան համայնքի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը:

(10-րդ կետը փոփ. 23.07.15 թիվ 806-Ն որոշում)

11. Հանձնաժողովի եզրակացությունները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութեր պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

---------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  23.07.15 թիվ 806-Ն որոշմամբ սույն կարգում կատարվել են

փոփոխություններ, որոնց համաձայն կարգին կից պետք է սահմավեին

1-ին և 2-րդ ձևերը: Այդ ձևերը սահմանվել են նշված 23.07.15

թիվ 806-Ն որոշման 2-րդ կետով, սակայն որոշմամբ չի նախատեսվել,

սույն որոշումը պետք է լրացվի նոր ձևերով:

Սակայն ելնելով որոշման ընդհանուր տրամաբանությունից

ԻՐՏԵԿ-ը կցում է նաև ձևերը, որոնք իրավական առումով

չեն համարվում սույն որոշման բաղկացուցիչ մաս

---------------------------------------------------------------------

 

Հավելված N 3

i

ՀՀ կառավարության

ՀՀ կառավարության

2009 թվականի սեպտեմբերի 17-ի

N 1066-Ն որոշման

 

Ձև N 1

____________________

                                     (համայնքի անվանումը)

                                     _____________________________________

                                     (համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)

                                     _____________________________________

                                     (դիմողի անունը, ազգանունը/անվանումը)

                                     _____________________________________

                                     (բնակության վայրը/գտնվելու վայրը)

 

ԴԻՄՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ ____________հասցեում գտնվող գյուղատնտեսական ____________

բարձրարժեք հողատեսքը փոխադրել ավելի ցածրարժեք` _____________հողատեսքի:

 

Տեղեկացնում եմ`

ա. հողամասի ծածկագիրը` ______________

բ. ամբողջ հողամասի և փոխադրման ենթակա հողամասի մակերեսը`

գ. հողամասի առկա նպատակային նշանակությունը, հողատեսքը`

դ. փոփոխվող հողամասի նպատակային նշանակությունը, հողատեսքը,

_________________________________________________________

ե. հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), կառուցապատման) իրավունքի վկայականի համար ___________առկա են ինքնակամ շինություններ (առկայության դեպքում)_______________:

 

Դիմող`

    ____________________    _______________________

     (ստորագրություն)          (անուն, ազգանուն)

 

______ ___________ թ.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

ՀՀ կառավարության

2009 թվականի սեպտեմբերի 17-ի

N 1066-Ն որոշման

 

Ձև N 2

____________________

                                     (համայնքի անվանումը)

                                     _____________________________________

                                     (համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)

                                     _____________________________________

                                     (դիմողի անունը, ազգանունը/անվանումը)

                                     _____________________________________

                                     (բնակության վայրը/գտնվելու վայրը)

 

ԴԻՄՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ _____________ հասցեում գտնվող գյուղատնտեսական ___________

ցածրարժեք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք`__________ հողատեսքի:

 

Տեղեկացնում եմ`

ա. հողամասի ծածկագիրը` ______________

բ. ամբողջ հողամասի և փոխադրման ենթակա հողամասի մակերեսը`

գ. հողամասի առկա նպատակային նշանակությունը, հողատեսքը`,

դ. փոփոխվող հողամասի նպատակային նշանակությունը, հողատեսքը,

________________________________________

ե. հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), կառուցապատման) իրավունքի վկայականի համար առկա են ինքնակամ շինություններ (առկայության դեպքում) _____________________:

 

Դիմող`

    ____________________    _______________________

     (ստորագրություն)          (անուն, ազգանուն)

 

______ ___________ թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.09.2009
N 1066-Ն
Որոշում