Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆԸ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆԸ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 210-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քրեական վերաքննիչ դատարան                     Գործ ՎԲ-184/07

Գործ թիվ ՔԳՀ-102/07

որոշումը կայացրած դատարանի կազմը

նախագահող դատավոր` Ռ. Ափինյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

           10 հոկտեմբերի 2007 թ.                       ք. Երևան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Տ. Սահակյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Մ. Սիմոնյանի

                   

                   քարտուղար`                 Ք. Մարտիրոսյանի         

                     դատախազ`                 Ն. Մարգարյանի

                     պաշտպան`                 Լ. Սահակյանի

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի բողոքը Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով և 321-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների համար մեղադրվող Ռաշիդ Աշոտի Խաչատրյանին Ռուսաստանի Դաշնությանը հանձնումը մերժելու վերաբերյալ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թ. սեպտեմբերի 20-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի դատախազության կողմից 2004 թ. հուլիսին ՌԴ քրեական օրենսգրքի 321-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել մի շարք քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների դրսևորած և 2004 թ. հուլիսի 14-24-ը տևած զանգվածային անհնազանդության փաստի առթիվ: Այս գործով 2004 թ. հուլիսի 30-ին ձերբակալվել և 2004 թ. օգոստոսի 1-ին կալանավորվել է Ռաշիդ Աշոտի Խաչատրյանը: Քրեական հետապնդման մարմնի 2004 թ. սեպտեմբերի 26-ի որոշմամբ կասկածյալ Ռ. Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Ռ. Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2004 թ. սեպտեմբերի 26-ի որոշումը քրեական հետապնդման մարմնի 2007 թ. մարտի 14-ի որոշմամբ վերացվել է:

Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի դատախազության քննիչի կողմից 2007 թ. ապրիլի 27-ին որոշում է կայացվել Ռ. Խաչատրյանին ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին և 321-րդ հոդվածի 3-րդ մասերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին` այն բանի համար, որ նա 1996-2007 թթ. ընթացքում ՌԴ Օրենբուրգի մարզի տարածքում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով ստեղծել է հանցավոր համագործակցություն և ղեկավարել այն: Բացի այդ, Ռ. Խաչատրյանի նախաձեռնությամբ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակն ապակայունացնելու և հանցավոր միջավայրում իր «հեղինակությունը» հաստատելու նպատակով, ձևական առիթ ընդունելով թիվ Յուկ-25/4 քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում գնդապետ Պ. Մերկուլովի նշանակումը, 2004 թ. հուլիսի 14-24-ն ընկած ժամանակահատվածում Օրենբուրգի մարզի քրեակատարողական հիմնարկներում կազմակերպել է զանգվածային անհնազանդություններ, որոնք արտահայտվել են դատապարտյալների կողմից սնունդ ընդունելուց հրաժարվելու ձևով, որով խոչընդոտել է քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությունը:

2007 թ. մայիսի 30-ին միջազգային հետախուզման մեջ գտնվող Ռ. Խաչատրյանի նկատմամբ ՌԴ դատարանի կողմից որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

2007 թ. հուլիսի 16-ին հետախուզվող Ռ. Խաչատրյանը հայտնաբերվել է ՀՀ տարածքում և կալանավորվել:

2007 թ. օգոստոսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Մ. Սարգսյանի կողմից բավարարվել է ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով և 321-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների համար մեղադրվող Ռ. Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար ՌԴ քրեական հետապնդման մարմիններին հանձնելու վերաբերյալ ՌԴ գլխավոր դատախազության միջնորդությունը:

Ռ. Խաչատրյանի պաշտպան Լ. Սահակյանը հանձնման մասին որոշումը բողոքարկել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան և խնդրել նրան անհապաղ ազատել կալանքից` նշելով, որ Ռ. Խաչատրյանի հանձնման թույլտվությունը տրվել է ներպետական և միջազգային իրավական նորմերի խախտումներով:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թ. սեպտեմբերի 20-ի որոշմամբ պաշտպանի բողոքը բավարարվել է և Ռ. Խաչատրյանի հանձնումը ՌԴ-ին մերժվել:

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ 2007 թ. սեպտեմբերի 28-ին վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը` խնդրելով այն բեկանել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմնավորումները.

