Սեղմել Esc փակելու համար:
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ԲԵՆԻԼՅՈՒՔՍԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

020.0857.220110

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵՆԻԼՅՈՒՔՍԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ) ՄԻՋԵՎ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 22 հունվարի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գ. Եգանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Նիդերլանդների Թագավորության) միջև անօրինական բնակություն հաստատած անձանց վերադարձնելու մասին համաձայնագրում և կիրառման արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 19.11.2009թ.:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և կիրառման արձանագրությունը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Նիդերլանդների Թագավորության) միջև անօրինական բնակություն հաստատած անձանց վերադարձնելու մասին համաձայնագիրը և կիրառման արձանագրությունն ստորագրվել են 2009թ. հունիսի 3-ին Բրյուսելում` փոխադարձության հիման վրա Պայմանավորվող կողմի տարածքում անօրինական բնակություն հաստատած անձանց վերադարձը, ինչպես նաև վերադարձնելու ենթակա անձանց տարանցումը դյուրացնելու նպատակով:

2. Համաձայնագրով և կիրառման արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- Բենիլյուքսի պետության դիմումի հիման վրա, առանց ձևականությունների, ՀՀ վերադարձնել դրա տարածքում անօրինական գտնվող յուրաքանչյուր անձի, երբ կարող է ապացուցվել կամ իրավաչափորեն ենթադրվել, որ այդ անձը ՀՀ քաղաքացի է,

- անհապաղ, առավելագույնը 30 օրվա ընթացքում, պատասխանել վերադարձնելու մասին ՀՀ-ին հասցեագրված դիմումներին,

- անհապաղ, առավելագույնը մեկամսյա ժամկետում, ՀՀ վերադարձնել այն անձին, ում վերադարձնելու հարցը դրական լուծում է ստացել,

- անձնական բնույթի տվյալների հաղորդումն իրականացնել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է Բենիլյուքսի պետության իրավասու մարմինների կողմից համաձայնագրի կատարման համար,

- հոգալ Բենիլյուքսի պետություն վերադարձվող անձանց ճանապարհածախսը` մինչև Բենիլյուքսի համապատասխան պետության սահման, ինչպես նաև համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ կետում նշված ծախսերը և այլն:

3. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Բելգիայի Թագավորության կառավարությանը Պայմանավորվող կողմերից վերջինի ծանուցելու օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:

Բելգիայի Թագավորության կառավարությունը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կտեղեկացնի վերը նշված ծանուցումների մասին և համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին:

Կիրառման արձանագրությունը կկիրառվի համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից:

4. Համաձայնագրի ավանդապահը Բելգիայի Թագավորության կառավարությունն է:

Համաձայնագիրը կատարված է հայերեն, ֆրանսերեն և հոլանդերեն, ընդ որում, բոլոր երեք տեքստերը հավասարազոր են: Տարընթերցման դեպքում կգերակայի ֆրանսերեն տարբերակը:

Բնօրինակն ի պահ կհանձնվի համաձայնագրի ավանդապահին, որը համաձայնագրի հաստատված պատճենը կուղարկի համաձայնագրի մյուս Պայմանավորվող կողմերին:

5. Համաձայնագրում և կիրառման արձանագրության մեջ ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ և 25-րդ հոդվածներին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2009 թվականի հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Նիդերլանդների Թագավորության) միջև անօրինական բնակություն հաստատած անձանց վերադարձնելու մասին համաձայնագրում և կիրառման արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

22 հունվարի 2010 թվականի

ՍԴՈ-857

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
22.01.2010
N ՍԴՈ-857
Որոշում