Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ N 87 «ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

22 հոկտեմբերի 2009 թվականի N 44

 

i

7. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ N 87 «ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», N 138 «ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԻ ՄԱՍԻՆ», N 182 «ԵՐԵԽԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆ ՁԵՎԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ (ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ 2006-2009 ԹԹ.) ԵՎ N 160 «ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ (ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ 2005-2009 ԹԹ.) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգի 12-րդ կետին համապատասխան հաստատել`

1. ԱՄԿ N 87 «Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին» կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցը (հաշվետու ժամանակաշրջան 2006-2009 թթ.)` համաձայն N 1 հավելվածի:

2. ԱՄԿ N 138 «Նվազագույն տարիքի մասին» կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցը (հաշվետու ժամանակաշրջան 2006-2009 թթ.)` համաձայն N 2 հավելվածի:

3. ԱՄԿ N 182 «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցը (հաշվետու ժամանակաշրջան 2006-2009 թթ.)` համաձայն N 3 հավելվածի:

4. ԱՄԿ N 160 «Աշխատանքի վիճակագրության մասին» կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցը (հաշվետու ժամանակաշրջան 2005-2009 թթ.)` համաձայն N 4 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 22-ի

նիստի N 44 արձանագրային

որոշման

 

ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑ ԱՄԿ «ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1948 ԹՎԱԿԱՆԻ N 87 ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

/հաշվետու ժամանակաշրջան 2006-2009/

 

«Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության 87 կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2005 թվականի մարտի 22-ին, ուժի մեջ է մտել 2007 թվականի հունվարի 2-ին:

I. Կոնվենցիայի դրույթները ամրագրված են հետևյալ իրավական ակտերում`

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին, փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով:

2. ՀՀ աշխատանքային օրենսգիրք` ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին, փոփոխվել է` ՀՕ-140-Ն 03.08.2005 թ., ՀՕ-210-Ն 25.11.2005 թ., ՀՕ-22-Ն 14.01.06 թ., ՀՕ-23-Ն 14.10.2006 թ., ՀՕ-39-Ն 27.02.2006 թ.:

3. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին:

4. ՀՀ քրեական օրենսգիրք, ընդունվել է 2003 թվականի ապրիլի 18-ին:

5. «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ընդունվել է 2000 թվականի դեկտեմբերի 5-ին, փոփոխվել է «ՀՕ-171-Ն 13.11.2006 թ.»:

6. «Գործատուների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ընդունվել է 2007 թվականի փետրվարի 27-ին:

 

Այլ օրենքներ և իրավական ակտեր

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում` արհեստակցական միություններ կազմելու և դրանց անդամագրվելու իրավունք:

Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք:

Կուսակցություններ և արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են սահմանափակվել զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և սահմանադրական դատարանի անդամի նկատմամբ:

Մարդուն չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ կուսակցության կամ միավորման:

Միավորումների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` դատական կարգով:

 

Բաժին I. ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 1

 

Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որի նկատմամբ սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պարտավորվում է գործադրել ներքոհիշյալ դրույթները:

 

Հոդված 2

 

Աշխատողները և գործատուները, առանց որևէ տարբերության, իրավունք ունեն իրենց ընտրությամբ ստեղծելու կազմակերպություններ, ինչպես նաև անդամակցելու այդպիսի կազմակերպություններին` վերջիններիս կանոնադրություններին ենթարկվելու միակ պայմանով, առանց նախնական թույլտվության:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն գործատուները և աշխատողներն իրենց իրավունքների ու շահերի պաշտպանության և ներկայացման նպատակով կարող են օրենքով սահմանված կարգով իրենց կամքով ազատորեն միավորվել` ստեղծելով արհեստակցական ու գործատուների միություններ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 23-ի համաձայն աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնել և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանել կարող են արհեստակցական միությունները:

Կազմակերպությունում արհեստակցական միության բացակայության դեպքում աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից աշխատողների ներկայացուցչության և շահերի պաշտպանության գործառույթները կարող են փոխանցվել համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը: Այդ դեպքում աշխատողների ժողովը (համաժողովը) ընտրում է ներկայացուցիչ (ներկայացուցիչներ), որը ճյուղային կամ տարածքային արհեստակցական միության պատվիրակության կազմում մասնակցում է տվյալ գործատուի հետ վարվող կոլեկտիվ բանակցություններին:

Միևնույն անձը միաժամանակ չի կարող ներկայացնել աշխատողների և գործատուների շահերն ու պաշտպանել դրանք:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն գործատուները, աշխատողները և նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ և ողջամիտ: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է:

Աշխատանքային իրավունքների իրականացմամբ և պարտականությունների կատարմամբ չպետք է խախտվեն այլ անձանց` օրենքներով պաշտպանվող իրավունքներն ու շահերը:

Աշխատողներին արհեստակցական միություններում միավորվելուն խոչընդոտելն արգելվում է:

«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածի համաձայն արհեստակցական կազմակերպությունը հիմնադրվում է նրա հիմնադիրների (առնվազն 3 աշխատողի) նախաձեռնությամբ հրավիրված հիմնադիր ժողովի (համաժողովի, համագումարի) որոշմամբ:

Հիմնադիր ժողովը հաստատում է կազմակերպության կանոնադրությունը, ընտրում է ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններ:

Երկու և ավելի արհեստակցական կազմակերպություններ և (կամ) արհեստակցական կազմակերպությունների միություններ իրենց ներկայացուցիչների ժողովի (համաժողովի, համագումարի) որոշմամբ կարող են հիմնադրել արհեստակցական կազմակերպությունների մեկ միություն` հաստատելով նրա կանոնադրությունն ու ընտրելով ղեկավար ու վերահսկողություն իրականացնող մարմիններ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 27-րդ հոդվածի և «Գործատուների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն կազմակերպության կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերություններում որպես գործատուի ներկայացուցիչ հանդես է գալիս կազմակերպության ղեկավարը (տնօրեն, գլխավոր տնօրեն, նախագահ և այլն): Օրենքով կամ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում կամ իրենց լիազորությունների սահմաններում գործատուներին կարող են ներկայացնել նաև այլ անձինք:

Գործատուն իրավունք ունի աշխատանքային իրավունքի բնագավառի իր լիազորությունները կամ դրանց մի մասը փոխանցելու քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց:

Հանրապետական, ճյուղային և տարածքային մակարդակների կոլեկտիվ հարաբերություններում որպես գործատուների ներկայացուցիչ հանդես է գալիս գործատուների համապատասխան միությունը:

Գործատուների միությունը ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձ է, որը միավորում է գործատու կազմակերպություններին և գործատու քաղաքացիներին: Միության անդամ գործատու կազմակերպությունները միությունում ներկայացվում են իրենց լիազոր ներկայացուցիչների միջոցով:

Հայաստանի Հանրապետության աշխատողների առանձին խմբերի համար արհեստակցական միավորումներ ստեղծելու վերաբերյալ հատուկ օրենսդրական դրույթներ բացակայում են, մասնավորապես պետական հիմնարկների և կազմակերպությունների համար:

 

Հոդված 3

 

1. Աշխատողների և գործատուների կազմակերպություններն իրավունք ունեն մշակելու իրենց կանոնադրություններն ու կանոնակարգերը, ազատորեն ընտրելու իրենց ներկայացուցիչներին, կազմակերպելու իրենց վարչակազմն ու գործունեությունը և կազմելու իրենց ծրագրերը:

2. Պետական մարմինները պետք է ձեռնպահ մնան որևէ միջամտությունից, որը սահմանափակում է այդ իրավունքը կամ խոչընդոտում է դրա օրինական իրականացմանը:

Արհեստակցական միությունն «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի համաձայն անկախ է պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, այլ կազմակերպություններից և կուսակցություններից, նրանց հաշվետու չէ և նրանց կողմից վերահսկողության ենթակա չէ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, գործատուներին, այլ կազմակերպություններին և ֆիզիկական անձանց արգելվում է խոչընդոտել կամ միջամտել արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված իրավունքների իրականացմանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Գործատուների միություններն «Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն իրենց գործունեությունն իրականացնում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, արհեստակցական միություններից, քաղաքական կուսակցություններից և այլ կազմակերպություններից անկախ:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և նրանց պաշտոնատար անձանց արգելվում է միջամտել գործատուների միությունների գործունեությանը:

Գործատուների միությունները միմյանց հետ փոխհարաբերությունները որոշում են իրենք` իրենց կանոնադրությունների և ղեկավար մարմինների որոշումների համաձայն:

 

Հոդված 4

 

1. Աշխատողների և գործատուների կազմակերպությունները ենթակա չեն լուծարման կամ ժամանակավոր արգելման վարչական մարմնի կողմից:

Վարչական մարմնի կողմից լուծարման կամ ժամանակավոր արգելման վերաբերյալ օրենսդրություն չկա:

 

Հոդված 5

 

1. Աշխատողների և գործատուների կազմակերպություններն ունեն դաշնություններ և համադաշնություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունք, և յուրաքանչյուր այդպիսի կազմակերպություն, դաշնություն կամ համադաշնություն իրավունք ունի անդամակցելու աշխատողների և գործատուների միջազգային կազմակերպություններին:

«Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն գործատուների միությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իրենց կանոնադրություններին համապատասխան, կարող են համագործակցել միջազգային ու այլ երկրների գործատուների միությունների հետ, ինչպես նաև մասնակցել (անդամակցել) գործատուների միջազգային միություններին:

Նույն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն գործատուների միություն կարող է ստեղծվել հիմնադրվելու կամ գոյություն ունեցող գործատուների միության (միությունների) վերակազմակերպման (բաժանման, առանձնացման, միացման, միաձուլման) միջոցով:

Հիմնադրման միջոցով գործատուների միություն ստեղծելու համար մեկից ավելի գործատուները և (կամ) գործատուների լիազոր ներկայացուցիչները հիմնադիր ժողովում որոշում են ընդունում գործատուների միություն հիմնադրելու, գործատուների միության կանոնադրությունը հաստատելու, միության կանոնադրությամբ նախատեսված մարմիններն ընտրելու և գործատուների միությունը պետական գրանցման ներկայացնելու մասին:

Գործատուների միությունը ստեղծված է համարվում նրա պետական գրանցման պահից:

