Սեղմել Esc փակելու համար:
«ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅ ...

 

 

040.1281.161109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հոկտեմբերի 2009 թվականի N 1281-Ն

 

«ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԸ, ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐՆ ՈՒ ԱԾԱՆՑՅԱԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ (ՀԱՎԱՍՏԱԳՐԻ) ՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների (հավաստագրերի) տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխան վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվության (հավաստագրի) ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխան վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, վերարտահանելու, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կամ ծովից ներմուծելու հայտի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների (հավաստագրերի) էլեկտրոնային տարբերակով տրամադրման կարգը` համաձայն N 4 հավելվածի.

5) թառափազգիների խավիարի տարաների մակնշման կարգը` համաձայն N 5 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 25.10.12 թիվ 1362-Ն որոշում)

2. Սահմանել, որ`

1) «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի դրույթներով սահմանված պահանջներին համապատասխան վայրի կենդանիների և բույսերի, դրանց մասերի ու ածանցյալների` Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրամադրված թույլտվությունների (հավաստագրերի) առկայության դեպքում` համաձայն սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ձևի.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված թույլտվությունները (հավաստագրերը) տրամադրվում են «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի NN 1, 2 և 3 հավելվածներով ամրագրված նմուշների (ապրանքների) ցանկին համապատասխան: Կոնվենցիայի հավելվածները տեղադրվում են «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի http://www.cites.org/ կայքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 22-ի

N 1281-Ն որոշման

 

ԿԱՐԳ

«ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԸ, ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐՆ ՈՒ ԱԾԱՆՑՅԱԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (այսուհետ` ՍԻԹԵՍ) NN 1, 2 և 3 հավելվածներում ընդգրկված` անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերը և ածանցյալները (այսուհետ` նմուշ) Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, վերարտահանելու, Հայաստանի Հանրապետության տարածք ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված նմուշները ներմուծելու, ինչպես նաև ՍԻԹԵՍ-ի NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված նմուշները ծովից ներմուծելու թույլտվությունների տրամադրման պայմանները և ընթացակարգը:

2. ՍԻԹԵՍ-ի NN 1, 2 և 3 հավելվածներում ընդգրկված նմուշների` Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և վերարտահանման, Հայաստանի Հանրապետության տարածք ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված նմուշների ներմուծման, ինչպես նաև ՍԻԹԵՍ-ի NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված նմուշների` ծովից ներմուծման թույլտվությունները (այսուհետ` ՍԻԹԵՍ-ի թույլտվություն) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրամադրվում են ՍԻԹԵՍ-ով և սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 2 հավելվածի ձևի:

2.1. ՍԻԹԵՍ-ի թույլտվություն ստանալու հայտերը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 3 հավելվածի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացվում թղթային տարբերակով կամ նույն որոշման N 4 հավելվածով սահմանված կարգով` էլեկտրոնային տարբերակով:

(2.1-ին կետը լրաց. 25.10.12 թիվ 1362-Ն որոշում)

3. ՍԻԹԵՍ-ի թույլտվությունները տրամադրվում են`

1) նմուշների արտահանման և վերարտահանման համար` առավելագույնը 6 ամիս ժամկետով.

2) շարժական ցուցահանդեսների, կենդանաբանական այգիների և կրկեսների նմուշների արտահանման և վերարտահանման համար` առավելագույնը 36 ամիս ժամկետով.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված նմուշների ներմուծման համար` առավելագույնը 12 ամիս ժամկետով.

3.1. Նմուշների յուրաքանչյուր տեղափոխման համար տրամադրվում է առանձին թույլտվություն:

(3.1-ին կետը լրաց. 25.10.12 թիվ 1362-Ն որոշում)

4. Նմուշների տեղափոխման ցանկացած գործունեություն` ներառյալ փոխադրամիջոցներով փոխադրումները, փոխաբեռնման գործընթացները և արտահանող կամ ներմուծող երկրի մաքսային սահմաններով ցանկացած անցկացումները, պետք է ավարտվեն սույն կարգի 3-րդ կետով սահմանված համապատասխան ժամանակահատվածում:

5. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետներում չօգտագործված ՍԻԹԵՍ-ի թույլտվությունները չեղյալ են ճանաչվում և ենթակա են պարտադիր վերադարձման` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:

 

II. ՆՄՈՒՇՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Անազատ պայմաններում բուծված թառափազգիների տեսակների նմուշների արտահանման թույլտվությունները տրամադրվում են սույն կարգի III գլխով սահմանված պայմաններով և ընթացակարգով:

7. Հայաստանի Հանրապետության տարածքից ՍԻԹԵՍ-ի NN 1, 2 և 3 հավելվածներում ընդգրկված նմուշների արտահանման թույլտվություն ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում` օտարերկրյա պետությունների քաղաքացիները և օտարերկրյա իրավաբանական անձինք (այսուհետ` հայտատու), Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնում են հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 3 հավելվածի ձևի:

8. Հայտին կից ներկայացվում են`

1) նմուշի ձեռքբերման (որս, բույսերի հավաք, աճեցում, բուծում, գնում և այլն) օրինականությունը հաստատող փաստաթուղթը (պատճենը).

2) արտահանողի և ներմուծողի միջև կնքված պայմանագրի կամ տվյալ արտահանումը հավաստող պայմանագրային այլ փաստաթղթի պատճենը` բացառությամբ այն դեպքերի, երբ փոխադրման ենթակա նմուշը տվյալ նմուշը փոխադրողի սեփականությունն է.

3) ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված նմուշի արտահանման դեպքում` ներմուծման երկրի ազգային կառավարման մարմնի կողմից տրված ներմուծման թույլտվությունը կամ կողմ չհանդիսացող երկրի իրավասու մարմնի կողմից տրված ներմուծման թույլտվությունը, եթե այդ երկրի օրենսդրությամբ նման կարգ սահմանված է.

4) ՍԻԹԵՍ-ի N 3 հավելվածում ընդգրկված նմուշի արտահանման դեպքում` տվյալ նմուշի ծագման հավաստագիրը.

5) դեղագործական, բուժական կամ կանխարգելման նպատակներով օգտագործման համար նախատեսված բույսերի, դրանց մասերի և կենդանական ծագում ունեցող նյութերի դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված արտահանման հավաստագրի պատճենը:

9. Նմուշի ձեռքբերման վերաբերյալ սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված օրինականությունը հաստատող փաստաթղթեր են համարվում`

1) նմուշի նկատմամբ հայտատուի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը.

2) նմուշի նկատմամբ արտահանողի լիազորությունը հաստատող փաստաթուղթը.

