Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ N 87 «ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

22 հոկտեմբերի 2009 թվականի N 44

 

7. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ N 87 «ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», N 138 «ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԻ ՄԱՍԻՆ», N 182 «ԵՐԵԽԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆ ՁԵՎԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ (ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ 2006-2009 ԹԹ.) ԵՎ N 160 «ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ (ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ 2005-2009 ԹԹ.) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 22-ի

նիստի N 44 արձանագրային

որոշման

 

ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑ

 

ԱՄԿ «ԵՐԵԽԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆ ՁԵՎԵՐԻ ՄԱՍԻՆ» 1999 ԹՎԱԿԱՆԻ N 182 ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

/հաշվետու ժամանակաշրջան 2006-2009/

 

«Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության 182 կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2005 թվականի մարտի 22-ին, ուժի մեջ է մտել 2007 թվականի հունվարի 2-ին:

 

I. Կոնվենցիայի դրույթները ամրագրված են հետևյալ իրավական փաստաթղթերում`

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին, փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով:

2. ՀՀ աշխատանքային օրենսգիրք` ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին, փոփոխվել է` ՀՕ-140-Ն 03.08.2005 թ., ՀՕ-210-Ն 25.11.2005 թ., ՀՕ-22-Ն 14.01.06 թ., ՀՕ-23-Ն 14.10.2006 թ., ՀՕ-39-Ն 27.02.2006 թ.:

3. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին:

4. ՀՀ Ընտանեկան օրենսգիրք, ընդունվել է 2004 թ. նոյեմբերի 9-ին:

5. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք ընդունվել է 1985 թվականի դեկտեմբերի 6-ին:

6. «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենք, ընդունվել է 2005 թվականի մարտի 24-ին:

7. Քրեական օրենսգիրք, ընդունվել է 2003 թվականի ապրիլի 18-ին:

8. «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենք, ընդունվել է 1996 թվականի մայիսի 29-ին:

9. «Կրթության մասին» ՀՀ օրենք, ընդունվել է 1999 թ. ապրիլի 14-ին:

10. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» N 2308-Ն որոշումը:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց որդեգրած` Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի հաշվառման կարգը հաստատելու մասին» N 623-Ն որոշումը:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի «Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառման կարգը հաստատելու մասին» N 209-Ն որոշումը:

13. ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 835-Ն որոշումը:

14. ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 13-ի N 11 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 922-Ն որոշումը:

15. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» թիվ 2308-Ն որոշումը:

16. ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի որոշումը «Մի շարք պետական հատուկ հանրակրթական հաստատություններ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ վերանվանելու, գործունեության բնագավառը սահմանելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնելու, «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»:

Այլ օրենքներ և իրավական ակտեր

ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի համաձայն` ՀՀ-ում հարկադիր աշխատանքն արգելվում է: Այդ հոդվածով արգելվում է նաև մինչև 16 տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելը, իսկ նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 1

 

Սույն Կոնվենցիան վավերացնող յուրաքանչյուր Անդամ պետություն անհապաղ և արդյունավետ միջոցներ է ձեռնարկում, որոնք շուտափույթ կերպով կապահովեն երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի արգելումը և վերացումը:

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ է մտել 2005 թվականի հունիսի 21-ից, որով արգելվում է երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի կիրառումը:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետով արգելվում է մինչև տասնչորս տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելը կամ նրանց աշխատանքի ներգրավելը, իսկ ինչ վերաբերում է տասնչորսից մինչև տասնվեց տարեկան երեխաներին, ապա նրանց` 89-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, աշխատանքի կարելի է ընդունել միայն ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնության առկայության դեպքում:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ կետն արգելում է մինչև տասնութ տարեկան աշխատողների ներգրավումը արտաժամյա, իսկ 148-րդ հոդվածի 3-րդ կետը` գիշերային աշխատանքներին:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն`

«Տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան աշխատողներին»:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն աշխատաժամանակի կրճատ տևողություն է սահմանվում տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար` շաբաթական 24 ժամ, տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար` շաբաթական 36 ժամ:

Իսկ 144-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն արտաժամյա աշխատանքներին չեն ներգրավվում մինչև 18 տարեկան աշխատողները: 153-րդ հոդվածով մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում` նվազագույնը 30 րոպե:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար չի կարող պակաս լինել 14 ժամից, իսկ տասնվեցից մինչև տասնութ տարեկան աշխատողների համար` ոչ պակաս 12 ժամից, և պետք է ներառի ժամը 22-ից մինչև 6-ը:

155-րդ հոդվածի 7-րդ կետով մինչև տասնութ տարեկան աշխատողներին շաբաթվա ընթացքում տրվում է ոչ պակաս, քան երկու հանգստյան օր:

Իսկ 164-րդ հոդվածով անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն մինչև տասնութ տարեկան աշխատողները:

 

Հոդված 2

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար «երեխա» եզրույթը կիրառվում է մինչև 18 տարեկան բոլոր անձանց նկատմամբ:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն երեխա է համարվում մինչև 18 տարեկան անձը:

 

Հոդված 3

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը» եզրույթն ընդգրկում է`

ա) ստրկության բոլոր ձևերը կամ ստրկությանը համանման աշխատանքը, ինչպիսիք են երեխաների վաճառքը և առևտուրը, պարտքային ստրկացումը կամ ճորտային կախվածությունը, ինչպես նաև հարկադիր կամ պարտադիր աշխատանքը, այդ թվում` երեխաների պարտադիր կամ հարկադիր հավաքագրումը զինված ընդհարումներում օգտագործելու համար,

բ) երեխային օգտագործելը, հավաքագրելը կամ առաջարկելը մարմնավաճառությամբ զբաղվելու, պոռնոգրաֆիկ արտադրանքի արտադրության կամ պոռնոգրաֆիկ ներկայացումների համար,

գ) երեխային օգտագործելը, հավաքագրելը կամ առաջարկելը հակաիրավական գործունեությամբ զբաղվելու, մասնավորապես թմրանյութերի արտադրման և վաճառքի համար, ինչպես դրանք սահմանված են համապատասխան միջազգային պայմանագրերում,

դ) աշխատանքը, որն իր բնույթով կամ իր կատարման պայմաններով կարող է վնասել երեխաների առողջությանը, անվտանգությանը կամ բարոյականությանը:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը ամրագրում է` «Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք: Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության, կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի: Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Պետությունը և նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից»:

ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածը հատուկ նվիրված է երեխայի պաշտպանության իրավունքին, հոդվածի 2-րդ կետում մասնավորապես, նշվում է երեխայի իր ծնողների (օրինական ներկայացուցիչների) չարաշահումներից պաշտպանվելու իրավունքը:

«Երեխայի իրավունքների և շահերի խախտման դեպքում (ընդ որում ծնողների կամ նրանցից մեկի կողմից երեխայի դաստիարակելու, կրթության տալու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ ծնողական իրավունքները չարաշահելու դեպքերում), երեխան իրավունք ունի պաշտպանության համար դիմելու խնամակալության և հոգաբարձության մարմին:

Պաշտոնատար անձինք և այլ քաղաքացիներ, որոնց հայտնի են դարձել երեխայի կյանքին և առողջությանը սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին: Նման տեղեկություններ ստանալուն պես խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է ձեռնարկի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ»:

ՀՀ Ընտանեկան Օրենսգրքի 58-րդ հոդվածում սահմանված է երեխային ծնողներից (կամ նրանցից մեկից) նրա կյանքի և առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքում վերցնելու իրավունքը, իսկ 59-60 հոդվածներում ծնողական իրավունքներից զրկելը և ծնողական իրավունքներից զրկելու կարգը, այդ թվում նաև այն դեպքում, երբ ծնողները կամ նրանցից մեկը դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում` ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիությունը:

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված են երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները /ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1324-Ն որոշում/: Որոշման մեջ ներկայացված «Երեխայի իրավունքների պաշտպանությունը» թիվ 2-րդ Չափորոշիչի 6-րդ կետում ամրագրված է, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է երեխայի պաշտպանությունը`

- հոգեբանական և ֆիզիկական բռնությունից, այդ թվում` սեռական շահագործումից և այլասերումից,

- դաժան վերաբերմունքից,

- հանցագործություններից,

- անուշադրությունից ու անարդարությունից,

- առողջությանը վտանգող նյութերից և կյանքը վտանգող պայմաններից:

Հարկ է նշել հետևյալը` վերը նշված խնամքի հաստատություններում երեխաների հանդեպ մարմնական պատժի բոլոր ձևերը խիստ արգելված են նաև գործող կանոնադրությամբ, իսկ համապատասխան չափորոշիչների ներդրման գործընթացը մշտապես հսկվում է հաստատությունների տնօրինության և վերադաս մարմինների կողմից:

Հանրապետությունում գործում է «Մայրության Ֆոնդ» և «Կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունները, որոնք հատուկ զբաղվում են կանանց և երեխաների պաշտպանությամբ (արհամարհանքից, բռնությունից և շահագործումից):

Կոնվենցիայի ստրկության բոլոր ձևերը կամ ստրկությանը համանման աշխատանքը, ինչպիսիք են երեխաների վաճառքը և առևտուրը, պարտքային ստրկացումը կամ ճորտային կախվածությունը, ինչպես նաև հարկադիր կամ պարտադիր աշխատանքը, այդ թվում` երեխաների պարտադիր կամ հարկադիր հավաքագրումը զինված ընդհարումներում օգտագործելու համար կետի դրույթների կիրառումը առնչվում է նաև վերջերս 2008 թվականի մարտին ՀՀ-ի կողմից վավերացված «Մարդկանց շահագործման /թրաֆիկինգի/ դեմ պայքարի մասին» ԵԽ-ի կոնվենցիայի դրույթներին: Կոնվենցիայի դրույթների կատարման ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչությունում առաջարկություններ են մշակվում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 257-րդ հոդվածի համաձայն`

«Մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ներգրավվել կատարելու`

1. ծանր աշխատանքներ,

2. թունավոր, քաղցկեղածին կամ առողջության համար վտանգավոր գործոնների ազդեցությամբ արտադրություններում աշխատանքներ,

3. աշխատանքներ, որոնց կատարման ժամանակ հնարավոր է իոնացնող ռադիացիայի ազդեցությունը,

4. աշխատանքներ, որոնց կատարման ժամանակ առկա է դժբախտ պատահարների կամ մասնագիտական հիվանդություններով հիվանդանալու մեծ հավանականություն, ինչպես նաև աշխատանքներ, որոնց անվտանգ իրականացումը պահանջում է բարձր զգոնություն կամ փորձառություն:

Սույն հոդվածում նշված ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

 

Հոդված 4

 

1. Ազգային օրենսդրությունը կամ իրավասու մարմինը գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո սահմանում է 3-րդ հոդվածի «դ» կետում նշված աշխատանքների տեսակները` հաշվի առնելով համապատասխան միջազգային նորմերը, մասնավորապես երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին 1999 թ. Հանձնարարականի 3 և 4 կետերի դրույթները:

2. Իրավասու մարմինը գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո բացահայտում է, թե որտեղ են իրականացվում այդ աշխատանքի ձևերը:

3. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված աշխատանքի ձևերի ցանկը պարբերաբար ուսումնասիրվում և, անհրաժեշտության դեպքում, վերանայվում է գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո:

«Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2308-Ն որոշմամբ հաստատվել է վնասակար համարվող աշխատանքների ցանկը: Մասնավորապես`

. Քիմիական գործոնների ազդեցության ներքո մինչև 18 տարեկան անձանց համար վնասակար աշխատանքների,

. Ֆիզիկական գործոնների ազդեցության ներքո մինչև 18 տարեկան անձանց համար վնասակար աշխատանքների,

. Կենսաբանական գործոնների ազդեցության ներքո մինչև 18 տարեկան անձանց համար վնասակար աշխատանքների,

. Արդյունաբերական աէրոզոլների ազդեցության ներքո մինչև 18 տարեկան անձանց համար վնասակար աշխատանքների, վնասակար այլ գործոնների և աշխատանքների անվանումների ցանկը:

Այս աշխատանքներում ընդգրկված երեխաների բացահայտումը իրականացնում է ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը: Աշխատանքների ցանկերը վերանայվում են ըստ անհրաժեշտության: Նշված աշխատանքների ցանկը քննարկվել է գործատուների և արհմիությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Հոդված 5

 