 

Բողոք բերած անձը գտնում է, որ առանձնապես ծանր հանցագործությունների համար միջազգային հետախուզման մեջ գտնվող Ռ. Խաչատրյանին հանձնելու գործընթացը կատարվել է «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թ. Մինսկի կոնվենցիայի պահանջների համաձայն և վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխան:

Բողոքի հեղինակը փաստարկում է, որ վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով 1993 թ. Մինսկի կոնվենցիայի 57-րդ հոդվածը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածը, կարող էր մերժել միայն ՌԴ քրեական օրենսգրքի 321-րդ հոդվածով Ռ. Խաչատրյանի հանձնման պահանջը, քանի որ պահանջը ստանալու պահին գործող ՀՀ օրենսդրությամբ Ռ. Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող հարուցվել միայն ՌԴ քրեական օրենսգրքի 321-րդ հոդվածով, իսկ ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով քրեական հետապնդում հարուցելու որևէ խոչընդոտ ՀՀ օրենսդրությամբ կամ ՀՀ միջազգային պայմանագրով սահմանված չէ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թ. Մինսկի կոնվենցիային մասնակցող պետություններ են, և այդ կոնվենցիայից բխող փոխադարձ պարտավորությունները Հայաստանի Հանրապետության համար պարտադիր են: Ըստ այդ կոնվենցիայի 57-րդ հոդվածի 1-ին մասի` «Պայմանավորվող կողմերը, սույն Կոնվենցիայով նախատեսված պայմաններին համապատասխան, պարտավորվում են պահանջի դեպքում միմյանց հանձնել իրենց տարածքում գտնվող անձանց` նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար»:

2007 թ. օգոստոսի 3-ին ՌԴ գլխավոր դատախազությունը նշված կոնվենցիայի հիման վրա միջնորդել է ՀՀ գլխավոր դատախազությանը կալանավորելու և հանձնելու ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով և 321-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների համար մեղադրվող, ՌԴ քաղաքացի Ռաշիդ Աշոտի Խաչատրյանին: Հայաստանի Հանրապետությունն իրավասու է մերժել միջնորդությունը միայն ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՌԴ քրեական օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության համար Ռ. Խաչատրյանի հանձնումը պետք է մերժել, քանի որ համաձայն Կոնվենցիայի 57-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի` հանձնում չի կատարվում, եթե պահանջն ստանալու պահին հարցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, քրեական հետապնդում չի կարող հարուցվել կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետն անցնելու պատճառով կամ այլ օրինական հիմքով: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Քրեական հետապնդման մարմնի` գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը, եթե այն կարող է հանգեցնել անձի վիճակի վատթարացման, բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերի»:

Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի` «Դատախազը քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը կարող է վերացնել որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Դրանից հետո քրեական հետապնդման մարմնի` գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից` այդպիսի որոշում կայացնելուց հետո` վեց ամսվա ժամկետում»:

Ռ. Խաչատրյանի նկատմամբ ՌԴ քրեական օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության համար 2004 թ. սեպտեմբերի 26-ի որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո այն վերսկսվել է 2007 թ. մարտի 14-ին` մոտ երկու և կես տարի հետո: ՈՒստի Հայաստանի Հանրապետության կողմից այդ մեղադրանքով Ռ. Խաչատրյանին հանձնելը կհակասի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված` կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքին, հետևաբար` նաև 1993 թ. Մինսկի կոնվենցիայի 57-րդ հոդվածին:

Վերոգրյալի հիման վրա` Ռ. Խաչատրյանը ՌԴ քրեական օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության համար մեղադրանքով Ռուսաստանի Դաշնությանը չի կարող հանձնվել:

Միևնույն ժամանակ, վճռաբեկ դատարանը գտնում է, որ չկա որևէ իրավական արգելք ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար մեղադրանքով Ռ. Խաչատրյանին Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու համար: Մասնավորապես, վերաքննիչ դատարանի վկայակոչած «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի 2-րդ մասը սույն գործով չի կարող կիրառվել: Համաձայն այդ կոնվենցիայի 3-րդ հոդվածի` «Հանձնում չի իրականացվում, եթե հանցագործությունը, որի համար այն հայցվում է, հայցվող կողմը ճանաչում է որպես քաղաքական հանցագործություն կամ քաղաքական հանցագործության հետ կապ ունեցող: Նույն կարգը պետք է կիրառվի, եթե հայցվող կողմն ունի բավարար հիմքեր` համարելու, որ սովորական քրեական հանցագործության համար հանձնման վերաբերյալ հարցումը ներկայացված է անձի ռասայի, կրոնի, ազգության կամ քաղաքական կարծիքի հետապնդման և պատժման նպատակով, կամ` որ այդ անձի դիրքին կարող է վնաս հասցվել այս հանգամանքներից որևէ մեկի պատճառով»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում բավարար հիմքեր չկան եզրահանգելու, որ Ռ. Խաչատրյանի հանձնման պահանջը պայմանավորված է նրա ռասայի, կրոնի, ազգության կամ քաղաքական կարծիքի հետապնդման և պատժման նպատակով: Բացի այդ, բավարար հիմքեր չկան հետևություն անելու, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող ապահովել իր քաղաքացու` Ռ. Խաչատրյանի անվտանգությունը:

Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում վերաքննիչ դատարանի նաև այն հետևությունը, որ Ռուսաստանի Դաշնությունում Ռ. Խաչատրյանի համար չի կարող ապահովվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-»գ» կետով երաշխավորված` պաշտպան ունենալու իրավունքը: ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած նյութերից երևում է, որ Ռ. Խաչատրյանին փաստաբանական ծառայություններ է մատուցել Օրենբուրգ քաղաքի «Կորպուս Յուրիս» փաստաբանական կոլեգիայի փաստաբան Ե. Ա. Պերվուշինան:

Հետևաբար` Ռ. Խաչատրյանին պետք է հանձնել Ռուսաստանի Դաշնությանը ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության մեղադրանքով քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Այսպիսով, վերաքննիչ դատարանը, մերժելով Ռ. Խաչատրյանին Ռուսաստանի Դաշնությանը հանձնելը, խախտել է միջազգային և ներպետական նորմերի պահանջները և անտեսել ներկայացված նյութերում առկա տվյալները` արդյունքում հանգելով սխալ հետևության, որը կայացված դատական ակտը վերացնելու հիմք է:

Ելնելով վերը շարադրված հիմնավորումներից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-405-րդ, 419-րդ, 422-424-րդ, 479-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Բողոքը բավարարել: Ռուսաստանի Դաշնությանը Ռաշիդ Աշոտի Խաչատրյանի հանձնումը մերժելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թ. սեպտեմբերի 20-ի որոշումը վերացնել:

2. ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Մ. Սարգսյանի կողմից Ռաշիդ Աշոտի Խաչատրյանին ՌԴ քրեական օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության համար Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու մասին 2007 թ. օգոստոսի 24-ի որոշումը վերացնել:

3. ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Մ. Սարգսյանի կողմից Ռաշիդ Աշոտի Խաչատրյանին ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու մասին 2007 թ. օգոստոսի 24-ի որոշումը թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

                   Նախագահող`            Տ. Սահակյան

                  Դատավորներ`            Դ. Ավետիսյան

                                         Հ. Ասատրյան

                                         Մ. Սիմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.08.2007
N ՎԲ-184/07
Որոշում