3) համապատասխան պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տրամադրված կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտների հավաքի կամ մթերման թույլտվության պատճենը, իսկ որսի և բույսերի հավաքի դեպքում` նաև բնօգտագործման վճարի վճարման անդորրագիրը.

4) արհեստական պայմաններում կամ մշակության մեջ նմուշի աճեցումը կամ բուծումը հավաստող փաստաթղթերը,

5) ապրանքի վճարման հաշիվ-ապրանքագիրը.

6) ապրանքի առուվաճառքի պայմանագիրը.

7) իրավասու մարմինների կողմից նմուշի առգրավման վերաբերյալ որոշումը կամ առգրավված նմուշն արտահանող պետությանը վերադարձնելու թույլտվությունը` տրամադրված Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից:

10. Նմուշների արտահանման համար ՍԻԹԵՍ-ի թույլտվությունները տրամադրվում են գիտական մարմնի կողմից սույն կարգի VIII գլխում սահմանված կարգով տրված դրական եզրակացության առկայության դեպքում` բացառությամբ սույն կարգի 35-րդ կետում սահմանված նմուշների թույլտվությունների տրամադրման դեպքերի:

11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը հայտն ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախատեսվող արտահանման վերաբերյալ խորհրդակցելով ՍԻԹԵՍ-ի քարտուղարության կամ ներմուծող երկրի հետ 10 օրվա ընթացքում հայտատուին տրամադրում է համապատասխան թույլտվությունը կամ գրավոր տեղեկացնում է հայտի մերժման պատճառների մասին:

12. Հայտը մերժվում է, եթե`

1) հայտում և դրան կից փաստաթղթերում բացակայող` սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը հայտատուի կողմից չեն ներկայացվել 5 օրվա ընթացքում, կամ դրանցում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.

2) հայտում նշված նմուշի առևտուրը չի իրականացվել ՍԻԹԵՍ-ի դրույթներով սահմանված պահանջների համաձայն, կամ գիտական մարմինը եզրակացություն է տվել, որ նման առևտուրն սպառնում է տվյալ տեսակի գոյատևմանը.

3) կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ բույսերի փոխադրման համար սահմանված պահանջներին.

4) հայտում ներկայացված ՍԻԹԵՍ-ի NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված` արտահանվող նմուշների տեսակների քանակը գերազանցում է արտահանման համար կողմերի կողմից կամավոր սահմանված կամ ՍԻԹԵՍ-ի կողմերի խորհրդաժողովի կամ մշտական հանձնաժողովի կողմից որոշված տարեկան չափաքանակների ընդհանուր քանակը.

5) հայտում նշված արտահանվող նմուշը ձեռք է բերվել «Բուսական աշխարհի մասին» կամ «Կենդանական աշխարհի մասին» կամ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների խախտմամբ:

 

III. ԱՆԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՒԾՎԱԾ ԹԱՌԱՓԱԶԳԻՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Անազատ պայմաններում բուծված թառափազգիների տեսակների նմուշների արտահանման թույլտվություն ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 3 հավելվածի ձևի:

14. Հայտին կից ներկայացվում են`

1) նմուշի նկատմամբ հայտատուի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը (պատճենը).

2) արտահանողի և ներմուծողի միջև կնքված պայմանագրի կամ տվյալ արտահանումը հավաստող պայմանագրային այլ փաստաթղթի պատճենը.

3) թառափազգիների ձկնկիթների դեպքում` նաև`

ա. տեղեկություններ այն թառափազգիների ծագման աղբյուրի մասին, որոնցից արտադրվել է ձկնկիթը (բնությունից վերցվածի դեպքում` Հայաստանի Հանրապետության տարածք ՍԻԹԵՍ-ի կամ ՍԻԹԵՍ-ի կողմ չհանդիսացող երկրի կողմից տրամադրված համապատասխան ներմուծման թույլտվության պատճենը, իսկ անազատ պայմաններում բուծվածի դեպքում` դրա բուծումը հավաստող փաստաթղթերը),

բ. տեղեկություններ թառափազգիների խավիարի փաթեթավորման կամ վերափաթեթավորման տարաների պիտակավորման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված կարգով մակնշման մասին.

4) տեղեկություններ ձկնկիթների քանակության մասին` ըստ թառափազգիների տեսակների կամ դրանց հիբրիդ ձևերի, և դրանց փոխադրման տարաների մասին:

(14-րդ կետը փոփ. 25.10.12 թիվ 1362-Ն որոշում)

15. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը հայտն ստանալուց հետո 2 օրվա ընթացքում հայտատուին տրամադրում է համապատասխան արտահանման թույլտվությունը կամ գրավոր տեղեկացնում է հայտի մերժման պատճառների մասին:

16. Հայտը մերժվում է, եթե`

1) հայտում և դրան կից փաստաթղթերում բացակայող` սույն կարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերը հայտատուի կողմից չեն ներկայացվել մեկ օրվա ընթացքում, կամ դրանցում նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.

2) կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով կենդանի վիճակում գտնվող կենդանիների փոխադրման համար սահմանված պահանջներին:

16.1. Անազատ պայմաններում բուծված թառափազգիների կամ դրանց մասերի արտահանման կամ վերաարտահանման ՍԻԹԵՍ-ի թույլտվությունը տրամադրվում է պարզեցված ընթացակարգով` առավելագույնը վեց ամսվա ընթացքում ընդհանուր բեռը մասնակի խմբաքանակներով փոխադրելու իրավունքով:

(16.1-ին կետը լրաց. 25.10.12 թիվ 1362-Ն որոշում)

16.2. Սույն կարգի 16.1-ին կետով սահմանված պարզեցված ընթացակարգերը կիրառվում են այն իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք սույն կարգի 33-րդ կետով սահմանված կարգով հաշվառվել են ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում և ներկայացված հայտում կատարել են նշում առավելագույնը վեց ամսվա ընթացքում ընդհանուր բեռի փոխադրման խմբաքանակների վերաբերյալ:

(16.2-րդ կետը լրաց. 25.10.12 թիվ 1362-Ն որոշում)

16.3. Պարզեցված ընթացակարգով արտահանվող կամ վերաարտահանվող` անազատ պայմաններում բուծված թառափազգիների կամ դրանց մասերի ընդհանուր բեռի փոխադրման խմբաքանակները նշվում են ՍԻԹԵՍ-ի թույլտվության 5-րդ կետում:

(16.3-րդ կետը լրաց. 25.10.12 թիվ 1362-Ն որոշում)

 

IV. ՆՄՈՒՇՆԵՐԻ ՎԵՐԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

17. Հայաստանի Հանրապետության տարածքից ՍԻԹԵՍ-ի NN 1, 2 և 3 հավելվածներում ընդգրկված նմուշների վերարտահանման թույլտվություն ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 3 հավելվածի ձևի:

18. Հայտին կից ներկայացվում են`

1) տեղեկություններ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման համար ստացված նախկին թույլտվության մասին.

2) արտահանողի և ներմուծողի միջև կնքված պայմանագրի կամ տվյալ վերարտահանումը հաստատող պայմանագրային այլ փաստաթղթի պատճենը` բացառությամբ այն դեպքերի, երբ փոխադրման ենթակա նմուշը հանդիսանում է տվյալ նմուշը փոխադրողի սեփականությունը.

3) ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված նմուշի վերարտահանման դեպքում` ներմուծման երկրի ազգային կառավարման մարմնի կողմից տրված ներմուծման թույլտվությունը կամ կողմ չհանդիսացող երկրի իրավասու մարմնի կողմից տրված ներմուծման թույլտվությունը, եթե այդ երկրի օրենսդրությամբ նման կարգ սահմանված է.

4) ՍԻԹԵՍ-ի N 3 հավելվածում ընդգրկված նմուշի վերարտահանման դեպքում` տվյալ նմուշի ծագման հավաստագիրը.

5) դեղագործական, բուժական կամ կանխարգելման նպատակներով օգտագործման համար նախատեսված բույսերի, դրանց մասերի և կենդանական ծագում ունեցող նյութերի վերարտահանման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված արտահանման հավաստագրի պատճենը:

19. Նմուշների վերարտահանման համար ՍԻԹԵՍ-ի թույլտվությունները տրամադրվում են գիտական մարմնի կողմից սույն կարգի VIII գլխով սահմանված կարգով տրված դրական եզրակացության առկայության դեպքում` բացառությամբ սույն կարգի 35-րդ կետում սահմանված նմուշների թույլտվությունների տրամադրման դեպքերի:

20. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը հայտն ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախատեսվող վերարտահանման վերաբերյալ խորհրդակցելով ՍԻԹԵՍ-ի քարտուղարության կամ ներմուծող երկրի հետ 10 օրվա ընթացքում հայտատուին տրամադրում է համապատասխան թույլտվությունը կամ գրավոր տեղեկացնում է հայտի մերժման պատճառների մասին:

21. Հայտը մերժվում է, եթե`

1) հայտում և դրան կից փաստաթղթերում բացակայող` սույն կարգի 18-րդ կետում նշված փաստաթղթերը հայտատուի կողմից չեն ներկայացվել 5 օրվա ընթացքում, կամ դրանցում նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.

2) հայտում նշված նմուշը նախկինում Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծվել ՍԻԹԵՍ-ի դրույթներով և սույն կարգով սահմանված ներմուծման պահանջների խախտմամբ, կամ գիտական մարմինը եզրակացություն է տվել, որ նման առևտուրն սպառնում է տվյալ տեսակի գոյատևմանը.

3) կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ բույսերի փոխադրման համար սահմանված պահանջներին:

 

V. ՆՄՈՒՇՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

22. ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված նմուշների ներմուծման թույլտվություններ ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 3 հավելվածի ձևի:

23. Հայտին կից ներկայացվում է արտահանողի և ներմուծողի միջև կնքված պայմանագրի կամ տվյալ ներմուծումը հավաստող պայմանագրային այլ փաստաթղթի պատճենը` բացառությամբ այն դեպքերի, երբ փոխադրման ենթակա նմուշը տվյալ նմուշը փոխադրողի սեփականությունն է:

24. ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված նմուշների ներմուծման թույլտվությունները տրամադրվում են գիտական մարմնի կողմից` սույն կարգի VIII գլխով սահմանված կարգով տրված դրական եզրակացության առկայության դեպքում` բացառությամբ սույն կարգի 35-րդ կետում սահմանված նմուշների թույլտվությունների տրամադրման դեպքերի:

25. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը հայտն ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախատեսվող փոխադրման վերաբերյալ խորհրդակցելով ՍԻԹԵՍ-ի քարտուղարության արտահանման երկրի հետ 10 օրվա ընթացքում հայտատուին տրամադրում է համապատասխան թույլտվությունը կամ գրավոր տեղեկացնում է հայտի մերժման պատճառների մասին:

26. Հայտը մերժվում է, եթե`

1) հայտում և դրան կից փաստաթղթերում բացակայող` սույն կարգի 23-րդ կետում նշված փաստաթղթերը հայտատուի կողմից չեն ներկայացվել 5 օրվա ընթացքում, կամ դրանցում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.

2) հայտում նշված նմուշի առևտուրը չի իրականացվել ՍԻԹԵՍ-ի դրույթներով սահմանված պահանջների համաձայն, կամ գիտական մարմինը եզրակացություն է տվել, որ նման առևտուրն սպառնում է տվյալ տեսակի գոյատևմանը.

3) կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ բույսերի փոխադրման համար սահմանված պահանջներին.

4) հայտում ներկայացված ՍԻԹԵՍ-ի NN 1 հավելվածում ընդգրկված ներմուծվող նմուշների տեսակների քանակը գերազանցում է ներմուծման համար կողմերի կողմից կամավոր սահմանված կամ ՍԻԹԵՍ-ի կողմերի խորհրդաժողովի կամ մշտական հանձնաժողովի կողմից որոշված տարեկան չափաքանակների ընդհանուր քանակը.

 

VI. ՆՄՈՒՇՆԵՐԻ` ԾՈՎԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

27. ՍԻԹԵՍ-ի NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված նմուշները Հայաստանի Հանրապետության տարածք ծովից ներմուծման թույլտվություններ ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 3 հավելվածի ձևի:

28. Դեղագործական, բուժական կամ կանխարգելման նպատակներով օգտագործման համար նախատեսված բույսերի, դրանց մասերի և կենդանական ծագում ունեցող նյութերի ներմուծման դեպքում հայտին կից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված ներմուծման հավաստագրի պատճենը:

29. ՍԻԹԵՍ-ի N 1 և 2 հավելվածներում ընդգրկված նմուշների` ծովից ներմուծման թույլտվությունները տրամադրվում են գիտական մարմնի կողմից` սույն կարգի VIII գլխով սահմանված կարգով տրված դրական եզրակացության առկայության դեպքում կամ ՍԻԹԵՍ-ով սահմանված պահանջների համաձայն այլ ազգային գիտական մարմինների, կամ անհրաժեշտության դեպքում միջազգային գիտական մարմինների հետ խորհրդակցելուց հետո:

30. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը հայտն ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախատեսվող փոխադրման վերաբերյալ խորհրդակցելով ՍԻԹԵՍ-ի քարտուղարության, արտահանող երկրի հետ 10 օրվա ընթացքում հայտատուին տրամադրում է համապատասխան թույլտվությունը կամ գրավոր տեղեկացնում է հայտի մերժման պատճառների մասին:

31. Հայտը մերժվում է, եթե`

1) հայտում և դրան կից սույն կարգի 27-րդ կետում նշված դեպքերի համար պահանջվող փաստաթուղթը հայտատուի կողմից չի ներկայացվել 5 օրվա ընթացքում, կամ դրանցում նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.

2) հայտում նշված նմուշի` ծովից ներմուծումը չի իրականացվել ՍԻԹԵՍ-ի դրույթներով սահմանված պահանջների համաձայն կամ գիտական մարմինը, կամ այլ ազգային գիտական մարմինը, կամ միջազգային գիտական մարմինը եզրակացություն են տվել, որ նման առևտուրն սպառնում է տվյալ տեսակի գոյատևմանը.

3) կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ բույսերի փոխադրման համար սահմանված պահանջներին.

4) հայտում ներկայացված ՍԻԹԵՍ-ի NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված` ներմուծվող նմուշների տեսակների քանակը գերազանցում է ծովից ներմուծման համար ՍԻԹԵՍ-ի կողմերի խորհրդաժողովի կամ մշտական հանձնաժողովի կողմից որոշված տարեկան չափաքանակների ընդհանուր քանակը:

 

VII. ՍԻԹԵՍ-Ի ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ

 

32. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրամադրված ՍԻԹԵՍ-ի թույլտվությունների, ներկրող ու արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձանց անվանումների և հասցեների, արտահանված ու ներմուծված նմուշների տեսակների ու քանակի, արտահանման և ներմուծման երկրների անվանումների, հնարավորության դեպքում նաև նմուշների չափսերի ու սեռի վերաբերյալ տեղեկությունների գրանցման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը վարում է գրանցամատյան (այսուհետ` ՍԻԹԵՍ-ի գրանցամատյան):

33. Հայաստանի Հանրապետության տարածքում նմուշների տիրապետող, անազատ պայմաններում վայրի կենդանիներ բուծող և արհեստական պայմաններում վայրի բույսեր աճեցնող իրավաբանական և ֆիզիկական անձինք ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառվելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացնում դիմում` համաձայն սույն կարգի ձևի:

(33-րդ կետը փոփ. 25.10.12 թիվ 1362-Ն որոշում)

33.1. ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառման մասին դիմումին կից ներկայացվում են`

1) քաղաքացիների դեպքում` անձնագրի պատճենը.

2) նմուշի ձեռքբերման վերաբերյալ սույն կարգի 9-րդ կետում նշված օրինականությունը հաստատող փաստաթղթի, կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվության կամ արտահանող երկրի համաձայնության կամ դրանց փոխարինող փաստաթղթերի (մաքսային հայտարարագիր, արտահանող երկրի մաքսային մարմնի կողմից կնքված կամ այլ տեսքով վավերացված ապրանքաուղեկից փաստաթղթեր), կամ ձեռքբերումը հավաստող այլ փաստաթղթերի (նվիրատվություն, կտակ, ժառանգություն և այլն) պատճենները:

3) նմուշի լուսանկարը:

(33.1-ին կետը լրաց. 25.10.12 թիվ 1362-Ն որոշում)

33.2. Սույն կարգի 33.1-ին կետի համաձայն ներկայացված դիմումն ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում, տեղում ուսումնասիրում և 5 օրվա ընթացքում դիմողին գրավոր պատասխանում են ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառման մասին` նշելով ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում դիմողի հաշվառման համարը, դիմելու ամսաթիվը, գրանցված նմուշների գիտական անվանումը և քանակը, կամ` ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառման մերժման մասին` հիմնավորելով այն:

(33.2-րդ կետը լրաց. 25.10.12 թիվ 1362-Ն որոշում)

33.3. ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում դիմողին կամ նրա կողմից հաշվառման ներկայացված որևէ վայրի կենդանու կամ բույսի գրանցումը մերժվում է, եթե բացակայում են դիմումին կից պահանջվող փաստաթղթերը, կամ եթե դրանցում եղած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

(33.3-րդ կետը լրաց. 25.10.12 թիվ 1362-Ն որոշում)

33.4. ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառված նմուշների հետ կապված ցանկացած փոփոխության (նմուշի վաճառք, նվիրատվություն, կորուստ, ժառանգում և այլն, իսկ կենդանի վիճակում գտնվող նմուշների դեպքում նաև` կենդանիների դեպքում` ծնում, բուծում կամ վերարտադրություն, կամ մահ, բույսերի դեպքում` վերարտադրություն կամ չորացում և այլն) դեպքում իրավաբանական և ֆիզիկական անձինք դրա մասին գրավոր տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

(33.4-րդ կետը լրաց. 25.10.12 թիվ 1362-Ն որոշում)

33.5. Սույն կարգի 33.4-րդ կետով սահմանված կարգով ներկայացված նմուշների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են գրանցամատյանում` դրա մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

(33.5-րդ կետը լրաց. 25.10.12 թիվ 1362-Ն որոշում)

33.6. Սույն կարգի 33.1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերի պատճենները ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառված նմուշների արտահանման կամ վերաարտահանման հայտերին կից ներկայացնելը պարտադիր չէ, եթե հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկում կատարվել է հղում ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառման համար ներկայացված համապատասխան փաստաթղթին:

(33.6-րդ կետը լրաց. 25.10.12 թիվ 1362-Ն որոշում)

34. ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանի ձևը և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

 

VIII. ՆՄՈՒՇՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԾՈՎԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

35. Ս-ի թույլտվությունների տրամադրման նպատակահարմարությունը որոշելու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը խորհրդակցում է գիտական մարմնի հետ` բացառությամբ հետևյալ նմուշների համար ՍԻԹԵՍ-ի թույլտվություններ տրամադրելու դեպքերի`

1) ցուցահանդեսների և թանգարանների, կենդանաբանական այգիների և կրկեսների կազմում առկա նմուշների.

2) որսորդական և ձկնորսական հաղթանշանների և նախակոնվենցիոն նմուշների.

3) անազատ պայմաններում բուծված կենդանիների և արհեստականորեն աճեցված բույսերի նմուշների.

4) ոչ առևտրային նպատակով անձնական կամ տնային օգտագործման առարկաների.

5) գիտնականների կամ գիտական կամ կրթական հաստատությունների միջև փոխանակումների համար նախատեսված նմուշների.

6) ՍԻԹԵՍ-ի կողմերի խորհրդաժողովի կողմից արտահանման համար սահմանված տարեկան չափաքանակների ընդհանուր քանակը չգերազանցող նմուշների.

7) Հայաստանի Հանրապետության տարածքից վերաարտահանվող նմուշների.

8) ՍԻԹԵՍ-ի N 3 հավելվածում ընդգրկված նմուշների:

(35-րդ կետը փոփ. 25.10.12 թիվ 1362-Ն որոշում)

36. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գիտական մարմնի նշանակման իրավասությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, որն օրենքով սահմանված կարգով ուսումնասիրում է հայտատուի կողմից ներկայացված հայտը և դրան կից փաստաթղթերն ու եռօրյա ժամկետում գրավոր ներկայացնում է դրական կամ բացասական եզրակացություն նախատեսված արտահանման, վերարտահանման, ներմուծման կամ ծովից ներմուծման հետ կապված տեսակի գոյատևմանն սպառնացող վտանգի վերաբերյալ:

37. Սույն կարգի 36-րդ կետում նշված ժամկետում եզրակացություն չտրամադրելու դեպքում գիտական մարմնի եզրակացությունը համարվում է դրական:

 

IX. ՍԻԹԵՍ-Ի ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

38. ՍԻԹԵՍ-ի թույլտվությունները լրացվում են հայերենով և ՍԻԹԵՍ-ի երեք աշխատանքային լեզուներից (անգլերեն, ֆրանսերեն կամ իսպաներեն) մեկով:

39. ՍԻԹԵՍ-ի թույլտվությունները լրացվում են 4 օրինակից` սույն կարգի 41-րդ կետով սահմանված` լրացման ուղեցույցին համապատասխան, որոնցից երեքի վրա նշվում է «պատճենը» բառը, իսկ մեկի վրա` «բնօրինակ» բառը:

40. ՍԻԹԵՍ-ի թույլտվությունները համարակալվում են` 1-ին և 2-րդ նիշերի համար կիրառելով թույլտվության տրամադրման տարեթվի վերջին երկու թվերը, 3-րդ և 4-րդ նիշերի համար` Հայաստանի Հանրապետության ԻՍՕ-ի կոդի երկու տառերը, իսկ 5-10-րդ նիշերի համար` ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում գրանցման հերթական համարը (օրինակ` 09AM000001):

41. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 2 հավելվածի ձևի`

1) 1-ին կետում լատինատառ նշվում է «V» կամ «X» այն վանդակի մեջ, որը համապատասխանում է տվյալ նմուշի առևտրի համար տրամադրվող փաստաթղթին (արտահանման թույլտվություն, վերարտահանման հավաստագիր, ներմուծման թույլտվություն կամ այլ): Եթե նշվում է «ԱՅԼ» վանդակը, ապա առևտրի տեսակը պետք է հստակ նշել.

2) 2-րդ կետում նշվում է տվյալ փաստաթուղթն ուժի մեջ գտնվելու վերջնաժամկետը (օրը, ամիսը և տարեթիվը): Նմուշների արտահանման և վերարտահանման թույլտվությունները տրամադրվում են առավելագույնը 6 ամիս ժամկետով, շարժական ցուցահանդեսների, կենդանաբանական այգիների և կրկեսների դեպքում` 36 ամիս ժամկետով, իսկ ներմուծման դեպքում` 12 ամիս ժամկետով.

3) 3-րդ կետում լրացվում է ներմուծողի անունը, ազգանունը և հաշվառման հասցեն.

4) 3-րդ կետի «ա» ենթակետում նշվում է ներմուծող երկրի լրիվ անունը.

5) 4-րդ կետում լրացվում է արտահանողի կամ վերարտահանողի անունը, ազգանունը և հասցեն` նշելով երկրի անունը: Արտահանողի կամ վերարտահանողի ստորագրության բացակայության դեպքում թույլտվությունը վավեր չէ.

6) 5-րդ կետում կարող են հղումներ կատարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ բեռի չափաքանակների վերաբերյալ սահմանված հատուկ պայմաններին.

7) 5-րդ կետի «ա» ենթակետում նշվում է գործարքի նպատակը` օգտագործելով հետևյալ կոդերը.

ա. առևտրային գործարքի դեպքում` T,

բ. կենդանաբանական այգիների դեպքում` Z,

գ. բուսաբանական այգիների դեպքում` G,

դ. կրկեսների և շարժական ցուցահանդեսների դեպքում` Q,

ե. գիտական նպատակների դեպքում` S,

զ. որսորդական հաղթանշանների դեպքում` H,

է. անձնական նպատակների դեպքում` P,

ը. բժշկական` ներառյալ կենսաբժշկական նպատակների դեպքում` M,

թ. կրթական նպատակների դեպքում` E,

ժ. վայրի բնության մեջ կլիմայավարժեցման և վերակլիմայավարժեցման դեպքում` N

ժա. անազատ պայմաններում բուծման կամ արհեստականորեն աճեցման դեպքում` B.

ժբ. օրենքի հարկադրման (իրավական/դատական) դեպքում` L.

8) 5-րդ կետի «բ» ենթակետում նշվում է 13-րդ կետով նախատեսված պաշտպանական նամականիշի համարը (առկայության դեպքում).

9) 6-րդ կետում նախապես տպագրված է լինում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն» բառերը, նախարարության հասցեն և հեռախոսահամարներն ու ֆաքսը.

10) 7-րդ և 8-րդ կետերում նշվում են կենդանու կամ բույսի գիտական անվանումը (ցեղը և տեսակը, անհրաժեշտության դեպքում` նաև ենթատեսակը)` լատիներենով (այնպես, ինչպես նշված է ՍԻԹԵՍ-ի հավելվածներում կամ կողմերի խորհրդաժողովի կողմից հավանության արժանացած հղումների ցանկում) և հայերենով` Հայաստանի Հանրապետությունում ընդունված անվանման առկայության դեպքում.

11) 9-րդ կետում հնարավորինս ճշգրիտ նկարագրվում է առևտրի ենթակա նմուշը (կենդանի բույսեր կամ կենդանիներ, մորթիներ, կաշիներ, խրտվիլակներ, գանգեր, մարմնի կտրտված մասեր, եղջյուրներ, ժանիքներ, արյուն, ձկնկիթ, սերմեր, արմատներ, կոճղարմատներ, սոխուկներ, պալարներ, կտրոններ և այլն, ինչպես նաև դրանցից ստացված արտադրանք` արհեստագործական և արվեստի, արդուզարդի և այլ առարկաներ, իսկ կենդանական կենդանի նմուշների համար` հնարավորության դեպքում նաև սեռը և տարիքը): Նմուշի վրա նույնականացման նշանների (դրոշմված, պիտակավորված, օղակավորված և այլն) առկայության դեպքում նկարագրությունը պետք է ներառի նաև նշանների քանակը և տիպը.

