Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՀՀ-ՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ/5557/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/5557/05/08                             2009 թ.

Նախագահող դատավոր` Ա. Միրզոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2009 թվականի ապրիլի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.12.2008 թվականի վճռի դեմ` ըստ Սերգեյ Գասպարյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` վարչական ակտն ամբողջությամբ վերացնելու, վարչական մարմնին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու և շինարարություն իրականացնելու իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սերգեյ Գասպարյանը պահանջել է հաստատել, որ Քաղաքապետարանի գործողություններն իրավաչափ չեն, ինչպես նաև հաստատել ու ճանաչել հայցվորի իրավունքն առ այն, որ շինարարություն իրականացնելու նրա թույլտվությունն արդեն ուժի մեջ է օրենքի ուժով, և նա իրավունք ունի ձեռնամուխ լինել դրա իրականացմանն առանց Քաղաքապետարանից «ֆորմալ թույլտվություն ստանալու»:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.12.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է` Քաղաքապետարանի կողմից Սերգեյ Գասպարյանին պատկանող Երևանի Չարենցի փողոցի թիվ 1բ շենքի թիվ 23 բնակարանի մուտքի կազմակերպման շինարարության թույլտվություն տալու վերաբերյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական ակտ չընդունելու գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ և ճանաչել Սերգեյ Գասպարյանի շինարարության թույլտվության իրավունքը Երևանի Չարենցի փողոցի թիվ 1բ շենքի թիվ 23 բնակարանի մուտքի կազմակերպման համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ և 48-րդ հոդվածները, չի կիրառել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշմամբ հաստատված կարգը և «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 29.08.2002 թվականի թիվ 1473-Ն որոշմամբ հաստատված կարգը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը պատճառաբանել է, որ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ Սերգեյ Գասպարյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթին որպես երրորդ անձ չի ներգրավել նկուղային հարկի սեփականատիրոջը, սակայն պահանջել է նրա համաձայնությունը:

Մինչդեռ, տվյալ դեպքում, վարչական վարույթում ընդունվելիք ակտով կշոշափվեն նաև նկուղային հարկի սեփականատիրոջ իրավունքները և օրինական շահերը, ուստի վերջինիս համաձայնությունն անառարկելիորեն անհրաժեշտ է: Բացի այդ, Սերգեյ Գասպարյանի կողմից չէր ներկայացվել նաև նախատեսվող մուտքի էսքիզային առաջարկը:

Նշված հարաբերությունները կարգավորվում են նաև «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքով, և ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշումը չէր կարող հիմք հանդիսանալ վեճի լուծման համար:

Դատարանը, ճանաչելով Սերգեյ Գասպարյանի շինարարության թույլտվության իրավունքը, չի պարզել այդ գործողությունների իրավաչափության հարցը, այն է` Երևանի քաղաքապետարանի կողմից առաջադրանք տրամադրելու դեպքում Սերգեյ Գասպարյանի կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են արդյո՞ք «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 29.08.2002 թվականի թիվ 1473-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` Կարգ) պահանջներին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 1բ շենքի թիվ 23 բնակարանի մուտքի կազմակերպումը համապատասխանում է արդյո՞ք քաղաքաշինական նորմերին, թե` ոչ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 30.12.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 2008 թվականի հուլիս ամսին Սերգեյ Գասպարյանը դիմել է Քաղաքապետարան` Երևանի Չարենցի փողոցի թիվ 1բ շենքի թիվ 23 բնակարան հասցեում մուտքի կազմակերպման թույլտվություն ստանալու համար:

2) Քաղաքապետարանի 24.07.2008 թվականի թիվ 18-08/1-Գ-2126 գրությամբ Սերգեյ Գասպարյանին պատասխանվել է, որ հարցի քննարկման համար անհրաժեշտ է ներկայացնել նկուղային հարկի տարածքի սեփականատիրոջ համաձայնությունը և նախատեսվող մուտքի էսքիզային առաջարկը` կցելով վերջինիս զբաղեցրած հողատարածքի տեղագրական հանույթը (գ.թ. 10):

3) Կրկին դիմելով Քաղաքապետարան` Սերգեյ Գասպարյանը խնդրել է տեղեկացնել, թե ո՞ր իրավական ակտերի ո՞ր նորմերի համաձայն ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով ընթացք տալ և լուծել իր դիմումի կապակցությամբ հարուցված վարչական վարույթը (գ.թ. 12):

i

4) Քաղաքապետարանի 14.08.2008 թվականի թիվ 18-08/1-Գ-2298 գրությամբ Սերգեյ Գասպարյանին պատասխանվել է, որ «Երևանի Չարենցի փողոցի թիվ 1բ շենքի թիվ 23 բնակարան հասցեում մուտքի կազմակերպման ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու հայտը ոչ թե մերժվել է, այլ հարցի քննարկման և համապատասխան ընթացք տալու համար պահանջվել է ներկայացնել բնակարանի տակ գտնվող նկուղային հարկի սեփականատիրոջ համաձայնությունը` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 222-րդ և 224-րդ հոդվածների, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածների, Կարգի և «Երևան քաղաքում շենքերի ճակատների պահպանման, վերանորոգման և նորոգման կարգը հաստատելու մասին» Երևանի քաղաքապետի 22.05.2007 թվականի թիվ 1290-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները» (գ.թ. 11):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն` դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքի վերոհիշյալ դրույթը չի կարող մեկնաբանվել որպես հայցվող ցանկացած ակտի ընդունված լինելը հաստատող նորմ: Հայցվող վարչական ակտը, ինչպես նաև հայցվող իրավունքը պետք է հիմնված լինեն օրենքի հիման վրա, չխախտեն այլոց իրավունքներն ու ազատությունները: Հետևաբար, նշված նորմի բովանդակության մաս պետք է կազմի նաև հայցվող վարչական ակտի իրավաչափությունը, որի առկայությունը հաստատվելուց հետո միայն հնարավոր կլինի փաստել վարչական ակտի և դրա հիման վրա ծագող իրավունքի գոյությունը:

Սույն գործով Դատարանը Քաղաքապետարանի կողմից վարչական ակտ չընդունելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և շինարարության թույլտվության իրավունքը ճանաչելու հայցի բավարարումը պատճառաբանել է, որ Սերգեյ Գասպարյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի ժամկետը երբևէ չի երկարաձգվել, վարչական վարույթը երբևէ չի կասեցվել, դիմումի վերաբերյալ Քաղաքապետարանի կողմից որևէ որոշում չի կայացվել, դիմումը չի մերժվել կամ բավարարվել, որի արդյունքում Դատարանը Քաղաքապետարանի կողմից Սերգեյ Գասպարյանին պատկանող Երևանի Չարենցի փողոցի թիվ 1բ շենքի թիվ 23 բնակարանի մուտքի կազմակերպման շինարարության թույլտվություն տալու վերաբերյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական ակտ չընդունելու գործողությունները ճանաչել է ոչ իրավաչափ և ճանաչել է Սերգեյ Գասպարյանի շինարարության թույլտվության իրավունքը Երևանի Չարենցի փողոցի թիվ 1բ շենքի թիվ 23 բնակարանի մուտքի կազմակերպման համար:

Մինչդեռ, Դատարանը, հաստատված համարելով Քաղաքապետարանի անգործությունը, անտեսել է Քաղաքապետարանի 24.07.2008 թվականի թիվ 18-08/1-Գ-2126 գրությամբ և Քաղաքապետարանի 14.08.2008 թվականի թիվ 18-08/1-Գ-2298 գրությամբ Սերգեյ Գասպարյանին տրված պատասխանները, իսկ ճանաչելով հայցվող իրավունքը` գնահատման առարկա չի դարձրել դրա իրավաչափության հարցը: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կայացված դատական ակտն անհիմն է:

i

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արդեն իսկ անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության իրավական խնդրին (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման` Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի` բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ03/0026/02/08), ուստի սույն որոշմամբ աննպատակահարմար է համարում կրկին անդրադառնալ տվյալ իրավական խնդրին:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Սերգեյ Գասպարյանի շինարարության թույլտվության իրավունքը Երևանի Չարենցի փողոցի թիվ 1բ շենքի թիվ 23 բնակարանի մուտքի կազմակերպման համար ճանաչելու պահանջը ենթակա չէ դատարանում քննության հետևյալ պատճառաբանությամբ:

i

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 65-67-րդ հոդվածներին համապատասխան:

Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել:

Այսպիսով, ինչպես կարելի է նկատել վերոհիշյալ երկու հոդվածների համեմատական վերլուծությունից, ճանաչման հայց կարող է ներկայացվել այն դեպքում, երբ պարտավորեցման հայց ներկայացնել հնարավոր չէ: Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` չի բացառվել Քաղաքապետարանին համապատասխան վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հայցի հարուցման հնարավորությունը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

Վերոնշյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը` Քաղաքապետարանի կողմից Սերգեյ Գասպարյանին պատկանող Երևանի Չարենցի փողոցի թիվ 1բ շենքի թիվ 23 բնակարանի մուտքի կազմակերպման շինարարության թույլտվություն տալու վերաբերյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական ակտ չընդունելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասով, ենթակա է մերժման, իսկ սույն վարչական գործի վարույթը` Սերգեյ Գասպարյանի շինարարության թույլտվության իրավունքը Երևանի Չարենցի փողոցի թիվ 1բ շենքի թիվ 23 բնակարանի մուտքի կազմակերպման համար ճանաչելու մասով ենթակա է կարճման` այն Դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.12.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. Երևանի Չարենցի փողոցի թիվ 1բ շենքի թիվ 23 բնակարանի մուտքի կազմակերպման շինարարության թույլտվություն տալու վերաբերյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական ակտ չընդունելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու հայցը մերժել, իսկ Սերգեյ Գասպարյանի շինարարության թույլտվության իրավունքը Երևանի Չարենցի փողոցի թիվ 1բ շենքի թիվ 23 բնակարանի մուտքի կազմակերպման համար ճանաչելու մասով` գործի վարույթը կարճել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.04.2009
N ՎԴ/5557/05/08
Որոշում