050.0334.021209
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 12 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009426
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
17 նոյեմբերի 2009 թվականի թիվ 334-Ն
ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԵՎ ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, 41-րդ, 42-րդ և 47-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2010 թվականի հունվարի 11-ից շրջանառության մեջ դնել հինգ հազար դրամ անվանական արժեքով 2009 թվականի թողարկման և քսան հազար դրամ անվանական արժեքով 2009 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:
2. 1999 թվականի և 2003 թվականի թողարկման հինգ հազար դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության թղթադրամները, ինչպես նաև 1999 թվականի և 2007 թվականի թողարկման քսան հազար դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
3. Հաստատել հինգ հազար դրամ և քսան հազար դրամ անվանական արժեքով 2009 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամների նմուշները` համաձայն Հավելված 1-ի:
4. Հաստատել հինգ հազար դրամ անվանական արժեքով 2009 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նկարագրությունը` համաձայն Հավելված 2-ի:
5. Հաստատել քսան հազար դրամ անվանական արժեքով 2009 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նկարագրությունը` համաձայն Հավելված 3-ի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ -ԻՆ
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թ. նոյեմբերի 17-ի
թիվ 334-Ն որոշմամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 5.000 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ԹՂԹԱԴՐԱՄԻ ՆՄՈՒՇԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 20.000 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ԹՂԹԱԴՐԱՄԻ ՆՄՈՒՇԸ
----------------------------------------
ԻՐՏԵԿ - նմուշների պատկերները չեն բերվում
Հավելված 2
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թ. նոյեմբերի 17-ի
թիվ 334-Ն որոշմամբ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2009 թ. նմուշի 5.000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամի
Թղթադրամը տպագրված է սպիտակ գույնի թղթի վրա: Թղթադրամի չափսերն են` 143 x 72 մմ: Թղթադրամը պարունակում է Հովհաննես Թումանյանի դիմանկարը պատկերող և անվանական արժեքն արտահայտող ջրանիշ: Դիմերեսի և դարձերեսի հիմնական գույներն են` կանաչը և դարչնագույնը:
Դիմերես. Թղթադրամի ձախ մասում բաց դարչնագույն ֆոնի վրա մոխրագույն գույնով պատկերված է հայ մեծ գրող, հասարակական քաղաքական գործիչ Հովհաննես Թումանյանի դիմանկարը: Դիմանկարից ձախ սև գույնով ուղղահայաց գրված է «Հովհաննես Թումանյան 1869-1923», իսկ ավելի ձախ ուղղահայաց պատկերված է դարչնագույն զարդանախշ: Զարդանախշի վրա, վերին մասում, ուղղահայաց գրված է «5000» թիվը, իսկ նրանից ներքև ուղղահայաց, կարմիր գույնով տպված են թղթադրամի սերիան և համարը: 2009թ. նմուշի թղթադրամի սերիայի տառերն են «ԲԱ»: Դիմանկարից ձախ, թղթադրամի ներքևի անկյունում պատկերված է ձվաձև զարդանախշ, որտեղ գտնվում է «5000» թվի թաքնված պատկերը: Թղթադրամի վերին մասում, թղթադրամի երկայնքով մուգ մոխրագույն գույնով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև միկրոտառաշարով` «ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը: Նշված բառերից ներքև երկնագույն գույնով տպագրված է ութանկյուն զարդանախշ: Զարդանախշի մեջ պատկերված մասնիկները լուսընդդեմ դիտելիս մեծ ճշտությամբ լրացնում են դարձերեսի նույն ութանկյան մեջ առկա մասնիկներին և կարդացվում են «ՀՀ» տառերը: Դիմանկարից աջ, կանաչ ֆոնի վրա պատկերված են Սանահինի եկեղեցու գրապահոցի կամարները, որի ներքևի մասում սև գույնով տպագրված են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունները և «Բանկի նախագահ» և «Ֆինանսների նախարար» բառերը:
Թղթադրամի միջնամասի կանաչ գույնի ֆոնով շերտի ներքևի մասում երկու տողով գրված են «ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը, որոնց գույնը ձախից դեպի աջ փոխվում է մուգ մոխրագույնից շագանակագույնի, ապա կարմրամանուշակագույնի: Վերջինիս գույնը դիտարկման անկյան փոփոխության դեպքում կարմրամանուշակագույնից փոխվում է կանաչի:
Թղթադրամի սպիտակ գույնի ուղղահայաց դաշտի վերին մասում հորիզոնական, սև գույնով տպագրված է թղթադրամի սերիան և համարը: Նրանից աջ մուգ շագանակագույնով պատկերված է մեկ թեք գծիկ և երկու կետ: Սպիտակ շերտի ներքևի մասում փակցված է հոլոգրաֆիկ պատկեր` կինեգրամա: Կինեգրամայի մեջ լույսի անկման անկյան փոփոխության դեպքում կարդացվում են «ԴՐԱՄ» և «5000» գրառումները: Նշված գրառումների շրջակայքում առկա են շրջանագծերի տեսքով տեղակայված «AMD 5000» տառերը և թվերը: Որպես ֆոն մշտապես երևում է նույն կամարների պատկերը, որն առկա է թղթադրամի դիմերեսին: Կինեգրամայից ներքև կարմրամանուշակագույն և մուգ մոխրագույն գույներով պատկերված է «5000» թիվը, որը մասամբ տպագրված է կինեգրամայի վրա: «5000» թվի վերջին զրոյից վերև տպագրված է թողարկման տարեթիվը` «2009»: Թղթադրամի աջ եզրի մոտ, ուղղահայաց դիրքով տպագրված են «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը: Թղթադրամի աջ և ձախ եզրերին տպագրված են մարգարտափայլ ներկով հորիզոնական շերտագծեր, որոնք տալիս են վարդագույն և ոսկեգույն նրբերանգների փոփոխության էֆեկտ: Թղթադրամի աջ եզրին առկա են անկանոն դասավորված դեղին գույնի շրջանակներ:
Դարձերես. Հիմնական մոտիվը ներկայացնում է Լոռվա բնությունը պատկերող Մարտիրոս Սարյանի կտավներից մի դրվագ: Թղթադրամի վերևի մասում, թղթադրամի երկայնքով մուգ կանաչ գույնով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից վերև միկրոտառաշարով` «ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը: Թղթադրամի վրա պատկերված նկարի ներքևի մասում երկու տողով մուգ կանաչ գույնով գրված են «ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը: Նկարից դեպի աջ, ուղղահայաց սյան տեսքով պատկերված է դարչնագույն զարդանախշ: Զարդանախշի վրա, վերին մասում, ուղղահայաց գրված է «5000» թիվը: Թղթադրամի ձախ մասում սպիտակադարչնագույն ուղղահայաց դաշտի ներքևի մասում մուգ և բաց կանաչ գույներով պատկերված է «5000» թիվը: Թղթադրամի աջ և ձախ եզրերին կանաչ գույնով տպագրված են հորիզոնական ալիքաձև գծեր: Թղթադրամի ձախ եզրին կանաչ գույնով ուղղահայաց գրված են «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը: Թղթադրամի ձախ եզրին առկա են անկանոն դասավորված դեղին գույնի շրջանակներ: Թղթադրամի ներքևի աջ և ձախ մասերում կարմրամանուշակագույն գույնով, մի քանի շերտով, միկրո/մանրատառաշարով տպագրված են «5000» և «AMD» թիվը և տառերը:
Հավելված 3
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թ. նոյեմբերի 17-ի
թիվ 334-Ն որոշմամբ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2009 թ. նմուշի 20.000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամի
Թղթադրամը տպագրված է սպիտակ գույնի թղթի վրա: Թղթադրամի չափսերն են` 155 x 72 մմ: Թղթադրամը պարունակում է Մարտիրոս Սարյանի դիմանկարը պատկերող և անվանական արժեքն արտահայտող ջրանիշ: Դիմերեսի և դարձերեսի հիմնական գույներն են` դեղինը և շագանակագույնը: Թղթադրամը պարունակում է երկու պաշտպանական ներգիծ, որոնցից մեկն ամբողջությամբ ներդրված է թղթի մեջ և երևում է միայն լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, իսկ մյուսը` թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ պատուհանների (կետագծերի), իսկ լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, որի մեջ կարդացվում է «AMD 20000» կրկնվող մանրատառաշարը:
Դիմերես.