«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով արհեստակցական միությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու արհեստակցական միության կանոնադրությանը համապատասխան կարող է համագործակցել միջազգային և այլ երկրների արհեստակցական միությունների ու այլ հասարակական միավորումների հետ, ինչպես նաև մասնակցել (անդամակցել) միջազգային և այլ երկրների արհեստակցական միություններին:

 

Հոդված 6

 

2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթները կիրառվում են աշխատողների և գործատուների կազմակերպությունների դաշնությունների և համադաշնությունների նկատմամբ:

Նշված հոդվածների դրույթները կիրառվում են, հատուկ դրույթներ նախատեսված չեն:

 

Հոդված 7

 

Աշխատողների և գործատուների կազմակերպությունների, նրանց դաշնությունների և համադաշնությունների կողմից իրավաբանական անձի կարգավիճակի ձեռքբերումը չի կարող ենթակա լինել այնպիսի պայմանների, որոնք ունեն 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթների կիրառումը սահմանափակող բնույթ:

«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների համաձայն Արհեստակցական միության իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից և դադարում է նրա լուծարման ավարտի մասին իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառում կատարելու պահին:

Արհեստակցական միության գրանցումն ու գրանցման մերժումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

«Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն գործատուների միության պետական գրանցումը, վերագրանցումը, ինչպես նաև կանոնադրության փոփոխությունների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցումը և լուծարման պետական գրանցումն իրականացվում են օրենքով և իրավաբանական անձանց պետական գրանցման համար օրենքով սահմանված կարգով:

Պետական գրանցման մարմինը, գործատուների միության գրանցման մասին դիմումն ու պահանջվող փաստաթղթերը ընդունելու մասին հաշվառման գրանցամատյանում գրառում կատարելուց հետո` 30 օրվա ընթացքում, պարտավոր է քննարկել դիմումը և գրանցել գործատուների միությունը կամ համապատասխան հիմնավորումներով մերժել գործատուների միության գրանցումը: Գործատուների միության պետական գրանցումը կարող է մերժվել օրենքով սահմանված կարգով և դեպքում:

Պետական գրանցումը մերժելը, ինչպես նաև պետական գրանցումից խուսափելը կարող է բողոքարկվել դատարան:

 

Հոդված 8

 

1. Սույն Կոնվենցիայով ճանաչված իրենց իրավունքների իրականացման ժամանակ աշխատողները, գործատուները և նրանց համապատասխան կազմակերպությունները պահպանում են օրինականությունը այնպես, ինչպես այլ անձինք կամ կազմակերպված կոլեկտիվները:

2. Ազգային օրենսդրությունը չպետք է ազդի կամ կիրառվի այնպես, որ վնաս հասցնի սույն Կոնվենցիայով նախատեսված երաշխիքներին:

Միավորումներ ստեղծվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխի համաձայն:

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով ժողովներ, միտինգներ, ցույցեր, երթեր և այլ զանգվածային միջոցառումներ իրականացնելու արգելում կամ սահմանափակում, գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում, ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կուսակցությունների, հասարակական ու կրոնական կազմակերպությունների և միավորումների գործունեության կասեցում` օրենքով սահմանված կարգով:

ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և իրավաբանական անձանց խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունքը իրականացվում է համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի:

ՀՀ քրեական օրենսգրքի 161-163-րդ հոդվածների համաձայն միավորումներ (հասարակական կամ արհեստակցական միություններ) կազմելու կամ կուսակցություններ ստեղծելու իրավունքի իրականացմանը կամ միավորման կամ կուսակցության օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ միջամտելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Նույն արարքը, որն առաջացրել է միավորման կամ կուսակցության իրավունքների և օրինական շահերի էական խախտում` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Այնպիսի կրոնական կամ հասարակական միավորում կազմելը կամ ղեկավարելը, որի գործունեությունը զուգորդված է անձանց առողջությանը վնաս պատճառելով կամ անձանց այլ իրավունքների դեմ ոտնձգություններով, ինչպես նաև անձանց իրենց քաղաքացիական պարտականություններից հրաժարվելուն դրդելով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով:

Օրինական ժողովներ, հանրահավաքներ, երթեր կամ ցույցեր անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը կամ դրանց, ինչպես նաև ժողովներին, հանրահավաքներին, երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

Հոդված 9

 

1. Ազգային օրենսդրությամբ է որոշվում, թե սույն Կոնվենցիայով նախատեսված երաշխիքներն ինչ չափով են կիրառվում զինված ուժերի և ոստիկանության նկատմամբ:

2. Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 19-րդ հոդվածի 8-րդ կետում շարադրված սկզբունքին համապատասխան` Կազմակերպության որևէ անդամի կողմից սույն Կոնվենցիայի վավերացումը չպետք է դիտվի որպես ցանկացած գործող օրենքի, դատական որոշման, սովորույթի կամ համաձայնագրի վրա ազդող գործողություն, որոնց համաձայն զինված ուժերի և ոստիկանության անդամներն օգտվում են սույն Կոնվենցիայով երաշխավորված որևէ իրավունքից:

Համաձայն «Ոստիկանության ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի ոստիկանը չի կարող լինել որևէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական, վետերանների և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում` կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ, իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել:

 

Հոդված 10

 

Սույն Կոնվենցիայում «կազմակերպություն» տերմինը նշանակում է աշխատողների կամ գործատուների ցանկացած կազմակերպություն, որի նպատակն է ապահովել և պաշտպանել աշխատողների կամ գործատուների շահերը:

 

Բաժին II. ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 11

 

Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որի նկատմամբ սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պարտավորվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և համապատասխան միջոցները` աշխատողների և գործատուների կազմակերպելու իրավունքի ազատ իրականացումը երաշխավորելու նպատակով:

Զեկույցի նախագիծը ներկայացվել է սոցիալական գործընկերներին` Հայաստանի գործատուների հանրապետական միությանը և Հայաստանի Հանրապետության արհմիությունների կոնֆեդերացիային: Նրանց կարծիքները կցվում են:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 22-ի

նիստի N 44 արձանագրային

որոշման

 

ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑ

 

ԱՄԿ «ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԻ ՄԱՍԻՆ» 1973 ԹՎԱԿԱՆԻ N 138 ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

/հաշվետու ժամանակաշրջան 2006-2009/

 

«Նվազագույն տարիքի մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության 138 կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2005 թվականի հոկտեմբերի 3-ին, ուժի մեջ է մտել 2007 թվականի հունվարի 27-ին:

I. Կոնվենցիայի դրույթները ամրագրված են հետևյալ իրավական փաստաթղթերում`

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին, փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով:

2. ՀՀ աշխատանքային օրենսգիրք` ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին, փոփոխվել է` ՀՕ-140-Ն 03.08.2005 թ., ՀՕ-210-Ն 25.11.2005 թ., ՀՕ-22-Ն 14.01.06 թ., ՀՕ-23-Ն 14.10.2006 թ., ՀՕ-39-Ն 27.02.2006 թ.:

3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք ընդունվել է 1985 թվականի դեկտեմբերի 6-ին:

4. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին:

5. «Կրթության մասին» ՀՀ օրենքը Ընդունվել է 1999 ապրիլի 14-ին ՀՕ-297:

6. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք` ընդունվել է 2005 թվականի օգոստոսի 13-ի ՀՕ-166-Ն:

7. Այլ օրենքներ

II. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 32-րդ հոդվածի համաձայն մինչև 16 տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով /սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքով/:

 

Հոդված 1

 

Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի նկատմամբ սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պարտավորվում է իրականացնել ազգային քաղաքականություն` ուղղված մանկական աշխատանքի արդյունավետ վերացմանը և զբաղվածության կամ աշխատանքի ընդունման նվազագույն տարիքի հետզհետե բարձրացմանն այն մակարդակի, որն առավելագույնս համապատասխանում է դեռահասների մարմնական և մտավոր զարգացմանը:

ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1745-Ն որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ նշված է հանրապետությունում երեխայի աշխատանքի կարգավորման խնդիրը, ինչպես նաև նախատեսվում է 2008-2015 թթ. մշակել հատուկ ծրագրեր` ՀՀ երեխայի աշխատանքի իրավունքի ապահովման, երեխայի աշխատանքի և տնտեսական շահագործման կանխարգելման և վերացման, ինչպես նաև երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի արգելման ուղղությամբ:

Առաջարկություն է ներկայացվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարել սահմանված աշխատանքային նվազագույն տարիքը սահմանելու 15 տարեկան, 14-ի փոխարեն:

 

Հոդված 2

 

1. Սույն Կոնվենցիան վավերացրած Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ իր վավերագրին կից հայտարարության մեջ նշում է իր տարածքում զբաղվածության կամ աշխատանքի ընդունվելու և իր տարածքում գրանցված փոխադրամիջոցների ոլորտում աշխատանքի ընդունվելու նվազագույն տարիքը, և, համաձայն սույն Կոնվենցիայի 4-րդից 8-րդ հոդվածների դրույթների, այդ տարիքից ցածր ոչ մի դեռահասի թույլ չի տրվում աշխատանքի ընդունվել որևէ մասնագիտությամբ:

2. Սույն Կոնվենցիան վավերացրած Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ հետագայում լրացուցիչ հայտարարությունների միջոցով կարող է ծանուցել Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին այն մասին, որ ինքը սահմանում է ավելի բարձր նվազագույն տարիք, քան նախկինում սահմանվածն է:

3. Նվազագույն տարիքը, որը որոշվում է ի կատարումն սույն հոդվածի 1-ին կետի, չպետք է ցածր լինի դպրոցական պարտադիր ուսումն ավարտելու տարիքից և բոլոր դեպքերում չպետք է ցածր լինի 15-ից:

4. Անկախ սույն հոդվածի 3-րդ կետի դրույթներից` Կազմակերպության այն անդամը, որի տնտեսությունը և կրթության համակարգը բավականաչափ զարգացած չեն, գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների առկայության դեպքում դրանց հետ խորհրդակցելուց հետո կարող է սկզբնական շրջանում որպես նվազագույն տարիք սահմանել 14-ը:

5. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որը, ի կատարումն նախորդ կետի դրույթների, որպես նվազագույն տարիք է սահմանում 14-ը, սույն Կոնվենցիայի կատարման մասին Աշխատանքի միջազգային կազմակերպության Կանոնադրության 22-րդ հոդվածի համաձայն ներկայացված հաշվետվություններում ընդգրկում է հայտարարություն այն մասին, որ`

ա) դրա համար գոյություն ունեն պատճառներ, կամ

բ) հրաժարվում է հետևյալ դրույթներից օգտվելու իր իրավունքից` սկսած նշված օրվանից:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն աշխատանքային իրավունակությունը և իր գործողություններով աշխատանքային իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար աշխատանքային պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (աշխատանքային գործունակություն) լրիվ ծավալով ծագում է տասնվեց տարեկան դառնալու պահից, բացառությամբ աշխատանքային օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն`

1. Աշխատողը ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:

2. Աշխատող են համարվում նաև ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագրով աշխատող տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անչափահաս քաղաքացիները:

3. Մինչև տասնչորս տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելը կամ նրանց աշխատանքի ներգրավելը արգելվում է:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական տրվում է`

ա) «A» կարգի և մոտոսայլակ` 18 տարին լրացած անձանց.

բ) «B» և «C» կարգերի` 18 տարին լրացած անձանց.

գ) «D» կարգի` 21 տարին լրացած «B» և (կամ) «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված 19 տարին լրացած «B» և (կամ) «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.

դ) «E» կարգի` 19 տարին լրացած «B», «C» կամ «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.

ե) «տրամվայ» և «տրոլեյբուս»` 20 տարին լրացած անձանց:

«B», «C» և «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց թույլատրվում է դրանք վարել նաև կցորդներով, եթե կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կիլոգրամը: 750 կիլոգրամը գերազանցող թույլատրելի առավելագույն զանգված ունեցող կցորդներով տրանսպորտային միջոցներ վարելու համար վարորդը պետք է ունենա նաև «E» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք:

4. Մոպեդ վարել թույլատրվում է 16 տարին, իսկ հեծանիվ, լծասայլ (լծասահնակ) վարել, բեռնակիր, հեծկան կենդանիներ կամ անասուններ քշել` 14 տարին լրացած անձանց:

5. «A» և «B» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները տրվում են 18, իսկ «C», «D» և «E» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները` 21 տարին լրացած անձանց:

6. Ազգային վարորդական վկայականը տրվում է տասը, իսկ միջազգային վարորդական վկայականը` մինչև երեք տարի ժամանակով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի ժամկետից:

Խորհրդատվությունների արդյունքում ՀՀ կառավարություն առաջարկություն է ներկայացվել 2009 թվականի հունվարից աշխատանքային նվազագույն տարիքը սահմանել 15 տարեկան:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 257-րդ հոդվածի համաձայն մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ներգրավվել կատարելու`

1) ծանր աշխատանքներ.

2) թունավոր, քաղցկեղածին կամ առողջության համար վտանգավոր գործոնների ազդեցությամբ արտադրություններում աշխատանքներ.

3) աշխատանքներ, որոնց կատարման ժամանակ հնարավոր է իոնացած ռադիացիայի ազդեցությունը.

4) աշխատանքներ, որոնց կատարման ժամանակ առկա է դժբախտ պատահարների կամ մասնագիտական հիվանդություններով հիվանդանալու մեծ հավանականություն, ինչպես նաև աշխատանքներ, որոնց անվտանգ իրականացումը պահանջում է բարձր զգոնություն կամ փորձառություն:

 

Հոդված 3

 

1. Իր բնույթով կամ իրագործման հանգամանքների բերումով դեռահասի առողջությանը, անվտանգությանը կամ բարոյականությանը հնարավոր վնաս հասցնող ցանկացած տիպի զբաղվածության կամ աշխատանքի ընդունելու նվազագույն տարիքը չպետք է ցածր լինի 18-ից:

2. Զբաղվածության կամ աշխատանքի այն տեսակները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն հոդվածի 1-ին կետը, սահմանվում են ազգային օրենքներով կամ կանոնակարգերով կամ իրավասու մարմնի կողմից` գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների առկայության դեպքում դրանց հետ խորհրդակցելուց հետո:

3. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին` ազգային օրենքները կամ կանոնակարգերը իրավասու մարմինը գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների առկայության դեպքում դրանց հետ խորհրդակցելուց հետո կարող են թույլատրել աշխատանքի ընդունել տասնվեցից ոչ ցածր տարիքի անձանց` պայմանով, որ այդ դեռահասների առողջությունը, անվտանգությունը և բարոյականությունը լիովին պաշտպանված են, և որ դեռահասները գործունեության համապատասխան բնագավառի գծով ստացել են հատուկ հրահանգներ կամ մասնագիտական պատրաստություն:

«Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2308-Ն որոշմամբ հաստատվել է վնասակար համարվող աշխատանքների ցանկը: Մասնավորապես`

. Քիմիական գործոնների ազդեցության ներքո մինչև 18 տարեկան անձանց համար վնասակար աշխատանքների,

. Ֆիզիկական գործոնների ազդեցության ներքո մինչև 18 տարեկան անձանց համար վնասակար աշխատանքների,

. Կենսաբանական գործոնների ազդեցության ներքո մինչև 18 տարեկան անձանց համար վնասակար աշխատանքների,

. Արդյունաբերական աէրոզոլների ազդեցության ներքո մինչև 18 տարեկան անձանց համար վնասակար աշխատանքների, վնասակար այլ գործոնների և աշխատանքների անվանումների ցանկը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար` շաբաթական 24 ժամ, տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար` շաբաթական 36 ժամ: Իսկ 144-րդ հոդվածի 3-րդ մասով արտաժամյա աշխատանքներին չեն ներգրավվում մինչև 18 տարեկան աշխատողները, ինչպես նաև առանց արտադրությունից կտրվելու` հանրակրթական և մասնագիտական դպրոցներում սովորող աշխատողները դասերի օրերին.

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 148-րդ հոդվածի 3-րդ մասի գիշերային աշխատանքի ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան անձանց: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 149-րդ հոդվածի 4-րդ մասով տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան աշխատողներին:

153-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում` նվազագույնը 30 րոպե:

154-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար չի կարող պակաս լինել 14 ժամից, իսկ տասնվեցից մինչև տասնութ տարեկան աշխատողների համար` ոչ պակաս 12 ժամից, և պետք է ներառի ժամը 22-ից մինչև 6-ը:

155-156-րդ հոդվածներով մինչև տասնութ տարեկան աշխատողները կարող են հանգստյան օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:

Մինչև տասնութ տարեկան աշխատողներին շաբաթվա ընթացքում տրվում է ոչ պակաս, քան երկու հանգստյան օր:

Մինչև տասնութ տարեկան աշխատողները կարող են ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:

164-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն մինչև տասնութ տարեկան աշխատողները:

209-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն մինչև տասնութ տարեկան աշխատողին արգելվում է ուղարկել ծառայողական գործուղման:

249-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն մինչև տասնութ տարեկան աշխատողները պարտավոր են անցնել բժշկական զննություն աշխատանքի ընդունման ժամանակ, իսկ մինչև տասնութ տարեկան դառնալը` սահմանված պարբերականությամբ:

Մինչև տասնութ տարեկան աշխատողների պարբերական բժշկական զննությունը կատարվում է գործատուի հաշվին:

 

Հոդված 4

 

1. Անհրաժեշտության դեպքում իրավասու մարմինը գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների առկայության դեպքում դրանց հետ խորհրդակցելուց հետո կարող է սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտից բացառել զբաղվածության կամ աշխատանքի սահմանափակ կատեգորիաներ, որոնց առումով ծագում են հատուկ, լուրջ հիմնախնդիրներ:

2. Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր Անդամ, Աշխատանքի միջազգային կազմակերպության Կանոնադրության 22-րդ հոդվածի համաձայն, Կոնվենցիայի կիրառման մասին իր առաջին զեկույցում թվարկում է այն կատեգորիաները, որոնք կարող են բացառվել, ի կատարումն սույն հոդվածի 1-ին կետի, նշելով այդպիսի բացառությունների պատճառները, և հետագա զեկույցներում հաղորդում է բացառված կատեգորիաների վերաբերյալ իր օրենքի և պրակտիկայի սկզբունքները և այն չափը, որով Կոնվենցիան կիրառվել է կամ ենթադրվում է, որ պետք է կիրառվի այդպիսի կատեգորիաների նկատմամբ:

3. Զբաղվածությունը կամ աշխատանքը, որոնց վրա տարածվում է սույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, չեն բացառվում Կոնվենցիայի կիրառման ոլորտից` ի կատարումն սույն հոդվածի:

Բացառություններ չեն կատարվել:

 

Հոդված 5

 

1. Կազմակերպության այն Անդամը, որի տնտեսությունը և վարչական համակարգը բավականաչափ զարգացած չեն, գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների առկայության դեպքում դրանց հետ խորհրդակցելուց հետո կարող է սկզբնական շրջանում սահմանափակել սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտը:

2. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որն օգտվում է սույն հոդվածի 1-ին կետի դրույթներից, վավերագրին կից հայտարարության մեջ թվարկում է տնտեսական գործունեության կամ ձեռնարկությունների այն տեսակները, որոնց նկատմամբ ինքը կիրառելու է սույն Կոնվենցիայի դրույթները:

3. Կոնվենցիայի դրույթները կիրառվում են առնվազն հետևյալ աշխատանքների նկատմամբ. հանքահորեր և քարհանքեր, վերամշակման արդյունաբերություն, շինարարություն, էլեկտրա-, գազա- և ջրամատակարարման ծառայություններ, սանիտարատեխնիկական ծառայություն, տրանսպորտ, պահեստներ և հաղորդակցության ծառայություններ, հիմնականում առևտրային նպատակով մթերք արտադրող տնկարկներ և գյուղատնտեսական այլ կազմակերպություններ` բացառությամբ ընտանեկան կամ այլ փոքր տնտեսությունների, որոնք մթերքն արտադրում են տեղական օգտագործման համար և վարձու աշխատողներ մշտապես չեն օգտագործում:

4. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որը սահմանափակում է Կոնվենցիայի կիրառման ոլորտը` ի կատարումն սույն հոդվածի.

ա) Աշխատանքի միջազգային կազմակերպության Կանոնադրության 22-րդ հոդվածի համաձայն ներկայացվող իր զեկույցներում նշում է սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտից բացառված գործունեության ճյուղերում պատանիների և երեխաների զբաղվածության կամ աշխատանքի ընդհանուր վիճակի և ցանկացած առաջընթացի մասին, որը ձեռք է բերվում սույն Կոնվենցիայի դրույթներն ավելի լայնորեն կիրառելու ճանապարհին,

բ) կարող է ցանկացած պահի պաշտոնապես ընդլայնել Կոնվենցիայի կիրառման ոլորտը Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ուղարկված հայտարարության միջոցով:

Կոնվենցիայի կիրառման ոլորտը չի սահմանափակվել:

 

Հոդված 6

 

Սույն Կոնվենցիան չի կիրառվում այն աշխատանքի նկատմամբ, որը կատարվում է երեխաների և դեռահասների կողմից ընդհանուր, մասնագիտական կամ տեխնիկական կրթության դպրոցներում կամ ուսումնական այլ հաստատություններում, կամ այն աշխատանքների նկատմամբ, որոնք կատարվում են կազմակերպություններում առնվազն տասնչորս տարեկան երեխաների կողմից, եթե այդպիսի աշխատանքները կատարվում են իրավասու մարմնի կողմից սահմանված պայմաններին համապատասխան, գործատուների և աշխատավորների շահագրգիռ կազմակերպությունների առկայության դեպքում դրանց հետ խորհրդակցելուց հետո և անբաժանելի մասն են.

ա) կրթության կամ ուսումնական դասընթացի, որոնց համար հիմնական պատասխանատվությունը կրում են դպրոցը կամ ուսումնական հաստատությունը,

բ) իրավասու մարմնի կողմից հավանության արժանացած ուսումնական ծրագրի, որը գլխավորապես կամ ամբողջովին անցկացվում է ձեռնարկությունում, կամ

գ) հրահանգիչ կամ կողմնորոշիչ ծրագրերի, որոնք ուղղված են մասնագիտության կամ ուսումնական տեսակի ընտրության հեշտացմանը:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն արգելվում է սովորողներին ներգրավել աշխատանքի` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնության: Սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման մեթոդների կիրառումն արգելվում է:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 174-րդ հոդվածի համաձայն միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին նախապատրաստվելու համար աշխատողներին յուրաքանչյուր քննության համար տրամադրվում է եռօրյա արձակուրդ:

Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ:

 

Հոդված 7

 

1. Ազգային օրենքները կամ կանոնակարգերը կարող են թույլատրել 13-ից 15 տարեկանների զբաղվածությունը կամ աշխատանքը թեթև աշխատանքների դեպքում, որը.

ա) վտանգ չի կարող ներկայացնել նրանց առողջության կամ զարգացման համար, և

բ) չի խանգարում դպրոց հաճախելուն, իրավասու մարմնի կողմից հավանության արժանացած մասնագիտական կողմնորոշման կամ ուսումնական ծրագրերին նրանց մասնակցությանը կամ ստացված կրթության օգտագործման նրանց կարողությանը:

2. Ազգային օրենքները կամ կանոնակարգերը կարող են թույլատրել առնվազն տասնհինգ տարեկանը լրացած, սակայն պարտադիր դպրոցական ուսումը դեռևս չավարտած անձանց աշխատանքի ընդունումը` պայմանով, որ կպահպանվեն սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջները:

3. Իրավասու մարմինը սահմանում է գործունեության այն ոլորտները, որտեղ զբաղվածությունը կամ աշխատանքը կարող են թույլատրել համաձայն սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, և սահմանում է աշխատանքային ժամերը և պայմանները, որոնց ընթացքում և որոնց առկայության դեպքում կարող է իրագործվել այդպիսի զբաղվածությունը կամ աշխատանքը:

4. Անկախ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթներից` Կազմակերպության Անդամը, որն օգտվում է 2-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթներից, կարող է իրեն անհրաժեշտ տևողությամբ փոխարինել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված 12 և 14 տարեկան հասակները 13 և 15 տարեկան հասակներով և 2-րդ կետի 14 տարեկան հասակը` 15 տարեկան հասակով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն մինչև տասնչորս տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելը կամ նրանց աշխատանքի ներգրավելը արգելվում է: Թույլատրվում է մինչև 18 տարեկանի աշխատանքը ներգրավումը այն աշխատանքներում, որոնք ընդգրկված չեն «Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2308-Ն որոշմամբ հաստատվել է վնասակար համարվող աշխատանքների ցանկում:

 

Հոդված 8

 

1. Իրավասու մարմինը գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների առկայության դեպքում դրանց հետ խորհրդակցելուց հետո կարող է անհատական դեպքերում շնորհված թույլտվությունների ճանապարհով բացառություններ անել սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածով զբաղվածությունը կամ աշխատանքը արգելող դրույթներից այնպիսի նպատակի համար, ինչպիսին է մասնակցությունը դերասանական ելույթներին:

2. Այդ կերպ տված թույլտվությունը սահմանափակում է ժամաքանակը և սահմանում է այն պայմանները, որոնցում կարող է իրագործվել զբաղվածությունը կամ աշխատանքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն

1. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների (փոքրահասակների) փոխարեն գործարքները, բացառությամբ հոդվածի 2-րդ կետում նշվածների, նրանց անունից կարող են կնքել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները:

2. Վեցից մինչև տասնչորս տարեկան փոքրահասակներն իրավունք ունեն ինքնուրույն կնքել`

1) մանր կենցաղային գործարքներ.

2) նոտարական վավերացում կամ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում չպահանջող` անհատույց օգուտներ ստանալուն ուղղված գործարքներ.

3) օրինական ներկայացուցչի կամ վերջինիս համաձայնությամբ երրորդ անձանց կողմից որոշակի նպատակով կամ ազատորեն տնօրինելու համար տրամադրված միջոցները տնօրինելու գործարքներ:

3. Փոքրահասակի գործարքներով` ներառյալ նրա կողմից ինքնուրույն կնքված գործարքները, գույքային պատասխանատվություն են կրում նրա ծնողները, որդեգրողները կամ խնամակալը, եթե չապացուցեն, որ պարտավորությունն իրենց մեղքով չի խախտվել: Այդ անձինք, օրենքին համապատասխան, պատասխանատվություն են կրում նաև փոքրահասակի պատճառած վնասի համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն

1. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները կարող են գործարքներ կնքել իրենց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ, բացառությամբ հոդվածի 2-րդ կետում նշված գործարքների:

Այդպիսի անչափահասի կնքած գործարքը վավեր է նաև նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի` հետագայում տված գրավոր հավանության դեպքում:

2. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները, առանց ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության, իրավունք ունեն`

1) տնօրինել իրենց աշխատավարձը, կրթաթոշակը և այլ եկամուտները.

2) իրականացնել գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության, գյուտի կամ մտավոր գործունեության` օրենքով պահպանվող այլ արդյունքի հեղինակի իրավունքներ.

3) օրենքին համապատասխան` ավանդներ մուծել վարկային հաստատություններ և տնօրինել դրանք.

4) կնքել կենցաղային մանր գործարքներ և օրենսգրքի 29 հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ գործարքներ:

Տասնվեց տարեկան դառնալիս` անչափահասներն իրավունք ունեն նաև, կոոպերատիվների մասին օրենքներին համապատասխան, լինել կոոպերատիվի անդամ:

3. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներն ինքնուրույն գույքային պատասխանատվություն են կրում հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան կնքված իրենց գործարքներով: Այդպիսի անչափահասներն իրենց պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում քաղաքացիական օրենսգրքին համապատասխան:

4. Ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի միջնորդությամբ դատարանը կարող է բավարարել հիմքերի առկայության դեպքում սահմանափակել տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի` իր աշխատավարձը, կրթաթոշակը կամ այլ եկամուտներն ինքնուրույն տնօրինելու իրավունքը կամ զրկել նրան այդ իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ անչափահասը լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերել քաղաքացիական օրենսգրքի 24 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:

 

Հոդված 9

 

1. Իրավասու մարմինը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, ներառյալ համապատասխան պատիժների սահմանումը, սույն Կոնվենցիայի դրույթների արդյունավետ կենսագործումն ապահովելու համար:

2. Ազգային օրենքները կամ կանոնակարգերը կամ իրավասու մարմինը որոշում են այն անձանց, որոնք պատասխանատու են Կոնվենցիայի կատարումը ապահովող դրույթների համապատասխանության համար:

3. Ազգային օրենքները կամ կանոնակարգերը կամ իրավասու մարմինը սահմանում են գրանցամատյաններ կամ այլ փաստաթղթեր, որոնք պետք է վարվեն և տրամադրվեն գործատուի կողմից. այդպիսի գրանցամատյանները կամ փաստաթղթերը ընդգրկում են նրա կողմից վարձված կամ նրա համար աշխատող 18 տարեկանից փոքր անձանց ազգանունները և, եթե հնարավոր է, պատշաճ կերպով հաստատված տարիքը կամ ծննդյան տարեթիվը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը (բացառությամբ օրենսգրքի 41.1, 41.2, 41.3, 96.1 հոդվածներով, 158 հոդվածի տասնյոթերորդ մասով, 169.5, 169.7, 169.8 հոդվածներով նախատեսված դեպքերի)` առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:

Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(41-րդ հոդվածը փոփ. 24.03.05 ՀՕ-78-Ն, 06.12.07 ՀՕ-296-Ն օրենքներ)

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն` 18 տարին չլրացած անձանց ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն և տեսաերիզներ վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը`

առաջացնում է տուգանքի նշանակում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Մինչև 18 տարեկանների աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը: Տեսչությունը կիրառում է նաև օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցների կիրառումը:

Զեկույցի նախագիծը ներկայացվել է սոցիալական գործընկերներին` Հայաստանի գործատուների հանրապետական միությանը և Հայաստանի Հանրապետության արհմիությունների կոնֆեդերացիային: Նրանց կարծիքները կցվում են:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.10.2009
N 44
Արձանագրային որոշում