Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԲԱՐՁԻՉ ԱՇՏԱՐԱԿՆԵՐԻ (ՎԵՐՀԱՆՆԵՐԻ) ԿԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՄԲԱՐՁԻՉ ԱՇՏԱՐԱԿՆԵՐԻ (ՎԵՐՀԱՆՆԵՐԻ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ...

 

 

040.1449.181209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 2009 թվականի N 1449-Ն

 

ԱՄԲԱՐՁԻՉ ԱՇՏԱՐԱԿՆԵՐԻ (ՎԵՐՀԱՆՆԵՐԻ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ամբարձիչ աշտարակների (վերհանների) կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի դեկտեմբերի 3-ի

N 1449-Ն որոշման

 

ԱՄԲԱՐՁԻՉ ԱՇՏԱՐԱԿՆԵՐԻ (ՎԵՐՀԱՆՆԵՐԻ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Ամբարձիչ աշտարակների (վերհանների) կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) մշակված է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 3-րդ մասի կիրարկումն ապահովելու համար և սահմանում է տեխնիկական անվտանգության պահանջներ ամբարձիչ աշտարակների և վերհանների (այսուհետ` ամբարձիչներ) նախագծման, կառուցվածքի, պատրաստման, վերանորոգման և անվտանգ շահագործման նկատմամբ` աշխատանքային գոտու սահմաններում մարդկանց գործիքներով ու նյութերով տեղափոխման և աշխատանքների անվտանգ կատարման համար:

2. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից շահագործվող հետևյալ տեսակի ամբարձիչ աշտարակների և վերհանների վրա`

1) ինքնագնաց աշտարակներ և վերհաններ, այդ թվում`

ա. ավտոմոբիլային աշտարակներ և վերհաններ,

բ. հատուկ հենասարքերի վրա աշտարակներ և վերհաններ,

գ. թրթուրավոր աշտարակներ և վերհաններ,

դ. երկաթուղային աշտարակներ և վերհաններ,

ե. օդաճնշական անվադողերով աշտարակներ և վերհաններ.

2) կցանքային (կցովի) աշտարակներ և վերհաններ, այդ թվում`

ա. օդաճնշական անվադողերով աշտարակներ և վերհաններ,

բ. երկաթուղային աշտարակներ և վերհաններ.

3) շարժական աշտարակներ և վերհաններ, այդ թվում`

ա. ինքնագնաց աշտարակներ և վերհաններ,

բ. ոչ ինքնագնաց աշտարակներ և վերհաններ.

4) կայմային աշտարակներ` տեղակայված հատուկ հենասարքերի վրա, այդ թվում`

ա. ինքնագնաց աշտարակներ,

բ. կցանքային (կցովի) աշտարակներ,

գ. շարժական աշտարակներ:

3. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն տարածվում 2-րդ կետում չներառված` մնացած բոլոր տեսակի ամբարձիչների վրա, այդ թվում`

1) հրշեջային ամբարձիչների.

2) շինարարական բեռնատար ամբարձիչների.

3) բեռնամարդատար ամբարձիչների.

4) ճակատային ամբարձիչների.

5) ենթասալարկման միջոցների (փայտամածներ, լաստակներ, հարթակներ և այլն):

 

II. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված տերմինները և հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

1) ամբարձիչ վերհան` սպասարկման գոտու սահմանումներում տարածության մեջ գործիքների հետ մարդկանց տեղափոխման և աշխատանքների կատարման համար նախատեսված ընդհատվող գործողության բեռնամբարձ մեքենա.

2) ամբարձիչ աշտարակ` ուղղահայաց ուղղություններով (վերև, ներքև) գործիքներով և նյութերով մարդկանց տեղափոխման և աշխատանքների կատարման համար նախատեսված ընդհատվող գործողության բեռնամբարձ մեքենա.

3) հատուկ հենասարքի վրա կայմային տեսակի ամբարձիչ` ուղղահայաց ուղղություններով (վերև, ներքև) գործիքներով և նյութերով մարդկանց տեղափոխման և աշխատանքների կատարման համար նախատեսված ընդհատվող գործողության բեռնամբարձ մեքենա` տեղակայված հատուկ հենասարքի վրա.

4) փոխագուցավոր ամբարձիչ` ճոճանի թռիչքի կամ բարձրության անհրաժեշտ մեծությունն ապահովող, սլաքի դուրս հանվող տարրերով ամբարձիչ.

5) ծնկավոր ամբարձիչ` ճոճանի թռիչքի կամ բարձրության անհրաժեշտ մեծությունն ապահովող, միածունկ, երկծունկ, եռածունկ տարրերով ամբարձիչ.

6) ինքնագնաց (վերհաններ, աշտարակներ)` աշխատանքային հրապարակում և ճանապարհներով տեղաշարժման համար մեխանիզմով սարքավորված ամբարձիչ`

ա. ավտոմոբիլային ամբարձիչներ (վերհաններ, աշտարակներ)` ավտոմոբիլի հենասարքի վրա հավաքած ամբարձիչ,

բ. հատուկ հենասարքի վրա ամբարձիչ (վերհան, աշտարակ)` ավտոմոբիլի հատուկ հենասարքի վրա հավաքած ամբարձիչ,

գ. օդաճնշական անվադողով ամբարձիչ (վերհան, աշտարակ)` օդաճնշական անվադողերով հենասարքի վրա հավաքած ամբարձիչ,

դ. թրթուրավոր ամբարձիչ (վերհան, աշտարակ)` թրթուրավոր հենասարքի վրա հավաքած ամբարձիչ,

ե. երկաթուղային ամբարձիչ (վերհան, աշտարակ)` երկաթուղային սայլակի վրա հավաքած և երկաթուղով տեղաշարժվող ամբարձիչ.

7) կցանքային (կցովի) ամբարձիչներ (վերհաններ, աշտարակներ)` մեխանիզացված փոխադրամիջոցների օգնությամբ տեղափոխվող ամբարձիչներ`

ա. օդաճնշական անվադողով կցանքային (կցովի) ամբարձիչ (վերհան, աշտարակ)` մեխանիզացված փոխադրամիջոցով քարշակվող օդաճնշական անվադողերով հենասարքի վրա հավաքած ամբարձիչ,

բ. երկաթուղային կցանքային (կցովի) ամբարձիչ (վերհան, աշտարակ)` երկաթուղային հենահարթակի վրա հավաքած և երկաթուղային փոխադրամիջոցով երկաթուղով տեղափոխվող ամբարձիչ.

8) շարժական ամբարձիչներ (վերհաններ, աշտարակներ)` մեխանիզացված փոխադրամիջոցով տեղափոխվող ամբարձիչներ`

ա. ինքնագնաց շարժական ամբարձիչ (վերհան, աշտարակ)` աշխատանքային հրապարակում շարժման համար մեխանիզմով սարքավորված և ճանապարհներով մեխանիզացված փոխադրամիջոցով տեղափոխվող ամբարձիչ,

բ. ոչ ինքնագնաց շարժական ամբարձիչ (վերհան, աշտարակ)` աշխատանքային հրապարակում ձեռքով տեղաշարժվող և ճանապարհներով մեխանիզացված փոխադրամիջոցով տեղափոխվող ամբարձիչ.

9) հիդրավլիկ ամբարձիչ (վերհան, աշտարակ)` մեխանիզմների հիդրավլիկ շարժաբերով ամբարձիչ.

10) էլեկտրական ամբարձիչ (վերհան, աշտարակ)` մեխանիզմների էլեկտրական շարժաբերով ամբարձիչ.

11) մեխանիկական ամբարձիչ (վերհան, աշտարակ)` մեխանիկական շարժաբերով ամբարձիչ.

12) ճոճան (հարթակ, զամբյուղ)` գործիքներով և նյութերով մարդկանց տեղավորման համար նախատեսված պաշտպանակ ունեցող ամբարձիչի տարր.

13) ժապավենային արգելակ` արգելակ, որի մոտ արգելակումն իրագործվում է արգելակման փոկանիվին ժապավենի սեղմման միջոցով.

14) սահմանային բեռի սահմանափակիչ` ամբարձիչի ճոճանի վրա բեռնվածության որոշման համար նախատեսված և անվանական բեռնվածության հասնելու (գերազանցելու) դեպքում նախազգուշական ազդանշան տվող` ամբարձիչի մեխանիզմներն ավտոմատ անջատող սարք.

15) ճոճանի կողմնորոշման կարգահետևիչ համակարգ` ամբարձիչի ծնկների դիրքի փոփոխման դեպքում ճոճանի հատակը հորիզոնական դիրքում կողմնորոշելու ապահովման համար նախատեսված հատուկ համակարգ.

16) սպասարկման գոտու սահմանափակիչ` ճոճանի սպասարկման գոտու սահմաններից դուրս գալու ելքը բացառող և ամբարձիչի մեխանիզմն ավտոմատ անջատման համար նախատեսված ապահովիչ սարքվածք.

17) ճոճանի վթարային իջեցման համակարգ` ծնկների բարձրացման մեխանիզմների շարժաբերի խափանման դեպքում ճոճանի վթարային իջեցման համար նախատեսված սարքվածք.

18) հողմաչափ` քամու արագությունը (ուժը) որոշող սարք.

19) ծունկ (սլաք)` ճոճանի թռիչքի կամ բարձրացման բարձրության անհրաժեշտ մեծությունն ապահովող, ամբարձիչի աշխատանքային սարքավորումների մետաղակառուցվածքի տարր.

20) բարձրացման բարձրություն` հիմքից, որի վրա կանգնած է ամբարձիչը, ուղղաձիգի ուղղությամբ ամենամեծ հեռավորությունը, մինչև վերևի դիրքում գտնվող ճոճանի հատակը` գումարած 1,5 մ.

21) իջեցման խորություն` հիմքից որի վրա ուղղաձիգ դիրքով կանգնած է ամբարձիչը, մինչև ամենացածր դիրքում գտնվող ճոճանի հատակ եղած ամենամեծ հեռավորությունը.

22) սպասարկման գոտի` տարածության տիրույթը, որի սահմաններում ապահովված է ճոճանում աշխատելու հնարավորությունը.

23) հողմաբեռնվածություն` հորիզոնական ուղղությամբ ընդունվող քամու ճնշումից առաջացող բեռնվածությունը.

24) կայունություն` կործանման (տապալման) գործոնների հանդեպ ամբարձիչի հակազդման ունակությունը.

25) կայունության գործակից` վերականգնող մոմենտի հարաբերությունը կործանման (տապալման) մոմենտին.

26) մասնագիտացված կազմակերպություն` կազմակերպություն, որն օրենքով սահմանված կարգով կատարում է ամբարձիչների նախագծման, վերակառուցման (վերազինման), վերանորոգման աշխատանքներ, մշակում է նորմատիվ փաստաթղթեր, իրականացնում է տեխնիկական զննման և արատորոշման գործառույթներ.

27) շարժական հենարաններ` աշխատանքների կատարման ժամանակ ամբարձիչի կայունության ավելացման համար նախատեսված շարժական (դուրս հանվող, ներս քաշվող) հենարաններ.

28) առաձգական կախոցների անջատիչ` հեծանի հետ ամբարձիչի հենոցի աշխատանքի անջատման համար նախատեսված սարքվածք.

29) կողային կայունության կայունարար` շարժման ժամանակ շրջադարձի դեպքում ամբարձիչի ընթացային մասի կախոցների առաձգական հավասարակշռության ձևախեղումների հավասարեցման սարքվածք.

30) պարբերաշրջան (ցիկլ)` ճոճանի աշխատանքային գործողությունների ամբողջություն` մուտք ճոճան, բարձրացում առավելագույն բարձրության վրա և իջեցում, «նստեցում» դիրք, ելք ճոճանից.

31) անվտանգության սարքեր` էլեկտրոնային (կամ մեխանիկական) տեսակի տեխնիկական սարքվածք` նախատեսված վթարային (կամ նրանց նախազգուշացման) իրավիճակներում մեխանիզմների անջատման համար.

32) հաշվարկային տարրեր` տարրեր, որոնց նյութերի ֆիզիկաքիմիական և ֆիզիկամեխանիկական հատկությունների, թույլատրելի լարումների մեծությունների և բեռնվածքների հիման վրա տեխնիկական պայմաններով և նախագծային փաստաթղթերով կատարված են պատասխանատու տարրերի ամրության և կայունության ապահովման հաշվարկներ:

 

III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ԱՄԲԱՐՁԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Ամբարձիչները, հավաքական մասերը (հենասարքեր, ծնկներ (սլաքներ), մեխանիզմներ, ճոճաններ, անվտանգության սարքեր և այլն) պետք է պատրաստված լինեն դրանց արտադրման տեխնիկական պայմաններին, մասնագիտացված կազմակերպությունների կողմից մշակված և հաստատված նախագծերին համապատասխան և ծառայության մեջ մտնելու օրվանից ապահովեն անվտանգ շահագործում, բավարարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2390-Ն որոշմամբ հաստատված «Մեքենաների և մեխանիզմների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի և սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգությանը ներկայացվող պահանջներին:

6. Ամբարձիչների և նրա հավաքական մասերի պատրաստման համար օգտագործվող նյութերի (հիմնական և եռակցման) ֆիզիկաքիմիական և ֆիզիկամեխանիկական հատկությունները (հոսունության սահման, ամրության սահման, հարաբերական երկարացում, ծռման անկյուն, հարվածային մածուցիկություն)` հատկապես հոգնածության, քայքայման, հնացման և մաշվածության գործոններին դիմակայելու տեսանկյունից, պետք է համապատասխանեն արտադրողի կողմից նախատեսված բեռնվածությանը, և շահագործման ժամանակ դիմանան այն բեռնվածություններին, որոնց ամբարձիչները ենթարկվում են:

7. Ամբարձիչները (կցանքային (կցովի) պետք է սարքավորված լինեն քարշակման և միացման համապատասխան միջոցներով, բեռնման և գետնին ամրակման համար հենահարթակի հենականգնակով, որոնք պետք է նախագծված և արտադրված լինեն այնպես, որպեսզի ապահովեն դրանց հեշտ և անվտանգ միացումը կամ անջատումը, ինչպես նաև օգտագործման ժամանակ բացառեն պատահական անջատումը:

8. Ամբարձիչները և նրա հավաքական մասերը պետք է նախագծվեն և արտադրվեն այնպես, որպեսզի չկորցնեն իրենց ֆիզիկական կայունությունը մինչև այն աստիճանը, որը կարող է վտանգել օգտագործողին ու սպասարկող անձնակազմին և ունենան համապատասխան մեխանիկական ամրություն, որ շահագործման ընթացքում դիմակայեն բոլոր հնարավոր ազդեցություններին, ինչպես նաև մնան անվտանգ` նույնիսկ հնարավոր անզգույշ գործողություններ կատարելու դեպքում:

9. Ամբարձիչների տեխնիկական անձնագրերի և դրանց կցված փաստաթղթերին պետք է կցված լինեն վերջիններիս` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայերեն թարգմանությունները:

10. Ամբարձիչների շահագործման փաստաթղթերում պետք է նշված լինեն դրանց անվտանգ տեղակայման, վերանորոգման և շահագործման համար անհրաժեշտ ու բավարար տեղեկատվությունը:

11. Ամբարձիչների անվտանգության սարքերը և սարքվածքները, պաշտպանական սարքերը և անջատիչները պետք է օգտագործվեն ըստ իրենց անվանական արժեքների և պետք է դիմանան համապատասխան փորձարկումներին ու պետք է արտադրված լինեն այնպես, որպեսզի նրանց անսարքությունները չառաջացնեն անվտանգության պահանջների խախտում և չստեղծեն էլեկտրական հոսանքից առաջացող վտանգ, ինչպես նաև պետք է տեղում անվտանգ ամրակապված լինեն:

12. Ամբարձիչները, որոնք նախագծված և պատրաստված են պայթյունահրդեհավտանգ շինություններում և արտաքին միջավայրում շահագործման համար, պետք է տեխնիկական փաստաթղթերում` անձնագրում, ինչպես նաև շահագործման հրահանգում, նշված լինի ամբարձիչի պայթյունահրդեհավտանգ միջավայրում (միջավայրի կարգի ցուցումով) աշխատելու հնարավորությունը:

13. Ամբարձիչների շարժիչները (էլեկտրական, հիդրավլիկ, մեխանիկական) պետք է նախագծվեն և արտադրվեն այնպես, որ երկարատև նորմալ շահագործման պայմաններում նվազեցվի էլեկտրական կամ հիդրավլիկական կամ մեխանիկական անսարքությունների հավանականությունը, որոնք կարող են բերել անվտանգության խախտմանը, ինչպես նաև մեկուսացումը կամ հիդրոհեղուկը կամ մեխանիկական մասերը չպետք է վնասվեն, իսկ հպակները և միացումները կամ հիդրոհամակարգի հերմետիկությունը տաքացման և թրթռման ժամանակ չպետք է խախտվեն:

14. Ամբարձիչների էլեկտրասարքավորումների կառուցվածքը չպետք է ունենա օգտագործողի համար վտանգ ներկայացնող սուր եզրեր և անկյուններ, արտադրվեն այնպես, որ շահագործման պայմաններում բացառվեն կառավարման բոլոր մասերի (կոթեր, կոճակներ, բռնակներ, լծակներ), ցանկացած հաղորդալարի, պտուտակի, մանեկի, տափօղակի, զսպանակի և այլ նմանատիպ մասերի թուլացման հնարավորությունը, ինչպես նաև թուլացումը կամ անջատումը չպետք է վտանգ առաջացնեն մարդու կյանքին և առողջությանը:

15. Ամբարձիչների էլեկտրասարքավորումների շահագործման ժամանակ առաջացող թրթռաձայնային ազդեցությունը չպետք է գերազանցի մարդու և շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության թույլատրելի մակարդակը:

16. Ամբարձիչները, բացի տաքացվող շինությունների մեջ նախատեսված շահագործումից, պետք է պատրաստվեն նաև մինուս 400C-ից մինչև պլյուս 400C-ի ջերմաստիճանի ու մինչև 10 մ բարձրության վրա քամու 10 մ/վրկ-ից ոչ ավելի արագության պայմաններում աշխատելու համար:

17. Մինուս 400C-ի ջերմաստիճանից ցածր պայմաններում աշխատելու համար նախատեսվող ամբարձիչները պետք է նախագծվեն և պատրաստվեն տեխնիկական առաջադրանքի հիման վրա, չափավոր ցուրտ (ՈՒԽԼ) կամ ցուրտ (ԽԼ) կլիմայական կատարմամբ, որը պետք է համապատասխանի տեխնիկական պայմանների և չափորոշիչ փաստաթղթերում շարադրված հատուկ պահանջներին:

18. Նախագծի (գծագրերի) կամ հաշվարկների մեջ կատարվող բոլոր փոփոխությունները, որոնք կարող են առաջանալ ամբարձիչի պատրաստման կամ վերանորոգման ժամանակ, պետք է փոխհամաձայնեցվեն նախագիծ մշակող, պատրաստող-վերանորոգող կազմակերպությունների կամ պատվիրատուի միջև:

19. Ամբարձիչի հիմնական տեխնիկական բնութագրերը, այդ թվում` բեռնամբարձությունը և այլ պարամետրեր պետք է համապատասխանեն նրա անձնագրի և կից տեխնիկական փաստաթղթերի նշված տվյալներին:

20. Ամբարձիչների աշխատանքն սպասարկման գոտուց դուրս արգելվում է:

21. Ամբարձիչների կառուցվածքում պետք է նախատեսվեն`

1) կառավարման, տեխնիկական սպասարկման, վերանորոգման հարմարավետություն.

2) քարշակման հնարավորություն.

3) ամբարձիչի հիդրոհամակարգի տարրերի փոխումն առանց ամբողջ հիդրոհամակարգի աշխատանքային հեղուկի դատարկման.

4) աշխատանքային շարժումների սահուն թողարկում և կանգառք ապահովող շարժաբերի կառուցվածք:

22. Ամբարձիչները պետք է սարքավորված լինեն աշխատատևության մեքենաժամերով հաշվառման սարքվածքով:

23. Միացման համար մեխանիկական հարմարանքներով սարքավորված ամբարձիչների մեխանիզմները պետք է այնպես կառուցված լինեն, որ բացառեն նրանց ինքնակամ միացումը:

24. Ամբարձիչի ոլորող մոմենտ հաղորդող մեխանիզմների հանգույցներում կցորդվող մասերի ինքնակամ պտտումից և անջատումից խուսափելու համար պետք է օգտագործվեն պտտումը բացառող փորակային, երիթային, հեղյուսային և այլ միացություններ:

25. Ամբարձիչի հենարանապտտող կառուցվածքների ամրացման համար զսպանակային տափօղակների օգտագործումն արգելվում է:

26. Ամբարձիչի առանձին հանգույցների համար հենարան ծառայող անշարժ առանցքների տեղաշարժումը բացառելու համար պետք է դրանք հուսալի ամրացված լինեն:

27. Ամբարձիչների մոտ դուրս հանվող հատվածամասերով փոխագուցավոր սլաքներն աշխատանքային վիճակում գտնվելու ժամանակ պետք է դուրս հանված հատվածամասերի հուսալի ամրացման սևեռակում ունենան:

28. Ճոճանի հորիզոնական դիրքում կողմնորոշման կարգահետևիչ համակարգի ճոպանների, շղթաների և ձգաճոպանների (ձգաձողերի) ուղղորդիչները պետք է այնպես կառուցված լինեն, որ բացառեն դրանց ինքնակամ դուրս գալը հոլովակներից, աստղիկներից, թմբուկներից և ձգաճոպանի (ձգաձողի) լռվումից:

29. Ամբարձիչների տուփաձև և խողովակաձև մետաղակառուցվածքները պետք է նախագծված և պատրաստված լինեն այնպես, որ բացառեն խոնավության ներթափանցման և կուտակման հնարավորությունները, ապահովեն հերմետիկությունը:

30. Մշտական տեխնիկական սպասարկում պահանջող մեխանիզմների, կառավարման համակարգի ապահովիչ սարքերի համար, արտադրողը պետք է նախատեսի և ապահովի սպասարկող անձնակազմին վնասվածքներից պաշտպանելու համար, նրանց հարմար և անվտանգ մոտեցման հնարավորություն:

31. Բեռնային կայունության գործակիցը, հաշվի առնելով մեքենայի և բեռի ծանրության ուժերի ազդեցությունը, դինամիկական ազդեցությունները, ինչպես նաև քամու ճնշումը, հաշվարկների կատարման ժամանակ պետք է լինի 1,15-ից ոչ պակաս:

32. Ամբարձիչները շարժական հենարանների վրա տեղակայման դեպքում տեղակայման թեքությունը չպետք է գերազանցի 0030, իսկ առանց շարժական հենարանների ամբարձիչների համար` 30, եթե շահագործման հրահանգում մեծ թեքություն նախատեսված չէ:

33. Երկաթուղային հենահարթակների վրա տեղակայված ամբարձիչների համար պետք է հաշվի առնել երկաթուղու կոր տեղամասերում մի ռելսը մյուսի նկատմամբ առավելագույն թույլատրելի գերազանցումը: Ռելսակալների (բռնիչների) ազդեցությունը կայունության որոշման ժամանակ հաշվի չի առնվում:

34. Ամբարձիչ սեփական կայունության գործակիցը պետք է 1,15-ից ոչ պակաս լինի, հաստատվի հաշվարկով և բնութագրվի ամբարձիչի բոլոր մասերի ծանրության ուժով` հաշվի առնելով հարթակի թեքությունը շրջման ուղղությամբ (շրջման կողի նկատմամբ) և նույն ուղղությամբ փչող քամու հողմաբեռնվածության ուժով առաջացող ստեղծած մոմենտի հարաբերությունը:

35. Ամբարձիչի կառուցվածքի ամրության հաշվարկը պետք է հաստատվի նախնական փորձարկումների ընթացքում կատարվող գործիքային տենզոմետրական փորձարկումներով:

 

IV. ԱՄԲԱՐՁԻՉՆԵՐԻ ԵՎ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ՃՈՃԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

36. Հողի մակերևույթներից կամ նստեցման հարթակից մինչև ճոճանի մուտքը և ամբարձիչի պտտվող հենահարթակի միջև եղած բարձրությունը պետք է լինի 400 մմ-ից ոչ ավելի, ընդ որում, աստիճանները և ճոճանի հատակը չպետք է սայթաքող լինեն:

37. Ամբարձիչների ճոճանը (զամբյուղ, հարթակ) պետք է 1000 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ ցանկապատ ունենա: Ճոճանի բազրիքի վերևի հարթությունը պետք է հարմար լինի ձեռքով ընդգրկման համար և երեսապատված լինի ցածր ջերմահաղորդիչ նյութով: Երեսարկման շրջագծով պետք է լինի 100 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ չընդհատվող թիթեղվածք: Թիթեղվածքի և բազրիքի` մինչև երեսարկումից 500 մմ բարձրության վրա ցանկապատի շրջագծի ամբողջ երկարությամբ պետք է լինի լրացուցիչ զոլակ: Ճոճանների մուտքի որմնանցքը պետք է պաշտպանված լինի հանովի ցանկապատով կամ փակվող դռնով:

38. Պլաստիկ հատակով կամ մուտքի որմնանցք չունեցող ճոճանների համար թույլատրվում է մուտքը ճոճան կատարել վերևից, այդ դեպքում պետք է նախատեսվեն մուտքը հեշտացնող հարմարանքներ:

39. Ճոճանի հատակի չափը պետք է լինի 600x600 մմ-ից ոչ պակաս, իսկ կլոր ճոճանի տրամագիծը` 700 մմ-ից ոչ պակաս:

40. Ճոճանի հատակը մեկ մարդու համար պետք է լինի 0,5 քառ. մետրից ոչ քիչ, իսկ մուտքի դռնակի լայնությունը 500 մմ-ից ոչ քիչ, ընդ որում, հատակը պետք է ունենա հակասահող ծածկույթ, իսկ դռնակը պետք է բացվի այն ուղղությամբ, որպեսզի բացառվի դրանց անսպասելի բացվելու ժամանակ ճոճանում գտնվող մարդկանց դուրս ընկնելու ռիսկը:

41. Մինչև 1000 Վ լարման էլեկտրացանցեր սպասարկման համար ճոճանի կառուցվածքը և տեղակայումը պետք է ապահովի 0,5 ՄՕհմ-ից ոչ պակաս գալվանական մեկուսության մեկուսացում` մետաղակառուցվածքի և ճոճանի միջև:

42. Ամբարձիչի ճոճանը պետք է սարքավորված լինի աշխատողների անվտանգության գոտիների զսպանակակեռիկների ամրացման համար ճարմանդներով և գործիքների համար ճոպանով:

43. Ճոճանների ցանկապատի տարրերը և գոտիների ամրացման տեղերը պետք է դիմանան 1300 Ն (130 կգ-ից) ոչ պակաս տարբեր ուղղություններով կենտրոնացված բեռնվածությանը:

 

2. ՃՈՊԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՇՂԹԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

44. Ամբարձիչում օգտագործվող պողպատյա ճոպանները և շղթաները պետք է ունենան պատրաստող կազմակերպության կողմից դրանց փորձարկման մասին որակը հաստատող փաստաթուղթ:

45. Արգելվում է օգտագործել պողպատյա ճոպաններ և շղթաներ, որոնք չունեն պատրաստող կազմակերպության կողմից դրանց փորձարկման մասին որակը հաստատող փաստաթուղթ:

46. Ամբարձիչների վրա ճոպանների ամրացումը և տեղադրումը պետք է բացառեն դրանց դուրս ընկնելը ճախարակներից կամ այլ մեխանիզմներից, ինչպես նաև ճոպանների տրորումը կառուցվածքի տարրերի կամ միմյանց հետ շփման հետևանքով: Ճախարակից ճոպանի դուրս ընկնելը բացառող սարքվածքի և ճոպանի միջև եղած բացակը պետք է լինի ճոպանի տրամագծի 20 տոկոսից ոչ ավելի:

47. Ճոպանի ծայրի ամրացումը պետք է կատարվի հանգուցաօղակի օգտագործմամբ, ճոպանի ազատ ծայրը հյուսելով, սեղմակների տեղադրմամբ կամ տեխնիկական պայմաններով և փաստաթղթերում նշված այլ միջոցներով: Սեղմակների քանակը չպետք է 3-ից պակաս լինի:

48. Ամբարձիչների վրա ճոպանները չպետք է ունենան ոչ մի կցվանք, իսկ ճոպանների ծայրերը կարող են ամրացվել պողպատյա, կռված, դրոշմած կամ ձուլված վռանին սեպով: Եռակցված վռանների օգտագործումն արգելվում է: Վռանի և սեպի իրանը սուր ծայրեր չպետք է ունենա:

49. Եթե ամբարձիչի վրա ճոպանի փոխման ժամանակ ճոպանի սերտիֆիկատում նշված է խզման գումարային ճիգը, ապա հաշվարկային (Ճ) ճիգը պետք է որոշվի խզման գումարային ճիգը 0,83-ով բազմապատկելու միջոցով:

50. Ծնկների, փոխհագուցավոր հատվածամասերի և ճոճանի կողմնորոշման կարգահետևիչ համակարգի բարձրացման համար մեխանիզմներում օգտագործվող պողպատյա ճոպանները և շղթաները նախագծման ժամանակ պետք է ստուգվեն հաշվարկով:

51. Ճոպանի կամ շղթայի ամրության հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Ճ/Լ >= Գ

 

Ճ - սերտիֆիկատով ընդունվող ամբողջ ճոպանի կամ շղթայի խզման ճիգն է Ն (Նյուտոն) (կգ),

Լ - ճոպանի ճյուղի առավելագույն լարվածություն է` հաշվի առնելով բազմաճախարակի օգտակար գործողության գործակիցը և շղթայի դինամիկ բեռնվածությունը կամ ճիգը Ն (կգ),

Գ - ամրության պաշարի գործակիցն է, որը չպետք է փոքր լինի 9-ից:

Հավասարակշռող սարք ունեցող երկու զուգահեռ ճյուղերից կազմված ճոճանի կողմնորոշման կարգահետևման համակարգում յուրաքանչյուր ճյուղի համար Գ-ն պետք է լինի 4,5-ից ոչ պակաս:

 

3. ԹՄԲՈՒԿՆԵՐԻՆ ԵՎ ՃԱԽԱՐԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

52. Ամբարձիչների վրա լրացուցիչ բեռնամբարձող սարքավորումների (կեռային կախիչներ, կեռեր, ճախարակներ, թմբուկներ) տեղադրում թույլատրվում է այն դեպքում, եթե տեխնիկական պայմաններով և փաստաթղթերով կամ շահագործման հրահանգով կամ անձնագրով այդ սարքավորումների տեղադրումը չի արգելվում:

53. Թմբուկի ճոպանաունակությունը պետք է լինի այնպես, որպեսզի ճոճանի ամենացածր (ամենաբարձր) հնարավոր դիրքում գտնվելու ժամանակ թմբուկում մնա ճոպանի` ամենաքիչը 1,5 գալար` չհաշված սեղմիչ սարքերի տակ մնացած գալարները:

54. Ճոպանի բազմաշերտ փաթաթման համար թմբուկները երկու կողմից պետք է անվապռունկ ունենան: Թմբուկի անվապռունկները պետք է փաթաթված ճոպանի վերին շերտից բարձր լինեն ոչ քիչ, քան ճոպանի տրամագծի կրկնակին:

55. Ամբարձիչի կառուցվածքում օգտագործվող պողպատյա ճոպանով պարուրվող ճախարակի կամ թմբուկի նվազագույն տրամագիծը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

S >= հտ

 

որտեղ`

S - ն միջին գծով չափված ճախարակի կամ թմբուկի տրամագիծն է, մմ,

տ- ն ճոպանի տրամագիծն է, մմ,

h- ն ճախարակի տրամագծի ընդունման գործակիցն է, որի արժեքն ընդունվում է հավասար 16-ի:

 

4. ԸՆԹԱՑԱՅԻՆ ԱՆԻՎՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

56. Ավտոճանապարհներով երթևեկելու համար նախատեսված ինքնագնաց և կցանքային (իր հենասարքով) ամբարձիչների ընթացային անիվները պետք է ունենան ստանդարտ օդաճնշական դողեր և համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1558-Ն որոշմամբ հաստատված «Օդաճնշական դողեր» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

57. Ավտոմոբիլներով կամ այլ փոխադրամիջոցով փոխադրվող և աշխատանքային հրապարակում ձեռքով տեղաշարժվող ամբարձիչների համար թույլատրվում է օգտագործել տեխնիկական փաստաթղթերին համապատասխան այլ ընթացային անիվներ:

 

5. ՀԵՆԱՐԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

58. Ամբարձիչների շարժական հենարանների կամ նրանց մասերի ձեռքով բարձրացման (դուրս քաշման) ճիգը պետք է լինի ոչ ավելի, քան 200 Ն (20 կգ): Ավելի մեծ ճիգի դեպքում շարժական հենարանները պետք է հիդրավլիկ կամ այլ շարժաբեր ունենան: Հրապարակների վրա ամբարձիչների տեղակայման ժամանակ պետք է հաշվի առնել գրունտի կարգը: Ամբարձիչը բոլոր շարժական հենարանների վրա տեղակայելու դեպքում անիվները պետք է ազատվեն բեռնվածությունից, եթե կամրջակները և անիվները մասնակցում են պահող մոմենտի առաջացման գործոնին:

59. Շարժական հենարաններ չունեցող ամբարձիչները պետք է սարքավորված լինեն առաձգական կախոցների գործողությունը բացառող սարքավորումներով:

60. Ամբարձիչներն առաձգական կախոցների կայունարարով սարքավորման անհրաժեշտությունը, որը թույլ կտա շարժման ժամանակ շրջադարձերում բեռնվածությունը հավասար փոխանցելու մեկ ընթացային առանցքի բոլոր զսպաններին, դրանց հավասարաչափ ճկվելն ապահովելու համար պետք է որոշվի նախագծողի (մշակողի) կողմից:

 

6. ԱՐԳԵԼԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

61. Ամբարձիչի վերհանման մեխանիզմները պետք է ապահովված լինեն դրա միացման ժամանակ ճոճանի ինքնակամ իջեցումը (տեղաշարժը) բացառող` ավտոմատ անջատվող, նորմալ փակ տեսակի արգելակներով կամ այլ սարքվածքներով:

62. Ժապավենային արգելակների օգտագործումը թույլատրվում է միայն հենահարթակի պտտման մեխանիզմներում:

63. Արգելակները պետք է պաշտպանված լինեն յուղի և խոնավության ներթափանցումից:

64. Ամբարձիչի հենարանապտտող կառուցվածքի շարժաբերը պետք է լինի ինքնարգելակվող կամ սարքավորված լինի արգելակով, ընդ որում, արգելակման պաշարի գործակիցը պետք է լինի 1,5-ից ոչ պակաս:

65. Ամբարձիչի ճոպանային շարժաբերով բարձրացման մեխանիզմում պետք է նախատեսվի ճոճանի ինքնակամ իջեցումը բացառող սարքվածք:

66. Ավտոմոբիլային, կցանքային (կցովի), շարժական և հատուկ հենասարքերի վրա ամբարձիչները պետք է սարքավորված լինեն կայանման արգելակներով և համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված` ճանապարհային երթևեկության կանոններ և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի պահանջներին:

 

7. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

67. Ամբարձիչներն աշխատանքների անվտանգ կատարման համար պետք է սարքավորված լինեն`

1) սահմանային բեռի սահմանափակիչով.

2) հողմաչափերով (22 մ-ից ավելի բարձրությամբ բարձրացնող ամբարձիչների համար).

3) սպասարկման ամբողջ գոտում ճոճանի հատակի հորիզոնական դիրքի կողմնորոշման սարքվածքով, ընդ որում, ճոճանի հատակի թեքության անկյունը չպետք է գերազանցի 50-ը.

4) սպասարկման գոտին սահմանափակող կառուցվածքով (կառուցվածքներով).

5) ամբարձիչը շարժական հենարանների վրա չտեղակայման դեպքում ծնկների բարձրացումը և պտտումը բլոկավորող սարքվածքներով` բացառությամբ ձեռքով տեղակայվող պտուտակային շարժական հենարանների.

6) սլաքի աշխատանքային դիրքում գտնվելու դեպքում շարժական հենարանների բարձրացումը բլոկավորող սարքվածքներով` բացառությամբ ձեռքով տեղակայվող պտուտակային շարժական հենարանների.

7) հիդրոհամակարգի, էլեկտրաշարժաբերի կամ հիդրոպոմպի շարժաբերի խափանման դեպքում ճոճանի վթարային իջեցման սարքվածքով.

8) ամբարձիչի տեղակայման հիմքից դեպի ներքև գտնվող ճոճանից աշխատողների տարահանման համար նախատեսված սարքվածքով.

9) ամբարձիչի շարժման ժամանակ կարկառված հենարանների ինքնակամ դուրս գալը (պտտվելը) բացառող սարքվածքով.

10) ամբարձիչի թեքության անկյան ցուցիչ սարքվածքով.

11) շարժիչի վթարային կանգնեցման համար ճոճանից և ներքևի կառավարման վահանից «կանգ» մակագրությամբ կոճակներ ունեցող համակարգով.

12) խոսակցային սարքվածքով (22 մ-ից ավելի բարձրությամբ բարձրացնող ամբարձիչների համար):

68. 67-րդ կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 11-րդ ենթակետերում նշված անվտանգության սարքերը և սարքվածքները պետք է աշխատեն ամբարձիչի տարրերի շարժման անջատման համար:

69. Ամբարձիչի տարրերի շարժման անվտանգության սարքերի գործելու դեպքում պետք է անջատվեն միայն տարրերը` չանջատելով ուժային կայանքը:

70. Սահմանային բեռի սահմանափակիչը, ամբարձիչի անվանական բեռնամբարձության 10 տոկոսից ոչ ավելի գերազանցման դեպքում պետք է ապահովի նախազգուշական ձայնային ազդանշանի ազդարարում և անջատի թռիչքի և բարձրության ավելացման մեխանիզմներն անվանական բեռնամբարձության 110 տոկոսից ավելի բեռնամբարձության ավելացման դեպքում:

71. Սահմանային բեռի սահմանափակիչի գործողությունից հետո պետք է ամբարձիչի բոլոր շարժումները դադարեցվեն և կատարվի ճոճանի բեռնաթափում մինչև թույլատրվող բեռնվածության հասնելը:

72. Երկու ճոճաններով ամբարձիչի համար ձայնային ազդանշանի ազդարարումը և մեխանիզմների անջատումը պետք է ապահովված լինի` ելնելով երկու ճոճանների գումարային բեռնվածքից, եթե ամբարձիչի կառուցվածքը նախատեսում է յուրաքանչյուր ճոճանը բեռնավորել ամբարձիչի անվանական բեռնվածությանը հավասար բեռով:

73. Սահմանային բեռի սահմանափակման պաշտպանիչ վահանը կամ ռելային (էլեկտրոնային) բլոկը պետք է կապարակնքված լինի:

74. Ամբարձիչները պետք է սարքավորված լինեն լուսային սարքերով, այդ թվում` հեռահար, մոտակա, եզրաչափային և հակամառախուղային լապտերներով` կախված ամբարձիչի տեսակից և համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված` ճանապարհային երթևեկության կանոններ և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի պահանջներին:

 

8. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՀԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

75. Ամբարձիչները պետք է սարքավորված լինեն կառավարման երկու վահաններով, որոնցից մեկը ճոճանում, իսկ մյուսը` ներքևում, հարմար տեղում կամ ունենա հեռակառավարում:

76. Ճոճանի` մինչև 12 մետրը ներառյալ բարձրացմամբ ամբարձիչները թույլատրվում է պատրաստել մեկ կառավարման վահանով, ընդ որում, ճոճանում պետք է լինեն ձայնային ազդանշանի միացման և շարժիչի վթարային անջատման սարքեր:

77. Կառավարման վահանները պետք է տեղակայվեն այնպես, որ հարմար լինի նրանց կառավարումը:

78. Ամբարձիչի կառավարման վահանների բռնակները և կոճակները պետք է հարմարավետ տեղակայված լինեն` թույլատրելով ապահովել և մշտապես հետևել ճոճանի տեղափոխություններին: Բռնակների շարժման ուղղությունը պետք է համապատասխանի ամբարձիչի ճոճանի շարժման ուղղությանը:

79. Ձեռքով կառավարման վահաններում գտնվող բռնակները (կոճակները) պետք է դեպի զրոյական դիրք ինքնավերադարձման սարքավորումներ ունենան: Միացված վիճակում նրանց կառավարումը պետք է հնարավոր լինի միայն կառավարման բռնակի (կոճակի) անընդմեջ սեղմման դեպքում: Կոճակները պետք է ամբարձիչի միացված մեխանիզմների շարժման ուղղությունը ցույց տվող նշաններ ունենան:

80. Ամբարձիչը կառավարման երկու վահան ունենալու դեպքում պետք է դրանցով միաժամանակյա կառավարումը բացառող բլոկավորում ունենա:

81. Ամբարձիչների կառավարման վահանները պետք է ձայնային ազդանշանի միացման և շարժիչ վթարային անջատման սարքավորումներ ունենան: Թույլատրվում է օգտագործել ավտոմոբիլի ձայնային ազդանշանը:

82. Մինչև 1000 Վ լարման էլեկտրացանցեր սպասարկման համար նախատեսված ամբարձիչների կառավարման վահանների կառուցվածքը և սարքվածքը, այդ թվում` նաև մալուխները, պետք է ապահովի 0,5 ՄՕհմ-ից ոչ պակաս գալվանական մեկուսության մեկուսացում ամբարձիչի մետաղակառուցվածքի և կառավարման վահանի միջև:

 

9. ԵՌԱԿՑՄԱՆԸ, ԵՌԱԿՑՄԱՆ ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

83. Ամբարձիչների պատրաստման, վերակառուցման, վերանորոգման, դրանց մետաղակառուցվածքների մասերի և մեխանիզմների համար օգտագործվող եռակցման նյութերը պետք է համապատասխանեն նախագծով, տեխնիկական և տեխնոլոգիական փաստաթղթերով նախատեսված նյութերի տեսակին և որակին ներկայացվող պահանջներին:

84. Հաշվարկային տարրերի համար օգտագործվող եռակցման նյութերը պետք է ունենան պատրաստող կազմակերպության կողմից դրանց որակը հաստատող փաստաթուղթ կամ փորձարկված լինեն և ենթարկվեն մուտքային վերահսկողության:

85. Եռակցման նյութերի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնվեն ամբարձիչի աշխատանքային և ոչ աշխատանքային վիճակում շրջապատող միջավայրի ջերմաստիճանի (դրական և բացասական) սահմանային արժեքները, տարրերի ծանրաբեռնվածության աստիճանը և շրջապատող միջավայրի ագրեսիվությունը:

86. Ամբարձիչի շահագործման փաստաթղթերում պետք է նշված լինեն եռակցման համար օգտագործվող նյութերի տեսակի և որակի մասին անհրաժեշտ և բավարար տեղեկատվությունը:

87. Ամբարձիչների հաշվարկային տարրերի եռակցման համար նախապատրաստումը և եռակցումը պետք է կատարվեն նախագծված և հաստատված եռակցման տեխնոլոգիայի, գործելակարգի և տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին համապատասխան` հաշվի առնելով եռակցվող արտադրատեսակի առանձնահատկությունները:

88. Եռակցման տեխնոլոգիական փաստաթղթերը պետք է մշակվեն ամբարձիչի փաստաթղթերը մշակողի կամ մասնագիտացված կազմակերպության կողմից` ելնելով կատարվող եռակցման միացությունների որակի և հուսալիության ապահովման պայմաններից:

89. Մետաղակառուցվածքի տարրերի հաշվարկային եռակցման միացությունները պետք է կատարվեն եռակցման տեխնոլոգիական փաստաթղթերում նշված եղանակներով` օգտագործելով համապատասխան տեսակի և որակի էլեկտրոդներ կամ եռակցման մետաղալարեր:

90. Ամբարձիչների մետաղակառուցվածքների եռակցման համար օգտագործվող եռակցման նյութերը պետք է ապահովեն մետաղի, կարի և եռակցման միացության մեխանիկական հատկությունները (ամրության սահման, հոսունության սահման, հարաբերական երկարացում, ծռման անկյուն, հարվածային մածուցիկություն) կառուցվածքի հիմնական մետաղի նշված հատկությունների ստորին սահմանային արժեքից ոչ փոքր մեծություն` տվյալ նյութի համար սահմանված տեխնիկական պայմաններով:

91. Մեկ միացության մեջ տարբեր տեսակի նյութերի օգտագործման դեպքում էլեկտրոդի նյութի մեխանիկական հատկությունները պետք է համապատասխանեն ավելի բարձր ամրության սահման ունեցող նյութի հատկություններին:

92. Մետաղակառուցվածքի եռակցմանը պետք է թույլատրվեն սահմանված կարգով որակավորված եռակցողներ:

93. Մետաղակառուցվածքի տարրերի եռակցման կարերը, ինչպես նաև եռակցված միացությունների հավաքման ժամանակ ժամանակավոր կետակցումները, պետք է կատարեն նույն որակավորում ունեցող եռակցողները` օգտագործելով նույն եռակցման նյութերը:

94. Մետաղակառուցվածքի հավաքման գործընթացի ժամանակ եռակցումից առաջ կետակցումները պետք է լիովին մաքրվեն խարամից, ինչպես նաև կատարված կետակցումները կարելի է չհեռացնել, եթե նրանք եռակցման ընթացքում ամբողջովին միաձուլվում են հիմնական կարի հետ:

95. Մետաղակառուցվածքի միացությունների պատասխանատու տարրերի եռակցման կարերի ջերմամշակման տեսակը և նրա ռեժիմը սահմանվում են եռակցման տեխնոլոգիայով, ինչպես նաև ջերմամշակման անհրաժեշտությունը պետք է նախատեսված լինի ամբարձիչի պատրաստման և վերանորոգման համար տեխնիկական պայմաններում` հաշվի առնելով պատրաստող կազմակերպության տեխնոլոգիական գործելակարգը:

96. Ամբարձիչների մետաղակառուցվածքի եռակցումը պետք է իրագործվի որակի վրա մթնոլորտային անբարենպաստ գործոնների ազդեցությունը բացառող շինություններում:

97. Բաց օդում ամբարձիչի մետաղակառուցվածքի եռակցումը պետք է իրագործվի հատուկ տեխնոլոգիայով` եռակցման տեղերը քամուց և մթնոլորտային տեղումներից պաշտպանող համապատասխան հարմարանքների օգտագործմամբ:

98. Եռակցված մետաղակառուցվածքները պետք է ունենան դրոշմ կամ պայմանական նշան եռակցումն իրականացնող եռակցողի ազգանունը որոշելու համար: Գծագրում պետք է նշված լինի պայմանական նշանի կամ դրոշմի տեղը և եղանակը, որը պետք է իրականացվի ամբարձիչի շահագործման ընթացքում դրա պահպանումն ապահովող եղանակներով:

99. Ամբարձիչի պատրաստման, վերակառուցման և վերանորոգման ժամանակ եռակցված միացությունների կարերի որակի հսկողությունը պետք է կատարվի տեխնիկական վերահսկողության բաժնի կողմից` արտաքին զննումով, չափումներով և տեխնիկական պայմաններով նախատեսված վերահսկողության չքայքայող եղանակներով և մեխանիկական փորձարկումներով:

100. Եռակցված միացությունների վերահսկողությունը պետք է իրագործվի ջերմամշակումից հետո (եթե դա պարտադիր է տվյալ եռակցման միացության համար): Եռակցված միացությունների վերահսկողության տվյալները պետք է գրանցվեն համապատասխան փաստաթղթերում (գրանցամատյան, քարտ, տեղեկամատյան և այլն):

101. Արտաքին զննման և չափման պետք է ենթարկվեն բոլոր եռակցված միացությունները` նրանցում հետևյալ արտաքին արատներ հայտնաբերելու նպատակով`

1) բոլոր տեսակի, չափերի և ուղղությունների ճաքեր.

2) կարի 1000 մմ տեղամասում 100 մմ և ավելի ընդհանուր երկարությամբ տեղային մակահալվածքներ.

3) մինչև 20 մմ հաստությամբ մետաղի վրա, բայց մետաղի հաստության 3 տոկոսից ոչ ավելի 0,5 մմ խորությամբ հալախորշեր.

4) մետաղի 20 մմ-ից ավելի հաստության դեպքում կարի 100 մմ քայլի մեջ կից արատների` միմյանցից 50 մմ-ից փոքր հեռավորությամբ 4-ից ավելի 1 մմ տրամագծով ծակեր.

5) թերեռալցված աղեղափոսիկներ.

6) հալքածակեր և խորշեր.

7) համատարած ցանցի տեսքով դասավորված ծակեր.

8) միացվող տարրերի առանցքների բեկվածություն կամ անուղղահայացություն.

9) միացվող տարրերի եզրերի, կարերի չափերի և ձևերի գծագրերից շեղումներ (կարի բարձրության, էջի և լայնության, ուժեղացման հավասարաչափության և այլն).

10) մակահալվածքներ, հալախորշեր, թերեռալցված աղեղափոսիկներ, թերաեռքեր, ծակոտկենություններ և այլ տեխնոլոգիական արատներ:

102. Արտաքին զննման ժամանակ կարի մակերևույթը և նրան հարող հիմնական մետաղի տեղամասերի մակերևույթները կարի երկու կողմերում 20 մմ-ից ոչ պակաս լայնությամբ պետք է մաքրվեն խարամից, ցայտերից, մետաղի հոսվածքից և այլ աղտոտությունից:

103. Եռակցված միացությունները պետք է զննվեն և չափվեն կարի երկու կողմից և ամբողջ երկարությամբ: Ներքին զննման անհնարինության դեպքում եռակցված միացության զննումը և չափումը կատարվում է միայն արտաքին կողմից:

104. Լուսադիտարկման եղանակով եռակցված միացությունների վերահսկողություն կատարելու դեպքում դա պետք է իրականացնել տեխնիկական պայմանների նշված պահանջներին համապատասխան:

105. Լուսադիտարկման պետք է ենթարկվի վերահսկվող եռակցված միացության կարի երկարության ավելի քան 25 տոկոսը:

106. Վերահսկման պարտադիր տեղերը որոշվում են տեխնիկական պայմաններով և տեխնոլոգիական փաստաթղթերով, իսկ լրացուցիչ վերահսկողության տեղերը` տեխնիկական վերահսկողության բաժնի կողմից:

107. Եռակցված միացություններում անթույլատրելի արատների հայտնաբերման դեպքում լուսադիտարկման վերահսկողության պետք է ենթարկվեն վերահսկվող բոլոր միացությունները: Վերահսկման ժամանակ հայտնաբերված եռակցված կարի արատով հատվածները պետք է կտրվեն և նորից եռակցվեն:

108. Եռակցված միացություններն անհրաժեշտ է անդրաձայնային վերահսկողության ենթարկել ըստ տեխնիկական պայմանների և տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջների: Ստուգման ենթակա են`

1) պատասխանատու եռակցված կարի 100 տոկոսը (արատատեղերի հայտնաբերման նպատակով).

2) մետաղակառուցվածքների կարերը (հսկվող նմուշի մեխանիկական փորձարկումից ստացված արդյունքների անբավարարության դեպքում):

109. Եռակցված միացությունների որակը, դրանց ցանկացած եղանակով վերահսկողության իրականացման դեպքում համարվում են անբավարար եթե ամբարձիչի պատրաստման, վերակառուցման և վերանորոգման ժամանակ տեխնիկական պայմանների և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող ներքին և արտաքին անթույլատրելի արատներ են հայտնաբերվել:

 

10. ՊԱՇՏՊԱՆԻՉ ԾԱԾԿՈՒՅԹՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

110. Ամբարձիչը, հավաքման միավորները և մասերը քայքայումից պաշտպանելու համար դրանց մակերևույթները պետք է պատվեն լաքաներկային կամ մետաղական և ոչ մետաղական (անօրգանական) ծածկույթով (տեխնիկական վերահսկողության բաժնի կողմից վերջնական ընդունումից հետո): Պաշտպանիչ ծածկույթ չի պահանջվում յուղագուռում կամ թանձր յուղի միջավայրում աշխատող մեխանիկական մշակման ենթարկված մասերի համար:

111. Ներկապատումից առաջ մետաղյա մակերևույթների նախապատրաստումը և լաքաներկերով պատումն անհրաժեշտ է կատարել պատրաստող կազմակերպության մշակած տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

112. Ամբարձիչի բոլոր մշակված, բայց ներկման ոչ ենթակա մակերևույթները պետք է պատվեն յուղով կամ այլ պաշտպանիչ ծածկույթով:

113. Ամբարձիչների, մեխանիզմների, հավաքական միավորների և մասերի արտաքին և ներքին մակերևույթների ներկապատումը պետք է իրականացվեն տեխնիկական պայմանների պահանջներին համապատասխան` ըստ ներկման գծագրերի և ներկապատվածքի 0,04-0,08 մմ սահմաններում հաստությամբ:

114. Յուղման կետերը, լցման և դատարկման խցանները պետք է ունենան արտադրատեսակի գույնից տարբերվող պայծառ գույն:

115. Փայտե մակերևույթները, ինչպես նաև մետաղական կառուցվածքների արտաքին մակերևույթները պետք է ունենան միատեսակ ներկապատվածք:

116. Մակերևույթները, որոնք անհրաժեշտ է ներկել հավաքումից հետո, պետք է ներկապատվեն նախօրոք:

117. Ներկապատման աշխատանքների կատարման ժամանակ պետք է նախաձեռնվեն անվտանգության միջոցառումներ թունավորման ռիսկերից ապահովելու համար:

 

11. ՀԻԴՐՈՀԱՄԱԿԱՐԳԻ, ՀԻԴՐԱՎԼԻԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

118. Հիդրոհամակարգի և նրան լրակազմող հիդրոսարքավորումները (հիդրոբաշխիչներ, ապահովիչ հիդրոկափույրներ, հեղուկակուտակիչներ, հիդրոգլաններ, հիդրոշարժիչներ և պոմպեր), ինչպես նաև աշխատանքային հեղուկը, խողովակները պետք է որակը հաստատող փաստաթղթեր ունենան:

119. Հիդրոհամակարգի կառուցվածքը պետք է բացառի`

1) հիդրավլիկ սարքավորումների վնասվելու հնարավորությունը.

2) խողովակաշարերի, ճկափողերի և նրանց միացությունների, մետաղակառուցվածքի հետ նրանց հպումի վնասվելու հնարավորությունը:

120. Հիդրոպոմպի շարժաբերի անջատման դեպքում հիդրոհամակարգը պետք է ապահովի մեխանիզմների ավտոմատ կանգառ և սևեռակում:

121. Խողովակաշարի միացումները, այդ թվում` ճկափողերի, մեխանիզմների և սարքերի միացման տեղերը պետք է հերմետիկ լինեն:

122. Հիդրոհամակարգը վերանորոգման և կեղտոտման դեպքերում պետք է ունենա աշխատանքային հեղուկի լրիվ հեռացման հնարավորություն:

123. Հիդրոհամակարգի ճնշման գծի վրա յուրաքանչյուր պոմպի համար պետք է տեղակայվեն ապահովիչ կափույրներ, ճնշումների հետ կապված ռիսկերը բացառելու համար: Ապահովիչ կափույրներից հեղուկի դատարկումը պետք է իրականացվի հիդրոբաքի մեջ:

124. Հիդրոհամակարգը պետք է ունենա աշխատանքային հեղուկի գետնի վրա թափումը բացառող, հարմար և անվտանգ լցման ու դատարկման, ինչպես նաև հիդրոհամակարգից օդի հեռացման հնարավորություն:

125. Աշխատանքային հեղուկի զտումը պետք է լինի անընդմեջ` բացի ապահովիչ կափույրի գործելու դեպքում: Զտման աստիճանը որոշվում է հիդրոսարքավորումների տեխնիկական փաստաթղթերով` սահմանված պահանջները հաշվի առնելով:

126. Յուրաքանչյուր հիդրավլիկ սարքաշղթա, անհրաժեշտության դեպքում, պետք է պաշտպանված լինի աշխատանքային ճնշման բարձրացումից` թույլատրելի ճնշման տակ կարգավորված ապահովիչ կափույրի միջոցով:

127. Թույլատրելի ճնշման տակ կարգավորված ապահովիչ կափույրները պետք է կապարակնքվեն ամբարձիչների անվտանգ շահագործման համար պատասխանատու մասնագետի կողմից:

128. Հիդրոսարքավորումների հիմնական բնութագրերը պետք է ընտրվեն այնպես, որպեսզի աշխատանքի ժամանակ հիդրոամբարձիչի կառուցվածքի կրող տարրերի մեջ գերբեռնվածություններ չառաջանան:

129. Հիդրոհամակարգի այն տեղերում, որտեղ անհրաժեշտ է վերահսկել ճնշումը, պետք է նախատեսվեն միացման տարրեր վերահսկիչ չափումների կատարման համար:

130. Ամբարձիչի հիդրոշարժաբերի անջատման դեպքում աշխատող սարքավորումները պետք է հուսալի սևեռակված լինեն:

131. Պոմպի և ապահովիչ հիդրոկափույրի միջև չի թույլատրվում տեղակայել փակիչ արմատուրաներ:

132. Դատարկման գծի վրա տեղակայված զտիչը պետք է ունենա տարաթողման կափույր: Տարաթողման կափույրի բացման ժամանակ ճնշումը պետք է լինի 0,4 ՄՊա-ից ոչ ավելի:

133. Հիդրոհամակարգի կառուցվածքը պետք է ապահովված լինի զտիչի աղտոտվածությունը վերահսկող սարքով:

134. Հիդրոբաքի վրա պետք է ցուցված լինեն աշխատանքային հեղուկի նվազագույն և առավելագույն մակարդակները և ապահովվի դրանց անվտանգ հսկման հնարավորությունը:

135. Աշխատանքային հեղուկի մակարդակն անհրաժեշտ է հսկել միայն յուղաչափիչ ապակու օգնությամբ:

136. Հիդրոամբարձիչում հեղուկների համար մի քանի բաքեր օգտագործելու դեպքում դրանք պետք է ունենան տարբեր մակնշումներ:

137. Ամբարձիչ հիդրոհամակարգի խողովակաշարերը և ճկուն ճկափողերը, անհրաժեշտության դեպքում, պատռվելու ռիսկը բացառելու համար պետք է ամրության փորձարկման ենթարկվեն:

138. Հիդրոամբարձիչի մեքենավարին անմիջապես մոտ գտնվող ճկուն ճկափողերը պետք է պաշտպանված լինեն ապահովիչ պատյանով կամ էկրանով:

139. Հիդրոհամակարգի խողովակաշարերը պետք է հուսալի ամրացված լինեն վտանգավոր տատանումներից (թրթռում), ինչպես նաև դրանց միացումների հերմետիկության խախտումներից ապահովելու համար:

140. Ճնշումային խողովակաշարերի երկարացումը եռակցման միջոցով արգելվում է:

141. Մշտապես չմիացված կառավարման տարրերը` նրանց վրա ազդեցության դադարեցումից հետո պետք է նախնական դիրք հետ վերադառնալու հնարավորություն ունենան և առաջացնեն ամբարձիչի մեխանիզմների կանգնեցում կամ անջատում:

142. Հիդրոամբարձիչի կառավարման համակարգը պետք է ունենա առանձին կառավարում`

1) ճոճանի աշխատանքային շարժումների համար.

2) հենարանների համար.

3) ամբարձիչի տեղաշարժման մեխանիզմի համար:

143. Հիդրոշարժաբերի խափանման դեպքում պետք է ապահովել ճոճանի վթարային իջեցումը (ընդ որում, իջեցման արագությունը չպետք է գերազանցի 0,2 մ/վրկ-ն), ինչպես նաև ամբարձիչի` մինչև անվտանգ վիճակին հասնելը` ծնկի (սլաքի) կառավարման հնարավորությունը:

 

12. ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

144. Ամբարձիչի սնման լարումը պետք է լինի`

1) փոփոխական հոսանքի դեպքում` 400 Վ-ից ոչ ավելի.

2) հաստատուն հոսանքի դեպքում` 220 Վ-ից ոչ ավելի:

145. Ամբարձիչների էլեկտրամատակարարումը պետք է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան, խուլ հողակցված կամ զրոյամեկուսացված հաստատուն կամ շարժական էլեկտրաէներգիայի աղբյուրներից:

146. Ամբարձիչի մեջ պետք է օգտագործվեն ճկուն մալուխներ և պղնձյա ջիղերով հաղորդալարեր: Շղթաների մալուխների և հաղորդալարերի ջիղերի կտրվածքը պետք է 1,5 մմ2 պակաս չլինի: Մինչև 42 Վ լարում ունեցող շղթաների համար թույլատրվում է օգտագործել 0,5 մմ2 ավելի կտրվածքով բազմաջիղային պղնձյա հաղորդալարեր և մալուխներ` պայմանով, որ ջիղերի միացումները պետք է կատարվեն զոդմամբ, և հաղորդալարերը մեխանիկական բեռնվածություն չկրեն: Սույն պահանջները չեն տարածվում անվտանգության սարքերում և սարքվածքներում օգտագործվող մալուխների և հաղորդալարերի վրա:

147. Այն տեղերում, որտեղ մալուխների և հաղորդալարերի մեկուսապատվածքները և թաղանթները կարող են ենթարկվել յուղի ազդեցությանը, անհրաժեշտ է օգտագործել յուղակայուն մեկուսապատվածքով և թաղանթով մալուխներ ու հաղորդալարեր: Թույլատրվում է օգտագործել ոչ յուղակայուն մալուխներ և հաղորդալարեր այն դեպքերում, եթե դրանք անցկացված են խողովակների մեջ և ունեն հերմետիկ միացում ապարատների հետ:

148. Մալուխների և հաղորդալարերի մեխանիկական հնարավոր վնասվածքների տեղերը պետք է ունենան կամ նախատեսված լինի հաղորդագծի պաշտպանություն հնարավոր ռիսկերից խուսափելու համար:

149. Բոլոր շղթաների հաղորդալարերի և մալուխների ջիղերը պետք է ունենան մակնշում:

150. Ամբարձիչի կառավարման համակարգի լարումը չպետք է գերազանցի 42 Վ-ն:

151. Ավտոմոբիլային տեսակի ամբարձիչների աշխատանքային և վերանորոգման լուսավորության լարումը չպետք է գերազանցի 24 Վ-ն:

152. Այլ ամբարձիչների համար վերանորոգման լուսավորության լարումը չպետք է գերազանցի 42 Վ-ն:

153. 42 Վ փոփոխական և 110 Վ հաստատուն լարումներից բարձր լարում ունեցող ամբարձիչներում, ինչպես նաև հաղորդալարերի և մալուխների մեկուսապատվածքի հնարավոր վնասվածքների դեպքում մարդկանց էլեկտրահարումից պաշտպանելու համար էլեկտրասարքավորումները պետք է հողակցվեն կամ զրոյացվեն, որը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

154. Խուլ հողակցված զրոյականով հաստատուն կամ շարժական էլեկտրաէներգիայի աղբյուրներից սնվող ամբարձիչների հողակցումը պետք է իրականացվի մետաղակառուցվածքի կողեզրի վրա եռակցված հեղույսին աշխատանքային զրոյական հաղորդիչը մանեկով ամրացմամբ: Միացումը պետք է հուսալի լինի զննման համար:

155. Արտածված կառավարման վահանի իրանը (ամբարձիչը գետնից կառավարելու դեպքում) պետք է պատրաստված լինի մեկուսացնող նյութից կամ հողակցված (զրոյացված)` երկուսից ոչ պակաս հաղորդիչներով:

156. Ամբարձիչի էլեկտրաընդունիչների պաշտպանիչ հողակցում չի պահանջվում կատարել, եթե էլեկտրաընդունիչները հուսալի հպում ունեն հողակցված կամ զրոյականացված մետաղակառուցվածքի հետ:

157. Ամբարձիչի էլեկտրասարքավորումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» և շահագործվեն համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

 

V. ԱՄԲԱՐՁԻՉՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

158. Ամբարձիչները և իր հավաքման միավորները պետք է պատրաստվեն նախագծային փաստաթղթերին համապատասխան, որը պետք է պարունակի նախագծի տեխնիկական փորձաքննության եզրակացություն, տեխնիկական առաջադրանք կամ պայմաններ, համալիր գծագրեր և ամրության հաշվարկներ, արտադրատեսակի փորձարկման և որակի հսկման ծրագրեր կամ եղանակներ և շահագործման փաստաթղթեր:

159. Ամբարձիչները, մեխանիզմները, առանձին մետաղակառուցվածքները, անվտանգության սարքերը և կառուցվածքները պետք է պատրաստվեն արտադրության համար տեխնիկական, տեխնոլոգիական, եռակցման ու նրա որակի վերահսկողության միջոցներ և համապատասխան որակավորված մասնագետներ ունեցող կազմակերպություններում:

160. Ամբարձիչի վերակառուցման և վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն մասնագիտացված կազմակերպությունների կողմից մշակված գծագրերի և հաշվարկների հիման վրա` հաշվի առնելով ամբարձիչի փաստացի վիճակը (մաշվածության աստիճանը, վնասվածքների առկայությունը և այլն):

161. Մի քանի կազմակերպությունների կողմից առանձին պատրաստված հավաքման միավորներով և մասերով (կից փաստաթղթերով) ամբարձիչի լրակազմումը և պատրաստման որակի համապատասխանությունը, ինչպես նաև տեխնիկական փաստաթղթերի, այդ թվում` ամբարձիչի անձնագրի ձևակերպումը, կատարվում են ամբարձիչի վերջնական լրակազմում իրականացնող, արտադրող կազմակերպությունը:

162. Ամբարձիչների կամ առանձին մետաղակառուցվածքների պատրաստման տեխնիկական պայմաններում, ուրիշ ցուցումների հետ համատեղ պետք է նախատեսվեն հավաքման միավորների և պատրաստի արտադրատեսակի ընդունման պահանջները, ինչպես նաև պարունակեն տեղեկություններ պատրաստման համար օգտագործվող մետաղների և եռակցման նյութերի մասին:

163. Ամբարձիչի շահագործման հրահանգում այլ տեղեկությունների հետ համատեղ պետք է ցուցվեն`

1) ամբարձիչի զննման և հավաքական միավորների յուղման պարբերականությունը.

2) մետաղակառուցվածքի զննման եղանակները և պարբերականությունը.

3) արագամաշ մասերի ցուցակը և նրանց մաշվածության թույլտվածքները.

4) ամբարձիչի տարրերի սահմանային խոտանման չափանիշները.

5) մետաղակառուցվածքի ամենաշատ հնարավոր մեխանիկական վնասվածքները և դրանց վերացման եղանակները.

6) ամբարձիչի շահագործման և անվտանգ սպասարկման նկատմամբ պահանջները` հաշվի առնելով նրա կառուցվածքը.

7) տեխնիկական զննում-վկայագրում անցկացնելու կարգը.

8) ամբարձիչի ծառայության ժամկետը.

9) բարձրության վրա վթարային կանգառի ժամանակ ճոճանից մարդկանց տարահանման եղանակը:

164. Ամբարձիչի պատրաստման որակը պետք է համապատասխանի տեխնիկական պայմանների պահանջներին, իսկ ամբարձիչի կառուցվածքը պետք է թույլատրի նրա ծառայության ժամկետում անվտանգ շահագործումը և համապատասխանի նախագծային փաստաթղթերին:

165. Ամբարձիչի փորձնական նմուշի ընդունման փորձարկումների արդյունքները պետք է ձևակերպվեն արձանագրությամբ:

166. Փորձարկումները պետք է կատարվեն նախագծով նախատեսված ծրագրով և նրան համապատասխան:

167. Յուրաքանչյուր պատրաստված ամբարձիչ, արտադրող կազմակերպությունում ընդունման-հանձնման փորձարկումների ենթարկելուց հետո, պետք է ընդունվի տեխնիկական վերահսկողության բաժնի կողմից և լրակազմվի`

1) անձնագրով.

2) շահագործման հրահանգով.

3) պատրաստման տեխնիկական պայմաններով կամ ստանդարտով նախատեսված այլ փաստաթղթերով.

4) համապատասխանության սերտիֆիկատի կրկնօրինակով.

5) ամբարձիչի մետաղակառուցվածքի առանձին մասերը (ծունկ, հենարան և այլն) այլ կազմակերպություններում պատրաստման դեպքում դրանց որակը հաստատող փաստաթղթերը պետք է կցվեն լրակազմին:

168. Յուրաքանչյուր նոր արտադրվող ամբարձիչի վրա, տեսանելի տեղում ամրացված մետաղական ցուցանակի վրա պետք է ցուցանշված լինի հետևյալ տեղեկատվությունը` պատրաստող կազմակերպության անվանումը, բեռնամբարձությունը, թողարկման տարեթիվը և հերթական համարը:

169. Ամբարձիչների մետաղակառուցվածքների վերակառուցում և վերանորոգում իրականացնող մասնագիտացված կազմակերպությունը պետք է ունենա տեխնիկական պայմաններ` մետաղների և եռակցման նյութերի օգտագործման, եռակցման որակի վերահսկման եղանակների, եռակցման միացությունների խոտանման նորմերի և առանձին հավաքման միավորների ու ամբարձիչն ամբողջությամբ ընդունելու կարգի մասին տեղեկություններ պարունակող, ինչպես նաև փաստաթղթերի ձևակերպման կարգի մասին ցուցումներ:

170. Ամբարձիչների վերակառուցում և վերանորոգում իրականացնող կազմակերպությունը պետք է կատարված աշխատանքների բնույթի, օգտագործվող նյութերի և կատարված փոփոխությունների մասին համապատասխան նշումներ կատարի ամբարձիչի անձնագրում:

171. Ամբարձիչի հաշվարկային մետաղակառուցվածքների եռակցումը սեփականատիրոջ ուժերով անցկացնելու դեպքում պետք է իրականացվի նախապես պատրաստված գծագրերի, հաշվարկների հիման վրա և համապատասխանի տեխնիկական փաստաթղթերի, անձնագրի ու շահագործման հրահանգի պահանջներին կամ համաձայնեցված լինի համապատասխան մասնագիտացված կազմակերպության հետ:

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.12.2009
N 1449-Ն
Որոշում