Թղթադրամի ձախ մասում ուղղահայաց, կարմիր գույնով տպագրված են թղթադրամի սերիան արտահայտող «ԴԱ» տառերը և ութանիշ համարը: Կարմիր համարանիշից աջ փակցված է ուղղահայաց կինեմագրամայով ժապավենաձև փայլաթիթեղ: Փայլաթիթեղի երկայնքով, պարբերաբար կրկնվելով, երևում է Մարտիրոս Սարյանի կիսադեմը դեպի աջ և մի զարդանախշ, որոնք դիտման անկյան չնչին փոփոխման ընթացքում նույն տեղում փոխարինում են միմյանց: Այս պատկերների միջև երևում են «20000 ԴՐԱՄ» գրառումները և դրամի խորհրդանշանը` «Դ»: Փայլաթիթեղի ողջ մակերեսով առկա է «AMD» մանրատառաշարը, իսկ երկու եզրերի ողջ երկայնքով երևում են «ԴՐԱՄ» և «AMD» ապամետաղականացված գրառումները: Փայլաթիթեղի վրա, վերևի մասում հորիզոնական տպագրված է «20000» թիվը: Փայլաթիթեղից աջ սև գույնով ուղղահայաց գրված է «Մարտիրոս Սարյան 1880-1972»: Թղթադրամի մեջտեղում դեղին, նարնջագույն և մանուշակագույն ֆոնի վրա (Մ. Սարյանի նկարներից մեկից մի դրվագ), շագանակագույն գույնով պատկերված է հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի դիմանկարը: Դիմանկարի ներքևի ձախ մասում պատկերված է օվալաձև զարդանախշ, որտեղ գտնվում է «20000» թվի թաքնված պատկերը: Թղթադրամի վերին մասում, թղթադրամի երկայնքով մուգ շագանակագույն գույնով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև միկրոտառաշարով` «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 20000» կրկնվող բառերը և թվերը: Նշված բառերից ներքև նարնջագույն և մանուշակագույն գույներով տպագրված է թափանցիկ պատկերը` ութանկյուն զարդանախշի տեսքով: Զարդանախշի մեջ պատկերված մասնիկները լուսընդդեմ դիտելիս մեծ ճշտությամբ լրացնում են դարձերեսին պատկերված ութանկյան մեջ առկա մասնիկներին և կարդացվում են «ՀՀ» տառերը:
Դիմանկարից աջ սև գույնով տպագրված են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունները և «Բանկի նախագահ» և «Ֆինանսների նախարար» բառերը:
Թղթադրամի միջնամասի ներքևի մասում երկու տողով գրված են «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը, որոնց գույնը ձախից դեպի աջ փոխվում է մուգ շագանակագույնից մուգ նարնջագույնի: Թղթադրամի սպիտակ գույնի ուղղահայաց դաշտի վերին մասում հորիզոնական, սև գույնով տպագրված է թղթադրամի սերիան արտահայտող տառերը` «ԴԱ» և ութանիշ համարը: Նրանից աջ մուգ նարնջագույնով պատկերված է երկու թեք գծիկ և երկու կետ: Սպիտակ շերտի ներքևի մասում տպագրված է վրձինների և ներկապնակի պատկեր: Դրանից ներքև տպագրված է «20000» թիվը: «20000» թվի վերջին զրոյից վերև տպագրված է թողարկման տարեթիվը` «2009»: Թղթադրամի աջ եզրի մոտ, ուղղահայաց դիրքով տպագրված է «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը: Թղթադրամի աջ և ձախ եզրերին առկա են անկանոն դասավորված դեղին գույնի շրջանակներ: Թղթադրամի ներքևի աջ և ձախ մասերում դարչնագույն ներկով, մի քանի շերտով, մանրատառաշարով տպագրված են «20000» թիվը և «AMD» տառերը:
Դարձերես.
Թղթադրամի ձախ կողմում մոխրագույն և մանուշակագույն ուղղահայաց դաշտի ներքևի մասում, հորիզոնական գծով բաժանված, մուգ շագանակագույն և նարնջագույն գույներով տպագրված է «20000» թիվը, որի մուգ շագանակագույն (ներքևի) մասը դիտման անկյան փոփոխության դեպքում փոխում է գույնը շագանակագույնից մուգ կանաչի և հակառակը: Թղթադրամի մեջտեղում տպագրված մոտիվը ներկայացնում է Մ. Սարյանի նկարներից մեկից մի դրվագ: Թղթադրամի ձախ մասում առկա են անկանոն դասավորված դեղին գույնի շրջանակներ: Թղթադրամի վերևի մասում, թղթադրամի երկայնքով մուգ շագանակագույն գույնով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից վերև միկրոտառաշարով` կրկնվող «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 20000» բառերը և թվերը: Թղթադրամի վրա պատկերված նկարի ներքևի մասում մեկ տողով մուգ շագանակագույն գույնով գրված են «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը: Նկարից դեպի աջ, ուղղահայաց սյան տեսքով պատկերված է դարչնագույն զարդանախշ: Զարդանախշի վրա, վերին մասում, ուղղահայաց գրված է «20000» թիվը: Թղթադրամի ներքևի աջ և ձախ մասերում նարնջագույն ներկով, մի քանի շերտով, մանրատառաշարով տպագրված են «20000» թիվը և «AMD» տառերը: Թղթադրամի ձախ եզրի մոտ, ուղղահայաց դիրքով տպագրված են «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը: