Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով          Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2074/02/08

    վերաքննիչ դատարանի վճիռ                                        2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-2481

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Գ. Մատինյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մկրտիչ Օհանյանի բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի թիվ 07-2481 վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հովհաննես Օհանյանը պահանջել է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Մարաշ» տարածքային ստորաբաժանմանը պարտավորեցնել 23.08.1991 թվականին տրված թիվ 4-3122 ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն կատարել իրավունքների պետական գրանցում և Երևանի Այգեստան 6-րդ փողոցի 34/2 հասցեի վերաբերյալ տրամադրել սեփականության իրավունքի գրանցման վկայական:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 17.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.07.2007 թվականի թիվ 07-2481 վճռով հայցը բավարարվել է:

Դիմելով դատարան Մկրտիչ Օհանյանը պահանջել է նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 23.07.2007 թվականի թիվ 07-2481 վճիռը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 10.07.2008 թվականի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքներով հարուցվել է դատական ակտի վերանայման վարույթ և կասեցվել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի վճռի կատարումը:

Դատարանի 11.09.2008 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է մինչև Մկրտիչ Օհանյանի իրավահաջորդության հարցի լուծումը:

Դատարանի 16.01.2009 թվականի որոշմամբ` հիմք ընդունելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.12.2008 թվականի ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի պահանջները, հարուցված վարույթը փոխանցվել է Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանի 18.02.2009 թվականի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ, բողոքի վարույթը վերսկսվել է, և Մկրտիչ Օհանյանը փոխարինվել է իրավահաջորդ Հովսեփ Օհանյանով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մկրտիչ Օհանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հովհաննես Օհանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Մկրտիչ Օհանյանը թիվ 07-2481 քաղաքացիական գործին մասնակից չի դարձվել, ինչի հետևանքով վիճելի հասցեի տնատիրության 16,0 քմ և 6,0 քմ մակերեսներով շինությունների նկատմամբ նրա սեփականության իրավունքի առկայության վերաբերյալ փաստը դատարանին հայտնի չի եղել: Այդ փաստը սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք է, իսկ վիճարկվող դատական ակտով խախտվել է Մկրտիչ Օհանյանի սեփականության իրավունքը: Նշված գործով վճիռների մասին բողոք բերած անձին հայտնի է դարձել կադաստրի 03.07.2008 թվականի գրությունից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի թիվ 07-2481 վճիռը` Հովսեփ Օհանյանին ներգրավել գործին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Մկրտիչ Օհանյանը բողոքարկվող դատական ակտի դեմ գործին մասնակից դարձված չլինելու հիմքով դեռևս 23.08.2007 թվականին վճռաբեկ բողոք է ներկայացրել, որն էլ Վճռաբեկ դատարանի 18.09.2008 թվականի որոշմամբ վերադարձվել է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի թիվ 07-2481 վճռով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Մարաշ» տարածքային ստորաբաժանմանը պարտավորեցվել է կատարել իրավունքների պետական գրանցում և Երևանի Այգեստան 6-րդ փողոցի 34/2 հասցեի վերաբերյալ Հովհաննես Օհանյանին սեփականության իրավունքի գրանցման վկայական տրամադրել` համաձայն 23.08.1991 թվականին տրված թիվ 4-3122 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի:

Վճռի հիմքում դատարանը դրել է այն հանգամանքները, որ Հովհաննես Օհանյանը տիրապետում և օգտագործում է գույքն այն չափերով, ինչ ստացել է ժառանգությամբ և վիճելի հասցեում գտնվող հողամասը համատեղ սեփականություն չէ (գ.թ. 10-11):

2) Բողոք բերած անձը որպես նոր երևան եկած հանգամանք է մատնանշել Երևան քաղաքի Այգեստան փողոցի 34/3 հասցեի տնատիրության 16,0 քմ և 6,0 քմ մակերեսներով շինությունների նկատմամբ իր սեփականության իրավունքի առկայության փաստը (գ.թ. 3-7):

3) Երևան քաղաքի Մյասնիկյանի ժողդատարանի 10.10.1991 թվականի թիվ 2-407 վճռով ճանաչվել է Մկրտիչ Օհանյանի սեփականության իրավունքը Այգեստան փողոցի 34 տան ըստ հատակագծի թիվ 6 16 քմ մակերեսով սենյակի և թիվ 5 6 քմ մակերեսով միջանցքի նկատմամբ: Նշված վճռի հիման վրա Մկրտիչ Օհանյանին 20.05.1993 թվականին տրվել է սեփականության վկայագիր (գ.թ. 20-21):

4) Բողոք բերած անձը բողոքարկվող դատական ակտի դեմ 23.08.2007 թվականին դատավարական իրավունքի խախտման հիմքով վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 18.09.2008 թվականի որոշմամբ վերադարձվել է, իսկ նոր երևան եկած հանգամանքներով դիմումը ներկայացրել է 08.07.2008 թվականին (գ.թ. 35-39,3):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի վճիռը պետք է թողնել օրինական ուժի մեջ, իսկ բողոքը` առանց բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.11-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքներն էական նշանակություն ունեն գործի լուծման համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, յուրաքանչյուր գործով նոր երևան եկած հանգամանքների էական լինելը որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն, թե արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե` ոչ:

Սույն գործով որպես նոր երևան եկած հանգամանք մատնանշվել է Երևան քաղաքի Այգեստան փողոցի 34/3 հասցեի տնատիրության 16,0 քմ և 6,0 քմ մակերեսներով շինությունների նկատմամբ բողոք բերած անձի սեփականության իրավունքի առկայության փաստը, որը դատարանին հայտնի չի եղել:

Վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի թիվ 07-2481 վճռի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռի հիմքում դրվել են հետևյալ հանգամանքները` Հովհաննես Օհանյանը տիրապետում և օգտագործում է գույքն այն չափերով, ինչ ստացել է ժառանգությամբ, և վիճելի հասցեում գտնվող հողամասը համատեղ սեփականություն չէ: Վճիռը վերաբերում է Հովհաննես Օհանյանի և կադաստրի փոխհարաբերություններին, իսկ բողոք բերած անձի մատնանշած 16,0 քմ և 6,0 քմ մակերեսներով շինությունների պատկանելության վերաբերյալ հարց վճռով չի լուծվել: Հետևաբար, նշված շինությունները սեփականության իրավունքով բողոք բերած անձին պատկանելու հանգամանքը սույն գործի լուծման համար էական նշանակություն չունի և չի կարող հիմք հանդիսանալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու համար:

Բացի այդ, բողոքարկվող դատական ակտի կայացման ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքով վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել այդ հանգամանքն ի հայտ գալու պահից եռամսյա ժամկետում:

Սույն գործի փաստերի համաձայն` բողոք բերած անձը բողոքարկվող դատական ակտի դեմ դեռևս 23.08.2007 թվականին դատավարական իրավունքի խախտման հիմքով վճռաբեկ բողոք է բերել, իսկ նոր երևան եկած հանգամանքներով դիմումը ներկայացրել է 08.07.2008 թվականին: Վերոգրյալից հետևում է, որ բողոք բերած անձը, բողոքարկվող դատական ակտի դեմ 23.08.2007 թվականին վճռաբեկ բողոք բերելով, իմացել է բողոքարկվող դատական ակտի մասին, սակայն բողոքը բերել է այդ ժամանակ գործող օրենքով սահմանված եռամսյա ժամկետից ուշ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում բողոք բերած անձի փաստարկն այն մասին, թե բողոքարկվող դատական ակտի մասին նրան հայտնի է դարձել միայն կադաստրի 03.07.2008 թվականի գրությունից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.18-րդ, 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.04.2009
N ԵԿԴ/2074/02/08
Որոշում