Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՑԿՅԱՆՍ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՑԿՅԱՆՍ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

15 հոկտեմբերի 2009 թվականի N 43

 

15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՑԿՅԱՆՍ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության հայեցակարգին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 15-ի

նիստի N 43 արձանագրային

որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՑԿՅԱՆՍ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ

 

1. Ներածություն

 

Հայաստանի Հանրապետությունում մարդկային ռեսուրսներն ու մշակույթն ավանդաբար համարվել են երկրի հիմնական հարստությունն ու տնտեսության զարգացման գրավականը: Ներկայիս սոցիալ-տնտեսական ոչ նպաստավոր պայմաններում, որոնք սրվել են ընթացիկ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով, հանրապետության մարդկային ռեսուրսներն էլ ավելի են կարևորվում ստեղծված իրավիճակը հաղթահարելու և հետագա զարգացումն ապահովելու համար: Բնական խիստ սահմանափակ պաշարներ ունեցող Հայաստանի Հանրապետությունը պետք է օգտագործի և կատարելագործի իր մարդկային ռեսուրսները և ի ցույց դնի իր կրթամշակութային հաջողությունները: ԵՎ այդ գործընթացի իրականացման մեջ կրթության և ուսուցման համակարգի զարգացումը համարվում է երկրում իրականացվող քաղաքականության առաջնահերթ գերակայություններից մեկը:

Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից 2004 թվականին անցկացված ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ ոչ պետական կազմակերպությունների մուտքը զգալիորեն ընդլայնել ու հարստացրել է կրթական և ուսուցման ծառայությունների շուկան, իսկ հասարակական կազմակերպությունները կազմել են ուսուցում իրականացնող շուրջ 380 կազմակերպությունների գրեթե կեսը: ՈՒսումնասիրության անցկացման պահին առաջարկվող դասընթացների թվում գերակշռել են տեղեկատվական տեխնոլոգիաների, օտար լեզուների և արհեստների (օրինակ` ոսկերչություն, վարսահարդարություն, գորգագործություն և այլն) դասընթացները: Նման իրավիճակը ենթադրում է, որ պետությունը կրթություն և ուսուցում բոլոր իրականացնողների (անկախ դրանց սեփականության ու իրավական-կազմակերպական ձևերից) նկատմամբ պետք է դրսևորի հավասար վերաբերմունք` հիմնվելով որակի և դրանց գործունեության իրապես չափելի վերջնարդյունքների վրա: Պետությունը պետք է պատասխանատու լինի սոցիալապես անապահով (թերի կրթված, գործազուրկ, հաշմանդամ և այլ) խմբերին աջակցելու համար, մինչդեռ ներկայումս պետական աջակցությունը գերազանցապես ուղղված է ուսումնական հաստատություններին կամ կրթություն և ուսուցում իրականացնողներին, այլ ոչ այդ անհատներին կամ թիրախային խմբերին: Պետությունը պետք է ներմուծի մեծահասակների ուսումնառության և ընդհանրապես ցկյանս ուսումնառության կազմակերպման և այդ գործընթացի ֆինանսավորման նոր մեխանիզմներ: Պետական մարմինները, կազմակերպությունները, ինչպես նաև անհատներն ու ընտանիքները կարող են իրենց մասնակցությունը բերել այդ ֆինանսավորման մեխանիզմներին:

Հայեցակարգը պետք է հիմք ծառայի ՀՀ ցկյանս ուսումնառության բնագավառի օրենսդրական կարգավորման համար անհրաժեշտ նախաձեռնությունների /գործող իրավական ակտերում, այդ թվում` օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու և (կամ) նոր իրավական ակտեր, հնարավոր է նաև նոր օրենք ընդունելու/ համար:

 

2. Ցկյանս ուսումնառության հասկացությունը, ցկյանս ուսումնառության

համակարգի գործառույթները

 

2.1. Ցկյանս ուսումնառության հասկացությունը

 

Միջազգային պրակտիկայում ցկյանս ուսումնառությունը սահմանվում է, որպես «կյանքի ընթացքում եղած ուսումնական բոլոր գործողությունների ամբողջություն, որը նպատակ ունի կատարելագործել գիտելիքը, հմտություններն ու կարողությունները` անձնական, քաղաքացիական, սոցիալական և (կամ) աշխատանքային հեռանկարների համար»:

Ցկյանս ուսումնառությունը ներառում է ուսումնական գործունեության հետևյալ մոտեցումները`

ա. նպատակային ուսումնական գործունեություն, ինչը նպատակ ունի բարելավել վարքագիծը, տեղեկատվությունը, գիտելիքը, իմացությունը, վերաբերմունքը, արժեքները, կարողությունները կամ հմտությունները,

բ. շարունակական բնույթ ունեցող ուսումնական գործունեություն, ինչն իրենից ներկայացնում է ոչ թե պատահական կամ անկանոն, այլ շարունակականության և որոշակի տևողության տարրեր պարունակող գործընթաց: Այն իրականացվում է կազմակերպված և չունի տևողության ներքին սահման,

գ. ուսումնական գործունեություն` անկախ եղանակից (ֆորմալ կամ ոչ ֆորմալ), ինչը ներառում է ուսումնառության տարբեր տեսակներ (օրինակ` վարպետային ուսուցումը /աշակերտությունը/, աշխատանքի ընթացքում կամ դրանից դուրս կրթությունն ու ուսուցումը, ինքնակրթությունը, ընտանիքում ստացած դաստիարակությունը, դիտարկումների վրա հիմնված ակամա կերպով իրականացվող ուսումնառությունը և այլն),

դ. ֆինանսավորման աղբյուրից անկախ ուսումնական գործունեություն, որը կարող է ֆինանսավորվել պետության, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից,

ե. իրականացման ձևից անկախ ուսումնական գործունեություն, ինչը կարող է իրականացվել ավանդական կամ ժամանակակից եղանակների կիրառմամբ (օրինակ` տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների միջոցով):

ՈՒսումնական գործունեությունն իր մեջ ներգրավում է ողջ բնակչությանը, անկախ սեռից, տարիքից և աշխատաշուկայում զբաղեցրած դիրքից և`

ա) ներառում է կրթական և ուսուցման գործունեության գրեթե բոլոր տեսակները` սկսած նախադպրոցական կրթությունից մինչև կենսաթոշակառուների համար ժամանցային կրթությունը,

բ) չպետք է սահմանափակվի աշխատաշուկային միտված կրթության արդյունքներով:

Ցկյանս ուսումնառությունը պետք է ընկալվի իբրև գերիշխող հասկացություն` բաղկացած հետևյալ տարրերից`

1. Հիմնական կրթություն, որը ներառում է`

ա) հանրակրթությունը (նախադպրոցական կրթություն, տարրական կրթություն, հիմնական ընդհանուր կրթություն և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն),

բ) մասնագիտական կրթությունը (նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն, միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն):

2. Լրացուցիչ մասնագիտական կրթություն և ուսումնառություն.

3. Լրացուցիչ ոչ մասնագիտական ուսումնառություն (տարիքային բոլոր խմբերի համար` երեխաներ, պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ)

4. Ինֆորմալ կրթությունը, այդ թվում` ինքնակրթությունը:

Ընդ որում, առաջին բաղադրիչը սովորաբար իրականացվում է հիմնականում ֆորմալ կրթության եղանակով, երկրորդը` առավելապես ոչ ֆորմալ կրթության եղանակով` ֆորմալ կրթության որոշակի տարրերով, իսկ երրորդը` գերազանցապես ոչ ֆորմալ ուսումնառության եղանակով: Անձի ողջ կյանքի ու գործունեության ընթացքում ուսումնառության չորրորդ բաղադրիչն իրականանում է ինֆորմալ ուսումնառության եղանակով, ընդ որում այն իր ազդեցությունը կարող է ունենալ բաղադրիչներից յուրաքանչյուրի վրա:

Ցկյանս ուսումնառության իրականացման եղանակներն են`

Ֆորմալ ուսումնառություն (սովորաբար տրամադրվում է կրթական կամ ուսուցման հաստատությունների կողմից, ունի կառուցվածք (ուսումնառության նպատակների, ուսումնառության ժամկետների կամ ուսումնառությանը աջակցության տեսանկյունից) և հանգեցնում է ճանաչված դիպլոմի կամ որակավորման շնորհման).

Ոչ Ֆորմալ ուսումնառություն` (տրամադրվում է որևէ հիմնական (պաշտոնական) կրթական համակարգից և սովորաբար չի հանգեցնում պաշտոնական վկայագրման: Ոչ ֆորմալ ուսումնառությունը կարող է տրամադրել աշխատատեղում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և խմբերի գործունեության միջոցով (երիտասարդական կազմակերպություններ, արհմիություններ, քաղաքական կուսակցություններ): Այն կարող է տրամադրվել նաև այն կազմակերպությունների կամ ծառայությունների կողմից, որոնք ստեղծվել են ֆորմալ համակարգերը լրացնելու համար (օրինակ` արվեստի, երաժշտական և մարզական դասընթացներ կամ մասնավոր դասընթացներ, քննությունների նախապատրաստելու համար).

Ինֆորմալ ուսումնառություն` (բնականորեն զուգակցում է առօրյա կյանքը: Ի տարբերություն ֆորմալ և ոչ ֆորմալ ուսումնառության, ինֆորմալ ուսումնառությունը ոչ անպայման նպատակային է և կարող է անգամ գիտակցված չլինել անհատների կողմից որպես ներդրում նրանց գիտելիքների և հմտությունների զարգացմանը).

ՈՒսումնառության բոլոր եղանակները` ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ, պետք է համարվեն հավասարապես կարևոր: Պետք է ճանաչել և ընդունել, որ անձանց ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության գործունեությունը վճռական նշանակություն ունի անբարենպաստ պայմաններում գտնվող խմբերին ներառելու և ֆորմալ կրթություն չունեցողներին խրախուսելու համար:

Կրթական համակարգն և որպես գերակայության, և ֆինանսավորման տեսանկյունից պետք է հավասարակշռված լինի բոլոր չորս բաղադրիչներում (հիմնական, լրացուցիչ մասնագիտական, լրացուցիչ ոչ մասնագիտական, ինքնակրթություն) ու դրանց իրականացման եղանակներում (ֆորմալ, ոչ ֆորմալ, ինֆորմալ):

Հետևաբար, ցկյանս ուսումնառություն կարելի է ստանալ ուսումնական հաստատություններում, տանը, աշխատավայրում և ցանկացած այլ հասարակական վայրում: Այն սահմանափակված չէ տարիքի, սոցիալական կարգավիճակի և անհատի կրթության մակարդակի տեսանկյունից: Այս կերպ ցկյանս ուսումնառությունը պետք է դիտարկվի իբրև շարունակական և ծրագրված գործունեություն, որը նպաստում է գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, և վերջնական արդյունքում, անհատների, համայնքների և ողջ հասարակության մասնագիտական կրթական կարողությունների զարգացմանը:

 

2.2. Ցկյանս ուսումնառության գործառույթները

 

Ցկյանս ուսումնառության համակարգն իրականացնում է մի շարք հիմնական գործառույթներ, որոնցում խիտ միահյուսված են մի կողմից` սոցիալական, տնտեսական, քաղաքական, մյուս կողմից` կրթական խնդիրները: Այդ գործառույթներն են`

1) հանրակրթությանը և մասնագիտական կրթությանը նախապատրաստումը.

2) հասարակական գործունեության մեջ զանգվածների արդյունավետ մասնակցության ընդլայնումը.

3) անձի բազմակողմանի համամշակութային զարգացումը.

4) հիմնական կրթության կամ կրթության գործող համակարգի արդիականացումը.

5) գիտելիքների նվազագույն մակարդակի բարձրացումը.

6) ժամանցի և հանգստի խելամիտ կազմակերպումը.

7) սերունդների միջև կրթական և մշակութային տարբերությունների նվազեցումը.

8) շրջակա միջավայրին անհատի կենսական և սոցիալական հարմարվողականության աստիճանի բարձրացումը.

9) ինքնակրթության սկզբունքների ուսուցումը և ինքնակրթության ունակությունների ձևավորումը.

10) վերապատրաստման, որակավորման բարձրացման և վերաորակավորման դասընթացների կազմակերպումը, նորագույն տեխնոլոգիաների ուսուցումը:

Այս գործառույթները հաջողությամբ իրականացվում են ցկյանս ուսումնառության զարգացած համակարգ ու ավանդույթներ ունեցող մի շարք երկրներում, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում դրանց համար դեռևս պետք է ձևավորվեն ինչպես իրավական հիմքեր ու համապատասխան ենթակառուցվածքներ, այնպես էլ հասարակության համապատասխան վերաբերմունք և մտածողություն:

 

3. Ցկյանս ուսումնառության վիճակը Հայաստանի Հանրապետությունում

 

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (այսուհետ` ՄԱԶԾ) Մարդկային զարգացման ազգային զեկույցի (2006 թ.) համաձայն, Հայաստանում կրթության ոլորտի ցուցանիշները բարձր են. գրագիտությունը մեծահասակների շրջանում կազմում է 99,4%: Միևնույն ժամանակ երկրում չի անցկացվել հանրակրթական դպրոցներում աշակերտների ունակությունների բացահայտմանը նվիրված` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետազոտությունների հետ համադրելի որևէ հետազոտություն: Չի անցկացվել նաև մեծահասակների հմտությունների նմանօրինակ որևէ հետազոտություն, որը կբացահայտեր առկա լուրջ բացթողումները` ներհատուկ անգամ ամենազարգացած տնտեսություններին: Գրագիտության բարձր մակարդակը Հայաստանում նշանակում է համեմատական առավելություն հետագա կրթության, ուսուցման և ցկյանս ուսումնառության տեսանկյունից:

Ինչ վերաբերում է աշխատողների հմտություններին և որակավորմանը, ապա ՄԱԶԾ-ի` գործարար միջավայրին նվիրված 2005 թ. ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանում աշխատուժի մեծ մասը զբաղված է տնտեսության աշխատատար ճյուղերում, որտեղ պահանջվում են պարզ հմտություններ:

Այնուամենայնիվ, գործատուներին մտահոգում են մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի և մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների որակավորումների ոչ բավարար մակարդակը, հատկապես նրանց վերլուծական և խնդիրներ լուծելու կարողությունների, շփման, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների հետ կապված հմտությունների տեսանկյունից և այլն:

 

3.1. Ցկյանս ուսումնառության համակարգի կառուցվածքը

 

Սույն հայեցակարգի 2.1 բաժնում ներկայացված կառուցվածքի համաձայն` ցկյանս ուսումնառության համակարգը Հայաստանի Հանրապետությունում հիմնականում հիմնված է ֆորմալ կրթության համակարգի վրա, որը ներառում է.

1) հանրակրթությունը, այդ թվում`

ա. նախադպրոցական կրթությունը.

բ. տարրական ընդհանուր կրթությունը.

գ. հիմնական ընդհանուր կրթությունը.

դ. միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունը.

ե. հատուկ ընդհանուր կրթությունը:

2) մասնագիտական հիմնական կրթական ծրագրերը`

ա. նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունը.

բ. միջին մասնագիտական կրթությունը.

գ. բարձրագույն մասնագիտական կրթությունը.

դ. հետբուհական մասնագիտական կրթությունը:

Միաժամանակ, յուրաքանչյուր վերոնշյալ կրթական մակարդակի համար «Կրթության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է նաև լրացուցիչ կրթություն:

Կրթության վերոնշյալ բոլոր մակարդակները կարգավորվում են ՀՀ համապատասխան օրենքներով`

ա. «Նախադպրոցական կրթության մասին» (2005 թ.),

բ. «Հանրակրթության մասին» (2009 թ.),

գ. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» (2005 թ.),

դ. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» (2004 թ.), որոնց հիմքում ընկած է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (1999 թ.):

Բացի այդ, ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կրթության և ուսուցման ոլորտի կարգավորմանն անմիջականորեն առնչվում են մի շարք այլ օրենքներ, որոնցից հատկապես կարևորագույն նշանակություն ունեն`

ա. «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (2001),

բ. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (2001 թ.),

գ. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (2001 թ.):

դ. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (2005 թ.),

ե. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը 2002 թ.):

Ցկյանս ուսումնառության համակարգի կարևորագույն բաղադրիչներից է գործազուրկների` ոչ ֆորմալ հանդիսացող, մասնագիտական ուսուցումը, որը կարգավորվում է «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (2005 թ.):

Ոչ ֆորմալ ուսումնառության օրինակներ են`

- կազմակերպություններում աշխատողների համար իրականացվող վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացները.

- մասնագիտական ու ոչ մասնագիտական ուսուցման դասընթացները, որոնք իրականացվում են ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային կազմակերպություններում, այդ թվում` պետական ուսումնական հաստատություններում.

- տարբեր միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի կողմից իրականացվող թիրախային դասընթացները, այդ թվում` բարեգործական բնույթի.

- տարաբնույթ նախապատրաստական դասընթացները, այդ թվում` մասնավոր կրկնուսույցների գործունեությունը:

Այսպիսի դասընթացներում ընդգրկվածների հաշվառում Հայաստանի Հանրապետությունում չի տարվում, սակայն որոշ փորձագիտական տվյալների համաձայն` նրանց թիվը տարեկան հասնում է մի քանի տասնյակ հազարի: Միաժամանակ, այս դաշտը Հայաստանի Հանրապետությունում գործնականում կարգավորված չէ որևէ իրավական ակտով:

Ցկյանս ուսումնառության համակարգի բաղադրիչներ են նաև մասնագիտական ու ոչ մասնագիտական ուսումնական գործունեության բազմաթիվ այլ տեսակներ, որոնք ֆորմալ ու ոչ ֆորմալ կրթության և ուսուցման վերը նշված տեսակներին զուգահեռաբար, Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են բազմաթիվ կազմակերպությունների ու անհատների կողմից, ինչպես նաև քաղաքացիների ինքնակրթության միջոցով (ինֆորմալ ուսումնառություն):

Այսպիսով, խոսելով Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության համակարգի մասին, անհրաժեշտ է նկատի ունենալ ուսումնառության բոլոր տեսակները` ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ, մասնագիտական և ոչ մասնագիտական` ներառյալ ինչպես տարբեր կազմակերպությունների ու անհատների կողմից մատուցվող ծառայությունները, այնպես էլ անձանց ինքնակրթությունը: Այս դաշտում չկարգավորվածության տեսանկյունից հատկապես առանձնանում է ոչ ֆորմալ կրթությունը, որի արդյունքների գնահատման համար գործնականում բացակայում է նաև պետական քաղաքականությունը:

 

3.2. Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառում իրականացված վերջին բարեփոխումները

 

Վերջին տարիներին Հայաստանի կրթական համակարգում իրականացվել են մի շարք բարեփոխումներ, որոնք հիմնականում ուղղած են եղել պետական ուսումնական հաստատությունների` հանրակրթական դպրոցների, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների ու ուսումնանյութական բազայի բարելավմանը, դրանցում իրականացվող կրթության բովանդակության համապատասխանության ու դասավանդման որակի բարձրացմանը, համակարգի կառավարման ու հաստատությունների ղեկավարման արդյունավետության բարձրացմանը: Այս բարեփոխումներն իրականացվել են ինչպես ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների, այնպես էլ միջազգային ու արտասահմանյան դոնոր-կազմակերպությունների հաշվին:

Ընդունվել են ռազմավարական ու հայեցակարգային բնույթի մի շարք փաստաթղթեր`

- Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությունը (2004 թ.),

- Բարձրագույն և հետբուհական կրթության հայեցակարգը (2004 թ.),

- Մեծահասակների կրթության հայեցակարգը և ռազմավարությունը (2005 թ.),

- Հայաստանի Հանրապետությունում ոչ ֆորմալ կրթության հայեցակարգը (2006 թ.),

- Կայուն զարգացման ծրագիրը (2008 թ.),

- ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացման հայեցակարգը (2008 թ.) և Հայաստանում մասնագիտական կրթության բարեփոխումների 2009-2011 թթ ծրագիրն ու ժամանակացույցը,

- ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգը (2009 թ.):

Վերոնշյալ փաստաթղթերն այս կամ այն կերպ անդրադառնում են Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության գաղափարախոսության ու համակարգի ներդրման անհրաժեշտությանը, իսկ Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությունը բարեփոխումների խնդիրներից մեկը սահմանում է հետևյալ կերպ. «ՈՒսուցումը ողջ կյանքի ընթացքում, որը ներառում է աշխատուժի գիտելիքների և հմտությունների ցանկացած տեսակի հարմարեցում կամ թարմացում, որոնք պահանջվում են աշխատողներից` աշխատանքը պահպանելու կամ գործազուրկներից` աշխատանքի անցնելու համար: Աշխատուժը պետք է հնարավորություն ունենա սովորելու իր աշխատանքային ողջ կյանքի ընթացքում` ըստ իր ցանկության և և (կամ) աշխատանքային շուկայի պահանջների»:

Այնուամենայնիվ, վերը թվարկված իրավական ակտերից կամ ռազմավարական փաստաթղթերից որևէ մեկը չի սահմանում կամ առաջարկում հստակ նորմեր` ուղղված Հայաստանում ցկյանս ուսումնառության ոլորտում պետական քաղաքականությանն ու երաշխիքներին, կազմակերպմանն ու իրականացմանը կամ այս բնագավառի այլ հարցերին: Ստեղծվել են կրթության կառավարման, մեթոդական աջակցության և որակի ապահովման կառույցներ, ինչպիսիք են`

ա. Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (2008 թ.),

բ. Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը (2008 թ.),

գ. Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (2008 թ.):

Սակայն, անհրաժեշտ է նշել, որ այս բարեփոխումները բացառապես ուղղված են եղել ֆորմալ կրթության համակարգին և ներառել են հիմնականում պետական ուսումնական հաստատությունների ցանցը:

 

4. Ցկյանս ուսումնառության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման

ուղիները

 

4.1. Ցկյանս ուսումնառության ոլորտի հիմնախնդիրները

 

Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության առկա հիմնախնդիրները պայմանավորված են մի շարք գործոններով, որոնցից իրենց ազդեցությամբ հատկապես առանձնանում են`

- ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գիտական ու տեխնոլոգիական արագընթաց փոփոխությունները,

- Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը,

- հանրապետությունում աշխատաշուկայի ընթացիկ և կանխատեսվող պահանջների վերաբերյալ տվյալների անբավարարությունը,

- ցկյանս ուսումնառության ներդրման ու զարգացման համար անհրաժեշտ պայմանների (այդ թվում` իրավական դաշտի, ենթակառուցվածքների, մասնագիտական և մեթոդական ապահովման, պետության ու հասարակության անհրաժեշտ վերաբերմունքի) անբավարարությունը,

- ոչ ֆորմալ կրթության (ուսումնառության) համակարգի ոչ բավարար ձևավորվածությունը,

- կրթական համակարգի ոչ բավարար ճկունությունը,

- ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքում ձեռք բերված գիտելիքների ու կարողությունների ճանաչման մեխանիզմների բացակայությունը,

- անբավարար ֆինանսավորումն ու առկա ռեսուրսների ոչ միշտ արդյունավետ օգտագործումը,

- ցկյանս ուսումնառության խնդիրներին հասարակության տեղեկացված և հոգեբանորեն նախապատրաստված չլինելը,

- ցկյանս ուսումնառության խնդիրների իրազեկման աշխատանքների և համապատասխան քաղաքականության բացակայությունը:

Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության գլխավոր հիմնախնդիրներն են

1) Ցկյանս ուսումնառության ոլորտի կառավարման անկատարությունը.

Ցկյանս ուսումնառության մասին լիարժեք օրենսդրության, մասնավորապես Մեծահասակների կրթության մասին օրենքի բացակայության պայմաններում Հայաստանում ներկայումս ըստ էության բացակայում է.

- ոլորտի պետական կառավարման որոշակի միասնական համակարգը,

- ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության պետականորեն ճանաչման համակարգը և մեխանիզմները

- քաղաքացիների ողջ կյանքի ընթացքում կրթություն և ուսուցում ստանալու երաշխիքները և պետության պարտավորությունները այդ գործընթացում

Կենտրոնացումը, մասնատվածությունը և ռեսուրսների ոչ միշտ արդյունավետ օգտագործումը (ինչպես նաև այլ գործոններ) բարդացնում ու հակասական են դարձնում ներկա իրավիճակը, ինչն էլ ավելի է խոչընդոտում կրթություն և ուսուցում իրականացնող հաստատությունների ընդհանուր համակարգի բարելավումը:

2) Ցկյանս ուսումնառության անբավարար ֆինանսավորումը.

Եթե ֆորմալ կրթության բնագավառում (հանրակրթություն և մասնագիտական կրթություն) այս խնդրին այս կամ այն չափով կարգավորված է, ապա ցկյանս ուսումնառության այլ ոլորտներում այն անկատար է և կարիք ունի լուրջ օրենսդրական կարգավորման և տարբեր աղբյուրներից (պետություն, միջազգային կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, գործատուներ, անհատներ և այլն) ֆինանսական ու նյութական միջոցների մեծածավալ ներդրումների:

3) Ցկյանս ուսումնառության ապահովման թույլ ենթակառուցվածքները

Ցկյանս ուսումնառության ոլորտում (բացառությամբ հանրակրթության և մասնակիորեն` մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի) մինչ այժմ էլ որոշված և լիարժեք ձևավորված չեն կրթություն և ուսուցում մատուցող ենթակառուցվածքները:

Շատ տեղերում կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները չունեն պահանջվող ժամանակակից նյութատեխնիկական բազա, նորացված ուսումնամեթոդական փաստաթղթեր, ձեռնարկներ, երաշխավորություններ, ուսուցումն իրականացնում են հին դասագրքերով, ձեռնարկներով կամ դասավանդողների կողմից մշակված ուսումնական նյութերով, որոնք հաճախ չեն համապատասխանում ուսուցանվողների կամ աշխատաշուկայի պահանջներին: Թույլ է զարգացած տեղեկատվական համակարգը և հասարակության լայն խավերից շատ քչերն են օգտվում էլեկտրոնային ուսուցման հնարավորություններից:

Ցածր է ցկյանս ուսումնառության ոլորտում ընդգրկված դասավանդողների մասնագիտական որակական հատկանիշները, իսկ նրանց վերապատրաստման կամ որակավորման բարձրացման դասընթացներ կազմակերպող կառույցները դեռևս լիարժեք ձևավորված չեն, ինչն ի վերջո հանգեցնում է ուսուցման ոչ բավարար արդյունքների: Մտահոգիչ հանգամանք է նաև դասավանդողների միջին բարձր տարիքը (55 տարեկան):

4) Որակավորումների ազգային շրջանակի բացակայությունը:

Թեև Հայաստանի Հանրապետությունում արդեն շուրջ երեք տարի է, ինչ աշխատանքներ են տարվում Որակավորումների եվրոպական շրջանակին համադրելի` Որակավորումների ազգային շրջանակ մշակելու ու ներդնելու ուղղությամբ, սակայն վերջինս դեռևս բացակայում է, իսկ հանրապետության աշխատաշուկայում գոյություն ունեցող զբաղմունքների նկարագրերը և կրթական համակարգի շրջանավարտների որակավորումների բնութագրերը լիարժեք չեն բավարարում միջազգային, և հատկապես եվրոպական, պահանջներին: Դրանք միանշանակ չեն կարող հիմք հանդիսանալ որակավորումների փոխճանաչման համար, քանի որ այս որակավորումների` գիտելիքների և հմտությունների նկատմամբ պահանջները ամրագրված չեն որևէ օրենքում, իրավական ակտերում կամ մեթոդաբանական փաստաթղթում և պայմանավորված չեն աշխատաշուկայի պահանջարկով: Այսպիսի իրավիճակը հանգեցնում է անորոշության` կապված մասնագիտական ուսուցման պահանջների հետ, ինչպես նաև կրթության ցածր մակարդակի, որը ամբողջությամբ չի բավարարում աշխատաշուկայի պահանջարկը և խոչընդոտում է զբաղվածության մակարդակի աճը և առհասարակ տնտեսական զարգացումը:

5) Ցկյանս ուսումնառության վերաբերյալ վիճակագրության բացակայությունը.

Վիճակագրության ներկայիս մեթոդաբանությունը և դրա հիման վրա կատարված ուսումնասիրություններն ու դրանց վերլուծությունները հաճախ չեն բավարարում ներկայացվող պահանջներին, իսկ միջազգային լավագույն փորձը և չափորոշիչները դեռևս լայնորեն չեն օգտագործվում հասարակության մեջ:

6) Կրթական համակարգի չափազանց կենտրոնացումը.

Հայաստանի Հանրապետության ներկայիս կրթական համակարգը խիստ կենտրոնացված է: Դրա արդյունքում ցկյանս ուսումնառության ոլորտում բավարար զարգացած չէ սոցիալական գործընկերությունը և սոցիալական երկխոսությունը, որոնց ձևավորման համար անհրաժեշտ են մեծ թվով գործընկերների` կառավարության, սոցիալական գործընկերների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակության լայն խավերի համագործակցություն: Դրան չի նպաստում նաև գործող օրենսդրությունը, որը բավարար ճկուն չէ և չի հասցնում արագորեն արձագանքել փոփոխվող սոցիալ-տնտեսական պայմաններին: Միաժամանակ, կրթական գործընթացը դեռևս ուսանողակենտրոն չէ և հաճախ բխում է ֆորմալ պահանջների վրա հիմնված մոտեցումներից:

7) Միջազգային համագործակցության անբավարարությունը.

Թույլ է զարգացած միջազգային համագործակցությունը և համեմատաբար ցածր է միջազգային փորձագետների ներգրավվածության աստիճանը ցկյանս ուսումնառության ոլորտում: Բավարար հիմքերի վրա չի դրված նաև օտարերկրյա ու միջազգային դոնոր-կազմակերպությունների ու տեղական ներդրողների գործունեության համակարգումը:

 

4.2. Ցկյանս ուսումնառության ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման ուղիները

 

Ցկյանս ուսումնառության ոլորտում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը`

1) կրթության բնագավառում պետական հովանավորության մեծացում, մասնագիտական կրթության համակարգի աստիճանական ապակենտրոնացում և պետության ուղղակի միջամտության նվազեցում,

2) ցկյանս ուսումնառության ոլորտում տեղական, տարածքային և ինստիտուցիոնալ ինքնավարության սահմանում,

3) սոցիալական գործընկերության զարգացում, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների առավել ներգրավում ցկյանս ուսումնառության համակարգի կառավարման գործընթացում.

4) ցկյանս ուսումնառության իրականացման մշտադիտարկման (այսուհետ` մոնիթորինգ) համակարգի և տվյալների ազգային բազայի ձևավորում.

5) ցկյանս ուսումնառության ոլորտում ներդրումների ծավալների կտրուկ մեծացում.

6) Որակավորումների ազգային շրջանակի, նախընթաց ուսումնառության (ներառյալ դրա բոլոր ձևերը) արդյունքների ճանաչման ու վկայագրման մեխանիզմի մշակում և ներդրում, համապատասխան կառույցների ձևավորում.

7) մասնակցություն զանազան միջազգային ծրագրերին ու ցանցերին, առավել լայն համագործակցություն համապատասխան կառույցների հետ.

8) վիճակագրական, մոնիթորինգի, գնահատման նոր չափորոշիչների մշակում և ներդրում.

9) ցկյանս ուսումնառության ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործում, դրա ծածկույթի ընդլայնում.

10) ուսանողակենտրոն համակարգի ձևավորում.

11) անհատի ինքնադրսևորմանն ուղղված կրթության կազմակերպում.

12) հասարակության մշակութային կրթության ապահովում.

13) կրթական գործունեության բոլոր ձևերի խրախուսում.

14) նախընթաց կրթության արդյունքների ճանաչում.

15) մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում կրեդիտային համակարգի աստիճանական ներդրում.

16) ցկյանս ուսումնառության կազմակերպման և իրականացման միջազգային փորձի շարունակական ուսումնասիրում:

 

4.3. Ցկյանս ուսումնառության հիմնական սկզբունքներն ու հասկացությունները

 

Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության հիմնական սկզբունքներն են.

1) գերակայության սկզբունք (բազմակողմանի ներդաշնակ զարգացած անձ ձևավորելու ընդհանուր նպատակին հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել, կիրառել կրթության և ուսուցման տարբեր ձևերը, բովանդակությունը, մեթոդներն ու միջոցները).

2) անձի ինքնադրսևորման սկզբունք (հաշվի է առնում ուսումնառողի ակտիվությունը, այն է` ուսումնառողը հիմնականում ինքն է ուղղորդում իր ուսումնառության գործընթացը).

3) անընդմեջության ու շարունակականության սկզբունք (կրթություն ստանալու անհրաժեշտությունը չպետք է սահմանափակվի տարիքով կամ կրթական մակարդակով, թեկուզ ամենաբարձր: Այս սկզբունքը համաձայն մարդու ունակություններն այս կամ այն ձևով զարգացնելու հնարավորություն ստեղծելը նպատակահարմար է, որպեսզի մարդու ողջ կյանքի ընթացքում բավարարվի ճանաչողական պահանջը).

4) ժողովրդավարության սկզբունք (բոլոր քաղաքացիները պետք է ունենան կրթություն ստանալու հավասար իրավունք և հավասար չափով օգտվեն այն առավելություններից, որոնք տալիս է կրթությունը: Ընդունելության կանոնների և ընթացակարգերի միջոցով սահմանվող դրույթների պարզեցումը կնպաստի կրթական գործունեության հետագծին առանց բացառության հասարակության բոլոր անդամների միանալուն).

5) համընդգրկունության սկզբունք (ցկյանս ուսումնառությունը հնարավոր է միայն հասարակության բոլոր կրթական ռեսուրսների համախմբման և դրանք դաստիարակչական կրթական նպատակներով գործարկման դեպքում).

6) նախապատրաստման կամ հաջորդականության ապահովման սկզբունք (ցկյանս ուսումնառության զանգվածայնությունը հնարավոր է ապահովել միայն այն դեպքում, երբ բնակչության մեծ մասը պատրաստ է մասնակցել դրան).

7) ամբողջականության սկզբունք (մարդու ուսումնառության յուրաքանչյուր փուլը դիտվում է որպես ընդհանուր կրթական գործընթացի մի օղակ, ուր մի կողմից հարստանում են նախորդ փուլերում ձեռք բերված գիտելիքներն ու կարողությունները, իսկ մյուս կողմից` հիմք է ստեղծվում հաջորդ փուլերում ուսումնառելու համար).

8) պարբերական վերականգնման և դիսկրետ իրացման սկզբունք (ուսումնառության անընդմեջությունը գոյանում է ուսումնառության դիսկրետ փուլերից` դրա համար հատուկ ստեղծված ձևերով, որոնք ընդմիջվում ու լրացվում են ինքնակրթությամբ).

9) ինքնակամ մասնակցության սկզբունք (ցկյանս ուսումնառության գործընթացում ցանկացած պարտադրանք անընդունելի է և կարող է կրթության հանդեպ հակառակ, խիստ բացասական վերաբերմունք առաջացնել, հանգեցնել սոցիալական լուրջ կորուստների).

10) պատասխանատվության սկզբունք (հասարակությունը պարտավոր է գործի դնել նյութական և բարոյական խթանման բոլոր հնարավոր մեխանիզմները` կրթությունը և ինքնակրթությունը շարունակելու կայուն մոտիվացում ստեղծելու համար: Խթանման միջոցներ կարող են լինել, օրինակ` ուսման համար վճարովի արձակուրդի տրամադրումը, սոցիալական, մասնագիտական և ծառայողական աճի հնարավորության ապահովումը այն անձանց համար, որոնք զգալիորեն բարձրացրել են իրենց կրթամշակութային և մասնագիտական մակարդակը և այլն).

11) կոնկրետ կրթական պահանջմունքների կոնկրետ բավարարման սկզբունք (ցկյանս ուսումնառության համակարգի շրջանակներում կրթական ցանկացած գործունեության նպատակ սահմանելիս պետք է առավելագույնս հաշվի առնել կոնկրետ անձի պահանջմունքները, ներդաշնակորեն զուգակցելով հասարակության ու անհատի հետաքրքրությունները).

12) համակարգման սկզբունք (հռչակում է ցկյանս ուսումնառության համակարգի բոլոր օղակների հավասարակշիռ, մտածված ինտեգրման անհրաժեշտությունը միասնական համալիրում և ողջ հասարակության ջանքերի համակարգման անհրաժեշտությունն այդ ուղղությամբ).

13) հաջորդական ինստիտուցիոնալացման սկզբունք (նոր, առաջադիմական կրթական ձևերը, որոնք մշակված ու ստուգված են գործնականում և ապացուցել են իրենց կենսունակությունն ու արդյունավետությունը, հետզհետե պետք է ներգրավվեն ցկյանս ուսումնառության ենթակառուցվածքի մեջ, ընդլայնելով հասարակության կրթական զինանոցը).

14) բազմազանության սկզբունք (ենթադրում է ցկյանս ուսումնառության համակարգի տարբեր մակարդակների համար նոր ձևերի, մեթոդների, միջոցների մշակման, փորձարկման ու ներդրման լայն ստեղծագործական նախաձեռնության ապահովում).

15) ցկյանս ուսումնառության համակարգի կառուցվածքային և կազմակերպական ճկունության սկզբունք (ենթադրում է ցկյանս ուսումնառության համակարգի տարբեր մակարդակների համար բովանդակության և կառավարման մոտեցումների մշակման, փորձարկման ու ներդրման լայն ստեղծագործական նախաձեռնության ապահովում).

16) համապատասխանության սկզբունք (կարևորում է ուսումնառության արդյունքների նշանակալիությունը անձի համար).

17) ընտրականության սկզբունք (ուսումնառուն ազատ է ուսումնական ծրագրեր, ձևեր ու տեսակներ ընտրելիս, կարող է ստանալ խորհրդատվություն ինքնուրույն կողմնորոշվելու համար):

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.10.2009
N 43
Արձանագրային որոշում