Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական վերաքննիչ      Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0022/02/08

    դատարանի վճիռ                                                  2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3182-2007

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

Դատավորներ` Տ. Սահակյան

Մ. Ասատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի ապրիլի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ Արմեն Խաչատրյանի հայցի ընդդեմ Հարություն Խաչատրյանի, Մարգարիտ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Լուսինե Ստեփանյանի և ըստ Արևհատ Խաչատրյանի հայցի ընդդեմ Մարգարիտ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Լուսինե Ստեփանյանի, «Աշտարակ» նոտարական տարածքի նոտար Գ. Հակոբյանի` ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների մասին, Մարգարիտ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Լուսինե Ստեփանյանի վճռաբեկ բողոքը` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.12.2007 թվականի թիվ 07-3182 վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմեն Խաչատրյանը պահանջել է ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը համարել հարգելի, ճանաչել ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 40 տան նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ և անվավեր ճանաչել ժառանգության իրավունքի վկայագրերը:

Դիմելով դատարան` Արևհատ Խաչատրյանը պահանջել է ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը համարել հարգելի, ճանաչել ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 40 տան նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ և մասնակիորեն անվավեր ճանաչել ժառանգության իրավունքի վկայագրերը:

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 11.06.2007 թվականի վճռով Արմեն Խաչատրյանի հայցը մերժվել է, իսկ Արևհատ Խաչատրյանի հայցը` բավարարվել:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.12.2007 թվականի վճռով Արմեն Խաչատրյանի հայցը մերժվել է, իսկ Արևհատ Խաչատրյանի հայցը` ք. Աշտարակ, Աշտարակեցու փողոցի թիվ 40 տան նկատմամբ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասով բավարարվել է, իսկ մնացած մասով` մերժվել:

Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 07.12.2007 թվականի թիվ 3182-2007 վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու հիմքով բողոք է ներկայացրել Մարգարիտ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Լուսինե Ստեփանյանը:

Դատարանի 18.02.2008 թվականի որոշմամբ հարուցվել է նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ:

Դատարանի 18.04.2008 թվականի որոշմամբ Արևհատ Խաչատրյանի մահվան հետևանքով գործի վարույթը կասեցվել է` մինչև իրավահաջորդության հարցի լուծումը:

Դատարանի 20.01.2009 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է և նոր երևան եկած հանգամանքի հիմքով հարուցված վարույթը փոխանցվել է Վճռաբեկ դատարան:

Բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն բողոքը քննվում է նոր երևան եկած հանգամանքների հիմքով ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Գործի քննության ժամանակ Արևհատ Խաչատրյանը, որպես հայցը հիմնավորող ապացույց դատարանին ներկայացրել է Աշտարակի քաղաքապետարանի տարածքային կառավարման թիվ 2 տեղամասի 08.02.2007 թվականի տեղեկանքը, որի համաձայն` Արևհատ Խաչատրյանը փաստացի բնակվել է ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոցի 40 տանը:

Վերաքննիչ դատարանը, 07.12.2007 թվականի վճռով հիմք ընդունելով վերը նշված թիվ 2 տեղամասի կողմից տրված տեղեկանքը, հաստատված է համարել, որ Արևհատ Խաչատրյանը փաստացի տիրապետել է ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոցի 40 հասցեում գտնվող ժառանգական գույքը:

Վերաքննիչ դատարանի վճռից հետո միայն Մարգարիտ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Լուսինե Ստեփանյանը կարողացել է դիմել Աշտարակի քաղաքապետարանի տարածքային կառավարման թիվ 2 տեղամաս և ստացել է 11.12.2007 թվականի տեղեկանքն այն մասին, որ Արևհատ Խաչատրյանը 1993 թվականից մինչև տեղեկանքը տալու պահը մշտական հաշվառմամբ բնակվել է Աշտարակ քաղաքի Փարպեցու փողոցի թիվ 21 տանը: Ընդ որում, այդ տունն Արևհատ Խաչատրյանի սեփականությունն է:

Նշված տեղեկանքով փաստորեն հիմնավորվում է այն հանգամանքը, որ Արևհատ Խաչատրյանը փաստացի չի տիրապետել ժառանգական գույքը, հետևաբար, ժառանգությունն ընդունելու բաց թողած ժամկետը հարգելի ճանաչելու, փաստացի տիրապետման հիմքով նրան ժառանգ ճանաչելու հիմքերը բացակայում են:

Արևհատ Խաչատրյանը պետք է ներկայացներ ժառանգական գույքը փաստացի տիրապետելու փաստը հիմնավորող ապացույց, որը չի ներկայացրել, հետևաբար, Մարգարիտ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Լուսինե Ստեփանյանը չի կարծել, որ Վերաքննիչ դատարանն այդ փաստը կարող է հաստատել գոյություն չունեցող ապացույցի հիման վրա և այդ իսկ պատճառով չի ներկայացրել Արևհատ Խաչատրյանի վիճելի ժառանգական տանն ընդհանրապես չբնակվելու, այն փաստացի չտիրապետելու հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայել Վերաքննիչ դատարանի 07.12.2007 թվականի վճիռը` Արևհատ Խաչատրյանի հայցի բավարարված մասով և այդ մասով հայցը մերժել:

 

3. Բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետարանի թիվ 2 տեղամասի կողմից 08.02.2007 թվականի տրված թիվ 230 տեղեկանքի համաձայն` Արևհատ Խաչատրյանը փաստացի բնակվել է ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 40 տանը (գ.թ. 11):

2) ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետարանի թիվ 2 տեղամասի կողմից 11.12.2007 թվականի տրված թիվ 2021 տեղեկանքի համաձայն` Արևհատ Խաչատրյանը 1993 թվականից մինչև նշված տեղեկանքի տալու օրը մշտական հաշվառված բնակվել է ք. Աշտարակ, Փարպեցու փողոցի թիվ 21 տանը (գ.թ. 47):

3) Վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 07.12.2007 թվականի վճռով հաստատվել է փաստացի տիրապետման հիմքով ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 40 հասցեում գտնվող տան 1/3 մասն Արևհատ Խաչատրյանի կողմից ընդունելը: (գ.թ. 8-10):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ`

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյո՞ք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե` ոչ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը փաստացի տիրապետման հիմքով Արևհատ Խաչատրյանի կողմից ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 40 հասցեում գտնվող տան 1/3 մասը ընդունելու հիմքում դրել է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետարանի թիվ 2 տեղամասի կողմից 08.02.2007 թվականի տրված թիվ 230 տեղեկանքը, որի համաձայն` Արևհատ Խաչատրյանը փաստացի բնակվել է ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 40 տանը:

Վերաքննիչ դատարանի 07.12.2007 թվականի վճռի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձը չի ապացուցել իր կողմից վկայակոչված հանգամանքի նոր երևան եկած լինելու փաստը:

Մասնավորապես, բողոք բերած անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետարանի թիվ 2 տեղամասի կողմից 11.12.2007 թվականի թիվ 2021 տրված տեղեկանքի համաձայն` Արևհատ Խաչատրյանը 1993 թվականից մինչև նշված տեղեկանքի տալու օրը մշտական հաշվառված բնակվել է ք. Աշտարակ, Փարպեցու փողոցի թիվ 21 տանը:

Սույն գործում առկա չէ վերը նշված տեղեկանքը բողոք բերողի կողմից իրենից անկախ պատճառներով գործի քննության ընթացքում չներկայացնելու հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց:

i

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն պատճառաբանությանը, որ 11.12.2007 թվականի թիվ 2021 տեղեկանքը գործի քննության ընթացքում չի ներկայացվել, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի ուժով Արևհատ Խաչատրյանը պետք է ապացուցեր ժառանգական գույքը փաստացի տիրապետելու փաստը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ`

Սույն գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ կրում է իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների ապացուցման պարտականությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արևհատ Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 40 հասցեում գտնվող տան 1/3 մասը փաստացի տիրապետման հիմքով ընդունելու փաստը հիմնավորող ապացույցը, այն է` Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետարանի թիվ 2 տեղամասի կողմից 08.02.2007 թվականի տրված թիվ 230 տեղեկանքը, մինչդեռ, Մարգարիտ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Լուսինե Ստեփանյանը գործի քննության ընթացքում չի ներկայացրել այդ փաստը հերքող որևէ ապացույց:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետարանի թիվ 2 տեղամասի կողմից 11.12.2007 թվականի թիվ 2021 տրված տեղեկանքը նոր երևան եկած հանգամանք չէ, քանի որ բողոք բերող անձը զրկված չէր նշված տեղեկանքն սույն գործի քննության ընթացքում պահանջելու և այն դատարանին ներկայացնելու հնարավորությունից:

i

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.18-րդ, 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Մարգարիտ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Լուսինե Ստեփանյանի վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 07.12.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.04.2009
N ԱՐԱԴ2/0022
Որոշում