Սեղմել Esc փակելու համար:
2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՆՅՈՒ ՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ...

 

 

020.0846.181209

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 18 դեկտեմբերի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի դեկտեմբերի 13-ին Նյու Յորքում ստորագրված` Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է` մուտքագրված 2009 թվականի նոյեմբերի 19-ին:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ստորագրվել է 2006 թվականի դեկտեմբերի 13-ին` Նյու Յորքում: Հայաստանի Հանրապետության կողմից կոնվենցիան (կից առարկությամբ) ստորագրվել է 2007 թվականի դեկտեմբերի 30-ին: Առարկությունը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետության կողմից սույն կոնվենցիայի վավերացման ընթացքում կատարված վերապահմանը:

Կոնվենցիայի նպատակն է աջակցել, պաշտպանել և ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեքորեն և հավասարապես օգտվել մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, ինչպես նաև ապահովել հարգանքը նրանց նկատմամբ:

2. Կոնվենցիայով սահմանվում են ընդհանուր սկզբունքներն ու պարտավորությունները, հավասարությունը և հաշմանդամության վրա հիմնված ցանկացած խտրականության կանխարգելման մեխանիզմները, շեշտվում է այդ բնագավառում համագործակցության կարևորությունը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հաշմանդամ երեխաների և կանանց պաշտպանության խնդիրներին:

3. Կոնվենցիան երաշխավորում է հաշմանդամ անձանց` կյանքի, օրենքի առաջ հավասարության, ազատության և անվտանգության, խոշտանգումների, շահագործման, բռնության և դաժան վերաբերմունքի բացառման, ազատ տեղաշարժի, խոսքի և կարծիքի ազատության, տեղեկատվության մատչելիության, անձնական և ընտանեկան անձեռնմխելիության, կրթության, առողջության, աշխատանքի ու զբաղվածության, սոցիալական, մշակութային, քաղաքական ու քաղաքացիական և այլ հանրահայտ իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:

4. Կոնվենցիայի 34 հոդվածի համաձայն հիմնվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտե (այսուհետ`Կոմիտե), որի 18 անդամներն ընտրվում են 4 տարի ժամկետով` մեկ անգամ վերընտրման իրավունքով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կոմիտեի աշխատանքների արդյունավետ իրականացման համար տրամադրում է համապատասխան անձնակազմ և նյութական միջոցներ: Կոմիտեի անդամներին տրվում են այնպիսի արտոնություններ և անձեռնմխելիություն, որոնք սահմանված են ՄԱԿ-ի հարցերով առաքելություններ իրականացնող փորձագետների համար:

5. Կոնվենցիան սահմանում է, որ յուրաքանչյուր մասնակից պետություն իր համար սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո` 2 տարվա ընթացքում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջոցով Կոմիտեին ներկայացնում է համապարփակ հաշվետվություն սույն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված միջոցառումների և արձանագրված առաջընթացի մասին: Դրանից հետո մասնակից պետությունները ներկայացնում են հաշվետվություններ` առնվազն 4 տարին մեկ անգամ, կամ Կոմիտեի պահանջով` ցանկացած պահի:

6. Կոնվենցիայի համաձայն մասնակից պետությունները պարբերաբար հանդիպում են մասնակից պետությունների համաժողովում` քննարկելու համար կոնվենցիայի կիրարկմանն առնչվող բոլոր հարցերը: Համաժողովը հրավիրվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից ոչ ուշ, քան կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո: Հետագա նիստերը հրավիրվում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից` 2 տարին մեկ անգամ կամ համաժողովում կայացված որոշմամբ:

7. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- ապահովել և օժանդակել հաշմանդամություն ունեցող անձանց` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների լիակատար իրականացմանը` առանց հաշմանդամության վրա հիմնված ցանկացած խտրականության,

- տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների առումով քայլեր ձեռնարկել իր առկա միջոցների առավելագույն չափով, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակներում, նպատակ ունենալով աստիճանաբար հասնել այդ իրավունքների լիակատար իրականացմանը,

- ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու հաշմանդամ երեխաների և կանանց զարգացումը, առաջխաղացումը և պաշտպանությունը,

- ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունն ու ապահովությունը վտանգավոր իրավիճակներում, այդ թվում` զինված հակամարտությունների, արտակարգ հումանիտար իրավիճակների և բնական աղետների դեպքում,

- ձեռնարկել անհրաժեշտ ու արդյունավետ միջոցներ ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքն իրենց սեփականությունը տնօրինելու կամ ժառանգելու, սեփական ֆինանսական գործարքները վերահսկելու և բանկային վարկերից, հիպոթեկից և ֆինանսական վարկավորման այլ միջոցներից օգտվելու համար, ինչպես նաև երաշխավորել նրանց սեփականության անձեռնմխելիությունը,

- ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք չպահվեն ստրկության կամ ծառայության մեջ և մյուսների հետ հավասար հիմունքներով պաշտպանված լինեն հարկադիր կամ պարտադիր աշխատանքից,

- ձեռնարկել արդյունավետ միջոցներ ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորինս ինքնուրույն շարժունակությունը,

- ձեռնարկել օրենսդրական, վարչական, սոցիալական, կրթական և այլ համապատասխան միջոցներ` շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի բոլոր ձևերից հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանելու համար ինչպես տանը, այնպես էլ դրսում` հաշվի առնելով նաև հարցի գենդերային կողմերը,

- ճանաչել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների` կենսապահովման բավարար մակարդակ ունենալու և սոցիալական պաշտպանության, մյուսների հետ հավասար հիմունքներով մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը և այլն:

8. Կոնվենցիայում նախատեսված են առանձին դրույթներ` կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, դրանում վերապահումներ կամ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև մասնակից պետության կողմից այն չեղյալ հայտարարելու վերաբերյալ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2006 թվականի դեկտեմբերի 13-ին Նյու Յորքում ստորագրված` Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

18 դեկտեմբերի 2009 թվականի

ՍԴՈ-846

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
18.12.2009
N ՍԴՈ-846
Որոշում