Սեղմել Esc փակելու համար:
«ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՋԱՐԴՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՋԱՐԴՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ...

 

 

040.1277.161109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2009 թվականի N 1277-Ն

 

«ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՋԱՐԴՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՋԱՐԴՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»

(3-րդ մաս)

 

XIV. ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՆՔԱՔԱՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

399. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկաները համարվում են ճառագայթային վտանգ ներկայացնող օբյեկտներ և դրանց նկատմամբ, սույն կանոնակարգի պահանջներին զուգահեռ, պետք է կիրառվեն ճառագայթային անվտանգության պահանջներ, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն և «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» 1489-Ն որոշումներով ու այլ իրավական ակտերով:

400. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկաները պետք է ունենա ճառագայթային հսկողության օբյեկտային ծառայություն, որը պետք է ապահովի ֆաբրիկայի հսկման ու դիտարկման գոտիներում ճառագայթային մոնիթորինգը:

401. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկաները պետք է ունենան ճառագայթային անվտանգության ծրագիր, որով պետք է սահմանված լինեն`

1) ճառագայթային անվտանգության համար պատասխանատուները.

2) ներօբյեկտային և շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի համակարգերը.

3) անձնակազմի կատեգորավորման նրանց դոզիմետրիկ հսկողության համակարգը.

4) անձնակազմի անհատական պաշտպանության կազմակերպման կարգը.

5) օպտիմալացման սկզբունքի ներդրման պայմաններն ու կարգը:

402. Ճառագայթային անվտանգության ծրագրի բովանդակության նկատմամբ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից:

403. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկաներում պետք է լինի աշխատանքների որակի ապահովման ծրագիր:

404. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկա շահագործող կազմակերպությունը ճառագայթային անվտանգության նորմատիվային-տեխնիկական փաստաթղթերով սահմանված կարգով պետք է ապահովի անձնակազմի ուսուցումը ճառագայթային անվտանգության հարցերով և ներդնի ճառագայթային վտանգավոր աշխատանքների կատարման թույլտվության միջոցառումներ:

405. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկայի նախագիծը պետք է ունենա առանձին բաժին «Ճառագայթային անվտանգությունը» վերնագրով, որով պետք է սահմանվեն ֆաբրիկայի հսկման և դիտարկման գոտիները, ճառագայթային անվտանգության անցակետերը, ճառագայթային հսկողության սարքավորումները, դոզիմետրիկ և ռադիոմետրիկ չափումների ծավալն ու պարբերականությունը, ճառագայթային պաշտպանության ստացիոնար ու շարժական միջոցները և այլն: Նախագծով պետք է սահմանվեն նաև ֆաբրիկայից սահմանային թույլատրելի ռադիոակտիվ արտանետումներն ու արտահոսքերը, որոնք պետք է լինեն հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից:

406. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկա շահագործող կազմակերպությունը պետք է ապահովի օբյեկտի դիտարկման գոտու բնակչության վթարային ազդարարումը:

407. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկաների նախագծերը ենթակա են ճառագայթային անվտանգության, տեխնիկական անվտանգության, շրջակա միջավայրի վրա ազդեցության անվտանգության, ինչպես նաև սանիտարահիգիենիկ անվտանգության փորձաքննությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

408. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքարի երկարաժամկետ պահման համար նախատեսված պահեստները պետք է տեղակայվեն հատուկ հարթակների վրա: Պահեստների տեղադրման ժամանակ պետք է ապահովվի դրանց լավագույն քամահարման պայմանների ստեղծումը: Առանձին պահեստների միջև հեռավորությունը պետք է լինի 20-25 մ-ից ոչ պակաս:

409. Օդում ռադիոակտիվ գազեր ու փոշի հավաքվելուց խուսափելու նպատակով ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքարի երկարաժամկետ պահման համար նախատեսված պահեստները պետք է ունենան արհեստական օդափոխության համակարգ: Օդափոխության համակարգից դեպի մթնոլորտ արտանետվող օդը պետք է ռադիոակտիվ նյութեր կլանող ֆիլտրերի օգնությամբ ենթարկվի մաքրման: Պահեստի տարածքը պետք է լինի ցանկապատված, իսկ պահեստի տարածքի մուտքն ու ելքը պետք է վերահսկվի:

410. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկայի տարածքում տեղաբաշխված հանքաքարի ծախսային պահեստները պետք է գտնվեն հիմնական արտադրական շինություններից ոչ պակաս, քան 50 մ, իսկ վարչատնտեսական շենքերից ու օժանդակ շինություններից` ոչ պակաս, քան 100 մ հեռավորության վրա:

411. Այն տեխնոլոգիական օպերացիաները, որոնք իրենց բնույթով չեն կարող իրականացվել հերմետիկորեն, այսինքն` կարող են դառնալ ռադիոակտիվ գազերի (այդ թվում` ռադոնի ու թորոնի) կամ աերոզոլների անջատման աղբյուր, պետք է իրականացվեն առանձնացված շինություններում:

412. Հիմնական և միջանկյալ արտադրանքի փոխանցումը մեկ տեխնոլոգիական տեղամասից մյուսը պետք է իրականացվի ճնշման տակ աշխատող, կամ առանց ճնշման աշխատող խողովակագծերով` խյուսի կամ լուծույթի տեսքով: Փոշենման չոր նյութերի համար պետք է կիրառվեն պնևմատրանսպորտային, թրթռացող սարքեր, իսկ բացառիկ դեպքերում` հերմետիկացված փակ կոնտեյներներ:

413. Տեխնոլոգիական գործընթացների մեքենայացումը պետք է նախագծված լինի այնպես, որպեսզի կարգավորող կամ վերանորոգող անձնակազմին անհրաժեշտ չլինի մտնել ճառագայթման բարձր մակարդակ կամ օդի ռադիոակտիվությամբ աղտոտվածություն ունեցող տեղեր կամ աշխատել մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածությամբ սարքավորումների հետ:

414. Յուրաքանչյուր բաժանմունքում (տեղամասում) անջատվող ռադիոակտիվ փոշու, աերոզոլների և ռադոն գազի բանակցությունը պետք է որոշվեն սահմանված մեթոդաբանությամբ կատարված հաշվարկների միջոցով:

415. Ֆիլտրացման համար պետք է կիրառվեն անընդհատ գործողության ապարատներ, ինչը կկանխի ռադիոակտիվ նստվածքները ձեռքով հանելը և մաքրելը:

416. Փոշու և ռադիոակտիվ գազերի աղբյուր հանդիսացող բոլոր ապարատները պետք է ունենան հատուկ ծածկոցներ: Ֆիլտրացման, խտացման, լուծազատման, կլանման, հանքահարստացման, գրավիտացման բաժանմունքներում գտնվող ապարատները և տարողությունները, որոնցում առկա է ռադիոակտիվ խյուսը, պետք է ապահովված լինեն հերմետիկ կափարիչներով` նվազագույն աշխատանքային բացվածքով:

417. Ռադիոակտիվ նյութերի բարձր պարունակությամբ աղերի չորացման և թրծման (բովման) բաժանմունքներում պետք է կիրառվեն նյութերի բարձումը և բեռնաթափումը մեքենայացված և ավտոմատացված եղանակով կատարող անընդհատ գործողության վառարաններ: Չորացման և թրծման (բովման) բաժանմունքի բոլոր ապարատները պետք է սարքավորվեն պատրաստի արտադրանքից փոշու որսման համակարգով: Փոշի առաջացնող պատրաստի արտադրանքը կոնտեյներներում պետք է տարավորվի հերմետիկացված խցերում ավտոմատ բարձման եղանակով` հսկելով բարձվող նյութի մակարդակը և զանգվածը:

418. Շրջանառվող ջրամատակարարման համակարգի ջուրը կարող է օգտագործվել հանքահարստացման հիմնական տեխնոլոգիական գործընթացներում: Ռադոնի կոնցենտրացիան ջրի մեջ (դրա օգտագործման տեղում) պետք է չգերազանցի 1x10-8 Ci/1(3.7x105 Bq/m3):

419. Բնական ռադիոակտիվ իզոտոպների պարունակությունը ջրում չպետք է գերազանցի թույլատրելի կոնցենտրացիան: Այն խողովակագծերը, որոնցով հոսում են ռադիոակտիվ նյութեր պարունակող ջրեր, պետք է տեղակայված լինեն բնակելի շրջաններից 200 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

420. Հեղուկ ռադիոակտիվ թափոնների փոխադրման ու պահպանման կառուցվածքների նկատմամբ տնտեսական խմելու ջրի խողովակաշարի տեղադրման ուղին և խողովակների տեղադրման համակարգը պետք է լինեն այնպիսին, որպեսզի ցանկացած իրավիճակում բացառի ռադիոակտիվ նյութերի ներթափանցումը խողովակաշար:

421. Կազմակերպության տարածքից դուրս անցնող հատուկ կոյուղու ուղեգիծը պետք է ունենա տարբերանշում: Նշված ուղեգծի վրա որևէ շինարարական աշխատանքների կատարումը, որը կապված է գրունտի խախտման հետ, արգելվում է:

422. Հոսքային ջրերը, որոնք պարունակում են ռադիոակտիվ իզոտոպներ, որպես կանոն, պետք է հետ վերադարձվեն դեպի տեխնոլոգիական գործընթաց, իսկ եթե դրանք մղվում են դեպի բաց ջրավազաններ, ապա պետք է նախապես մաքրվեն մինչև ճառագայթային անվտանգության նորմերով խմելու ջրի համար սահմանված կոնցենտրացիայի մակարդակը: Տեխնոլոգիական գործընթացի արդյունքում ռադիոակտիվ նյութերով չաղտոտված հոսքաջրերը պետք է օգտագործվեն տեխնիկական ջրամատակարարման համակարգերում:

423. Պայմանական «մաքուր» և կենցաղային հոսքային ջրերի մղումը դեպի ընդհանուր կոյուղի թույլատրվում է դրանց լրիվ կենսաբանական մաքրումից հետո, ինչպես նաև այն դեպքում, եթե դրանցում ռադիոակտիվ և թունավոր նյութերի պարունակությունը (հոսքային ջրերի հիմնական զանգվածի հետ խառնումից կամ տարրալուծումից հետո) չի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

424. Բոլոր շենքերում ու շինություններում պետք է նախատեսվեն մեխանիկական դրդմամբ ներհոսման-արտաձգման օդափոխություն: Վնասակար արտազատումների բացակայության դեպքում թույլատրվում է առանձին շինություններն օդափոխել բնական օդափոխությամբ:

425. Բունկերներում ռադիոակտիվ նյութերի բարձր պարունակությամբ հանքաքար պահելու դեպքում դրանցում օդի նոսրացում ստեղծելու նպատակով պետք է նախատեսել մեխանիկական արտաձգման օդափոխություն: Բաց մտոցներում (լյուկերում) ներծծման արագությունը պետք է լինի 1 մ/վրկ: Փոշի առաջացնող սարքավորումների ծածկոցներից արտածծվող օդի քանակությունը որոշվում է հաշվարկով, որի դեպքում ներծծվող օդի արագությունն ընդունվում է 1,5-2,0 մ/վրկ:

426. Արտադրական շինությունների քամհարմամբ օդափոխման համար անհրաժեշտ օդի քանակությունը որոշվում է հաշվարկով` ելնելով վնասակար արտազատումների տարրալուծման պայմաններից (ռադիոակտիվ նյութերը և թունավոր նյութերը` մինչև սահմանային թույլատրելի կոնցենտրացիան) և այլ պարամետրերից (օդի ջերմաստիճանը, խոնավությունը և այլն): Նշված հաշվարկներում, համաձայն ռադիացիոն անվտանգության նորմերի, անհրաժեշտ է նաև հաշվի առնել աշխատողների արտաքին ճառագայթահարման գործոնը:

427. Օդի ընդունումը (մղումը) ներհոսման օդափոխման համակարգի համար պետք է կատարվի այն գոտիներից, որտեղ մթնոլորտային օդում ռադիոակտիվ նյութերի կոնցենտրացիան չի գերազանցում աշխատանքային շինությունների համար թույլատրելի կոնցենտրացիայի արժեքի 0,1-ը, իսկ թունավոր նյութերի կոնցենտրացիայի արժեքը` 0,3-ը:

428. Տեղային արտածծիչներով հեռացվող օդը, որը պարունակում է փոշի, ռադիոակտիվ, քիմիական նյութեր և ունի տհաճ հոտ, մինչև մթնոլորտ արտանետելը պետք է ենթարկվի մաքրման:

429. Աշխատանքային շինությունների, տրանսպորտի, սարքավորումների և ապարատների մակերեսներին ռադիոակտիվ աղտոտվածությունը չպետք է գերազանցի ճառագայթային անվտանգության նորմերով ու կանոններով սահմանված թույլատրելի արժեքները:

430. Վերանորոգման ուղարկելուց առաջ պետք է ստուգվի տեխնոլոգիական սարքավորումների արտաքին ռադիոակտիվ աղտոտվածությունը, անհրաժեշտության դեպքում` իրականացվի դրանց ապաակտիվացում: Որպես մետաղի ջարդոն հանձնվող սարքավորումները ենթակա են պարտադիր ապաակտիվացման: Վերանորոգման ուղարկվող կամ որպես մետաղի ջարդոն հանձնվող սարքավորման արտաքին մակերեսի ցանկացած մասից գամմա ճառագայթման դոզայի հզորությունը չպետք է գերազանցի 0.5 mSv/h (50 mR/h):

431. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկաներ զանգվածի տեղափոխումը պետք է իրականացվի հիդրոտրանսպորտային մղման եղանակով` մետաղի խողովակներով կամ փակ երկաթբետոնե վաքերով: Արտադրական օբյեկտների տեխնոլոգիական հեղուկ ռադիոակտիվ մնացորդները, թափոնները պոչամբարից պետք է առանձնացվեն հատուկ կոյուղու համակարգով (հատուկ կոյուղի):

432. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկաների պոչամբարի շահագործման ժամանակ պոչամբարի լվացվող թեք մակերեսից ռադիոակտիվ փոշիների և աերոզոլների տարածումը կանխելու նպատակով պոչամբարի լվացվող թեք մակերեսը պետք է ծածկվի առնվազն 0.5 մ հաստությամբ մաքուր հողի շերտով: Լցված հողի շերտը պետք է կանաչապատվի խոտով:

433. Խորքային ջրերում ռադիոակտիվ իզոտոպների պարունակության հսկողության համար պոչամբարի խորքային ջրերի հոսքերի ուղղությամբ պետք է նախատեսվեն նմուշարկման (դիտարկման) հորատանցքեր: Հորատանցքերի տեղաբաշխվածությունը և քանակը որոշվում է` ելնելով հիդրոերկրաբանական պայմաններից, այնպիսի հաշվարկով, որպեսզի հորատանցքերի միջև հեռավորությունը լինի 300 մ-ից ոչ պակաս, իսկ դրանցից առնվազն մեկը լինի դիտարկման գոտու սահմանագլխին:

434. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկայի պոչամբարի կոնսերվացումը պետք է կատարվի համաձայն նախագծի և սկսվի տղմալցման նյութի բնական խտացումից հետո: Եթե կոնսերվացված պոչամբարը տեղակայված է բնակավայրերից 2 կմ հեռավորության վրա, ապա այն ամբողջ տարածքով պետք է ցանկապատվի երկաթբետոնե` 2 մ-ից ոչ պակաս բարձրությամբ ցանկապատով: Եթե կոնսերվացված պոչամբարը տեղակայված է բնակավայրից 2 կմ-ից ավելի հեռավորության վրա, թույլատրվում է դրա պարագծով կառուցել երկաթբետոնե սյուներով փշալարերով ցանկապատ:

435. Եթե ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկայի կոնսերվացված պոչամբարը տեղակայված է բնակավայրերից, տրանսպորտային և այլ հաղորդակցուղիներից 5 կմ-ից ավելի հեռավորության վրա, և շրջակա տեղանքը պիտանի չէ տնտեսական նպատակներով օգտագործման համար, ապա սանիտարահիգիենիկ հսկողության և տեղական կառավարման մարմինների համաձայնությամբ թույլատրվում է դրա շուրջը չցանկապատել: Այս դեպքում պոչամբարի պարագծով տեղադրվում են համապատասխան նախազգուշական և արգելիչ նշաններ: Պոչամբարի կոնսերվացման ժամանակ բոլոր ապամոնտաժվող սարքավորումները, որոնց վրա առկա է ռադիոակտիվ աղտոտվածություն, ենթակա են ապաակտիվացման:

 

XV. ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՆԻՏԱՐԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

436. Յուրաքանչյուր հանքահարստացման ֆաբրիկային կից նախատեսվում է կառուցել սանիտարակենցաղային շենքեր: Նշված շենքերը պետք է ունենան կանանց և տղամարդկանց բաժանմունքներ և հաշվարկված լինեն ֆաբրիկայի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքների համար:

437. Սանիտարակենցաղային շենքերի կազմում պետք է լինեն արտահագուստի հանդերձարան, արտահագուստի չորացման և փոշեզատման սենյակ, սանհանգույցներ, ցնցուղարան, աշխատանքային արտահագուստի և կոշիկի նորոգման ու լվացման սենյակ, շնչադիմականոց, սպասք, կանացի անձնական հիգիենայի սենյակ, առաջին բուժօգնության կետ:

438. Սանիտարակենցաղային շենքը, սննդի օբյեկտը և առաջին բուժօգնության կետը պետք է գտնվեն հողմակողմում, արդյունահանված հանքաքարի բաց պահեստարաններից, ապարների ջարդման, տեսակավորման կայանքներից առնվազն 50 մ հեռավորության վրա, բայց հիմնական արտադրական շենքերից 500 մ-ից ոչ հեռու:

439. Բոլոր սանիտարակենցաղային շինությունները համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82-Ն հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրապետական և միջպետական շինարարական նորմերի ցանկի ՀՀՇՆ IV-12.01.-20000 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմի, պետք է ունենան ներծծիչ արտաձգիչ օդափոխություն, որը կապահովի օդում վնասակար խառնուրդների սահմանային թույլատրելի քանակությունը:

440. Յուրաքանչյուր ֆաբրիկայում կազմակերպության ղեկավարության հրամանով պետք է նշանակվի տեխնիկական պատասխանատու անձ, սանիտարակենցաղային շինությունների համակարգի սարքին վիճակում պահպանման և շահագործման համար:

441. Սանիտարակենցաղային շենքերի հանդերձարանների ցնցուղարանի թողունակությունը պետք է ապահովի ֆաբրիկայի յուրաքանչյուր հերթափոխի բոլոր աշխատողների լողանալը և զգեստափոխվելը` ոչ պակաս 45 րոպե տևողությամբ:

442. Ցնցուղարանը պետք է ապահովված լինի տաք և սառը ջրով, ցնցուղին ժամում 500 լիտր հաշվարկով: Տաք ջրի և գոլորշու խողովակները պետք է լինեն մեկուսացված, ցնցուղարանի հատակի` սալիկապատված:

443. Լողանալու համար նախատեսված ջուրը պետք է համապատասխանի «Խմելու ջուրը. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն N 2-III-Ա 2-1» սանիտարական կանոնակարգի և նորմերի պահանջներին:

444. Ֆաբրիկայի հիմնական բաժանմունքներում, ինչպես նաև ցնցուղարանի հանդերձարաններում, պետք է լինեն առաջին բուժօգնության համապատասխան միջոցներ և դրա կազմակերպման համար ուսուցանված անձինք: Առաջին բուժօգնությունը ցույց տալուց հետո, անհրաժեշտության դեպքում, աշխատողների հերթական բժշկական սպասարկումը պետք է կազմակերպվի լիցենզավորված բժշկական կազմակերպությունում:

445. Ֆաբրիկայի խմելու ջուրը պարբերաբար, նորմատիվներով սահմանված ժամկետներում, պետք է ենթարկվի քիմիակենսաբանական հետազոտության: Ջուրը խմելու և տնտեսական նպատակների համար թույլատրվում է օգտագործել միայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային պետական տեսչության մարմինների թույլտվությամբ:

446. Խմելու ջրի համակարգերն սպասարկող անձնակազմը պարտադիր կարգով պետք է ենթարկվի պարբերական բժշկական զննության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելի մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:

447. Ֆաբրիկայի խմելու ջրի որակի, ինչպես նաև սանիտարակենցաղային շինությունների` սույն կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանության նկատմամբ հսկողությունն իրականացվում է տվյալ կազմակերպության, իսկ պետական վերահսկողությունը` համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից` օրենքով սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.2009
N 1277-Ն
Որոշում