ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
17 դեկտեմբերի 2009 թվականի N 52
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետությունում հակակարկտային աշխատանքների զարգացման մասին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Մ. Շահգելդյանի զեկույցը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի դեկտեմբերի 17-ի
նիստի N 52 արձանագրային
որոշման
ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2005 թվականից մեծ աշխատանք է տարվել հանրապետությունում կարևորագույն նշանակություն ունեցող հակակարկտային համակարգի վերագործարկման ուղղությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջոցների հաշվին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի 10 գյուղերում արգենտինացի մասնագետների կողմից կառուցվել և տեղադրվել են 15 հակակարկտային ացետիլենային կայանքներ, որոնք պաշտպանության տակ են վերցրել 1200 հա տարածք: 2006 թ. նշված կայանքները շահագործվել են «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և արգենտինացի մասնագետների հետ համատեղ:
2007 թ. Արմավիրի մարզի 6 գյուղերում արդեն Հայաստանի փրկարար ծառայության կողմից կառուցվել, մոնտաժվել ու գործարկվել են ևս 15 հակակարկտային համակարգեր, որոնցով հոկտեմբերի 15-ից պաշտպանության տակ է վերցվել և 1200 հա գյուղատնտեսական մշակաբույսեր:
«ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից հակակարկտային համակարգերում կատարվել են արմատական տեխնոլոգիական փոփոխություններ, արդիականացվել են հանգույցները և ղեկավարման համակարգի ծրագրերը:
Հաշվի առնելով այն, որ ացետիլեն գազը թունավոր և խիստ պայթունավտանգ գազ է, ինչպես նաև համակարգի գործունեության համար անհրաժեշտ ացետիլենային գլանանոթների լիցքավորումը հանրապետությունում մոտակա տարիներին հնարավոր չէր իրականացնել, իսկ արտերկրից ներկրումը կապված էր մեծ ծախսերի հետ, ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից բազմաթիվ փորձարկումների արդյունքում, մշակվեց և աշխատանքի համար ընտրվեց լավագույն տարբերակը` հեղուկացված պրոպան-բութան գազախառնուրդը:
Արդեն երրորդ տարին է հեղուկացված գազով գործող գազագեներատորային կայանքները ռադիոմոդեմային հեռակառավարման մեթոդով ղեկավարվում և շահագործվում են Արագածոտնի ռադիոլոկացիոն կայանի միջոցով, իրականացնելով կարկտի դեմ պայքարի աշխատանքներ Արմավիրի և Արագածոտնի մարզերի 2400 հա տարածքի վրա: Պաշտպանության ֆիզիկական արդյունավետությունը կազմում է մինչև 80%:
Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները յուրաքանչյուր տարի Հայաստանի գյուղատնտեսությունը կարկտի հետևանքով կրում է 15-20 մլրդ դրամի ուղղակի վնաս: Միայն ընթացիկ տարում գյուղատնտեսության նախարարության ոչ լրիվ տվյալներով պատճառած վնասի չափը կազմել է շուրջ 13 մլրդ դրամ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվել և 2008 թվականի սեպտեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգ ստեղծելու ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 1253-Ն որոշումը:
Մշակվել, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի հաստատմանն է ներկայացվել և ՀՀ նախագահի 2009 թ. սեպտեմբերի 25-ի ՆԿ-161-Ն կարգադրությամբ հաստատվել «Հայաստանի Հանրապետության մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության հայեցակարգը»:
Մշակվել և ս/թ նոյեմբեր ամսին ՀՀ կառավարություն է ներկայացվել «2010-2011 թվականներին Հայաստանի Հանրապետության տարածքում հակակարկտային աշխատանքների զարգացման միջոցառումները հաստատելու և «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Ներկայացվող Միջոցառումներում ներառված է նաև ՀՀ Շիրակի մարզը, որն ընդգրկված չէր 2008 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ կառավարության կողմից N 1253-Ն որոշմամբ հաստատված ծրագրում:
Միջոցառումներով առաջարկվում է 2010-2011 թթ. հանրապետության 6 մարզերում կառուցել, տեղադրել ու մոնտաժել պրոպան-բութան գազախառնուրդով գործող 102 և ռեագենտով գործող 46 ռադիոմոդեմային եղանակով հեռակառավարվող գեներատորային կայանքներ, որով պաշտպանության տակ կվերցվի շուրջ 30 հազար հեկտար ընդհանուր տարածք:
Ներկայումս թվով 12 նույնատիպ կայանքներ են կառուցվել և փորձարկվել ՀՀ Արարատի մարզի 5 գյուղերում, որոնք պաշտպանության տակ են վերցրել ևս 1000 հեկտար գյուղատնտեսական մշակաբույսեր: 2009 թ. ընթացքում ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, իսկ օգոստոս ամսին նաև Արարատի մարզերում «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից 42 հակակարկտային կայանքներով վնասազերծվել է 69 կարկտավտանգավոր պրոցես և կատարվել է 113100 կրակոց, պաշտպանվող տարածքում կարկտահարությունից վնասներ չկան, իսկ հարակից տարածքներում կան լուրջ վնասներ:
Մասնագետների կարծիքով կարկտի դեմ պայքարի վերոնշյալ մեթոդն ու տեխնոլոգիան ամենահամապատասխանն ու ամենաարդյունավետն են հանրապետությունում կիրառելու համար:
Ներկայացված Միջոցառումներով առաջարկվում է հակակարկտային կայանքները տեղադրել առավել կարկտավտանգ ինտենսիվ գյուղատնտեսության մշակության տարածքներում:
Ծառայությունում տարվում են նաև գիտափորձարարական բնույթի աշխատանքներ էկոլոգիապես անվտանգ տարբեր քիմիական ռեագենտներով, նոր տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ:
Առկա են պատրաստի ծրագրեր և նախագծեր, որոնք ներառում են բարձր տեխնոլոգիաներ:
Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների արդյունավետության բարձրացման և գիտափորձարարական աշխատանքների նպատակով նախատեսվում է ձեռքբերել նաև իոնային գեներատորներ: