Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0927/02/08

    դատարանի որոշում                                                2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-3279

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

Դատավորներ` Տ. Սահակյան

Մ. Ասատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մելինե Օրդյանի բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2007 թվականի թիվ 07-3279 վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տիգրան և Թերեզա Գագյանները պահանջել են առոչինչ ճանաչել Տիգրան Գագյանի և Մելինե Օրդյանի միջև 09.07.1999 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը և անվավեր ճանաչել Մելինե Օրդյանին 28.07.1999 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 0100665 վկայականը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 13.07.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.10.2007 թվականի թիվ 07-3279 վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. կիրառվել է Տիգրան Գագյանի և Մելինե Օրդյանի միջև 09.07.1999 թվականին կնքված առուվաճառքի առոչինչ գործարքի հետևանքները` Երևան քաղաքի Կոմիտաս փողոցի 48 շենքի թիվ 11 բնակարանը վերադարձվել է Տիգրան և Թերեզա Գագյաններին, իսկ սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Դիմելով Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան)` Մելինե Օրդյանը պահանջել է նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայել Վերաքննիչ դատարանի 04.10.2007 թվականի թիվ 07-3279 վճիռը:

Դատարանի 11.02.2008 թվականի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքներով հարուցվել է դատական ակտի վերանայման վարույթ և կասեցվել է Վերաքննիչ դատարանի 04.10.2007 թվականի վճռի կատարումը:

Դատարանի 04.04.2008 թվականի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման մասին դիմումը մերժվել է:

Վերաքննիչ դատարանի 24.07.2008 թվականի որոշմամբ Դատարանի 04.04.2008 թվականի որոշումը վերացվել է:

Դատարանի 16.01.2009 թվականի որոշմամբ, հիմք ընդունելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.12.2008 թվականի ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի պահանջները, հարուցված վարույթը փոխանցվել է Վճռաբեկ դատարան:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մելինե Օրդյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տիգրան և Թերեզա Գագյանների ներկայացուցիչ Գոհար Հովհաննիսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Անշարժ գույքի սեփականության իրավունքի 16.12.1993 թվականի թիվ 10010 վկայագրով և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիրի տարածքային ստորաբաժանման 10.12.2007 թվականի գրություն-տեղեկանքով, բնակարանի սեփականաշնորհման արխիվային փաստաթղթերով հաստատվում է, որ վիճելի բնակարանի միակ սեփականատերը եղել է Տիգրան Գագյանը: Մելինե Օրդյանը վերջինիս վճարել է բնակարանի գինը, ինչը հաստատվում է այլ անձից պարտքով գումար վերցնելու մասին ստացականներով: Տիգրան Գագյանը մշտական գրանցված է և բնակվում է Լենինգրադի մարզի Վոլխով քաղաքի Լոմոնոսով փողոցի թիվ 16 տանը: 09.07.1999 թվականին Երևանի թիվ 1 նոտարական գրասենյակի կողմից վավերացված թիվ 2-775 առուվաճառքի գործարքը 2000 թվականի հրդեհի հետևանքով չի այրվել, այն պահպանվում է Ազգային արխիվում, որտեղից 2007 թվականի դեկտեմբեր ամսին Մելինե Օրդյանին տրամադրվել է այդ գործարքի պատճենը: Բացի այդ, Թերեզա և Տիգրան Գագյանները դատարան են ներկայացրել կեղծ ապացույցներ, տվել են սուտ բացատրություններ այն մասին, որ վիճելի բնակարանի համասեփականատերեր են իրենք, իսկ հայցադիմումում և վերաքննիչ բողոքում Տիգրան Գագյանի ստորագրությունները կեղծված են: Հիշատակված փաստերը սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանքներ են, որոնք հիմք են Վերաքննիչ դատարանի 04.10.2007 թվականի վճիռը վերանայելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել Վերաքննիչ դատարանի 04.10.2007 թվականի թիվ 07-3279 վճիռը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ներկայացված անշարժ գույքի սեփականության իրավունքի 16.12.1993 թվականի թիվ 10010 վկայագիրը, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիրի տարածքային ստորաբաժանման 10.12.2007 թվականի տեղեկանքը, բնակարանի սեփականաշնորհման արխիվային փաստաթղթերը, Սոչի քաղաքի թիվ 1 պոլիկլինիկայի ուղեգիրը, 09.07.1999 թվականի թիվ 2-775 առուվաճառքի գործարքը սույն գործի լուծման համար էական նշանակություն չունեն, քանի որ դրանք եղել են քաղաքացիական գործում և գնահատվել են ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանի կողմից: Ինչ վերաբերում է պարտքով գումար վերցնելու մասին ստացականներին, ապա դրանք նույնպես նոր երևան եկած հանգամանք չեն, քանի որ որևէ խոչընդոտ չի եղել դրանք դատարան ներկայացնելու համար, ավելին, գործով հաստատվել է, որ Մելինե Օրդյանը Տիգրան Գագյանի կողմից տրված ստացական չունի: Տիգրան Գագյանի ստորագրությունների կեղծված լինելու վերաբերյալ փաստարկը ևս անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանում հայցադիմումի և վերաքննիչ բողոքի համեմատությունից հետո Մելինե Օրդյանի ներկայացուցիչը չի պնդել իր հայտարարությունը, որից հետո գործի քննությունն սկսվել է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Վերաքննիչ դատարանի 04.10.2007 թվականի թիվ 07-3279 օրինական ուժի մեջ մտած վճռով Տիգրան և Թերեզա Գագյանների հայցը բավարարվել է մասնակի. կիրառվել է Տիգրան Գագյանի և Մելինե Օրդյանի միջև 09.07.1999 թվականին կնքված առուվաճառքի առոչինչ գործարքի հետևանքները` Երևան քաղաքի Կոմիտաս փողոցի 48 շենքի թիվ 11 բնակարանը վերադարձվել է Տիգրան և Թերեզա Գագյաններին (գ.թ. 81-83 հ. 1):

