ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
5 նոյեմբերի 2009 թվականի N 2
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 1-ին մասի համաձայն` հեռուստառադիոհեռարձակումը էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների և /կամ/ հնչյունների կամ դրանց պայմանանշանների այնպիսի տարածումն է հաղորդագծով /ներառյալ` կաբելային /լարային/ կապով/ կամ առանց հաղորդագծի /ներառյալ` ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապով եթեր հեռարձակումը/, որ այդ պատկերները կամ հնչյունները ընկալելի լինեն հասարակությանը: Հեռարձակում է համարվում նաև կոդավորված ազդանշանների տարածումը, եթե դրանց ապակոդավորման միջոցները հեռուստառադիոլսարանին տրամադրել է հեռարձակող կազմակերպությունը, կամ տրամադրվել է նրա համաձայնությամբ: «Հեռուստատեսության և ոադիոյի մասին» ՀՀ օրենքի 47 հոդվածի համաձայն արտոնագիրը /լիցենզիան/ միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս իրականացնել հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 7-րդ մասի համաձայն հեռուստառադիոընկերությունը (հեռուստաընկերությունը կամ ռադիոընկերությունը) այն իրավաբանական անձն է, որն արտոնագրի (լիցենզիայի) հիման վրա (բացառությամբ Հանրային հեռուստառադիոընկերության) հեռարձակում կամ վերահեռարձակում է զանգվածային տեղեկատվություն` օգտագործելով սեփականության, վարձակալական կամ անհատույց օգտագործման իրավունքով իրեն պատկանող հեռուստառադիոսարքավորումներ և պատասխանատվություն է կրում արտոնագրման (լիցենզավորման) պայմանների, սույն օրենքի և այլ իրավական նորմերի կատարման համար: Հետևապես, հեռուստառադիոընկերությունը հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում իրականացնող կազմակերպություն է: Ինչ վերաբերում է հեռարձակմանը և վերահեռարձակմանը, ապա վերահեռարձակումը ևս հեռարձակում է, ինչը հստակ բխում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 1-ին մասից և 15-րդ մասում տրված վերահեռարձակման սահմանումից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87 հոդվածով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը պաշտոնապես պարզաբանում է.
Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումների վերահեռարձակման համար միակ օրինական հիմքը հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիան է, բացառությամբ միջպետական պայմանագրերով նախատեսված դեպքերի: