Սեղմել Esc փակելու համար:
1961 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ Ք...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

1961 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 183-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի            ՎԲ-151/07

դատական կոլեգիայի դատավճիռը

կայացրած դատարանի կազմը

նախագահող դատավոր` Հ. Դանիելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

           30 օգոստոսի 2007 թ.                       ք. Երևան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Տ. Սահակյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                   

                   քարտուղար`                 Ք. Մարտիրոսյանի         

                   մասնակցությամբ

                   փաստաբան`                  Ա. Ղազարյանի

                   դատապարտյալ`               Ա. ՈՒնուսյանի

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Արմեն Ալբերտի ՈՒնուսյանի կողմից հավատարմագրված փաստաբան Ա. Ղազարյանի միջոցով բերված վճռաբեկ բողոքը 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1993 թվականի մայիսի 27-ի դատավճռի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ գերագույն դատարանի նախագահության 1993 թվականի հուլիսի 16-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Արմեն Ալբերտի ՈՒնուսյանը ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1993 թվականի մայիսի 27-ի դատավճռով ՀՀ 1961 թվականի քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասով, 99-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերով և 37-րդ հոդվածի համակցությամբ դատապարտվել է ազատազրկման 15 (տասնհինգ) տարի ժամկետով:

ՀՀ գերագույն դատարանի նախագահության 1993 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ Արմեն ՈՒնուսյանի վերաբերյալ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1993 թվականի մայիսի 27-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ գանգատները` առանց բավարարման:

ՀՀ նախագահի 1999 թվականի ապրիլի 30-ի ՆՀ-244 հրամանագրով Ա. ՈՒնուսյանի պատիժը կրճատվել է 4 (չորս) տարով և թողնվել է կրելու ազատազրկում 11 (տասնմեկ) տարի ժամկետով:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 1999 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ Ա. ՈՒնուսյանը, համաձայն ՀՀ ուղղիչ աշխատանքային օրենսգրքի 65-րդ հոդվածի, ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութից տեղափոխվել է գաղութ-բնակավայր` մնացած 3 (երեք) տարի 7 (յոթ) ամիս 26 (քսանվեց) օր ժամկետով պատիժը կրելու համար:

Վճռաբեկ դատարանը ՀՀ գլխավոր դատախազի բողոքի հիման վրա 2000 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ Արմեն ՈՒնուսյանի վերաբերյալ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1993 թվականի մայիսի 27-ի դատավճռի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ գերագույն դատարանի նախագահության 1993 թվականի հուլիսի 16-ի որոշման մեջ մտցրել է փոփոխություն, այն է` Ա. ՈՒնուսյանի ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերով մեղսագրված հանցագործությունը վերաորակել է նույն օրենսգրքի 102-րդ և 103-րդ հոդվածներով և սահմանել ազատազրկում երեքական տարի ժամկետով, իսկ 183-րդ հոդվածի 2-րդ մասով նշված դատավճիռն ու որոշումը թողել է անփոփոխ: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժները համակցել է նվազ խիստ պատիժն ավելի խիստ պատժի մեջ կլանելու սկզբունքով ու վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 10 (տասը) տարի ժամկետով:

Վճռաբեկ դատարանը Ա. ՈՒնուսյանի նկատմամբ կիրառել է «ՀՀ անկախության հռչակման տարեդարձի առթիվ ամնիստիայի մասին» 1992 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՀ օրենքի 5-րդ կետի «բ» ենթակետը, «ՀՀ Սահմանադրության ընդունման կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի 1995 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման 4-րդ կետի «բ» ենթակետը և «ՀՀ անկախության հռչակման 7-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի որոշման 4-րդ կետի «բ» ենթակետը և նրան ազատել պատժի հետագա կրումից:

Դատապարտյալ Ա. ՈՒնուսյանի կողմից հավատարմագրված փաստաբանի միջոցով բերված բողոքը Վճռաբեկ դատարանի 2007 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքով:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

 