2) Դատարանի 04.04.2008 թվականի որոշմամբ մերժվել է Վերաքննիչ դատարանի 04.10.2007 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու մասին Մելինե Օրդյանի դիմումը (գ.թ. 220-222, հ. 1):

3) Վերաքննիչ դատարանի 24.07.2008 թվականի որոշմամբ վերացվել է Վերաքննիչ դատարանի 04.10.2007 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու դիմումը մերժելու մասին Դատարանի 04.04.2008 թվականի որոշումը:

4) ՀՀ վճռաբեկ դատարանի 01.10.2008 թվականի որոշմամբ վերադարձվել է Վերաքննիչ դատարանի 24.07.2008 թվականի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 04.10.2007 թվականի վճիռը անհրաժեշտ է վերանայել հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.19-րդ հոդվածի համաձայն` նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման արդյունքում գործի քննությունն իրականացվում է նույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կանոններով:

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանի 24.07.2008 թվականի որոշմամբ վերացվել է Վերաքննիչ դատարանի 04.10.2007 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու դիմումը մերժելու մասին Դատարանի 04.04.2008 թվականի որոշումը:

Վերաքննիչ դատարանը 04.10.2007 թվականի վճռի վերանայման համար որպես նոր երևան եկած հանգամանք է գնահատել այն հանգամանքը, որ Մելինե Օրդյանի պահանջով ազգային արխիվը տրամադրել է վիճելի գործարքի պատճենն այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում պահանջվել է վիճելի գործարքի նոտարական մարմնում եղած նյութերը, սակայն նոտարի գրությամբ տեղեկացվել է, որ 2000 թվականին տեղի ունեցած հրդեհի հետևանքով առուվաճառքի գործարքը չի պահպանվել: Բացի այդ, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիրի տարածքային ստորաբաժանման 10.12.2007 թվականի թիվ 5637ա գրության համաձայն` վիճելի բնակարանն անհատույց որպես սեփականություն հանձնվել է Տիգրան Գագյանին և ամբողջ բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է նրան: ՀՀ վճռաբեկ դատարանի 01.10.2008 թվականի որոշմամբ վերադարձվել է Վերաքննիչ դատարանի 24.07.2008 թվականի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը:

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ նոր երևան եկած հանգամանքների հիմքով Դատարանի 04.04.2008 թվականի որոշումը վերացված լինելու պայմաններում, Վերաքննիչ դատարանի 04.10.2007 թվականի վճիռը ենթակա է բեկանման, և սույն քաղաքացիական գործը պետք է ուղարկվի համապատասխան առաջին ատյանի դատարան` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ընդհանուր կանոններով գործի քննությունն իրականացնելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.19 հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի 04.10.2007 թվականի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2007 թվականի թիվ 07-3279 վճիռը և գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.04.2009
N ԵԿԴ/0927/02/08
Որոշում