Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱԳԻԿ ՉԱՆԳԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱԳԻԿ ՉԱՆԳԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3 ...

 

 

020.0852.190110

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱԳԻԿ ՉԱՆԳԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 19 հունվարի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով, Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Գագիկ Չանգլյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Գ. Չանգլյանի` 04.09.2009թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի` վերաքննիչ դատարանի լիազորությունները սահմանող 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ամրագրում է վերաքննիչ դատարանի հետևյալ լիազորությունը. «1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը` ...2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով կայացվում է գործն ըստ էության լուծող դատական ակտ, կամ գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ»:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: Դիմողը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 28.11.2007թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին և 34-105 հոդվածի 1-ին մասերով` դատապարտվելով ազատազրկման` 7 տարի ժամկետով: Դատավճիռը բողոքարկվել է ինչպես դիմողի, այնպես էլ տուժողի իրավահաջորդի և դատախազի կողմից: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 28.07.2008թ. դատավճռով դիմողի վերաքննիչ բողոքը մերժել է, միաժամանակ բավարարել դատախազի և տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքները: Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բեկանելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը, դիմողին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով ու դատապարտել ազատազրկման 13 տարի ժամկետով:

Դիմողի կողմից վերաքննիչ դատարանի դատավճիռը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան: Վերջինս իր` 2009թ. մարտի 6-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձրել է:

3. Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ամրագրված դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթին: Ըստ դիմողի` այդ հակասությունը դրսևորվում է նրանում, որ եթե վերաքննիչ դատարանը կիրառելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով իրեն վերապահված լիազորությունը` բեկանում է առաջին ատյանի դատարանի դատավճիռը և կայացնում առաջին ատյանի դատարանի դատավճռից էապես տարբերվող նոր դատավճիռ, ապա նման իրավիճակում անձը զրկվում է իր նկատմամբ կայացված դատավճիռը բողոքարկելու` ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավունքն իրացնելու հնարավորությունից: Ըստ դիմողի` նման իրավիճակի հակասահմանադրականությունն առավել ակնհայտ է, երբ անձն առաջին ատյանի դատարանի կողմից արդարացվել է, սակայն մեղավոր է ճանաչվել վերաքննիչ դատարանի դատավճռով:

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ վերաքննիչ դատարանի` վիճարկվող լիազորությունն ամբողջովին բխում է ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված դրույթի բովանդակությունից: Ավելին, այդ լիազորության իրականացումն ուղղված է Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով սահմանված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացման երաշխիքների, դատական գործընթացի լիարժեքության ու դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանը:

5. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված` անձի` իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից վերանայման իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտել ՀՀ Սահմանադրության 6-րդ գլխում սահմանված` ՀՀ դատական համակարգի կառուցվածքի, այդ համակարգում յուրաքանչյուր դատական ատյանի սահմանադրաիրավական կարգավիճակի և գործառույթների, ինչպես նաև նշված իրավունքի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում:

i

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության` քրեական գործերով բողոքարկման իրավունքն ամրագրող 2-րդ հոդվածով Կոնվենցիայի մասնակից պետությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունը, պարտավորություն են ստանձնել հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր անձի համար երաշխավորել դատապարտումը կամ նշանակված պատիժը վերադաս դատական ատյանի կողմից վերանայելու հնարավորություն: «Դատապարտումը կամ նշանակված պատիժը» ձևակերպումը նշանակում է, որ նշված կոնվենցիոն դրույթը չի պարտավորեցնում երաշխավորել միաժամանակ և' դատապարտման, և' նշանակված պատժի վերանայման հնարավորություն: Այսինքն` եթե անձը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքով, ապա վերանայման իրավունքը կարող է սահմանափակվել միայն պատժի կամ միայն դատապարտման վերանայման հնարավորությամբ: Քրեական գործերով բողոքարկման իրավունքը սահմանող կոնվենցիոն նշված դրույթը չի պահանջում նաև գործի ըստ էության վերանայում. վերանայումը կարող է լինել կամ իրավունքի հարցերով, կամ` ե՛ւ իրավունքի, ե՛ւ փաստի հարցերով միաժամանակ: Կոնվենցիան որևէ կերպ մասնակից պետություններին չի պարտավորեցնում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ ատյաններ: Յուրաքանչյուր մասնակից պետություն ազատ է որոշելու, թե դատական ակտի վերանայման իրավունքը կապահովվի վերաքննության, թե վճռաբեկության կարգով բողոքարկման միջոցով, դատական ակտի վերանայումը կսահմանափակվի միայն իրավունքի հարցերով, թե կներառի նաև փաստի հարցեր: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Կրոմբախն ընդդեմ Ֆրանսիայի (Krombach v. France) գործով վճռում նշվում է, որ պայմանավորվող կողմերին լայն հայեցողություն է տրված այն հարցը որոշելու առումով, թե ինչ միջոցներով պետք է ապահովվի Կոնվենցիայի 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածում նշված վերանայման իրավունքը: Նշված հոդվածի պահանջն այն է, որ վերանայման իրավունքը պետք է առկա լինի անմիջականորեն և անկախ իշխանությունների հայեցողությունից:

Միաժամանակ, նշված 2-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է այն բացառությունները, որոնց կարող է ենթակա լինել 1-ին մասում ամրագրված` բողոքարկման իրավունքը: Ըստ այդ մասում ամրագրված դրույթի` բողոքարկման իրավունքից կարող են բացառություններ արվել օրենքով սահմանված աննշան հանցագործությունների առնչությամբ կամ երբ տվյալ անձը դատապարտվել է բարձրագույն ատյանի կողմից, որը հանդես է եկել որպես առաջին ատյանի դատարան, կամ դատապարտվել է այդ անձի արդարացման դեմ բողոքի քննարկման արդյունքում:

Կոնվենցիայի 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածում ամրագրված դրույթների վերլուծությունը և Եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը թույլ են տալիս եզրակացնել, որ քրեական գործերով բողոքարկման իրավունքի բովանդակությունը հանգում է նրան, որ քրեական գործով անձի դատապարտման կամ նշանակված պատժի վերանայման հնարավորությունը պետք է ապահովվի առնվազն մեկ վերադաս ատյանում:

6. ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով ամրագրվել է ընդհանուր իրավասության եռաստիճան դատական համակարգ: Սահմանադրական այս իրավակարգավորմանը համապատասխան` ՀՀ դատական օրենսգիրքը և քրեադատավարական ու քաղաքացիադատավարական օրենսգրքերը սահմանել են դատական ակտերի` վերադաս դատարանի կողմից վերանայման սահմաններն ու հիմքերը, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների լիազորությունները:

Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդված): Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանն ստուգում է գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը:

Վերաքննիչ դատարանում, որպես կանոն, բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստական հանգամանքներն ընդունվում են որպես հիմք: Սակայն այս կանոնից նախատեսվում է նաև բացառություն. վերաքննիչ դատարանը կարող է ինքնուրույն գնահատել այս կամ այն փաստական հանգամանքը, երբ բողոքում վիճարկվում է որևէ փաստական հանգամանք, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացությանը, որ տվյալ փաստական հանգամանքի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստական հանգամանք կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքը: Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանն ստուգում է նաև գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի համաձայն` բողոքարկված դատական ակտը վերաքննիչ դատարանի կողմից բեկանվում կամ փոփոխվում է, եթե թույլ է տրվել դատական սխալ, այն է`

1) գործի փաստական հանգամանքների մասին դատական ակտում շարադրված դատարանի հետևությունները չեն համապատասխանում վերաքննիչ դատարանում հետազոտված ապացույցներին.

2) ճիշտ չի կիրառվել քրեական օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը.

3) առկա է քրեադատավարական օրենքի էական խախտում.

4) դատավճռով նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը և ամբաստանյալի անձին:

Վերաքննության կարգով վերանայման առարկայի, վերաքննիչ դատարանում գործի քննության սահմանների, վերաքննիչ դատարանի կողմից ստորադաս դատարանի ակտի բեկանման հիմքերի ուսումնասիրությունը վկայում է, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերաքննիչ դատարան բողոքարկելու միջոցով ապահովվում է ինչպես դատապարտումը, այնպես էլ պատիժը բողոքարկելու իրավունքի իրացումը, վերաքննիչ դատարանը, որպես կանոն, վերանայում է իրավունքի հարցերը, նաև առանձին բացառություններով` փաստի հարցեր: Ելնելով նշվածից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռի բողոքարկման հնարավորությունը գործում է անմիջականորեն, և քրեադատավարական օրենսդրությամբ վերաքննիչ դատարանին վերաքննիչ բողոքի քննության ընդունման հարցում որևէ հայեցողական լիազորություն տրամադրված չէ` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ օրենսդրությունը հիմնականում երաշխիքներ ստեղծել է ինչպես ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 3-րդ մասով, այնպես էլ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորված` դատավճիռների վերանայման իրավունքի իրացման համար:

ՀՀ եռաստիճան դատական համակարգում նախատեսված է նաև վերաքննիչ դատարանի ընդունած դատական ակտերի բողոքարկման հնարավորությունը: ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիման վրա վերանայում է վերաքննիչ դատարանի ակտերը` իր սահմանադրաիրավական կարգավիճակի ու դատական համակարգում ունեցած գործառնական դերի շրջանակներում և վերջիններիս համապատասխան` ՀՀ քրեադատավարական օրենսգրքում սահմանված` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի առկայության պայմաններում:

7. Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավունքի իրացման հնարավորությունները պայմանավորված են դատական համակարգի կառուցվածքի առանձնահատկություններով և այդ համակարգում յուրաքանչյուր դատական ատյանի գործառնական դերով:

ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված դատավճիռների վերանայման իրավունքը դիտարկելով ՀՀ եռաստիճան դատական համակարգի կառուցվածքի առանձնահատկությունների, ինչպես նաև ՀՀ ստանձնած վերոհիշյալ միջազգային պարտավորությունների հետ համադրության մեջ` սահմանադրական դատարանը գտնում է, որ նշված նորմի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ քրեական մեղադրանքի որոշումը չի կարող սահմանափակվել միայն մեկ ատյանի դատարանի կողմից քրեական գործի քննության շրջանակներով: Հետևաբար, հաշվի առնելով առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռները վերաքննիչ դատարան բողոքարկելու` օրենքով սահմանված կարգն ու վերաքննիչ դատարանի լիազորությունները` սահմանադրական դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռների` վերաքննիչ դատարան բողոքարկման միջոցով իրացվում է վերադաս դատարանի կողմից անձի նկատմամբ կայացված դատավճռի վերանայման իրավունքը:

Ինչ վերաբերում է վճռաբեկության կարգով վերաքննիչ դատական ակտերի վերանայմանը, ապա վերջինս հանդես է գալիս որպես վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը շտկելու դատավարական երաշխիք, որի միջոցով վճռաբեկ դատարանն իրացնում է օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական գործառույթը, և վճռաբեկության կարգով դատական ակտերի բողոքարկման դեպքում վերանայման իրավունքի իրացման հնարավորությունն իրավաչափորեն սահմանափակվում է վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակով և գործառնական դերով:

i

Սահմանադրական դատարանը, վերահաստատելով 2009թ. սեպտեմբերի 22-ի ՍԴՈ-832 որոշման մեջ ամրագրված իր այն դիրքորոշումը, որ պետական ցանկացած մարմնի կարող է տրվել այս կամ այն լիազորությունը, որն անհրաժեշտ է նրա առջև դրված խնդիրները լիարժեք լուծելու համար, եթե դրանք համապատասխանում են տվյալ մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակին և սահմանադրորեն ամրագրված ու երաշխավորված արժեքներին, ինչպես նաև հաշվի առնելով վերաքննիչ բողոքի հիման վրա առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերանայման առարկան և վերաքննիչ դատարանում գործի քննության սահմանները, գտնում է, որ վերաքննիչ դատարանին սույն գործով վեճի առարկա լիազորության տրամադրումը վերաքննիչ վարույթի տրամաբանության շրջանակներում է և միտված է վերաքննիչ դատարանի կողմից արդյունավետ արդարադատության իրականացման ապահովմանը: Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ վերաքննիչ դատարանին վիճարկվող լիազորությունը վերապահելը նպատակ է հետապնդել կանխելու դատական շրջապտույտը: Նման լիազորության միջոցով դատական շրջապտույտի կանխումն իր հերթին հնարավորություն է ընձեռում երաշխավորել դատաքննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու սահմանադրաիրավական պահանջի իրացումը:

i

Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասի և 399-րդ հոդվածի 2-րդ մասի նորմատիվ դրույթները` կապված վերաքննիչ բողոքի հիման վրա առաջին ատյանի դատարանի դատավճռով նախատեսվածից ավելի խիստ պատիժ նշանակելու վերաքննիչ դատարանի լիազորության իրականացման առանձնահատկության հետ, ինչպես նաև փաստելով դատախազի, տուժողի իրավահաջորդի, նրա ներկայացուցչի և սույն գործով դիմողի վերաքննիչ բողոքների միաժամանակյա առկայության իրողությունը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև դիմողը ձևականորեն իրացրել է ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված բողոքարկման իր իրավունքը, սակայն վերջինիս նկատմամբ կիրառվել է ավելի խիստ պատիժ, հետևաբար` սահմանադրական դատարանը գտնում է, որ նման դեպքերում կիրառելի է ՀՀ ՍԴ 22.12.2009թ. ՍԴՈ-849 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը` նկատի ունենալով նաև, որ հիմնախնդիրը հետագա համալիր իրավակարգավորման անհրաժեշտություն ունի:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 6-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

19 հունվարի 2010 թվականի

ՍԴՈ-852

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
19.01.2010
N ՍԴՈ-852
Որոշում