Ա. ՈՒնուսյանը աշխատել է ՀՀ ներքին գործերի (այսուհետ` ՆԳ) նախարարության հասարակական կարգի պահպանության բաժնում որպես տեսուչ: 1992 թվականի հունիսի 5-ին ՆԳ նախարարության կողմից կազմակերպված ստուգայցային միջոցառմանը մասնակցելու նպատակով ընդգրկվել է միլիցիայի 5 աշխատակիցներից կազմված օպերատիվ խմբում: ՆԳ նախարարության շենքի բակում անցկացված հրահանգավորումից հետո խումբը պետավտոտեսչության «ԳԱԶ-24» մակնիշի 01-09 ԱԴԱ պետհամարանիշի ավտոմեքենայով Երևանի նախկին Կալինինի փողոցով մեկնել է իրենց համար առանձնացված ծառայության վայրը` Էջմիածնի շրջանի Փարաքար գյուղ: Կալինինի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում նկատելով իրենցից առաջ համընթաց ուղղությամբ խաչմերուկին մոտեցած «ՎԱԶ-2107» մակնիշի, առանց հետևի պետհամարանիշի, մգեցված ապակիներով ավտոմեքենան` խմբի անդամ Գ. Հովհաննիսյանը նշան է արել կանգնել, սակայն հիշյալ ավտոմեքենայի վարորդ, գործով տուժող Արման Եսայանը չի կատարել միլիցիայի աշխատակցի պահանջը և դիմել է փախուստի:

Օպերատիվ խումբը հետապնդել է փախչող ավտոմեքենան, որի ընթացքում Արմեն ՈՒնուսյանն իր մոտ եղած «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ զենքով նախազգուշական կրակոցներ է արձակել, սակայն Արման Եսայանը դարձյալ չի կանգնել և շարունակել է փախչել դեպի Սեբաստիա փողոցի կողմը:

Երբ Երևանյան լճի և Էջմիածնի խճուղու միջև ընկած տարածքում պետավտոտեսչության ավտոմեքենան ձախ կողմից մոտեցել է փախչող ավտոմեքենային, Ա. ՈՒնուսյանը այն կանգնեցնելու նպատակով դրա ուղղությամբ արձակել է կրակոցներ և հետևի նստատեղին նստած ուղևոր Մհեր Գաբրիելյանին պատճառել կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածք, որի հետևանքով վերջինս նույն օրը հիվանդանոցում մահացել է:

Շարունակելով հետապնդումը` Սեբաստիա և Շահումյան 1-ին փողոցների խաչմերուկի մոտ միլիցիայի ավտոմեքենան հասել-անցել է հետապնդվող ավտոմեքենան և փակել նրա ճանապարհը: Ա. ՈՒնուսյանը, ընթացքի ժամանակ իջնելով «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայից և հայտնվելով դեպի իրեն ընթացքը շարունակող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ մասում, վերջինիս ուղղությամբ արձակել է կրակոցներ` այն կանգնեցնելու նպատակով: Դրա հետևանքով ավտոմեքենայի վարորդ Արմեն Արայի Եսայանին պատճառվել է մահ, իսկ մյուս ուղևոր Կարեն Մարգարյանին` նվազ ծանր մարմնական վնասվածք:

 

3. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ Ա. ՈՒնուսյանի վերաբերյալ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1993 թվականի մայիսի 27-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ գերագույն դատարանի նախագահության 1993 թվականի հուլիսի 16-ի որոշումը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասով ենթակա է բեկանման հետևյալ պատճառաբանությամբ:

Տուժող Ա. Եսայանը փախուստի դիմելու ընթացքում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան վարել է անթույլատրելի բարձր արագությամբ և խախտելով երթևեկության կանոնները` իր գործողություններով ստեղծել է բազմաթիվ վթարային իրավիճակներ, իրական վտանգի տակ դրել երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը: Բացի այդ, «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի հետևի պետհամարանիշի բացակայությունը, մգեցված ապակիներով լինելն ու միլիցիայի աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելն օպերատիվ խմբի մոտ տպավորություն է ստեղծել, որ իրենք գործ ունեն հանցագործների հետ:

Բողոքի հեղինակի կարծիքով, դատարանը հաշվի չի առել այն, որ ավտոմեքենան կանգնեցնելու համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները` տրվել են լուսային և ձայնային ազդանշաններ, արձակվել նախազգուշական կրակոցներ: Միայն դրանից հետո է Ա. ՈՒնուսյանը կրակոցներն ուղղել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ` փորձելով վերջինիս անվադողը վնասելու միջոցով հարկադրել նրան կանգնելու:

Ըստ բողոք բերած անձի` Ա. ՈՒնուսյանի կողմից «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ մասի ուղղությամբ արձակված կրակոցները նույնպես հետապնդել են նշված ավտոմեքենան կանգնեցնելու նպատակ: Մասնավորապես, երբ «ՎԱԶ-22107» մակնիշի ավտոմեքենան մոտեցել է Սեբաստիա և Շահումյան 1-ին փողոցների խաչմերուկի մոտ գտնվող կանգառին և ընթացքը դանդաղեցրել է, հետապնդողների ավտոմեքենան առաջ է անցել վերջինից: Այդ պահին Ա. ՈՒնուսյանը դուրս է թռչել ավտոմեքենայից ու հայտնվել ընթացքը դեպի իրեն շարունակող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ մասում: Վերջինիս դեպի իրեն ընթանալը ընկալելով` որպես իր անձի դեմ ուղղված ոտնձգություն` արձակել է կրակոցներ` այն կանգնեցնելու նպատակով: Միայն այդ բանից հետո է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան թեքվել աջ, բարձրացել մայթի վրա և առաջ ընթանալով` բախվել է ցանկապատին ու կանգ առել:

Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Ա. ՈՒնուսյանի գործողությունները հիմնված են եղել ՀՀ նախագահի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի հրամանագրի և ՀՀ գլխավոր դատախազի 1992 թվականի ապրիլի 10-ի միջնորդության, «Զինված հանցագործ խմբավորումների դեմ պայքարի ակտիվացման, հետախուզվող անձանց և ավտոմեքենաների հայտնաբերման, ապօրինի պահվող զենքի ու զինամթերքի առգրավման ուղղությամբ միջոցառումների» վերաբերյալ ՀՀ ՆԳ նախարարի 1992 թվականի մայիսի 27-ի հրամանի, «Խորհրդային միլիցիայի մասին» 1991 թվականի մայիսի 6-ի ԽՍՀՄ օրենքի պահանջների վրա:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հեղինակը եզրահանգել է, որ Ա. ՈՒնուսյանի գործողություններում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները բացակայում են:

Ելնելով վերոգրյալից` վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է Արմեն Ալբերտի ՈՒնուսյանի վերաբերյալ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1993 թվականի մայիսի 27-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ գերագույն դատարանի նախագահության 1993 թվականի հուլիսի 16-ի որոշումը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասով բեկանել և նրան այդ մասով ճանաչել արդարացված:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.

Համաձայն 1961 թվականի մարտի 7-ի ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի`

«Իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից դիտավորյալ կերպով այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են գալիս օրենքով նրան վերապահված իրավունքների և լիազորությունների սահմաններից, եթե այն էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել պետական կամ հասարակական շահերին, կամ քաղաքացիների` օրենքով պաշտպանվող իրավունքներին ու շահերին` պատժվում է ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև երկու տարի ժամանակով և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով, կամ պաշտոնանկությամբ և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:

Իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, եթե այն զուգորդվել է բռնության, զենք գործադրելու, կամ տուժողի համար տանջալից և նրա անձնական արժանապատվությունը վիրավորող գործողությունների հետ` պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով և տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:

Ա. ՈՒնուսյանի կողմից իշխանազանցություն թույլ տալու կամ իր պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու փաստը հավաստելու համար անհրաժեշտ է պարզել, թե կոնկրետ որ օրենքով են եղել սահմանված նրա լիազորությունները, ինչումն է եղել դրանց բնույթը, ինչպես նաև վեր հանել այն հատուկ պայմանները, որոնց առկայությամբ նա կարող էր գործել:

Անհրաժեշտ է նաև բացահայտել նկարագրված հանցակազմը բնութագրող այնպիսի պարտադիր հատկանիշի առկայությունը, ինչպիսին է պաշտոնատար անձի կողմից օրենքով իրեն վերապահված իրավունքների և լիազորությունների սահմաններից ակնհայտորեն դուրս գործողություններ կատարելը: Սա նշանակում է, որ պաշտոնատար անձը պետք է հստակ գիտակցի, որ գործում է օրենքով իրեն վերապահված իրավունքների և լիազորությունների սահմաններից բացահայտ դուրս:

Համաձայն 1992 թվականի հունիսի 5-ի դրությամբ գործող 1991 թվականի մարտի 6-ին ընդունված «Խորհրդային միլիցիայի մասին» ԽՍՀՄ օրենքի 15-րդ հոդվածի` միլիցիայի աշխատակիցները տրանսպորտային միջոցները կանգնեցնելու համար դրանք վնասելու միջոցով իրավունք ունեն օգտագործել զենք, եթե վարորդն իրական վտանգի տակ է դնում քաղաքացիների կյանքը և առողջությունը և չի ենթարկվում կանգնելու` միլիցիայի աշխատակիցների մեկից ավելի պահանջներին:

Ընդ որում, 2001 թվականի ապրիլի 16-ին ընդունված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը նույնպես ոստիկանության ծառայողներին իրավունք է վերապահում հրազեն օգտագործել տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը իրական վտանգ է ստեղծում քաղաքացիների կյանքի ու առողջության համար և չի ենթարկվում ոստիկանության ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին:

Ինչպես երևում է գործի նյութերից, Երևանի նախկին Կալինինի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկի մոտ ժամը 19-20-ի սահմաններում միլիցիայի աշխատակիցները նկատել են առանց հետևի պետհամարանիշի, մգացված ապակիներով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան և ստուգման նպատակով այն կանգնեցնելու նշան են արել: Սակայն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան լուսացույցի կարմիր ազդանշանի պայմաններում դիմել է փախուստի: Միլիցիայի աշխատակիցները, կարծելով` մեքենան գողացված է, սկսել են այն հետապնդել: Այդ ընթացքում լուսային ու ձայնային ազդանշաններով փորձել են կանգնեցնել փախչող ավտոմեքենան, սակայն վերջինս չի ենթարկվել միլիցիայի աշխատակիցների պահանջներին: Այնուհետև Ա. ՈՒնուսյանն արձակել է նախազգուշական կրակոցներ, սակայն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Եսայանը դարձյալ չի ենթարկվել կանգնելու` միլիցիայի աշխատակիցների պահանջներին և բարձր արագությամբ շարունակել է փախուստը Գարեգին Նժդեհի հրապարակի ուղղությամբ: Այնուհետև Ա. ՈՒնուսյանը կրակոցներն ուղղել է դեպի «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան` փորձելով վերջինիս անվադողը վնասելու միջոցով հարկադրել նրան կանգնելու: Շարունակելով հետապնդումը` Սեբաստիա և Շահումյան 1-ին փողոցների խաչմերուկի կանգառի մոտ միլիցիայի աշխատակիցներին հաջողվել է շրջանցել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան և փակել դրա ճանապարհը: Այդ պահին Ա. ՈՒնուսյանը դուրս է թռչել ավտոմեքենայից ու հայտնվելով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ մասում` դրա ընթացքը կասեցնելու նպատակով արձակել է կրակոցներ: Դրանից հետո «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան թեքվել է դեպի աջ, հարվածել ցանկապատին ու կանգ առել:

Գործի նշված փաստական հանգամանքները հիմնավորվել են ինչպես դատապարտյալ Ա. ՈՒնուսյանի (հ.1 գ.թ. 29-34, 196-203, 243-249, հ.2 գ.թ. 170-174, հ.3 գ.թ. 26-161), այնպես էլ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայում գտնված տուժող Կ. Մարգարյանի (հ.1 գ.թ. 55-57, 63-66, 149-161, 243-249, հ.2 գ.թ. 17-19, 20-25, հ.3 գ.թ. 26-161), որպես վկա հարցաքննված օպերատիվ խմբի անդամներ Ռ. Քոչարյանի, Գ. Հովհաննիսյանի, Գ. Գրիգորյանի և Ս. Առաքելյանի (հ.1 գ.թ. 35-37, 38-42, 43-46, 47-50, 102-112, 113-117, 141-148, 183-192, հ.2 գ.թ. 20-25, 162-164, հ.3 գ.թ. 26-161), դեպքի ականատես Լ. Պիվազյանի (հ.1 գ.թ. 258-262) ցուցմունքներով:

