Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 303-ՐԴ, 304...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 303-ՐԴ, 304-ՐԴ, 305-ՐԴ, 313-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական           Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0859/02/08

    դատարանի որոշում                                               2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0859/02/08

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

Ս. Միքայելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի ապրիլի 30-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Մարինե Գալստյանի, Կատյա Հովհաննիսյանի, Արթուր Հովհաննիսյանի և Ցոլակ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մարինե Գալստյանի, Կատյա Հովհաննիսյանի, Արթուր Հովհաննիսյանի ընդդեմ Գագիկ Արղուշյանի, Գայանե Մինասյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին, և ըստ Գագիկ Արղուշյանի, Գայանե Մինասյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Մարինե Գալստյանի, Կատյա Հովհաննիսյանի, Արթուր Հովհաննիսյանի և Ցոլակ Հովհաննիսյանի` կողմերի միջև կնքված գործարքները վավեր ճանաչելու կամ գործարքից հրաժարվելու օրվա դրությամբ բնակարանի շուկայական արժեքը 30 տոկոս հավելումով բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մարինե Գալստյանը, Կատյա Հովհաննիսյանը, Արթուր Հովհաննիսյանը պահանջել են Գագիկ Արղուշյանին և Գայանե Մինասյանին վտարել Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 1-ին թաղամասի 5ա շենքի թիվ 59 բնակարանից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Գագիկ Արղուշյանը և Գայանե Մինասյանը պահանջել են կողմերի միջև կնքված գործարքները վավեր ճանաչել կամ բռնագանձել գործարքից հրաժարվելու օրվա դրությամբ բնակարանի շուկայական արժեքը 30 տոկոս հավելումով:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 10.10.2008 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են: Վճռվել է Գագիկ Արղուշյանին և Գայանե Մինասյանին վտարել Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 1 թաղամասի 5ա շենքի թիվ 59 բնակարանից: Մարինե Գալստյանից, Կատյա Հովհաննիսյանից, Արթուր Հովհաննիսյանից, Ցոլակ Հովհաննիսյանից հօգուտ Գագիկ Արղուշյանի և Գայանե Մինասյանի համապարտության կարգով բռնագանձել վիճելի բնակարանի շուկայական արժեքը 30 տոկոս հավելումով` ընդհանուր գումարով 9360000 ՀՀ դրամի չափով, որից 7200000 ՀՀ դրամը որպես վիճելի բնակարանի շուկայական արժեք, իսկ 2160000 ՀՀ դրամը որպես վերջինիս 30 տոկոս հավելում: Հայցը և հակընդդեմ հայցը մնացած մասով մերժել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.10.2008 թվականի որոշմամբ Դատարանի 10.07.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Մարինե Գալստյանը, Կատյա Հովհաննիսյանը, Արթուր Հովհաննիսյանը և Ցոլակ Հովհաննիսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Գագիկ Արղուշյանը և Գայանե Մինասյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304-րդ, 305-րդ, 313-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ըստ Դատարանի` առոչինչ է պայմանագրի հիմնական պարտավորությունը նախատեսող մասը միայն, մինչդեռ, օրենքի ուժով առոչինչ է ամբողջ պայմանագիրը:

Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածը կիրառել է պայմանագրի մի մասի վրա, մինչդեռ, պատասխանողներն ի սկզբանե իմացել են, որ առոչինչ գործարք են կնքում, ուստի այն իրավական հետևանք չի կարող առաջացնել ընդհանրապես: Դատարանը, գործարքն առուվաճառքի մասով անվավեր ճանաչելով, վավեր է ճանաչել գումարային մասի` օրենքին հակասող պայմանները:

i

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 32-րդ, 205-րդ, 219-221-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը, կիրառել է 561-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել այն հանգամանքը, որ բնակարանի շուկայական գնի և դրա 30 տոկոսի արժեքի վերադարձման պարտավորություն իրենց վրա չեն վերցրել Կատյա և Արթուր Հովհաննիսյանները, իսկ պայմանագրի հետ իր անհամաձայնությունը Մարինե Գալստյանը հայտնել է դրանից անմիջապես հետո` դատական հայց հարուցելով: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գնահատման չի արժանացրել պայմանագրի` բողոք բերողի օրինակը, որտեղ Կատյա Հովհաննիսյանի ստորագրությունը բացակայել է:

Վերաքննիչ դատարանը գնահատման չի արժանացրել նաև այն հանգամանքը, որ Արթուր Հովհաննիսյանը բացակայել է 15.02.2008 թվականի պայմանագիրը կնքելիս, ուստի վերջինիս համար չէին կարող պարտավորություններ ծագել գործարքից: Դատարանը իրավասու չէր նրա իրավունքների նկատմամբ ուրիշի պարտավորությամբ պարտավորություններ սահմանել նրա համար, իսկ Ցոլակ Հովհաննիսյանը ստորագրել է որպես ներկա վկա:

Վերաքննիչ դատարանը ոտնահարել է նաև Գյումրի համայնքի շահերը: Այսպես, Գյումրիի քաղաքապետարանին մասնակից չդարձնելով գործի քննությանը, վճիռ է կայացրել նրա իրավունքների վերաբերյալ` կողմերի ապօրինի գործարքի հետևանքով զրկելով քաղաքապետարանին տնօրինելու բնակարանը սեփականատիրոջ իրավունքով:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը դուրս է եկել հակընդդեմ հայցի շրջանակներից, այն է` հակընդդեմ հայցվորները հայց են ներկայացրել միայն Մարինե Գալստյանի և Կատյա Հովհաննիսյանի դեմ, սակայն Դատարանը կամայականորեն վճռի եզրափակիչ մասում որպես պատասխանող պարտավորություն է դրել նաև Արթուր և Ցոլակ Հովհաննիսյանների վրա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 10.10.2008 թվականի որոշման` հակընդդեմ հայցի մասը և այն փոփոխել. հակընդդեմ հայցը բավարարել մասնակի` 12.000 ԱՄՆ դոլարի չափով` բռնագանձման պարտավորությունը դնելով միայն Մարինե Գալստյանի վրա:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վերաքննիչ դատարանը ճիշտ է գնահատել բոլոր ապացույցները, որոնք գործի համար էական նշանակություն ունեն և ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, ներքին համոզմամբ կայացրել է հիմնավոր որոշում` Դատարանի 10.07.2008 թվականի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

Դատարանը իրավացիորեն վիճելի պայմանագիրը դիտարկել է որպես խառը պայմանագիր` մասամբ որպես բնակարանի առուվաճառքի պայմանագիր կամ նախնական պայմանագիր, մասամբ` պարտավորագիր, դրամական պարտավորություն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 26.02.2003 թվականին թիվ 59 միասնական օրդերի համաձայն` Մարինե Գալստյանին` 3 անձից բաղկացած ընտանիքով, հատկացվել է Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ (Թբիլիսյան խճուղի) 1-ին թաղամասի 5ա շենքի թիվ 59 բնակարանը:

2. «Գյումրի կենտրոն» համատիրության և Մարինե Գալստյանի միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն` Մարինե Գալստյանը պարտավորվել է բնակարանը չտալ ենթավարձակալության կամ բնակեցնել ուրիշ բնակիչներով առանց համատիրության գրավոր թույլտվության:

3. 24.02.2005 թվականին լույս տեսած «Հինգշաբթի» շաբաթաթերթում Մարինե Գալստյանի կողմից տրվել է հայտարարություն` վերը նշված բնակարանը վաճառելու մասին, ընդ որում նշվել է, որ բնակարանը հանդիսանում է «Լինսի» կառույց, գինը` 6000 ԱՄՆ դոլար:

4. Սույն գործով կողմերի միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն` հայցվորները համաձայնվել են 5.800 ԱՄՆ դոլարով վաճառել նշված բնակարանը, իսկ պատասխանողները` գնել այն` նոտարական գրասենյակի ծախսերը ևս վերցնելով իրենց վրա: Նշված գումարը պատասխանողների կողմից վճարվել է: Բնակարանի առուվաճառքի պայմանագիրը նոտարական վավերացում չի ստացել:

5. 15.02.2008 թվականին կողմերի միջև կազմվել է երկրորդ գրավոր փաստաթուղթն այն մասին, որ եթե վաճառողները մտափոխվեն գործարքը ավարտին հասցնել, ապա պարտավորվում են վճարել այդ պահին բնակարանի շուկայական արժեքից 30 տոկոս ավել գումար:

i

6. Վաճառողները ազատել են բնակարանը և հանձնել գնորդներին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր (խառը պայմանագիր): Խառը պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են խառը պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ խառը պայմանագրի էությունից:

Սույն գործով թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանը գտնելով, որ կողմերի միջև կնքվել է խառը պայմանագիր, որը մի կողմից ներառում է բնակարանի առուվաճառքի պայմանագրի տարրեր, իսկ մյուս կողմից` պարտավորագրի, առոչինչ է համարել միայն պայմանագրի հիմնական պարտավորությունը նախատեսող մասը: Այսինքն, Դատարանը առոչինչ է համարել առուվաճառքի պայմանագիրը, մերժելով այդ պայմանագրով նախատեսված պարտավորության ապահովման միջոց կիրառելու մասին համաձայնությունը առոչինչ համարելու պահանջը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ հարցադրումը. արդյո՞ք կարող է առոչինչ համարվել առուվաճառքի պայմանագիրը միայն առուվաճառքի մասով, իսկ պարտավորության ապահովման միջոց կիրառելու մասով` ոչ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 316-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի` գործարքի մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս մասերի անվավերության, եթե գործարքը կարող էր կնքվել նաև առանց անվավեր մասը նրա մեջ ներառելու:

Նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հիմնական պարտավորության անվավերությունը հանգեցնում է այն ապահովող պարտավորության անվավերության, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե կողմերի միջև կնքված հիմնական պայմանագիրն առոչինչ է, ապա առոչինչ է նաև այդ պայմանագրի կատարման ապահովման պարտավորությունը:

2) Վճռաբեկ դատարանը բողոքի երկրորդ հիմքը գնահատման առարկա չի դարձնում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում: Մինչդեռ, բողոք բերած անձը նշված հիմքերով վերաքննիչ բողոք չի բերել, հետևաբար Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով նշված հոդվածի պահանջներով, բողոքի նշված հիմքերին չի անդրադառնում:

Ինչ վերաբերում է բողոքի այն հիմքին, որ Վերաքննիչ դատարանը, Գյումրիի քաղաքապետարանին մասնակից չդարձնելով գործի քննությանը, վճիռ է կայացրել նրա իրավունքների վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը նույնպես չի անդրադառնում, քանի որ բողոք բերած անձը լիազորված չէ վճռաբեկ բողոք ներկայացնելու Գյումրիի քաղաքապետարանի անունից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2008 թվականի որոշումը և քաղաքացիական գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.04.2009
N ՇԴ/0859
Որոշում