ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործ թիվ 3-1389(ՎԴ)
քաղաքացիական վերաքննիչ 2007 թ.
դատարանի որոշում
Նախագահող դատավոր` Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
դատավորներ` Գ. ՄԱՏԻՆՅԱՆ
Դ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
2007 թվականի օգոստոսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մեսրոպ Գալոյանի բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Դատարան) 08.07.2007 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ ըստ Մեսրոպ Գալոյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության` վնասը հատուցելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով Դատարան` Մեսրոպ Գալոյանը պահանջել է Հայաստանի Հանրապետությունից որպես վնասի հատուցում բռնագանձել 1.580.000 ՀՀ դրամ:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 20.04.2007 վճռով հայցը մերժվել է, որի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Մեսրոպ Գալոյանը:
Դատարանի 08.07.2007 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մեսրոպ Գալոյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորմամբ.
Դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի հիմքերով, պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցված չեն գործին մասնակցող անձանց դրա պատճեն ուղարկելու ապացույցները, վերաքննիչ բողոքին կցված չէ սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո:
Բողոք բերած անձը պահանջել է վերացնել Դատարանի 08.07.2007 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 20.04.2007 վճռով Մեսրոպ Գալոյանի հայցը մերժվել է:
2) Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 20.04.2007 վճիռը Մեսրոպ Գալոյանին առձեռն հանձնվել է 03.05.2007 թվականին:
3) 18.05.2007 թվականին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի գրասենյակ թիվ 1932 համարի տակ մուտքագրվել է վերաքննիչ բողոք 20.04.2007 թվականի վճռի դեմ:
4) 18.05.2007 թվականի թիվ 869 գրանցման անդորրագրի համաձայն` վերաքննիչ բողոքի օրինակը փոստային ծառայության միջոցով ուղարկվել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան:
5) 18.05.2007 թվականի թիվ 870 գրանցման անդորրագրի համաձայն` վերաքննիչ բողոքի օրինակը փոստային ծառայության միջոցով ուղարկվել է գործով պատասխանող ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է,
եթե վերաքննիչ բողոքին կցված չեն գործին մասնակցող անձանց` դրանց պատճեններն ուղարկելու ապացույցները,
վերաքննիչ բողոքին կցված չէ սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերը, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը,
վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին:
Գործի փաստաթղթերով հիմնավորված է, որ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 20.04.2007 վճիռը Մեսրոպ Գալոյանին առձեռն հանձնվել է 03.05.2007 թվականին, որի դեմ 18.05.2007 թվականին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի գրասենյակ` թիվ 1932 համարի տակ մուտքագրվել է Մեսրոպ Գալոյանի վերաքննիչ բողոքը:
Նույն օրվա` 18.05.2007 թվականի թիվ 869 և թիվ 870 գրանցման անդորրագրերով հաստատված է վերաքննիչ բողոքի օրինակները փոստային ծառայության միջոցով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան և գործով պատասխանող ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ուղարկված լինելու հանգամանքը, որպիսի պահանջը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի և 210-րդ հոդվածի պահանջներից: Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի օրինակը փոստային ծառայությանը հանձնելու պահից այն համարվում է պատշաճ ձևով ուղարկված, ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
Սույն գործի փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում անձն ունի դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Հետևաբար, Դատարանի նման մոտեցումը չի բխում անձի` սահմանադրական իրավունքների արդյունավետ իրականացման սկզբունքից:
Թերևս նման մոտեցում է որդեգրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որի վճիռներում բազմիցս նշվել է, որ պետությունները պետք է ապահովեն անձանց` դատական պաշտպանության տարրը հանդիսացող, դատական մատչելիության իրավունքը, որպիսի իրավունքի խախտումը հակասում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին:
Անձի իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմումատուի բողոքում նշված հիմքի առկայությունը բավարար է «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 08.07.2007 թվականի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 08.07.2007 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