12) 10-րդ կետում հռոմեական թվերով նշվում է ՍԻԹԵՍ-ի հավելվածի այն համարը (I, II, կամ III) որում գրանցված են տվյալ նմուշի տեսակն ու ծագման աղբյուրը` օգտագործելով հետևյալ կոդերը`

ա. բնությունից վերցված նմուշի դեպքում` W,

բ. անազատ պայմաններում մեծացրած կենդանիների (վերցված` որպես ձվեր կամ ոչ հասուն առանձնյակներ վայրի բնությունից, որտեղ դրանց կենսունակ տարիքի ինքնուրույն հասնելու հավանականությունը շատ փոքր է) նմուշների դեպքում` R,

գ. առևտրային նպատակներով ՍԻԹԵՍ-ի 7-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն արտահանվող` N 1 հավելվածում ընդգրկված` անազատ պայմաններում բուծված կենդանիների և N 1 հավելվածում ընդգրկված` արհեստականորեն աճեցված բույսերի, ինչպես նաև դրանց մասերի և ածանցյալների դեպքում` D,

ե. ՍԻԹԵՍ-ի 7-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն (ոչ առևտրային նպատակներով արհեստականորեն աճեցված ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված բուսատեսակների նմուշներ, ինչպես նաև ՍԻԹԵՍ-ի NN 2 և 3 հավելվածներում ընդգրկված բուսատեսակների նմուշներ) արտահանվող` արհեստականորեն աճեցված բույսերի, ինչպես նաև դրանց մասերի և ածանցյալների դեպքում` A,

զ. 7-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն (ոչ առևտրային նպատակներով ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված` անազատ պայմաններում բուծված կենդանիների տեսակների նմուշներ, ինչպես նաև ՍԻԹԵՍ-ի NN 2 և 3 հավելվածներում ընդգրկված կենդանիների նմուշներ) արտահանվող` անազատ պայմաններում բուծված կենդանիների, ինչպես նաև դրանց մասերի և ածանցյալների դեպքում` C,

է. անազատ պայմաններում ծնված կենդանիների (F1 կամ հաջորդ սերնդի), որոնք լիարժեքորեն չեն համապատասխանում «անազատ պայմաններում բուծված» բնորոշմանը, ինչպես նաև դրանց մասերի կամ ածանցյալների դեպքում` F,

ը. անհայտ ծագման աղբյուրով նմուշների դեպքում` U,

թ. առգրավված կամ բռնագրավված նմուշների դեպքում` L,

ժ. նախակոնվենցիոն նմուշների դեպքում` O, որը կարելի է համատեղել ծագման աղբյուրի կոդերի հետ.

13) 11-րդ կետում նշվում են նմուշի քանակը և (կամ) կշիռը.

14) 11-րդ կետի «ա» ենթակետում նշվում են տվյալ տարվա ընթացքում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը) արտահանված նմուշների ընդհանուր քանակը` ներառյալ տրամադրվող թույլտվության մեջ նշված քանակությունը, և ընթացիկ տարում այդ նմուշի համար սահմանված չափաքանակը, եթե ՍԻԹԵՍ-ի կողմերի խորհրդաժողովի կողմից այն սահմանված է (օրինակ` 500/1000).

15) 12-րդ կետը լրացվում է միայն վերարտահանման դեպքում: Նշվում է ծագման երկիրը (երկիրը, որտեղից նմուշը վերցվել է վայրի բնությունից, բուծվել է անազատ պայմաններում կամ արհեստականորեն աճեցվել է` բացառությամբ այն բուսատեսակների նմուշների, որոնք ՍԻԹԵՍ-ի դրույթներով սահմանված պահանջներից ազատված չեն համարվում: Այսպիսի դեպքերում ծագման երկիր համարվում է այն երկիրը, որի համար նմուշը ՍԻԹԵՍ-ի պահանջներից ազատված չէ): Նշվում են արտահանող երկրի թույլտվության համարը և տալու ամսաթիվը: Եթե ամբողջապես կամ մասամբ տեղեկատվությունը հայտնի չէ, ապա դրա մասին նշվում է 5-րդ կետում.

16) 12-րդ կետի «ա» ենթակետը լրացվում է միայն նախկինում վերարտահանված նմուշների վերարտահանման դեպքում: Լրացվում է նախկինում վերարտահանման երկրի անվանումը, որն այն երկիրն է, որտեղից նմուշը վերարտահանվել է մինչև Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը: Նշվում են նաև նախկին վերարտահանող երկրի հավաստագրի համարը և տալու ամսաթիվը: Եթե ամբողջապես կամ մասամբ տեղեկատվությունը հայտնի չէ, ապա դրա մասին նշվում է 5-րդ կետում.

17) 12-րդ կետի «բ» ենթակետում նշվում է անազատ պայմաններում բուծման կամ արհեստականորեն աճեցման գործունեության գրանցման համարը (առկայության դեպքում): «Ձեռքբերման ամսաթիվը» լրացվում է միայն նախակոնվենցիոն նմուշների դեպքում.

18) 13-րդ կետում լրացվում են թույլտվություն տրամադրող պաշտոնատար անձի անունը, հայրանունը և ազգանունը: Պաշտոնատար անձի ստորագրությունը և պետական կնիքը պետք է հստակ երևան: Փակցվում է նաև պաշտպանական նամականիշը (եթե այդպիսին սահմանված է).

19) 14-րդ կետը լրացվում է արտահանման կամ վերարտահանման պահին` բեռը ստուգող պատասխանատու անձի կողմից: Պետք է նշվի տվյալ պահին արտահանվող կամ վերարտահանվող նմուշների քանակությունը.

20) 15-րդ կետում լրացվում է փոխադրամիջոցի կամ ինքնաթիռի չվերթի համարը` դրանց առկայության դեպքում.