Յուրաքանչյուր անդամ պետություն գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո ստեղծում կամ նշանակում է համապատասխան մեխանիզմներ սույն Կոնվենցիայի կատարմանն ուղղված դրույթների կիրառումը վերահսկելու համար:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունը իրականացնում են համապատասխան պետական մարմինները, իսկ ոչ պետական վերահսկողությունը` արհեստակցական միությունները և գործատուները (գործատուների ներկայացուցիչները):

«Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն` ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն հսկողություն և վերահսկողություն է իրականացնում մինչև տասնութ տարեկան անձանց, ինչպես նաև կանանց` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ:

 

Հոդված 6

 

1. Յուրաքանչյուր անդամ պետություն մշակում և իրականացնում է գործողության ծրագրեր երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը առաջնային կարգով վերացնելու համար:

2. Այդպիսի գործողության ծրագրերը մշակվում և իրականացվում են համապատասխան կառավարական մարմինների և գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո` անհրաժեշտության դեպքում հաշվի առնելով այլ շահագրգիռ խմբերի կարծիքները:

ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1745 որոշման «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագրի» 25-րդ կետի համաձայն 2007-2015 թվականներին իրականացվող միջոցառումներից է` «ՀՀ երեխայի աշխատանքի իրավունքի ապահովման, երեխայի աշխատանքի և տնտեսական շահագործման կանխարգելման և վերացման մասին ծրագիրը»:

 

Հոդված 7

 

1. Յուրաքանչյուր անդամ պետություն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, սույն Կոնվենցիայի կատարմանն ուղղված դրույթների արդյունավետ կիրառումն ու պահպանումն ապահովելու համար, այդ թվում սահմանելով և կիրառելով քրեական կամ հանգամանքներից կախված այլ պատժամիջոցներ:

2. Յուրաքանչյուր անդամ պետություն, հաշվի առնելով կրթության կարևորությունը երեխայի աշխատանքը վերացնելու գործում, սահմանված ժամկետում ձեռնարկում է արդյունավետ միջոցառումներ ուղղված`

ա) երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերում երեխաների ներգրավման կանխմանը,

բ) անհրաժեշտ և համապատասխան ուղղակի աջակցություն ցույց տալուն երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերում երեխաների զբաղվածության դադարեցման, ինչպես նաև նրանց վերականգնման և սոցիալական ինտեգրման համար,

գ) երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերից ազատված բոլոր երեխաներին անվճար բազային կրթության, ինչպես նաև, ըստ հնարավորության և անհրաժեշտության, մասնագիտական պատրաստվածության տրամադրմանը,

դ) առավել խոցելի վիճակում գտնվող երեխաների հայտնաբերմանը և նրանց հետ կապի հաստատմանը, և

ե) աղջիկների վիճակի առանձնահատկությունների հաշվի առնելուն:

3. Յուրաքանչյուր անդամ պետություն նշանակում է իրավասու մարմին, որը իրավասու է սույն Կոնվենցիայի կատարմանն ուղղված դրույթների կիրառման համար:

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի 17-րդ մասն ամրագրում է, որ`

«Տասնութ տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը առաջացնում է տուգանքի նշանակում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:

ՀՀ քրեական օրենսգրքի «Ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունները» 20-րդ գլխի 165, 166, 167 հոդվածները`

«Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը» (165 հոդ.): Հոդվածի երրորդ մասում հատուկ նշվում է, որ սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից յոթ տարի ժամկետով:

«Երեխային հակահասարակական գործողությունների կատարելուն ներգրավելը» (166 հոդ.), նախատեսում է համապատասխան պատիժ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է ծնողի, մանկաբույժի կամ այլ անձի կողմից, ում վրա է դրված երեխայի դաստիարակության պարտականություն, զուգորդվում են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը վեց տարի ժամկետով:

ՀՀ Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի համաձայն`

1. Պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով` պոռնկությամբ

զբաղվելուն այլ ձևով նպաստելը, եթե բացակայում են ՀՀ Քրեական օրենսգրքի 132 կամ 132.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկ չափով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) տասնութ տարին չլրացած անձին օգտագործելով,

2) հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին օգտագործելով,

3) կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից տասը տարի ժամկետով:

ՀՀ Քրեական օրենսգրքի 170 հոդվածով նշվում է`

1. «Ծնողի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության պարտականություն, կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից երեխայի դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Կապված երեխայի առք ու վաճառքի, թրաֆիկինգի երևույթի հետ ՀՀ քրեական օրենսգրքի 131, 132, 132.1 հոդվածները սահմանում են մարդու առևանգումը, շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը, մարդուն պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձևերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը, իսկ 168 հոդվածը սահմանում է «Երեխայի առք ու վաճառքը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ և 132.1-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի հատկանիշները պատժվում են ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով»:

«Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը» (171 հոդ), «Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը» (173 հոդ.), «Բռնաբարությունը անչափահասի նկատմամբ» (138 հոդ.), «Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները անչափահասի նկատմամբ» (139 հոդ.),

«Անառակաբարո գործողությունները» (142 հոդ.) նշվում է, որ ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողությունները, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Վերը նշված բոլոր, ինչպես նաև այլ հոդվածներով նախատեսված անչափահասի նկատմամբ կատարված բռնի գործողություններ կատարողները, այդ թվում և ծնողները, պատժվում են օրենքով սահմանված կարգով:

ՀՀ Քրեական օրենսգրքի նշված հոդվածների դրույթները և օրենքով սահմանված պատժամիջոցները արտացոլում են երեխայի նկատմամբ բռնության տարբեր դրսևորումները, հատուկ շեշտելով ֆիզիկական բռնությունները, ներառյալ մարմնական պատիժները և վնասվածքները և նրանց պատժելիությունը` օրենքի ողջ խստությամբ:

Հատուկ ուշադրության խնդիր է հանդիսանում երեխային մարմնական պատիժ հասցնելը ընտանիքում կամ հաստատություններում, կամ երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն արգելվում է սովորողներին ներգրավել աշխատանքի` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնության: Սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման մեթոդների կիրառումն արգելվում է»:

Վերջին տարիներին Երեխաների ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում երկրում ստեղծվեց երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգ, ըստ որի ընդունվեցին`

1. ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 835-Ն որոշումը:

2. ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 13-ի N 11 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 922-Ն որոշումը:

3. ՀՀ կառավարության 2005 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 1833-Ն որոշումը:

4. ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի որոշումը «Մի շարք պետական հատուկ հանրակրթական հաստատություններ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ վերանվանելու, գործունեության բնագավառը սահմանելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնելու, «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»:

Համաձայն այս որոշումների ստեղծվեցին երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կառույցներ, որոնց կանոնադրական գործառույթների մեջ ներառվում են նաև դրանցից բխող հետևյալ միջոցառումները` երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերում երեխաների ներգրավման կանխումը, անհրաժեշտ և համապատասխան ուղղակի աջակցություն ցույց տալը երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերում երեխաների զբաղվածության դադարեցման, ինչպես նաև նրանց վերականգնման և սոցիալական ինտեգրման համար, երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերից ազատված բոլոր երեխաներին անվճար բազային կրթության, ինչպես նաև, ըստ հնարավորության և անհրաժեշտության, մասնագիտական պատրաստվածության տրամադրում, առավել խոցելի վիճակում գտնվող երեխաների հայտնաբերում և նրանց հետ կապի հաստատում, հաշվի առնելով աղջիկների վիճակի առանձնահատկությունները:

Կոնվենցիայի կատարմանն ուղղված դրույթների կիրառման համար պատասխանատու են ճանաչված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, իսկ հսկողությունը իրականացնում են երկու նախարարություններում գործող տեսչությունները:

 

Հոդված 8

 

Անդամ պետությունները անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում սույն Կոնվենցիայի դրույթները կատարման նպատակով մեկը մյուսին օգնություն ցուցաբերելու համար, առավել լայն միջազգային համագործակցության և/կամ օգնության միջոցով, ներառելով սոցիալ-տնտեսական զարգացման, աղքատության վերացման և համընդհանուր կրթության ծրագրերի աջակցումը:

Հայաստանում հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ:

Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարության սկզբունքները որոշվում են օրենքով:

2003 թ. ընդունվեց «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը», որը 2008 թ. վերանայվել և վերանվանվել է «Կայուն զարգացման ծրագրի»:

Զեկույցի նախագիծը ներկայացվել է սոցիալական գործընկերներին` Հայաստանի գործատուների հանրապետական միությանը և Հայաստանի Հանրապետության արհմիությունների կոնֆեդերացիային: Նրանց կարծիքները կցվում են:

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 22-ի

նիստի N 44 արձանագրային

որոշման

 

ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑ

 

ԱՄԿ «ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1985 ԹՎԱԿԱՆԻ N 160 ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

/հաշվետու ժամանակաշրջան 2005-2009/

 

«Աշխատանքի վիճակագրության մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության 160 կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2004 թվականի դեկտեմբերի 13-ին, ուժի մեջ է մտել 2006 թվականի ապրիլի 29-ին:

I. Կոնվենցիայի դրույթները ամրագրված են հետևյալ իրավական փաստաթղթերում`

1. «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, ընդունվել է 2000 թվականի ապրիլի 4-ին:

2. «Մեթոդական ցուցումներ աշխատանքի վիճակագրության վերաբերյալ» հաստատված ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 28 դեկտեմբերի 2005 թվականին, թիվ 43-Ն որոշում:

 

Հոդված 7

 

Տնտեսական ակտիվ բնակչության, զբաղվածության, գործազրկության, որտեղ այդպիսին գոյություն ունի, և, հնարավորության դեպքում, տեսանելի թերզբաղվածության ընթացիկ վիճակագրությունը մշակվում է այնպես, որ այն բնութագրի երկիրն ամբողջությամբ:

7-րդ հոդվածում ներառված ցուցանիշների մասով մշակվող ընթացիկ վիճակագրությունը բնութագրում է երկիրն ամբողջությամբ և բաղկացած է հետևյալ բաժիններից`

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

30. ՀՀ աշխատանքային ռեսուրսները

31. Զբաղվածների և գործազուրկների բաշխումն ըստ սեռի

32. Զբաղվածներն ըստ տնտեսության հատվածների

33. Վարձու աշխատողների բաշխումն ըստ անձնակազմի կատեգորիաների

34. Զբաղվածներն ըստ տնտեսական գործունեության տեսակների

35. Զբաղված կանայք ըստ տնտեսական գործունեության տեսակների

36. Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ճյուղերի և հատվածների, 2006 թ.

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ

 

37. Պաշտոնապես գրանցված գործազուրկների բաշխումն ըստ սեռի, տարիքի և կրթության, 2006 թ.

38. Գործազրկության մակարդակը

39. Զբաղվածության տարածքային կենտրոններ դիմած աշխատանք փնտրող քաղաքացիների աշխատանքի տեղավորումը

40. Պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը և կազմը

41. Պաշտոնապես գրանցված գործազուրկների բաշխումն ըստ գործազրկության տևողության, 2006

42. Գործատուների պաշտոնապես ներկայացրած աշխատուժի պահանջարկը

43. Գյուղաբնակ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը

 

Հոդված 12

 

Սպառողական ապրանքների գների ցուցիչները հաշվարկվում են ներկայացուցչական ապրանքների գների դինամիկան չափելու համար, որը կիրառելի է բնակչության հիմնական խմբերի կամ ամբողջ բնակչության սպառման կառուցվածքի նկատմամբ:

12-րդ հոդվածում ներառված ապրանքների գների մասով մշակվող ընթացիկ վիճակագրությունը բնութագրում է բնակչությունն ամբողջությամբ և բաղկացած է հետևյալ բաժիններից`

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

54. Միջին անվանական ամսական աշխատավարձի և սպառողական գների ինդեքսների փոփոխությունը

 

ԳՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ

 

290. Գների ինդեքսներն ըստ տնտեսության հատվածների

291. Սպառման ապրանքների և ծառայությունների գների և սակագների ինդեքսները

292. Սպառողական գների ինդեքսը

293. Սպառման ապրանքների և ծառայությունների առանձին տեսակների գների և սակագների ինդեքսները

294. Սպառողական գների ինդեքսը

295. Սպառման ապրանքների և ծառայությունների գների և սակագների ինդեքսները

296. Սպառման ապրանքների և ծառայությունների գների և սակագների ինդեքսները

297. Առանձին տեսակի ծառայությունների միջին սակագները

298. Սպառողական ապրանքների և ծառայությունների առանձին տեսակների տարեկան միջին գները և սակագները

299. Տրանսպորտի բոլոր տեսակներով բեռնափոխադրումների սակագների ինդեքսները

300. Գների ինդեքսները շինարարությունում

301. Արդյունաբերողների արտադրանքի գների ինդեքսները

302. Արդյունաբերողների արտադրանքի գների ինդեքսները

303. Գյուղատնտեսական մթերքի իրացման գների ինդեքսները (իրացման բոլոր ուղիներով)

304. Գյուղատնտեսական մթերքի առանձին տեսակների իրացման գների ինդեքսները (իրացման բոլոր ուղիներով)

 

Հոդված 13

 

Տնային տնտեսությունների կամ, եթե անհրաժեշտ է, ընտանիքների ծախսերի և, հնարավորության սահմաններում, տնային տնտեսությունների կամ, եթե անհրաժեշտ է, ընտանիքների եկամուտների վիճակագրությունը մշակվում է ըստ մասնավոր տնային տնտեսությունների կամ ընտանիքների տեսակների և չափերի` այնպես, որ այն բնութագրի երկիրն ամբողջությամբ:

13-րդ հոդվածում ներառված ցուցանիշների մասով մշակվող ընթացիկ վիճակագրությունը բնութագրում է երկիրն ամբողջությամբ և բաղկացած է հետևյալ բաժիններից`

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

44. Բնակչության կենսամակարդակի հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները

46. Բնակչության դրամական եկամուտների ծախսերի կառուցվածքը

47. Մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը

48. Միջին ամսական անվանական աշխատավարձն ըստ տնտեսական գործունեության տեսակների

49. Միջին ամսական անվանական աշխատավարձն ըստ տնտեսական ճյուղերի

50. Միջին ամսական անվանական աշխատավարձն ըստ տնտեսական հատվածների

51. Միջին ամսական անվանական աշխատավարձն ըստ սեռի

52. Միջին ամսական անվանական աշխատավարձն արտարժույթով

53. Աշխատավարձի սահմանված նվազագույն չափը

54. Միջին անվանական ամսական աշխատավարձի և սպառողական գների ինդեքսների փոփոխությունը

56. Բնակչության սոցիալական ապահովագրության մարմիններում հաշվառված կենսաթոշակառուների թվաքանակը

57. Բնակչության սոցիալական ապահովագրության մարմիններում հաշվառված կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին ամսական չափը

58. Երեխաների թվաքանակը, որոնց համար նշանակված է նպաստ, նշանակված ամսական նպաստի միջին չափը, հունվարի 1-ի դրությամբ

59. Բնակչությանը պետության հատկացրած հիմնական սոցիալական երաշխիքները

60. Բնակչության ավանդները բանկային համակարգում

 

ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ, ԾԱԽՍԵՐԸ ԵՎ ՍՊԱՌՈՒՄԸ

 

61. Տնային տնտեսությունների դրամական եկամուտների, ծախսերի կազմը և դրանց կառուցվածքը

62. Բնակչության դրամական եկամուտների բաշխումն ըստ քվանտիլային խմբերի

63. Սննդամթերքի և ծխախոտի գնման ծախսերի կառուցվածքը

64. Տնային տնտեսությունների կողմից հիմնական սննդամթերքի սպառումը

65. Բնակչության եկամուտների և ծախսերի բաշխումն ըստ դեցիլային խմբերի

66. Աղքատության ցուցանիշները

67. Աղքատության գիծը

68. Աղքատության մակարդակն ըստ տնային տնտեսության չափի

69. Աղքատությունն ըստ կրթական մակարդակի:

Վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման համար իրավասու և պատասխանատու մարմինը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն է, բացառությամբ պաշտոնապես գրանցված գործազրկության /հոդված 7/ և մասնագիտական հիվանդությունների /հոդված 14/, որոնց սկզբնական տվյալների հավաքագրման համար իրավասու մարմինը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է:

Զեկույցի նախագիծը ներկայացվել է սոցիալական գործընկերներին` Հայաստանի գործատուների հանրապետական միությանը և Հայաստանի Հանրապետության արհմիությունների կոնֆեդերացիային: Նրանց կարծիքները կցվում են:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.10.2009
N 44
Արձանագրային որոշում