040.1199.261009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հոկտեմբերի 2009 թվականի N 1199-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՑԻԿԼՈՎ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 96 որոշմամբ հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ավարտել նախագծի հատուկ համալիր փորձաքննության աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության տնտեսական կայունացման և զարգացման ջանքերն ուժեղացնելու նպատակով ճապոնական փոխառության» վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով կնքված պայմանագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև 2005 թվականի մարտի 29-ին ստորագրված` Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի համար (ARM-P2) վարկային համաձայնագրով նախատեսված ֆինանսական միջոցները համարել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված բյուջետային երաշխիք` «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման լիցենզիայի տրամադրման համար:
4. Հաշվի առնելով Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային մրցույթի արդյունքները` էներգաբլոկի կառուցման աշխատանքների վերջնաժամկետ սահմանել 2010 թվականի ապրիլի 21-ը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի հոկտեմբերի 15-ի
N 1199-Ա որոշման
ԿԱԶՄ
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՑԻԿԼՈՎ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Սիմոնյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Գևորգյան - ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական
փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Մ. Ջալալյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի լիցենզավորված գործունեության
մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության
պետ (համաձայնությամբ)
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի
տեղական ինքնակառավարման վարչության պետ
Ա. Ալբերտյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային
ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության
վառելիքաէներգետիկ համալիրի ծրագրերի բաժնի պետ
Ս. Գլեչունց - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
իրավական ակտերի փորձաքննության վարչության
էլեկտրոնային տեղեկատվական բաժնի պետ
Ղ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
պետական հիգիենիկ համաճարակային տեսչության պետի
տեղակալ
Ա. Լալայան - Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և
քաղաքաշինության վարչության պետ (համաձայնությամբ)