21) լրացման ոչ ենթակա կետերը նշվում են գծիկով:

(41-րդ կետը փոփ. 25.10.12 թիվ 1362-Ն որոշում)

 

X. ՍԻԹԵՍ-Ի ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

42. Սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան լրացված թույլտվությունն ստորագրվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կամ նրա կողմից սահմանված կարգով նշանակված անձի կողմից և վավերացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կամ այդ նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից պատվիրված պետական կնիքով:

43. Սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված թույլտվության (հավաստագրի) բնօրինակը և երկու պատճենները հայտատուին են տրամադրվում առձեռն կամ ուղարկվում են փոստով, իսկ մեկ պատճենը պահվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունում:

44. ՍԻԹԵՍ-ի թույլտվության կորստի կամ պատահաբար, կամ որևէ այլ կերպ ոչնչանալու դեպքերում դրա մասին տեղեկացվում է փոխադրող երկրի ՍԻԹԵՍ-ի կամ այլ իրավասու մարմնին, որից հետո ձևակերպվում է թույլատվության բնօրինակի կրկնակը` միևնույն համարով և ուժի մեջ գտնվելու միևնույն ժամկետով, եթե այդ ժամկետը դեռևս չի սպառվել: Վերջինիս վրա նշվում են «Այս կրկնակը բնօրինակի ճիշտ պատճենն է» բառերը և կրկնակի տրամադրման պատճառը: Թույլտվության կրկնօրինակի ձևակերպման համար հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելը պարտադիր չէ:

45. ՍԻԹԵՍ-ի թույլտվության գործողության ժամկետի սպառման դեպքում ներկայացվում է նոր հայտ:

46. ՍԻԹԵՍ-ի թույլտվության օգտագործումից հետո այն պետք է վերադարձվի ներմուծող երկրի ՍԻԹԵՍ-ի կառավարման մարմին:

(46-րդ կետը փոփ. 25.10.12 թիվ 1362-Ն որոշում)

47. ՍԻԹԵՍ-ի թույլտվության տրամադրման ժամկետի խախտումը կամ հայտի մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

XI. ՍԻԹԵՍ-Ի ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

(XI գլուխը լրաց. 25.10.12 թիվ 1362-Ն որոշում)

 

48. ՍԻԹԵՍ-ի նմուշների մաքսային ձևակերպումներն իրականացվում են բացառապես ՍԻԹԵՍ-ի թույլտվության առկայության դեպքում:

49. Հայաստանի Հանրապետության տարածքից ՍԻԹԵՍ-ի նմուշների արտահանման, վերաարտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածք դրանց ներմուծման և ծովից ներմուծման դեպքերում տեղափոխողը ՍԻԹԵՍ-ի համապատասխան թույլտվությունը ներկայացնում է մաքսային մարմիններ` դրանցում նշված ՍԻԹԵՍ-ի նմուշների մաքսային ձևակերպման համար:

50. ՍԻԹԵՍ-ի նմուշների տեսակների յուրաքանչյուր տեղափոխվող բեռի համար պահանջվում է առանձին ՍԻԹԵՍ-ի թույլտվություն` բացառությամբ անազատ պայմաններում բուծված թառափազգիների և դրանց մասերի, որոնց համար տրամադրված ՍԻԹԵՍ-ի թույլտվության «5. Հատուկ պայմաններ/Special conditions» կետում նշում է կատարված ընդհանուր բեռի փոխադրման չափաքանակների վերաբերյալ:

51. Հայաստանի Հանրապետության տարածքից ՍԻԹԵՍ-ի նմուշների արտահանման, վերաարտահանման ժամանակ մաքսային մարմնի պաշտոնատար անձը ՍԻԹԵՍ-ի թույլտվության բնօրինակի և երկու պատճենների 14-րդ կետում ստորագրությամբ և կնիքով հաստատում է նմուշի փաստացի տեղափոխումը` նշելով մաքսային անցման կետը, ամսաթիվը և փաստացի տեղափոխվող նմուշների քանակը` ըստ թույլտվության համապատասխան բաժիններում (A, B, C, D) նշված տեսակների անվանումների, իսկ 15-րդ կետում` նաև փոխադրամիջոցի կամ ինքնաթիռի չվերթի համարը:

52. Սույն կարգի 51-րդ կետով սահմանված կարգով մաքսային մարմնի կողմից ձևակերպված ՍԻԹԵՍ-ի թույլտվության մեկ պատճենը թույլտվության շրջանակներում վերջին խմբաքանակի մաքսային ձևակերպումների ավարտից հետո պահվում է մաքսային արխիվում, իսկ դրա տեսաներածված պատճենը` փաստացի տեղափոխված նմուշների և դրանց քանակության մասին տեղեկատվության տրամադրման նպատակով մաքսային մարմինը հնգօրյա ժամկետում էլեկտրոնային տարբերակով ուղարկում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:

53. Յուրաքանչյուր քաղաքացի կարող է անձնական օգտագործման համար, առանց ՍԻԹԵՍ-ի թույլտվության, Հայաստանի Հանրապետությունից արտահանել 125 գրամից ոչ ավելի թառափազգիների մշակված չբեղմնավորված ձկնկիթ (այսուհետ` թառափազգիների խավիար): Միջազգային փոստային առաքումների միջոցով տեղափոխվող խավիարի յուրաքանչյուր փոխադրվող բեռի համար պահանջվում է ՍԻԹԵՍ-ի առանձին թույլտվություն:

54. Թառափազգիների խավիարի արտահանումը կամ վերաարտահանումը, ինչպես նաև անմաքս առևտրի խանութներում և Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց վաճառքն իրականացվում են փաթեթավորման տարաների վրա Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված կարգով մակնշման առկայությամբ, որի նկատմամբ պետական վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը:

 

XII. ՍԻԹԵՍ-Ի ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

(XII գլուխը լրաց. 25.10.12 թիվ 1362-Ն որոշում)

 

55. Հայտատուն տրամադրված թույլտվության մեջ վրիպակներ, տեխնիկական թերություններ հայտնաբերելու կամ հիմնավորված պատճառներով փոփոխությունների անհրաժեշտության դեպքերում դիմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:

56. ՍԻԹԵՍ-ի թույլտվության մեջ փոփոխություններ կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից` դրանում վրիպակներ, տեխնիկական թերություններ հայտնաբերելու կամ` հայտատուի կողմից հիմնավորված պատճառներով ներկայացված դիմումի համաձայն:

57. Փոփոխությունները կատարվում են ՍԻԹԵՍ-ի թույլտվության բնօրինակի և 3 պատճենների վրա` դրանք վավերացնելով սույն կարգի 42-րդ կետում նշված անձի ստորագրությամբ ու կնիքով:

58. Փոփոխությունների կատարման անհնարինության դեպքում փոփոխման ենթակա ՍԻԹԵՍ-ի թույլտվությունը սույն կարգի 62-րդ կետում սահմանված միջոցով չեղյալ է ճանաչվում, և տրամադրվում է նոր թույլտվություն` միևնույն համարով և ուժի մեջ գտնվելու միևնույն ժամկետով:

 

XIII. ՍԻԹԵՍ-Ի ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԿԱՍԵՑՈՒՄԸ

(XIII գլուխը լրաց. 25.10.12 թիվ 1362-Ն որոշում)

 

59. ՍԻԹԵՍ-ի թույլտվությունները կարող են կասեցվել ՍԻԹԵՍ-ի քարտուղարության հանձնարարականով, եթե արտահանումը, վերաարտահանումը, ներմուծումը կամ ծովից ներմուծումն իրականացվում են ՍԻԹԵՍ-ի պահանջների խախտմամբ:

60. Կասեցված ՍԻԹԵՍ-ի թույլտվությունը կարող է վերականգնվել ՍԻԹԵՍ-ի թույլտվության կասեցման պատճառները վերացնելու դեպքում` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից:

61. ՍԻԹԵՍ-ի թույլտվությունը չեղյալ է ճանաչվում թույլտվության կասեցման պատճառները չվերացնելու, ինչպես նաև սույն կարգի 5-րդ և 58-րդ կետերով սահմանված դեպքերում:

62. ՍԻԹԵՍ-ի թույլտվությունը չեղյալ է ճանաչվում թույլտվության երկու երեսին խաչաձև գծելու և դրանց վրա չեղյալ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից համապատասխան նշում կատարվելու միջոցով:

 

Ձև

 

ԴԻՄՈՒՄ ՍԻԹԵՍ-Ի ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

__________________________________________________________________

(իրավաբանական կամ ֆիզիկական անձի անվանումը և պետական գրանցման

համարը, քաղաքացու դեպքում` անունը և ազգանունը)

 

Հաշվառման հասցեն

Հեռախոսահամարը, ֆաքսը

Էլեկտրոնային հասցեն,

էլեկտրոնային փոստի հասցեն` սիթիզեն (e-citizen.am) տիրույթում

 

Խնդրում եմ ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում գրանցել հետևյալ նմուշները`

 

._________________________________________________________________________.

|NN |Նմուշի      |Նմուշի      |Քա- |Նմուշի|Ծագման  |Նմուշի   |Նմուշի|Ծանո-|

|ը/կ|գիտական     |նկարագիրը   |նակը|ծագման|երկիրը  |վրա      |ձեռք- |թա-  |

|   |անվանումը   |(կենդանի    |    |աղ-   |(երկիրը,|նույնա-  |բերման|գրու-|

|   |(ցեղը և     |բույսեր կամ |    |բյուրը|որտեղից |կանացման |փաստա-|թյուն|

|   |տեսակը,     |կենդանիներ, |    |      |նմուշը  |նշանները |թղթի  |     |

|   |անհրաժեշտու-|մորթիներ,   |    |      |վերցվել |(դրոշմված|անվա- |     |

|   |թյան        |կաշիներ     |    |      |է վայրի |պիտա-    |նումը |     |

|   |դեպքում`    |խրտվիլակներ,|    |      |բնու-   |կավորված,|և     |     |

|   |նաև         |գանգեր,     |    |      |թյունից,|օղակա-   |ամիսը,|     |

|   |ենթատեսակը) |մարմնի      |    |      |բուծվել |վորված և |ամսա- |     |

|   |____________|կտրտված     |    |      |է անազատ|այլն)`   |թիվը  |     |

|   |հայե-|լատի- |մասեր,      |    |      |պայման- |(առկայու-|      |     |

|   |րեն  |ներեն |եղջյուրներ, |    |      |ներում  |թյան     |      |     |

|   |     |      |ժանիքներ,   |    |      |կամ     |դեպքում) |      |     |

|   |     |      |արյուն,     |    |      |արհեստա-|         |      |     |

|   |     |      |ձկնկիթ,     |    |      |կանորեն |         |      |     |

|   |     |      |սերմեր,     |    |      |աճեցվել |         |      |     |

|   |     |      |արմատներ,   |    |      |է)      |         |      |     |

|   |     |      |կոճղար-     |    |      |        |         |      |     |

|   |     |      |մատներ,     |    |      |        |         |      |     |

|   |     |      |սոխուկներ,  |    |      |        |         |      |     |

|   |     |      |պալարներ,   |    |      |        |         |      |     |

|   |     |      |կտրոններ և  |    |      |        |         |      |     |

|   |     |      |այլն,       |    |      |        |         |      |     |

|   |     |      |ինչպես նաև  |    |      |        |         |      |     |

|   |     |      |դրանցից     |    |      |        |         |      |     |

|   |     |      |ստացված     |    |      |        |         |      |     |

|   |     |      |արտադրանք`  |    |      |        |         |      |     |

|   |     |      |արհեստա-    |    |      |        |         |      |     |

|   |     |      |գործական    |    |      |        |         |      |     |

|   |     |      |և  արվեստի, |    |      |        |         |      |     |

|   |     |      |արդուզարդի  |    |      |        |         |      |     |

|   |     |      |և  այլ      |    |      |        |         |      |     |

|   |     |      |առարկաներ,  |    |      |        |         |      |     |

|   |     |      |իսկ         |    |      |        |         |      |     |

|   |     |      |կենդանական  |    |      |        |         |      |     |

|   |     |      |կենդանի     |    |      |        |         |      |     |

|   |     |      |նմուշների   |    |      |        |         |      |     |

|   |     |      |համար`      |    |      |        |         |      |     |

|   |     |      |հնարավո-    |    |      |        |         |      |     |

|   |     |      |րության     |    |      |        |         |      |     |

|   |     |      |դեպքում`    |    |      |        |         |      |     |

|   |     |      |նաև         |    |      |        |         |      |     |

|   |     |      |սեռը և      |    |      |        |         |      |     |

|   |     |      |տարիքը)     |    |      |        |         |      |     |

|___|_____|______|____________|____|______|________|_________|______|_____|

|   |     |      |            |    |      |        |         |      |     |

|___|_____|______|____________|____|______|________|_________|______|_____|

|   |     |      |            |    |      |        |         |      |     |

|___|_____|______|____________|____|______|________|_________|______|_____|

|   |     |      |            |    |      |        |         |      |     |

|___|_____|______|____________|____|______|________|_________|______|_____|

|   |     |      |            |    |      |        |         |      |     |

|___|_____|______|____________|____|______|________|_________|______|_____|

|   |     |      |            |    |      |        |         |      |     |

._________________________________________________________________________.

 

Դիմումին կից ներկայացնում եմ

 

Առդիր` ___ թերթ

____ _________ 20 թ._______________

 

_________________ __________________________

                         (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

(ձևը փոփ. 25.10.12 թիվ 1362-Ն, 08.02.18 թիվ 94-Ն որոշումներ)

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.10.2009
N 1281-Ն
Որոշում