Փաստորեն, տուժող Ա. Եսայանը Երևան քաղաքի բանուկ հատվածով ժամը 19-20-ի սահմաններում, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան վարել է անթույլատրելի բարձր արագությամբ: Դրանով իսկ ստեղծել է վթարային իրավիճակներ և իրական վտանգի տակ դրել քաղաքացիների կյանքն ու առողջությունը: Չնայած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան կանգնեցնելու նպատակով միլիցիայի աշխատակիցների կողմից տրված բազմաթիվ լուսային և ձայնային ազդանշաններին` Ա. Եսայանը որևէ կերպ չի ցանկացել կանգնեցնել այն: «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան չի կանգնել նույնիսկ այն ժամանակ, երբ Ա. ՈՒնուսյանն արձակել է նախազգուշական կրակոցներ: Հետևաբար, նման պայմաններում Ա. ՈՒնուսյանի կողմից զենք օգտագործելը եղել է իրավաչափ, քանի որ ուղղված է եղել տուժողների հակաիրավական վարքագիծը կանխելուն: Բացի այդ, Ա. ՈՒնուսյանի կողմից դեպի «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան արձակված կրակոցները ոչ թե ուղղված են եղել դրա մեջ գտնվող անձանց, այլ նպատակ են հետապնդել վնասելու միջոցով կանգնեցնել այդ ավտոմեքենան: Դա հաստատվել է նաև դատաձգաբանական, ինչպես նաև դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննությունների եզրակացություններով (հ.2 գ.թ. 113-131, 154-161):

Այսինքն` կոնկրետ դեպքում Ա. ՈՒնուսյանը գործել է «Խորհրդային միլիցիայի մասին» ԽՍՀՄ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

Ա. ՈՒնուսյանի նկարագրված գործողությունները հիմնված են եղել նաև ՀՀ նախագահի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի հրամանագրի և ՀՀ գլխավոր դատախազի 1992 թվականի ապրիլի 10-ի միջնորդության, «Զինված հանցագործ խմբավորումների դեմ պայքարի ակտիվացման, հետախուզվող անձանց և ավտոմեքենաների հայտնաբերման, ապօրինի զենքի ու զինամթերքի առգրավման ուղղությամբ միջոցառումների» վերաբերյալ «Հրազեն-92» պայմանական անվամբ ՀՀ ՆԳՆ 1992 թվականի մայիսի 27-ի հրամանով հաստատված պլանի պահանջների վրա:

ՈՒստի, անհիմն է որպես մեղադրյալի պատասխանատվության կանչելու մասին որոշման, ինչպես նաև ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1993 թվականի մայիսի 27-ի դատավճռում տեղ գտած հետևությունը Ա. ՈՒնուսյանի կողմից առանց անհրաժեշտության զենք օգտագործելու վերաբերյալ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա են եղել օրենքով նախատեսված հատուկ պայմաններ, որոնց առկայությամբ Ա. ՈՒնուսյանը կարող էր զենք օգտագործել: Հետևաբար, նրա արարքում բացակայում է ՀՀ 1961 թվականի քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:

Նման պայմաններում անհիմն կերպով Ա. ՈՒնուսյանին վերագրելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը` դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. կիրառել է այն օրենքը, որը ենթակա չէր կիրառման:

Վերը նշված նյութական իրավունքի խախտումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 397-րդ և 406-րդ հոդվածների համաձայն, հիմք է ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1993 թվականի մայիսի 27-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ գերագույն դատարանի նախագահության 1993 թվականի հուլիսի 16-ի որոշումը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասով բեկանելու և հանցակազմի բացակայության պատճառով այդ մասով գործի վարույթը կարճելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ գործով կայացվող դատական ակտը էական նշանակություն կունենա օրենքի միատեսակ կիրառության ապահովման համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 415-419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Բողոքը բավարարել: Արմեն Ալբերտի ՈՒնուսյանի վերաբերյալ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1993 թվականի մայիսի 27-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ գերագույն դատարանի նախագահության 1993 թվականի հուլիսի 16-ի որոշումը 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասով բեկանել և այդ մասով գործի վարույթը կարճել` հանցակազմի բացակայության պատճառով:

Դատավճռի մնացած մասը թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

                   Նախագահող`            Տ. Սահակյան

                  Դատավորներ`            Հ. Ասատրյան

                                         Հ. Ղուկասյան

                                         Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.08.2007
N ՎԲ-151/07
Որոշում