Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱՍՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱՍՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓ ...

 

 

050.0343.111209

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        12            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009446

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2009 թվականի թիվ 343-Ն

 

i

ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱՍՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ ՆԱԽԱՏԵՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 153-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով սահմանված երաշխիքի տրամադրման դասով մեկ պրինցիպալի (ապահովադրի) և (կամ) նրա հետ փոխկապակցված անձանց հետ կնքված երաշխիքի տրամադրման պայմանագրով (պայմանագրերով) երաշխիքի գումարի (ապահովագրական գումարի) չափը չի կարող գերազանցել ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի 10 տոկոսը:

2. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով սահմանված երաշխիքի տրամադրման դասով բոլոր պրինցիպալների (ապահովադիրների) հետ կնքված երաշխիքի տրամադրման պայմանագրերով երաշխիքի գումարի (ապահովագրական գումարի) չափը չի կարող գերազանցել ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի 50 տոկոսը:

3. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով սահմանված երաշխիքի տրամադրման դասով գործունեության իրականացման համար ապահովագրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ) է ներկայացնում երաշխիքի տրամադրման դասով գործունեության կանոնակարգը (կարգ, կանոն, ընթացակարգ, կանոնակարգ), որն առնվազն պետք է սահմանի.

1) երաշխիքի տրամադրման կանոնները և վկայագրի օրինակելի ձևը,

2) երաշխիքի տրամադրման սակագները և դրանց հիմնավորումը, հաճախորդի վարկունակության գնահատման չափանիշների նկարագրությունը,

3) երաշխիքի ապահովման միջոց` գրավ կամ վերաապահովագրություն,

4) երաշխիքի տրամադրման վերաապահովագրության իրականացում նախատեսելու դեպքում` վերաապահովագրողների ցանկը, վերաապահովագրողների ընտրության չափանիշները, վերաապահովագրողների ֆինանսական վիճակի (հուսալիության) գնահատման չափանիշները:

4. Կենտրոնական բանկը կարող է` բացի սույն որոշման 3-րդ կետով սահմանված փաստաթղթից, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով սահմանված երաշխիքի տրամադրման դասով գործունեության իրականացման համար պահանջել նաև երաշխիքի տրամադրման դասով գործունեության իրականացմանն առնչվող այլ փաստաթղթեր ու տեղեկություններ:

5. Սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով սահմանված փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալուց հետո` 20-օրյա ժամկետում Կենտրոնական բանկի կողմից «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով սահմանված երաշխիքի տրամադրման դասով գործունեության իրականացումը չթույլատրելու մասին որոշում չընդունվելու դեպքում նշված գործունեության իրականացումը համարվում է թույլատրված, եթե 20-օրյա ժամկետը չի կասեցվել սույն որոշման 6-րդ կետի համաձայն:

6. Սույն որոշման 5-րդ կետով նախատեսված 20-օրյա ժամկետը կարող է կասեցվել մինչև սույն որոշման 4-րդ կետով սահմանված փաստաթղթերի ու տեղեկությունների ներկայացումը: Ընդ որում, այդ փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացնելուց հետո «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով սահմանված երաշխիքի տրամադրման դասով գործունեության իրականացումը չթույլատրելու մասին որոշման կայացման ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և 20-օրյա ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

7. Կենտրոնական բանկը կարող է որոշում ընդունել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով սահմանված երաշխիքի տրամադրման դասով գործունեության իրականացումը չթույլատրելու մասին, եթե վտանգվում են ապահովադիրների շահերը և (կամ) ապահովագրական համակարգի (կամ առանձին ապահովագրական ընկերության) հուսալիությունը և (կամ) բնականոն գործունեությունը:

8. Սույն որոշումը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված երաշխիքի տրամադրման ապահովագրության պայմանագրերի վրա` բացառությամբ այն պայմանագրերի, որոնք փոփոխվել կամ վերակնքվել են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

9. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովագրական ընկերությունը չի կարող կնքել երաշխիքի տրամադրման պայմանագիր, եթե ապահովագրական ընկերության կողմից մեկ պրինցիպալի (ապահովադրի) և (կամ) նրա հետ փոխկապակցված անձանց հետ կնքած երաշխիքի տրամադրման բոլոր պայմանագրերով ստանձնած պարտավորության (ապահովագրական գումարի) չափը գերազանցում է կամ երաշխիքի տրամադրման նոր պայմանագրի կնքման արդյունքում կգերազանցի սույն որոշման 1-ին կետով սահմանված սահմանաչափը, իսկ բոլոր պրինցիպալների (ապահովադիրների) հետ կնքված երաշխիքի տրամադրման պայմանագրերով երաշխիքի գումարի (ապահովագրական գումարի) չափը գերազանցում է կամ երաշխիքի տրամադրման նոր պայմանագրի կնքման արդյունքում կգերազանցի սույն որոշման 2-րդ կետով սահմանված սահմանաչափը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
01.12.2009
N 343-Ն
Որոշում